Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ԼՂԻՄ-ը 1921-40 թթ/ԼՂԻՄ կազմավորումը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Արցախահայության հակախորհրդային, հակաադրբեջանական պայքարը 1920-21 թթ ԼՂԻՄ կազմավորումը

Վահրամ Բալայան

ԼՂԻՄ-ը ՆԷՊ-ի տարիներին
ԼՂԻՄ ԿԱԶՄԱՎՈՐՈՒՄԸ

Արցախահայությունը չընդունեց 1921թ. հուլիսի 5-ի ՌԿ(բ)Կ Կովբյուրոյի ապօրինի որոշումը։ Ողջ Արցախում ադրբեջանական իշխանությունների դեմ քաղաքացիական անհնազանդության շարժում սկսվեց։ Լեռնային Ղարաբաղի հայության կամքը կոտրելու և Ադրբեջանին ենթարկեցնելու համար Բաքվից մի շարք ներկայացուցիչներ ուղարկվեցին երկրամաս։

Ասքանազ Մռավյանի՝ Ղարաբաղից Երևան վերադառնալուց հետո, Ադրբեջանի իշխանությունները Ղարաբաղի լիազոր նշանակե­ցին Ալիհեյդար Կարաևին։ Միաժամանակ Արցախում տեղակայվե­ցին ադրբեջանական պատժիչ ջոկատներ։ Չնայած դրան՝ արցախահայության կամքը մնաց անկոտրում։ Մասսայականորեն զի­նում էին Ղարաբաղի ադրբեջանցի բնակիչներին։ Նարիմանովը այս անգամ փորձեց Արցախի հիմնահարցը լուծել հայի ձեռքերով։ Որպես երկրորդ լիազոր՝ Ղարաբաղ ուղարկեց նաև Ադրբեջանի նախարարների տեղակալ և արհմիությունների հանրապետական խորհրդի նախագահ Լևոն Միրզոյանին։ Վերջինիս հետ միասին ադրբեջանցի գործիչները արցախահայությանը սպառնում են ուժ գործադրել, եթե նա չկատարի Ադրբեջանի պահանջները։

Նրանք Արցախի շրջաններում հրավիրեցին խորհուրդների շր­ջանային արտահերթ համագումարներ և փորձեցին կորզել Ադրբե­ջանի շահերից բխող որոշումներ։ 1921թ. օգոստոսի 1-ին Հաղորտի գյուղում տեղի ունեցավ Վարանդայի խորհուրդների արտահերթ համագումարը, որտեղ, չնայած Լևոն Սիրզոյանի ջանքերին, ադրբեջանանպաստ որոշում չկայացվեց։ Դեռ ավելին, պատգամավորներից մեկը նորից հաստատեց արցախահայության կամքը՝ միավորվելու մայր Հայաստանի հետ։ Նմանօրինակ դիրքորոշում ուներ նաև Արցախի մյուս շրջանների հայությունը։ 1921թ. օգոստոսի 8-ին Լևոն Միրզոյանը, վերադառնալով Բաքու, Ադրբեջանի ղեկավարությանը առաջարկեց Լեռնային Ղարաբաղին տալ ինքնավարություն։ Հարկ է նշել, որ այս առաջարկու­թյունը արցախահայության համար նորություն չէր։ Դեռևս 1921թ. հուլիսի 5-ին ՌԿ(բ)Կ Կենտկոմի Կովկասյան բյուրոյի տխրահռչակ որոշմամբ Լեռնային Ղարաբաղի հայությանը վերապահվել էր որոշակի ինքնավարության կարգավիճակ։ Դրա նպատակը մեկն էր՝ կոտրել Լեռնային Ղարաբաղի հայության ազգային ազատագրական շարժման թափը։ Վերադաս կուսակցական մարմնի որոշումը կատարելու նպատակով Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն 1921թ. հուլիսի 20-ին ստեղծում են մի հանձնաժողով, որը պետք է մշակեր Լեռնային Ղարաբաղի Սահմանադրությունը։

Ադրբեջանի ազգայնամոլ ղեկավարությունը, ստանալով Մոսկվայում նստած մի շարք ազդեցիկ գործիչների աջակցությունը, լու­ծեց իր հիմնական խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի բռնագրավումը, արդեն լայն քարոզչություն սկսեց՝ արցախահայությանը զրկելու ազատ ապրելու վերջին հնարավորությունից։ 1921թ. սեպտեմբերի 26-ին Ադրկոմկուսի Քաղբյուրոն և Կազմբյուրոն որոշում են. «խնդրել Կովբյուրոյին՝ վերանայելու իր որոշումը Լեռնային Ղարաբաղն առանձնացնելու մասին, այսուհետ ինքնավարություն չհայտարարել»։

Որպեսզի հիմնավորեն իրենց որոշումը, ստեղծում են հատուկ հանձնաժողով (Կարաև, Էֆենդիև, Ստուկալով և Սիրզոյան) և շտապ ուղարկում Ղարաբաղ՝ «նյութեր հավաքելու համար»։ Վերոհիշյալ հանձնաժողովը 1921թ. հոկտեմբերի 21-ին հրավիրեց Լեռնային Ղարաբաղի պատասխանատու աշխատողների կոնֆերանս, որի մասնակիցների ճնշող մեծամասնությունը մուսուլմաններ էին։ «Ղարաբաղի դրության մասին» հարցի շուրջը զեկուցումով հանդես եկավ Կարաևը։ Կոնֆերանսի որոշման մեջ ասված է. «Ղարաբաղի աշխատավորների կոնֆերանսն աննպատակահարմար է համարում Լեռնային Ղարաբաղի բաժանումն իբրև առանձին ինքնավար մարզի և գտնում է, որ բոլոր միջոցառումները, որոնք նշվում են վե­րը՝ բանաձևում, հենց հանդիսանում են ղարաբաղյան հարցի լու­ծում»։ Բանաձևում առաջարկվում է «անխնա գնդակահարել» անհնազանդներին։ Որոշման յոթերորդ կետը պահանջում է «Ազ­գայնական հոգի և ազգայնական տրամադրություններ ունեցող բոլոր աշխատակիցները պետք է անհետաձգելիորեն դուրս շպրտվեն ու փոխարինվեն ինտերնացիոնալիստ աշխատակիցներով»։

Կոնֆերանսի նման դիրքորոշումը հնարավորություն է ստեղծում աշխատանքից հեռացնելու հայրենասեր, ժողովրդի հոգսերով ապրող հայ գործիչներին՝ նրանց փոխարինելով ադրբեջանցիներով կամ էլ, լավագույն դեպքում, ադրբեջանի կամքը արտահայտող հայ աշխատակիցներով։

Ելնելով այդ որոշումից՝ Ադրկոմկուսի կենտկոմի անունից հայ­տարարվում է, թե «կոֆերանսի կողմից հաստատվել է, որ ոչ մի առանձնահատուկ, այսպես կոչված «ղարաբաղյան հարց» էլ գոյու­թյուն չունի։

1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կազմակերպությունների առաջին համագումա­րում Ադրբեջանի ներկայացուցիչ Կուլիևը, անդրադառնալով Լեռ­նային Ղարաբաղի ինքնավարության հարցերին, նշել է. «Ադրբեջանական Կենտկոմն էլ, որ Ղարաբաղի հարցի պարզաբանման համար հանձնաժողով էր ընտրել, շատ ճիշտ վարվեց, երբ ասում էր, Ղարաբաղին պետք չէ, ոչ մի ինքնավարություն։ Այդ մոտեցումը ճիշտ էր, և այդպես պետք է մոտենալ, որպեսզի հաստատվի իսկական խաղաղություն և Ղարաբաղում, և Անդրկովկասում»։

Չնայած այդ ամենին՝ արցախահայությունը, չկորցնելով հույսը, շարունակում էր պայքարը մայր Հայաստանի հետ միավորվելու համար։ Լեռնային Ղարաբաղի հայությունը 1922թ. գարնանը խորհուրդների վերընտրությունների նախընտրական ժողովներում, խորհուրդների նիստերում և համագումարներում շարունակում էր համարձակորեն առաջ քաշել Արցախը մայր Հայաստանին վերամիավորելու անզիջում պահանջը։

Այս ամենին և դրան նախորդած դեպքերին ականատես լինելով և համոզվելով, որ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, Լևոն Սիրզոյանը 1921թ. օգոստոսի 8-ին Շուշիից Ադրկոմկուսի Կենտկոմին և Անդրերկրկոմին առաջարկում է. «Ամբողջ Լեռնային Ղարաբաղն առանձնացնել որպես ինքնուրույն վարչական միավոր՝ ենթակա կենտրոնին Ադրժողկոմխորհին ու Կենտգործկո­մին, իսկ կուսակցության գծով՝ Ադր ԿԿ-ին»։

