Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախահայության մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Կոլտնտեսային շարժումը և դրա հետևանքները Արցախահայության մասնակցությունը Երկրորդ աշխարհամարտին

Վահրամ Բալայան

Խորհրդային Ադրբեջանի գաղութային քաղաքականությունը
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏԻՆ

Խորհրդային Միության ժողովուրդների Հայրենական Մեծ պատերազմը 1939-1945թթ. համաշխարհային երկրորդ պատերազմի կարևորագույն և վճռորոշ մասն էր։ Ֆաշիզմի դեմ մղված պատերազմում վճռվում էր ոչ միայն Խորհրդային Միության, այլև ողջ աշ­խարհի ճակատագիրը։ Մեծ է նաև հայ ժողովրդի ներդրումը այդ հաղթանակում։

1941թ. հունիսի 22-ին սկսված աշխարհակործան պատերազմը ընդհատեց արցախցու խաղաղ, ստեղծագործ աշխատանքի ըն­թացքը։ Արցախահայությունը անմնացորդ նվիրաբերվեց հայրենի­քի պաշտպանության գործին։

Ամենահին ժամանակներից ի վեր ղարաբաղցին մարտում եղել է քաջ, համարձակ, հնարագետ, դիմացկուն և ազնիվ, անկաշառ ու անդավաճան՝ բարեկամության մեջ։ Տեղին է հիշել ռուս անվանի բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, հասարակական գործիչ Սերգեյ Գորոդեցկու մարգարեական խոսքերը. «Բնությունն ու պատմությունը Ղարաբաղում ստեղծել են ցայտուն արտահայտված մի տիպ։ Սփռված ամբողջ աշխարհում՝ ղարաբաղցիները հեշտությամբ կարող են ճանաչվել։ Գործունեության լայն թափ, անձնազոհ քաջություն, վտանգալից խիզախության հակում, ինքնավստահու­թյուն, նահապետականություն ընտանեական կյանքում՝ ահա ղարաբաղցու համակրելի գծերը, որոնք ասես խտացնում են հին հայ­կական առաքինությունները՝ խամրած պատմության դաժանու­թյուններից և մաքուր տեսքով պահպանված Ղարաբաղը»։ Մարդ­կային այս որակումները արցախցի բազմաթիվ սերունդների երակներով փոխանցվելով կարծրացել ու դարձել են երկրամասի հայու­թյան յուրատիպ անկրկնելի հատկանիշը։ Ղարաբաղցի հայ հավատավորը նմանօրինակ յուրատիպ խառնվածքով իր ամենաթանկը՝ արյունը չխնայեց հայրենականի տարիներին։ Այն նվիրաբերեց, որպեսզի իր ժառանգը մինչև վերջ չքամի դժնդակ անարդարության, ստի ու կեղծիքի թանձր մրուրը։ Բայց իրարամերժ են իրական կյանքն ու արդարությունը։ Ղարաբաղցի հողվորը, հորովելի կանչը սրտում, զենքը ձեռքին Ուկրաինայի տափաստաններում, Դնեպրի ափերին, հեռավոր Լեհաստանում ու օտար Չեխոսլովակիայում կռ­վում և իր մատաղ կյանքն էր զոհաբերում, որպեսզի ապրի իր հայ­րենի արծվաբույնը, այն չկորչի պատմության անէության մեջ։

Պատերազմի տարիներին արցախահայերի ներդրած ավանդը կարելի է բնորոշել հայ ժողովրդի պանծալի զավակ, ծագումով գետաշենցի, ծովակալ Ա.Ի. Իսակովի խոսքերով. «Եթե մենք գնահատում ու հարգում ենք նրանց, ովքեր, վտանգի ենթարկելով իրենց կյանքը, հերոսաբար պաշտպանում էին անմիջականորեն իրենց տունը, իրենց օջախն ու ընտանիքը, ապա էլ ավելի պետք է սիրենք ու ըստ արժանվույն գնահատենք նրանց, ովքեր առանց երկար մտածելու արյունահեղ մարտերի մեջ էին մտնում իրենց տնից 2-3 հազար կմ հեռու եղբայրական հանրապետությունների հողում՝ պաշտպանելու ընդհանուր գործը, ընդհանուր ունեցվածքը։ Ահա սա է հայրենասիրության բարձրագույն ձևը... Ռուսների, ուկրաինացի­ների, բելոռուսների և Միության մյուս ժողովուրդների ներկայացու­ցիչների հերոսությունը կատարվում էր հանուն հաղթանակի, ընդ­դեմ ընդհանուր թշնամու, ի երջանկություն բոլորի, այդ թվում նաև հանուն Լեռնային Ղարաբաղի անկախության, ազատության ու երջանիկ ապագայի»։

Չկար փոքրիկ երկրամասի մի գյուղ ու բնակավայր, որտեղ հասած չլինեին մահասփյուռ պատերազմի սահմռկեցուցիչ դղրդյունները։ Առաջին համաշխարհայինից մնացած, դեռևս չսպիացած վերքերը նորից նվնվացին։

Պատերազմի հենց առաջին օրերին հազարավոր մարդիկ կամավոր մեկնեցին ռազմաճակատ։ Մարդիկ խնդրում էին իրենց ու­ղարկել այնտեղ, ուր որոշվում էր հայրենիքի ճակատագիրը։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզից Հայրենական Մեծ պատերազմին մասնակցեցին 45 հազար հայորդիներ։ Դա Ղարաբաղի այն ժամանակվա բնակչության թվի 1/3-ից ավելին էր։ Այն դեպքում, երբ պատերազմի տարիներին Ադրբեջանում զորակոչվել է 19 ադրբեջանցիներից ընդամենը մեկը։

23 հազար արցախահայեր իրենց կյանքը նվիրաբերեցին հայ­րենիքի պաշտպանության գործին։ Ռազմաճակատներում կատարած սխրագործությունների համար 21 ղարաբաղցիներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման, իսկ շուշեցի օդաչու Նելսոն Ստեփանյանը այդ պատվին արժանացել է երկու անգամ։ Հինգ հոգի դարձել են «Փառքի շքանշանի» երեք աստիճանների ասպետ, 15 հազարից ավելին պարգևատրվել են տարբեր շքանշաններով և մեդալներով։ Փոքրիկ այս երկրամասը տվել է Խորհրդային Միության 3 մարշալ՝ Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը և Արմենակ Խանփերյանցը(Սերգեյ Խուդյակով)։ Ի­րենց զորավարական տաղանդով փայլել են 30-ից ավելի գեներալ­ներ ու ավելի քան 1000 սպա։

Բնակչության թվի տոկոսային հարաբերությամբ այս ցուցանիշներով ղարաբաղցիները բազմազգ Խորհրդային Միությունում գրավել են առաջին տեղերից մեկը։

Ռազմաճակատի գծից այն կողմ արցախցի պարտիզանները իրենց ավանդը բերեցին Ուկրաինայի, Բելոռուսիայի, Հարավսլավիայի, Լեհաստանի, Բուլղարիայի, Ֆրանսիայի ազատագրման գործին։

Հա յրենական Մեծ պատերազմի տարիներին ԼՂԻՄ-ում վիթ­խարի աշխատանք կատարվեց ամբողջ թիկունքը պատերազմի պայմաններին համապատասխան վերակառուցելու, ռազմաճակատի կարիքների համար արտադրանքի թողարկումը ավելացնելու, ռազմա-պաշտպանական գործը ամուր հիմքերի վրա դնելու և ռազմաճակատին նոր համալրումներ տալու համար։ Չնայածնրան, որ աշխատունակ բոլոր տղամարդիկ գտնվում էին ռազմաճակատում, մարզի գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը առաջընթաց ապրեց։

Կանայք, անչափահասներն ու պատանիները դաշտերում ու գործարաններում ամեն ինչ անում էին, որպեսզի պատվով փոխարինեն ռազմաճակատներում մարտնչողներին և ժամանակին կատարեն ճակատի պատվերները։

Մարզի ազգաբնակչությունը ջանք ու եռանդ չխնայեց ռազմաճակատին հացահատիկով, կաթով, մսով և անասնապահական այլ մթերքներով բավարարելու համար։ Պատերազմի տարիներին Լեռնային Ղարաբաղում քիչ չէին սովամահության դեպքերը, բայց արցախցի աշխատավորը իր վերջին հացի կտորը կիսում էր ճակատի զինվորի հետ։

