Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախը սելջուկ թուրքերի տիրապետության շրջանում

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽԸ ՍԵԼՋՈՒԿ ԹՈՒՐՔԵՐԻ ՏԻՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆՈՒՄ

Արցախի իշխանությունների բարգավաճ կյանքը խաթարվեց սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով։ 11-րդ դարում սելջուկ-թուրքերն իրենց ծավալուն աշխարհակալությամբ ստեղծեցին պատ­մական մի նոր իրադրություն, որից կախված էր նաև հայ ժողովրդի բախտը։

Թուրքական ցեղերի հայրենիք են համարվում Չինաստանից հյու­սիս ընկած շրջանները։ 10-րդ դարի երկրորդ կեսին թուրքախոս ցեղե­րին միավորելով՝ նրանց առաջնորդ Սելջուկը հիմք դրեց աշխարհա­կալ մի կայսրության։

11-րդ դարի 40-ական թվականներից սկսվեցին սելջուկյան ծավալուն արշավանքները դեպի Իրան, Իրաք, Այսրկովկաս և Փոքր Ասիա, այդ թվում՝ Հայաստան։

Տուղրիլ բեկի (1025-1063թթ.) կառավարման շրջանում սելջուկ-թուրքերը ավերեցին Հայաստանի կենտրոնական, արևմտյան և հա­րավային շրջանները, դեռևս չշոշափելով Հայոց Արևելից գավառների հայության շահերը։

1064թ. սելջուկ-թուրքերի մեծաքանակ զորքերը նոր սուլթան Ալփասլանի գլխավորությամբ անցան Արաքս գետը և մտան Նախիջևան։ Նա իր որդու՝ Մելիքշահի առաջնորդությամբ մի մեծ զորաբանակ Նախիջևանի վրայով ուղարկեց Հայաստանի կենտրոնական շրջանները նվաճելու, իսկ ինքը ուղղվեց դեպի Վրաստան։

Ճանապարհին Ալփասլանը սրի ու գերության մատնեց Արցախն ու Ուտիքը, այնուհետև ողջ բուն Աղվանքը և մտավ Վրաստան։ Ալփասլանի կառավարման տարիներին (1036-1072թթ.) արդեն նվաճված էր ամբողջ Հայաստանը և Փոքր Ասիայի տարածքների զգալի մասը։ Այն իր ավարտին հասցվեց Ալփասլանի հաջորդ Մելիքշահի սուլթանության տարիներին (1072-1092թթ.)։

Սելջուկ-թուրքերի արշավանքների հետևանքով Հայաստանի և Փոքր Ասիայի մեծագույն մասը ավերվեց։ Ժամանակակից հայ և օտարազգի մատենագիրները ահով ու սարսափով են գրել սելջուկ-թուրքերի չլսված չարագործությունների մասին։

Ժամանակակիցը վկայում է, որ Ալփասլանը Անին գրավելուց հե­տո բնակչության մեջ սարսափ տարածելու նպատակով ժողովրդի ներկայությամբ լողանում է գերիների արյան մեջ։

Մելիքշահի ժամանակ սելջուկ-թուրքերը հիմնավորվելով Փոքր Ասիայում, հսկայածավալ կայսրության դատարկ գանձարանը լցնելու նպատակով հնարավորություն տվեցին նվաճված ժողովուրդներին՝ մասամբ վերականգնելու իրենց քայքայված երկրներն ու տնտեսու­թյունը։

Մելիքշահը բարիացակամ վերաբերմունք ուներ Արևելյան Հայաստանի բնիկ իշխանությունների և առանձնապես Բաղաց թագա­վոր Սենիքերիմի ու նրա տոհմակիցների՝ Խաչենի իշխանների նկատմամբ։ Այս կապերի շնորհիվ որոշ չափով վերաշինվեցին Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգների ավերված գյուղերն ու քա­ղաքները, թեթևացվեցին հարկերը, կառուցվեցին նոր շինություններ։

Մելիքշահի մահից հետո նրա որդիների, եղբայրների ու սելջու­կյան տան մյուս անդամների միջև սկսվեցին գահակալական արյու­նահեղ կռիվներ, որի հետևանքով վերափոխվեց սելջուկյան կայսրու­թյան քաղաքական քարտեզը։ Հսկայածավալ տերությունը տրոհվեց բազմաթիվ մեծ ու փոքր իշխանությունների և ամիրայությունների։

Հայոց երկիրը բաժան-բաժան էր եղել սելջուկներին ենթակա տեղական մի քանի մանր իշխանությունների և ավելի մեծ թվով նոր առաջացած սելջուկ-թուրքական ամիրայությունների միջև։

Մեծ Հայքին սահմանակից սելջուկ ամիրայություններից ամենազորեղը Ատրպատականի Ելտկուզյանների իշխանությունն էր։ Նրանք աստիճանաբար թուրքացրին Ատրպատականը և հիմնավոր­վեցին այնտեղ։ Նրանց մայրաքաղաքը սկզբում Եկբատանն(Համադան) էր, իսկ հետո Դավրեժը (Թավրիզը)։ Բացի Ատրպատականից, Ելտկուզյաններին էր ենթարկվում նաև Ուտիքը՝ Պարտավ, Բայլական և Գանձակ քաղաքներով։

Ելտկուզյանները խլել էին Նախիջևանը և հաստատվել այնտեղ, իսկ Սյունիքն ու Արցախը, ինչպես նաև Դվինը, Անին, ենթարկվում էին նրանց հաճախակի ասպատակություններին։