Հարցը մտահոգիչ էր նաև Անդրերկրկոմի որոշ ղեկավարների համար։ 1922թ. փետրվարին Թիֆլիսում տեղի ունեցած Անդրկովկասյան կոմունիստական կուսակցության առաջին համագումարի ամբիոնից Սերգո Օրջոնիկիձեն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հարցին, ասել է «ճիշտ է, Ադրբեջանում մենք երկար զբաղ­վեցինք Ղարաբաղյան հարցով, սակայն, վերջիվերջո, որոշեցինք ղարաբաղյան բնակչությանը՝ Լեռնային Ղարաբաղի հայերին տալ ինքնավարություն Ադրբեջանի խորհրդային հանրապետության սահմաններում։ Գործնականորեն այդ ինքնավարության կենսագործումը հանձնարարվել էր Ադր ԿԿ Կենտկոմին։ Ես խոսեցի ընկ. Կիրովի հետ. ինչ՞ու դա դեռևս չի արվել, և նա նշեց, թե հայերն ու մուսուլմանները համաձայնվել են այն հարցում, որ այդ ինքնավարության անհրաժեշտությունը չկա ։ Ես չգիտեմ դա այդպե՞ս է, թե մի ուրիշ կերպ, ամեն պարագայի այդ հարցն այնպես է լուծված, որ բնակչությանը հնարավորություն տրվի վճռելու իր խնդիրը»։

Ադրբեջանի ղեկավարությունը 1922թ. աշնանը նոր արշավ սկսեց արցախահայության նկատմամբ։ 1922թ. նոյեմբերին երկրամասի գյուղական և շրջանային խորհուրդների նախագահներին ու քար­տուղարներին կանչում են Շուշի՝ խորհրդակցության, որին մասնակ­ցում էին Ադրբեջանի կոմկուսի կենտկոմի առաջին քարտուղար Ալիհեյդար Կարաևը և Լևոն Միրզոյանը։ Կարաևը պահանջում է Լեռ­նային Ղարաբաղը միավորել Ադրբեջանական ԽՍՀ-ին։ Հավաքի մասնակիցների մեծամասնությունը գտնում է, որ Լեռնային Ղարաբաղի վերամիավորումը «Ադրբեջանի ԽՍՀ-ին, ցանկալի չէ»։ Նրանք պնդում են, որ հարցը պետք է վճռվի երկրամասի բնակչու­թյան հանրաքվեի միջոցով։ Սի շարք պատգամավորներ հայտատարում են, թե, եթե խոսքը վերաբերում է միավորմանը, ապա իրենց՝ Լեռնային Ղարաբաղի աշխատավորների համար նպատակահար­մար և ցանկալի է մտնել խորհրդային Հայաստանի կազմի մեջ։

Սակայն Կարաևի և Միրզոյանի ճնշման տակ խորհրդակցու­թյունը որոշում է Արցախը թողնել Ադրբեջանի սահմաններում՝ ինք­նավար մարզի իրավունքով։ Բողոքների ալիքը ահագնանում է։ Արցախահայությունը վր­դովմունքով է ընդունում այդ անօրեն որոշումը։ Բանն այն էր, որ այդ խորհրդակցությունը լիազորված չէր նմանօրինակ հարց լուծելու։ Անդրերկրկոմի ղեկավարությունը ձգտում էր հարցին արագ լուծում տալ։ Անդրերկրկոմի նախագահությունը 1922թ. հոկտեմբերի 27-ին հանձնարարում է Ադրկոմկուսի Կենտկոմին՝ իրականացնել Անդ­րերկրկոմի 1921թ. հուլիսի 5-ի որոշումը Լեռնային Ղարաբաղին ինքնավարություն տալու մասին։ Ադրկոմկուսի Կենտկոմի նախագահությունը ստիպված նոեմբերի 30֊ին որոշում է ստեղծել Ղարաբաղի ինքնավարության մշակումը նախապատրաստող հանձնաժողով։ Այնուհետև Անդրերկրկոմի պլենումը, որը տեղի ունեցավ Բաքվում, 1922թ. դեկտեմբերի 14-ին, քննարկելով «Լեռնային Ղարաբաղում ինքնավարություն անցկացնելու» հարցը, որոշեց Ադր․ ԽՍՀ ժողկոմխորհին կից ստեղծել Լեռնային Ղարաբաղի գծով հատուկ հանձնաժողով՝ բաղկացած յոթ հոգուց։ Հանձնաժողովի նստավայր ճանաչել Շուշի քաղաքը և նախագահ նշանակել Կարակոզովին։

Արցախահայության խոր վրդովմունքի մասին է խոսում նաև Լեռնային Ղարաբաղի կոմիտեի անդամ Շադունցի նամակը՝ գր­ված 1923թ. հունիսի 18-ին՝ հասցեագրված Օրջոնիկիձեին, պատճեները՝ Ադր ԿԿ Կենտկոմին ու ՀԿԿ Կենտկոմին։ Նա գտնում է, որ «չի կարելի խոսել Ղարաբաղի վերականգնման մասին՝ աչք փակելով մի ուրիշ, նրա հարևան ամենահարուստ երկրամասի քայքայվելու նկատմամբ։ Զանգեզուրը կապված է Ղարաբաղի հետ, երկուսի հարցն էլ պետք է լուծել միասին»։ Շադունցը, շարունակելով իր միտքը, եզրահանգում է. «Ես գտնում եմ, որ ինչպես Ղարաբաղում, այնպես էլ Զանգեզուրում ազգային հարցը ճիշտ լուծելու համար և այդ երկրամասի (Ղարաբաղի ու Զանգեզուրի) տնտեսական վերածննդի համար անհրաժեշտ է Ղարաբաղի լեռնային մասը Զանգեզուրի հետ միասին առանձնացնել իբրև մեկ ինքնավար միավոր։ ...Կոմիտեի նախագծում բերված փաստերը (հայերի ջարդը Շուշիում, Զանգեզուրի կոմունիստական ջոկատի զինաթափումը Շուշիում, լեռնային գոտու շահերը լրիվ արհամարհելը) բավական ակ­նառու կերպով ասում են, որ այդ երկրամասը թողնել Ադրբեջանի սահմաններում՝ այն հարաբերությունների պայմաններում, որոնք եղել են մինչև հիմա, չի կարելի։ Ուստի և, ես գտնում եմ, որ այդ ինք­նավար մարզը պետք է կապված լինի անմիջապես Անդրժողկոմխորհի հետ»։

Անգամ Ստալինը, որ հայտնի էր իր հայատյաց տրամադրություններով, նկատելով Ադրբեջանի ղեկավարության հակահայ քաղաքականությունը, 1923թ. ապրիլին ՌԿ(բ)Կ 12-րդ համագումարում նշել է. «Ադրբեջանցիների մի մասի շրջանում նույնպես առկա է այսպիսի միտում՝ երբեմն չափազանց անսքող, այն թեմայով, թե մենք, իբր ադրբեջանցիներս, բնիկ ենք, իսկ նրանք՝ հայերը, եկվոր են։ Չի՞ կարելի արդյոք այդ պատճառով նրանց մի քիչ ետ քաշել հաշվի չնստելով նրանց շահերի հետ։ Դա նույնպես շովունիզմ է»։ Այնուհետև նա համագումարում իր եզրափակիչ խոսքում ասել է. «Ադրբեջանում ադրբեջանցիները՝ որպես մեծամասնություն, ճնշում են հայերին և կոտորում, ինչպես դա եղել է Նախիջևանում, որտեղ կոտորել են համարյա բոլոր հայերին»։

Չնայած այդ ամենին՝ Ադրբեջանի ղեկավարությունը Նարիմանովի գլխավորությամբ տարբեր պատճառաբանություններով ձգձգում էր Լեռնային Ղարաբաղի ինքնավարության հռչակումը։ 1923թ. Ստալինին, Տրոցկուն և Ռադեկին հասցեագրված մի նամակում Նարիմանովը գրել է, թե Ադրբեջանի հիմնարկները «լիքն են ռուսներով, հայերով, որոնց նպատակն է հանրապետությունում բնաջնջել թուրքե­րին, Արևելքում էլ՝ հեղափոխության սրբազան գործը։... Ադրբեջանում դաշնակցական աշխատանքի մասին իմ կանխագուշակումների մյուս կեսը, ես մտածում եմ, ի հայտ կգա այս տարի։ Լեռնային Ղարաբաղը Միրզոյանի ուժգին ճնշման տակ հայտարար­ված է ինքնուրույն մարզ։ Իմ օրոք (այդ ժամանակ նա աշխատում էր Մոսկվայում) դա չէր հաջողվում ոչ թե այն պատճառով, որ ես դեմ էի այդ ինքնավարությանը, այլ պարզապես որովհետև իրենք՝ հայ գյուղացիները, դա չէին ցանկանում։ Միրզոյանն այդ ընթացքում հայ դաշնակ ուսուցիչների օժանդակությամբ հող է պատրաստել և հարցն անց է կացրել Անդրերկրկոմում։ Այդ պահից կտրուկ սրվել են հայ գյուղացիների հարաբերությունները։ Հետո էլ հարցը կդառնա Գանձակի մասին ևս։ Ադրբեջանում դաշնակցական քաղաքականությունն առաջ է գնում ամբողջ ուժով»,- թունոտ ձևով զրպարտությունը ավարտում է Նարիմանովը։

Ադրբեջանի ղեկավարության նման դիրքորոշման դեմ բազմաթիվ բողոքներ են ուղարկվում Թիֆլիս, Մոսկվա և Երևան։ Անդրերկրկոմը կրկին ու կրկին անդրադառնում է Լեռնային Ղարաբաղի հարցին։ Անդրերկրկոմի Կենտկոմի 1923թ. հունիսի 27-ին տեղի ունեցած պլենումը, լսելով Ղարաբաղի ժամանակավոր կոմիտեի գործունեության մասին Շաղունցի և Կարակոզովի զեկուցումները, պահանջում է «մեկ ամսվա ժամկետում Լեռնային Ղարաբաղն անջատել՝ իբրև ինքնավար մարզ»։

1923թ. հուլիսի 1-ին Ադրկոմկուսի Կենտկոմի նախագահությունը, այլ ելք չունենալով, Կենտգործկոմին հանձնարարում է. «Հռչակել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ Խանբենդի կենտրոնով և գործադիր կոմիտեով»։ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի հեղկոմի նախագահ է նշանակվում Արմենակ Կարակոզովը, իսկ կուսմարզկոմի նախագահ՝ Սերո Մանուցյանը։

Արցախյան հիմնահարցը երկար չարչրկելուց հետո 1923թ. հուլիսի 7-ին Ադրբեջանի Կենտգործկոմը ընդունեց հռչակագիր «Լեռ­նային Ղարաբաղի ինքնավար մարզի» կազմավորման մասին։ Սակայն այս որոշումն էլ կիսատ պռատ էր։ Մարզից անջատեցին նրա հարթավայրային շրջանը և Աղդամ ավանը։ Այն դարձրին Ադրբեջանական շրջկենտրոն։ Ղարաբաղի լեռնային շրջանի արևմտյան մասը Արաքսի ափից մինչև փոքր Կովկասյան լեռնաշղթայի հյուսի­սային փեշերը կտրեցին և ստեղծեցին «Քուրդիստանի գավառ», դրանով իսկ Արցախը անջատեցին մայր Հայաստանից։ Ադրբեջանի ղեկավարությունը դրանով Մոսկվայի վերադաս մարմիններին փորձում էր ցույց տալ հանրապետությունում ազգային փոքրամասնության նկատմամբ ունեցած իր «հոգատարությունը»։ Իր դիվային ծրագրերը իրականացնելուց հետո Ադրբեջանը շուտով վերացրեց Քուրդիստանի գավառը և ստեղծեց Քելբաջարի, Լաչինի, Կուբաթլիի և Զանգելանի շրջանները։ Դեռ ավելին, կարճ ժամանակահատվածում թրքացվեց վերոհիշյալ շրջանների գրեթե ողջ քուրդ ազգաբնակչությունը։

Մարզից անջատեցին ամբողջ հյուսիսային Արցախը՝ Թալիշի մոտերքից մինչև Ալհարակ լճի (Գյոլ-Գյոլ) հարավային ափերը, նախկին Գյուլիստանի մելիքության մի զգալի մասը, որտեղ գտնվում էին 107 հայկական գյուղեր։ Միաժամանակ հարևան ադրբե­ջանական շրջաններին տրվեցին Գիզակի, Վարանդայի և Ջրաբերդի արևելյան մասերի մի շարք գյուղեր։

Փաստորեն 11,5 հազար քառ. կմ տարածք և 12 գավառ ունեցող պատմական Արցախին թողնվեց միայն 4,4 հազարը, որտեղ գտն­վում էր Շուշի քաղաքը և 248 բնակավայր։

Շուշիի փոխարեն այն ժամանակ փոքրիկ Ստեփանակերտը մարզի կենտրոն դարձնելը նույնպես պատահական չէր։ Դրանով, ըստ էության, կանխվեց 1920թ. ջարդերից հետո իրենց հայրենի քաղաքը թողած հայության՝ ծննդավայր վերադառնալու փափագը։ 1923թ. ընդունվեց ԼՂԻՄ-ի կանոնադրությունը, իսկ 1924թ. հուլիսին սահմանադրությունը։ Այդ փաստաթղթերով ԼՂԻՄ-ը դարձավ Ադրբեջանի կցորդը, վերածվեց սովորական գաղութի։ Արցախահայությունը կորցրեց իր ինքնուրույնությունը։ Այսպիսով, խորհրդային կարգերի արշալույսին Ադրբեջանի կողմից սկսվեց հայոց Արցախի ծվատման և վերջնականապես կլանման սանձարձակ քաղաքականությունը, որը նոր արհավիրք­ ներբերեց Հայոց արևելից գավառների հայությանը։