Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Արցախյան ազատագրական շարժման վերջին փուլը։ ԼՂՀ կազմավորումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախյան ազատագրական շարժման վերջին փուլը։ ԼՂՀ կազմավորումը
ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ՎԵՐՋԻՆ ՓՈՒԼԸ։ ԼՂՀ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

1985թ. հետո գորբաչովյան այսպես կոչված «վերակառուցման» քաղաքականությունը Լեռնային Ղարաբաղի հայությանը հնարավորություն ընձեռնեց հանդես գալու իրենց ոտնահարված իրավունքները պաշտպանելու և ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու:

1987թ. վերջին և 1988 թ. սկզբներին կենտրոնական կուսակցական ու պետական մարմիններում ընդունվել են ԼՂԻՄ-ի հայության ներկայացուցիչների չորս պատվիրակություններ, որոնց հավաս­տիացրին, թե մոտ ապագայում Արցախի հիմնահարցը արդարացի լուծում կստանա։ Ղարաբաղի պատվիրակների կենտրոնական իշխանություններին ներկայացված հանրագրի տակ դրված էին ավելի քան 80 հազար ստորագրություններ։

Ոգևորված կենտրոնական իշխանությունների բարյացակամ վերաբերմունքից, մարզի բոլոր գյուղերում, ձեռնարկություններում, կազմակերպություններում տեղի են ունեցել կոլեկտիվների ժողովներ, որոնցում որոշումներ ընդունվեցին ԼՂԻՄ-ը Հայկական ԽՍՀ-ի հետ վերամիավորելու վերաբերյալ։ Դրանց հիման վրա մարզի շրջանների ժողովրդական դեպուտատների խորհուրդները նմանա­տիպ որոշումներ են կայացրել։ Միաժամանակ Ստեփանակերտում և մարզի մյուս շրջկենտրոններում սկսեցին բազմամարդ հանրահավաքներ կազմակերպվել։ Արցախահայությունը, հավատալով գորբաչյովյան վերակառուցմանը, հանրահավաքների ու ցույցերի է դուրս գալիս ԽՍՀՄ պետական դրոշներով, Վ. Ի. Լենինի, Մ. Ս. Գորբաչովի, կուսակցական ու պետական այլ գործիչների լուսանկարներով, ինչպես նաև «Լենին-կուսակցություն-Գորբաչով», «Հանուն վերակառուցման, ժողովրդավարության և հրապարակայ­նության» ու նման այլ ցուցապաստառներով:

Ընդառաջ գնալով մարզի հայ բնակչության ցանկություններին՝ 1988թ փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողովրդական պատգամավորների մարզխորհրդի նստաշրջանը որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական ԽՍՀ, ԼՂԻՄ-ը Ադրբեջանի կազմից դուրս բերելու և Հայաստանի կազմի մեջ ընդգրկելու խնդրով։

Սակայն կենտրոնը, չնայած իր կողմից հռչակած «վերակառուցման», «հրապարակայնության» և «ժողովրդավարության» քաղաքականությանը, ի սկզբանե Ղարաբաղյան շարժման նկատմամբ անհանդուրժողական դիրք գրավեց, քանի որ երկրի ներսում ազգերի ինքնորոշման իրավունքի իրագործումը լուրջ վտանգ էր սպառնում կոմունիստական կուսակցության համապարփակ տի­րապետությանը։ Ուստի և պատահական չէր, որ արդեն իսկ փետր­վարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոն իրականությունից հեռու մի որոշում ընդունեց, որով Ղարաբաղյան հիմնահարցի արդարացի լուծմանը ձգտող ժաղավրդական շարժումը որակեց որպես «ծայրահեղական» և «նացիոնալիստական», որը հակասում է Ադր­բեջանական ԽՍՀ և Հայկական ԽՍՀ աշխատավորների շահերին։ Միաժամանակ որոշում ընդունվեց հայկական մարզի սոցիալ-տնտեսական և մշակութային զարգացմանը նպաստող միջոցառումներ մշակել։

Դրան հաջորդեց 1988թ մարտի 24-ին ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհուրդի՝ 1988-1995թթ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացման միջոցառումների վերաբերյալ որոշումը, որով նախատեսված միջոց­ները հետագայում հիմնականում նպատակաուղղվեցին մարզի ադրբեջանական բնակավայրերի արհեստական խոշորացմանը։

Փաստորեն, արցախահայության քաղաքական հիմնահարցի լուծումը նենգափոխվեց և խճճվեց սոցիալ-տնտեսական զարգաց­ման միջոցառումների անհեռանկար փաթեթով։ Դեռ ավելին, կուսակցության և պետության ղեկավարները հայ ժողովրդին հասկացրին, որ իրենք ի զորու չեն լուծելու հիմնահարցը՝ ակնարկելով «ադրբեջանական գործոնի» առկայությունը (թեզ, որն իր ժամանակին շրջանառության մեջ է դրել Նարիմանովը)։ Կրեմլը սերտորեն սկսեց համագործակցել Ադրբեջանի իշխանությունների հետ։

Երկրի զանգվածային լրատվության ողջ համակարգը բացահայտ հակահայկական դիրք գրավեց։ Ամեն օր ինտերնացիոնալիզ­մի և ժողովուրդների բարեկամության հնահունչ քարոզչության ու խոհեմության բարձրագոչ կոչերի ներքո վարկաբեկում էին հայ ժողովրդին, մեղադրում նրան ուրիշի հողերը զավթելու համար կատարվող «ոտնձգությունների» մեջ ու զանազան այլ պիտակներ կպցնում նրա համազգային շարժմանը։

Կրեմլը արցախյան պարզ ու հստակ հիմնախնդիրը խորացնելով դարձրեց «անլուծելի»։ Արցախահայության շարժմանը սատար կանգնելու համար 1988թ. փետրվարի 21-ից Հայաստանում զանգվածային ելույթների մեծ ալիք սկսվեց։ Ղարաբաղյան շարժումը Հայաստանում և Արցախում կոորդինացնելու նպատակով Իգոր Մուրադյանի նախաձեռնությամբ մարտի սկզբներին ստեղծվեց «Ղարաբաղ» կոմիտեն։ Հանրապետության գրեթե բոլոր հիմնարկ-ձեռնարկություններում, շրջաններում և քաղաքներում կազմավոր­վեցին «Ղարաբաղ» կոմիտեներ, որը և շարժմանը կազմակերպչական նոր ձև տվեց։