Պատերազմի բոլոր ծանրությունները, կորուստների ամբողջ ցավը անտրտունջ կրեցին մարզի կանայք՝ դրսևորելով վիթխարի կամք ու արժանապատվություն։ Աշխատանքային բոլոր բնագավառներում, չնայած դժվարություններին, կանայք կարողանում էին փոխարինել տղամարդկանց, նրանք աշխատում էին դաշտերում, ֆերմաներում։ Հարսներն ու աղջիկները աշխատում էին որպես տրակտորիստուհիներ։ Պատերազմից առաջ ԼԿԵՄ Մարտունու շրջկոմը կազմակերպել է տրակտորիստների դասընթացներ, որտեղ, առանց արտադրությունից կտրվելու, սովորում էին 32 աղջիկ­ներ։ Նրանց մեծ մասը, անցնելով վերապատրաստման դասընթաց­ները, փոխարինել են ռազմաճակատ մեկնած տղամարդկանց։ Միայն 1943թ. Մարտունու ՄՏԿ-ում երիտասարդ կանանցից ու աղջիկներից պատրաստվեցին 50 նոր տրակտորիստներ։

Ղարաբաղցի մայրերը տաք շորերով, չորացրած մրգերով հազարավոր ծանրոցներ են ուղարկել ռազմաճակատ։ Ստանալով Մարտակերտի շրջանի կանանց՝ իր հասցեով ուղարկված ծանրոցը, մարշալ Գ.Ժուկովը նամակով նրանց պատասխանել է. «Ձեր մարզի կանայք ընթանում են Կարմիր բանակի հաղթանակի համար թիկունքում աշխատող ժողովրդի ավանգարդում։ Ձեզ ցանկանում եմ ակտիվ ու բեղմնավոր աշխատանք՝ թշնամու նկատմամբ լիակատար հաղթանակ ապահովելու համար»։ Նամակը ամբողջությամբ պահպանվում է Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանում։

Արդեն պատերազմի առաջին օրերին ԽՍՀՄ-ի թիկունքային շր­ջաններում, այդ թվում ԼՂԻՄ-ում, աշխատավորների նախաձեռնությամբ ծագեց մասսայական շարժում՝ կամավոր հիմունքներով պաշտպանության ֆոնդ ստեղծելու համար։ Պաշտպանության ֆոնդ էին մուծվում փող, պետական փոխառնություններ, ոսկե ու արծաթե իրեր։ Այդ նպատակների համար մեծ գումար էին հատկացնում կի­րակնօրյա աշխատանքային վաստակից։ Մարզի տնտեսությունները պլանից դուրս ցանում էին «պաշտպանության հեկտարներ», որոն­ցից ստացված ամբողջ բերքը օգտագործվում էր երկրի պաշտպանական կարիքների համար։

Պատերազմի տարիներին ղարաբաղցիները երկրի պաշտպանության ֆոնդ են մտցրել 2762337 ռուբլի, 2 կգ 71 գ ոսկի, 31 կգ 989 գ արծաթ։ Տանկային շարասյունների և մարտական ինքնաթիռների կառուցման ֆոնդն է մուծվել 1631214 ռուբլի և 5961905 ռուբլու ար­ժողությամբ պետական պարտատոմսեր։

Հարկ է նշել, որ 1942թ. վերջին և 1943 թվականի ընթաց­քում Ադրբեջանում հավաքվել և «Ադրբեջանի կոլխոզնիկ» տանկային շարասյան ֆոնդն է մտցվել 81մլն 200000 ռուբլի, որից 23 մլն 293100 ռուբլին մուծել են Լեռնային Ղարաբաղի կոլտնտեսությունները։

Այսպիսով Հայրենական Մեծ պատերազմի տարիներին լեռնային այս փոքրիկ երկրամասի հայությունը իր մարդկային և նյութական ողջ կարողությունը անմնացորդ ի սպաս դրեց հայրենիքի պաշտպանության վեհ գործին՝ ժամ առաջ մոտեցնելով բաղձալի հաղթանակը։