Արևի խոսնայրը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Հեռացած ձկան խայտանքը Վարդան Հակոբյան, Երկեր, հատոր Բ (Արևի խոսնայրը)

Վարդան Հակոբյան

Պայտ
ԱՐԵՎԻ ԽՈՍՆԱՅՐԸ


Ներեցեք։
Բայց թե չներեք էլ՝ ինձ համար մեկ է։ Ես շնչումևապրում եմ Աստծով, ես սրտից եմ ջուրս խմում։ Եվ նրանցից չեմ, ովքեր բաժակը շշին են խփում (որքան էլ կոշտ՝ բառը ետ չեմ պահի), թե՝ բոզերի կենացը։ Իմ արածը ուրիշ բան է։ Ես տեսել եմ, թե նա ինչպես է չոքում Աստվածամոր առաջ, երդում ուտում, լացում, մոմ վառում, որ այլեւս չի գալու ինձ մոտ, բայց էլի գալիս է, էլի գալիս է Աստծով, որ հետո նորից չոքի նրա առաջ ու նորից մեղա գա, որ նորից՝ հետո...

Նա գեղեցիկ է,
բայց ամբողջ կյանքում «տանը մնաց» գեղեցիկ չլինելու համար։ Նա նույնիսկ... երեխա բերեց։ Եվ, գիտե՞ք, թե դուք ինչքան քար եք նետել այդ երեխայի ճանապարհին, այդպե՞ս ոնց կլինի։ Ախր, ես նրանցից չեմ, կարող եք նրան՝ այդ թմբլիկ, սիրուն, հալալևզուլալ մարդ նորեկին ասել՝ բոզի տղա։ Սիրուց է ծնվել նա, անապական սիրուց, ալպիական սիրուց, մաքուրևերկրային սիրուց։ Մայրը, էն ժամանակ, խռովկան, տան մնացած մի կույս, նստել էր կածանի վրա, ես եկել էի ու տեղ չէր տալիս, ես էլ նստեցի,

մի ծաղիկ պոկեցի կողքից, տվի իրեն, դեմքով ինձ տարավ։ Ծաղկի կարմիրը անցավ սրտին, դեմքին, արյան կարմիրին գումարվեց, աչքերում կրակ դառավ, շուրթերում դող դառավ, գրկեցի, ինքն էլ՝ ինձ, արդար, շաղոտևշողոտ, պախրաների դնչով ու շնչով անցած խոտերի վրա Ադամի ու Եվայի սիրո նախնական մի ծես եղավ։ Իսկ դուք ասում եք...

Աստծո դեմ
մի մեղանչեք։ Եթե մարդ ու կին են անգամ եւ իրենց անկողնում հանդիպում են առանց սիրո, բոզությունը դա է։ Այնտեղ, ուր սեր կա, այդտեղ միայն արեւ է, այնտեղ միայն ալպիական օդն է բուրում։ Իսկ դուք ասում եք... Քանի անգամ է նա կրծքիս լաց լինելով ծիծաղել, ծիծաղելով լաց եղել, լաց ու ծիծաղով պատմել, թե քանիևքանիսն են իրեն մոտեցել ու թողել՝ ձեռքը չբռնած։ Ինքն ինչ գիտե՝ ինչու... Այդպես է եղել։ Եթե ես ինձ կապեի նրանից, նրան չէի սիրիևցանկանա, ազատ ենք իրարից՝ ինքն էլ, ես էլ։ Ծաղիկը ձգվել է դեպի ձեռքս, թեքվել է դեպի ինձ, կքվել է վրաս, չպոկե՞մ, չսիրե՞մ։

Ով ծարավ է՝
գնում է աղբյուրի մոտ։ Բայց աղբյուրներ էլ կան, չէ՞, որ գնում են ծարավների մոտ։ Բա մարդ է, չէ՞, բա քար չէ, չէ՞, բա նա էլ արեւ է ուզում, չէ՞, նա էլ կապույտ է ուզում, ամպ ու անձրեւ է ուզում, չէ՞, գարուն ու աշուն է ուզում, չէ՞։

Կլինի՞, որ գարնանը բոլոր ծառերը ծաղկեն, ինքը մնա չորևցամաք։ Կլինի՞, որ բոլորը կարոտից հագենան, ինքը միայն կարոտի, կարոտի ու երբեմն էլ սիրտը չբավականանա։ Կլինի՞։ Մեկն էլ Հասոն։ Հասմիկը։ Տասնութ տարեկան էր, որ ամուսնացավ։ Ամուսինը գնաց Ռուսաստան՝ եկավ, գնաց՝ եկավ, գնաց՝ եկավ, գնաց՝ չեկավ։ Հասոն ուզեց իրեն սպանել վիրավորանքից, չթողեցին։ Ինը տարի է անցել։ Գիշերը քունը չի տարել։ Շոգ է եղել։ Ծարավել էր սիրտը։ Պատուհանը բացել է։ Հանկարծ տեսել է՝ աղբյուրը իր ոտքով եկել, պատուհանի տակ երգում է։ Ասեր՝ ուրիշի աղբյո՞ւր է։ Բա ուրիշի աղբյուր լինո՞ւմ է, բա ուրիշի ծաղիկ լինո՞ւմ է, բա արեւը ուրիշի՞ է լինում։ Չէ, ներեք, թե չներեք՝ մեկ է։ Արդարությունը արդարություն է՝ երբ պատկանում է բոլորին։

Երբ երգում է հավքը`
որտեղի՞ց է գալիս նրա երգը։ Թե չէ, անմեղ ենք բոլորս, բայց ամեն մեկս քավության նոխազ ենք փնտրում։ Որ ի՞նչ։ Ո՞վ իրավունք ունի ծնվելու իրավունքից զրկել որեւէ երեխայի այս արեւի տակ։ Ես որեւէ մարդու վատ բան չեմ անում, ես օգնում եմ, ես մարդկանց ցավին հասնում եմ, ես լավ բան եմ անում, ես ամեն ճամփի ծաղիկներ եմ ցրում։ Ես արեւի խոսնայրն եմ երկրի վրա։ Աստված սիրեցեք, մարդ սիրեցեք։ Ներեցեք։ Բայց թե դուք չներեք էլ, ինձ համար մեկ է։ Ես ձեզ ներում եմ։