Jump to content

Արցախյան բալլադ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

(Դրամատիկական արձակ պոեմ՝ երկու արարով)

ԳՈՐԾՈՂ ԱՆՁԵՐ
1. Պատմիչ
2. Անուշ
3. Արշակ
4. Պուղի
5. Սերոժ
6. Ժորա
7. Վարդան
8. Սաթենիկ
9. Հովե
10. Հակոբ
11. Տիգրան
12. Գեղամ
13. Արեգնուհի
14. Մարիամ
15. Մուշեղ
16. Քաջիկ
17. Կին
18. Սոնա


ՈՐՊԵՍ ՍԿԻԶԲ

Վարագույրը բացվում է։ Բեմում վայրենի աղմուկ է, իրարանցում է, վանդակաձողեր են, յոթանասուն տարիների խառնաշփոթությունն է ալիքվում։ Ու ալիքների կենտրոնում, ասես հեղեղի մեջ, խորտակվող ամբիոնն է՝ ԽՍՀՄ գերբը վրան, խոսում է գիշատչական ձայնով, ժանիքները կրճտացնելով։ «Ազերիների նախնիները նախկինում գրել են հայերեն։ Հայերեն տառերը մերն են։ Խաչքարը դա մեր խաչդաշն է։ Գանձասարը մերն է։ Էս ծառը մերն է, էս սարը մերն է։ Դուք էլ եք մերը։ Ազերի եք։ Իսկ թե համարձակվում եք նորից հայ մնալ՝ դուրս Ղարաբաղից, գյավուրներ։ Ղարաբաղը Ադրբեջանի անբաժանելի մասն էր։ Ապա՝ փոթորիկ։ Կայծակ։ Իրարամերժ ալիքներ. «Չէ... չէ... չէ...»։ «Չէ... չէ... չէ...»։ «Ղարաբաղն՝ առանց հայերի»։ «Չէ... չէ... չէ...»։ «Երբեք»։
Լռություն։ Տագնապալից հնչում են եկեղեցու զանգերը։
ԱՐՇԱԿ. - Ոտքի, ժողովուրդ հայոց։
ՀԱԿՈԲ. - Դարավոր թշնամին նորից մտել է խաղաղ շեներդ ու ավաններդ։
ՀՈՎԵ. - Ուզում է ոչնչացնել այն ամենը, ինչ սուրբ է ու հայկական, ինչ սուրբ է ու հայկական։
ԱՆՈՒՇ. - Օգնական լեր, Տեր Աստված։
Շարժվում է բեմը։ Դադար։ Սկսվում է ներկայացումը։


ԱՌԱՋԻՆ ԱՐԱՐ

ՊԱՏՄԻՉ. - Բարեւ։ Չեմ հարցնում՝ ոնց եք։ Հիմա չեն հարցնում։ Ճանապարհս հասել է դաշտ ու կորել... Կարծում եք՝ ծաղիկների ու կանաչի՞ մեջ։ Խավարի ու մոմերի մեջ։ Ծաղիկներ չեն, մոմեր են համատարած։
ԱՐՇԱԿ. - Գիտենք, պատմիչ, ահա դաշտն ուր վերջանում է, ճանապարհը շարունակվում է այնտեղից։
ՊԱՏՄԻՉ. - Բայց ո՞նց անցնել դաշտը։
ՀՈՎԵ. - Բոլոր մոմերը վառվում են, բայց էլի խավարը կա։ Յուրաքանչյուր մոմ դա բառ է։ Վիրավոր են բառերը։
ՄՈՒՇԵՂ. - Չկա բառ, որ մեր արյունով ողողված չլինի։
ՊԱՏՄԻՉ. - Բա ես ոնց մոտենամ բառին։ Ես ո՞ր բառին ձեռք տամ, որ վերքոտ չլինի ու սիրտ չցավացնեմ։ Լռել էլ չեմ կարող։
ԱՐԵԳՆՈՒՀԻ. - Մութ է։ Երբ մթան մեջ խոսում են, դա օգնություն է մոմերին։ Փորձե՞լ եք։
ՊԱՏՄԻՉ. - Այո, միայն թե հարկավոր բառը, անվիրավոր բառը, անսպի բառը գտնեմ ու...
ԱՆՈՒՇ. - Բառերը փորձվում են մթան մեջ։ Ճշմարիտ բառերը լույս են արձակում։
ՊԱՏՄԻՉ. - Հա, հավատում եմ Ձեզ, հավատում եմ, բայց... Ես չեմ ուզում հրաժեշտ բառը, անհրաժեշտ բառն եմ ուզում։
ԱՆՈՒՇ. - Բայց ամեն մոմի տակ մարդն է՝ վայրի խավարում, շարժվում է, տես...
ՊԱՏՄԻՉ. - Ես միշտ սեր եմ երգել, իսկ հիմա՞... Չկան այն բառերը, որոնցով ես կարողանամ խոսել արցախցու հետ։
ԱՐՇԱԿ. - Դժվար է։ Անհնար է հիմա արցախցու հետ խոսելը։ Այո։ Մոմերը շարժվում են։
ՊՈՒՂԻ. -Մոմերի լույսից բացվում են շողեր ու վարդի պես բուրում երկնքում։ Ու մոմավորները մոմի հետ այնքան չեն խոսում, որքան խոսում են երկնքից։
ԺՈՐԱ. - Խոսում են նրանք, որ արդեն երկնավոր են։ Ահա նրանցից մեկը՝ Ավոն։ Լսո՞ւմ ես, պատմիչ։
ՀՈՎԵ. - «Տղեք, եթե մենք կորցնենք Արցախը՝ մենք կշրջենք մեր ժողովրդի պատմության վերջին էջը»։
ՔԱՋԻԿ.- Այսպես։ Ուրիշ ոչինչ։ Դու տեսե՞լ ես, թե ինչպես են թախծում տխրության մեջ սուզված մարդիկ։ Սուզված։ Ոչ խորտակված։ Մենք միամիտ էինք, կարծում էինք տխրությունից հետո էլ չէինք տխրի, բայց պարզվում է, որ իրար շատ են նման տխրությունը, հողը, ցավը, պատմիչ, բազմաշերտ են... Բազմախավար։ Ու՝ բազմալեզու։
ԳԵՂԱՄ. - Մոմերը, տեսեք, գալիս են դեպի մեզ, գալիս են մեկ-մեկ։
ՎԱՐԴԱՆ. - Մոմերը գալիս են։
ԿԻՆ.- Մոմերի բանակ՝ խավարի դաշտում։
ՍԱԹԵՆԻԿ. - Ամեն մոմից թռած շողի մեջ երկնքում կանգնում-բացվում են դեմքեր, խոսքեր, հեռացած-չհեռացածներ։
ՀՈՎԵ. - Ու մենք պարզապես շատ ենք ու շատունք ենք... Ու ոչ ոք բացակա չէ։ Բացականերն էլ բացակա չեն...
ՍԵՐՈԺ. - Լռենք։ Թող խոսեն մոմերը։
ԱՐՇԱԿ. - (Մոմ Ա)։ Մենք այստեղ ապրում ենք Նոյի ժամանակից։ Ու թե մի քիչ խենթ ենք, դրա համար մեղավոր չենք։
ՊԱՏՄԻՉ. - (Ձայն) - Բայց ո՞վ է մեղավոր։
ՔԱՋԻԿ. - (Մոմ Ա)։ Ոչ ոք։ Գուցե մի քիչ՝ մեր արմատը, որ վաղուց հողի մեջ խրվել ու հասել է այստեղ։
ՊԱՏՄԻՉ.- (Ձայն)։ Որտե՞ղ։
ՄՈՒՇԵՂ.- (Մոմ Ա)։ Դաշտի խորքը։ Կարասին։ Այն կարասին, որի գինին քամվել է Նոյի ձեռքով, նույն որթատունկից, ու Նոյի ձեռքով էլ հողվել է կարասը։
ՊԱՏՄԻՉ.- (Ձայն)։ Իմաստուն խենթություն է։
ՍԵՐՈԺ. - (Մոմ Բ)։ Հնուց ասված բան է. մենք՝ հայերս, խենթերի ժողովուրդ ենք...
ՊԱՏՄԻՉ. - (Մոմ Գ)։ Հեյ ուլատեր, հեյ գառնատեր, եկեք տարեք, ով մեկն ունի՝ հինգն եմ բերել, ով հինգն ունի... Հեյ լեռնատեր, հեյ ձորատեր...
ՀՈՎԵ.- (Մոմ Դ)։ Անին կորցրել եմ Արցախում։ Եկել եմ՝ գտնեմ։
ՄՈՒՇԵՂ. - (Մոմ Է)։ Արցախը Մուշն է...
ՎԱՐԴԱՆ.- (Մոմ Ջ)։ Վանն է...
ԱՐՇԱԿ. - (Մոմ Է)։ Ղարսն է...
ԺՈՐԱ. - (Մոմ Թ)։ Տարոնն է...
ՍԱԹԵՆԻԿ.- (Մոմ Ժ)։ Տալվորիկը...
ԱՐԵԳՆ.- (Մոմ Ի)։ Զեյթունը...
ՔԱՋԻԿ. - (Մոմ Լ)։ Ավարայրն է...
ՊԱՏՄԻՉ. - (Մոմ Գ)։ Հեյ ուլատեր, հեյ գառնատեր...
ՀՈՎԵ.- (Մոմ Դ)։ Էլ տեղ չկա։ Էլ դատարկ չեմ գնա։ Եկել եմ Արցախ... ու պիտի վերականգնեմ Անիս... Բերդաքաղաքս...
ՍԵՐՈԺ. - (Մոմ Խ)։ Ես եկել եմ Սումգայիթից։
ՄՈՄԵՐ.- (Ամեն մեկը՝ յուրովի, ցավով շշնջում է)։ Սումգայիթ...
ՍԵՐՈԺ. - Դեռ վերքը շատ է թարմ։
ԿԻՆ. - Դեռ արյուն է ծորում։ Այդ անունը՝ զգույշ...
ԱՐՇԱԿ. - (Մոմ Խ.)։ Մարդիկ չկան։ Շարժվող կացիններ են։ Սուր կացիններ են, շիկացած երկաթաձողեր են։ Սուսս...
ՍԵՐՈԺ. - Եվ սուրը դեռ չի հանվել։ Եվ կացինը դեռ իջնում է։
ԺՈՐԱ.- Թուրքական խաժամուժ ու աղմուկ։ Ու լաց։
ՀՈՎԵ.- Ու անօգնական ծկլթոցներ։ Ու խուժանի հռհռոց։
ՔԱՋԻԿ. - Ու հայոց արցախական բարբառի աստվածականչ մեղաներ։ Պատմիչ։ Ի՞նչ է սա։
ՊԱՏՄԻՉ. - Կացիններ... Յոթանասուն տարի՝ այսպես։Լափելու ձեւը փոխել են։ Սկզբում խժռում էին եղբայրական պատառաքաղ-դանակներով՝ անձեռոցիկներով մաքրելով բերանները։ Անձայն։ Լուռ։ Գդալ-դանակով։ Հետո ամեն ինչ փոխվեց։ Հետո... Երբ ձայն հանեցին ուտվողները, դանակները միանգամից դարձան կացիներ։ Եվ Սումգայիթյան շիթերով ողողվեցին Քիրս ու Մռովի գագաթները... Ու հայոց արցունքներն ընկան մեզ խաբող-կապող դրոշների վրա ու տեսանք, որ նրանց կարմիրը սուտ է։ Ու տեսանք, թե ոնց նրանց կարմիրը քամվեց-քամվեց ու դարձավ մեզ վառող կրակ, մեզ կենդանի-կենդանի, գազօջախի վրա խանձող հրդեհ։ Ու սկսվեց... արյան մի հեղեղ։
ՔԱՋԻԿ.- Ո՞ւր ես, բիբլիական Արարատ, մոտեցիր, քո սպիտակափառ գագաթն այս անգամ էլ փրկության խարիսխ դարձրու եղեռնվող զավականցդ համար։
ԱՐՇԱԿ.- Բարձրացեք բոլորդ Տապանը Նոյան։
ԺՈՐԱ. - «Մեր երկիրը ավերված է, բայց սուրբ է եւ հին»։
ՄՈՄԵՐ. - «Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար»։ «Սուրբ է ամեն քար»։
Դադար։ Հրետակոծությունը սկսվում է։ Բեմի վրա Գեղամն է։
ԳԵՂԱՄ.- Ելնեն Սասուն, հասնեն Վան... (Երգում է մի անուշ մոմիկ)։
ԱՆՈՒՇ. - Գեղամ, Գեղամ։ Ո՞ւր գնաց, Գեղամ։ Գեղամ։
ԳԵՂԱՄ. - (Մեծավարի, անվախ)։ Ի՞նչ է եղել։ Տատ։
ԱՆՈՒՇ.- (Գեղամին ճանկելով, կուչ է գալիս փլված շենքի կամարի տակ)։ Քեզ չասացի՞ նկուղից դուրս չգաս։
ԳԵՂԱՄ. - Ես պիտի գնամ կռիվ...
ԱՆՈՒՇ.- Էլի երեխայություն ես անում։
ԳԵՂԱՄ.- Ես երեխա չեմ։
ԱՆՈՒՇ. - Բա ի՞նչ ես։
ԳԵՂԱՄ.- Տղամարդ։ Չես հավատո՞ւմ։ Ահա ավտոմատս։
ԱՆՈՒՇ.- (Նոր միայն նկատելով ավտոմատը)։ Վայ, Գեղամ ջան, էս էլի իսկականն ես վերցրե՞լ։ Արա, քեզ չե՞մ ասել՝ կտրաքի, արյուն կանի։
ԳԵՂԱՄ.- Ես խաղալիք ավտոմատ էլ չեմ վերցնելու։
ԱՆՈՒՇ.- Ինչո՞ւ։
ԳԵՂԱՄ.- Չի տրաքում։ Սուտ տեղից «բիո-բիոմ» եմ անում՝ որ ի՞նչ։ Իմ ընկերները հորս, մորս հետ կռվում են հիմա։ Բոլորին ասել ես՝ գնացեք, գնացեք, ինձ չես թողնում։
ԱՆՈՒՇ.- Որ մեծանաս՝ ով չի թողնի, դու էլ կգնաս։
ԳԵՂԱՄ. - Բա ինչո՞ւ Վահիկը գնացել է։ Նա ինձնից շատ է մե՞ծ։
ԱՆՈՒՇ.- Նա արդեն 17 տարեկան է։
ԳԵՂԱՄ. - Ինչ , երեք տարով է մեծ, էլի։ Ես էլ եմ գնալու՝ կռվեմ։ (Այդ պահին երեւում է համազգեստով եւ զենքով մի աղջիկ՝ Արեգնուհին)։
ԱՐԵԳՆՈՒՀԻ.- Գեղամ... (տագնապ կա ձայնում)։
ԳԵՂԱՄ.- (Առաջինը նկատելով մորը, վազում, փարվում է նրան)։ Մայրիկը, մայրիկը...
ԱՐԵԳՆՈՒՀԻ.- Գեղամ ջան, ինչո՞ւ եք այստեղ։ Ախր, մամ ջան, ինչու նկուղում չեք։
ԱՆՈՒՇ.- (Գրկելով հարսին)։ Սկսեցին Շուշուց խփել։ Գեղամի ետեւից լեղապատառ դուրս եկա, տեսա՝ իր համար հանգիստ նստած՝ երգում է։ Էս տրաքոցներն էլ՝ հեչ... Վեջը չէ...
ԳԵՂԱՄ. - Մամ... ախր...
ԱՐԵԳ.- Գեղամ ջան, քեզ ի՞նչ եմ ասել։ Չորս-հինգ կողմից քաղաքի վրա խփում են։
ԳեՂԱՄ. - Ինչո՞ւ չեք հասկանում ինձ, ոչ տատիկը, ոչ դու։ Հասկացեք, ես ուզում եմ ավտոմատս վերցնել, գնալ, հորս ազատել գերությունից։
ԱՆՈՒՇ.- Էհ, տղա ջան... Հայրիկի անունը մի հիշեցրու... (Արեգին)։ Բա էդ ո՞նց եղավ, որ տուն եկար... Կռիվը որտե՞ղ է գնում։
ԱՐԵԳ.- Մարտուու մոտերքում, մամ ջան, մերոնք լավ ջարդ են տվել։ Մենակ թե՝ վիրավորները շատ են։ Բերեցինք հոսպիտալ։ Անհանգիստ էր սիրտս՝ ասի մի քանի րոպեով ոտս տուն գցեմ, ձեզ տեսնեմ։
ԱՆՈՒՇ.- Տիգրանից ոչ մի լո՞ւր...
ԱՐԵԳ.- Ոչ մի...
ԳԵՂԱՄ. - (Նայելով մոր զենքին)։ Մամ։ Քո ավտոմատն է լա՞վ, թե՞ իմը։
ԱՐԵԳ.- Քոնը, որդիս, քոնը։
ԳԵՂԱՄ.- Իմը հայրիկի նվիրածն է, դրա՞ համար։
ԱՆՈՒՇ.- Հա... Որդի ջան։
ԳԵՂԱՄ.- Որ այդպես է, մամ, առ հայրիկի ավտոմատը, քեզ հետ կտանես։
ԱՐԵԳ.- Ապրես, որդիս... Քո հոր ավտոմատը պիտի կռվում լինի... Պիտի միշտ կրակի։
ԳԵՂԱՄ.- Մամ, դու կարողանո՞ւմ ես մարդ սպանել։
ԱՐԵԳ.- Չէ, որդիս, մարդուն չեն սպանի։
ԳԵՂԱՄ.- Բա էլ ինչո՞ւ ես կռիվ գնում, որ չեն սպանի։
ԱՐԵԳ.- Ում սպանում են՝ մարդիկ չեն, նրանք մարդասպաններ են։
ԱՆՈՒՇ.- (Կողքի վրա)։ Որ արյուն էր տեսնում Արեգը, վախից դողում էր... Էս աշխարհի վերջը ի՞նչ կլինի։
ԳԵՂԱՄ.- Մամ, դուք էլի թատրոն խաղալո՞ւ եք։
ԱՐԵԳ.- Որ հայրիկդ գա, կռիվը վերջանա։ Խաղալու ենք։
ԳԵՂԱՄ.- Մամ, գիտես ինչ հիշեցի. էն, որ հայրիկի հետ տանը թրերով փորձում էինք։
ԱՐԵԳ.- Հիշում եմ, տղաս։ Ո՞նց չեմ հիշում։
ԳԵՂԱՄ.- Էն, որ հայրիկը սուտ տեղից ընկավ քո թրի հարվածից, ես էլ սկսեցի լացել։
ԱՐԵԳ.- «Ռուզան» էինք խաղում։
ԳԵՂԱՄ.- Մայրիկ, հիշո՞ւմ ես։ Դու եւ հայրիկն էլ սկսեցիք իմ լացի վրա ծիծաղել։ Իմ լացի վրա։
ԱՆՈՒՇ.- Գեղամ ջան, հայրիկը կգա, էլի ամեն ինչ իր տեղով կգնա։
ԳԵՂԱՄ. - Մամ ջան, այն ժամանակ ես փոքրիկ էի, չէ՞։ Կարծում էի, թե թատրոնում ամեն ինչ իսկականից է լինելու։ Չէ՞...
ԱՐԵԳ.- Իհարկե, այն ժամանակ փոքր էիր։ Բայց հիմա էլ թեկուզ մեծացել ես, տատիկին չարչարում ես էլի։ Դա քեզ սազո՞ւմ է։
ԳԵՂԱՄ.- Ի՞նչ է, վա՞տ է, որ ուզում եմ թուրքերի դեմ կռվել։ Թե կարծում ես կռվել չեմ կարող։
ԱՐԵԳ.-Որ մեծանաս...
ԳԵՂԱՄ. - Թշնամին մեր հողն է մտել, ես էլ տանը նստե՞մ։ Հա՞։ (Մեծավարի)։ Ես տղամարդ չե՞մ։ Փողոց էլ դուրս չգա՞մ։ Թողնենք գրադով խփեն, Մուրացանի արձանը ջարդե՞ն։ Բա էդ «Ռուզանը» Մուրացանը չի գրե՞լ։
ԱՆՈՒՇ.- Հայրիկը ինչ է ասել քեզ։ Չի՞ ասել, որ տատիկին, մայրիկին կլսես։ Չի ասե՞լ։ Երբ գրադով խփում են, դու Մուրացանին, ախր, ոնց պիտի պահես, այ գիժ...
ԳԵՂԱՄ.- Ասել է... Բայց... Մենակ դա՞ է ասել։
ԱՐԵԳ. - Էլ ի՞նչ է ասել։
ԳԵՂԱՄ.- Ասել է. «Գեղամ, դու հիմա մեծ տղա ես... Գնում եմ կռիվ։ Տան տղամարդը դու ես մնում... Լավ իմացիր։ Հասկանո՞ւմ ես՝ ինչ եմ ասում։ Տղամարդու շնչից պիտի չոր քարն էլ կանաչի։ ... Զենք գործածելը լավ սովորիր, հերս է ասել։ Հայը պիտի միշտ զենքով լինի։ Առանց զենքի կյանք չկա, մի կտոր խաղաղ երկինք չկա։ Կին, տղամարդ, մեծ, փոքր։ Բոլորը պիտի զենք ունենան»։ Հերս է ասել։
ԱՐԵԳ. -Հայրդ ճիշտ է ասել։ Ճիշտ է ասել Տիգրանը։
ԳԵՂԱՄ. - Մամ, տեսնում ես։ Էն դասարանցի Գագոյի մայրն էլ է կռվում, գիտե՞ս։
ԱՐԵԳ.- Հա... Գիտեմ։ (Բեմ է մտնում Արշակը՝ ձեռնափայտով)։
ԱՐՇԱԿ.- Առյուծն առյուծ է, արու թե էգ։
ԳԵՂԱՄ. - Արշակ քեռի... Մենք ենք հաղթելու՞, թե՞...
ԱՐՇԱԿ. - Իհարկե... Մենք։ Որդիս, գիտե՞ս ինչ։ Հայ լինելը դժվար բան է։ Աստված հային ստեղծել է՝ զույգ ոտքով ցավի ու տառապանքի մեջ։ Բայց չի մոռացել նրա ճակատին աստղ դնել։
ԳԵՂԱՄ.- Ի՞նչ աստղ։
ԱՐՇԱԿ.- Էն աստղը, որ ինչքան էլ մութը թանձրանա, մեզ լույս է տալիս։ Չի թողնում կորչենք։ Դա հայի աստղն է։ Էդ աստղից քո ճակատին էլ կա։
ԳԵՂԱՄ. - Արշակ քեռի, էդ աստղից հորս ճակատին էլ կա, չէ՞։
ԱՐՇԱԿ. - Ինչ խոսք, Գեղամ։ Կա... Այ, գերությունից կպրծնի, կգա՝ կտեսնես։ Քո հայրը գլուխ պահողներից չէ։ Լավ կռվող է։
ԳԵՂԱՄ.-Ախր, ես որ չգնամ, նա ո՞նց կգա։ Պիտի գնամ, որ ազատվի։ (Արշակը բռնում է Գեղամի ձեռքը, դիմում մյուսներին)։ Տղամարդկանց մենակ թողեք։
ԱՆՈՒՇ. - Գնանք, հարս ջան, բերանումդ մի կտոր հաց դիր, ինքն էլ կգա... (Ցածր՝ Արեգին)։ Էլի թե Արշակը նրա էծերը բռնի։ (Անուշն ու Արեգը գնում էին։ Հեռվից ծանր-ծանր լսվում են եկեղեցու զանգերը՝ տինգ-տանգ, տինգ-տանգ)։
ԱՐՇԱԿ.- Պրծավ...
ԳԵՂԱՄ.- Արշակ քեռի, լսե՞լ ես, ասում են՝ թուրքերը Գանձասարի վրա ռումբ են գցել, բայց էլի չի փլվել։
ԱՐՇԱԿ. - Եվ չի փլվի երբեք։ Աստված մեծ է, Գեղամ։ Չենք թողնի։
ԳԵՂԱՄ. - Իհարկե։ Ես էլ չեմ թողնի։
ԱՐՇԱԿ.- Այ, Արշակ քեռու խոսքն ականջիդ օղ արա ու միշտ հիշիր, ես՝ մեռած, դու՝ սաղ...
ԳԵՂԱՄ.- Ո՞ր խոսքը։
ԱՐՇԱԿ.- Համբերիր, ասում եմ։ (Լռություն)։ Ամեն հայի մեջ, Գեղամ ջան, մի վանք-եկեղեցի կա... Զանգերը մեկ ուրախ են հնչում էդ եկեղեցում, մեկ տխուր, մեկ տագնապով են հնչում... Բայց հնչում են... Հայը որտեղ էլ լինի, այդ զանգի վրա գալիս է ու գտնում իր բունը։ Էդ զանգը մեր տունն է, բալաս։
ԳԵՂԱՄ.- Հայրս էլ է լսում զանգը, չէ՞, Արշակ քեռի։
ԱՐՇԱԿ.- Անպայման։ Իհարկե։ Գեղամ ջան։ Հորդ համար, երեւում է, շատ ես տանջվում։ Քեզ մի չարչարի։ Ամեն ինչ լավ կլինի։
ԳԵՂԱՄ.- Արշակ քեռի։ Անիծողը հիմա էլ կգնա, կանիծի։
ԱՐՇԱԿ.- Էհ... Լավ է։ Գեղամ։ Հիմար-հիմար մի խոսիր։ Էլ ո՞ր օրվա ընկերներ ենք, որ ինձ էլ չես ուզում լսել։ Բա տատիկդ մեղք չի՞... Գնա՝ թող մայրդ քեզնով մխիթարվի... Խեղճը վիրավորներ է բերել-էսա՝ նորից մեկնում է ճակատ։
ԳԵՂԱՄ.- Ճիշտ ես ասում, գնացի, Արշակ քեռի։ (Գեղամը հեռանում է)։
ԱՐՇԱԿ.- Տիգրան... Տիգրան։ Ո՞ւմ մտքով կանցներ, թե քո կինը ավտոմատ կառներ ձեռքը։ Էդ գառան պես խոնարհ աղջիկը...

(Մթություն։ Լույսը բացվում է բեմի վրա դանդաղ։ Գաղթականներ են բոլոր ճանապարհներին՝ հոգնած, մեկի շալակին մի աթոռ, մեկինը մի կապոց, մյուսի ձեռքին... Բեմ են մտնում Պատմիչն ու Արշակը, Հակոբը, Հովեն)։

ՊԱՏՄԻՉ. - Հայոց Վաչագան թագավորի հիմնադրած Վարարակնի փողոցներում քանի-քանի գաղթականի հանդիպեցի՝ կոտորածից մազապուրծ, բարությունից ու հանկարծահաս կրակից շիկնած մամիկներ, զարմանքից էլ ավելի մեծացած աչքերով մանկիկներ... ծարավից ճաքած շրթունքներով, կիսաբոբիկ, կիսաչոր...
ԱՐՇԱԿ.- Աստված երբ է ոտք դնելու հայոց լեռներում։ Քանի դար է՝ հայոց լեռները՝ երկինք հասած գագաթներով, բախում են Աստծո դուռը։ Նորից՝ Դեր-Զոր... Դեր-Զոր՝ մեր տան մեջ...
ՊԱՏՄԻՉ.- Նորից եղեռն... Ավեր, ավար։ Մեր վանքերի, եկեղեցիների զանգալեզվակները պոկել-կտրել-թլպատել են ենիչերիները, որ անգամ նրանք չղողանջեն... Պատմությունը կրկնվում է։ Հայը փորձում է ազատ ապրել Աստծո էս լույս աշխարհում, էս բաց երկնքի տակ։
ՀԱԿՈԲ.- Էլ բավական է։ Հայոց աշխարհի անտառներն ու ձորերը, լեռներն ու ժայռերը լեզու են առել ու միայն մի բան են վանկարկում, միայն մի բան են ասում։ Էլ Բա-վա-կան է...
ՀՈՎԵ.- Ջարդել թշնամուն, չխնայել ոչինչ... Մաքրել հայոց բիբլիական հողը ժանիքները սրած գորշ գայլերից... Ազատել։ Ազատություն։ (Նկուղային սենյակ։ Կանայք ու ծերեր։ Երեխա։ Զրուցում են ամեն ինչից)։
ԱՆՈՒՇ.- Ասում են Ամերիկան ասել է՝ ղարաբաղցիների քեֆին ով դիպչի, քթիցը կբերեմ...
ԳԵՂԱՄ.- (Լռություն)։ Տատ, Ամերիկան մեր բարեկա՞մն է։
ԱՆՈՒՇ.- Է, բալա ջան։ Ոչ մեր բարեկամը կարգին բարեկամ եղավ, ոչ էլ թշնամին՝ կարգին թշնամի։
ԺՈՐԱ.- Անուշ քույրիկ, ախր ոնց կարող է իմպերիալիստական Ամերիկան մեր բարեկամը լինել։ Բա իր ժամանակին ընկեր Լենինը ասել է, չէ՞։ Էն ուր է, է, էն անտեր բլոկնոտս, մեջը գրել էի... (փնտրում է)։
ՍԵՐՈԺ.- Պա-հո... Ագիտատոր ապյատ նաչալ։
ԱՐՇԱԿ.- Արա... Ժորա..., այ պարտիական ախպերս, հերիք ա, էլի...
ԺՈՐԱ.- (Գտնելով ծոցատետրը, սկսում է մեջբերում կարդալ)։ Կապիտալիստական սիստեմին հատուկ է...
ՍԵՐՈԺ.- Կանչայ, դա, կանցե-կանցով։ (Բոլոր կողմերից սաստում են, խանգարում, չեն թողնում շարունակի կարդալը)։
ԺՈՐԱ.- Սիստեմին... Կապիտալիստական... հատուկ է...
ԱՐՇԱԿ.- Չէ... Չէ... Արա, սուս կաց, էլի։ Գեղամ։ Էս մեր պարտիական Ժորան ու Լենինը մեզ կերան։
ԱՐՇԱԿ.- Գեղամ, էն ավտոմատը, որ տվիր մորդ, է, նա է մեր բարեկամը։
(Դուռը սկսում են ծեծել տագնապալից։ Բոլորը հավաքվում են դռան մոտ, ներս է մտնում վախեցած Պուղին, շալվարից պինդ բռնած, որ չընկնի։ Գոտին չի հասցրել կապել)։
ՊՈՒՂԻ.- Գալիս է։ Բացեք դուռը։
ԱՐՇԱԿ.- Ո՞վ։ Բաց է, Պուղի։
ՊՈՒՂԻ.- Գալիս է։
ԱՐՇԱԿ.- Ի՞նչն է գալիս։
ՊՈՒՂԻ.- Գալիս է, գալիս է։
ԱՐՇԱԿ.- Արա, մի կարգին խոսիր, շո՞ւն է գալիս, կատո՞ւ, թուրք։ Օդո՞վ, ջրով...Որտեղո՞վ է գալիս։
ՊՈՒՂԻ.- Չէ, է, «Ալազան» է, «Ալազան» է։
ԱՐՇԱԿ.- Տնաշեն, էսքան ժամանակ գալիս է ու չի հասնո՞ւմ «Ալազանը»։
ՊՈՒՂԻ.- Հա, հա, հլա դեռ կարող է ճանապարհին է։ (Դռան ճեղքով փորձում է նայել, վախեցած ետ է ընկնում)։ Չեք հավատո՞ւմ։ Այ, այ, էլի երեւում է, կարմիր... գալիս է։ (Փախչում է խորքը)։
ԱՐՇԱԿ.- (Դռան ճեղքով նայում է)։ Պա քու տունը շինվի, Պուղի... Արաղի Համոն մաղալը վառել է հինգերորդ հարկում։
ՍԵՐՈԺ.- Ա, նաստայաշչի տրուս...
(Կատակում են բոլորը, քաշվում իրենց անկյունները)։
ԳԵՂԱՄ.- Չհասկացանք, Պուղի քեռի, դու տղամարդ չե՞ս, որ «Ալազանից» վախենում ես։
ՊՈՒՂԻ.- Դե սուս...
ԱՆՈՒՇ.- Գեղամ, արի քնիր, ուշ է։
ԳԵՂԱՄ.- Լավ, էլի, տատ։
ԱՐՇԱԿ.- Գեղամ, Պուղի։
ՊՈՒՂԻ. - Հա...
ԱՐՇԱԿ.- Ռադիոն միացրու, տեսնենք՝ ի՞նչ են ասում։
ԱՆՈՒՇ.- Արշակ ջան, մինչեւ հիմա ի՞նչ են ասել, որ սրանից հետո ինչ ասեն... էն, ինչ-որ մեր տղաները կռվի դաշտից գալիս, ասում են, ճիշտը էն ա։ Տղերքը ասում են, որ էս գիշեր մերունք Շուշվա վրա սկսելու են գրոհը։
ԳԵՂԱՄ.- Հա, հա, ես էլ եմ լսել...
ԺՈՐԱ.- Արսենս վաղուց է ասել։
ՊՈՒՂԻ.- Էս ա... (Միացնում է ռադիոն ակումլյատորից)։
ՊՈՒՂԻ.-Տոկը ոնց որ կտրված է։ Ակումլյատորը նստած է։
ՍԵՐՈԺ.- (Նկուղի վերին անկյունից)։ Պուղի, մի արմյանսկի մուղամաթ քցի՝ սկանանք, հա։
ՊՈՒՂԻ.- Իդի տը...
ԱՐՇԱԿ.- Վայ, քու մարդ ասողին... Արա, բա սա խելքի չի գալո՞ւ...
ՍԵՐՈԺ.- (Ակտիվացած)։ Անխելքը տուք ըք, տուք։ Պլոշադումը սաղ օրը կանչալըք՝ «Մի-ա-ցում», «Հա-յաս-տան», «Գոր-բա-չով»։ Տեսնըմըմ՝ հունցըք միացալ։ Արա, Պուղի, սկաժի, դա։
ԱՐՇԱԿ.- Որ հավաքվել ենք՝ ո՞ւմ ենք ինչ արել։ Ասել ենք՝ մեր երգը մեր լեզվով լսենք, մեր տանը մեր լեզվով խոսենք... Դա վա՞տ է։
ՍԵՐՈԺ.- Ի վոտ, ատվետը ստացալըք։ Գորբաչովն էլ լավ միացրեց մեզ, գցալ ա պադվալը։
ՊՈՒՂԻ.- Վայ, կոնտուզիաս, կոնտուզիաս... Արա, տնաքանդ, ոնց որ լեզուդ կարկատած լինի, հոգիդ՝ հանած... Մուղամաթից բացի բան չգիտես... Ախր, լսե՞լ ես, որ իմանաս... Ուզում ես երեխադ, թոռդ էլ քեզ նման մեծանա՞ն...
ՍԵՐՈԺ.-Վոտ տեբե նա։ Արա, հաց կա՞, չայ կա՞, պեյ-կուշայ... դա։ Լեզու կամու նուժնա...
ՊՈՒՂԻ.- Վայ, կոնտուզիաս... Ես պիտի սրան սատկացնեմ։ Չէ... Թողեք։ Սա ապրելու ապրանք չէ։ Չէ... Սրան պիտի սատկացնեմ։ Շախմատը գլխին պիտի ջարդեմ։ Սա որ խոսում է՝ կոնտուզիաս բռնում է։
ԱՆՈՒՇ.- Հանգստացիր, Պուղի։ Մարդ ա, էլի, ինքը մեղք ունի՞, որ խելքն էդքան է։
ՊՈՒՂԻ.- Անուշ քույրիկ, ախր սա ինչ...
ԺՈՐԱ.- Բեժենեց տղա է, էլի։
ԱՐՇԱԿ.- Պուղի... Պուղի... ինձ լսիր։
ՊՈՒՂԻ.- Հա, Արշակ քեռի։
ԱՐՇԱԿ.- Հանգստացա՞ր։ Ասա, հիմա հանգիստ ե՞ս։
ՊՈՒՂԻ.- Հա, Արշակ քեռի, ներեցեք... ներեցեք... ես... ես... երեւի մի քիչ չափն անցա։
ԱՐՇԱԿ.- Չէ, չափը չանցար։ Բայց ափսո՞ս չի շախմատը, որ ուզում ես Սերոժի գլխին ջարդել։ Վաղը ինչո՞վ ես խաղալու։
ԱՆՈՒՇ.- (Արշակին)։ Դու էլ կրակի վրա նավթ մի լցրու։ Թող մարդը հանգստանա։
ՊՈՒՂԻ.- (Հառաչում է)։ Էս կռիվը, տեսնես, երբ է վերջանալու, նկուղներից դուրս գանք, ամեն մարդու երես չտեսնեմ։
ԱՐՇԱԿ.- Էսպես որ գնա՝ չի վերջանալու։
ՊՈՒՂԻ.- Ինչո՞ւ։
ԱՐՇԱԿ.- Պիտի մեծ տերությունները համ էս կողմին, համ էն կողմին մի լավ զինեն ամեն ինչով, որ ասեմ հա՝ կռիվ է, տանք, իրար ջարդենք։ Կռիվն էլ պրծնի։
ՊՈՒՂԻ.- Էդ բա՞ն է, որ ասում ես, Արշակ։
ԱՐՇԱԿ.- Թե չէ՝ սա ինչի՞ նման է։
ԳԵՂԱՄ.- Էդ ի՞նչ ես ասում, Արշակ քեռի։ Մենք էլ կոտորվե՞նք։
ԱՐՇԱԿ-Ա խոխա, դու քնիր, քո գործը չէ... Քեզ չի վերաբերում։
ԳԵՂԱՄ.- Ոնց թե չի վերաբերում, Արշակ քեռի, իրենք մեզ չեն կարող կոտորել։ Բա մեր Բեկորը, Շահենը, Աշոտը... Բա մեր Ավոն...
ԱՐՇԱԿ.- Ավոն... իսկական Անդրանիկ է Ավոն։ Չվիրավորվեի, հիմա էլ Ավոյի մոտ կլինեի։ Շահումյանում։
ԳԵՂԱՄ.- Ես էլ կուզեի Ավոյի խմբում կռվել։
ԱՐՇԱԿ.- Մի անգամ թշնամին առաջխաղացում ունեցավ։ Մեզանից ոչ ոք չէր համարձակվում բառ ասել, նայում էինք իրար երեսի։
ԱՆՈՒՇ.- Հետո՞։
ԱՐՇԱԿ.- Ավոն ասաց. «Տղեք, էդի պզտիկ բաներ են, ընկճվելու պետք չունինք... Մենք զենքի պետք ունինք... Էդ էլ թողնինք իրենք մի լավ զինվեն ու վերցնինք անոնց զենքերը»։
ՊՈՒՂԻ.- Ասում են, երբ մերոնք ուզում են խփել նրանց տանկերին, Ավոն չի թողնում, հա՞։
ԱՐՇԱԿ.-Նայած։ Մեկ-մեկ ասում է՝ տղեք, կտեսնիք, որ ազերին թանկն առած բերում է, որ թողնի մեզի, ինչի՞ կխանգարեք...
ԳԵՂԱՄ.- Շա՞տ տանկեր եք վերցրել։
ԱՐՇԱԿ.- Շատ։ Մենակ տանկ ենք վերցնո՞ւմ։ (Լռում է)։ Ավոն ուրիշ է։ (Սկսվում է հրետակոծությունը)։
ԳԵՂԱՄ.- (Տեղից վեր ցատկելով)։ Մերոնք սկսեցինք։ Մերոնք են։ Շուշին... Շուշին է։
ԺՈՐԱ.-Արսենս... Արսենս էլ է էնտեղ։
ՍԵՐՈԺ.- Էտո նաշի նաչիլի, դա՞... էտո նաշի՞... դա՞...
ԺՈՐԱ.-Հա, հա... գնացի։ Ես կտուրն եմ բարձրանում, տեսնեմ ոնց են կռվում մերոնք։ Մեր տղերքի ցավը տանեմ... (Ժորան դուրս է գնում)։
ԱՐՇԱԿ.- Սկսվեց...
ՊՈՒՂԻ.-Շախմատ չխաղա՞նք։
ԱՐՇԱԿ.-Պա, քո տունը շինվի։ Ժամանակ գտար։
ԳԵՂԱՄ.- Վայ, կռիսը, կռիսը...
ԱՆՈՒՇ.- Վայ, վայ... էս ի՞նչ են ուզում մեզանից։
ԱՐՇԱԿ.- Երեւի կռիսը թուրքի լրտեսն է։
ԱՆՈՒՇ.-Կտրվի էդ կռիսների ցեղը։ Թուրքերի հետ միացած՝ մեզ կերան։
ՊՈՒՂԻ.-Մի հարց տա՞մ։
ԳԵՂԱՄ.- Տուր, Պուղի քեռի, մենակ ես եմ պատասխանելու։
ՊՈՒՂԻ.- Չէ, մեծերին եմ հարցնում։
ԱՐՇԱԿ.- Ասա։
ՊՈՒՂԻ.- Դու ասա, աշխարհի ամենաշատ կենդանիները որո՞նք են։
ԳԵՂԱՄ.- Կռիսները։
ԱՐՇԱԿ.- Սպասիր, Գեղամ, ամենաշատ կենդանինե՞րը... Ուզում եմ ասել...
ՊՈՒՂԻ.- Չէ, չէ, արդեն սխալ ես ասում, այ, որ մեկնումեկը ինձ հետ շախմատ խաղա, կասեմ։
ՍԵՐՈԺ.- Պուղի, սկաժի դա, յա սիգրայու ստաբոյ։
ՊՈՒՂԻ.- Ա, հեռու կաց։ Քեզ հետ, որ սպանեն էլ, չեմ խաղա։ Քեզ հետ մատաղ էլ չեմ ուտի։
ՍԵՐՈԺ.- Ապյա՞տ... Ա շտո խոչիշ ատ մենյա... Վա... Կանցե կանցով։
ՊՈՒՂԻ.- (Արշակին)։ Չէ, չէ, արդեն սխալ ես ասում, այ, որ մեկնումեկը ինձ հետ շախմատ խաղա, կասեմ։
(Բեմի անկյունում Անուշը աղոթք է մրմնջում Աստծուն)։
ԱՆՈՒՇ.- ՀԱՆՈՒՆ ՀՕՐ ԵՎ ՈՐԴՒՈՅ
ԵՒ ՀՈԳՒՈՅՆ ՍՐԲՈՅ.
Հայր մեր՝ որ յերկինս ես,
սուրբ եղիցի անուն Քո։
Եկեսցէ արքայութիւն Քո,
Եղիցին կամք Քո որպէս
յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ
տուր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր, որպէս
եւ մեք թողումք
մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն,
այլ փրկեա՛ զմեզ ի չարէն,
զի Քո է արքայութիւն,
եւ զօրութիւն
եւ փառք յաւիտեանս. Ամէն։
(Սեւազգեստ Մարիամը մոտենում Անուշին, նրան տանում է դեպի բեմի խորքը)։
ԱՐՇԱԿ.- Դրա վախտը չէ։ Տեսնես ո՞նց է վիճակն էնտեղ։
ԱՆՈՒՇ.- Իսկապես...
ԱՐՇԱԿ.- Այ մարդ, բան չհասկացանք։ Էս ինչ տարի է՝ օձի, էս ինչ տարի է՝ շան, էս ինչ տարի է՝ էշի... Բա լավ, մարդու տարի չի լինելո՞ւ, մի օր էլ մունք մարդավարի ապրինք։
(Հրետակոծությունը շարունակվում է)։
ԱՆՈՒՇ.- Վայ կոտորվեք դուք, չեն թողնում երեխաս քնի։
ՊՈՒՂԻ.- Արշակ... Բա ափսո՞ս չէ էդ ղարաբաղցու քաղցր-քաղցր ուշունցը, որ տալիս են նրան։
ԳԵՂԱՄ.- Արշակ քեռին ճիշտ է ասում, ես դրանց...
ՊՈՒՂԻ.- Գեղամ, սուս կաց...
ԱՐՇԱԿ.- Մարդն ո՞ւմ է պետք, խիղճն ո՞ւմ է պետք, արդարությունը ո՞վ է ճանաչում... Էս ինչ խայտառակ աշխարհ դուրս եկավ։
ՊՈՒՂԻ.- Իմ հարցին ոչ ոք չպատասխանեց։
ՊՈՒՂԻ.- Աշխարհի ամենաշատ կենդանիները էշերն են։
ԳԵՂԱՄ.- Ճիշտ ես ասում։ Որ բենզին չկա, մեր քաղաքը էշով լցվել է։
ՊՈՒՂԻ.- Գիտեք, ինչու են էշերը շատ։ (Չսպասելով պատասխանի)։ Որովհետեւ բոլոր տեսակի կենդանիների մեջ էլ էշեր կան։ Ու ամենից շատ էշերը, ցավոք սրտի, լինում են մարդկանց մեջ։
ԱՐՇԱԿ.- Պուղի, առանց շախմատի էլ ես մատ անում։
ԳԵՂԱՄ.- Զոռով ո՞նց քնեմ։
ԱՐՇԱԿ.- Գեղամ, դե որ էդպես է, արի այստեղ։ (Ապա դիմում է Անուշին)։ Անուշ քույրիկ, թող, էլի, էդ երեխան գա ինձ մոտ։
ԳԵՂԱՄ.- (Վազում է Արշակի մոտ)։ Հը։ (Արշակը եւ Գեղամը մոտենում են սեղանին, երկու կողմից նստում՝ դեմ-դիմաց)։
ԱՐՇԱԿ.-Ուժներս չափենք։
ԳԵՂԱՄ.- (Բռնելով Արշակի աջը)։ Փորձենք։ Որ ես հաղթեմ՝ մերոնք Շուշին վերցնելու են։
ԱՐՇԱԿ.- Տեսնենք ոնց ես հաղթում։
ՊՈՒՂԻ.- Գեղամը կհաղթի։ Քեզ տեսնեմ, Գեղամ։
ԱՐՇԱԿ.- Կարգին ուժ ունի։
ԳԵՂԱՄ.- (Արշակի ձեռքը փոքր-ինչ թեքելով)։ Արշակ քեռի, մյուս ձեռքդ մի կպցրու սեղանին։
ԱՐՇԱԿ.- (Ձեռքը իջեցնելով սեղանին)։ Լավ է։ Գեղամ ջան։ Լավ է։ Այդպես, այդպես։
ՊՈՒՂԻ.- Գեղամը հորն է քաշել։ Բա՞։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում։ Ուժեղ։ Դու թույլ լինելու իրավունք չունես։
ԳԵՂԱՄ.- Որ ուզենամ էլ՝ թույլ լինել չեմ կարող։
ԱՐՇԱԿ.- Թույլի թշնամին է շատ լինում, ուժեղի՝ բարեկամը։
ԺՈՐԱ.- (Շնչակտուր ներս է ընկնում)։ Ժողովուրդ... Ժողովուրդ... Արշակ... Պուղի... Ժողովուրդ, մերոնք մտել են Շուշի... Շուշին մերն է... Շուշին ազատագրված է, ժողովուրդ։ (Ուրախության անզուսպ ճիչեր, աղմուկ։ Ապա՝ մթություն։ Նորից բեմը լուսավորվում է աղոտ։ Գիշեր է։ Քնած են մարդիկ)։
ՊԱՏՄԻՉ.- Տեսնո՞ւմ եք, ինչքան ուրախ եւ ինչքան տխուր են, ինչքան անհանգիստ են այս մարդիկ։ Անգամ քնի մեջ քնած չեն։ Հայը խաղաղ քուն ե՞րբ է ունեցել։ Դրա համար էլ երազ են տեսնում անգամ առանց քնելու, աչքները չորս արած... Տեսնում են, որ այդ երազը կատարվի։ Ու կատարվում է։ Շուշին։ Ու կկատարվի։ Մի վայրկյան անգամ չենք կասկածում։ Որ Գեղամն ասում է՝ հասնենք Սասուն, մտնենք Վան... Ուրեմն՝ կլինի։ Կհասնենք։ Շուշի հասանք արդեն։
(Անուշն ու Արշակը առաջանում են բեմի վրա, մոտենում պատմիչին)։
ԱՆՈՒՇ.- Մենակ Գեղամը չէ, պատմիչ։ Երբ նկուղներում իմանում էինք մերոնց հաղթանակների մասին, մարդ չկար, չարտասաներ։
ՊԱՏՄԻՉ.-Եվ ինչպիսի անմեղություն կա այս պարզ մարդկանց մեջ։ Երբ նայում ես նրանց դեմքին, պատերազմը դառնում է ավելի անհեթեթ։
ԱՐՇԱԿ.- Տեսնո՞ւմ ես, այ, վերեւի անկյունում քնած մարդը։ Ոտնամանները մինչեւ շորերի հետ չի դնում գլխատակին, աչքին քուն չի գալիս։ Մարաղայից է։ Իրենց ընտանիքից մենակ ինքն է մնացել։ Աչքի առաջ ծնողներին, կնոջը, երեխաներին մորթոտել են թուրքերը։
ԱՆՈՒՇ.- Մի օր հարցնում եմ, ասում եմ՝ էդ ոտնամաններդ ինչո՞ւ ես գլխատակիդ քնում։ Լսում է, բան չի խոսում։
ԱՐՇԱԿ.- Որ թուրքերը մտել են իրենց տուն, չէր հասցրել ոտնամանները հագնել։ Ու մինչեւ հիմա էլ նրան թվում է, թե... էնքանը տեսնողի գլխում խելք կմնա՞։
ԱՆՈՒՇ.- Բայց էլի ապրում էինք։
ՊԱՏՄԻՉ.- Ու թող ոչ ոք մեզ չմեղադրի, ծուռ չնայի նրա համար, որ մենք հպարտանում ենք մեր հայ լինելով։ Այսինքն՝ մեր վերքով, որ միայն մենք ենք կրում։ Արարատի ձյունը մենակ Արարատը կարող է տանել, ինչպես մեր նախահայր Նոյը ուրիշ լեռան վրա չէր կարող իջնել իր տապանով։
(Հրետակոծություն է։ Բեմը լուսավորվում է։ Արշակը հեռվից լսում է երեխայի ձայն. «Ո՞վ կա այդտեղ, ո՞վ կա»)։
ԱՐՇԱԿ.- Ոնց որ երեխա է մնացել փլատակների տակ (լարում է լսողությունը)։
ՁԱՅՆ.- Արշակ քեռի։
ԱՐՇԱԿ.- Վայ, Գեղամն է... (Ձեռնափայտով մոտենում է։ Բեմը մի քիչ շարժվում է։ Ավերված շենքի փլատակ է։ Գեղամի ձայնը գալիս է ընդերքից)։ Գեղամ... Գեղամ... Օգնեցեք... Օգնեցեք։
ԳԵՂԱՄ.- Մի վախենա, Արշակ քեռի, ինձ ոչինչ չի էլ պատահել։
ԱՐՇԱԿ.- (Անորոշ նայում է շուրջը)։ Որտե՞ղ ես։
ԳԵՂԱՄ.- Այստեղ, այստեղ։ Ահա, ձեռքս...
ԱՐՇԱԿ.- Ո՞ւր է։
ԱՐՇԱԿ. - (Ետ է տանում քարերը)։ Վայ։ Վայ։ Էս ինչ եղավ էս երեխայի գլխին։ Համբերիր, բալա ջան։
ԱՐՇԱԿ.- Չէ, էս քարն էլ չի շարժվում։ (Կանչում է)։ Անուշ, Պուղի։ Սա ոնց կլինի։ Գեղամ...
ԳԵՂԱՄ. - Արշակ քեռի...
ԱՐՇԱԿ.- Օդ կա՞, Գեղամ ջան, օդ։
ԳԵՂԱՄ.- (Լռում է)։
ԱՐՇԱԿ.- Գեղամ։
ԳԵՂԱՄ. - (Լռում է)։
ԱՐՇԱԿ. - (Վախեցած)։ Գեղամ։ Գեղամ ջան։
ԳԵՂԱՄ. - Հա...
ԱՐՇԱԿ. - Պահ, քո ի՞նչն եմ ասել, արա, խոսիր, է՜։
(Հանկարծ ճչալով գալիս է Անուշ տատիկը։ Ետեւից՝ Պուղին, շախմատը թեւատակին)։
ՊՈՒՂԻ.- Ի՞նչ է եղել, ի՞նչ է եղել, Արշակ։
ԱՆՈՒՇ.- Գեղամս... Գեղամս...
ԱՐՇԱԿ.- Բան չի եղել, հանգստացիր, Անուշ, լավ է պրծել երեխան։
ՊՈՒՂԻ.- (Դես ու դեն է նայում)։ Վա... էս ոնց են քարերը թափվել խեղճ երեխայի գլխին։
ԱՆՈՒՇ.- Գեղամ... Գեղամ ջան։ Հազար անգամ ասել ենք, որ սկսում են խփել, փախիր մտիր նկուղը։
ԳԵՂԱՄ.- Տատի, ես լավ եմ։ Հանգիստ եղիր։ Ինչ է՝ մեռե՞լ եմ, որ լաց ես լինում։
ԱՆՈՒՇ.- (Քարերը վերցնելով)։ Չէ, չէ։ Բալա ջան, լաց չեմ լինում։
ՊՈՒՂԻ. - Գեղամ, որ ես էլ օգնեմ՝ դուրս գաս, ինձ հետ շախմատ ես խաղալո՞ւ։
ԱՐՇԱԿ. - Ա տնաքանդի տղա, շախմատի ժամանակ ես գտե՞լ, օգնիր, է՜...
(Երեխային օգնում, հանում են քարերի արանքից, սկսում տնտղելը՝ հո բան չի եղել։ Հանկարծ Անուշի մատն արնոտվում է)։
ԱՆՈՒՇ. - Էս ի՞նչ է։
ԳԵՂԱՄ. - Ի՞նչը։
ԱՆՈՒՇ. - Վայ, քոռանամ։ Արյուն է։ Ցավո՞ւմ է։
ԳԵՂԱՄ. - Դատարկ բան է։ Մի քիչ քերծվել է։
(Փողոցի մյուս անկյունից դուրս է գալիս Ժորան)։
ԺՈՐԱ.- Ժողովուրդ, լավ չեք անում։
ՊՈՒՂԻ. - Ինչը չենք լավ անում։
ԺՈՐԱ. - Մայիսի 1-ը չնշեցինք՝ հասկացանք, մայիսի 9-ը չնշեցինք՝ հասկացանք։ Բա լավ, գոնե սգի օրը նշեք, էլի։
ՊՈՒՂԻ. - Ի՞նչ սուգ...
ԺՈՐԱ. - Վայ... Մոռացե՞լ եք, որ էսօր ընկեր Լենինի մեռած օրն է։
ԱՐՇԱԿ. - Դրա ժամանակը չէ, գլուխներս մի տար։
ԺՈՐԱ. - Արա, յանի սուտ եմ ասո՞ւմ, բա որ պարտիան չքանդեին, իրա ասածով շարժվեին, մեր օրը այսպես կլինե՞ր։
ՊՈՒՂԻ.- Խոր խորանա քո Լենինն էլ, քո պարտիան էլ։ (Ժորան հեռանում է)։
ԳԵՂԱՄ. - Տատի։
ԱՆՈՒՇ.- Ասա, Գեղամ։
ԳԵՂԱՄ.- Ժողովուրդը էդ ինչու է Ժորա քեռուն պարտիական Ժորա ասում։
ԱՆՈՒՇ.- Ի՞նչ իմանամ։
ԳԵՂԱՄ.- Արշակ քեռի, դու էլ չգիտե՞ս։
ՊՈՒՂԻ.- Հը... (Ծիծաղում է)։ Գեղամ, որ ես ասեմ, ինձ հետ շախմատ կխաղա՞ս։
ԳԵՂԱՄ. - Հա։
ԱՆՈՒՇ.- Պուղի, դա պատմելու բա՞ն է...
