Jump to content

Պետրոս Մեծի հետքերով

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

(Խոսք Ռուսաստանի եւ Ղազախստանի նախագահների Լեռնային Ղարաբաղ գալու առիթով)

Ժողովրդական իմաստությունն ասում է. եթե ապագայի ճանապարհին հանդիպես նախնիներիդ, նշանակում է ճիշտ ճանապարհով ես գնում: Այսօր մենք ողջունում ենք մեր բարձրաստիճան հյուրերին արցախյան հնագույն հայկական հողի վրա: Ուզում ենք եւս մեկ անգամ հաստատել, որ այն ճանապարհը, որը նրանց բերել է մեր երկրամասը, ամենաճիշտն ու անսխալն է: Առավել եւս, չենք կասկածում, որ այդ ճանապարհին Ռուսաստանի նախագահ Ելցինը հանդիպել է Պետրոս Մեծին, չէ որ նա էլ ինչ-որ ժամանակ, իսկ ավելի ճիշտ` 1722 թ. ճանապարհվել էր Ղարաբաղ: Բայց այն, ինչ չի հաջողվել Պետրոս Մեծին, հաջողվեց Ելցինին: Ուրեմն, ուղին ճիշտ է ընտրված:

Միշտ Ռուսաստանի հետ` այդպես էր եւ 1813 թվականին, երբ կնքվեց Գյուլիստանի պայմանագիրը, այդպես է եւ այսօր: Գյուլիստանի հանրահայտ պայմանագիրը չեղյալ է հայտարարվել ապօրինի` Կովկասյան բյուրոյի կողմից, մեր դարի սկզբում: Եվ կյանքը նորից վերականգնում է այդ պայմանագրի անհրաժեշտությունը: Մենք պետք է ընդունենք այն: Ղարաբաղ ժամանած շատ հանձնաժողովներ ավելի շատ զբաղվել են ներկարարությամբ: Նրանց ձեռքերին կար գույների բազմերանգ գամմա: Բայց կյանքը հաստատում է, որ ոչ մի գույն եւ ոչ մի քսուք չի կարող դիմանալ, երբ անմեղ արյուն է հոսում: Իզուր չէ հայ ժողովուրդը ասում. «Արյունն էլ կարող է այրվել, բայց աստված չանի, որ դրանից հրդեհ բռնկվի, հանգցնելը անհնար կլինի»: Մենք այսօր չենք ուզում խոսել այն մասին, թե ինչպես են սպանում հայերին, ինչպես են զոհվում մեր հերոս-տղաները «գրոհայինի» պիտակի տակ, ինչպես են իրենց օջախներից քշվում հայերը, ինչպես են մեզ ծաղրում, ինչպես են ոտնահարվում մարդու իրավունքները եւ այլն: Մենք միայն ուզում ենք ապրել մայր ժողովրդի հետ` խաղաղ երկնքի տակ, մենք չենք ուզում գերի լինել:

Մեր ցավի իրական պատկերը տեսնելու համար բավական է մեկ անգամ լինել Ստեփանակերտի օդանավակայանում: Ադրբեջանական օմոնականները` թվով 16 հոգի, «նույն քանակով» հայ ոստիկաններ: Կարծես ամեն ինչ արվում է, որպեսզի «հավասարակշռություն» պահպանվի: Բայց տարբերությունը մեծ է: Օմոնականները կանգնում են ինքնաձիգերով, իսկ մեր ոստիկանները` դատարկաձեռն: Մեր հարեւանները միշտ նման մոտեցում են ցուցաբերել «հավասարության» հանդեպ: Ինչեր ասես, որ չեն անում նրանք: Մեկ տարուց ավելի է, մենք` Լեռնային Ղարաբաղի գրողներս, չենք կարողանում լինել մայր Երեւանում կամ Մոսկվայում: Մենք գտնվում ենք մշտական շրջափակման մեջ, մենք ուղղակի կալանքի տակ ենք մեր տներում:

Ղարաբաղյան հայ ժողովուրդը ինքն է ընտրել իր ուղին, դա ազատության ու ժողովրդավարության ուղին է: Այն, ինչ տեղի է ունեցել Մոսկվայում այս տարվա օգոստոսին, երեք օրվա ընթացքում, այստեղ ձգվում է արդեն չորրորդ տարին: Վերջ տալու ժամանակն է: Խունտայի գլուխները կտրվել են Մոսկվայում, իսկ նրա ձեռքերն ու ոտքերը գործում են Ղարաբաղում: Իզուր չէ ժողովուրդն ասում. «Ասա ով է ընկերդ, ես կասեմ ով ես դու»: Մենք գիտենք, թե ովքեր էին Գորբաչովի «ընկերները»: Հիմա են նրանց «խունտա» անվանում, իսկ երեկ նրանց հետ էր Գորբաչովը: Եկեք չմոռանանք դա: Նրանք են կազմակերպել Սումգայիթը, Զվարթնոցը, Թիֆլիսը, Վիլնյուսը:

Գորբաչովի պատվերով ոչ մի օրինական կարգ չի գործում Լեռնային Ղարաբաղում: Իսկ բոլոր անհաջողությունները սկսվում են սրանից: Կենտրոնի քաղաքականությունը Ղարաբաղի համար արյունալի է: Իսկ Ադրբեջանի ղեկավարությունն ունի մեկ նպատակ` Արցախն առանց հայերի, ինչի մասին խոսում են Ղարաբաղում կազմակերպված ցեղասպանությունը, հայերի արտաքսումը եւ հայկական գենոֆոնդի ոչնչացումը: Ում են Ադրբեջանում համարում լավագույն ղեկավար, նրան, ով բոլորից լավ է կազմակերպում արցախահայերի ցեղասպանությունը եւ տեղահանումը:

Լեռնային Ղարաբաղի հայությունը ուզում է հավատալ, որ երկու հզոր պետությունների` Ռուսաստանի եւ Ղազախստանի ղեկավարների մեկնելուց հետո Լեռնային Ղարաբաղի հարցը կլուծվի ժողովրդավարական եւ արդար ուղիով: Բայց Աստված մի արասցե` այս անգամ էլ խաբվենք: Մենք, միեւնույն է, չենք դադարում հավատալ, բայց հավատալու ենք ոչ թե ինչ-որ մեկին, այլ մեր հավատին: Իսկ դա նշանակում է մենք չենք հրաժարվի մեր նպատակից: Մենք շատ ենք ուզում հավատալ, որ Ռուսաստանը եւ Ղազախստանը օրինակ կհանդիսանան` առաջինը ճանաչելով մեր Լեռնային Ղարաբաղի հայկական հանրապետությունը: Ղարաբաղի պրոբլեմը լուծված է Գյուլիստանի պայմանագրով: Դա իրականություն է: Իմ փոքրիկ ելույթն ավարտում եմ կոչով: Եկե՛ք չմոռանանք հումանիստ Անդրեյ Սախարովի խոսքերը. «Լեռնային Ղարաբաղը ժողովրդավարության անկյունաքարն է»: Եվ վերջում ուզում եմ ասել… բայց եւ չեմ ուզում ոչինչ էլ ասել, ավելի լավ է ինքներդ նայեք եւ կտեսնեք, թե ինչ է կատարվում մեզ մոտ, մեր երկրամասում: Այն, ինչ կհուշեն ձեր աչքերն ու սիրտը, դա էլ ուզում ենք ասել ձեզ: Աշխարհին: