Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախահայության մասնակցությունը 5–րդ դարի հակապարսկական ապստամբություններին
Թեև 428 թվականից հետո հայոց երկիրը զրկվել էր սեփական թագավորից, սակայն հասարակությունը չի դիմազրկվել, շարունակում է գործել որպես ինքնուրույն համակարգ։ Նոր պետական հաստատության՝ մարզպանության կողքին լիարյուն գործում էին Արշակունյաց ժամանակաշրջանի գործակալությունները։
Նոր պայմաններում, չնայած Սասանյանները Հայոց եկեղեցին առել էին իրենց անմիջական հսկողության ներքո, բայց հաստատությունը մնացել էր նույնը։ Դեռ ավելին, միասնական թագավորաթյան բացակայության պայմաններում, Հայ առաքելական եկեղեցին անգնահատելի դեր կատարեց հասարակության բոլոր խավերի համախմբման և հայ ոգու ու ինքնության պահպանման գործում։ Այս պայմաններում եկեղեցու կշիռը բավականին աճել էր։ Իրավացի է Հ.Մանանդյանը, որը քննության առնելով վերոհիշյալ ժամանակաշրջանում հայ նախարարական տների իրավաքաղաքական կարգավիճակը, գրել է. «428 թվականից հետո Պարսկական Հայաստանի նախարարական ինքնավար կազմակերպության մեջ զգալի փոփոխություններ չէին եղել»։
Փաստորեն ժամանակի հայ հոգևոր և ավատական վերնախավի մի մասի նուրբ ու ճկուն քաղաքականության շնորհիվ, մեղմելով պարսկական արքունիքի հայակուլ նկրտումները, երկիրը պահպանում էր իր ներքին ինքնուրույնությունը, նախարարությունների ինքնավար վարաչաձևը, հայաշունչ ոգին ու քրիստոնյա կրոնաբարոյական վարքագիծը։
Այս ամենը ոչ միայն հայ ժողովրդի պայքարի ու մաքառումների, այլև հազարամյակների ընթացքում Հայաստանում ստեղծված ու զարգացած պետական մարմինների կենսունակության և կատարելության արդյունքն էր։
Տիզբոնը, սկսած 5-րդ դարի քառասունական թվականներից (438թ. գահ բարձրացավ պարսից արքա Հազկերտ 2–րդը), այլևս չէր հանդուրժում հայ նախարարների ներքին ինքնավարությունը։ Այս քաղաքականության սկիզբը դրվեց հարկերի աննախադեպ բարձրացումով։ «Ո՞վ կարող է պատմել, թե ինչպիսի ծանր տուրքեր ու սակեր, բաժեր ու հասեր էին նշանակված լեռների, դաշտերի և անտառների վրա»,− վկայում է Եղիշեն։ Բացի շինականներից ու ռազմիկներից, հարկատու էր դառնում հոգևորականությունը, որը մինչև այդ ապահարկ էր։ Հայոց դիմադրական ուժը վերջնական գլխատման նպատակով Հազկերտ Բ-ն հարված հասցրեց նաև հայոց այրուձիին։ Հազկերտ Բ-ի հրովարտակով քրիստոնյա հպատակ երկրներից՝ Աղվանքի, Վրաստանի և առանձնապես Հայաստանի տարբեր գավառներից, այդ թվում նաև Ծավդեից (Արցախից) դուրս էր բերվում զինվորական ուժը, մեկուսացվում Պարսկաստանի արևելյան հեռավոր վայրերում ու հոշոտվում։ Հազարապետ Դենշապուհը կաշառքով, բամբասանքով ու քսու գործարքներով իրար դեմ էր լարում հայ նախարարներին, ստեղծում անվստահության, փոխադարձ ատելության ու խռովքի մթնոլորտ։
Հազկերտ Բ-ն, չբավարարվելով դրանով, փորձում էր հայ ժողովրդին զրկել իր բարոյաքաղաքական համոզմունքների, սովորույթների, ավանդությունների, կացութաձևի հիմքերի հիմքից՝ ազգային հավատքից, հետ շրջել նրա վերընթաց կյանքի պատմության անիվը, ներքաշել նրան պարսկական բարքերի հորձանուտը, և վերջնականապես ուծացնել նրան։ Հավատքի հարցում պատահական չէր Տիզբոնի անզիջում դիրքը, որովհետև Հայոց եկեղեցին իր ներքին վարչական կազմակերպությամբ վերարտադրում էր Արշակունյաց Հայաստանի պետական կազմակերպությունը և փաստորեն քաղաքականապես մասնատված Հայաստանը կաթողիկոսի հոգևոր տեսչության տակ էր դնում։
Փաստորեն Հայ եկեղեցին երկրի կենտրոնաձիգ ուժերը պահպանող զորեղ գործոն էր, որն իր կազմակերպվածությամբ դիմակայում էր Պարսկաստանի անսանձ բռնությունները։
Հայերին կրոնափոխ անելու նպատակով Սասանյանները բռնության են դիմել դեռ չորրորդ դարում Տիրանի որդու՝ Արշակ թագավորի օրոք։ Այդ քաղաքականությունը, որը հետապնդում էր հայերի դեպի Բյուզանդիա հակվելու գաղափարական նախադրյալները ոչնչացնելու նպատակով ուժեղացնում է արքայից արքա Հազկերտ Բ-ի թագավորության տարիներին։
Նախանցյալ ժամանակներում հայերին կրոնափոխ անելու համար գործադրած ճնշման բոլոր միջոցներից ոչ մի արդյունք չէր ստացվում։ Այն ժամանակ պարսից արքունիքը անցնում է արդեն բացահայտ բռնության քաղաքականության։ 450թ. փետրվարին Հայաստանին, Վրաստանին և Աղվանքին ներկայացվում է սպառնալի պահանջ քրիստոնեությունից հրաժարվելու և զրադաշտություն ընդունելու մասին։ Այդ անօրինական պահանջը ալեկոծեց հայ հասարակության բոլոր խավերի սիրտն ու միտքը։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հայ ավագ 17 նախարարներն ու 17 հոգևոր տերերը ժողովի են հրավիրվում Արտաշատում։ Ղազար Փարպեցին, հիշելով Արտաշատում հավաքված հայ հոգևոր ու աշխարհիկ տերերի անունները, չի հիշատակում Արցախի և, ընդհանրապես, Հայոց Արևելից կողմանց ու բյուզանդահպատակ նախարարներից ոչ մեկի անունը։ Հավանաբար վերոհիշյալ շրջանների հայ նախարարները չեն մասնակցել Արտաշատի ժողովին, որովհետև նախ և առաջ հարցը անհետաձգելի քննության կարիք ուներ և Հայաստանի հեռավոր ծայրերից նրանց հրավերը ժամանակի հետ էր կապված։ Եվ երկրորդ, գահնամակում նշված 70 նախարարներից քչերն էին վճռական դեր խաղում երկրի քաղաքական կյանքում։ Պատահական չէ, որ Հազկերտը պարսկական դավանանքը հայերին պարտադրելու առիթով, Տիզբոն էր հրավիրել ոչ թե 70, այլ միայն 10 իշխանների։ Ընդհանուր առմամբ Բյուզանդիան և Պարսկաստանը ձգտում էին Հայաստանի ծայր գավառները մեկուսացնել հայրենիքից, հեշտացնելով իրնեց գործը՝ առանձին-առանձին հաշվեհարդար տեսնելու հայերի հետ։
Պարսից հազարապետ Միհրներսեհի նամակին հայերը խիստ պատասխան են գրում՝ պաշտպանելով քրիստոնեությունն ու նրա սկզբունքները։ Ավելի քան մեկ ու կես դար առաջ քրիստոնեություն ընդունած հայ ժողովուրդը այլևս չէր կարող հրաժարվել ազգային սրբություն դարձած իր ավանդություններից և ապրելակերպից։
Հազկերտը զայրագին խոսքերով անուն-անուն իր մոտ է կանչում տասը մեծամեծ նախարարների։ Հայոց միաբանության մեջ էին նաև այլ նախարարներ որոնք հայրենիքից դուրս էին գտնվում, ուստի նրանք էլ գնացին Տիզբոն։ Վարդանի հետ կեղծ ուրացության էր գնացել նաև Արցախի Առանշահիկ տոհմից Վաչե թագավորը։
Մինչև Տիզբոն մեկնելը 3 աշխարհները՝ Հայաստանը, Վիրքը և Աղվանքը միմյանց մոտ ուղարկեցին պատգամավորություն, ուխտ դրեցին և հաստատեցին՝ Ավետարանի վրա երդվելով «Այո, գնում ենք, սակայն չենք համաձայնի ուրանալ երկնի ու երկրի Արարչին»։ Հայոց, Վրաց և Աղվանից իշխանները մնացին անկոտրում և հավատարիմ իրենց ուխտին։
Հազկերտ Երկրորդը մահվան սպառնալիքով հայ իշխաններից պահանջում է անմիջապես կրոնափոխ լինել, հակառակ դեպքում ասվում է, որ բազմաթիվ փղերով զորք կուղարկի Հայաստան՝ նրանց կանանց ու որդիներին բռնելու ու Սագաստան աքսորելու, առհասարակ անպաշտպան բնակչությանը կոտորելու ու երկիրը քար ու քանդ անելու համար։ Մոտալուտ վտանգը կանխելու նպատակով նախարարները որոշում են առերես ընդունել զրադաշտականությունը։
Նոր հավատքը Հայաստանում տարածելու և հաստատելու համար կառավարությունը այրուձի է գումարում և մոգպետի գլխավորությամբ հավաքագրում 700 մոգերից կազմված խումբ։ Հայաստանից բացի նրանք պիտի քարոզեին նաև Վիրքում, Աղվանքում, Լփնաց, Աղձնյաց, Կորդովաց, Ծավդեից (Արցախ), Դասն աշխարհներում։ Զգուշության համար Հազկերտը պատանդ է վերցնում Վասակ մարզպանի երկու որդիներին՝ Բաբիկին, Ամիրներսեհին, վրաց Վազգեն, Հայոց Արևելից կողմանց Վաչե արքաներին և Գուգարաց Աշուշա բդեշխին։ Մինչև հայ նախարարների վերադարձը Հայոց աշխարհում առօրեական էր դարձել համընդհանուր ապստամբության գաղափարը։ Պարսից մոգերի առաջին իսկ միջոցառումները հանդիպեցին հայոց վճռական դիմադրությանը։ Մոգերի կանգնեցրած ատրուշանները ոչնչացվեցին Անգղ գյուղում, Զարեհավանում և այլուր։ Այս ու այնտեղ ապստամբած հայ հավատացյալները քարկոծում էին մոգերին, որոնցից շատերը զոհ գնացին ժողովրդական ատելությանը։ Ապստամբած ժողովուրդը հարձակվում է քաղաքների և ամրոցների վրա, ամենուրեք կոտորելով ու հալածելով պարսկական կայազորները։ Ապստամբական շարժումը թևակոխում է իր հաջորդ փուլը՝ տարերային ընդվզումից վերածվելով նախարարական Հայաստանի կազմակերպված ապստամբության։ Նախարարների մեծ մասը, սպարապետ Վարդան Մամիկոնյանի գլխավորությամբ, վճռել էր զենքով դուրս գալ պարսկական բռնապետության դեմ՝ պաշտպանելու իր ազգային ինքնուրույնությունն ու հավատը։
Հզոր թշնամու դեմ ընդհանուր ճակատ ստեղծելու նպատակով Վարդան զորավարի նախաձեռնությամբ շուտափույթ կերպով նամակներ են հղվում Թեոդորոս Բ կայսրին, հունաց ավագանուն և Բյուզանդական մասի նախարարներին՝ Աղձնյաց բդեշխին, Անգեղ տան իշխանին, Ծոփքի, Հաշտյանքի, Եկեղիքի գավառների մյուս իշխաններին ու Անտիոքի մեծ սպարապետին։ Ղազար Փարպեցու տեղեկություններից երևում է, որ Վարդան Մամիկոնյանը և նրա համախոհները նույն բովանդակությամբ նամակներ չեն ուղարկել Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին։ Բանը նրանում է, որ Հայոց Արևելից կողմանց հայ նախարարները, առանց ապստամբական կենտրոնի հրավերի, կամովին ներ էին քաշվել ազատագրական շարժման հորձանուտների մեջ։ Այդպես էր Ավարայրում ու Սարդարապատում, այդպես է նաև այսօր։
Շուտով պարզվեց, որ վախճանվել է օգնություն խոստացած բյուզանդական կայսր Թեոդորոսը, իսկ նրան փոխարինած Մարկիանոսը ոչ միայն հրաժարվեց օգնել, այլև նախապատրաստվող հայկական ապստամբության մասին անմիջապես տեղեկացրեց պարսից արքունիքին։ Բյուզանդական Հայաստանի նախարարները ևս չեն կարողանում օգնության հասնել իրենց հայրենակիցներին։ Հայ ապստամբներին մնում էր հույսը դնել սեփական ուժերի վրա և պատրստվել ահեղ գոտեմարտի։ Այս միջոցին տագնապալի լուր է ստացվում, թե պարսկական բանակը 300 մոգերի հետ մեկտեղ, բռնի դավանափոխությունը ի կատար ածելու նպատակով, հարձակվել է Աղվանքի վրա։
Քննարկվող ժամանակաշրջանում Աղվանքում ապրող ցեղերը ապրում էին առանձին-առանձին և չունեին կայուն քաղաքական ոչ մի միավոր։ Այս հանգամանքից օգտվելով Հայոց Արևեյից կողմանց՝ Արցախի, Ուտիքի Վաչե Առանշահիկ թագավորը իր իշխանությունը տարածել էր նաև Կուրի ձախափնյակի վրա։ Մեր թվարկության 5-րդ դարից սկսվող հայ պատմագրության մեջ Կուրի ձախափնյա երկրի վերը նշված ցեղանունները հիշատակվում են Լփնիք ձևով։
Ուտիքի, Արցախի և Կուրի ձախափնյա շրջանների քաղաքական կյանքը իրենց ձեռքը վերցրած Առանշահիկները Վաչե թագավորի գլխավորությամբ կազմակերպեցին հակապարսկական շարժումը։ Վաչեի մայրը պարսկուհի էր, մոգական կրոնի հետևորդ։ Վաչեն իր հերթին ամուսնացած էր Հազկերտի քրոջ աղջկա հետ։ Հազկերտ Բ-ն հավատալով Վաչեի կեղծ ուրացությանը, պատանդությունից նրան ազատում է։ Հայորդին վերադառնալով հայրենիք, արյան կանչով անզիջում պայքար սկսեց պարսից հայակուլ քաղաքականության դեմ։
Վաչեի դեսպանները Վարդան Մամիկոնյանին և Վասակ Սյունեցուն խնդրում են արագացնել ռազմական գործողությունները պարսիկների դեմ և օգնության գալ իրենց։ Ստանալով այդ լուրը, հայերը իրենց ուժերը բաժանեցին երեք գնդի։ Առաջին գունդը՝ Ներշապուհ Արծրունու գլխավորությամբ, ուղարկվեց Հեր և Զարևանդ գավառները՝ հարավային սահմանները պահպանելու համար։ Զորքի մի մասը տրվեց Վասակ Սյունեցուն, որպեսզի սա իր առաջարկած ծրագրի համաձայն Սյունիքից գաղտնի ճանապարհով անցնի և թիկունքից հարվածի պարսիկներին։ Մնացած մասը տվեցին Վարդան Մամիկոնյանին, որը Գուգարքով պիտի անցներ Աղվանք ու օգներ ապստամբներին։
Վարդանանց գունդը Աղվանքին օգնության էր գնացել 450թ. սեպտեմբերի վերջին կամ հոկտեմբերի սկզբին։ Գնդին միացել էին Խորեն Խոռխոռունին, Արշավիր Կամսարականը, Թաթուլ Դիմաքսյանը, Արտակ Պալունին, Գյուտ Վահևունին, Հմայակ Դիմաքսյանը՝ իրենց զինվորական ուժերով։
Երբ Վարդան Մամիկոնյանն Այրարատը թողնելով, իր զորքով շարժվում էր դեպի Աղստև գետի հովիտը, Վասակ Սյունին նամակներ է ուղարկում Փայտակարան՝ պարսից հազարապետ Միհրներսեհին և Ճորա երկրի սահմանապահ մարզպան Սեբուխտ Նիխորականին, որոնցով հայտնում է հայոց ռազմագնդերի գործողությունների մասին։ Հայոց զորքերի առաջխաղացումը կանխելու նպատակով Սեբուխտը թողեց Ճորա պահակն, անցավ Կուր գետը և մոտեցավ Խաղխաղին[1]։ Պարսկական բանակը կազմ ու պատրաստ սպասում էր հայոց գնդերին։ Վարդանը շուտափույթ հայոց այրուձին բաժանում է 3 մասի. աջ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Արշարունյաց իշխան Արշավիր Կամսարականին և նրան նիզակակից կարգում ավագ սեպուհ Մուշին՝ Դիմաքսյան տոհմից։ Ձախ թևի զորամասի հրամանատարությունը հանձնում է Խորեն Խոռխոռունուն և նիզակակից կարգում Հմայակ Դիմաքսյանին։
Վարդան Մամիկոնյանը ինքը վերցնում է կենտրոնական գունդը։ Վարդան զորավարը, չնայած իր ուժերի համեմատական փոքրամասնությանը, նախաձեռնությունը չի թողնում Սեբուխտին։ Վարդանի զորագունդն Ուտիքի և Արցախի միացյալ ջոկատների հետ միասին նախահարձակ եղան, շփոթմունքի մեջ գցելով պարսկական գերակշիռ ուժերին։ Պարսիկներին համագործակցում էին նաև աղվանական մի շարք ցեղախմբեր։
Հայերի հանկարծակի հարձակումը կործանարար հետևանք ունեցավ Սեբուխտի համար։ Վարդան Մամիկոնյանի գնդերը պարսկական զորքի աջ և ձախ թևերին խփելով, սեղմում են գետին և մեծ ջարդ կազմակերպում։ Նրանց մի մասը ընկղմվում են ճահիճներում։ Պարսկական բանակի խղճուկ մնացորդները հրամանատարների հետ մեկտեղ փորձում են նավակներով Կուրի մյուս ափն անցնելով, փրկություն գտնել։ Փախչողներն ընկնում են Արշավիր Կամսարականի զինվորների նետերի տարափի տակ։ «Արշավիր Կամսարականը, ինչպես որ միշտ էր սուրբ զորավարի խոսքն ու կամքը հլու կատարող, շտապ իրագործելով նրա հրամանը, նավակների ու փախստականների ետևից նետեր արձակելով և խոցոտելով նավավարներին ու շատ ուրիշներին, որոնք նավերի մեջ էին, սաստիկ վերքեր հասցրեց նրանց։ Վիրավորների տապալվելուց նավերն էլ կործանվում էին, և նավավարներից ու պարսիկ գլխավորներից շատ-շատերը գետասույզ լինելով կորան»։ «Չափազանց հանդուգն հարձակման պատճառով գետասույզ եղածները ավելի շատ էին, քան ցամաքում սրով ընկածները։ Շատ սպանվածներից վճիտ ջուրը արյունի է փոխվում։ Նրանցից ոչ ոք չի ազատվում, միայն անտառախիտ թավուտներում թշնամու զորականներից մեկը զենքով բարձրանում է ձիու վրա և մազապուրծ եղած գույժ է տանում գլխավոր բանակը, որ փախչում, ապաստանում է մեծ մայրաքաղաքում»։
Ճահճուտներում շարունակվող ճակատամարտի թեժ պահին Արշավիր Կամսարականն ու Մուշ Դիմաքսյանը իրենց ձիերով խրվում են տիղմի մեջ։ Առիթից օգտվելով Բաղասական[2] թագավորազներից ոմանք հարձակվում, սպանում են Մուշին և վիրավորում Գազրիկին։ Արշավիր Արշարունին օգնության հասնելով, իր զինակիցներով սրահարում է Լփնիքի[3] թագավորի եղբորը՝ Վուրկին և ուրիշ շատերին։
Առայսօր Խաղխաղի ճակատամարտը հայ պատմագրության մեջ ներկայացվում է որպես հայ-աղվանական միացյալ ուժերի կռիվ ընդդեմ պարսիկների։ Մինչդեռ վերոհիշյալ փաստերը վկայում են, որ Վարդան Մամիկոնյանը իր զորագնդով ոչ թե աղվաններին է օգնության գնացել, այլ պարզապես Հայոց Արևելից կողմանց, այդ թվում Արցախի իշխաններին, որոնց տիրույթներն էին մտել պարսիկները և փորձում էին կրոնափոխել տեղի հայությանը։
Խաղխաղի ճակատամարտում հայկական գնդերը կռվում էին պարսկա-աղվանական միացյալ ուժերի դեմ։
Չի բացառվում նաև, որ Վարդան սպարապետը օգնել է նաև աղվանական մի քանի ցեղերի, նրանց բնակավայրերն ու բերդերը պարսիկներից ազատագրելու։ Այդ է վկայում Մովսես Կաղանկատվացին և Վարդան Մամիկոնյանի հետագա գործողությունը։ Ահա թե ինչ է գրում Մ․Կաղանկատվացին. «Աղվանքի իշխաններից ուշինականներից բազմաթիվ մարդիկ, որոնք աստծու անվան համար ցրվել ու տարածվել էին Կապկոհ(Կապկոհ էր կոչվում Կովկասյան գլխավոր լեռնաշղթան) լեռների թաքստոցներում, երբ տեսան հայոց զորքերի մեծ հաղթությունը, նրանք էլ էին միանում հայոց զորքի հետ և մասնակից դառնում նրանց հերոսությանը»։ Այս փաստը մի ավելորդ անգամ նորից ապացուցում է, որ Ալբանիա-Աղվանքի ցեղերի մի մասի զինյալ ջոկատները Վարդան Մամիկոնյանի զորագնդին են միանում Խաղխաղի ճակատամարտի հաղթական ելքից հետո միայն։
Այս խոշոր հաղթանակից հետո Վարդանը շարունակում է արագաթափ առաջ շարժվել և մեկը մյուսի հետևից պարսիկներից ազատում Աղվանքի քաղաքներն ու գյուղերը։ Նա հասնում է մինչև Ճորա Պահակը(Դերբենդ), վերացնում պահապաններին, հրամայում կործանել կովկասյան լեռնականների և հոների ճանապարհները փակող ամրությունները և փոխօգնության դաշինք կնքում նրանց հետ։ Հենց այդ ժամանակ լուր է ստացվում Վասակի ուխտադրժության մասին։ Վիրավոր գուժկանի լուրը ցնցում է ինչպես Վարդանին, այնպես էլ իր զինակիցներին։ Նա շտապում է ետ դառնալ։ Վարդանի բանակը այդ ժամանակվա պայմաններում կատարում է մի անօրինակ արագ երթ՝ Ճորա Պահակից մինչև Հայաստանի կենտրոն՝ Այրարատ տարածությունն անցնելով մեկ ամսվա ընթացքում։
Վասակ Սյունին, հանկարծակի գալով, շուտափույթ ամրանում է իր հայրենի Սյունիքում, նախապես ավերելով Այրարատի ամրությունները և ոչնչացնելով պարենամթերքը, որպեսզի Վարդանի զորքը չկարողանա այնտեղ ձմեռել։ Վասակ Սյունին և նրա կողմնակիցները ժողովրդին համոզում էին հրաժարվել ապստամբության մտքից, խոստանալով ամեն ինչ հարթել և խաղաղ ճանապարհով հասնել նախկին իրավիճակի վերականգնմանը։ Վարդանի կողմնակիցների միաբանությունը քանդելու նպատակով նա իր կողմնակիցներին ուղարկում է Հայոց աշխարհի ամուր կողմերը և հարևան երկրները՝ Տմորիք, Կորդովաց աշխարհ, Արցախ, Աղվանք, Վրաստան և Խաղտյաց աշխարհ, «պնդացնում էր, որ ոչ ոք նրանց հյուրընկալության արժանի չհամարի»։