ՊՈՒՂԻ.- Ժորան սարի չոբան էր։ Սիրահարվեց կթվորուհի Սարինգյուլին։ (Դեպի դահլիճը)։ Սերդ չմեռնի, սեր, էստեղ են ասել, թե՝ շատ մի սիրիր, վերջում... ամուսնանալ կա։
ՊՈՒՂԻ.- Երկու ոտքը մի չմուշկում դրեց, թե՝ պսակվում եմ։
ԱՆՈՒՇ.- Այ Պուղի, դա զրո՞ւյց է, որ երեխին անում ես։
ԱՐՇԱԿ.- Պուղի, բերանդ կապիր։
ԳԵՂԱՄ. - Չէ, չէ, թողեք ասի։
ՊՈՒՂԻ.- Սարինգյուլը մի քանի մարդու գնացած է լինում մինչեւ էդ։
ԱՐՇԱԿ.- (Սաստող)։ Պուղի։
ՊՈՒՂԻ.- Հա... Ի՞նչ ամոթ բան կա, է։ Հա, Գեղամ, Ժորայի հայրը տարավ-բերեց, թե՝ տղա Ժորա, դու նրա ի՞նչն ես հավանել։
ՊՈՒՂԻ.- (Ծիծաղելով)։ Դե, Ժորան էլ մտածեց, մտածեց, թե՝ ա հեր, պարտիական կին է, վատ բա՞ն է։ Մենակ նրա պարտիական լինելը օխտը բաժինք արժե։ Ժորան էլ Սարինգյուլի հետ պսակվեց։ Էդ օրից անունը մնաց՝ պարտիական Ժորա։
ԳԵՂԱՄ. - Ինքը իսկականից պարտիակա՞ն է։
ՊՈՒՂԻ.- Շատ հարցեր տվիր, Գեղամ։
ԳԵՂԱՄ. - Որ ասես՝ հինգ անգամ շախմատ կխաղամ։
ՊՈՒՂԻ.- Հինգ անգա՞մ։ Դե լավ։
(Ժորան հետ է գալիս)։
ԺՈՐԱ.- (Ծանր-ծանր)։ Էդ էլի ինձանի՞ց եք խոսում։
ՊՈՒՂԻ.- Չէ, Մարքսից, Էնգելսից, Լենինից։
ԺՈՐԱ. - Վա, ձեռ ես առնո՞ւմ ինձ։
ԺՈՐԱ.- Էդ մարդիկ, որ ծաղրում են, գաղափարի մարդիկ են եղել, է, քեզ պես չեն եղել...մի օր այսպես, մի օր այնպես...
ԳԵՂԱՄ.- Ժորա քեռի։ Արսենից լուր կա՞։
ԺՈՐԱ.- Ո՞ւր է, երեք ամիս է, երեխիս երեսը չենք տեսնում։
ԱՐՇԱԿ. - Դեհ կռիվ է։ Ի՞նչ ես ուզում։
ԺՈՐԱ. - Բա պարտիան էսպես էր պահում ժողովրդի՞ն։ (Գնում է)։
ԱՐՇԱԿ. - Արա, էս ամենը քո պարտիայի թթուն չի՞, որ խմում ենք, խմում, չի վերջանում։ Գնացինք։ Գնացինք։
(Վռազեցնում է Գեղամին ու մյուսներին)։ Քառասուն րոպեն լրանում է, գրադը էլի կսկսի խփել։ Շուտ։ Շուտ արեք։
ԱՆՈՒՇ.- Արշակ, արի։ Հանկարծ կխփեն էդ անաստվածները։ (Բեմի հետեւից)։
ԱՐՇԱԿ. - Էհ, թող խփեն։
(Հրետակոծությունը սկսվում է։ Ձայները խուլ են, հեռվում Արշակը հանգիստ ծխախոտ է վառում)։ Քանդվեց աշխարհը... Քանդվեց։
(Սերոժը չի երեւում, բայց լսելի է ձայնը, փլատակներից ուզում է փայտ կտրել, քաշել-տանել)։
ՍԵՐՈԺ. - (Քթի տակ ինչ-որ բաներ է մրմնջում)։
ԱՐՇԱԿ.- Ի՞նչ ես անում։ Ո՞վ կա։
ՍԵՐՈԺ.- Փայտ չկա պադվալում, ըսեցի տանիմ։
ԱՐՇԱԿ.- Արա, դու թուրք ե՞ս։
ՍԵՐՈԺ.- Խի՞ ես ասկարբիտ անըմ, Արշակ դայի։
ԱՐՇԱԿ.- Արա, բա ավերված տնից փայտ կտանե՞ն։
ՍԵՐՈԺ. - Պա էս բեզպրիզորնի թանկության մեջ շտղա քթենամ գարյուչին։ Տու հինչ ըս պրիդլագատ անը՞մ։ Սկաժի, դա։
ԱՐՇԱԿ.- Ի՞նչ եմ պրիդլագատ անը՞մ։
ՍԵՐՈԺ. - Հա, տանիմ վե՞չ։
ԱՐՇԱԿ.- Տար։ Մենակ թե՝ գնա, էն չքանդված տների գերաններից էլ քանդիր, թող ավերակ դառնա քաղաքը, լրիվ, քանդվի միանգամից։ Տան գերանից էժան բան չկա։ Շատ է էժան։
ՍԵՐՈԺ.- Դե, Արշակ դայի, հունց ասումս, կաբութտո ես ըմ քանդըմ միրը։ Տնազ ըմ տեռալ։ Ես օզել չըմ քյինիմ-կռվիմ-կռիվ-կռիվ։ Թա չէ՝ փադ բեր, փադ՝ տար... ներվեր էլ չի մնացել։ Վսյո։
ԱՐՇԱԿ.- Արա, դու գիտե՞ս դա ում տունն է։
ՍԵՐՈԺ. - Հուրն ա՞։
ԱՐՇԱԿ. - Երկու ախպերը զոհվել են, մինն էլ կռվումն ա... Կնեգն ու խոխան էլ՝ վիրավոր, Երեւան են տարել... Եկել ես, նրանց քանդվող օջախից փայտ ես տանո՞ւմ։
ՍԵՐՈԺ- Դե, պա... Ատկուդա։ Յա զնայու։ Գիդացալ չեմ...
ԱՐՇԱԿ.- Տես որ չգյուլլեմ, հա...
ՍԵՐՈԺ.- Նու...
ԱՐՇԱԿ.- Քեզ մարդ ասողի... Դե, ինչ ես կանգնել, քանդիր, քանդիր։ Նավթ լցրու՝ վառիր։
ՍԵՐՈԺ.- Դե, նու, նու, նե կրիչի... Քանդողը տուք ըք։ Կոմու եշչո գովարյատ... Փիսը՞ք իլալ ըպրելիս։
ԱՐՇԱԿ.-Չէ, խանի նման։
ՍԵՐՈԺ.- Պա՞։ Ինձ գյուղում հինչ դաչա ա ըլալ, մաշին տոժե... Յա իզ Սեյդիշենա... Օտելն էլ՝ մինչեւ ըստեղ։ Վոտ։ (Ցույց է տալիս կոկորդը)։
ԱՐՇԱԿ.- Ամոթ, ամոթ քեզ, Սերոժ։ Էն բաքվեցի, սումգայիթցի տուն-տեղ, կին-երեխա կորցրած տղերքը մի տես ոնց են կռիվ տալիս դիրքերում, տես ինչ հերոս տղերք են դառել... Կյանք են տալիս, վրեժ են առնում... Բա նրանց նամուսից էսքան քո մեջ չկա՞... (Մատով ցույց է տալիս)։
ՍԵՐՈԺ.- Խե չի կա՞։ Ինչ է, ես թուրք ը՞մ։ Սրազու ասկարբիտ ըք անըմ։
ԱՐՇԱԿ.- Սերոժ... այ, Սերոժ ջան, Ամերիկայից կամավոր հայեր եկել են, մեզ հետ զենք բռնել, կռվում են, դու էլ... Կնկադ, որպես վերադիր, բաժինքի վրա ես դրել, փեսաներիդ, թե տարեք, աղջիկների հետ Ամերիկայում պահեք։
ՍԵՐՈԺ.- Դե լավ։ Սեյչաս։ Տանում եմ, տնիմ տեղը։ Հլա օրիշ տեղ ա էլ ըմ պիրիլական, տնիմ ընդեղ։ (Համարյա փախչում է՝ մեկ-մեկ հետ նայելով։ Անմիջապես բեմ է մտնում Հակոբը)։
ՀԱԿՈԲ.- Էս ի՞նչ է եղել։
ԱՐՇԱԿ.- Ոչինչ։ Հակոբ ջան... Դու դրան տես։ Հագի զինվորական շորերը տես։ Մեր կռվող տղերքն էլ սարերում սառչում են։ Ես քեզ մարդ ասողի... Հը, ի՞նչ լուր։
ՀԱԿՈԲ.- Մերոնք Պուշկեն յալը վերցրել են։
ԱՐՇԱԿ.- Ինչպե՞ս։ Զոհեր շատ եղա՞ն։
ՀԱԿՈԲ.- (Տխրում է)։ Երկուսը մեր գնդից, կողքիս վիրավորվեցին ու... Երեք ծանր վիրավորի էլ բերել ենք հոսպիտալ։ Մեկն էլ պարտիական Ժորայի տղան է, Արսենը։
ԱՐՇԱԿ.- Ի՞նչ։ Տանը գիտե՞ն։
ՀԱԿՈԲ.- Չեմ էլ իմանում՝ ոնց հայտնեմ։ Ախր, վերքը շատ ծանր է։ Գլխից է վիրավորվել։
ԱՐՇԱԿ.- Դժվար է։ Ախր երկու տղա է կորցրել, Արսենն էր մնացել։ Ջահելները գնան, մենք այստեղ... Կոտրվեն էս ոտքերը, որ կոտրվել են։ Բա ես հիմա էստեղ պիտի լինե՞մ։ Ես թուրքի... (Հայհոյում է)։
ՀԱԿՈԲ.- Հանգստացիր, Արշակ քեռի։ Մեր տղերքը քո տեղ էլ են կռվում։ Մի ամիս, շատ չէ, մի ամիս էլ՝ արդեն թշնամու ոտքը կտրված կլինի էս սարերից։ Մերոնք էնպես են ջարդուփշուր անում որ...
ԱՐՇԱԿ.- Էդքան որ վայրահաչ են տալիս, թե հայերը մեզ կոտորում են, քշում են, բա դա լրբություն չի՞։ Մեկն ասի՝ արա էդ Քարավաճառը ոնց եք դարձրել Քելբաջար, հետո էլ թե՝ մեր հողերն են։ Անունը փոխում են, կարծում են, թե իրենցը դարձավ։
ՀԱԿՈԲ.- (Մի ծխախոտ է տալիս Արշակին)։ Քաշիր։ Քաշիր։ Հանգստացիր, Արշակ քեռի։ Մտածիր, թե Ժորային ո՞նց ասենք Արսենի մասին, ախր ծանր է վիրավորված...
ԺՈՐԱ.- Արսեն... Արսեն...
ՀԱԿՈԲ.- (Արշակին)։ Լսել է...
ԺՈՐԱ.- (Մտնում է բեմ։ Ժորայի հետ՝ մյուսները)։ Արսենս չկա... Արսենս... Մի բան ասեք։ Ժողովուրդ։
(Ներս է վազում Արեգնուհին)։
ԱՐԵԳՆՈՒՀԻ.- Ժողովուրդ։ Լսեք։ Վիրավոր ազատամարտիկի կյանքը փրկելու համար առաջին եւ երկրորդ կարգի դրական ռեզուսի արյուն է պետք։ Ով կարող է օգնի, շտապի հոսպիտալ։
ՀԱԿՈԲ.- Իմ արյան կարգն է։ (Դուրս է վազում)։
ՊՈՒՂԻ.- Ես էլ... Ես էլ կարող եմ արյուն տալ։ (Վռազում է, հասնի Հակոբին)։
ԺՈՐԱ.- (Ծանր-ծանր շարժվում է)։ Տղերք։ Բա իմ արյան կարգը ո՞րն է։ Ժողովուրդ... (Հուսահատ չոքում է մի ոտքով։ Արշակը բռնել է թեւերից, որ չընկնի։ Այդպես էլ՝ փլուզված գրեթե, ողբում է. «Ղարաբաղի հորովելից» մի պատառիկ)։
Էն հենգյ խուխեն մեծը տուըս,
Կըլխըտակես պերցը տուըս,
Էսքան զուլում դարդին մաչին
Դլվես կանգնած քերծը տուըս։
Հո ըրա, հո, ապան մատաղ,
Ապուն դալու կուճուր հոտաղ,
Հո ըրա, հո, հո, հո...
Արսեն բալա...

(Երաժշտության տակ վարագույրը փակվում է)։















ԵՐԿՐՈՐԴ ԱՐԱՐ

ՊԱՏՄԻՉ.- Հայոց քարերը հին ու հինավուրց են։ Զարմանալի են հայոց քարերը։
ՀԱԿՈԲ.- Քարը հենվում է քարի վրա ու դառնում է սրբատուն՝ բարձր, երկնքին մոտ, այնպես որ՝ մշտապես համբուրում է Աստծու փեշերը, այնպես, որ արեգակի շողերը ամեն օր խունկ վառեն այդ քարերի վրա։
ՀՈՎԵ.- Հիմա, երբ նշան են բռնում այդ քարին, մեր արեւի ու սրտի վրա են նշան բռնում, նշան են բռնում մեր տան վրա։
ՀՈՎԵ.- Դրանից է, որ մեր Տունը կամ ժայռի վրա է՝ որպես Գանձասար, կամ ժայռի ներսում՝ որպես Գեղարդ։ Թշնամու համար՝ միշտ անմատչելի։
ԿԻՆ.- Բոլոր ժամանակներում երկնքի ու երկրի, արցունքի ու արյան միջեւ լողում է Տունը՝ մի ձեռքում բարձր բռնած հայոց խաչը, մի ձեռքում՝ Վարդանի սուրը։ Կայծակները խփում են թեւերին ու մոխրափշուր հանգչում ոտքերի տակ, կայծակները խփում են Տան ճակատի հարթաքանդակին, բայց տունը նորից կանգուն է, միշտ անխաթար։
Տունը Արցախա...
ՊԱՏՄԻՉ. - Պատերազմի ամենաառաջին գծի վրա է Տունը։ Երբ հանկարծ կորցնենք Տունը, մենք էլ կորցնելու ոչինչ, ոչինչ չենք ունենա...
ԺՈՐԱ.- Եվ Տունը ելել է... տնով՝ զենք ու օրորոցով։
ՍԱԹԵՆԻԿ.- Հենացուպով ու սիրով։
ՊՈՒՂԻ.- Հոգս ու կրակով։
ԺՈՐԱ.-Արցունքով ու խինդով, քարով, ջուր ու հողով...
(Բեմի առաջամասում Պատմիչն է, մի թեւի վրա՝ Արշակը, մյուս թեւին՝ Ժորան)։
ՊԱՏՄԻՉ. - Եվ կռվում է։ Արյուն է տալիս Տունը։ Ու Տան ոտքի տակ Ավարայրի ու Սարդարապատի ամուր հողն է։ Արշակն ու Ժորան, երբ երեխա էին, եղեռնում հայրեր կորցրին։ Երբ արդեն մեծ են՝ եղեռնում զավակներ կորցրին ու նորից նույն որբերը։ Մինչեւ ե՞րբ պիտի կեռ յաթաղանը կախված մնա հայոց մեծ Տան վրա։ Մինչեւ ե՞րբ... Ե՞րբ... Ե՞րբ... Օգնական լեր, Տեր Աստված։ Օգնական լեր, Տեր Սուր...
(Բոլորը հեռանում են։ Բեմի առաջամասում մնում են Արշակն ու Ժորան)։
ԱՐՇԱԿ.- Ես քեզ մենակ չեմ կարող թողնել, Ժորա։ Ես չգիտեմ՝ ինչ անեմ։ Մխիթարանքի խոսքեր էլ չեմ գտնում։
ԺՈՐԱ.- Իմ ամենամեծ մխիթարանքն էն ա, Արշակ, որ էրեխից զենքն առնեմ, նրանց պահած դիրքերում կանգնեմ ու կռվեմ։
ԱՐՇԱԿ.- Ես էլ՝ քեզ հետ։ Ախպեր։
(Կապոցը ձեռքին բեմ է մտնում Մարիամը)։
ՄԱՐԻԱՄ. - Արշա՞կ... Ժորա՞...
ԱՐՇԱԿ.- Հա, ի՞նչ կա, Մարիամ քույրիկ։
ՄԱՐԻԱՄ.- Էդ դո՞ւք էլ եք կռիվ գնում։
ԱՐՇԱԿ.- Հա, քե մատաղ։
ՄԱՐԻԱՄ.- Դե որ գնում եք... Մե երկու ժենգյալով հաց, մին էլ մին բոթուլ թութու արաղ... Էրկու ճոխտ էլ գյուլբա ա... Փռնե։ Կոզի իմ բըլեքը կան վեչ, ամա էն կռվող տղերքը էլհա լոխ իմ բալեքն են։
ԱՐՇԱԿ.- Օրհնվես, Մարիամ։
ՄԱՐԻԱՄ.- Քյեցեք, Աստված ծիզնհետ (գնում է)։
ԺՈՐԱ.- (Նայելով Արշակի կաղ ոտքին)։ Բա էդպես... ոնց ես...
ԱՐՇԱԿ.- Սա ոչինչ, Ժորա, ես գել կերած մարդ եմ։ Ոտք է, էլի։ Հո չե՞մ գնում փախչելու, գնում եմ, որ կանգնեմ-կռվեմ։
ԺՈՐԱ.- Էհ, աշխարհ, աշխարհ, անարդար աշխարհ... նամարդ աշխարհ...
ԱՐՇԱԿ.- (Դեպի դահլիճը)։ Էս աշխարհի մեծ ծովում սուրբ լեռնակղզի է Արցախը։ Աստծո տաճար։ Արցախը պիտի ապրի։ Եվ արժե ամեն, ամեն ինչ տալ հանուն մեր միակ, մեր անփոխարինելի Արցախի...
ԺՈՐԱ.- Էդպես է, Արշակ։ Գնանք...
(Երկուսով, ուս-ուսի տված հեռանում են ծերունիները՝ փոքր-ինչ ջահելացած՝ իրենց վճռով, «Զարթիր, լաո» երգի մեղեդիների տակ։
Տախտակե կիսաջարդ ամբիոնը ուսից ցած է գլորում Սերոժը, հենց ճանապարհի մեջտեղում, վախեցած կանգնում։ Ամբիոնի վրա ԽՍՀՄ ոսկեզօծ գերբն է։ Տեսնելով Պուղուն եւ Գեղամին, կանչում է նրանց ձեռքով՝ լուռ, մեծ գաղտնիք ծածկողի պես)։
ՊՈՒՂԻ.- Անունը տուր՝ սուփրան գցիր։ Սերոժ, էդ էլի ո՞ւմ տան տախտակներն ես թռցրել։ (Մի կողմ)։ Էս ա՝ պիտի կոնտուզիաս շարժի շան որդին։ (Պուղին ու Գեղամը մոտենում են նրան)։
ՍԵՐՈԺ.- Սլըշի՞շ, Պուղի։ Սլըշի՞շ։ Խոսում է։ Գեղամ, Գեղամ, տը տոժե՞ նե սլըշիշ։ (Վախեցած մոտենում է Գեղամին ու Պուղուն)։
ԳԵՂԱՄ.- Ի՞նչ է խոսում։
ՍԵՐՈԺ.- Նե սլըշնը՞։
ՊՈՒՂԻ.- Էդ որտեղի՞ց է։
ՍԵՐՈԺ.- Կլուբի կողքին նաշյոլ։ Տար չոնե։ Էտը նի դամաշնի... Վոտ ի վզյալ։
ՊՈՒՂԻ.- Վառելո՞ւ համար։
ՍԵՐՈԺ.- Նու, դա... Ամա... Սլըշի՞շ։ Ինքն ուրան խոսըմ ա։
ԳԵՂԱՄ.- Ի՞նչ է խոսում։
ՍԵՐՈԺ.- Չյորտ զնայետ։ Անջուկ կալիք։ (Պուղին, Գեղամը մոտենում են ետեւից։ Վախենալով մոտենում է եւ Սերոժը)։
ՊՈՒՂԻ.- Ո՞ւր է թե խոսում է։ (Շախմատը դնում է ամբիոնի վրա)։ Արա, շաշվե՞լ ես...
ԳԵՂԱՄ.- Գնացինք, Պուղի քեռի։ (Հենց երկու քայլ են անում, լսվում է ձայնը)։
ՊՈՒՂԻ.- Սպասիր...
ՍԵՐՈԺ.- Սլըշի՞տե։
ԱՄԲԻՈՆ.- ... Անցյալ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատությամբ ստացել ենք 200 տոննայով ավելի կաթ, մի այդքան էլ պանիր, մի այդքան էլ... (Լռում է)։
ՍԵՐՈԺ. - Ես տի պեն տեսած չըմ, տախտակը կխոսե՞։ Չյորտ պաբերի։
ԱՄԲԻՈՆ.- Ես հարազատ պարտիային խոսք եմ տալիս՝ մի խոզամերունից ստանալ 25 գոճի, 3 տոննա տավարի միս։ Մեկ թեւ թռչունից օրական... ձու... ձու... ձու...
ՊՈՒՂԻ.- Էս ի՞նչ է։ (Մոտենում, շախմատով հրում է ամբիոնը։ Ամբիոնը ընկնում է)։ Ասում ես՝ որտեղի՞ց ես վերցրել, Սերոժ։
ՍԵՐՈԺ.- Վա դվարե վեր ընկած ա իլալ, ախպըհարումը։
ՊՈՒՂԻ.- (Ծիծաղում է)։ Էս պարտիական լրտես ա... (Ոտով խփում է ամբիոնին։ Վերջինս, հենց որ կպչում են, մի նախադասություն է ասում)։
ԱՄԲԻՈՆ.- Ուղղակի հրաշքներ է գործում լենինյան կոմունիստական կուսակցությունը, նրա ղարաբաղյան մարտական ջոկատը... Կեցցե անձամբ... ՍՄԿԿ-ն... Կեցցե հայ-ադրբեջանական ժողովուրդների եղբայրական, անխախտ բարեկամությունը։ Փառք։ Ուռ-ռա-ա...
ՍԵՐՈԺ.- Էս ի՞նչ ա ասում, նե պանիմայու։
ՊՈՒՂԻ.- (Ծիծաղելով)։ Սերոժ, մի վախեցիր, էդ ամբիոնի հին հիվանդություն է, վաղուց մարդու ձեռք չի տեսել։ Հիմա որ դիպչող է լինում՝ կարոտից սկսում է խոսել... Յոթանասուն տարվա լսածն է ասում։
ԳԵՂԱՄ.- Սերոժ քեռի, քեզ նման մեծ մարդն էլ կվախենա՞։
ՊՈՒՂԻ.- Սերոժ։ Այ, դա վառելու բան է։ Մենակ թե՝ ջուրը մեջը շատ է։ Նավթ պիտի լցնես, շատ ծուխ չանի։ Երեւում է՝ մուրը շատ է լինելու։
ՍԵՐՈԺ.- (Կատակներից ոգեւորված)։ Պուղի։
ՊՈՒՂԻ.- Ի՞նչ է եղել։
ՍԵՐՈԺ.- (Շողոքորթաբար քսվելով Պուղուն)։ Եկ պայման անինք, էլ ինձ ասկարբիտ չանիս, հա՞։ Ես էլ ստի մարդ ըմ, լի։ Ես հինչ անիմ, որ ստի ըմ։
ՊՈՒՂԻ.- (Սերոժին իր իսկ ձեւով ձեռ առնելով)։ Հա։ Ասկարբիտ չըմ անել։ Ամա տու էլ ըս գյուդում, չէ՞, որ սրիկա ես։ Հը՞։ Տը սագլասնը՞։
ՍԵՐՈԺ.- Հա... Հը՞... Չէ, չէ։
ՊՈՒՂԻ.- Հա, հա... Քեֆիդ չդիպչի... Դու... (Ծիծաղով, համոզելով)։ Դու սրիկա ես... Չէ՞։ Տըղըմարդու նման... Տի ա, թա չէ...
ՍԵՐՈԺ.- Է, էհ...
ՊՈՒՂԻ.- (Ծիծաղելով)։ Դու էն ասա, է, Սերոժ։ Էն կռվի թեժ պահին ո՞նց մտար Շուշի։
ԳԵՂԱՄ.- Ուրեմն, Սերոժ քեռին էլ է մասնակցել Շուշվա ազատագրմա՞նը։
ՊՈՒՂԻ.- (Ձեռ առնելով Սերոժին)։ Հա։ Բա ո՞նց։ Գնացել է տելեվիզրը ազատագրելու։
ՍԵՐՈԺ.- (Դժգոհ, հուսահատ)։ Է, դե լյավ, լի, Պուղի... Յա ժե պրասի՞լ... նե ասկարբիտ։
ՊՈՒՂԻ.- (Տեսնելով, որ չհասկացավ)։ Ասում եմ՝ Շուշի գնալդ պատմիր է, Շուշի, Շուշի...
ՍԵՐՈԺ.- Հա, տա օրիշ պեն ա, պաժալըստա... (Սկսում է պատմել)։ Մին սիրուն-ղաշանգ օր, վեր տեսե մերունք ասվաբադիտ ըն ըրալ մեր Շուշին, մի քյոհնա փուրացավ օնիմ, փռնից։
ՊՈՒՂԻ.- Էդ ի՞նչ փուրացավ ա, Սերոժ։
ՍԵՐՈԺ.- Արա, դե ծիզանա հինչ կյեղիմ։ Իմ հըրեվանս, պանիմայետե, ցվետնոյ տիլիվիզորս աչկես ըռաշկեն տարալա... Գյուդըմըմ, որ Շուշվա դաչան ա տարալ, հալա մինչեւ էս վայնան սկսվելը։ Թուրք հըրեվանս՝ Ասիփը, մի օր նիամտալ մեր տոն, թա՝ վեր ես տանիմ վեչ, մին ա, օրիշ կիլիականա տանե, պանիմայեշ։ Սուսուփուս ըռխալ, քյեցալ։ Էն ա՝ կասիմ քինամ, հինչու կինի՝ կինի, մոժետ բըտ բախտս պիրի, քթենամ տիլիվիզորս...
ՊՈՒՂԻ.- Պա քո տունը շինվի, Սերոժ... Էլ աշխարհում ուրիշ տելեվիզր չկա։
ՍԵՐՈԺ.- Չէ, չէ, Պուղի... Պանիմայե՞շ... Չուժոյ նե խաչու։ Իմս օրիշ ա...
ՊՈՒՂԻ.- Հա, լավ, հասկացանք, հետո՞...
ՍԵՐՈԺ.- Հա, քյեցե։ Շուշվա մին ղրաղավը թուրքը շալվարը վեր քաշած փախչըմ ա, էն մի ղրաղավը նի ըմ մտնըմ մին պադվալ։ Սլուշայ, ընդեղ շտո յա վիժո՞ւ, վեր քզյետե լավ ինի։ Մին մարդ պդվալեն վերխնի ուգըլըմը տիլիվիզորս խտտած, նստալա։ Տեսե, վեր ինքը օզըմ չի խոսե, պերվի նաչինատ ըրե.
-Արա, քտո՞ տը...