Սելջուկյան արշավանքների հետևանքով զգալիորեն փոխվեց Ա­ռաջավոր Ասիայի ցեղային կազմը՝ Արևելքի հին ժողովուրդների՝ հույ­ների, հայերի, պարսիկների, ասորիների և ուրիշների հաշվին Փոքր Ասիայի մի շարք երկրներ քայլ առ քայլ ենթարկվեցին թուրքացման։

11-րդ դարի վերջերին Ուտիքը նվաճելուց հետո սելջուկ-թուրքերը անընդհատ կրկնվող գրոհներով փորձում էին տիրանալ Արցախի լեռնային գավառներին։ Նման պայմաններում Սյունիք է տեղափոխվում Աղվանից կաթողիկոս Տեր Ստեփանոսը։

Այս ամենին գումարվեց 1139թ. սեպտեմբերի 30-ի ահավոր երկրաշարժը։ Մխիթար Գոշի վկայությամբ. «Երկրաշարժից բազում ավերածություններ էին եղել Փառիսոսի ու Խաչենի բազմաթիվ վայրե­րում, դաշտերում լեռներում։ Ընդ որում Գանձակ մայրաքաղաքն առ­հասարակ անդունդի մեջ է խորտակվել՝ խորասույզ անելով իր բնակիչներին, քանի որ չորս կողմերի ամեն ինչ առել էր իր ծոցը։ Եվ լեռ­նային մասում շատ դղյակներ ու գյուղեր տապալվեցին, վանքերի ու եկեղեցիների հետ միասին, որոնք էլ փլվել էին իրենց բնակիչների գլխներին»։

«Երկրաշարժից փլվեց նաև Ալհարակ լեռը և փակեց իր միջով անցնող ձորակը, և գոյացավ ծովակ (խոսքը այժմյան Գյոյ-գյոլ կամ Կապույտ լճին է վերաբերվում−Վ.Բ.), որ կա մինչև այսօր»,−պատ­մում է Կիրակոս Գանձակեցին։

Բնական աղետին հաջորդեցին սելջուկ ամիրանների արշավանքները դեպի Խաչեն։

1142թ. Գանձակի ամիրան ասպատակեց Թարթառի հովտի բնակավայրերը։ 1143թ. Պարսկաստանի կողմերից Չոլի ամիրայի գլխավորությամբ մի մեծ զորաբանակ, մտնելով Խաչեն նվաճեց գավառի ամրոցները, քանդեց եկեղեցիները, կոտորեց բնակչությանը և մեծաքանակ գերիներով ու ավարով հեռացավ Պարսկաստան։ Չնայած դրան Արցախի իշխանները արագ վերականգնելով կորցրածը չհպատակվեցին սելջուկ ամիրային։

Երկու տարի անց(1145–1146թթ.) Չոլին կրկին գալիս է Խաչենի վրա, բայց այս անգամ չկարողանալով գրավել բերդերը, բավարարվում է անպաշտպան բնակավայրերի թալանով ու եկեղեցիների ավե­րումով։ Այրվում է նաև Դադի վանքը։ Արշավանքները դեպի Ար­ցախ և Սյունիք ավելի սաստկացան, երբ 12-րդ դարի կեսին Գանձա­կի կուսակալությանը տիրացավ Ատրպատականի Ելտկուզյան կամ Փահլավանյան տոհմը։

Սյունյաց Գրիգոր թագավորը, որ արու ժառանգներ չուներ, իր դստերը՝ Կատային ամուսնացնում է Խաչենի Հասան Գեռաքարեցի իշ­խանի հետ և նրան դարձնում թագաժառանգ։ Վերջինս փորձում էր համագործակցել վրացիների հետ և փրկել թագավորությունը։ Սա­կայն օրավուր աճող ճնշմանը անհնարին էր դիմակայել։ 1170թ. սել­ջուկները պաշարեցին թագավորության վերջին հենակետը՝ Բաղաբերդը։ Չնայած դիմադրությանը, Բաղաբերդի վիճակը դարձավ օրհասական։ Հասան Գեղաքարեցին ստիպված իր ընտանիքի հետ գիշերով հեռանում է Խաչեն՝ դեպի իր հայրենական կալվածքը։ Դրանից շատ չանցած սելջուկները խաբեությամբ տիրացան բերդին և հիմնավեր արին։ Բերդում պահվում էին մեծարժեք իրեր, մեծ թվով սրբություններ, եկեղեցական թանկարժեք սպասներ, մասնավորապես Տաթևի եպիսկոպոսական աթոռի մասունքները, ոսկե և արծաթե գոհարազարդ իրերը և շուրջ 10000-ի հասնող ձեռագրեր, մոտավորապես այնքան, որքան այսօր պահվում է Մատենադարանում։ Կո­ղոպտվեց ողջ հարստությունը և ոչնչացվեց վերոհիշյալ ձեռագրերի մեծագույն մասը։

Սյունյաց թագավորության անկումից հետո մնաց Խաչենի իշխա­նությունը։ Այս ժամանակաշրջանում այն արդեն վերջնականապես բաժանված էր երեք ճյուղերի, որոնցից մեկի իշխանանիստն էր Խոխանաբերդը՝ Գանձասարի վանքի մոտ, մյուսինը՝ Հաթերք ամրոցը Թարթառի ձախ ափին, երրորդինը՝ Հանդաբերդը Ծար գավառում։ Նման քաղաքական կացություն էր տիրում Արցախում, երբ Զաքարյանները հայ-վրացական զորքերի գլուխ անցած սկսեցին ազա­տագրել Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգները։