Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/Մշակութային կյանքը 1920-2002 թթ
Լեռնային Ղարաբաղում խորհրդային կարգեր հաստատվելուց հետո հասարակական, քաղաքական կյանքին համարժեք ստեղծվեց կրթական և մշակութային նոր համակարգ։ Ժողովրդական կրթության ընդհանուր ղեկավարությունը դրվում է լուսավորության պետական հանձնաժողովի վրա, իսկ տեղերում՝ հեղկոմներին կից, ստեղծվեցին լուսավորության բաժիններ, որոնք հետագայում դարձան բանվորների և գյուղացիների դեպուտատների գավառային ու շրջանային խորհուրդների գործադիր կոմիտեների ժողովրդական կրթության բաժիններ։
1923թ. հոկտեմբերի 5-ին ստեղծվեց ԼՂԻՄ լուսավորության ժողովրդական կոմիսարիատը, որը 1929թ. մարտին վերանվանվեց մարզային խորհրդի ժողովրդական կրթության բաժին։ ԼՂԻՄ առաջին լուսժողկոմիսար է նշանակվում Արշավիր Քամալյանը։
Վերացվեց դպրոցների բազմատիպությունը։ Եկեղեցու իրավասության տակ գտնվող բոլոր ուսումնական հաստատությունները տրվեցին լուսժոկոմատի իրավասությանը։ Արգելվում էր դպրոցներում կրոնի դասավանդումը։ Ժողովրդական կրթության վերականգնումը տեղի էր ունենում չափազանց ծանր պայմաններում։ Ազգամիջյան ընդհարումների ժամանակ ավերվել էին դպրոցական շենքերից շատերը, եղածներն էլ ապահովված չէին նյութական միջոցներով, չկային ուսուցչական համապատասխան կադրեր։
1924թ. տվյալներով 6100 աշակերտի համար եղած 1500 նստարանների մեծամասնությունը անպիտան էր, 102 դպրոցներից 33-ն էր տեղավորված սեփական կամ ազգայնացված շենքերում, իսկ այդ շենքերից միայն 23-ն էր գտնվում բարվոք վիճակում։ Դպրոցներում ընդգրկված էր 8-15 տարեկան երեխաների հազիվ 30 տոկոսը։
Չնայած ծանր պայմաններին՝ կրթության և գիտության հարգն ու արժեքը իմացող արցախցին իր սուղ միջոցներից բաժին էր հանում երկրամասում դպրոցական կյանքի կարգավորմանն ու աշխուժացմանը։ Մարզային լուսբաժնի վարիչ Ա․Քամալյանի 1923թ. նոյեմբերի զեկուցագրում կարդում ենք. «Դպրոցների վերանորոգությունները անհնար կլիներ բաժնիս հատկացրած նյութական միջոցներով կատարել, եթե օգնության չգային մեզ իրենք՝ գյուղացիները։ Այսպես օրինակ, այդ գործում մեզ շատ ու շատ նպաստել են Վարանդայի, Խաչենի, Դիզակի շրջանները, որտեղ համարյա թե գյուղացիների ջանքերով կանոնավորվեցին դպրոցական շենքերը, այդ վերանորոգումները արվում են գյուղացիների միջոցով, նաև միտինգների և ժողովների շնորհիվ դպրոցական գործը դարձել է ժողովրդական»։
1927թ. մինչև 1930թ. գյուղացիների միջոցներով մարզում կառուցվել են 30 նոր դպրոցներ։
1920-ական թվականներին Լեռնային Ղարաբաղում գործում էին աշխատանքային միասնական դպրոցի երկու տիպ։ Ա աստիճանի աշխատանքային դպրոց՝ 5-ամյա դասընթացով, և Բ աստիճանի աշխատանքային դպրոց՝ 4-ա մյա դասընթացով։
ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության զարգացման գործում կարևոր նշանակություն ունեցավ անցումը ընդհանուր պարտադիր տարրական ուսուցմանը։ 1930-31 ուսումնական տարվանից մարզի բոլոր բնակավայրերում մտցվում է ընդհանուր պարտադիր տարրական ուսուցում՝ 8-11 տարեկան բոլոր երեխաների համար։ Արդյունքում՝ 1932/33 ուսումնական տարում մարզի առաջին աստիճանի դպրոցներում ընդգրկվեց 30567 երեխա։
Հայրենական մեծ պատերազմից առաջ ավարտվեց անցումը նաև ընդհանուր և պարտադիր յոթնամյա կրթության։ Դպրոցական նոր համակարգը պահանջում էր ունենալ գրագետ ուսուցչական կադրեր։ Այդ նպատակով 1921-22 ուսումնական տարում Շուշիում բացվում է մանկավարժական ուսումնարան երկու բաժիններով՝ հայկական և ադրբեջանական։
1923թ. մանկավարժական տեխնիկում բացվեց Հադրութում, իսկ մանկավարժական բանֆակ՝ Շուշիում։ 1926թ. ԼՂԻՄ լուսժողկոմատի հրավերով Երևանից, Գյումրիից, Բաքվից, Թիֆլիսից մի քանի տասնյակ նորավարտ ուսուցիչներ աշխատանքի անցան մարզի դպրոցներում։ Միաժամանակ ամեն տարի Ստեփանակերտում կազմակերպվում էին մանկավարժական դասընթացներ։
Դժբախտաբար խորհրդային իշխանությունը ոչ բոլոր ուսուցիչների նկատմամբ ցուցաբերեց հանդուրժողական վերաբերմունք։ Այս բնագավառում նույնպես առաջնորդվում էին դասակարգային մոտեցմամբ։ Համալսարանական կրթությամբ, ունևոր ընտանիքներից սերված անձնավորություններին և ուսյալ հոգևորականությանը արգելում էին աշխատել դպրոցներում։ 1924թ. օգոստոսի 10-ին մարզգործկոմի և մարզկոմի համատեղ նիստում, անդրադառնալով այդ հարցին, մարզի ղեկավարությունը անհրաժեշտ գտավ ուսուցչության շրջանում կատարել զտում։ Լուսժողկոմատի որոշմամբ վերանայվեց մարզի ուսուցչական կադրերի կազմը, և ազատվեցին 20-ից ավելի «անկայուն ուսուցիչներից»։
Նմանօրինակ ծայրահեղ խոտորումները հետագա տարիներին աստիճանաբար հաղթահարվեցին և այդ բնագավառը մտավ բնականոն հունի մեջ։
Մշակութային կյանքում խորհրդային իշխանության ամենամեծ նվաճումներից մեկը համարվում է բնակչության զանգվածային անգրագիտության վերացումը։ Կառավարությունը սահմանել էր յուրաքանչյուր մարզի, երկրամասի և հանրապետության համար անգրագիտությունը վերացնելու ժամկետներ։ Այդ աշխատանքների ղեկավարումը դրվեց անգրագիտության վերացման համար հատուկ ստեղծված արտակարգ հանձնաժողովի վրա։
Խրճիթ-ընթերցարաններին, ակումբներին, գյուղխորհուրդներին, ուսումնական հաստատություններին կից ստեղծվում են անգրագիտության վերացման կայաններ։ Մինչև 1930 թվականը մարզում գործող 450 լիկկայաններում սովորել է 30000-ից ավելի մարդ։
Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին մարզի բնակչության մեծամասնությունը գրագետ էր։ Այս գործում մեծ էր մարզի ուսուցիչների դերը։
1950-80-ական թվականներին որոշակի միջոցառումներ ձեռնարկվեցին ԼՂԻՄ-ում ժողովրդական կրթության համակարգի կատարելագործման բնագավառում։ Այդ ասպարեզում գլխավոր նվաճումներ էին ոչ լրիվ միջնակարգ կրթության փուլի ավարտումը և աստիճանաբար պարտադիր միջնակարգ կրթության անցները։
1923թ. մարզում գործում էր 104 դպրոց, 1940թ՝. 213, իսկ 1982թ՝. 183 դպրոց։ Թվերը վկայում են, որ վերջին տասնամյակներին դպրոցների թիվը պակասում էր։
20-ական թվականներին ստեղծվեցին նոր տիպի դպրոցներ՝ բանֆակներ, որոնք զգալի դեր կատարեցին արտադրության մեջ աշխատող բանվորներին միջնակարգ կրթություն տալու, ինչպես և բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվելու գործում։
Նշված ժամանակահատվածում մարզի մի շարք խոշոր գյուղերում բացվում են գյուղերիտ դպրոցներ, որոնք ընդհանուր գիտելիքներ տալուց բացի սովորողներին ծանոթացնում էին գյուղատնտեսության հիմունքներին։
Բացի հանրակրթական դպրոցներից մարզում գործում էին նաև ուսումնարաններ ու տեխնիկումներ։ 1920-ական թվականներին ԼՂԻՄ-ում ստեղծեցին առաջին միջնակարգ տեխնիկական հաստատությունները՝ ինդուստրիալ, գյուղատնտեսական, մանկավարժական, կերպարվեստի տեխնիկումներ։ 1930-ական թվականներին մարզում կար 6 տեխնիկում, մոտ 2000 սովորողներով։
Դրանց մի մասը 30-ական թվականներին դադարեցրին իրենց գործունեությունը։ 1980- ական թվականներին ԼՂԻՄ-ում գործում էին 5 արհեստակցական-տեխնիկական ուսումնարան, 2 երաժշտական ուսումնարան, 1 բժշկական և 1 կուլտուր-լուսավորական ուսումնարան, 2 գյուղատնտեսական տեխնիկում։
Ուսումնական այդ հաստատությունները ժողովրդական տնտեսությանը տվեցին միջին որակավորման հարյուրավոր մասնագետներ։
Շատ կարճ ժամանակում մեծ առաջընթաց ունեցավ հատկապես Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը։ 1923 թվականից մինչև 1993թ. տեխնիկումը թողարկել է 6821 շրջանավարտ։ Նրանցից ոմանք դարձան անվանի գիտնականներ, այդ թվում ակադեմիկոս Արտաշես Առաքելյանը, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսորներ Գուրգեն Քամալյանը, Գուրգեն Շաքարյանը, Միքայել Առաքելյանը, Երեմ Սաֆարյանը, Վերդի Հակոբյանը, Գեորգի Հակոբյանը, տնտեսագիտության դոկտոր Հրաչիկ Փարամազյանը, կենսաբանական գիտությունների դոկտոր Սուրեն Բարխուդարյանը և ուրիշներ։
Ուսուցչական կադրերի կատարելագործման ու մարզի ուսուցիչներին մեթոդական օգնություն ցույց տալու համար 1963թ. Ստեփանակերտում բացվել էր ուսուցիչների կատարելագործման մարզային ինստիտուտը, որն ուներ 17 կաբինետ։ Ամեն տարի կատարելագործման ինստիտուտի դասընթացներով անցնում էին 200-ից ավելի ուսուցիչներ։ Այս գործում կարևոր դեր կատարեց նաև Ստեփանակերտի երկամյա մանկավարժական ինստիտուտը։
ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների մասնագետների պատրաստման գործում մի նոր էջ գրեց Արցախի պետական համալսարանը։
