Jump to content

Արցախ (Սոնա Համբարձումյան)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԱՐՑԱԽ

 
Քո քարերը պիտի արևից ճաքեն,
Տղաներդ ճակատներից լոկ քրտինք
Սրբեն,
Լեռներդ իմ լեզվով պիտի
Արձագանքեն,
Հողիդ ծարավը ջրով հագեցնեն:
Խաղադաշտերում քո մանուկները
Պիտի վազվզեն
Անվախ ու անզեն,
Մարտադաշտերում
Անկոխ կանաչ խոտ,
Արոտավայրերում հովիվ, շուն և հոտ,
Ու կակաչների կարմիր պի՛տ երևա,
Եվ ոչ թե թվա:
Քո լռության մեջ լսված ձայները
Պիտի լինեն տունդարձի քայլեր,
Հրապարակներում՝
Թնդացող երգեր ու պարեր:
Որ ոչ մի մարմին, անգամ կաթիլ
Արյուն,
Չդառնա կեր գազանների կամ
Ծաղկի ավյուն:
Ի՛մ Արցախ,
Թող ծնունդները լինեն
Ծննդատանը,
Իսկ մահը հասնի հայրենի մեր տանը: