Արցախի պատմություն: Հնադարից մինչև մեր օրերը/1917-21 թթ/Արցախահայության պայքարը մուսավաթական Ադրբեջանի դեմ
Փետրվարյան բուրժուա-դեմոկրատական հեղափոխության հաղթանակից հետո ժամանակավոր կառավարությունը 1917թ. մարտի 9-ին ստեղծեց Անդրկովկասյան հատուկ կոմիտե (Օղակում), որի կարգադրությամբ ստեղծվեցին գավառային, քաղաքային և գյուղական գործադիր կոմիտեներ։ Երկրամասը ղեկավարելու համար մարտի 13-ին կաղմակերպվեց 40 հոգուց բաղկացած Ղարաբաղի գործերի կոմիտե։
Ժամանակավոր կառավարությունը Արցախը, Գանձակը, Ախալքալաքը և Շարուր-Նախիջևանը ճանաչեց որպես հայկական տարածքներ։ Այս հանգամանքը, ինչպես նաև մահմեդականների կրոնական անհանդուրժողականությունը առավել խորացրին անվստահությունը հայերի և ազերի-թուրքերի միջև։ Արդյունքում՝ Ղարաբաղի գործադիր կոմիտեն կազմալուծվեց։ Հայերը իրենց ներքին կյանքը վարելու համար ստեղծեցին Ղարաբաղի Ազգային բյուրո, իսկ թուրքերը՝ Ազգային կոմիտե։
1917թ. հոկտեմբերյան հեղաշրջումից հետո քաղաքական կացությունը Այսրկովկասում փոխվեց։ Երկրամասը անջատվեց Ռուսական կայսրությունից։ Իշխանությունը անցավ հայերի, վրացիների և ազերի-թուրքերի ներկայացուցիչներից կազմված Անդրկովկասյան սեյմին։ Խախուտ այդ միությունը շուտով փլուզվեց։ 1918թ. մայիսի վերջին այսպես կոչված միացյալ կառավարությունը լուծարվեց, և նրա երեք առանձին մասերից գոյացան կառավարություններ։ 1918թ. մայիսի 27-ին «Մուսավաթ» կուսակցությունը նախկին Բաքվի և Ելիզավետապոլի նահանգները հռչակում է ադրբեջանական և առաջին անգամ հավակնում պատմական Հայաստանի բաղկացուցիչ մաս հանդիսացող Ղարաբաղին ու Զանգեզուրին։ Ադրբեջանը Թուրքիայի հետ Բաթումում կնքված հաշտությամբ և Օսմանյան կայսրապետության կամքով տեր դարձավ նախկին ցարիզմի կողմից սահմանված վերոհիշյալ նահանգներին։ Փաստորեն, անխուսափելի էր դառնում բախումը Արաքսից հյուսիս ընկած տարածքների վրա առաջին անգամ հորջորջվող Ադրբեջանի և իր ազատության ու ինքնորոշման համար պայքարող Ղարաբաղի հայության միջև։
Եվ այսպես, աշխարհի քարտեզի վրա գծվում էր մի նոր պետություն, որի հիմքում դրված էր ոչ պատմականության և ոչ էլ էթնիկական պատկանելիության սկզբունքները։ Այն ստեղծվեց պանթուրքիստական ու մեծ տերությունների շահանկատ ծրագրերի իրագործման և հայկական հարցի վերջնականապես կործանման համար։ «Մի ղարաբաղցի ծեր հայ,– գրել է իր «Պատմական հիշատակարանում»-ում Միրզա Տեր-Սարգսյանը (Միտսարը),- Ադրբեջանի պետության առաջ գալու մասին ասել է. «Օսմանցին և անգլիացին (օսմանլին և անգլիան) քոնթի եկան և ցկնեցին ադրբեջանի պետությունը»։
Հետագայում, իրանական Ատրպատականին հավակնելու համար, էնվերի եղբոր՝ Նուրի փաշայի խորհրդով այս նորաթուխ մահմեդական պետությունը անվանվեց Ադրբեջան։ Նորաստեղծ Ադրբեջանի կառավարությունը շտապում էր թուրքական օկուպանտների օգնությամբ վերջ տալ Լեռնային Ղարաբաղի ինքնուրույնությանը։ Ըստ էության, Ադրբեջանում փաստացի իշխանությունը գտնվում էր թուրք զինվորականության տրամադրության տակ։ Նրանք զենք ունեցող տեղի մահմեդականներից կազմակերպեցին հրոսակախմբեր։ Առանձնապես դաժանորեն էր գործում այսպես կոչված «վայրի դիվիզիան», որի հսկողության տակ էր գտնվում Շուշի-Եփլախ ճանապարհը։ Լեռնային Ղարաբաղը կտրվեց արտաքին աշխարհից և հայտնվեց պաշարման օղակի մեջ։
