Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը Զաքարյանների իշխանապետության շրջանում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽԸ ԶԱՔԱՐՅԱՆՆԵՐԻ ԻՇԽԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

12−րդ դարի սկզբներից սելջուկ–թուրքական լայնածավալ կայսրության քայքայմանը զուգընթաց հզորացման ուղին էր բռնել վրացական թագավորությունը։ Հայ ժողովուրդը շարունակում էր մնալ սելջուկ-թուրքական գերիշխանության ներքո։

Հայ Բագրատունիների մի ճյուղը, որ այդ ժամանակ իշխում էր Վրաստանում, չէր կարող հաշտվել նման կացության հետ։

Հայերին անհրաժեշտ էր Վրաստանի օգնությամբ սելջուկյան լուծը թոթափելու, իսկ վրացիներին՝ վրաց-սելջուկյան մրցակցու­թյան մեջ հավատարիմ դաշնակից ունենալու և Այսրկովկասում քաղաքական գերիշխանությունը ապահովելու։

Հայ-վրացական ռազմա–քաղաքական համագործակցության ջերմացման գործում մեծ դերակատարություն ունեին վրաց արքու­նիքում ծառայող հայ իշխանները՝ մանավանդ Զաքարյանների հայտնի տոհմի ներկայացուցիչները։ Նրանց էլ բախտ վիճակվեց գլխավորելու հյուսիս-արևելյան Հայաստանի ազատագրման և հայկական պետականության վերածննդի ապահովման գործը։

Հայաստանի ազատագրման գործը 12-րդ դարի 90-ական թվականներին նոր թափ ստացավ և նրանում վճռական դեր կատարե­ցին Զաքարյան իշխանական տնից հատկապես վրաց-հայկական զորքերի ամիրսպասալար Սարգսի Զաքարե և Իվանե որդիները։ Կիրակոս Գանձակեցին, խոսելով Զաքարյան եղբայրների մասին, ասում է. «սրանք քաջ մարդիկ էին ու հզոր էին իշխանությամբ և ար­ժանացել էին պատիվների վրաց թագուհու կողմից»։

Սկսվում են պատերազմական գործողություններ Զաքարյանների գլխավորությամբ, որոնք բերեցին ռազմական նշանակալից հաղթանակներ. ազատագրվեց Հայաստանի զգալի մասը։

1196թ. Զաքարե ամիրսպասալարը և Իվանեն, ջախջախելով Գանձակի ամիրայության ռազմական ուժերը, Արագածոտն գավառում նվաճեցին անառիկ ամրոց Ամբերդը, որից հետո մեկը մյուսի հետևից ազատագրեցին հյուսիս-արևելյան Հայաստանի գավառները։

Այդ հաջողությունից անհանգստացած Ատրպատականի ու Գանձակի աթաբեկ Աբու Բաքրը փորձեց կանգնեցնել երկու եղ­բայրների հաղթարշավը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ Շամքորի և Գանձակի միջև, որտեղ վրաց-հայկական միացյալ ուժերը հաղթանակի հասան։ Զաքարեի և Իվանեի զորքերը գրավեցին Շամքորն ու Գանձակը։ Այդ հաղթանակները դյուրացրին Ար­ցախի, Ուտիքի, Սյունիքի, Շիրակի և Արարատյան դաշտի ազատագրումը։

Գանձակի ամիրայի պարտությունը և թուլացումը հեշտացրեց Արցախի և Ուտիքի հողերի ազատագրումը։ Հայոց Արևելից գավառներում ջանադրությամբ էր գործում Զաքարյանների Վահրամյան ճյուղը։ Զաքարեի և Իվանեի հորեղբայր Վահրամը և նրա որդիները կալվածքներ ունեին Ձորոփոր կամ Կայեն գավառում(այժմ՝ Ղազախ)։ Հետագայում Թամար թագուհու ռուս ամուսնու՝ Գեորգիի ապստամբության ժամանակ Կայեն գավառը և հարակից շրջանները հարել էին ապստամբներին, բացի Զաքարյան Վահրամի Զաքարե որդուց։ Սա հավատարիմ էր մնացել թագուհուն, դրա համար էլ Թամար թագուհուց իբրև պարգև ստացավ Գազը և բազում այլ բերդեր ու ավաններ։

Հայ-վրացական միացյալ ուժերը ազատագրեցին Գարդմանը, Քարահերձը, Երգեվանքը, Տավուշը, Կածարեթը, Տերունականը, Գազը, Շամքորը։

Դաշնակիցները մինչ այդ ազատագրել էին Գեղարքունիքը։ Սելջուկներից մաքրվում է նաև Ծար գավառի զգալի մասը։

Հայ-վրացական միացյալ ուժերի հաջող գործողությունները ոգևորեցին Ներքին Խաչենի տերերին, որոնք էլ սեփական ուժերով ազատագրեցին իրենց երկրամասը։ Այդ պայքարի շնորհիվ ազատագրվեցին Ուտիքի և Արցախի գերյալ տարածքները։ Ազատագր­ված գավառների լիիրավ տերերն էին դարձել կամ հին իշխանական տների ներկայացուցիչները, կամ էլ այդ պայքարում առավել աչքի ընկած զորավարները։ Արցախի իշխանական տներից մեկի ներկայացուցիչ Վասակ Խաղբակյանը և նրա երեք խիզախ զավակները իրենց քաջագործությունների համար, որպես «արեանգինք», Զաքարյաններից ստացան մի նոր ընդարձակ տիրույթ Վայոց ձորում։ Նրանք տարածքներ ունեին նաև Շահապունիքի, Վարաժնունիքի, Կոտայքի շրջանում, մի մասն էլ Այրարատի նահանգում։ Խաղբակյանների իշխանության կենտրոններն էին Սրկղունքը(ներկայումս՝ Վերնաշեն) և Բոլորաբերդը։ Վասակին 1223թ. փոխարինել է Պռոշ որդին, որն այդ թվականից մինչև 1284թ. վարել է Զաքարյանների բանակի սպարապետի պաշտոնը, արի ու հմուտ զորավար է եղել, պետական ու ռազմական ականավոր գործիչ։ Պռոշի անունով իշխանական այդ տունը հետագայում կոչվել է Պռոշյան։

Խաղբակյանները կամ Պռոշյանները հայրենաշեն գործունեություն ծավալեցին Վայոց ձորում և հարակից շրջաններում։ Նրանց հովանավորությամբ կառուցվեցին հոյակերտ շինություններ, եկե­ղեցիներ, որոնցից արժանահիշատակ է Գեղարդի վանական համալիրը։

Խաղբակյան-Պռոշյան իշխանական տան որոշ շառավիղներ մնացին Արցախում։ Խաղբակի որդի Դլենը, թեև կալվածքներ ուներ Սյունյաց աշխարհում կամ Բաղաց թագավորության մեջ, բայց ժառանգորդների հիմնական նստավայրը Արցախում էր։

Զաքարյաններին չհաջողվեց ստեղծել միաձույլ կենտրոնաձիգ պետություն։ Սակայն հայոց միասնությունը անխաթար պահելու համար Զաքարյան իշխանները խնամիական կապեր ստեղծեցին գավառային հզոր իշխանական տների հետ։

Ներքին Խաչենի տեր Վախթանգ-Տանգիկի կինն էր վրաց-հայկական միացյալ զորքերի հրամանատար Սարգիս Զաքարյան մեծ իշխանի դուստր Խորիշահը, սրանց որդին էլ՝ Հասան-Ջալալ Դոլան։ Այս Հասանի անունով էլ նրանց շառավիղները սկսեցին հետագա դարերում կոչվել Հասան-Ջալալյաններ։ Վերին Խաչենի կամ Ծարի Հասան իշխանը ամուսնացել էր Զաքարեի և Իվանեի մյուս քրոջ՝ Դոփի հետ։ Վերջինս չափազանց լայնախոհ, եռանդուն մի գործիչ էր, որի հայրենանվեր գործունեությունը իրավունք վերապահեց այդ տոհմը կոչել նրա անունով՝ Դոփյան։ Դոփյանների իշխանության մեջ ներառված էին նաև Սևանա լճի արևելյան և հարավային ափերը՝ մինչև Շողվագ, այսինքն Գեղարքունիքի մեծագույն մասը։ Դոփյանների իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը(ներկայիս Քարվաճառի շրջանի Զառ գյուղի տեղում)։

Դոփյանների և Վախթանգյանների տիրույթների մեջտեղում, Հաթերքի շրջանում իշխում էր Վախթանգ իշխանը, Կյուրիկե Բ-ի դուստր Մամքանի որդին։ Վախթանգի կինն էր Արծրունյաց տոհմի հռչակավոր քուրդ իշխանի դուստր Արզու խաթունը։ Քուրդը Տփղիսի ամիրապետ-քաղաքագլուխն էր, Կայեն ու Մահկանաբերդ գավառների տերը և նրա քույրն էլ Սարգիս Զաքարյանի կինն էր եղել, այսինքն՝ Զաքարեի և Իվանեի մայրը։

Խաչենը և նրա զինվորական ուժեղ ազնվականությունը խոշոր և խիստ կարևոր դեր են կատարել Զաքարյանների տիրապետության ժամանակաշրջանում։ Խաչենի իշխանական տոհմերը ոչ միայն իրենց ձեռքում ունեին Խաղբակյան, Դոփյան, Վախթանգյան և Հասան-Ջալալյան մեծ իշխանությունները, այլև Իվանե աթաբեկի մոտ բարձր պաշտոնյաններ կամ գործակալներ էին, հեջուր կամ կառավարիչ և նրա որդու խնամակալներ։

Սարգիս Զաքարյանի դստրերից՝ Նանան Լոռու Կյուրիկյան Աբասի կինն էր, իսկ Նրջիսը հարս էր գնացել Դսեղի Մամիկոնյանների տունը։

Իր այս վերաբերմունքով Միջնադարյան Հայաստանի կյանքում Զաքարյանների իշխանական տոհմը մեծապես խթանեց ազգահավաքման հույժ կարևոր գործին, ազգային ինքնուրույնություն ձեռք բերելու գաղափարին և ամուր հող ստեղծեցին երկրի քաղաքական, տնտեսական ու մշակութային վերելքի համար։

Քննարկվող ժամանակաշրջանում Արցախում գտնվող երեք իշխանությունները (Ներքին Խաչեն, Հաթերք և Վերին Խաչեն) տարբեր հարաբերություններ ունեին Զաքարյանների հետ։

Վերին Խաչենը կամ Ծարա իշխանությունը, որն ազատագրվել էր Զաքարյանների օժանդակությամբ, ընդունում էին Զաքարյանների գերագահությունը։ Զաքարյանների իշխանապետության տարիներին Վերին Խաչենում տիրություն էր անում Հասան իշխանը։ Նրա վաղաժամ մահվանից հետո երկրամասում իշխում էր նրա կի­նը՝ Դոփին։ Եթե նրանց իշխանանիստ կենտրոնն էր Ծար գյուղաքաղաքը, ապա տոհմական գերեզմանատուն էին դարձրել Վաղուհասի Մայրաքաղաք ու Խադա վանքերը։ Վերջինս կառուցվել է Հասանի եղբայր Հովհաննես կրոնավորի ջանքերով։

Դոփը եռանդուն գործունեություն է ծավալում Վերին Խաչենի իշխանության ամրապնդման, հարևանների հաշվին իր տարածք­ների ընդլայնման, վանական համալիրների կառուցման ուղղությամբ։ Դոփի որդին՝ Գրիգորը, չափահաս դառնալուց հետո, իշխանությունը թողնում է նրան և եկեղեցի գնում՝ կրոնավորելու։ Դոփը վախճանվել է Հաղբատում և նրա դին սփոփել են գլխավոր տաճարի գավիթում, որտեղ առայսօր պահպանվում է նրա գերեզմանաքարը։

12-րդ դարի երկրորդ կեսի և 13-րդ դարի սկզբների իրողություններում հիշատակության արժանի է Միջին Խաչենի կամ, ավելի ճիշտ, Հաթերքի Առանշահիկ ծագում ունեցող վախթանգյանների իշխանական տան գործունեությունը։ 1142-1182 թվականներին Հաթերքի իշխանության գահակալն էր Հասան իշխանաց իշխանը։ Նա բազմաթիվ հաղթանակներ տանելով իր թշնամիների նկատմամբ, խաղաղությամբ իշխում էր Հաթերքի, Հանդաբերդի, Խաչենաբերդի և Հավքախաղացի շրջակայքում։

Նշված ժամանակահատվածում Արցախում գործող մի սովորու­թյան համաձայն, տեղի իշխանները իրենց առաքելությունը ավարտված համարելով, կրոնավոր էին դառնում՝ մտնելով եկեղեցի և իրենց կյանքի վերջին տարիները նվիրում աստվածահաճ գործունեության։ Նման օրինակ ձևով վարվեցին նաև Հաթերքի Հասան իշխանաց իշխանը և նրա կին Մամքանը՝ Բագրատունի Կյուրիկե թագավորի դուստրը։

