Jump to content

Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/ՔԴԱ/Արցախահայության հակաարաբական ապստամբությունները

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԱՐԱԲԱԿԱՆ ԱՊՍՏԱՄԲՈՒ­ԹՅՈՒՆՆԵՐԸ

7-րդ դարի սկզբներին Հայոց երկրի անդորրը խաթարեցին արաբական մահասփյուռ արշավանքները։ Բյուզանդա­կան կայսրությունը լքել էր հայերին։ Հզորության ուղին բռնած արաբական խալիֆայությանը դիմադրելը դառնում էր անիմաստ։ Քաղաքական ճիշտ կողմնորոշումն այդ ծանր պայմաններում ճակատագրական նշանակություն պիտի ունենար հայության համար։ Հեռատես քաղաքական գործիչ Թեոդորոս Ռշտունին, հաշվի առնե­լով ստեղծված կացությունը, կողմնորոշվեց դեպի խալիֆայությու­նը։ 652թ. Թեոդորոս Ռշտունին Ասորիքի և Վերին Միջագետքի կառավարիչ Մուավիայի հետ պայմանագիր ստորագրեց, որով Հայաստանը պահպանեց իր ներքին ինքնավարությունը։

Սեբեոսը այս բանակցությունների մասին խոսելիս Հայաստանը և Սյունիքը Արցախի հետ միասին առանձին է հիշատակում։

Իրավիճակը փոխվեց Թեոդորոս Ռշտունու մահվանից հետո, երր Հայոց իշխան ընտրվեց նրա փեսա Համազասպ Մամիկոնյանը։ Նրա իշխանության տարիները(651-661թթ.) խաղաղության և բարգավաճման մի շրջան կազմեցին։ Համազասպ Մամիկոնյանը իր իշխանության տակ վերցրեց Մեծ Հայքի համարյա բոլոր գավառները։ Սյունյաց իշխանությունը Արցախի հետ նույնպես միացավ Հայաստանին։

Ջիվանշիրը ընդունում էր Համազասպ Մամիկոնյանի գերագույն իշխանությունը։ Հայոց իշխանին ենթակա էին Մեծ Հայքի հիմնական նահանգ­ները՝ Այրարատ, Սյունիք, Արցախ, Վասպուրական, Մոկք, Տուրուբերան, Տայք և Գուգարքի Տաշիր գավառը, ինչպես նաև Աղձնիք և Կորճայք նահանգների լեռնային մասերը, իսկ Բարձր Հայքն ու Չորրորդ Հայքը արաբներն իրենց ձեռքում էին պահում որպես ռազմաստրատեգիական տեսակետից կարևոր դիրք ունեցող վայրեր՝ Բյուզանդիայի դեմ մղված պայքարում։

Դեռ ավելին, Համազասպին հաջորդած Գրիգոր Մամիկոնյանի իշխանության տարիներին(661-686թթ.) Հայաստանը հրաժարվեց հարկ վճարել արաբներին։ Թվում էր, թե նորից պիտի վերածնվեր հայկական կորսյալ պետականությունը։

Հզորության ուղին բռնած խալիֆայությունը չէր կարող հանդուրժել հայկական պետականության վերականգնման փորձերը։ Մերթ ընդ մերթ Հայաստանի սահմաններին երևում էին մահասփյուռ արաբական բանակները։

Հայոց Արևելից գավառների հայությունը Ջիվանշիր թագավորի առաջնորդությամբ մի առ ժամանակ ինչպես զենքով, այնպես էլ դիվանագիտությամբ կարողացան դիմակայել արաբների ճնշումնե­րին։ Ջիվանշիրը շարունակեց Հայոց մեծ սպարապետ Թեոդորոս Ռշտունու ճկուն քաղաքականությունը։ Խալիֆի համակրանքը շահելու նպատակով Ջիվանշիրը մեկնեց Դամասկոս։ Նրան արքայավայել ընդունեցին։ Մուավիան Կուրից մինչև Ճորա պահակը ընկած հողերի կառավարումը հանձնեց «Արևելքի իշխանին»՝ Ջիվանշիրին։ Միաժամանակ նա դարձավ միջնորդ արաբների և հյուսիսային Կովկասի ցեղերի՝ հոների, խազարների միջև բարեկամական հարաբերությունների ստեղծման գործում։

