Jump to content

Արցախյան բեմի ծիծաղի արքան

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՐՑԱԽՅԱՆ ԲԵՄԻ ԾԻԾԱՂԻ ԱՐՔԱՆ

Երբ բեմ է դուրս գալիս Մ. Միքայելյանը, իսկ վերջերս, ցավոք, դա հաճախ չի լինում, բեմը միանգամից փոխվում է, լցվում է կյանքով, շունչ ու հոգի է առնում, եւ նավակը դառնում է նավ՝ պատրաստ ամենամեծ նավարկության։ Բեմի վրա այլեւս ազատ վայրկյաններ ու տարածքներ չեն մնում։ Բեմի վրա չեն մնում եւ անազատ վայրկյաններ ու տարածքներ։ Յուրաքանչյուր խոսք, շարժում ու հայացք ստեղծում են բեմական վիճակների մի ուրույն դաշտ, որը խիստ միքայելյանական է, հագեցած ու ինքնատիպ, զերծ՝ ավելորդություններից։ Բեմն ընդարձակվում է՝ ոչ թե կուլիսների (դրանք չկան, չեն էլ եղել), այլեւ հանդիսատեսի հոգեւոր տարածքների հաշվին։ Միքայելյանի թեթեւ «խաղացված» հումորը սուր է ու խորը։ Նա այն դերասանն է, որի կերտած բոլոր կերպարներն էլ, փոքր թե մեծ, համ ու հոտ ունեն, անհատականացված են, թարմ են ու հավանում ես անպայման, բայց եւ, միաժամանակ ունենում ես ցավի ու ափսոսանքի զգացում, ավաղ, դեռ չի կերտվել այն դերը, որի համար ծնվել է սքանչելի դերասանը. ասել է, թե՝ մեր արյան բաղադրատարրերի մեջ դեռ այնքան ցավ ու վիշտ կա, որ ծիծաղ առ ծիծաղ մեզանից դուրս պիտի «քաշի» հայոց արցախյան բեմի ծիծաղի արքան։