Հասանի և Մամքանի 6 որդիներից իշխանությունը անցավ ավագին՝ Վախթանգին։ Նրա օրոք Հաթերքի իշխանությունը ավելի փարթամացավ ու զորեղացավ։ Պատահական չէր, որ նրան ականատես մատենագիրները հիշում են «գլխաւոր այլոց իշխանաց» ձևով։ Վախթանգի զորքերը քաջաբար կռվում էին հարևան սելջու­կյան ամիրայությունների դեմ, օգնում հարևան հայկական իշխանություններին՝ թուրք ասպատակիչների դեմ մարտերում։

Վախթանգ իշխանաց իշխանը հովանավորում էր գիտության և արվեստի մարդկանց։ Հաթերքում էր ապաստանել առակագիր և մեծ իրավագետ Մխիթար Գոշը։ Այնուհետև նա իր եղբայրների հետ հիմնովին վերանորոգում են երկրաշարժից ավերված Նոր գետիկի վանքը, հովանավորում նշանավոր հոգևոր կենտրոնների գործու­նեությունը։

1214թ. վախճանվեց իշխանաց իշխան Վախթանգը։ Դրանից առաջ մահացել էին նրա երկու զավակները, ավագը՝ Հասանը նահատակվել էր սելջուկ թուրքերի դեմ կռվելիս, կրտսերը՝ Գրիգորը, մահացել էր երիտասարդ հասակում։ Եվ իշխանական աթոռը մնացել էր առանց օրինական ժառանգի։

Նման պայմաններում Հաթերքի իշխանական տան մնացած անդամների համաձայնությամբ իրենց տիրույթների արևմտյան մեծագույն մասը տրվեց Ծարի Դոփյաններին, իսկ Դադի վանքից արևելք ընկած ամբողջ տարածքը Ներքին Խաչենի Հասան-Ջալալյաններին։ Ներքին Խաչենի իշխանական տան ներկայացուցիչները Արցախի մյուս գահերեցների համեմատ առավել մեծ ինքնուրույ­նություն ունեին։ Ներքին Խաչենի իշխանությունը իր վերելքի ուղին բռնեց 12-րդ դարի 60-ական թվականներից, երբ երկրամասում իշ­խում էր Վախտանգ Ա-ն։ Նրան փոխարինած որդին՝ Հասան մեծը շարունակեց հոր գործը։ Վերջինիս 1174թ. և 1181թ. թողած արձանագրությամբ խաչքարերը պահպանվում են Գանձասարում։ Հասան մեծից հետո Ներքին Խաչենում գահերեցի իրավունքով իշխեց Վախթանգ-Տանգիկը։ Նա ամուսնացած էր վրաց-հայկական միացյալ զորքերի գերագույն հրամանատար(ամիրապասալար) Սարգիս Զաքարյանի դուստր Խորիշահի հետ։ Վախտանգ-Տանգիկը մեծ հեղինակություն ուներ վրացական արքունիքում և հովանավոր­վում էր Զաքարյանների կողմից։ Վախտանգ-Տանգիկը մահացել է 1214 թվականին։

Ներքին Խաչենի իշխանությունը անցավ Վախտանգ-Տանգիկի ավագ որդուն՝ Հասան-Ջալալ Դափային։ Ներքին Խաչենի տիրոջ անունը արաբական ծագում ունի։ Հասան նշանակում է գեղեցիկ, Ջալալ՝ փառք, մեծություն, իսկ Դավլա՝ հարստություն, պետություն։

Ամենայն հավանականությամբ Ներքին Խաչենի տերը այլ անուն է ունեցել։ Պարզապես նրա հայրենաշեն, խելամիտ գործու­նեության հետևանքով են նրան տվել վերոհիշյալ մականունները, որոնք համապատասխանում են նրա արած-թողածին։

Հասան-Ջալալի կառավարման շրջանում Ներքին Խաչենը տնտեսական և մշակութային աննախադեպ վերելք ապրեց։ Նմանօրի­նակ զարգացումը թույլ տվեց, որ երկրամասը ունենա նաև քաղաքական անկախություն։ Հասան Ջալալը «բնակաւոր ինքնակալ» էր Ներքին Խաչենում, իրեն համարում էր «թագաւոր բարձր և մեծ Արցախական աշխարհի»։ Հասան-Ջալալի քաղաքական այս կար­գավիճակը ընդունում էին նույնիսկ Վրաց թագավորները։

Սակայն Արցախի իշխանություններին վիճակված չէր երկա­րատև խաղաղություն։ Պատմական ասպարեզ իջած մոնղոլ-թաթարները իրենց հորդաներով նոր արհավիրքներ բերին հայ ժողովրդին։