Այս օրերին պարսկական տերությունը ռազմաքաղաքական ծանր կացության մեջ էր։ Հազկերտ Բ-ն պարտություն է կրում հոներից Միջին Ասիայում և անզոր էր ապստամբների հետ խոսել բռնության ու զենքի լեզվով։ Վասակ Սյունին, օգտագործելով այս հանգամանքը, համոզում է արքայից արքային, որպեսզի մեղմացնի իր քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Հազկերտ Բ-ն «ներման» հրովարտակ է ուղարկում ապստամբներին։
Այս ամենի հետևանքով հայ հասարակությունը երկփեղկվում է։ Առաջ են գալիս իրարամերժ երկու հոսանքներ։ Վարդան Մամիկոնյանը և իր կողմնակիցները գտնում էին, որ երկիրը կարելի է ազատագրել միայն զենքի ուժով, իսկ Վասակ Սյունին իր համախոհներով փորձում էր Հայաստանը փրկել խաղաղ ճանապարհով՝ պարսիկների հետ լեզու գտնելու միջոցով։ Ահա գաղափարների նմանօրինակ տարամետության պատճառով մինչև Ավարայրի ճակատամարտը երկրում բռնկվեց քաղաքացիական պատերազմ։
Անդրադառնալով Վասակի գործունեությանը, Եղիշեն գրել է. «...մինչև իսկ բազմաթիվ հարազատ եղբայրների բաժանեց միմյանցից. հորն ու որդուն միաբան չթողեց և խաղաղության մեջ խռովություն գցեց»։ Եղբայրասպան պատերազմը ծվատում էր երկրի առանց այն էլ կազմալուծված ուժերը։ Եվ պատահական չէ, որ Ավարայրի ճակատամարտի օրը հայոց գնդերը հայտնվեցին Տղմուտ գետի հակառակ ափերին։
Պատմագիտության մեջ թյուր մտայնություն կա, թե իբր Ավարայրի ճակատամարտին արցախահայությունը չի մասնակցել։ Մեզ հասած սկզբնաղբյուրները և հատկապես Եղիշե պատմիչի տեղեկությունների քննությունը իրավացիորեն պնդում են, որ այդ ճակատամարտին մասնակցել են նաև արցախահայերը։
Իրենց զինվորական ուժերով ապստամբությանը միացել էին Գահնամակում գրանցված 32 և չգրանցված 5 հայ իշխաններ։
Եթե մենք պայմանականորեն հիմք ընդունենք Զորանամակի տվյալները, մոտավորապես կստացվի, որ գահնամակում գրանցված 37 նախարարությունները, արքունիքի և նրա ծակալների հետ միասին, կարող էին մարտի դուրս բերել 53600-անոց բանակ։
Այս թվի մեջ չեն մտնում Արցախի Բակ զորավարի, Շիրակի Դիմաքսյան, Մարդաստանի Արծրունյաց և Վահնունյաց զինվորական ուժերը, որոնց մասին տվյալներ չկան Զորանամակում։ Նշված թվի մեջ չեն մտնում նաև Գահնամակում չգրանցված և նոր կազմավորված չորս կրտսեր իշխանական տների ուժերը, որոնք մասնակցում էին ապստամբությանը։
Ինչպես մեզ հայտնի է Ավարայրի ճակատամարտին մասնակցել է 66 հազար հեծյալ և հետևակ զինվոր։ Փաստորեն մնացած 12400 մարտիկների կազմում գտնվում էր նաև Արցախի Բակ զորավարի գունդը։
Լինել չլինելու հարցը բռունցքեց պարսկահպատակ Հայաստանի բոլոր գավառների հայությանը։ Արցախի քաջորդիները Բակ Առանշահիկ իշխանի գլխավորությամբ Վարդան զորավարին թև ու թիկունք դարձած մարտնչեցին Ավարայրում՝ իրենց նվիրական արյունը հեղելով ազատության դաշտում։
Ավարայրի ճակատամարտը տեղի է ունենում 451թ. մայիսի 26-ին։ Վաղ առավոտյան պարսկական զորասյուները խռնվում են Տղմուտի ափին, բայց չեն համարձակվում գետն անցնել։ Հայերը պարսիկներին հանկարծակի բերելու նպատակով, Վարդանի հրամանով առաջինն են գետն անցնում և զարգացնում հարձակումը։ Մարտը սկզբից հաջողություն էր խոստանում հայերին։ Վարդանը իր հեծյալ գնդով, շեշտակի գրոհով մխրճվելով Մուշկանի բանակի դասավորության խորքը, մրրկաթափ հարվածով ցաքուցրիվ է անում ու փախուստի մատնում թշնամու ամենաընտիր զորամասը՝ մատյան գունդը, որը պաշտպանում էր ճակատի կենտրոնը։ Վարդանը, հաջողությունից ոգևորվելով, իր գնդով շատ առաջ անցնելով, կտրվում է մյուս զորամասերից։ Այն ժամանակ Մուշկան Նիսալավուրտը պահեստում գտնվող զրահավոր փղերով ամրացված իր հատուկ զորաբաժնին հրամայում է առաջ անցնել և շրջապատել նրան։ Վարդանը անհավասար կռվում ընկնում է հերոսի մահով։ Կատաղի մարտը շարունակվում է մինչև մութն ընկնելը։ Կորցրած լինելով իրենց զորավարին, հայերը մյուս օրը ետ են քաշվում և ամրանալով բերդերում՝ շարունակում են դիմադրությունը։
Գնահատելով Ավարայրի ճակատամարտի ելքը, Եղիշեն գտնում է, որ երկու բանակներից ոչ մեկն էլ չհաղթեց։ Նրա կարծիքով երկու կողմերը իրար դեմ դուրս գալով՝ իրար պարտության մատնեցին։
Ազատության դաշտում հերոսաբար նահատակվում են 1036 հայ ռազմիկներ, այդ թվում զորավար Վարդան Մամիկոնյանն ու բազմաթիվ իշխաններ։