Անհրաժեշտ էր անցնել ինքնապաշտպանության և պահպանել երկրամասի ինքնուրույնությունը։ Այդ հարցը լուծելու համար դաշնակցական կուսակցության նախաձեռնությամբ 1918 թ. հուլիսի 22-26-ին Շուշիում անցկացվեց Ղարաբաղի հայության առաջին համագումարը։ Լեռնային Ղարաբաղը համագումարը հայտարարեց անկախ վարչաքաղաքական միավոր, ընտրեց Ղարաբաղի Հայոց Ազգային խորհուրդ և յոթ հոգուց բաղկացած Ղարաբաղի ժողովրդական կառավարություն, որի կազմում հիմնականում դաշնակցականներ էին։ Կառավարությունը գլխավորում էր Եղիշե Իշխանյանը։ Միաժամանակ Թիֆլիսում բնակվող ղարաբաղցիներից կազմակերպվում է կամավորական մի գունդ, որը անհրաժեշտության դեպքում պետք է պաշտպաներ երկրամասի հայությանը։ Մինչև Ղարաբաղ հասնելը այդ գունդը հերոսացավ Սարդարապատում։
Արցախահայության ինքնապաշտպանությունը կազմակերպելու համար Թիֆլիսից Շուշի է գնում գնդապետ Միքայել Մելիք-Շահնազարյանը։ Սակայն իրադարձությունները զարգանում էին ի վնաս Ղարաբաղի հայության։ Թուրք զավթիչները մուսավաթականների գործուն մասնակցությամբ որոշեցին Ղարաբաղի հայության դիմադրությունը ճնշել զենքի ուժով։ Թուրքերը առաջին հերթին Ղարաբաղը կտրեցին Զանգեզուրից և ավերեցին Բերդաձորի ենթաշրջանի գյուղերը։ Աղդամում տեղակայված թուրքական երկրորդ դիվիզիայի հրամանատար Ջեմիլ Ջահիդ Բեյը վերջնագիր ուղարկեց Ղարաբաղի կառավարությանը՝ չդիմադրելու և հպատակվելու պահանջով։ Նա միաժամանակ պահանջեց «հեռու մնալ Անդրանիկից»։ Ստեղծված կացությունը քննարկելու համար հրավիրեցին Ղարաբաղի հայության երկրորդ (1918 թ. սեպտեմբերի 7-11-ին), ապա երրորդ համագումարները (1918թ. սեպտեմբերի 18-22-ին), որոնք մերժեցին թուրքերի պահանջները։ Միաժամանակ գավառներում սղնախական ժամանակներից մնացած ավանդույթով ստեղծվեցին զորակայաններ և նշանակվեցին զորահրամանատարներ։ Վարանդայի զորահրամանատարն էր Սոկրատ Բեկ Շահնազարյանը, Դիզակինը՝ Արտեմ Լալայանը, Խաչենինը՝ Ալեքսան Դային, Ջրաբերդինը՝ Բագրատ Նազարյանը։ Թուրքական բանակը տեղացի մահմեդականների ուղեկցությամբ սեպտեմբերի 22-ին մտավ Լեռնային Ղարաբաղ՝ ավերելով Դահրազ, Վարազաբույն՝ Փիրջամալ, Նախիջևանիկ, Քյաթուկ, Խրամորթ, Խանաբադ, Ղլիշբաղ, Քարագլուխ գյուղերը։ Թուրքական զորամասերը Շուշի մտան սեպտեմբերի 25-ին։ Բանակի հետևից շարժվում էր «տեղական թաթարների հազարավոր խուժանը՝ գրավված գյուղերն ու քաղաքը ավերելու և թալանելու նպատակով»։
Թուրքական հրամանատարությունը լուծարեց Ղարաբաղի կառավարությունը։ Ավելի քան 60 մտավորականներ, այդ թվում և Ղարաբաղի Հայոց Ազգային խորհրդի նախագահ Եղ. Իշխանյանը, ձերբակալվեցին ու նետվեցին բանտ։ Թեպետ Շուշին ընկավ, սակայն Արցախի գավառները մնացին անառիկ։ Ամենուրեք կազմակերպվեցին ինքնապաշտպանական ջոկատներ։ Մարտակերտի հայության հերոսական դիմադրության շնորհիվ կանխվեց թուրքերի մուտքը Ջրաբերդի շրջան։ Այնուհետև ահեղ մարտեր ծավալվեցին Վարանդայի և Դիզակի շրջաններում։
1918թ. հոկտեմբերին ավելի քան 400 հոգուց բաղկացած թուրք-թաթարական մի զորամաս փորձում է Շուշիից Վարանդայի վրայով անցնել Կարյագինո՝ նպատակ ունենալով ավերել Դիզակն ու Վարանդան։ Դիզակի զորահրամանատար Արտեմ Լալայանը անմիջապես համախմբում է Դիզակի ու Վարանդայի աշխարհազորայիններին և իր քաջարի օգնական, ծննդով Կեմրակուճ գյուղից Ասլանիկին՝ Ասլան Սարգսի Մուրադխանյանին ուղարկում թշնամու ճանապարհը փակելու։ Հոկտեմբերի 18-ին Մսմնա գյուղի մոտ Դիզակի և Վարանդայի զինված ուժերին հաջողվում է լիովին ջախջախել թշնամու զորամասը։ Մի քանի օր անց թուրք-թաթարների ավելի քան 600 ասկյարներից բաղկացած մեկ ուրիշ զորամաս երկրորդ անգամ փորձում է Վարանդայի վրայով անցնել Կարյագինո։ Այս անգամ էլ Դիզակի և Վարանդայի աշխարհազորայինների անկոտրում կամքի շնորհիվ թուրքական հրամանատարությունը ստիպված զորամասը ետ է վերադարձնում Շուշի։
Շուտով Թուրքիան պարտվեց առաջին համաշխարհային պատերազմում, և Անդրկովկասում նրան փոխարինեց Անգլիան։ Ադրբեջանը Ղարաբաղին ցանկացավ տիրել այս անգամ էլ Անգլիայի օգնությամբ։ Այդ օրերին, 1918թ. նոյեմբերի 16-ին զորավար Անդրանիկը արցախցիների խնդրանքով իր ջոկատով շարժվում է դեպի Ղարաբաղ։ Նա Զաբուխի պաշտպանական բլուրները գրավելուց հետո մտավ Ավդալլար և նպատակ ուներ շարժվել դեպի Շուշի։ Սակայն դեկտեմբերի 1-ին Անդրանիկը Շուշու նախկին քաղաքագլուխ Գ.Մելիք-Շահնազարյանի անունով Բաքվից ստանում է հեռագիր Անդրկովկասում անգլիական զորքերի հրամանատար Թոմսոնի ստորագրությամբ, որով Անդրանիկից պահանջվում էր զորաշարժի անհապաղ դադարեցում։ Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, Ավդալլար է ժամանում Անտանտի ռազմական միսիան և Անդրանիկին հանձնում Թոմսոնի նամակը, որում մասսամբ գրված է. «Ես ձեզ նախազգուշացնում եմ, որ եթե դուք չկատարեք ինձնից ստացված հրահանգերը, դուք անձամբ պատասխան կտաք ձեր գործողությունների հետևանքով առաջացած արյունահեղության համար։ Իմ հրահանգը կատարելուց ձեր ամեն տեսակ խուսանավումը անպայման լրջորեն կանդրադառնա հայ ժողովրդի հարցի վրա, երբ այն կդրվի խաղաղության կոնֆերանսում...»։
Անդրանիկը ստիպված տեղի տվեց և վերադարձավ Գորիս։ Նենգ Ալբիոնը, մի կողմից հայտարարելով, որ վիճելի տարածքների ճակատագիրը կորոշվի Փարիզի Խաղաղության կոնֆերանսում, մյուս կողմից՝ 1919թ. հունվարի 15-ին Ղարաբաղում և Զանգեզուրում ստեղծեց գեներալ-նահանգապետություն և նահանգապետ նշանակեց հայտնի հայատյաց Խոսրով Բեկ Սուլթանովին։ Այդ առթիվ Թոմսոնին փոխարինած գնդապետ Շատելվորդի պաշտոնական հաղորդագրության մեջ ասված է. «...բժիշկ Սուլթանովը նշանակված է Շուշվա, Զանգեզուրի, Ջեբրայիլի և Ջիվանշիրի գավառների գեներալ նահանգապետ և օգտվում է անգլիական հրամանատարության պաշտպանությունից․․․»։
Ադրբեջանը, ոգևորվելով նման հովանավորությունից, նոր վերջնագիր ներկայացրեց Ղարաբաղի Հայոց Ազգային Խորհրդին։ Այդ նպատակով Սուլթանովը ստանում է նոր ուժեր և աքցանի մեջ առնում Արցախը։ Մուսավաթական Ադրբեջանի վերջնագիրը քննարկելու համար 1919թ. փետրվարի 12-21-ին Շուշիի թեմական դպրոցում հրավիրվեց Ղարաբաղի հայության չորրորդ համագումարը։ «Հայկական Ղարաբաղը,− ասված է համագումարի որոշման մեջ, իրազեկ է պահել ամբողջ աշխարհին, որ նա իր տարածքում չի ընդունել և չի ընդունում Ադրբեջանի իշխանությունը»։ Նույն վճռականությունը հանդես բերին նաև հինգերորդ և վեցերորդ համագումարները։ «Ղարաբաղի հայության քաղաքական, պատմական, կուլտուր-իրավական և մանավանդ տնտեսական պայմաները, ասված է 5-րդ համագումարի որոշման մեջ,- չեն կարող ոչ մի դեպքում հիմք ծառայել հայ ժողովրդի շլնքին փաթաթելու Ադրբեջանի թեկուզ ժամանակավոր իշխանության վարչական ձևը»։
Արցախի հայությանը նեցուկ կանգնելու նպատակով 1919թ. ապրիլի սկզբին Հայաստանի կառավարությունը փոխգնդապետ Արզումանյանին նշանակում է Ղարաբաղի գործերի և կառավարման գծով Բրիտանական հրամանատարության լիազորին առընթեր ներկայացուցիչ։
Արցախ ուղարկվեցին ծագումով արցախցի մի խումբ քաղաքական գործիչներ և սպաներ, որոնց առջև խնդիր դրվեց կազմակերպել տեղի հայության ինքնապաշտպանությունը։
Սուլթանովը, արցախահայության վճռականությունից գազազած, որոշեց բնակչությանը խեղդել սովի ճիրաններում։ Այդ նպատակով դեպի Դաշտային Ղարաբաղ տանող բոլոր ճանապարհները փակվեցին։ Հրի ու սրի մատնվեցին մի քանի հայկական գյուղեր։ Առանձնակի դաժանությունների ենթարկվեցին Ղայբալիշենի հայերը։ «Գյուղի բոլոր տները այրվում են,- պատմում է արխիվային վավերագիրը,- իսկ կիսավեր և այրված տները լի են դիակներով։ ... 70 տուն ունեցող գյուղի բնակչությունից ազատվել են մոտավորապես 160 հոգի։ Կոտորածի ժամանակ քաղաքից (Շուշիից-Վ.Բ.) դիտելիս են եղել անգլիացիք և ոչ մի միջոց չեն ձեռք առել կոտորածը դադարեցնելու»։ Այս և Սուլթանովի մյուս չարագործությունների մասին վկայել են Ադրբեջանի պառլամենտի անդամներ Կարաբեկովը և Ռուստամբեկովը։ Վերոհիշյալ չարագործությունները ղեկավարում էին թուրք էմիսարները։ «Պատգամավոր Խոջայանի ստացած տեղեկություններով իբր թե Էնվերը գտնվում է Սուլթանովի հայտնի բնակավայրում- Հաջի Սալմոնում, իսկ անգլիացիների ունեցած տեղեկություններով նա իբր թե գտնվում է Աղդամում»։
Եվ այդպիսի լարված իրավիճակում 1919թ. օգոստոսին, Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության յոթերորդ համագումարը։ Ձգտելով խուսափել նոր արյունահեղությունից՝ ժամանակ շահել և կենտրոնացնել առկա ուժերը, համագումարը գնաց փոխզիջման։ Համագումարի կողմից ընտրված 16 հոգուց բաղկացած պատգամավորությունը օգոստոսի 22-ին Սուլթանովի հետ քննարկեց և ստորագրեց 26 կետից բաղկացած համաձայնագիր, որով Լեռնային Ղարաբաղը մինչև Փարիզի խաղաղության կոնֆերանսում հարցի վերջնական լուծումը իրեն ժամանակավորապես համարում է Աղրբեջանի սահմաններում։ Ադրբեջանի զորքերը չեն մտնում Ղարաբաղ, երկրամասի գործերը առաջվա նման վարելու էին Հայոց Ազգային Խորհուրդը և հայության համագումարները։ Սուլթանովը, ավելի հեռուն գնալով Ղարաբաղի Ազգային Խորհրդից պահանջում է վերջնականապես ենթարկվել մուսավաթական Ադրբեջանին։ Միաժամանակ նա հրամայեց մուսավաթական բանակը տեղաշարժել և կենտրոնացնել ռազմական նշանակություն ունեցող կետերում՝ այստեղից Զանգեզուր ներխուժելու միտումով։
Ստեղծված իրավիճակը քննարկելու համար 1920թ. փետրվարի 28-ից մինչև մարտի 5-ը Շոշ գյուղում հրավիրվեց արցախահայության ութերորդ համագումարը, որը մերժեց Սուլթանովի պահանջը և գտավ, որ օգոստոսի 22-ի համաձայնագիրը Ադրբեջանի կողմից պարբերաբար խախտման հետևանքով կորցրել է իր ուժը։ Համագումարը մուսավաթական կառավարությունից պահանջում է վերջ տալ կոտորածներին, այլապես «նման դեպքերի կրկնությունը կստիպի Լեռնային Ղարաբաղի հայությանը՝ իրենց կյանքն ու պատիվը պաշտպանելու համար դիմել համապատասխան միջոցների»։ Կազմակերպվեց Ղարաբաղի պաշտպանության կենտրոնական մարմին՝ շրջաններում իր ճյուղավորումներով։
Մարտին սկսվեց համաժողովրդական ապստամբություն։ Ադրբեջանական ուժերի հարձակումը սկսվեց 1920թ. մարտի 22-ին երեկոյան։ Առավել կատաղի մարտեր ծավալվեցին Ասկերանի ռազմաճակատում։ Հայկական փոքրաթիվ ուժերը Դալի Ղազարի գլխավորությամբ մարտի 27-29-ը մի քանի ջախջախիչ հարվածներով հետ մղեցին ադրբեջանական մեծաքանակ զորքերի հարձակումները։ Բանն այնտեղ հասավ, որ ահաբեկված ազերիները ստիպված էին թողնել Աղդամը և մի քանի սահմանամերձ բնակավայրեր։ Խայտառակ պարտության հետևանքով Ադրբեջանի զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Սելիմովը հեռացվեց պաշտոնից։ Պարտությունից կատաղած մուսավաթական կառավարությունը նորանոր ուժեր է նետում ռազմաճակատ։ Արդեն մարտի 30-ին Ղարաբաղի ռազմաճակատում կենտրոնացվեց Ադրբեջանի կանոնավոր բանակի 70-80 տոկոսը, բազմահազար «կամավորական» խաժամուժ, այստեղ մնացած թուրքական բազմաթիվ ջոկատներ, Դաղստանցի մուսուլմանների և քրդական զորախմբեր, ծանր ու թեթև հրետանի։ Զորքերի ընդհանուր քանակը հասնում էր մոտ 80000-ի։
Ապրիլի 3-ին, օգտվելով թանձր մառախուղից, թշնամին իր գերազանց ուժերով ճեղքեց պաշտպանական գծի ճակատը և շարժվեց դեպի Շուշի։ Ղարաբաղը բաժանվեց երկու մասի, Աղդամ-Շուշի ճանապարհը ընկնում է հակառակորդի ձեռքը։ Դալի Ղազարը կորուստներ չտալու համար իր ջոկատին հրամայում է նահանջել, իսկ ինքը մնում է և կռվում մինչև վերջին փամփուշտը, իսկ վերջին գնդակը ուղղում իր քունքին։
Հեշտ հաղթանակի սովոր թուրքը լեռնաստանում հանդիպեց համառ դիմադրության։ Ապրիլի 5-13-ը լարված մարտեր տեղի ունեցան Վարանդայի ուղղությամբ։ Սղնախ գյուղի տակ թշնամին մեծաքանակ կորուստներ է տալիս, որի հետևանքով, ինչպես նաև Հայաստանից սպասվելիք օգնության լուրն առնելուց հետո լքում է ռազմաճակատի գիծը։
Չնայած Հայաստանի Հանրապետության ծանր վիճակին՝ կառավարությունը 1920թ. ապրիլի 14-ին Զանգեզուրից Վարանդա ուղարկեց Դրոյին, իսկ Ղափանից Դիզակ՝ Նժդեհին։ Այդ օրերին կազմվեց Արցախի ժամանակավոր կառավարությունը, որի կազմը հաստատեց Վարանդայի Թաղավարդ գյուղում 1920թ. ապրիլի 25-ին հրավիրված Ղարաբաղի հայության 9-րդ համագումարը։ Միաժամանակ համագումարը որոշեց «հռչակել Լեռնային Ղարաբաղի միացումը Հայաստանի Հանրապետությանը՝ որպես նրա անբաժան մաս»։
Արցախը պաշտոնապես ընդունում է Հայաստանի Հանրապետության դրոշը, զինանշանը, հիմնը, դրամը։
Չնայած ծանր կորուստներին՝ արցախահայությունը հասավ իր բաղձալի նպատակին՝ վերամիավորվեց մայր Հայաստանին։