Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Գետահովիտներն ու դաշտերը
Արցախի կտրտված լեռնային մակերևույթը իր մեջ ներառում է հարուստ հողաշերտով գեղատեսիլ գետահովիտներ և ընդարձակ ու արգավանդ դաշտեր։ Դրանցից հատկապես նշանավոր են Արաքս, Իշխանագետ, Վարանդա, Խոնաշեն, Կարկառ, Խաչեն, Կավարտ, Թարթառ, Ինջա, Քուրակ գետերի հովիտները, որոնք անբավ հարստություն են պարգևում երկրամասի հայությանը։
Հայոց Արևելից գավառների՝ Արցախի և Ուտիքի բնապատմական հիմնական շրջաններից կարևորագույնը Մուխանք դաշտն է։ Նրա կլիման հնարավորություն է տալիս մշակել չոր մերձարևադարձային շրջանների կուլտուրաներ։ Մուխանքի դաշտը երկրամասի առավել արգավանդ մասն է և բոլոր դարաշրջաններում հայտնի է եղել իր հացառատությամբ։ Այնտեղ մշակվել են բազմապիսի գյուղատնտեսական կուլտուրաներ։ Մուխանքի բացառիկ բերրիության վրա ուշադրություն են դարձրել միջնադարյան հայ պատմիչները։ «Բերրի ու արգավանդ է ..., լի ամենայն բարիքներով, ջրով, փայտով, մրգով ու որսով»։ Հայտնի է ավանդական ասացվածքը Մուխանքի բարեբերության մասին. ասում էին՝ պարտադիր չէ, որ այս տեղ ցանես, հնձել կարող ես միշտ4։
Պակաս արգավանդ չեն նաև Մարտունու և Մարտակերտի շրջանների արևելյան ցածրադիր մասերը։