Սաս չկա։
-Արա, նեսլըշի՞շ։
Սաս չկա։
ԳԵՂԱՄ.- (Ընդհատելով)։ Սերոժ քեռի, բա որ չի խոսել, կոնտուզիադ չի՞ շարժվել։
ՊՈՒՂԻ.- (Հումորով)։ Գեղամ ջան, մի խանգարիր, Սերոժ քեռու կոնտուզիան մենակ կռվի գնալիս է բռնում։
ՍԵՐՈԺ.- Շտո գովորիտ մալչի՞կ... Հա... (ինքն իրենով հիացած պատմում է)։
Տակ, զնաչիտ։ Տեսե վեր սաս չի անըմ, ըսեցե, արա ջհանդամը թա խոսըմ չըս... Էս «ջհանդամ» խոսքեն յրան էտ շան տղան նաչալ գովորիտ ազերբայդժանսկի... Պա՞։ էս օղռաշըս թորք ա՝ մտքըմըս ըսեցե... Պա հի՞նչ անիմ, մոժետ ծերքին արուժիա կա։ Ասըմըմ մի թահր անիմ, տղատ տուս կյամ... Փորս էլ սկսըմ ա փիս խառնել... Տաշնիտ։ Լիհա վեր ծերքս շըլվարեսըմ տանըմ, վեր պենդ փռնիմ, տռնավը լոք տամ, էտ թորք շան տղան տիլիվիզըրը վեր ա տնիմ, ծերքերը պիցիրցընըմ։ Օն դումալ՝ արուժիըմ տուս օնում։
-Ման օլում, ինձ սպանել մել։
Ըստեղ մտքըմս ինձ ըսեցե՝ Սերոժ, կրեպկի կաց։
Ըսեցե՝ արա, օղռաշ, զդես շտո՞ տը դելայեշ։
Թուրքն էլ թա.
-Քյասիբ մարդըմ, տեսալըմ վեր մերունք փախչըմըն՝ մինը մինին առաշկը կտրելով, աշկս միշտ հըրըվանես տիլիվիզրեն ա իլալ, յեկե սաբավ տանիմ...
Հա,- ստեղ սասըս պիցիրցրե,- րազ տակ՝ վպերյոդ... Էդ շան տղեն ցվետնոյ տիլիվիզրը շելակ տվե... Մին էլ ըհը... Հինչ ինի, վեր լավ ինի... Ըշկերես հվատըմ չըմ... Պանիմայե՞շ... Շան տղեն շլակեն մոյ տիլիվիզոր... Իմ ցվետնոյս...
ԳԵՂԱՄ.- Հետո՞, քեռի Սերոժ, հետո՞։
ՍԵՐՈԺ.- Դե, էլ ինչ հետո, տիլիվիզրը շելակըմ տվալ, պերալ մեր տոն, էտ թուրքեն էլ զդավատըմ ըրալ կամենդատուրա։
ՊՈՒՂԻ.- Պա լավ, Սերոժ, էն թերթում ոնց են գրել, թե իբր կռվի ժամանակ գնացել, թշնամուց լեզու ես բերել հերոսաբար...
ՍԵՐՈԺ.- Դե, պիսալի, դա, կիրողներնըն կիրալ, մնե՞ շտո...
ԳԵՂԱՄ.- (Միամիտ-միամիտ)։ Սերոժ քեռի, բա էլ փորդ չի ցավո՞ւմ։
ՊՈՒՂԻ.- Որ կռիվ գնալու մասին խոսք է լինում, ցավում է, կոնտուզիան էլ հետն է շարժվում։
ՍԵՐՈԺ.- (Ջղայնացած, ինքն իրենից զզված)։ Նու, խվատիտ դա, պոեդիմ վմեստե... Հուվեր կյավեչ ծիզնհետ, շան տղա ա...
ԳԵՂԱՄ.- Հա՞... Լսո՞ւմ ես, Պուղի քեռի... Լսո՞ւմ ես։ Ինքն էլ է ուզում կռվել։
ՍԵՐՈԺ.- Հա, ուզում եմ, խաչու։ Յա տակ նիխաչու ժիտ...
ՊՈՒՂԻ.- Սերոժ... Հանգիստ։ Հանգիստ։
ՍԵՐՈԺ.- Արա, էլ հինչ հանգիստ է... Կռիվ չի՞, քյինինք կռիվ անինքյ։ Պա նամուսը տվալըն շանը՝ կերալ չի։ Զդես աստալիս տոլկո ժենշինը։ Յա նի մուժչի՞նա, շտո լի։
ՊՈՒՂԻ.- Էդ խոսքը պիտի շատ շուտ ասեիր։
ԳԵՂԱՄ.- (Վեր ու վեր է թռչում ուրախությունից)։ Գնում ենք, գնում ենք։
ՊՈՒՂԻ.- Դե, շատ լավ է, որ էդպես ես մտածում։ Երկու չլինենք, երեք լինենք... Գեղամը, ես, դու... Գնում ենք կռիվ։ Համաձա՞յն ես (Սերոժին)։
ՍԵՐՈԺ.- Հուվեր չոզի, երկու աշկով քուռանա։
ԳԵՂԱՄ.- Ուրեմն գնացինք...
ՍԵՐՈԺ. - Տուք ահա ինձ չըք գյուդում, Պուղի... Արա, սլուշայ, ինձ Սերգեյ Բադալով ըն ասըմ, է, պանիմայե՞շ... Տամ, նա վայնե, յա պակաժու կտո յա տակոյ...
ՊՈՒՂԻ.- (Փոշմանած խոսքի համար)։ Ես քեզ սկսել եմ հավատալ, Սերոժ։ Վսյո, գնացինք։
ՍԵՐՈԺ.- Սպասիբո։
ՊՈՒՂԻ.- Բա տանը չասե՞նք, որ տեղներս իմանան։
ԳԵՂԱՄ.- Որ ասենք՝ չեն թողնի։ Լավ է՝ գնանք։
(Հուզված բեմ է մտնում Անուշը)։
ԱՆՈՒՇ.- Գեղամ, Գեղամ։ Էդ ո՞ւր եք գնում։
ՍԵՐՈԺ.- Ը... ը... (Կմկմում է, չգիտե՝ ինչ ասել)։
ՊՈՒՂԻ.- Ասացինք՝ գնանք...
ԱՆՈՒՇ.- Բա մեծ մարդիկ եք, ամոթ չէ՞, էդ խեղճ երեխին ո՞ւր եք տանում... Գեղամ, հետ արի, Գեղամ, բալաս... Հակոբը խոսք է տվել քեզ տանել, չէ՞... Քո գնալու ժամանակն էլ կգա, էլի։
ՊՈՒՂԻ.- Հա, հա, ճիշտ է ասում, Գեղամ, դու մնա...
ՍԵՐՈԺ.- Գեղամ, բաբո պրավիլնը գավարիտ... մատաղ ինիմ։ Դու մնա։
ԱՆՈՒՇ.- (Բռնելով Գեղամի ձեռքը)։ Գնանք, Գեղամ ջան, ինձ մենակ մի թողնի, սիրտս ինչ-որ բան է զգում, բալաս... Համ էլ Հակոբը քեզ խոսք է տվել տանել դիրքերը, չէ... Հիմա, խնդրում եմ, ինձ մենակ մի թողնի...
(Բոլորը հեռանում են, բեմի վրա պատմիչն է)։
ՊԱՏՄԻՉ.- Հիմա կռիվ է։ Ծառը, որի մոտ ժամադրվում էին սիրահարները, արդեն ջարդուփշուր է եղել։ Մնացել է չոր, ավերված բնի կեսը։ Ասես ոչ թե ծառ է, այլ ծառի արձան (գնում է)։
(Բեմ են դուրս գալիս Վարդանն ու Սաթենիկը)։
ՍԱԹԵՆԻԿ.- Մեր ծառը...
ՎԱՐԴԱՆ.- Էս ծառը ապրելու է։ Սաթ...
ՍԱԹԵՆԻԿ. - Համոզվա՞ծ ես...
ՎԱՐԴԱՆ.- Արմատները խորն են։
ՍԱԹԵՆԻԿ.-Իսկ էն բույնը, որ ծառի վրա էր, հիշո՞ւմ ես։
ՎԱՐԴԱՆ.- Հա, հիշում եմ։
ՍԱԹԵՆԻԿ.- Հավքի ձագերից գոնե մեկը չփրկվեց։ Բոլորը վառվեցին։ (Լռում է)։ Ինձնից չես նեղանա, չէ՞, եթե քո նվիրած ծաղիկը դնեմ այստեղ։
ՎԱՐԴԱՆ.- Չէ, չեմ նեղանա։
ՍԱԹԵՆԻԿ.- Էստեղ հավքի բույն է վառվել։ Հիշո՞ւմ ես, մեր դասարանի Նելսոնը ասում էր, թե՝ այս ծառը սիրո ծառ է։ Ասում էր՝ էս ծառին բույն դրած բոլոր հավքերին ես եմ ամուսնացրել։ Բայց... ինքը չհասցրեց ամուսնանալ։
ՎԱՐԴԱՆ.- (Լուռ է)։
ՍԱԹԵՆԻԿ.- Սիրտս անընդհատ տխուր բաներ է հիշում։ Վարդան, Վարդան, Վարդան։ Ձեն հանի, Վարդան։
ՎԱՐԴԱՆ.- (Լուռ է)։
ՍԱԹԵՆԻԿ.- Վարդան։ Ինչո՞ւ բան չես ասում։
ՎԱՐԴԱՆ.- (Լուռ է)։
(Այդ պահին թռչունների ծլվլոց է լսվում)։
ՍԱԹԵՆԻԿ.- Լսո՞ւմ ես։ Հավքերը էլի բառեր են գտել ու երգում են։
ՎԱՐԴԱՆ.- (Մատը տանում է Սաթենիկի շուրթերին)։
ՍԱԹԵՆԻԿ.- (Մի պահ լսելուց հետո)։ Ի՞նչ է ասում հավքը տեսնես։
ՎԱՐԴԱՆ.- Հավքը իմ բառերն է ասում։
ՍԱԹԵՆԻԿ.- Վարդան... Մեր դասարանի տղաներից մնացել ենք հինգ հոգի...
ՎԱՐԴԱՆ.- Եվ այդ հինգը պիտի բոլորի վրեժը առնեն։ Սաթ...
ՍԱԹԵՆԻԿ.- Ես էլ եմ ուզում գալ... Ես կռվի դաշտում ուզում եմ օգնել քեզ։ Եթե մենք միասին լինենք, հավատա, հավատա, մեզ ոչինչ, ոչինչ չի լինի, մեզ ոչինչ չի լինի... Վարդան։ Այնպես անենք, որ միշտ միասին լինենք...
ՎԱՐԴԱՆ.- Սաթենիկ... Մենք միշտ միասին կլինենք, միշտ միասին...
(Վարդանը գրկում է Սաթենիկին)։
ՍԱԹԵՆԻԿ.- Մարդիկ տեսնեն, ի՞նչ կասեն։ Ամոթ է։ Թող ինձ... Էս ինչ արինք։
(Հեռանում են)։
ՎԱՐԴԱՆ.- Չէ, Սաթենիկ, սիրելը ամոթ չէ։ Ամոթը պատերազմի համար է... Հասկանո՞ւմ ես։ Աստված էլ ուզում է, որ սեր լինի։
(Երկուսով, թեւ-թեւի տված գնում են դեպի բեմի խորքը, դեպի... հուշացում։ Լույսը փոխվում է։ Նրանք շրջվում հանկարծ, որպես հուշ՝ վերադառնում են բեմ)։
ՍԱԹԵՆԻԿ.- Հաջորդ օրը...
ՎԱՐԴԱՆ.- Մայիսի 28-ն էր...
ՍԱԹԵՆԻԿ.- Մեկնեցինք ճակատ։
ՎԱՐԴԱՆ.- Բովուրխանի ծմակում մի աղբյուր կա։
ՍԱԹԵՆԻԿ.- Պարզ ու մաքուր ակ ուներ։
ՎԱՐԴԱՆ.- Ջրի հայելում միասին նկարվեցինք։
ՍԱԹԵՆԻԿ.- Մենք միասին էինք, դա եղավ մեր նշանդրեքը։
ՎԱՐԴԱՆ.- Բայց հարսանիք չեղավ։
ՍԱԹԵՆԻԿ.- Հարսանիք չեղավ։
ՎԱՐԴԱՆ.- Ինչո՞ւ... Ինչո՞ւ...
ՍԱԹԵՆԻԿ.- Ինչո՞ւ... Ինչո՞ւ...
(Թեւանցուկ բարձրանում են բեմի ետնամասի բարձունք-բլուրը, Սաթենիկը գլուխը հենում է Վարդանի ուսին, որի մյուս ուսից էլ կախված է ավտոմատը։ Հավերժանում են։ Արյուն։ Ծաղիկներ են դնում մարդիկ)։
(Պատմիչը մտնում է բեմ)։
ՊԱՏՄԻՉ.- Նրանք միասին էին ու միասին էլ զոհվեցին։
(Բեմ է մտնում Հովեն, վառում ծխախոտը, զենքը՝ ուսին, նստում մի անկյունում)։
ՊԱՏՄԻՉ.- Ի՞նչ է եղել, զինվոր։
ՀՈՎԵ.- Ըսելու բան չէ։ Ինչխ տղերք կկորցնինք։ Ինչխ երեխեք կորցրինք։
ՊԱՏՄԻՉ.- Հողը կանգնուն է մնում նահատակների վրա։
ՀՈՎԵ.- (Ձեռքը վերեւ բարձրացնելով)։ Մեկին՝ քսանը թուրքի քթից պիտի հանեմ։
ՊԱՏՄԻՉ.- Ո՞ր կողմերից եք։
ՀՈՎԵ.- Հայաստանցի եմ։ Քաղքցի եմ, քաղքի տղա։
ՊԱՏՄԻՉ.- Ո՞ր քաղքեն։
ՀՈՎԵ.- Այ, քեզի զարմանք։ Ծո, աշխարհի մեջ ուրիշ քաղաք էլ կա՞։ Գյումրեցի եմ, Գյումրի ծնվել եմ, Գյումրի մեծըցել եմ։ Մերս լոռեցի է, հեռու-հեռու ազգականներս էլ Արցախից են։
ՊԱՏՄԻՉ.- Հիմա ո՞ր հայը չէ արցախցի։
ՀՈՎԵ.- Հա, լավ ասացիր։ Էս թուրքի-մուրքի հաշիվը հնուց է... Կսեմ՝ ծո, մեր թասիբը մենք կուլ ենք տվե՞, որ թուրքերը թուրք տեղով մեր հողերը վերցնեն... Երեկ՝ Ղարս, Սարիղամիշ, Վան... Էսօր Արցախը։ Հըբը էգո՞ւց...