Ավարայրի հերոսամարտում զոհված հայորդիները դասվել են «հայրենիքի նահատակների» շարքը, սրբացվել ու դարձել հայրենիքին անմնացորդ ծառայելու պայծառ օրինակ։ Այսօր էլ «Վարդանանց տոնը» համազգային տոն է, որ նշվում է ամենուրեք՝ թե հայրենիքում և թե սփյուռքում։ Երվանդ Լալայանի տվյալներով դարի սկզբներին այն տոնվում էր նաև Գանձակի գյուղերում։ Վարդանանց դյուցազնամարտի անձնազոհ մարտիկների անունները ոսկե տառերով գրվեցին հայ ժողովրդի բազմադարյան պատմության մագաղաթյա մատյանում։
Ավարայրից հետո աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայ ժողովրդի ամեն մի սերունդ խորին ակնածանքով և երախտագիտությամբ է հիշում իր անձնվեր որդիներին։ Ավարայրի նահատակների անունները հավերժացնող բազմաթիվ սրբավայրեր են կառուցվել Հայոց աշխարհի տարբեր վայրերում, այդ թվում նաև Արցախում։
Արցախի հայությունը սրբությամբ է պահպանել Ավայրայրի բոցաշունչ ոգու՝ Ղևոնդ Երեցի հիշատակը։ Վարանդայի Ավետարանոց, Սարգսաշեն, Վերին Թաղավարդ և Մոշ-խմհատ գյուղերի կենտրոնում, բարձր սարի գագաթին վեր է խոյանում Սուրբ Ղևոնդա անապատը կամ Ղևոնդիկ վանքը։ Եկեղեցում պահպանվում է Ղևոնդի պատկերը։ Այս բնակավայրերի տարեցները ասել են Սարգիս եպիսկոպոս Ջալալյանին, թե Ս.Ղևոնդ երեցի և մյուս նահատակ հայերի նշխարները բերել ամփոփել են այդտեղ ու կառուցել եկեղեցի։ Եկեղեցում մի շարք մասունքների հետ պահպանվում է Ղևոնդյանց մասունքները մի արծաթե միջակ խաչում[4]։
Հադրութի շրջանի ծայրամասային Ամուտուկ (այժմ Թեզխարաբ) գյուղի եկեղեցին կոչվում է Վարդան Զորավարի անունով։ Այդ եկեղեցում, իբրև սրբություն, պահվում է սևագույն քար, որն իբրև թե ներկված է սուրբ Վարդանի արյամբ։ Վարդան զորավարի անունով մեկ ուրիշ մատուռի ավերակներ գտնվում է Մարտունու շրջանի Մուշկապատ գյուղում։ Սարգիս Ջալալյանցը գրել է. «Մուշկապատցիք ունեն զքարաշէն եկեղեցի, առ որով է մատուռն սուրբ Վարդան նահատակի, ուր յաճախեն ուխտալորք բազումք»։
Հինգերորդ դարում պարսկական բռնատիրության դեմ հայոց պայքարն Ավայրայրով չավարտվեց։ Հայոց աշխարհի բոլոր կողմերում բռնկվել էր պարտիզանական պայքարի բոցը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ անդունդի եզրին կանգնած հայ ժողովուրդը բռունցքվեց իր հին ու նոր հայրենիքը փրկելու, իր ինքնությունը պահպանելու։ Ժողովուրդը քաշվում է անառիկ լեռներն ու ձորերը, որտեղից անընդհատ հարձակումներ է գործում պարսկական պատժիչ ջոկատների դեմ։ «...Յուրաքանչյուրը թողեց իր գյուղը, ավանն ու ագարակը։ Հարսները դուրս եկան առագաստներից և փեսաները՝ սենյակներից, ծերերն ընկած աթոռներից և երեխաները ծնողների գրկերից. երիտասարդներն ու կույսերը և տղամարդկանց ու կանանց ամբողջ բազմությունը գնացին բռնեցին անմարդաբնակ վայրերի ամրոցներն ու բազմաթիվ լեռների ապահով տեղերը։ Ավելի լավ էին համարում գազանների նման քարանձավների մեջ բնակվել աստվածապաշտությամբ, քան թե ուրացությամբ փափուկ կյանք վարել իրենց տներում։ Առանց տրտնջալու դիմանում էին խստեղեն կերակուրներին և չէին հիշում իրենց սովորական խորտիկները։ ...Համբերությամբ դիմանում էին և մեծ առավելությամբ տանում այդ քաջ նահատակությունը։ Որովհետև եթե բաց աչքերով չտեսնեին խնդալից հույսը, չէին էլ կարող այնպիսի մեծ առաքելություն կատարել»։ Թշնամին քուն ու հանգիստ չուներ հայոց հողում։
Սովորաբար պարսիկները պաշարում էին այն ամրությունները, որտեղ պատսպարված էր լինում խաղաղ բնակչությունը և ներումն խոստանում՝ եթե հանձնվեն։ Տեղ-տեղ պաշարվածները ստիպված էին հանձնվել՝ քաղցից և ծարավից դրդված։ Բայց կամովին հանձնվածներին էլ պարսիկները չէին խնայում, կոտորում էին կամ գերության քշում, իսկ բնակավայրերը՝ հրկիզում։
Արցախի հայոց գունդը Բակ զորավարի հրամանատարությամբ բազմաթիվ փախստականներով, ամրացել էր Անգղի բերդում։ Այստեղ էր նաև Հովսեփ կաթողիկոսը, Ղևոնդ Երեցը և մյուս քահանաները։ Մուշկան Նիսալավուրտի պարսկական բանակը, Վասակ մարզպանի գնդի հետ միասին, շրջապատում են բերդը, գրոհում, բայց անզոր են գտնվում վերցնել այն։ Թշնամին դիմում է նենգության. Վասակ մարզպանը երկու-երեք անգամ երդվում է Ավետարանով, փորձում է հավատացնել պաշարվածներին, որ եթե նրանք անձնատուր լինեն, ապա ոչ ոքի նկատմամբ բռնություն չի գործադրի։ Զորականների հիմնական մասը չի հավատում չարամիտ Վասակին: «Հայոց քաջ զորականներից մեկը, Բակի անունով, ...բարձրանալով պարսպի վրան սկսեց նախատել անօրենին և հիշեցնում էր պարսից զորագլխի առաջ այն բոլոր չարիքները, որ նա հասցրել էր հայոց աշխարհին»։