1969թ. Ադրբեջանի կառավարության որոշմամբ փակվեց Բաքվի Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի հայկական բաժինը և տեղափոխվեց Ստեփանակերտ, սակայն, արդեն երեք բաժիններով՝ հայկական, ադրբեջանական, ռուսական։ Փաստորեն, դա նշանակում էր հայաշունչ Բաքվից օտարել հայոց լեզուն, իսկ Ղարաբաղում նախադեպ ստեղծել ադրբեջաներենի մասսայականացման և ազերի մտավորականության արմատավորման համար։ Նման ձևով հիմնվեց Ադրբեջանի Վ.Լենինի անվան պետական մանկավարժական ինստիտուտի Ստեփանակերտի բաժանմունքը։ Դրա հիման վրա 1974թ. ստեղծվեց Ստեփանակերտի մանկավարժական ինստիտուտը։ Արցախյան շարժման տարիներին՝ 1989թ. այն դարձավ Կիրովականի պետական մանկավարժական ինստիտուտի բաժանմունք։ Ղարաբաղյան պատերազմի թեժ պահին՝ 1992թ., արցախահայությունը, հավատարիմ իր լավագույն ավանդույթներին, վերոհիշյալ բուհի և Հայաստանի ճարտարագիտական համալսարանի Ստեփանակերտի մասնաճյուղի հիմքերի վրա հիմնադրեց Լեռնային Ղարաբաղի պետական համալսարանը։ 1995թ. բուհը վերանվանվեց Արցախի պետական համալսարանի։ ԽՍՀՄ փլուզումից և ԼՂՀ հռչակումից հետո սկսվեց դպրոցական կրթության կատարելագործման ուղիների որոնում։ Մշակվում են ազգային դպրոցի ստեղծման սկզբունքները, կազմվում ուսումնական նոր ծրագրեր և դասագրքեր։ ԼՂՀ ԱԺ ընդունած օրենքով հայ երեխաները պիտի սովորեն հայկական դպրոցներում, միաժամանակ կրճատվեց ռուսական դպրոցների թիվը։ 2000-2001 ուսումնական տարում ԼՂՀ–ում գործել են 216 դպրոցներ։
Սակայն ներկայումս տնտեսության մեջ տիրող ճգնաժամային իրավիճակը արգելակում է կրթական կյանքի զարգացմանը։ Դպրոցահասակ երեխաների կրթության ու դաստիարակության բնագավառում ձեռք բերված հաջողություններին զուգահեռ որոշակի աշխատանքներ կատարվեցին նաև նախադպրոցական հիմնարկների կազմակերպման ու սպասարկման ուղղությամբ։ 1988թ. մարզում գործում էր 98 մանկապարտեզ։
Խորհրդային իշխանության տարիներին ԼՂԻՄ միջնակարգ դպրոցները ավարտած հարյուրավոր շրջանավարտներ, բարձրագույն կրթություն ստանալով միութենական հանրապետությունների քաղաքներում, դարձան ժողովրդական տնտեսության տարբեր բնագավառների որակյալ մասնագետներ։ Նրանց մի մասը դարձան աշխարհահռչակ գիտնականներ։
Արցախ աշխարհը հանդիսանում է հայ գիտության ու լուսավորության այն շտեմարանը, որ տվել է գիտնականների փայլուն համաստեղություն՝ Լեո, Աշոտ Հովհաննիսյան, Առաքել Առաքելյան, Արսեն Տերտերյան, Անդրանիկ Ճաղարյան, Անդրանիկ Իոսիֆյան, Ռաֆայել Մայիլյան, Արմեն Թախտաջյան, Արտյոմ Սարգսյան, Սամվել Գրիգորյան, Բագրատ Ուլուբաբյան, Իվան Կնունյանց, Նիկոլայ Ենիկոլոպով։ Այս շարքը կարելի է շարունակել։ Միայն 80-ական թվականներին գործում էին ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի և միութենական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների 23 իսկական անդամներ, գիտությունների ավելի քան 115 դոկտոր։
Քննարկվող ժամանակահատվածում ուշադրություն էր դարձվում գեղարվեստական խոսքի զարգացմանը։ 1928թ. մարտին կազմակերպվեց Լեռնային Ղարաբաղի գրողների ասոցիացիան, որը Հայրենական Մեծ պատերազմից հետո վերանվանվեց գրողների մարզային բաժանմունքի։
Երեսունական թվականներին տպագրվել են Հակոբ Աթալյանի, Աշոտ Ուլուբաբյանի, Իսրայել Պետրոսյանի, Գր. Մովսիսյանի, Արմո Խաչումյանի և ուրիշների ստեղծագործությունները։
1960-ական թվականներից առ այսօր իրենց ստեղծագործություններով աչքի ընկան բանաստեղծներ Ս.Խանյանը, Վ. Հակոբյանը, Գ. Գաբրիելյանը, Հր. Բեգլարյանը, Ա. Հովհաննիսյանը, Ռ.Եսայանը, արձակագիրներ Վ. Օվյանը, Ի. Ալավերդյանը, Մ. Հովհաննիսյանը, Կ. Դանիելյանը։
Կոմունիստական գաղափարախոսության հեղձուցիչ մթնոլորտը զրկեց գրողներին ազատ ստեղծագործելու հնարավորությունից։ Պրոլետարական ինտերնացիոնալիզմի, սոցիալիստական ապրելակերպի պարտադիր գովերգումն ու կոմունիզմ կառուցողի գաղափարաբարոյական կերպարի կերտումը խանգարում էր գրողներին լիարժեք ներկայացնելու իրողությունը, բացահայտելու հասարակության մեջ գոյություն ունեցող հոռի բարքերն ու սովորությունները։
Գեղարվեստական խոսքի զարգացման և հասարակական կյանքի աշխուժացման համար կարևոր նշանակություն ուներ հրատարակչական գործի կազմակերպումը։ 1925թ. Ստեփանակերտում ստեղծվեց տպարան։ Հետագա տարիներին մարզի շրջկենտրոններում հիմնվեցին նոր տպարաններ։
Խորհրդային իշխանության առաջին իսկ օրերին Լեռնային Ղարաբաղում փակվեցին տարբեր կուսակցությունների, կազմա կերպությունների և հոսանքների թերթերը, ազգայնացվեցին մասնավոր տպարանները։
Փաստորեն, վերացվեց բացախոսությունը և նոր հրատարակվող թերթերում տիրում էր համատարած միակարծությունը։
1920/21 թվականներին Շուշիում լույս տեսավ «Կավկազսկայա կոմունա» թերթիկը։ 1920 թվականի հոկտեմբերի սկզբից մինչև դեկտեմբերի կեսերը լույս տեսավ Ղարաբաղի արտակարգ կոմիսարիատի «Ղարաբաղի չքավորություն» պաշտոնաթերթը՝ ադրբեջաներեն լեզվով։ 1923թ. ապրիլի 4-ից Շուշիում սկսեց հրատարակվել Շուշիի գավկուսկոմի և գավգործկոմի պաշտոնաթերթ «Ղարաբաղի գեղջուկ»-ը։ Նույն թվականի ամռանը ինքնավար մարզի ստեղծումից հետո այն վերանվանվեց «Խորհրդային Ղարաբաղ» և դարձավ կուսակցության Լեռնային Ղարաբաղի մարզկոմի և մարզխորհրդի գործկոմի պաշտոնաթերթը։ 1980-ական թվականներին վերոհիշյալ թերթը հրատարակվում էր նաև ռուսերեն լեզվով։ «Խորհրդային Ղարաբաղ» թերթին կից լույս տեսան «Երիտասարդ լենինյան», «Կուլտարշավ», «Ղարաբաղի բատրակ» թերթիկներն ու հավելվածները և կարճատև «Կայծ» գեղարվեստական հանդեսը։
30-ական թվականներից մինչև 80-ականի վերջերը հանդես եկան շրջանային՝ Շուշիի «Շուշա», Ասկերանի «Կարմիր դրոշ», Մարտակերտի «Բարեկամություն», Մարտունու «Աշխատանք», Հադրութի «Կոլտնտեսական» թերթերը։ Նշված ժամանակահատվածում հրատարակվում էր Ղարմետաքսկոմբինատի «Մետաքսագործ» բազմատիրաժ թերթը։
Արցախյան շարժման և ԼՂՀ կազմավորմանը զուգընթաց հրատարակչական գործը նոր թափ ստացավ։ Ստեփանակերտում գործող «Պոլիգրաֆ» ՊՓԲԸ-ի կողքին հանդես եկան «Մաշտոց», «Սոնա», «Ասպար» հրատարակչությունները։
«Խորհրդային Ղարաբաղ» թերթը վերանվանվեց «Արցախ», «ԼՂ հանրապետություն», այնուհետև «Ազատ Արցախ»։ Հանրապետության շրջաններում և քաղաքներում սկսեցին լույս տեսնել «Ստեփանակերտ», «Շուշի», «Դիզակ», «Ամարաս», «Բերդ», «Ջրաբերդ», «Մռովի ղողանջներ» թերթերը։
Արցախյան շարժման սկզբնափուլում հայրենասիրական գաղափարներ տարածելու նպատակով ՀՅԴ-ն հրատարակեց «Պայքար», իսկ հետագայում՝ «Քիրս» և «Ապառաժ» թերթերը։ Շուտով լույս տեսան նաև «Եղեցի լույս», «Տասերորդ նահանգ», «Լուսավորիչ», «Մարտիկ», «ԱրՊՀ» պարբերականները։ Թերթերից բացի հրատարակվում են «Արցախ», «Պըլըպուղի», «Գիտությունը և կրթությունը ԼՂՀ-ում», «ԱրՊՀ գիտական տեղեկագիր» հանդեսները։
Հրատարակչական գործի հետ էր կապված գրադարանների ցանցի ընդլայնումը և գրքային ֆոնդի աճը։ 1924 թվականին ԼՂԻՄ կառավարության որոշմամբ բացվում է Մաքսիմ Գորկու անվան մարզային գրադարանը(այժմ Մեսրոպ Մաշտոցի անվան հանրապետական գրադարան)։ Հիմնադրման առաջին տարում գրադարանի ֆոնդերում կար 2097 կտոր գիրք։ 2001թվականի տվյալներով գրադարանում կենտրոնացված է 170390 անուն գիրք։
Գյուղական վայրերում հիմնվում էին խրճիթ-ընթերցարաններ։ 1983թվականին ԼՂԻՄ-ում կային 220 մասսայական գրադարաններ, որոնց գրքային ֆոնդը կազմել է ավելի քան մեկուկես միլիոն հատոր։
Դրանց մի մասը ավերվեցին պատերազմի տարիներին։ Ներկայումս գյուղական վայրերում գործում են շրջանային 6 մշակույթի տներ, 127ակումբներ, 136 գրադարաններ, 6 երաժշտական և մեկ արվեստի դպրոցներ։
Ակումբներին կից կան ինքնագործ խմբեր, կինոկայանքներ։ 1924 թվականից Ստեփանակերտում կազմակերպվեց առաջին կինոցուցադրումը։ Կինոն աստիճանաբար մուտք գործեց մարզի գյուղերը։ 1983 թվականին մարզում կար 195 կինոկայանք։ Մարզում ձայնասփյուռը առաջին անգամ մուտք գործեց 1927 թվականին, իսկ տեղական առաջին հեռուստահաղորդումները եթեր արձակվեցին 1988 թվականին։
Արցախի պետական պատմաերկրագիտական թանգարանը երկրամասի գիտական, մշակութային, ազգագրական կարևոր օջախներից է։ Այն հիմնադրվել է 1938 թվականին։ Թանգարանի ցուցասրահներում և ֆոնդերում պահվում են հայ ժողովրդի և նրա արցախյան հատվածի նյութական ու հոգևոր մշակույթի թվով 35 հազար պատմական արժեքներ՝ սկսած վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը։ 1997թ. թանգարանի որոշ ցուցանմուշներ, հատկապես բարձրարժեք ձեռագործ գորգերը, ցուցադրվել են Փարիզում, Մարսելում, Լիոնում։
Թանգարանն իր մասնաճյուղերն ունի Շուշիում, Մարտունում, Բերդաշենում, Հադրութում, Ասկերանում, Մարտակերտում և Բեր ձորում, որտեղ գործում է նաև լավ կահավորված պատկերասրահ։ Իրենցից հետաքրքրություն են ներկայացնում Մեծ Թաղլարի օդային ուժերի մարշալ Արմենակ Խամփերյանցի (Սերգեյ Խուդյակով) և Կոլխոզաշենի հրետանու գեներալ-գնդապետ Միքայել Պարսեղովի տուն-թանգարանները։ Հայ թատրոնի երկուհազարամյա պատմության մեջ իր պատվավոր տեղն ունի Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը։ Այն ստեղծվել է 1932 թվականին, որի հիմնադիրն էր հայ բեմի երախտավոր Կարո Ալվարյանը։ Սկզբում թատրոնը կրում էր Մ.Գորկու անունը։ Իրենց անզուգական խաղով հանդիսատեսի սրտում անջնջելի հետք են թողել հայ բեմի մեծանուն երախտավորներ Սիրանույշը, Հովհ. Աբելյանը, Ժասմենը, Վահրամ Փափազյանը, Մ.Կորգանյանը, Ս.Համզոյանը։ Այսօր էլ մեծ նվիրումով շարունակում են ստեղծագործել ժողովրդական դերասաններ Գուրգեն Հարությունյանը, Միքայել Հարությունյանը, Բենիկ Օվչյանը, Մարգո Բալասանյանը, Ժաննա Գալստյանը, Քաջիկ Հարությունյանը։
Հայ մշակույթի ասպարեզում նշանակալից երևույթ էր նաև 1958թ. Լեռնային Ղարաբաղի երգի-պարի պետական համույթի կազմակերպումը, որի հիմնադիրն էր Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ, կոմպոզիտոր Տելեմաք Տեր-Ավետիսյանը։ Համույթի կայացման գործում մեծ ներդրում ունեցան վաստակավոր դերասաններ Յուրի Դավիդովը, Աշոտ Բաբայանը, Ռոբերտ Գրիգորյանը, Նաիրուհի Ալավերդյանը։
Արցախի ազգային-ազատագրական պայքարի ամենածանր ժամանակաշրջանում՝ 1992թ. դեկտեմբերին, կազմավորվում է «Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը։
Մեծ հաջողությամբ գործում են «Ղարաբաղ» պետական էստրադային համույթը (1997թ.), «Վարարակն» կամերային (1990թ.) և Շուշիի «Վարանդա» մանկական երգչախմբերը, Մարտունու մշակույթի շրջանային տան «Քնար» համույթը։
Արցախահայ արվեստի վարպետները բազմաթիվ անգամ ելույթներով հանդես են եկել նախկին ԽՍՀՄ-ի մի շարք հանրապետություններում, արտասահմանյան երկրներում, հատկապես Հոլանդիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ-ում, Հունաստանում։
1988թ. Լեռնային Ղարաբաղում ստեղծվել է նկարիչների միություն, որտեղ ընդգծված են 12 նկարիչներ։
Արցախահայ նկարիչների լավագույն գործերը բազմիցս ցուցադրել են ԼՂ Հանրապետությունում և արտերկրներում։ Լեռնային Ղարաբաղում զարգացում է ապրում նաև ճարտարապետությունը և քանդակագործությունը։
Արցախի ճարտարապետական գոհարներից են Հայրենական Մեծ պատերազմում զոհվածների հիշատակին կանգնեցված համալիրը, Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության, Մարտունու, Ճարտարի, Բերդաշենի տուֆակերտ մշակույթի պալատները։ Ճարտարապետության և քանդակագործության զարգացման լուռ վկաներն են Ստեփանակերտի Ազատության հրապարակը, կենտրոնական մարզադաշտը, հուշաղբյուրները, զբոսայգիներում և փողոցներում տեղակայված հուշարձանները։ Ստեփանակերտին մի առանձնակի հմայք է հաղորդում հայտնի քանդակագործ Ս. Բաղդասարյանի «Մենք ենք, մեր սարերը» կոթողը, որը դարձել է Արցախ աշխարհի խորհրդանիշը։ Խորհրդային իշխանության տարիներին արցախահայության մշակութային ձեռքբերումները ավելի ծանրակշիռ կլինեին, եթե չլինեին Ադրբեջանի իշխանությունների ստեղծած մշտական արգելքներն ու հետապնդումները։
Լեռնային Ղարաբաղը լիովին կլանելու նպատակով Ադրբեջանի իշխանությունները փորձում էին արցախահայությանը կտրել իր հոգևոր-մշակութային արմատներից։ Ադրբեջանի «գիտնականների» կողմից գործի դրվեց աղվանական «տեսությունը», ըստ որի՝ Արցախի ու շրջակա հայկական գավառների բնակիչներն Հայաստանի կողմից բռնությամբ հայացված աղվաններ են, որոնք է իրենց հերթին ներկայիս ադրբեջանական ժողովրդի անմիջական նախնիներն են հանդիսանում։ Փաստորեն, բազում դարերի ընթացքում արցախահյության կողմից ստեղծած մշակութային արժեքները փորձ են կատարում դարձնել աղվանական-ադրբեջանական։
1988թ. ապրիլի 27-ին Ադր.ԽՍՀ նախարարների խորհուրդն իր հ. 145 որոշմամբ աղվանական-ադրբեջանական էր հայտարարում Արցախի, Նախիջևանի, Ուտիքի և այլ տարածքներում գտնվող բոլոր ու ամեն տեսակ հուշարձանները՝ իսպառ մերժելով նրանցից որևէ մեկի այս կամ այն առնչությունը հայ ժողովրդի հետ։ Եվ այդ քաղաքականության շնորհիվ «Ներկայիս սերունդն արդեն հաստատապես համոզված է և այդպես էլ համարում է, որ Ղարաբաղը՝ Ադրբեջանի անբաժանելի մասն է, որ խաչքարը խաչդաշ է, հայերը եկվորներ են, անկոչ հյուրեր»։
Չնայած ադրբեջանցիները հայ մարդու ստեղծած մշակութային արժեքները իրենցն էին համարում, բայց և այնպես, նրանց մեջ վտանգ տեսնելով, մեթոդիկ ձևով ոչնչացնում էին։ Հատկապես հիմնավեր էին արել Բաքվի, Գանձակի, Շամախու, Նուխիի, Արցախի ու Ուտիքի տարածքներում գտնվող եկեղեցիները, խաչքարերը և հայ ճարտարապետության մյուս երևելի նմուշները։
Դպրոցներում արգելված էր հայոց պատմության դասավանդումը։ ԽՄԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ, ԼՂԻՄ-ի Հատուկ կառավարման կոմիտեի ղեկավար Ա.Վոլսկին նշել է. «Ադրբեջանի նախկին ղեկավարությունն անվերջ ու անընդհատ մարզը մղում էր փակուղի, ջանում էր կտրել հայ բնակչության բնական կապերը Հայաստանի հետ՝ մշակույթի, լեզվի բնագավառում, հայալեզու մտավորականության դեմ կանգնեցրել էր վճռական արգելքներ։ Այս ամբողջն, իրական է։ Այս ամբողջը ճշմարիտ է»։
Եվ դա էր պատճառներից մեկը, որ արցախահայությունը ընդվզեց բռնակալության դեմ՝ փորձելով փրկել իր բազմադարյան մշակույթն ու պահպանել ինքնությունը։