Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախի բնաշխարհը/Վարչական բաժանումը
7-րդ դարի հայկական աշխարհագրական երկի՝ Ա.Շիրակացու «Աշխարհացոյցի» համաձայն՝ Արցախը Մեծ Հայքի տասերորդ նահանգն է և ունի 12 գավառ։ Այդ գավառներն են՝ 1.Մյուս Հաբանդ, 2.Վայկունիք, 3.Բերդաձոր, 4.Մեծիրանք, 5.Մեծկուանք, 6.Հարճլանք, 7.Մուխանք, 8.Պիանք, 9.Պարսկանք, 10.Քուստի, 11.Փառնես, 12.Կողթ։
Մյուս Հաբանդ-ընդգրկում է ավելի քան 2200կմ² տարածություն7։ «Գավառն, որ ընկած է Ղարուչայի ձախ և Կարկառ գետակի աջ ափերի, Դիզափայտ և Քիրս լեռնաշղթայի գագաթնագծի և դաշտաբերանի մեջ»։ Փաստորեն Մյուս Հաբանդի մեջ ներառվում են ներկայիս Մարտունու և մասսամբ էլ Հադրութի ու Ասկերանի շրջանների տարածքները։
Վայկունիք- տարածված էր Թարթառ գետի վերին ավազանում՝ այժմյան Քարվաճառի շրջանի հյուսիս-արևելյան հատվածում։ Այն կազմում է մոտ 800 կմ² տարածություն9։
Հարճլանք - գտնվում է Շուշի-Գորիս ճանապարհի և Հագարի գետի միջև։ Ներկայիս Լաչինի շրջանի զգալի մասը մտնում էր վերոհիշյալ գավառի կազմի մեջ։
Բերդաձոր - փռված է Ջերմուկի փեշերից մինչև Հագարիի ձախակողմյան ամենամեծ Ջինգինակապ վտակը՝ կազմելով ներկայիս Շուշիի, Լաչինի, Կուբաթլիի շրջանների մի փոքր մասը։ Այս սահմանների մեջ Բերդաձորի տարածքը կազմում է մոտ 450 կմ²։
Պարսկանք – հիմնականում զբաղեցնում է Արաքսի առափնյա շրջանները։ Գավառը հարավից սահմանակից է Արաքսին, արևելքից՝ Պիանք գավառին, հյուսիսից՝ Մյուս Հաբանդին, հյուսիսարևմտյան կողմից՝ Բերդաձորին։ Նշված սահմանների մեջ գավառի տարածքը կազմում է մոտ 2000 կմ²։
Պիանք – ընդգրկում է Արցախի դաշտավայրային հատվածը՝ սահման ունենալով հարավից Արաքս գետը, արևմուտքից՝ Իշխանագետը, հյուսիսային և հյուսիս-արևմտյան կողմերից՝ Մյուս Հաշբանդը, արևելքից՝ Բայլականը։ Տարածքը կազմում է մոտ 800 կմ²։
Մուխանք – Պիանքին հաջորդող գավառն է, որը տեղադրվում է Միլի դաշտավայրի մի մասում։ Այն կազմում է 1250 կմ² տարածություն։
Մեծ Իրանք (Մեծառանք) - զբաղեցնում է Խաչենագետի վերին ավազանը՝ Կարկառ գետից մինչև Թարթառ և Քիրսա սարի փեշերից Մարտակերտի դաշտի արևմտյան ծայրը։ Գավառի տարածքը կազմում է մոտ 1600 կմ²։
Մեծ Կվենք (Մեծ Կողմանք) - տեղադրվում է Թարթառի վտակ Թրղիի և Կուրակ գետակի ավազաններում՝ ընդգրկելով ներկայիս Շահումյանի շրջանը հարակից տարածքներով ու, մանավանդ, Գետաշենի ենթաշրջանը։
Քուստի - ընդգրկել է Ախնջի գետից մինչև Աղստև ընկած տարածքը։ Զբաղեցնում էր մոտ 500կմ² տարածություն։
Փառնես- փռված է Շամքոր գետակի միջին օժանդակի և Գեղամա լեռնաշղթայի գագաթնագծի շարունակության ու Տավուշ գետակի հարավ-արևելյան օժանդակի Ախնջիի ափերի և դաշտաբերանի միջև։ Գավառի տարածքը կազմում է մոտ 700կմ²։ Միջնադարում Քուստի և Փառնես գավառները ընդգրկված էին Փառիսոսի թագավորության կազմում։
Կողթ - գավառը ընդգրկում է Շամքոր և Կուրակ գետակների միջնատարածքը՝ ներառելով այժմյան Դաշքեսանի (Քարհատի) շրջանն ամբողջությամբ, Խանլարի շրջանի մեծ մասը, որը կազմում է 1650կմ²։
Արցախ նահանգի ընդգրկած տարածքը այս սահմաններում կազմում է ավելի քան 15500 կիլոմետր²։
Այսպիսով, Արցախը բնաաշխարհագրական, վարչա-քաղաքական, տնտեսական և ազգագրական տեսակետներով մի ամբողջական տարածություն է կազմում, որտեղ արցախահայությունը հազարամյակներ շարունակ, դիմակայելով չարին, մաքառելով անագորյուն թշնամիների դեմ, համարյա թե անընդմեջ պահպանել է իր ազգային պետականությունն ու ինքնությունը՝ ստեղծելով համամարդկային արժեքներ, մշտապես անխաթար պահելով Հայոց Արևելից դարպասները։