Բակ զորավարը նույն գիշերը 700 հոգով ճեղքում է պաշարման շղթան և հեռանում Արցախի անտառները։ Բերդում մնացածները՝ 213 զինվոր պարենի պակասության պատճառով գերի հանձնվեցին։ Անձնատուր եղածներին անմիջապես սպանեցին։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Ավարայրից Արցախի անտառները նահանջող սյունեցի և արցախցի հայրենասեր ռազմիկները Անգեղաձորում, Ուտիքում, Արտաբույնքում, Ջաղացքարում լուրջ կորուստներ են կրում պարսից հետապնդող զորքերից։ Այս վայրերում էլ, ի պատիվ նահատակվածների, սյունեցիները կառուցում են վկայարաններ։
Պարսկական զորքերը ասպատակում էին հայկական գյուղերն ու ավանները, տեղահան են անում ու գերեվարում խաղաղ բնակչությանը, կրակի մատնում տները։ Ի պատասխան թշնամու վայրագությունների, Խաղտյաց լեռներում, Տմորիքի անմատչելի ամրոցներում, Արցախի խիտ անտառներում, Միջնաշխարհի և Կապույտ լեռան բերդերում ամրացված հայ ռազմիկները պաշտպանությունից անցնում են հարձակողական գործողությունների։
Արցախի հայությունն առանձնակի եռանդով ներքաշվեց պարտիզանական շարժման մեջ։ Արցախի մայրիներն ու լեռները դարձել էին պարտիզանական պայքարի թեժ օջախներ։ «Վարդանանց օրերում,–գրել է Ղևոնդ Ալիշանը,– փախստականներից շատերի համար ապավեն եղան նրանց լեռները, որտեղից խաբեությամբ իջեցնելով՝ Վասակը նրանց տալիս էր պարսիկների ձեռքը, բայց կային և այնպիսիները, որոնք սուրբ զորավարի նահատակությունից հետո «տիրեցին Արցախի բազում ամրոցների» և դիմադրում էին պարսիկներին»։
Այդ օրերին Արցախի խիտ անտառներում ամրացված ապստամբները բազմաթիվ անգամ պատգամավորություններ էին ուղարկում Հյուսիսային Կովկասի հոների մոտ և հիշեցնում, որ նրանք կատարեն հայերին օգնելու մասին նախկինում տված իրենց խոստումները: Ի վերջո, հոների մի մեծ ջոկատ ներխուժում է Անդրկովկաս, այնտեղից ասպատակում, ավերում պարսկական շատ գավառներ, գերեվարում բազմաթիվ մարդկանց։ Վերադարձին հոները հարձակվում են հյուսիսային Կովկասի այն ցեղերի վրա, որոնք օգնել էին պարսիկներին՝ ընդդեմ հայերի։
Չնայած ծանր փորձություններին, Արցախի հայությունը պահպանեց իր անկախությունը։ 451թ. հուժկու ապստամբությունից հետո, հատկապես Պարսկաստանում տեղի ունեցած խլրտումներից օգտվելով՝ Կուրի աջափնյա Արցախ և Ուտիք նահանգների Առանշահիկ հայ իշխանական տոհմը գլուխ է բարձրացնում, իրեն հայտարարում թագավորություն։ «Պատմութիւն Աղուանից աշխարհի» երկի մեջ կան հավաստի տվյալներ, որոնք հաստատում են, որ այս ժամանակից հետո Առանշահիկներին որոշ առումով հպատակ էին նույնիսկ անդրկուրյան Աղվանքի գավառները։
Հենց Առանշահիկներն էլ կազմակերպեցին Արցախի հայության հակապարսկական ընդվզումները։ Այն գլխավորեց և առանձնակի ջանադրությամբ բորբոք պահեց Հայոց Արևելից կողմանց թագավոր Վաչե Առանշահիկը։ Նա Վարդան Մամիկոնյանի համախոհներից էր։ Սպարապետի սպանությունից հետո, Արցախն ու Ուտիքը պարսիկների հնարավոր ասպատակություններից զերծ պահելու և ազատագրական պատերազմների հետևանքով երկրի վերքերը ամոքելու նպատակով, Վաչե Առանշահիկը կեղծ ուրացության ուղին բռնեց և նույնիսկ պսակադրվեց Հազկերտ Բ-ի քրոջ աղջկա հետ։ Նա մինչև անգամ հետագայում Պերոզի հրամանով 461թ. հիմնում է Պերոզապատ (հետագայում Պերոզապատը վերանվանվեց Պարտավի, իսկ այժմ՝ Բարդայի)։
457թ. մահանում է Հազկերտ Բ-ն։ Նրա երկու որդիների՝ Որմիզդի ու Պերոզի միջև սկսվեցին գահակալական կռիվներ։ Հանգամանքներից օգտվելով Վաչեն իրենից թոթափում է մոգությունը, դառնում է իր նախնյաց քրիստոնեական լուսավորչական կրոնին և ապստամբության դրոշ բարձրացնում պարսիկների դեմ։ Վաչեի քաջակորով մարտիկները սրընթաց հարվածներով կարճ ժամանակամիջոցում պարսիկներից ազատագրում են Արցախի և Ուտիքի բերդերը։ Շուտով Պարսկաստանում գահակալական կռիվներից հաղթող է դուրս գալիս Պերոզը։ Սա Վաչեին հպատակեցնելու համար մեծաքանակ զորքով ներխուժեց Ուտիք և Արցախ։ Վաչեն անցավ անդրկուրյան Աղվանք, դաշն կնքեց ալբանական 11 ցեղերի հետ։ Բարձրանալով հյուսիս, նա քանդեց Ճորա Պահակի ամրությունները և հյուսիսային Կովկասի ցեղերի բազմությունների հետ միասին հարձակվելով, ջարդեցին արքունի բանակը։ Պերոզն ստիպված էր նամակներով և պատգամավորներով խաղաղություն առաջարկել Վաչեին։ Սակայն ապստամբ արքան անդրդվելի էր։ Նա արքայից արքայի առաջարկներին պատասխանում էր հանդիմանությամբ՝ այն բոլոր չարագործությունների համար, որ պարսիկներն էին արել Հայոց դեմ։ Վաչեն «հանդիմանում էր նրան (պարսիկներին, տվյալ դեպքում Պերոզին -Վ.Բ.) Հայաստանը զուր տեղը ավերելու համար, հիշեցնում էր նախարարների մահը, գերիների չարչարելը, որոնց հավատարմության և վաստակի համար կյանք շնորհելու փոխարեն արևից զրկում եք։ Ես բարվոք եմ համարում տանջանքներով մեռնել, քան ուրացող լինելով ապրել»։