ՊԱՏՄԻՉ.- Թուրքի ախորժակը մեծ է։
ՀՈՎԵ.- Ճիշտ ես, ախպեր ջան։ Ախ, եթե Գյումրվա ժաժքը, երկրաշարժը չեղներ, թուրքի հարցը վաղուց լուծել-պրծել էինք։
ՊԱՏՄԻՉ.- Հա, լիովին քանդվեց Հայաստանի երկրորդ քաղաքը։
ՀՈՎԵ.- Հա... Ինչի երկրորդ։
ՊԱՏՄԻՉ.- Դեհ, Երեւանը՝ որպես մայրաքաղաք։
ՀՈՎԵ.- Գյումրին էլ... հայրաքաղաք։ Լավ չըսի՞։
ՊԱՏՄԻՉ.- Լավ ասիր...
ՀՈՎԵ.- Արարատից ձյուն եմ բերել, որ Արցախիս հրդեհները մարեմ... Ըստեղ ես մենակ չեմ, ախպեր ջան, ինձի հետ տղերքս էլ կկռվին, ճիշտ է, մեկը հիմի պզտիկ վերք ունի, մեծն էլ՝ Աշոտս, պոստի վրա է։ Ախպեր ջան, մեկ է, մենք պիտի հաղթենք։ Հայը մեր էս կռվի մեջ է հայ, ուրիշ տեղ հայ չէ։ Ախր, էս մեր հայության կորած երկրների կռիվն է։ Ախր, սա մենակ Արցախի կռիվը չէ։
ՊԱՏՄԻՉ.- Որ պատերազմը վերջանա, ի՞նչ ես անելու, զինվոր։
ՀՈՎԵ.- Արցախս ազատեմ։ Մեր պապերի Ղարսն էլ ազատված տեսնիմ, մեծ տղես պսակեմ էստեղ, մի լավ արցախցի աղջկա հետ, Ղարսում էլ պսակիմ փոքր տղիս՝ Աշոտիս ու... Էլ բան չեմ ուզի, վեր ընկնիմ, հանգիստ մեռնեմ։ Հա։ Հորս գերեզմանը։ Ախպեր ջան, ես երթամ, շատ ուշացա... Հաջող...
(Ձեռք են սեղմում, բաժանվում)։
ՊԱՏՄԻՉ.- Հաջողություն քեզ, զինվոր...
ՀՈՎԵ.- (Հեռվից)։ Հաջողություն...
ՊԱՏՄԻՉ.- (Կանգնած է բեմի առաջամասում)։ Ես զինվորից բաժանվելուց հետո, չգիտեմ ինչու, որոշեցի զանգել Ստեփանակերտի ծննդատուն։ Եվ իմացա, որ ամեն օր այստեղ ծնվում են 11 երեխա, որից ինը՝ տղաներ։ Բոլորն էլ՝ ազատամարտիկների, բայց, ավաղ, նրանցից 5-ը չեն տեսնելու իրենց հորը։ Դրանց մեջ են նաեւ պատերազմում հինգ զավակ կորցրած զոհված Վահրամի կինը... Մանուկներին կնքում են զոհվածների անուններով... Այնպես որ՝ Արցախում ամեն օր ծնվում են զինվորներ։ Արցախը անպայման, անպայման կապրի։
(Բեմի վրա Գեղամն է, մյուս կողմից հայտնվում է Հակոբը)։
ԳԵՂԱՄ.- Հակոբն եկավ, Հակոբն եկավ։ Բարեւ, Հակոբ։ (Գիրկն է նետվում Հակոբի, այնպես որ՝ ընկնում են երկուսով)։
ՀԱԿՈԲ.- Կամաց։ Գեղամ։ Բարեւ։ Տատիկն ո՞ւր է։
ԳԵՂԱՄ.- Խոստմանդ տեր եղար։ Ապրես։ Հակոբ։ Միասի՞ն ենք գնալու։
ՀԱԿՈԲ.- (Այլայլված է, տխուր)։ Միասին, իհարկե։ Տատիկը ո՞ւր է։
ԱՆՈՒՇ.- (Հայտնվելով)։ Հակո՞բ։ Ի՞նչ կա։
ՀԱԿՈԲ.- Ես... Ես... Գեղամին խոստացել էի, որ ինձ հետ տանեմ։ Բայց...
ԱՆՈՒՇ.- (Վախեցած)։ Հակոբ... Լեզուդ չի շարժվում։ Ի՞նչ է եղել։ Ինձնից գաղտնիք մի պահիր։
ՀԱԿՈԲ.- Դեհ, Անուշ մայրիկ։ Այնքան, այնքան զոհեր կան... Գեղամ... Դու գնա շորերդ փոխիր, որ... (Գեղամը վազում է նկուղ)։
ԳԵՂԱՄ.- Հա, հա, հենց հիմա... (գնում է)։
ԱՆՈՒՇ.- Գաղտնիքը փուշ է, Հակոբ։ Ինչ-որ բան ես ուզում ասել։ Խոսիր, ուրեմն։ Ինչ-որ բան ես թաքցնում։ Լեզուդ կապ է ընկել։
ՀԱԿՈԲ.- Այսօր հարաբերական դադար է ռազմաճակատում։ Գերիների փոխանակում եւ...
ԱՆՈՒՇ.- Հետո՞։ Խոսիր, խոսիր։ Ինչ-որ բան ես թաքցնում... Խոսիր։
ՀԱԿՈԲ.- Մեր առաջարկած գերիների դիմաց նրանք... Հայտնեցին, որ Տիգրանը...
ԱՆՈՒՇ.- (Ձեռքով փակում է Հակոբի բերանը)։ Սուսս... (Մի վայրկյան ուզում է կորցնել իրեն, Հակոբը բռնում է)։ Տիգրանս... (Երկու ձեռքով բռնում է ինքն իր գլուխը)։
ՀԱԿՈԲ.- Անուշ մայրիկ։ Նա իրեն պահել է իսկական հերոսի նման։
ԱՆՈՒՇ.- Աշխարհը գլխիս քանդվեց։
ՀԱԿՈԲ.- Հողին հանձնեցինք հենց այնտեղ։ Սահմանի վրա։
ԱՆՈՒՇ.- Հողին հանձնեցիք առանց ի՞նձ։ Իսկ Արեգը չիմացա՞վ։
ՀԱԿՈԲ.- Հա... Այդ ինքը ցանկացավ, որ այնտեղ... Ասաց՝ թողեք մնա այստեղ, միշտ ինձ մոտ, միշտ՝ դիրքերում։ Ասաց՝ Գեղամը թող մեռած չտեսնի, թող միշտ մտածի, թե հայր ունի։
ԱՆՈՒՇ.- Տիգրանս...
(Այդ պահին դուրս է վազում Գեղամը՝ ասպարը կապած, ավտոմատը ուսից կախ)։
ԳԵՂԱՄ.- Տատիկ։ Ես գնում եմ կռիվ, տատ... Ես ուզում եմ համբուրել քեզ ու խնդրել, որ...
ԱՆՈՒՇ.- Գեղամ, համբուրիր, արի համբուրիր, գրկիր ինձ պինդ, այդպես... ավելի պինդ։ (Եվ ինքը՝ տատիկն է համբուրում նրա ճակատը)։ Այդպես։
ԳԵՂԱՄ.- Տատի, տես՝ ինչ եմ ասում...
ԱՆՈՒՇ.- Ասա, բալա։
ԳԵՂԱՄ.- Չիմանամ-չլսեմ, թե հանկարծ հրետակոծության ժամանակ փողոց ես դուրս եկել։
ԱՆՈՒՇ.- Հա, Գեղամս... (Արտասվում է)։
ԳԵՂԱՄ.- Չիմանամ-չլսեմ, թե հանկարծ տխրել ես։
ԱՆՈՒՇ.- Աչքիս վրա...
ԳԵՂԱՄ.- Չիմանամ-չլսեմ, թե մի օր նկուղի մարդկանց թողել ես, որ ձանձրանան։
ԱՆՈՒՇ.- Բալաս...
ԳԵՂԱՄ.- Տատի, այդ լա՞ց ես լինում։ Չե՞ս ուզում, որ գնամ։
ԱՆՈՒՇ.- Ոչ... (Գեղամին)։ Լաց չեմ լինում Գեղամ, թոռնիկս... Ես էլ եմ գալիս քեզ հետ միասին։
ՀԱԿՈԲ.- Ինչպե՞ս, ո՞նց։
ԳԵՂԱՄ.- Տատի... Ո՞նց թե... Էդ ի՞նչ ես ասում...
ՀԱԿՈԲ.- Այս սառնամանիքի՞ն...
ԳԵՂԱՄ.- Բա որ հայրիկը գա՞ հանկարծ։
ԱՆՈՒՇ.- Տիգրանը... Այո, նա անպայման կգա։
(Անուշը դանդաղորեն վերագտնում է իրեն սեւ վշտի մեջ։ Կանգնած է բեմին գեղեցիկ, սլացիկ ու վեհ... Հակոբը եւ Գեղամը կանգել են բեմի աջ եւ ձախ թեւերին։ Հանկարծ Անուշը սկսում է աղոթքով դիմել Աստծուն)։
ԱՆՈՒՇ.- Աստված, լուռ Աստված, ամեն ինչ տեսնող, ամենքին դատող Աստված։ Ես ամբողջ կյանքում ոտքս քո ծրից դուրս չեմ դրել, չեմ մեղանչել, ծուռ քայլ չեմ քայլել... ՈՒրեմն՝ ինչո՞ւ, ինչո՞ւ, երկնային տեր, իմ մինուճար Տիգրանիս կյանքը ինձ չբախշեցիր... Ես հիմա ինչպե՞ս կանգնեմ այս հողին։ Երկնային տեր, դու ինչո՞ւ չարի ձեռքը չես բռնում։ Ամենակարող, ո՞ւմ է պետք գութն այն, որ մեզ՝ հայերիս ես տվել։ Աստված, խոսքս լսիր ու մի վախեցիր իմ աչքին ուղիղ նայելուց, մի փախցրու հայացքդ ինձանից։ Հանուն Արցախա խաղաղ սարերի, հանուն Գեղամիս, իմ վերջին հույսի, հանուն Արցախի, երկնքի, լույսի։ Ու կռվի դաշտում թե հանկարծ ձեռքս դողա, վրիպեմ հանկարծ, ես չեմ ների ինձ, Աստված։ Եղիր դատավոր, արդարությանը եղիր զորավիգ։ Պատժիր չարագործին։ Պատժիր։ Պատժիր... (Ձայնը դառնում է ավելի սարսռազդու եւ վեհագոչ)...
(Լույսի հայելու մեջ, բեմից վերեւ, պատրանքի նման, կանգնում է որդի Տիգրանը)։
ՏԻԳՐԱՆ.- Բարեւ, մայրիկ...
ԱՆՈՒՇ.- Տիգրանս... Դո՞ւ ես, որդիս...
ՏԻԳՐԱՆ.- Ես եմ, մամ։ Ո՞նց եք։ Այդ ի՞նչ արյուն է դեմքիդ։
ԱՆՈՒՇ.- Արյո՞ւն։ Երեւի... Մատաղի արյուն է, որդիս։
ՏԻԳՐԱՆ.- Գեղամս... Ո՞նց է։ Մեծացե՞լ է։
ԱՆՈՒՇ.- Հա, հա... շատ է մեծացել։ Կռիվ է մեկնում արդեն։ Քո ավտոմատն էլ՝ ձեռքին։
ՏԻԳՐԱՆ.- Այնպես, այնպես կուզենայի գոնե մի անգամ գրկել, կրծքիս սեղմել Գեղամին։
ԱՆՈՒՇ.- Տիգրան... Խո՞րն է տեղդ... Պինդ կաց, որդիս, շուտով, շատ շուտով կազատվի հողը եւ դու... Դու կգաս։
ՏԻԳՐԱՆ.- Մայրիկ... Մեր տղաները պինդ են։ Մենք լավ ենք կռվում։ Մենք անպայման հաղթելու ենք։
ԱՆՈՒՇ.- Այո, զավակս։ Որդիս... Սիրտդ ի՞նչ է ուզում, որդիս։
ՏԻԳՐԱՆ.- Կարոտել եմ ձեզ, մայրիկ։ Բոլորիդ։
ԱՆՈՒՇ.- Տիգրանս...
ՏԻԳՐԱՆ.- Մայրիկ, հերիք է, գնամ, իմ դիրքերը ինձ են սպասում, մայրիկ։ (Գնում է)։ Մնաս բարով, մամ։ Մնացեք բարով...
ԱՆՈՒՇ.- Տիգրան... Զավակս... Հանկարծ չմրսես... Հանկարծ... Սպասում եմ...
ԳԵՂԱՄ.- Տատ... (Լացակումած տատի գիրկն է ընկնում)։ Տատիկ...
ԱՆՈՒՇ.- Գեղամ... (Գրկում է թոռնիկին)։ Զավակս...
(Բոլորը բեմի վրա են)։
ՀՈՎԵ.- Կռվել Արցախի համար, կնշանակե վճռել համայն հայության լինել-չլինելու հարցը։ Հայաստան աշխարհի թեւերը կապկպված կմնան դեռ Մուշում, Վանում, Արդահանում, Արարատի փեշերին... Պիտի բացել, ազատ թողնել երկինքը հայոց թեւերուն մեջ...
ՊԱՏՄԻՉ.- Հայոց երկրի արշալույսը մեր թեւերին է։ Արցախի կապույտ-կապույտ լեռներին... Արշալույսը բարձրանում է մեր սուրբ նահատակների շիրիմներից... Եվ նրանց գերեզմանաքարի վրա են սրվում հայոց քաջերի սրերը։ Հայոց ոգին անմեռնելի է։
ՀԱԿՈԲ.- Արցախի կանոնավոր բանակը ջարդել է թշնամուն, ազատագրել հինավուրց հայկական հողերը եւ ընդհուպ մոտեցել հայոց հինավուրց մայրաքաղաք Պարտավին։
ՊԱՏՄԻՉ.- Մենք հաղթանակ, խաղաղություն ենք բերել ամենեցուն։
ՄՈՄԵՐ.- Եղիցի։ Ամեն։