Այս ամենից հետո Ջիվանշիրին մեծամեծ նվերներով ճանապարհեցին երկիր։ Վերադարձի ճանապարհին՝ Արուճ ավանում, Հայոց մեծ իշխան Գրիգոր Մամիկոնյանը և Անաստաս կաթողիկո­սը պատվով ընդունեցին Ջիվանշիրին, նախանշելով հետագա անե­լիքների համատեղ ծրագիրը։

Արաբների վստահությունը լիովին շահելու նպատակով երկրորդ անգամ՝ 671թվականին Ջիվանշիրը գնաց արաբ խալիֆի մոտ։ Մեծաշուք պատիվների արժանանալուց հետո,– գրում է պատմիչը,– արքայավայել մեծարանքի ու սիրո խոսքերից հետո, խալիֆը Ջիվանշիրին անքանակ ու անգնահատելի նվերներ է տալիս, որոնց թվում էին երկու զարմանահրաշ բաներ՝ փիղ և թութակ, ու առաջարկում միաժա­մանակ իշխել Ատրպատականում և նրանից արևելք ընկած Սիւնեստանյաց երկրում։ Ջիվանշիրը մերժում է խալիֆի առաջարկը։ Արցախահայության հակաարաբական շարժումը նոր թափ ստացավ հետագա ժամա­նակներում։

Աղբյուրները վկայում են, որ 9-րդ դարի սկզբներին հյուսիս-արևելյան Հայաստանի հակաարաբական շարժումը գլխավորում էր Սահլ Սմբատյան Առանշահիկը։

821թ. արաբները Պրատավից շարժվելով Արցախի խորքերը, ասպատակեցին Ամարասը, և մոտ հազար հոգի գերեվարելով, ամրացան Շիկաքար բերդում։ «Այդ ժամանակ քաջ ու շքեղատեսք Սահլի Սմբատյան Առանշահիկ իշխանը և իր քաջազոր եղբայրնե­րը իրենց զորքերով լուսադեմին վրա տվին, նրանց բոլորին միասին, դիաթավալ արին, ցիրուցան դարձրին և, ինչպես առյուծի ժանիքներից, գերիներին խլեցին»։

Հաջորդ անգամ 12 հազարանոց բանակի հետ ճակատամարտը տեղի ունեցավ Մուխանք դաշտում։ Ժամանակագիրը վկայում է, թե «Այստեղ էլ Սահլ Սմբատյանը, որ Զարմիհրական արքունի տոհմից էր, իրենց գործակից դարձնելով մեծ նահատակ Գեորգիոսին, թշ­նամիների վրա խոյացավ՝ որպես արծիվը տկար թռչունների վրա և, դաշտում այս ու այնտեղ կոտորելով, մնացորդներին փախուստի մատնեց»։

