Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Քրիստոնեության տարածումը Հայոց արևելից գավառներում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՈՒՄԸ ՀԱՅՈՑ ԱՐԵՎԵԼԻՑ ԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ

Անտիկ աշխարհի մայրամուտին ձևավորվող քրիստոնեությունը 1-2-րդ դարերում բավական տարածվել է արևելյան երկրներում։ Հռոմեական կայսրության արևելյան նահանգներում՝ Ասորիքում, Պաղեստինում, Կապադովկիայում հիմնավորվելով այդ ուսմունքը տարբեր ձևերով թափանցում էր Հայաստան։

Մ.թ. 34թ. Եդեսիա է գալիս Քրիստոսի 12 առաքյալներից մեկը Թադեոս անունով (Ադդէ)։ Այստեղից քարոզչական նպատակնե­րով Հայաստան է գալիս, ենթարկվում հալածանքների և նահատակվում Արտազ գավառում։ Իսկ Բարդուղիմեոս առաքյալի քարոզչության կենտրոնը եղել է Անձևացոց գավառը։ Ըստ ավանդու­թյան նա քարոզել է նաև Հայաստանի այլ կողմերում՝ Գողթնում, Աղբակ գավառում, ուր և նահատակվել է։ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ Բարդուղիմեոսը Սյունիքում հաստատում է եպիսկո­պոսական աթոռ։

Մ.Կաղանկատվացու հավաստմամբ Թադևոսին բաժին էր ընկել Հայաստանի մի մասը՝ քրիստոնեություն էր տարածում արևելյան կողմերում, այնուհետև «եկավ հռչակվելու արժանի մարտնչողը և երիցս երանելի Գրիգորիսը»։

Թադևոսի նահատակությունից հետո կիսատ գործը շարունակեցին նրա աշակերտները, որոնցից մեկը՝ Եղիշեն, Երուսաղեմի առաջին հայրապետ Սուրբ Հակոբից ձեռնադրություն ստանալով, քրիստոնեություն է տարածել Արցախում և Ուտիքում։ Նա Ուտիքի և Արցախի սահմանագլխին, Գիս վայրում կառուցել է եկեղեցի։ Քրիստոնեական հավատի հակառակորդները Զերգունի դաշտում Հոմենք կամ Բոմեն(այժմ Բում գյուղը Կուտկաշենի շրջանում) բնակավայ­րում սպանում են Եղիշեին։ Հավատացյալները սրբի մասունքները հավաքում և հողին են հանձնում Ուռեկան գյուղում։ Ստեփանոս քահանան էլ մասունքներից սրբի գլուխն առանձին պահ է տվել հողին։ Հետագայում այն ամփոփվել է Ջրվշտիկ վանքում, իսկ դրանից հետո պիտի կոչվեր Գլխովանք կամ Եղիշե առաքյալ։

Հետագայում Եղիշեի նահատակության վայրում հուշասյուն է կանգնեցվել. « ...յետ բազում ժամանակաց բարեպաշտն Վաչագան՝ Աղուանից արքայ, կանգնեաց սիւն ի գրի նահատակութեանն Եղիշայի...»։

Թադևոս առաքյալի աշակերտներից մեկ ուրիշը՝ Դադին կամ Դադոյին Արցախում քրիստոնեություն է քարոզել և այստեղ էլ նահատակվել, «Դադին՝ մի եւթանասնիցս, որ գնաց հրամանաւ Թադեի ի Մեծն Հայք կողմաս հիւսիսոյ, և լուծալ զմահն Աբգարու դարձավ և եմուտ ի Փոքր Սիւնիք, և տեղին շինեցյալ վանք և յանուն նորա կոչեցալ Դադիու»։ Փաստորեն այդ ժամանակ նահատակ­ված քարոզչի գերեզմանի վրա էլ վաղ միջնադարում կառուցվել է առաջին սրբատունը։ Ժամանակի ընթացքում եկեղեցին բազմիցս վե­րակառուցվել է և դարձել միջնադարյան հայ ճարտարապետության ուշագրավ և մեծարժեք շինություններից մեկը։

Եղիշեի մյուս աշակերտներին նույնպես բաժին հասավ դաժան ճակատագրից։ Բոլոր քարոզիչ նահատակների գերեզմանների տեղում հետագայում կանգնեցվել են կոթող-հուշասյուններ, մատուռներ կամ, ավելի ուշ՝ եկեղեցիներ։ Հիշենք, թեկուզ, նահատակված Քահալցիցիկի գերեզմանը Վարդաշենի մոտ, Գյումրատայինը՝ Ծե­րիկ գյուղում, Վլասինը՝ Նիժում, իսկ Գրիգոր Լուսավորչի թոռ Սբ.Գրիգորիսինը՝ Վատնյան դաշտում (այժմ՝ Բիլիջի շրջան)։

Տրդատ Գ-ի կառավարման տարիներին վճռական քայլեր կատարվեց քրիստոնեական հավատքը Հայաստանում ոչ միայն տարածելու ու արմատավորելու, այլ նաև պետական կրոն հռչակելու բնագավառում։

Տրդատ Գ-ի հրամանով Մեծ Հայքի բոլոր նահանգների «ընտիր իշխանները, կուսակալները, կողմնակալները, հազարապետները, բյուրավորները», այդ թվում Ծավդեից (Արցախ) իշխանը, հավաքվել և Գրիգոր Լուսավորչին ուղեկցել են Կեսարիա քաղաքը, որտեղ նրան Հայոց երկրի քահանայապետ են օծել։

Ծավդեից անանուն այդ իշխանը Հայոց Արևելից կողմերի աշ­խարհիկ տերերից առաջինն էր, որը Եփրատի սուրբ ջրերում մկր­տություն ընդունելով ձեռնամուխ եղավ Արցախում քրիստոնեու­թյան արմատավորման գործին։ Նրան ամենուր աջակցում էր Հայոց առաջին հայրապետը՝ Գրիգոր Լուսավորիչը։ Նա Արցախի Հաբանդ գավառի Ամարաս ավանում հիմնադրել ու կառուցել է Հայոց երկրի առաջին եկեղեցիներից մեկը։

Ըստ ավանդության՝ եկեղեցու շինարարությանը հետևելիս՝ Գրի­գոր Լուսավորիչը ամեն առավոտ բարձրանում էր Ամարասի դիմացի բլուրը, կատարում լուսաբացի իր աղոթքը։ Այդ պատճառով էլ այն բլուրը առ այսօր Լուսավորչի սար է կոչվում։

Քրիստոնեության տարածման այս նախնական շրջանում Հայաստանի և հարևան երկրների բնակչության զգալի մասը դեռևս հե­թանոս էր, այդ իսկ պատճառով հատուկ դեր էին կատարում քարո­զիչները՝ քորեպիսկոպոսները, որոնք գնում էին ծայր գավառներն ու այդ երկրների առավել հետամնաց շրջանները՝ կրոնական նոր ուս­մունքը տարածելու։ 4-րդ դարում Վեկերտի Հոբ անունով մի քահանա քրիստոնեություն տարածեց Արցախի Պարսկանք կոչված գավառում։

Այդ քարոզիչներից առանձնապես հայտնի է Գրիգորիս եպիսկոպոսը։ Հայտնի է, որ Գրիգոր Լուսավորչի օրոք միայն բուն Հայաստանում գոյություն են ունեցել շուրջ 400 եպիսկոպոսական թեմեր։ Վրթանեսը իր 15-ամյա որդուն՝ Գրիգորիսին կարգում է Հայոց Արևելից գավառների եպիսկոպոս։ Չնայած երիտասարդ հասակին, Գրիգոր Լուսավորչի թոռը իր եռանդուն գործնեությամբ, խս­տաբարո վարքով և պահվածքով մեծ ազդեցություն ունեցավ նորադարձ ժողովրդի վրա, վերանորոգեց ու շինեց եկեղեցիներ, ավար­տին հասցրեց իր պապի կողմից հիմնադրած Ամարաս ավանի եկեղեցին, որը դառնում է ոչ միայն Արցախի, այլ ամբողջ Աղվանքի հոգևոր կենտրոններից մեկը։ Նա հորդորեց ամենքին՝ զորանալ իրենց նոր հավատքի մեջ։ Գրիգորիսի համբավը տարածվում է նաև հարևան Աղվանից երկրում։ Արցախում և Ուտիքում իր եկեղեցական գործերը կարգավորելուց հետո քարոզչական գործունեության է գնում Աղվանք։ Այս երկրի Սանեսան թագավորը մինչ այդ քրիս­տոնեություն էր ընդունել։ Գրիգոր Լուսավորչի կողմից կարգված Աղվանքի հույն եպիսկոպոսի մահվանից հետո Սանեսան թագավորի համաձայնությամբ երկրի հոգևոր պետ է կարգվում Գրիգորիսը։ Անդրկուրյան տարածքներում վաչկատուն մազքութների շրջանում քրիստոնեական հավատքը տարածելու ընթացքում Գրիգորիսը նահատակվում է Վատնյա դաշտում։ Գրիգորիսի հետ գնացած սար­կավագները նահատակի մարմինը բերում են Հաբանդ գավառը և թաղում Ամարասի վանքում։ «Եւ ապա բարձին գնա որք ընդ երթեալ էին գավառէն Հաբադյալ, և բերին ի գավառն իւրեանց և կողմանս Աղուանից, ի սահմանս Հայոց ի Հաբանդի ի գեօղն որ անուանեալ կո­չի Ամարազ։ Եւ եղին զնա առ եկեղեցաւն, զոր շինեալ էր առաջնույն Մեծին Գրիգորի, հաւուն Գրիգորիսի՝ քահանայապետի մեծի աշ­խարհ հին Հայաստան երկրին»։

«Այնտեղ նրան դրեցին եկեղեցում՝ հյուսիսային կողմից բեմի մոտ։ Զաքարիայի սուրբ արյունք լցրին մի սրվակի մեջ, մի այլ սրվակի մեջ էլ դրին երանելի Պանդալեոնի նշխարները։ Երկու շշերն էլ տեղավորեցին ամենասուրբ մանուկ Գրիգորիսի մասունքների հետ»։

Հայոց Արևելից գավառներում քրիստոնեության դարձի հաջորդ շրջանը կապված է Մեսրոպ Մաշտոցի անվան հետ։ Հայերեն նշանագրերը ստեղծելուց հետո Մեսրոպ Մաշտոցը, ինչպես ասում է Խորենացին, «բոլոր գավառներում դպրոցներ հիմնեց և պարսից բաժնի բոլոր կողմերը սովորեցրեց, բացի հունական մասից»։

Մեսրոպագիր առաջին դպրոցներից մեկն էլ բացվում է Ամարասում։ Հայերեն գիրն ու դրա հիմքերի վրա ստեղծվող դպրոցներն ու գրականությունը նաև զորեղ միջոց են դառնում քրիստոնեական կրոնը և գաղափարախոսությունը Հայաստանում ամրակայելու գործում։ Հայոց գրերի և քրիստոնեական հավատքի միջոցով էր հնարավոր պահպանելու ժողովրդի միասնությունը։ Դա իր հերթին նպաստում էր ստեղծելու ազգային ինքնագլուխ եկեղեցի, որը դարեր շարունակ կատարելու էր լուսավորական ու ազգապահպան դեր։ Մաշտոցը, բացի քրիստոնեություն և հայկական դպրություն տարածելուց՝ շատ տեղերում հաստատում է վանքեր, «և դարձյալ վանականների շատ և անհամար խմբեր շեն և անշեն տեղերում... բնակեցնելով հաստատեց»- գրում է Կորյունը։

Մեսրոպ Մաշտոցի Արցախում քարոզչական զործնեության մասին է վկայում նաև Գիս ավանում Վաչագան Բարեպաշտի կողմից հայտնաբերված մեծ լուսավորչին պատկանող խաչը, որը հետապնդողներից փրկվելիս այս ավանում էր թաղել Մաշտոցը։ Այս անգամ սրբությունը տարվում է «Ի սուրբ եկեղեցին և ինքնին մեծ իշ­խանն և սուրբ հայրապետն ամենայն մեծամեծօքն անդ հասանեին, և ակն սրբոյ Մաշտոցի իւր իսկ ձեռաց լեալ էր, որով դարձուցաներ զաշխարհս Աղուանից ի կռոց մոլորութենէ»։

Փաստորեն քրիստոնեությունը մինչև 5-րդ դարի առաջին կեսը Արցախում և Ուտիքում հասարակության առանձին խմբերի հա­վատ լինելուց դառնում է ամբողջ ժողովրդի կրոնը։ Քաղաքական անկախությունը կորցնելուց քիչ առաջ սկսված այս պայքարի գործը հետագայում Վաչագան Բարեպաշտի օրոք ավելի ևս ընդարձակվում է։