Անկարող լինելով սեփական ուժերով հաշվեհարդար տեսնելու Վաչեի հետ, Պերոզը մեծ կաշառքով Աղվանքի վրա է ուղղում հյուսիսային խայլանդուրների[5] խաժամուժը։ Վաչեի փոքրաքանակ զորքը մի ամբողջ տարի օրհասական մարտեր է մղում պարսիկների և հոների բազմաքանակ ուժերի դեմ։
Սպառվում են Վաչեի ուժերը, սակայն նա ետ չի կանգնում պարսիկների դեմ մինչև վերջ մարտնչելու վճռից։ Դեռ ավելին, տեղ-տեղ հայերը փայլուն հաղթանակի են հասնում։ «Շատերը կռվի մեջ ոչնչացան, շատերն էլ տանջալից հիվանդություններից հյուծվեցին։ Պաշարման երկարելուց երկրի մեծ մասը ավերվեց, բայց ոչ ոք այն տեղից չհեռացավ»։
Պերոզն արդեն անկարող էր զսպել նրան։ Այս անգամ նա փորձեց խաղալ Վաչեի զգացմունքների ելևեջների վրա, նրան պահանջագիր ուղարկելով, թե՝ «իմ քրոջը և քեռորդուս ուղարկիր, որովհետև նրանք ծագումով մոգության էին պատկանում, բայց դու քրիստոնյա դարձրիր, իսկ քո երկիրը թող քեզ մնա»։ Վաչեն հայրենի եզերքի ազատության նվիրակ լինելով այս անգամ էլ կատարեց Պերոզի պահանջը, զինավառ շարունակելով կենաց և մահու պայքարը։
Հետագայում դեպքերը զարգացման այլ ընթացք ունեցան։ Հայոց Արևելից կողմերում սկսվող ներքին խլրտումների և Պերոզի անընդհատ ճնշումների հետևանքով Վաչեն լքվում է բոլորի կողմից, թողնում աշխարհիկ կյանքը և ավետարան առնելով գնում քարոզչության։
Սարզիս Ջալալյանցը հին մելիքանիստ Ավետարանոց ավանում լսել է մի ավանդություն, ըստ որի Վաչե թագավորը ճգնել է հենց այստեղ։ Ուրիշ ոչ մի տեղեկություն չկա Վաչեի կյանքի վերջին շրջանի մասին։
- ↑ Բնակավայր և ձմեռանոց Մեծ Հայքի Ուտիք աշխարհի Տավուշ գավառում, Կուրի աջ ափին, Լոփնաս(հավանաբար հետագայի Զակամ կամ Զեկամ) վտակի գետաբերանում։ Ըստ Ղ.Ալիշանի գտնվում էր հետագայի Ելիգավետպոլի նահանգի Ձեգամի(Զագամի) շրջանի Խալխանալը (Խալիխանլի) գետի տեղում։ Ագաթանգեղոսը, Ղ. Փարպեցին, Եղիշեն հիշատակում են որպես հայ և աղվան թագավորների ձմեռանոց։ Տես Թ.Խ.Հակոբյան, Ստ.Տ.Մելիք-Բախշյան, Հ.Խ.Բարսեղյան, Հայաստանի և Հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.2, Եր., 1988, էջ 631։ Հայ պատմիչներից, մանավանդ Եղիշեն Խաղխաղը Աղվանից թագավորների ձմեռանոց ասելով, մեր կարծիքով, պետք է հասկանալ Հայոց արևելից կողմանց Առանշահիկների ձմեռանոցը, քանի որ 5-րդ դարի մեր պատմիչները Աղվանք ասելով հասկացել են Կուրի աջափնյակը, այսինքն Հայոց Աղվանքը։
- ↑ Գավառ Մեծ Հայքի հյուսիս-արևելյան սահմանագլխին, Ալբանիա-Աղվանքի Գարդման և Տաշիր տանող ճանապարհի վրա։ Հիշատակված է Կորյունի, Փ․Բուզանդի, Մ.Կաղանկատվացու և հետագա այլ պատմիչների կողմից։ Ոմանք Բաղասականը նույնացնում են Մեծ Հայքի Փայտակարան աշխարհին։ Ավելի հավաստի է թվում Ղ․Ալիշանի և այլոց այն կարծիքը, ըստ որի Բաղասականը տեղադրվում է Կուրի ձախ ափին, նրա ստորին հոսանքում և դիտվում է որպես Ալբանիա-Աղվանքի մեջ մտնող առանձին վարչատարածքային միավոր։ Այս կարծիքը բավական հիմնավոր պատմական փաստարկներով հաստատում է Բ․ՈՒլուբաբյանը։ Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ.1, 1986, էջ 571։
- ↑ Լփինքը բուն Աղվանքի արևմտյան մասն էր, Լոփնաս, Խորա և Ալազան գետերի ավազանը, լփնի ցեղի բնակավայրն էր։ Բուն Աղվանքի միասնական թագավորության շրջանում(մ.թ.ա. 1 դար-մթ. 5-րդ դարի առաջին կես) գտնվում էր այդ թագավորության կազմի մեջ։ Մարզպանության ստեղծումով նվաճեց կիսանկախ վիճակ, և ցեղապետն էլ իրեն հայտարարեց թագավոր։ Ղազար Փարպեցի, էջ 499-500։
- ↑ Այն ժամանակների բարքերին բնորոշ էր նահատակված մասունքների առուծախը։ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ մի քրիստոնյա խուժիկ առևտրական, որն առևտրական գործերով լինում էր Հայաստանի քաղաքներում և խոսում հայերեն, ականատես է լինում Ղևոնդ Երեցի և մյուս եկեղեցականների սպանություններին և նրանց ոսկորներն իբրև մասունքներ, հանձնում է Պարսկաստանի քրիստոնյա համայնքներին, մի մասն էլ բերում Հայաստան։
- ↑ Հոների անվանումն է, որ ապրում են Կովկասում։ Ըստ Մարկվարտի Խայլադուրք կոչվում է հոների արքայական հորդան։