9-րդ դարի առաջին կեսին արաբական խալիֆայության խառնակ վիճակը նպաստեց նրա տիրապետության տակ ընկած երկրների ներսում նոր խմորումների առաջացմանը, որոնք բոլորն էլ ինք­նավարության էին ձգտում։ Թուլացող տիեզերական կայսրության փոխարեն տեղերում հզորանում էին ընդիմադիր ուժերը։ Հայաստանում առանձնապես վերելք էր ապրում Բագրատունյաց նախարարական տունը, որը 9-րդ դարի կեսերից սկսած հրաժարվում էր նույնիսկ հարկ վճարել արաբներին։ Իսկ Հայաստանի հյուսիս-արևելյան նահանգներում սյունեցիները և Ուտիքի ու Արցախի նախարարական տները դարձել էին իրենց երկրամասերի լիիրավ տերերը։ Մութավաքիլ խալիֆն(847-861թթ.) բիրտ միջոցների դիմեց Հայաստանի ներքին ինքնավարությանը վերջ տալու համար։ 850թ. այդ նպատակով Հայաստան ուղարկվեց Աբու Սաիդ ոստիկանը, որն իր հարկահաններով երկիրը սկսեց կողոպտել։ Նախկին ծանր ու անտանելի հարկերին ավելացվեց նաև «ջիզյա» կոչվող այլադավանության հարկը, որը գանձվում էր ոչ մահմեդականներից։ Այս վիճակը երկար հանդուրժել չէր կարող հայ ժողովուրդը։ Առաջինը ապստամբական դրոշ էին բարձրացրել Վասպուրականի Արծրունիներն ու Տարոնի Բագրատունիները։ Ապստամբները Խութեցի Հովնանի և Բագրատունյաց իշխանազունների գլխավորությամբ Մշո դաշտում ջախջախում են հայկական շարժումները ճնշելու նպատակով եկած արաբական զորքերին։ Արաբ ոստիկան Յուսուֆը հայ վրիժառուներից մազապուրծ թաքնվեց սուրբ Փրկիչ եկեղեցու գմբեթի ներսում, սակայն հենց տեղում հայ ռազմիկներից մեկը աշտեով սպանեց նրան։ Արաբական խալիֆայությունը այսօրինակ խայտառակ պարտության վրեժն առնելու համար թուրք զորավար Բուղա Շարաբիի գլխավորությամբ 200 հազարանոց մի զորաբանակ ուղարկեց Հայաստան և Անդրկովկաս[1]։ Բուղան արյան մեջ խեղդեց Սասունը, Վասպուրականը, Ռշտունիքն ու Մոկքը։ Հայկական այս նահանգների բախտին արժանացավ նաև Արևելյան Վրաստանը Տփղիս մայրաքաղաքով։ Եվ միայն Կովկասյան լեռնաշղթայի փեշերին՝ Կախեթում բնակվող ծանարները սաստիկ ջարդ տվեցին Բուղային, որն ստիպված եղավ ամոթով փախչել պատերազմի դաշտից։

Կախեթից Բուղան ուղղվեց դեպի Գուգարաց դաշտը և իջավ Պարտավ քաղաքը, Կուրից հյուսիս մտավ Հայաստանի արևելյան կողմերը՝ Ուտիք-Արցախ լեռնաշխարհը։ Ձերբակալվեցին Գարդմանի Կտրիճ իշխանը, Խաչենի Ատրներսեհն իր հոր՝ Սահլ Սմբատյանի հետ, լեռնային Ուտիքի Սևորդիների Ստեփանոս Կոն իշխանը։ Բուղայի արնածարավ բանակի թափը կոտրվեց Դիզակում։ Հենվելով իր բերդերի անմատչելիության և առավելապես իր քաջ զինվորականության վրա, Դիզակի Աբու-Մուսե իշխանը վճռեց դիմադրություն ցույց տալ Բուղային։ Լեռնային Քթիշ(Գտիչ)[2] ամրոցում հավաքվեցին Եսայի իշխանի ոչ միայն զորքը, այլև շրջակա գյուղերի ժողովուրդը։ Եվ Եսայի Աբու Մուսեն սկսում է եռանդուն պատրաստություններ տեսնել։ Բուղան հայ իշխանից պահանջում է գալ իր մոտ և հնազանդություն հայտնել։ Եսայի Աբու Մուսեն պատասխանում է նրան մի նամակով, որի ամբողջ բովանդակությունը տոգորված է ջերմ հայրենասիրությամբ և որի մանրամասները մեզ է թողել Թովմա Արծրունին. «Աշխարհակալների սովորությունն է արքունի հոգածությամբ գնալ երկիրը, իբրև հնազանդների մոտ, վերցնել, թեթևացնել տառապյալների նեղությունները, իբրև խնամարկուներ, և ոչ թե ավազակաբար ավերել, սրածելով ու գերեվարությամբ ավերակ դարձնել երկիրը։ Եվ եթե դու արքունիքից եկել էիր խաղաղությունը պահպանելու, շենություն պիտի պարգևեիր սրանց և ոչ թե ավերանք ու խառնակություն։ Եվ արդ թող հայտնի լինի, որ ինչքան բավականանա իմ զորությունը և քանի դեռ կենդանի եմ, կընդդիմակայեմ տեր աստծո ուժով ու զորությամբ և քեզ տեսնելու եմ ոչ թե սիրով ու խաղաղությամբ, այլ զենքով, աղեղով ու սրով, քաջ տղամարդկանցով և ընտիր երիվարներով։ Եվ եթե դու ցանկանում ես ապրեցնել քեզ ու քո զորքը, արի ել այստեղից ու դուրս գնա իմ երկրի սահմաններից։ Ապա թե ջանաս զրկվել այս կյանքից՝ քո զայրույթի, կատաղության պատճառով և ոսկորներդ ցրես անապատներում ու դառնաս երկրի գազանների, երկնքի թռ­չունների կերակուր, քո կամքը թող լինի, ես անպարտ եմ քո արյան համար, մանավանդ, որ մեծ բարեպաշտություն եմ համարում սպանել աստծո թշնամիներին, ինչպես Մովսեսն Ամաղեկին, Հեսուն Քանանացիներին, Սամուելն Ագագին և Դավիթը Գողիաթին, նաև ինչ­պես իսրայելացիներն սպանեցին այլազգիներին։ Եվ աստված սիրեց նրանց։ Նույն կերպ կանեմ քեզ և քո զորքի հետ։ Արդ չեմ կամենում երկար խոսել քեզ հետ, քո ձեռքերում է խաղաղությունն ու խառնակությունը։ Եթե, ինչպես ասացի, հեռանաս ինձանից, խաղաղություն կլինի, իսկ եթե ոչ՝ պատերազմ, կռիվ ու ճակատամարտ։ Դու կդառնաս թիրախ, իսկ իմ աղեղը՝ խոցոտող, դու՝ ախոյան, իմ զինվորները՝ հաղթանակող, դու՝ ոսոխ, իսկ իմ զորքը քեզ դատապարտող, քո պատերազմը և մեր հաղթությունը, քո մարմինը և իմ նիզակը, քո պարանոցը և իմ սուրը, քո ստացվածքը՝ մենք նրա ժառանգորդ, քո ավարը՝ մենք ավարառուներ, դու ավազակ, մենք կո­ղոպտիչներ, դու եղեգն, մենք դյուրավառ կրակ, դու հարդ, իսկ մենք դյուրությամբ փչող քամի, դու ծաղիկ, իսկ մենք թարշամեցնող խորշակ, դու պտղալից հանդ, մենք ապականող կարկուտ, դու շինվածք առանց հիման, իսկ ես հիմնիվեր տապալող հեղեղ, դու լեշ, իմ զոր­քը հոշոտող գազան, որ պատռոտում է քո սրտի առագաստը, դու խաղալիք, իսկ մենք մանուկներ, որ բռնելով քո զորությունը, խաղում, կատակում ենք քեզ հետ և քո այդ ողջ հպարտության ու անբարեհաճության հետ, դու վայրի երե, մենք՝ որսորդներ, դու թռչուն, իսկ մենք բարձրությունից ցած ենք իջեցնում և ձգում որոգայթի մեջ, դու ծովի վիշապ, մենք՝ կարթ, քո քիմքից վեր ենք ձգում քեզ անդունդների խորքից. դու իբրև եղջերու առանց եղջյուրների, մենք արծիվներ քո վերևում, քո աչքերը կուրացնողներ, որ քո լեշը գցում ենք մեր ձագերին և խորշերում բնակվող աղվեսներին։ Եվ մինչև որ քեզ վրա չվերցնես այն, ինչ խոսեցի քո պատգամավորների հետ ու ավելի ջանաս վտանգել մեզ՝ դու կընդունես վտանգավորը»։

Աղբյուրները վկայում են, որ Եսային «երիցու (քահանայի) որ­դի» էր։ Չնայած դրան, նա անվեհեր կռվող էր և չի պարտվել ոչ մի պատերազմում։ Բուղան պարզ ընկալելով լեռնցի իշխանի շիտակ խոսքը, լրջորեն նախապատրաստվեց բերդի գրավմանը՝ պատնեշ­ներ կանգնեցրեց ամրոցի դեմ, քարակույտեր շինեց, տեղակայեց քարաձիգ մեքենաներ։ Բերդապահ զինվորականությունը և խաղաղ բնակչությունը հայտնվեց խուլ պաշարման օղակում։ Այդպիսով պաշարումը տևեց մոտ մեկ տարի։ Այդ ընթացքում Բուղան 28 անգամ գրոհում է բերդի վրա և ամեն անգամ էլ խայտառակ պարտություն կրելով հետ է նահանջում։ Պաշարումը երկարաձգվելով Բու­ղայի զորականները ամրոցի շրջակայքում իրենց համար վրանաբ­նակ մի բնակավայր կառուցեցին։ Թովմա Արծրունին պատմում է, որ Բուղան այդ անհաջողություններից հուսալքված փակվեց իր վրանում և 10 օր ոչ ոքի չէր ընդունում։ Սարսափելով լեռնցների գրոհներից նա իր վրանը շրջապատել էր բազմաթիվ զորագնդերով։ Բուղայի բանակում գտնվող դավաճան հայ նախարարներից մեկը՝ Սմբատ սպարապետը, սիրտ է անում մտնել հուսահատված հրամանատարի մոտ և սփոփել նրան։ Խալիֆը Բուղայից պահանջում էր հաշվեհարդար տեսնել ամրոցի պաշտպանների նկատմամբ։ Պատերազմական գործողությունները վերսկսվեցին նոր թափով։ Վերջին այդ հարձակմանը մասնակցում էր արաբական ողջ զորքը։ Եվ այդ ահեղ ընդհարումից ստեղծվեց մի ցնցող տեսարան և խոր տպավորություն գործեց Սմբատ սպարապետի որդի Մուշեղի վրա, որն էլ մի ոտանավոր գրեց և այդ օրը նմանեցրեց Քրիստոսի երկ­րորդ գալստյանն ու ահեղ դատաստանին197: Աբու Մուսեի քաջավարժ զորքը առանց շտապելու հակահարձակման է անցնում և թշնամուն քշում բերդի պարիսպներից այն կողմ։ Բուղան այս անգամ էլ պարտություն կրեց։ Գտիչի պաշտպանները մեծաքանակ ավարով նորից վերադարձան իրենց ամրոցը։ Ամենից զարմանալին ու հետաքրքիրն այն է, որ բերդի պաշտպանները նման դժոխքային պայմաններում Բուղային կործանած Գտչավանքի փոխարեն կառուցեցին նոր եկեղեցի։ Քանի որ սրբավայրի կառուցումն ընթացել է ճակատամարտի թեժ պահին, ապա այդ իսկ պատճառով էլ այն կոչվել է Թեժ անունով[3]։

Նման պայմաններում իր ցեղակիցների գործելակերպին հատուկ՝ Բուղան դիմեց խարդավանքի։ Մութավաքիլից Եսայիի համար բերել տվեց մի թուղթ, որով նա հրավիրվում էր Բաղդադ՝ խալիֆի հետ խաղաղության բանակցություններ վարելու։ Լեռնցի ասպետ-զորավարը որքան խիզախ ու անպարտ էր, այնքան էլ միամիտ ու հավատավոր էր թշնամու խարդավանքների առաջ։ Եսայի իշխանը գնաց արաբական բանակը, ուր ընդունվեց մեծամեծ պատիվներով։ Նրան նվիրեցին սուր, թանկագին հանդերձներ, նժույգ­ներ, վրան։ Ծանարների երկրում և Արցախում խայտառակ պար­տություններ կրելուց հետո խալիֆը 855 թվականին Բուղային Հայաստանից ետ կանչեց։ Գտիչից վերադառնալով Պարտավ, Բուղան Հայաստանի տարբեր վայրերից գերեվարած հայ իշխաննե­րին շղթայակապ ուղարկեց խալիֆի մոտ։ Գերյալների թվում էր նաև թշնամուն ծառայություններ մատուցած Սմբատ Բագրատունի սպարապետը։ Գերվածների խմբից առանձին, ոչ իբրև գերի, արաբական պահակի ուղեկցությամբ Բաղդադ գնաց Աբու-Մուսե Առանշահիկը։ Այդպես էլ նա չվերադարձավ հայրենիք՝ նահատակ­վեց Բաղդադի բանտում։

Եսայի Աբու-Մուսեի և Գտիչի անանուն մյուս պաշտպանների մաքառումները հայ ժողովրդի ազգային ազատագրական շարժումների ամենանշանավոր էջերից մեկն է համարվում։ Իրավացի է Լեոն. «Եսայի Աբու-Մուսեն իր գլխավորած պայքարով ամենախոշոր մխիթարական երևույթն էր կազմում հայոց աշխարհի այդ ժամանակվա արյունոտ նահատակումների մեջ»198։ Այնքան տպավո­րիչ էր այդ պայքարը, որ Արծրունիների տան պատմիչ Թովմա Արծրունին Եսայի Աբու-Մուսեին Արծրունի իշխաններից ավելի բարձր էր դասում։ Այսօր էլ Գտիչի հողածածկ միջնաբերդի վիմահերձի գլ­խին դեռ կանգուն անտաշ քարով շինված եկեղեցին տեղացիները կոչում են Երիցու որդի։ Հայ ժողովրդի հակաարաբական պայքարը, մանավանդ արցախահայության ընդվզումները անարդյունք վախճան չունեցան և հանգեցրին Հայաստանի անկախության վերականգնմանը։

  1. Բուղան Մութավաքիլ խալիֆի ստրուկներից մեկն է եղել, բայց ազատություն էր ստացել և իր հայրենակիցներից կազմված վարձկան զորքի շնորհիվ ամենակարող մարդն էր դարձել պետության մեջ։
  2. Անմատչելի բերդի մնացորդները առ այսօր պահպանվում են։ Բերդը հյուսիսային կողմից բարձր ժայռի միջով գաղտնուղիով հաղորդակցվում է արտաքին աշխարհի հետ։ Բերդաշինարարները հոգացել են նաև ջրի մասին, ժայռի մեջ ստեղծել բավականին ընդարձակ ու խոր «սառնարաններ», որտեղ կուտակված ձյան պաշարները օգտագործվել են ամռան ամիսներին։ Բացի այդ, բերդավանում ստեղծվել են կալաչափ մեծությամբ ջրամբարներ, որոնք միշտ լիքն են անձրևաջրով։ Այս արհեստական լճակները պաշարված ամրոցի համար լրացուցիչ պահեստներ են եղել։ Բերդի մասին տես՝ Շ.Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, Եր., 1985, էջ 90-92։
  3. Այսօր էլ անդունդի վրա կախված կառույցը զարմանք է պատճառում դիտողին։ Եկեղեցին մի ավելորդ անգամ նորից վկայում է հայ մարդու պայքարող ոգու և շինարար քանքարի մասին։