1988 թ. փետրվարյան օրերին ԼԴԻՄ-ի ղեկավարությունը ազատագրական շարժումը գլխավորելու փոխարեն նրա նկատմամբ սկզբում անտարբերություն, իսկ հետագայում ծայրահեղ զգուշավո­րություն ու վախկոտություն դրսևորեց։ Ուստի և, պատահական չէր, որ ժողովուրդն ինքն ընտրեց շարժման ղեկավարներին։ Ստեփանակերտում փետրվարի 2-ին հանրահավաքում ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն, որը գլխավորում էր Արկադի Մանուչարովը։

Լեռնային Դարաբաղի հայ բնակչության սահմանադրական պահանջներին հակադրեցին բիրտ ուժի և բռնության քաղաքականությունը։ Դեռևս մինչև մարզային խորհրդի նստաշրջանի հրավի­րումը հանրապետական հանձնախմբի կազմում Ստեփանակերտ ժամանած Ադրբեջանի ներքին գործերի նախարար Ասադովը որոշակիորեն սպառնաց Ղարաբաղ «հարյուր հազար ֆանատիկաների» ներխուժումով։ Ղարաբաղը սպանդանոց դարձնելու հայտարարությունները վերածվեցին կոնկրետ գործողությունների։

1988թ. փետրվարի 22-ին Աղդամի շրջանից, իրենց ճանապարհին ամեն ինչ ավերելով, ադրբեջանական բազմահազարանոց հրո­սակները շարժվեցին Ստեփանակերտ՝ «կարգուկանոն հաստատե­լու», բայց Ասկերանի մատույցներում կանգնեցվեցին և հետ շպրտվեցին։ Կրոնաազգայնամոլական շաղախով բռնկված հիստե­րիան շուտով Ադրբեջանում ծավալուն չափեր ստացավ։

Ահաբեկման հերթական քայլը եղավ հայերի ցեղասպանությու­նը Սումգայիթում, որը սկիզբ դրեց Ադրբեջանի հայության բռնագաղթի առաջին փուլին[1]։ 1988թ. փետրվարի 27-29-ը Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվից 25 կմ հեռավորության վրագտնվող Սումգայիթ քաղաքում կազմակերպվեց տեղի հայ ազգաբնակչության ջարդ, որի ընթացքում, ըստ պաշտոնական տվյալների, վայրագ ամբոխի կողմից գազանաբար տանջամահ արվեցին 27 հայեր, խոշ­տանգվեցին ու ծանր վիրավորվեցին հարյուրավոր մարդիկ։

Սումգայիթը նախապես պլանավորված փորձ էր հետագա մեծամասշտաբ ցեղասպանություն իրագործելու համար։ Նրա կազ­մակերպիչները դրանով իսկ ցանկանում էին շոշափել կենտրոնական իշխանությունների, իրավապահ մարմինների, լրատվական միջոցների դիրքորոշումը։ Փորձը լավ քննություն բռնեց: Սումգայիթյան և դրան հաջորդող դեպքերի դահիճները շրջանցվեցին, ոճիրը մնաց ստվերում, բանդիտիզմը չորակավորվեց և քաղաքական գնահատական չստացավ։ Իսկ դա, եղեռնագործին ավելի ոգևորելով, նոր ոճիրների մղեց։ Սումգայիթյան ոճրագործությունը ոչ միայն չընկճեց հայ ժողովրդին, այլ ընդհակառակը, նրան էլ ավելի համախմբեց իր ազգային նպատակների իրագործման գաղափարի շուրջը։

Ալեկոծվեց նաև հայկական սփյուռքը։ Բազմաթիվ միտինգներ ու ցույցեր են տեղի ունեցել Լոս-Անջելեսում, Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փարիզում, Մոնրեալում, Տորոնտոյում, Աթենքում, Բուենոս Այրեսում, Բեյրութում, Սիդնեյում և արտասահմանյան շատ այլ քաղաքներում։ «Հայ ժողովուրդը, մայր հայրենիքում լինի, թէ սփիւռքում, աննախընթաց համախմբուածութեամբ գումարւում էր իր սրբազան Դատի անբաժանելի մասնիկ արցախական պահանջատիրութեան շուրջը, այս աշխարհի հզօրները լուռ համախոհութեամբ Հայկական հարցի արդարացի պոռթկումը մի անգամ եւս դատակնքում էին մերժողական վճռով։ ... Որովհետեւ սփիւռքահայութիւնը պատմական իր դժնի ճակատագրի բերումով առաւել իրաւասու ներկայացուցիչն է հայկական համապարփակ պահանջատիրութիան, առաւել անկաշկանդ ու ազատ, հետեւաբար առաւել վճռականօրէն եւ ներգործունօրէն դիրքորոշուելու ու շարժուելու ընդունակ ներկայացուցիչը, որից հայ ժողովրդի կեանքի ու գոյավի­ճակի մերօրյա դասաւորութիւնը պահանջում է ոչ թէ կրաւորական հետեւորդ, այլ հայրենահայութեան կողքին լիիրաւ եւ հաւասարազօր ուղորդ լինել Հայաշարժի հրամայականօրէն կենսական երթում»։

Բայց կենտրոնը անդրդվելի էր։ Նա ոչ միայն շարունակում էր բացահայտ հակահայկական դիրք գրավել, այլև ձգտում էր ամեն կերպ հավասարման նշան դնել Ադրբեջանում ու Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների միջև։ 1988թ մարտին խորհրդային բանակը մտցվեց Երևան։

Ոգևորվելով կենտրոնական իշխանությունների թողտվությու­նից՝ Ադրբեջանի ղեկավարությունը Բաքվից, Կիրովաբադից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից 1988թ կեսերից կազմակերպեց հայերի բռնագաղթ։ Վտանգված էր նաև ԼՂԻՄ-ի հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ Հայ ժողովուրդը իր եղբայրներին պետականորեն սատար կանգնելու նպատակով, իր իսկ ճնշման տակ 1988թ հունիսի 15-ին տեղի ունեցած Հայ­կական ԽՍՀ Գերագույն խորհրդի նստաշրջանը քննարկեց և համաձայնություն տվեց Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու վերաբերյալ մարզային խորհրդի որոշմանը։ Միաժամանակ հանրապետության Գերագույն խորհրդի նստաշրջանը դիմեց ԽՍՀՄ Գերագույն խորհրդին՝ քննարկել և դրականորեն լուծել այդ հարցը։

Հայկական ԽՍՀ օրենսդիր գերագույն մարմնի նման գործելակերպը անակնկալի բերեց Կրեմլի տերերին։ Քիչ անց՝ 1988թ հուլի­սի 18-ին, Մոսկվայում ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը քննարկեց Լեռնային Ղարաբաղի մասին Հայկական ԽՍՀ և Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհուրդների որոշումների հարցը։ Նախապես մշակված ծրագրով, դատապարտելով հայ ժողովրդի արդարացի պահանջը, Գորբաչովը և ԽՍՀՄ մյուս բարձ­րաստիճան պաշտոնյաները այն որակեցին որպես վերակառուցման դեմ ուղղված և ԽՍՀՄ սահմանային վերաձևմանը ձգտող մտացածին քայլ։ Ուստի ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահությունը, հիմնվելով երկրի սահմանադրության 78-րդ հոդվածի վրա, մերժեց Լեռնային Ղարաբաղի մարզային և Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի խնդրանքը։

Սակայն հուսախաբություն և խոր հիասթափություն ապրած հայ ժողովուրդը ոչ միայն չընդունեց Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի վերջնական փակմանն ուղղված կենտրոնի այս ճիգը ևս, այլև նոր թափով շարունակեց իր ազգային ազատագրական պայ­քարը։

Վերսկսվեցին հայ բնակչության ցույցերն ու հանրահավաքները։

Իրադարձությունները այլ ընթացքով էին զարգանում Ադրբեջանում։ Այստեղ տիրող անպատժելիության մթնոլորտի հետևանքով 1988թ կեսերից աստիճանաբար ուժեղանում էին բռնությունները հայերի նկատմամբ։ Ադրբեջանում կազմակերպվող հանրահավաքներում, մամուլում, ռադիոյում և հեռուստատեսությամբ հնչող գրավոր և բանավոր ելույթներում ժողովուրդների «եղբայրության», «բարեկամության», «ինտերնացիոնալիզմի» մասին կարգախոսները ու­ղեկցվում էին «հայերին խոշտանգելու», «սպանելու» կոչերով։ Մարզում ապօրինի գրանցումները շարունակելու հետ մեկտեղ, հաճախակի դարձան ավազակային հարձակումները սահմանամերձ հայկական գյուղերի վրա, շրջափակեցին ճանապարհները, դադարեցրին էլեկտրոէներգիայի մատակարարումը, արտաքսեցին Շուշիի հայ բնակիչներին՝ հրդեհելով նրանց տները։

Հարկադրաբար համանման գործողությունների սկսեց դիմել նաև մարզի հայ բնակչությունը։ Սեպտեմբերրի 21-ին Ստեփանակերտում և Աղդամի շրջանում հատուկ դրություն հայտարարվեց ու մտցվեց պարետային ժամ։

Լուրջ սպառնալիքի տակ դրվեց Ադրբեջանում հայ բնակչության ֆիզիկական գոյությունը։ 1988թ նոյեմբերի վերջերին Կիրովաբադից(այժմ Գյանջա), Բաքվից, Շամխորից, Խանլարից, Դաշքեսանից և հայաշատ այլ վայրերից հայ բնակչության զանգվածային արտաքսման փաստեր արձանագրվեցին։ Նոյեմբերի 24-ին հա տուկ դրություն և պարետային ժամ մտցվեց Բաքվում, Կիրովաբադում, Նախիջևանում, իսկ դեկտեմբերի 5-ին՝ նաև Երևանում։

Անհիմն մեղադրանքով ձերբակալվեց և շուրջ մեկ տարի բանտերում կտտանքների ենթարկվեց շարժման ղեկավար Արկադի Մանուչարովը։ Ինչպես միշտ, այս անգամ էլ ԽՍՀՄ կուսակցական և պետական բարձրագույն իշխանության մարմինները քայլում են դեպքերի զարգացման հետևից։ Դեռևս 1988թ. հոկտեմբերի 3-ին ԽՍՀՄ ԳԽ Ազգությունների խորհրդի նախագահ Ա. Վոսի գլխավո­րությամբ Ղարաբաղ ժամանած հանձնաժողովի իրատեսական եզրակացությունները մնացին որպես այդպիսին։

Հաշվի առնելով ստեղծված բարդ իրադրությունը՝ 1989թ. հունվարի 20-ին ԼՂԻՄ-ում ԽՍՀՄ պատմության մեջ առաջին անգամ ստեղծվեց հատուկ կառավարման կոմիտե, որը գլխավորում էր ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ Ա. Վոլսկին։ Նոր վարչակարգի ստեղծումը հայ ժողովրդի մեջ արցախյան խնդրի լուծման աղոտ հույս արթնացրեց։ ԼՂԻՄ-ի Հայաստանի և կենտրոնի հետ տնտեսական որոշակի կապեր ստեղծելու ուղղությամբ կոմիտեն որո­շակի միջոցառումներ ձեռնարկեց։ Սակայն ԼՂԻՄ հատուկ կառավարման կոմիտեն իրավական անորոշ կարգավիճակով, ինչպես նաև կենտրոնի կողմից Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի հատված ճանաչելու փաստը անպտուղ դարձրին Կոմիտեի գործունեությունը։ Դրա հետ մեկտեղ մարզային կուսակցական ու պետական մարմինների լիազորությունների կասեցումը, աշխատանքային կոլեկտիվների իրավունքների սահմանափակումը վերջնականապես խլեցին մարզի և նրա բնակչության առանց այն էլ խիստ սահմանափակ իրավունքները։ Մարզում այդ պատճառով լարվածությունը գնալով սրվում էր։ Հատուկ շրջանի պարետը բարձիթող էր արել հայ բնակչության բախտը և բացահայտորեն համագործակցում էր ադրբեջանցիների հետ։ Իր ոտնահարված իրավունքները պաշտպանելու նպատակով մարզի աշխատավորությու­նը 1989թ մայիսից ստիպված էր սկսել գործադուլ, որը տևեց 4 ամիս։ Ինքնավար մարզի հայ բնակչության համար այդ ծանր վիճակում նրա բախտը տնօրինելու նպատակով 1989թ. օգոստոսի 16-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի լիազոր ներկայացուցիչների համագումար, որն ընտրեց Ազգային Խոր­հուրդ։ Նորընտիր խորհրդի նախագահ ընտրվեց ԽՍՀ ժողովրդական պատգամավոր Վ. Ս. Գրիգորյանը։ Համագումարի որոշմամբ մինչև ժողովրդական դեպուտատների մարզխորհրդի ու կուսակցու­թյան մարզկոմի գործունեության վերականգնումը՝ երկրամասի բարձրագույն գործադիր իշխանության լիազորությունները հանձնվում են Ազգային Խորհրդին։ Բացի դրանից, համագումարն ընդու­նել է դեկլարացիա, որում նշվում է, որ Ինքնավար Մարզի գործերին Ադրբեջանական ԽՍՀ-ի միջամտությունը գնահատվելու է որպես ագրեսիայի ակտ և կստանա համարժեք պատասխան։ Փաստո­րեն ժողովրդաընտիր իշխանությունը հայերի վրա ատամ կրճտաց­նող Ադրբեջանին հասկացրեց ուժի դիրքից խոսելու անհեռանկարության մասին։

1989թ հուլիսի 21-ից սկսած՝ Ադրբեջանի կողմից Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը ենթարկվեցին տնտեսական շրջափակման։ Եղան հայ ուղևորների սպանության դեպքեր։ Պատժիչ բռնամիջոց­ները հատկապես ուժեղացան Շահումյանի շրջանում։ Վերահաս լայնածավալ բռնարարքներին դիմակայելու նպատակով 1989թ հուլիսի 26-ին ժողովրդական պատգամավորների շրջխորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում ընդունեց շրջանը Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի կազմի մեջ մտցնելու մասին։ Մինչդեռ մարզի հայ բնակչությունը ուժերի գերլարումով փոր­ձում էր պաշտպանել իր ֆիզիկական գոյությունը, ԽՍՀՄ կենտրո­նական իշխանությունները շարունակում էին վարել հակահայկական քաղաքականություն։ Դրա մասին է վկայում ԽՍՀՄ Գերա­գույն Խորհրդի 1989թ նոյեմբերի 28-ի որոշումը, ըստ որի՝ Լեռնային Ղարաբաղը նորից բռնակցվում է Ադրբեջանին։ Սույն որոշմամբ մարզում տնօրինելու էր հանրապետական Կազմկոմիտեն։ Այն գլ­խավորում էր Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի երկրորդ քարտու­ղար հայատյաց Վ. Պոլյանիչկոն։ Նրա առջև Ադրբեջանի իշխանությունները խնդիր էին դրել՝ կարճ ժամանակաընթացքում մարզի ժողովրդագրական իրավիճակը փոխել հօգուտ ադրբեջանցիների։ Փաստորեն, սա վտանգավոր մի քայլ նահանջ էր և առավել լարված իրավիճակ ստեղծեց մարզում։

Ելնելով դեպքերի զարգացման նման ընթացքից՝ ՀԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային Խորհուրդը 1989թ դեկտեմբերի 1-ին համատեղ որոշում ընդունեցին Հայկական ԽՍՀ-ին Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին։ Այս որոշու­մը ոչ միայն արտահայտում էր մարզի հայ բնակչության իղձերն ու ցանկություններն, այլև որոշակիորեն ապահովում է նրա անվտանգությունը։ Հայտնի է, որ մինչ այդ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդի կողմից հանրապետության ինքնիշխանության մասին օրենք էր ընդունել, ըստ որի՝ Ադրբեջանը իրեն իրավունք էր վե­րապահում Լեռնային Ղարաբաղը իր հետ միասին դուրս բերելու ԽՍՀՄ կազմից։

Ադրբեջանը մեկ անգամ ևս հավաստեց իր անհանդուրժողական դիրքորոշումը Արցախյան շարժման նկատմամբ և շարունակեց ահաբեկչական քաղաքականությունը։ Ադրբեջանի ազգայնամոլ ազ­գային ճակատի ավազակախմբերի զինված հարձակումները հայ­կական գյուղերի ու քաղաքների վրա հաճախակի դարձան։ Ներքին գործերի ստորաբաժանումների սանձարձակ բռնությունները օրե­ցօր բացահայտ բնույթ էին կրում։ Հայաստանի և ԼՂԻՄ-ի շրջափակումը սաստկացավ։ Իրանից զենք տեղափոխելու նպատակով Ադրբեջանա-իրանական սահմանում 800կմ երկայնքով ավերվե­ցին ինժեներա-տեխնիկական կառույցները։ Հակահայկական հիստերիայի մոլուցքով բռնված Ադրբեջանի ժողովրդական ճակատը հանրապետության իշխանությունների հետ միասին 1990թ հունվարի 13-ին Բաքվում սկսում են հայ բնակչության ջարդեր, որը դարձավ Ադրբեջանում հայաջինջ քաղաքականությունը ավարտին հասցնելու վճռական փուլը։ Մի քանի օրվա ընթացքում զինվորական ստորաբաժանումների աջակցությամբ բռնի կերպով տեղահանվեցին Խանլարի շրջանի մի շարք հայկական գյուղերի բնակիչները։

Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված ընդհարման իրական սպառնալիք էր ստեղծում։

Հետաքրքիր է նաև այն փաստը, որ 1990թ. հունվարյան դեպքե­րի կապակցությամբ արտակարգ դրություն մտցվեց Լեռնային Ղարաբաղում (1990թ հունվարի 15), ինչպես նաև Հայկական ԽՍՀ-ի՝ Ադրբեջանի հետ սահմանակից մի քանի շրջաններում։ Հավասարության նշան դրվեց ինքնապաշտպանության դուրս եկած հայազգաբնակչության, իսկ մյուս կողմից՝ Ադրբեջանում կատարված վայ­րագությունների կազմակերպիչների միջև։ Մարզում զինվորական բռնապետական դիկտատուրայի հովանավորությամբ գաղութատիրական իշխանություն է ստեղծել հանրապետական կազմկոմի­տեն։ Սաստկացվեցին մարզում հայ բնակչության նկատմամբ խորհրդային բանակի կողմից իրականացվող անզուսպ կամայականությունները։ Երկրամասում ստեղծվեց անիշխանության տեռո­րի և վախի մթնոլորտ։ 1991թ ապրիլ-մայիս ամիսներին ԽՍՀՄ պաշտպանության և ներքին գործերի նախարարությունների, Պետական անվտանգության կոմիտեի ուժերի աջակցությամբ ու եռանդուն մասնակցությամբ, ադրբեջանական հրոսակախմբերը հայաթափեցին մարզի 24 հայկական գյուղեր։ Ադրբեջանական ԽՍՀ Գերագույն Խորհրդի նախագահության 1990թ ապրիլի 21-ի հրամանագրով մասնակի փոփոխություններ մտցվեցին ինքնավար մարզի վարչատարածքային բաժանման մեջ։ Արագացվեցին ապօրինի շինարարության տեմպերը ադրբեջանական գյուղերում։ Երկ­րամասում խստիվ գրաքննություն սահմանվեց, երկար ժամանակ չէին գործում մարզային ու շրջանային հայկական թերթերը, հեռուստատեսությունը, ռադիոն (դրա փոխարեն Շուշիում տեղակայ­ված հեռուստակենտրոնը լսված ու չլսված լուտանքներ էր թափում հայերի գլխին)։ Անհիմն կերպով ձերբակալվում և բանտերն էին նետվում շարժման բազմաթիվ ակտիվիստներ։

Հրապարակայնորեն քամահրանքի էին ենթարկվում հասարակության, միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների, ժողովրդական պատգամավորների բողոքները։ Հուսահատության հասած արցախահայությունը, օտարների հովանավորության պատրանքը թոթափելով, իր սեփական բախտը կռելու վճռականությամբ զենքի դիմեց։ Ինքնապաշտպանության մղումով ստեղծվեցին հայ աշխարհազորայինների առաջին խմբերն ու ջոկատնե­րը, որոնք Շահումյանում, Գետաշենում և Լեռնային Ղարաբաղում արժանի հակահարված տվեցին թշնամուն։

Մարզի հայ բնակչության համառ կամքից ու անհնազանդությու­նից գազազած ԽՍՀՄ ղեկավարների հետ միակամ Ադրբեջանի իշ­խանությունները ստոր դավեր նյութեցին և ոճիր գործեցին ինքնորոշման սահմանադրական ուղու վրա կանգնած արցախահայության նկատմամբ։

1991 թ. մայիս և հունիս ամիսներին ադրբեջանական հատուկ նշանակության (ՕՄՕՆ) զինված ջոկատները խորհրդային բանակի զորքերի հետ համատեղ իրականացրին «Օղակ» ռազմագործողությունը։ Մարտական ուղղաթիռների, հրասայլերի և զրահամեքե­նաների ուղեկցությամբ «անձնագրային ռեժիմի ստուգման» ու «հայ գրոհայիններին զինաթափելու» պատրվակով հարձակվեցին Գետաշենի ենթաշրջանի և Շահումյանի շրջանի գյուղերի վրա։ Հատկապես թեժ մարտեր բորբոքվեցին Խանլարի շրջանի Գետաշեն և Մարտունաշեն գյուղերի տարածքներում։ Սակայն ուժերը անհավասար էին...

Պատմական Արցախը հայաթափ անելու միջոցով նրա տարածքին վերջնականապես տեր դառնալու գործընթացը հաղթա­կան ավարտին հասցնելու հաջորդ քայլը Լեռնային Ղարաբաղի հայության բնաջնջումն էր։ 1991 թ. հունիսին հիմնահատակ կոր­ծանվեցին Մարտակերտի և Հադրութի շրջանի 20-ից ավելի հայկական գյուղեր, սպանվեցին ու վիրավորվեցին հարյուրավոր կանայք, երեխաներ, ծերունիներ։ Պատանդ տարվեց ավելի քան 700 մարդ, որոնց կտտանքների են ենթարկել Ադրբեջանի բանտերում։ Հազարավոր մարդիկ ստիպված լքեցին իրենց պապենական բնօրրանը։

Նույն թվականի սեպտեմբերի 2-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ժողովրդական պատգամավորների Լեռնային Ղարաբաղի մարզային և Շահումյանի շրջանային խորհուրդների համատեղ նստաշրջան, որտեղ ընդունվեց «Հռչակագիր Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակման մասին»։ Դրանով արցախահայությունը նորից հաս­տատեց ազատության համար մինչև վերջ պայքարելու իր վճռականությունը։ Իրողությունը սրերով ընդունեց Ադրբեջանի ղեկավարությունը։ Արդեն նշմարելի էր դառնում վերահաս լայնամասշտաբ պատերազմի ուրվականը։ 1991 թ. նոյեմբերից զինված ագրեսիա սկսվեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։ Առաջին անգամ հանրապետության խաղաղ բնակավայրերի վրա կիրառվեց միջազգային համաձայնագրերով արգելված մասսայական ոչնչացման զենք։

Առճակատման խորացմանը զուգընթաց քաղաքական արմատական փոփոխություններ կատարվեցին նաև ԽՍՀՄ-ում։ 1991 թ. դեկտեմբերի 8-ին Բելոռուսի մայրաքաղաք Մինսկի մոտակայքում գտնվող Բելովեժսկ բնակավայրում երեք սլավոնական խոշոր պետություններ՝ Ռուսաստանը, Ուկրաինան և Բելոռուսը ստորագրե­ցին համաձայնագիր, որով հայտարարեցին ԽՍՀՄ-ի՝ որպես միջազգային սուբյեկտի և աշխարհաքաղաքական իրողության գոյության դադարեցման մասին։ Այլևս գոյություն չունեցող երկրի նախագահ Միխայիլ Գորբաչովը ստիպված էր հրաժարական տալ։ Ի դեմս նրան Ադրբեջանը կորցրեց իր ամենահզոր հովանավորին։ Ադրբեջանը երես առ երես մնաց ազատության ուղին բռնած ու հետադարձի կամուրջները վառած Ղարաբաղի հայության հետ։ Իր ազատությունն ու իրավունքները զենքի ուժով պաշտպանելու ընդունակ արցախահայությանը հաջողվեց խուսափել սահմանադ­րական առճակատումից Ադրբեջանի հետ, նրա կազմից դուրս գալու և իր անկախության հաստատման ժամանակ ու հետևել ԽՍՀՄ Օրենսդրությանը և միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Արցախահայության պետականության վերականգնման ճանապարհին կարևոր քայլ էր հանդիսանում 1991թ. դեկտեմբերի 10-ին կազմակերպված հանրաքվեն։ Հարցման ենթարկվածների 99.89 տոկոսը արտահայտվեց ԼՂՀ հռչակման օգտին։

1991 թ. վերջերին անցկացրին ԼՂՀ Գերագույն Խորհրդի առաջին ընտրությունները։

1992թ. հունվարի 8-ին պատմական գիտությունների թեկնա­ծու, 33-ամյա Արթուր Մկրտչյանը ընտրվեց ԳԽ առաջին նախագահ։ Այնուհետև կազմավորվեցին գործադիր և դատական մարմինները։ Վարչապետ նշանակվեց Օլեգ Եսայանը (ներկայումս ԼՂՆ ԱԺ նախարար)։

Այդ օրերին զինված ընդհարումները առավել հաճախակի էին դառնում։ Նշմարելի էր մեծամասշտաբ պատերազմի ուրվականը։ 1991 թ. նոյեմբերին «Կոմանդոսի»՝ Արկադի Թադևոսյանի գլխավորությամբ առաջին անգամ ինքնապաշտպանական ջոկատները հարձակվեցին և Հադրութի շրջանի Տող գյուղը մաքրեցին ՕՄՕՆ-ականներից։ Գործողությունների նմանօրինակ արագաթափ զարգացումը հուշեց, որ նորընծա հանրապետությանը մոտալուտ արհավիրքներին դիմակայելու համար անհրաժեշտ էր առանձին-առանձին գործող ֆիդայական ջոկատներից ստեղծել մարտունակ բանակ։ Ու սկսվեց գրվել մարտական փայլուն կենսագրություն, որի առաջին էջը դարձավ Ստեփանակերտը շրջապատող կրակակետերի վերացման ռազմական գործողությունների հաջող իրականացումը։ Դաժան մարտերից հետո (1991թ. դեկտեմբերի 28-ից մինչև 1992թ. հունվարի 26-ը) ազատագրվեց Ստեփանակերտի արվարձան Կրկժանը։

Թիկունքն ապահովելու նպատակով խնդիր դրվեց առաջին հեր­թին երկրամասը մաքրել ավազակախմբերի հենակետեր դարձած ադրբեջանական բնակավայրերը։ 1992թ. փետրվարի 10-ից 11-ը թշնամուց ազատագրվեց Մալիբեկլուն։ Անհրաժեշտ էր վնասազեր­ծել Ստեփանակերտը Մարտունու շրջանի հետ կապող ճանապարհի վրա դարանակալած, ՕՄՕՆ-ականների որջի վերածված Ղարադաղլուն, որի ռազմագործողությունը սկսվեց փետրվարի 17-ին և փայլուն ավարտ ունեցավ փետրվարի 18-ին։ Մարտունիում տեղակայված ինքնապաշտպանական ջոկատների հիմնական ուժերը տեղափոխելով շրջանի արևելյան հատվածը՝ ոչնչացվեցին Ֆիզուլու շրջանի Վեյսալլու գյուղի կրակակետերը[2]։ Արցախի ինքնապաշտպանական ուժերը 1992թ. փետրվարի 26-27-ը ազատագրեցին Բաքվի կողմից քաղաքի կարգավիճակ շնորհված և արդեն ԼՂԻՄ-ի վարչական կենտրոն համարվող Խոջալու գյուղը։

1992թ. մայիսի 7–ի գիշերվա ժամը 3-ին սկսվեց Շուշիի ազատագրման ռազմագործողությունը։ Դրան նախորդել է Կրկժանի, Ղայբալլու-Ջանհասան-Քյոսալար, Լիսագոր-Զարուսլու ուղղու­թյուններով ԼՂ ինքնապաշտպանական ուժերի շտաբի մանրակրկիտ նախապատրաստական աշխատանքը։ Հայ ազատամար­տիկների անկոտրում կամքի շնորհիվ հաջողվեց 2 օրվա ընթացքում կոտրել հակառակորդի դիմադրությունը և ազատագրել ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Շուշի բերդ-քաղաքը։ Գերի հանձնված ռուս սպաները լավ են ասել, որ Շուշին կարող է հանձնել միայն թուրքը։ Շուշին իր պատմության մեջ մեր ժողովրդի համար երկու անգամ ճակատագրական դեր է խաղացել։ Երկու և կես հարյուրամյակ առաջ Մելիք-Շահնազարը, այն Փանահ խանին հանձնելով, Արցախի մարգարիտը վերածեց հայի դժոխքի, իսկ 1992թ. մայիսի 9-ը կդառնա համահայկական վերածննդի նախերգանքը։

Ադրբեջանցիները ընթացքից փորձեցին շտկել իրավիճակը։ Մայսի 10-ից նրանք մարտական գործողություններ են սկսում Ղարաբաղի հարավ-արևելյան սահմանի երկայնքով՝ Մարտակերտից մինչև Հադրութ։ Առանձնապես կատաղի մարտեր են տեղի ունենում Ասկերանի շրջանում։ Գործի դրվեցին մարտական ինքնաթիռներն ու ուղղաթիռները։ Առանձնապես հակառակորդը Ասկերանի ճակատից ջղաձիգ փորձեր էր կատարում օգնության հասնելու յուրայիններին։ Պատահական չէր, որ Շուշիի առումից երկու օր հետո էլ Ադրբեջանի մասսայական տեղեկատվության միջոցները իրենց ցեղակիցներին ստահոդ լուրերով էին կերակրում, որ իբր քաղաքը գտնվում է իրենց ձեռքին, մինչդեռ գերությունից ազատված Ղազանչեցոց եկեղեցում հայորդիները մոմեր վառելով աղոթում էին աստվածահաճ այդ հաղթանակի համար։

Պետք է նշել, որ ադրբեջանցիներին հաջողվեց մայիսի 10-ին գրավել Ասկերանի շրջանի Աղբուլաղ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Արամզամին և Միրզաբույն գյուղերը՝ թուրքավարի հրո ճարակ դարձնելով դրանք։ Սակայն դա մի պահ էր, հայկական ուժերը ուշ­քի գալով հետ շպրտեցին թշնամուն։

Դեռ ավելին, մայիսի 16-18-ը ԼՂ ինքնապաշտպանական զո­րամասերը ազատագրեցին Լիսագորն ու Բերդաձորը, Լաչինն ու նրա շրջակա գյուղերը։ Ավարտվեց արցախյան պատերազմի առաջին փուլը։ Նախկին ԼՂԻՄ-ի տարածքը մաքրվեց թշնամուց։ Կյանքի կոչվեց երկու հայկական հանրապետություններն իրար կապող ճանապարհը, որը ընդունված է կոչել նաև «հումանիտար միջանցք»։ Ոգևորված այս հաջողություններով, արցախյան բանակը, որի անձնակազմը բավականին հոսուն էր, ինքնահանգստացման խոր թմբիրի մեջ մտավ։ Մինչդեռ անարգ թշնամին նոր դավեր էր նյութում։ Կրկին կյանքի կոչվեց թուրքական գործելակերպը, այն է, ուրիշի ձեռքով կրակից շագանակ հանելը։

Օգտագործելով Գյանջա քաղաքում տեղակայված նախկին խորհրդային IV բանակի ուժերը՝ հունիսի 12-ին ազերի զորամիավորումները լայնածավալ հարձակման անցան ԼՂ հյուսիս-արևելյան, արևելյան և հարավ-արևելյան սահմանների ամբողջ երկարու­թյամբ՝ Հադրութից մինչև Շահումյան։ Թշնամուն հաջողվեց զավթել ամբողջ Շահումյանի շրջանը, Մարտակերտի շրջանի մեծ մասը, Ասկերանի շրջանի մի շարք գյուղեր։ Սկսեց հայոց նոր գողգոթան։ Փախստականների քարավանը, տեղի և անտեղի, վախի ու սարսափի հիստերիան փոխանցելով հարևան բնակավայրերին, բռնել էին Շահումյանից Ստեփանակերտ և այնտեղից էլ Երևան ձգող ճանապարհը։ Շշմեցուցիչ հարվածից ուշքի գալով՝ Արցախի ինքնապաշտպաններին հաջողվեց կարճ ժամանակահատվածում՝ հուլիսի 11-22-ը թշնամուց ետ խլել Կուսապատ, Սեհմանա, Ջանյաթաղ, Գյուլաթաղ, Մոխրաթաղ, Հաթերք, Զարդախաչ, Իմերեթ Քերեվենդ, Չափար գյուղերը։ Սակայն օգոստոսին վարձկան զորամիավորումների և զրահատեխնիկայի նոր համալրումներ ստանալով՝ հակառակորդին հաջողվեց նորից տիրանալ Մարտակերտի շրջանի նշ­ված գյուղերին։ Երկու կողմերից ճնշում էր գործադրվում Լաչինի միջանցքի վրա։ Այնքան դժվարությամբ ձեռք բերված կյանքի ճանապարհի գոյությունը վտանգի տակ դրվեց։ Այդ ամենին համընթաց Ադրբեջանի լրատվական աղբյուրները եթերը հեղեղել էին հակահայկական պրոպագանդայով ազերի ասկյարների «հերոսական սխրանքների» խրախճանքի պատումներով, երբեմն էլ ցանկալին հրամցվում էր իրականության տեղ։

Դեպքերից առաջ անցնելով՝ ասենք, որ սեպտեմբերի 23-ին Ադրբեջանի հեռուստատեսությամբ հաղորդվեց ի լուր բոլորի, որ իբր այդ օրը գրավվել է անառիկ ամրոց Մարտունի շրջկենտրոնը և Խոջավենդի բնակիչները նորից կարող են ետ վերադառնալ իրենց օջախները։ Դրությունը օրհասական էր։ Ստեղծված իրադրությունը պահանջում էր ուժերի առավելագույն լարում և ինքնապաշտպանության ջոկատների գերհամախմբվածություն։ 1992 թ. օգոստոսի 13-ին հանրապետությունում հայտարարվեց ռազմական դրություն և մասնակի զորահավաք։ Իսկ օգոստոսի 15-ին ստեղծվեց ԼՂՀ Պաշտպանության պետական կոմիտեն, որը գլխավորեց Ռ. Քոչարյանը։

Վերախմբավորելով իր ուժերը՝ ԼՂ ինքնապաշտպանության բանակը կարողացավ թշնամու բազմահազար հրոսակներին կանգնեցնել Կիչան գյուղի ռազմական բնագծում։ Հակառակորդի առաջ­խաղացումը կասեցվեց, որին հաջորդեց ղարաբաղյան զորամիավորումների կտրուկ հակահարձակումը։

Սեպտեմբերի սկզբներին ազատագրվեցին Խրամորթ, Դահրազ, Նախիջևանիկ, Աղբուլաղ, Արանզամին, Փիրջամալ գյուղերը։ Հոկ­տեմբերի 2-ին Մարտունու շրջանի ինքնապաշտպանական ջոկատները սրընթաց գրոհով թշնամուց մաքրեցին Մուղանլու, Կուրապատկինո և Ամիրանլար գյուղերը։ Նոյեմբերին արցախյան ազատամարտիկներն իրենց օգտին գրանցեցին նոր հաջողություններ։ Ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Կոճողոտ, Հարությունագոմեր, Չլդրան, Պողոսագոմեր գյուղերը, խփվեց թշնամու երեք ռազմական ինքնաթիռ։ Լաչինի միջանցքի հյուսիսային մասում ինքնապաշտպաներն ամրապնդեցին Հայի բազար, Լուլիդազ, Ղոզլու և Դարաջանլի գյուղերում։

1993 թ. փետրվար-մարտ ամիսներին մարտական գործողությունները նոր թափով վերսկսվեցին Մարտակերտի շրջանի տարածքների հետագա ազատագրման և Ադրբեջանի զինված ուժերի Լաչին-Քելբաջարյան խմբավորման ջախջախման ուղղությամբ։ 1993 թ. մարտի 27-ից մինչև ապրիլի 5-ը ղարաբաղյան ուժերի ճնշ­ման տակ հակառակորդը ստիպված թողեց Լաչինի և Քելբաջարի տարածքները։

Հայկական զորամասերի հանդուգն գործողությունները խու­ճապ են առաջացնում թշնամու ճամբարում։ Թուրքիայի վարչապետ Սուլեյման Դեմիրելը հանդես եկավ հայտարարությամբ, որ հայերի հետագա հարձակումները լցնում են Թուրքիայի համբերության բաժակը։ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը մերժեց Թուր­քիայի ներկայացուցչի առաջարկությունը՝ Քելբաջարյան ռազմագործողությունը որակելու որպես ագրեսիա։ Շուտով ռուսական կառավարության բռնած կոշտ դիրքը ամեն ինչ դրեց իր տեղը. քաշվեց Թուրքիայի սանձը։

Ադրբեջանը նորից ստիպված էր ուտել իր բրդածը։ Լարվածու­թյան ուժեղացում նկատվեց նաև հարավ-արևելյան ռազմաճակատում։ Հադրութի և Մարտունու պաշտպանական շրջանների զորամասերը դիմագրավելով հակառակորդի կողմից ձեռնարկված հար­ձակման բոլոր փորձերը, անցան հակահարձակման և վերացրին Ղաջար, Գովշաթլու, Դիվանլար բնակավայրերում տեղակայված կրակակետերը։

Հուլիսի 12-ին երկրորդ, երրորդ, հինգերրորդ պաշտպանական շրջանի ուժերի մի մասը և կենտրոնական ուղղության զորամասերը սկսեցին Մարտակերտ քաղաքի ու շրջանի ազատագարման խոշորամասշտաբ գործողությունը։ Համառ մարտերից հետո հայկական զորամասերը դուրս եկան Աղդամ-Մարտակերտ ճանապարհի բնագիծը։ Մարտական գործողություններ ծավալվեցին նաև Մարտու­նու, Կուբաթլուի և Ջեբրայիլի շրջաններում։ Այստեղ ձգվեցին հակառակորդի ուժերի զգալի մասը, դրանով իսկ բարենպաստ պայ­մաններ ստեղծվեցին գլխավոր խնդիրն ավարտելու՝ Մարտակերտի վրա վերահսկող հակառակողի ջախջախման, քաղաքին տիրելու և գլխավոր ուժերը Խրամորթ-Բոյահմեղլի-Փափռավենղ-Մարտակերտ-Մաղաղիս բնագիծը դուրս բերելու համար։

Ռազմաճակատում կրած անհաջողությունը ավելի սրեց Ադրբեջանի ներքաղաքական իրավիճակը։ Դեպքերի իրական զարգացու­մը ցույց էր տալիս, որ հեղաշրջումն այստեղ անխուսափելի է։ 1993 թ. աշնանը Ադրբեջանի նախագահ էլչիբեյին փոխարինելու եկավ Հեյդար Ալիևը։

Թիթեռնիկի կյանքով Ադրբեջանի մյուս նախագահների նման Ալիևը նույնպես փորձեց ուժի դիրքից «դաս տալ» հայերին։ Մանրակրկիտ ձևով նախապատրաստվեց վճռական գրոհի։ Ռուսաստանից, Ուկրաինայից, Հյուսիսային Կովկասից, Միջին Ասիայից, Աֆղանստանի մոջահեղներից վարձկաններ հավաքագրելով՝ 1993թ դեկտեմբերի 18-ին ռազմաճակատի բոլոր հատվածներում՝ Օմարի լեռնանցքից մինչև Արցախի ափերը, վերսկսվեցին մարտական գործողությունները։ Առաջին օրերին ազերիները որոշակի հաջողություններ ունեցան Քելբաջարի կողմերում՝ հասնելով մինչև Թարթառի հո­վիտը, իսկ հարավում՝ ձեռք գցելով Հորադիզը։ Թշնամին ձգտում էր Արցախը կտրել կենսաապահովման համար կարևոր նշանակություն ունեցող իր երկրորդ միջանցքից։ Սակայն արցախցու հավատն ու վճռականությունը հաղթանակի հանդեպ մնաց անկոտրում։

1994 թ. փետրվարի երկրորդ կեսին սկսվեց հակառակորդի քելբաջարյան խմբավորման ոչնչացման ռազմագործողությունը։ Հաղ­թահարելով ձյունածածկ լեռնալանջերն ու կիրճերը՝ Արցախի ինքնապաշտպանական ուժերը փետրվարի 18-ին թշնամուց մաքրեցին Օմարի լեռնանցքը։ Շուրջ երկամսյա թեժ մարտերի ընթացքում թշ­նամին կորցրեց 5000-ից ավելի զինվոր ու սպա, 72 միավոր տեխնի­կա։ Միաժամանակ, բանակում տիրող իրական պատկերը ջախջախիչ ազդեցություն ունեցավ նաև ադրբեջանական բանակի ոգու վրա։

Ապրիլի 24-ին՝ Հայոց Մեծ Եղեռնի օրը, ազատագրվեցին Մարտակերտի շրջանի Վաղուհաս, Դաստակերտ, Վերին Չայլու, Թալիշ, Յարմջան և Սեյսուլան գյուղերը։ Զարգացնելով մարտական գործողությունները՝ մի քանի օրում ղարաբաղյան ուժերը ոչնչացրին հակառակորդի կրակակետերը Աղդամի շրջանի Ումուդլու, Շուրաբաղ, Քեշիշբեյլի և այլ բնակավայրերում։ Մարտակերում անհաջողության մատնված գազազած թշնամին մարտ–ապրիլ ամիս­ներին խաղաղ բնակչությանը ահաբեկելու նպատակով գրոհային ինքնաթիռներով սկսեց ռմբակոծել հայկական բնակավայրերը։

Ազերիների ձմեռային արշավանքը ձախողվեց, որն էլ ստիպեց հարևան հանրապետության ղեկավարներին նստելու բանակցու­թյունների սեղանի շուրջը։ Ռուսաստանի դաշնության պաշտպա­նության նախարար Պավել Գրաչովի միջնորդությամբ 1994 թ. մայիսին Մոսկվայում Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովի, ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի և ԼՂՀ ՊԲ հրամանատար Սամվել Բաբայանի միջև բանակցությունները ավարտվեցին մայիսի 14-ից զինադադարի հաստատումով։

Բանակցությունների հենց սկզբից ադրբեջանական կողմը առաջ քաշեց իրեն ձեռնտու մի շարք նախապայմաններ։ Սակայն հանդիպելով հակառակ կողմի միանշանակ դիրքորոշմանը՝ այդպես էլ չհասավ իր նպատակին ու առանց համաձայնագիրը ստորագրելու, Մոսկվայից մեկնեց Բաքու։ Սակայն հետագայում, հուլիսի 27-ին Մամեդովը ստիպված իր ստորագրությունը դրեց հրադադարի համաձայնագրի տակ։

Ղարաբաղյան հակամարտությունը թևակոխեց իր հերթական բանակցային գործընթացի փուլը։ Արցախահայությունը, իր կամքի, համառության ու համախմբվածության շնորհիվ լուծելով իր հիմնահարցը, ձեռնամուխ է լինում իր նորօրյա պետականության կերտման գործին։ Դրա առհավատչյան է հանդիսանում նաև 2002 թվականի օգոստոսի 11-ի նախագահական ընտրությունները։ ԼՂՀ նախազահ վերընտրվեց Ա.Ա.Ղուկասյանը։

  1. Ընդհանուր առմամբ Ադրբեջանում հայ բնակչության ցեղասպանությունն ու զանգվածային բռնագաղթը երկու տարվա ընթացքում հաջորդաբար բռնկվեց չորս փուլերով։ Երկրորդ փուլը սկսվեց 1988թ. նոյեմբեր-դեկտեմբերին, երբ ցեղասպանության ալիքը ոլորապտույտի մեջ ներքաշեց Ադրբեջանի գրեթե ամբողջ հայ բնակչությանը։ 1989թ. հուլիս-օգոստոսյան օրերից սկսած սկիզբ առավ երրորդ մեծ բռնագաղթը։ 1990թ. հունվարին Բաքվում ժողովրդական ճակատը Ադրբեջանի կառավարող իշխանությունների հետ մեկ բռունցք կազմած, ձեռնարկեց մի նոր ցեղասպանություն որը դարձավ Ադրբեջանից հայերի արտաքսման չորրորդ և վճռական փուլը։
  2. Ճարտարի և Մարտունու միջև սեպի պես խրված Վեյսալու գյուղը գտնվում էր Մարտունու վարչատարածքային կազմում, 1930-ական թվականներին, իրենց հեռագնա նպատակներից ելնելով, Ադրբեջանի ղեկավարությունը այն տեղափոխել է Ֆիզուլու շրջանի ենթակայության տակ։