Jump to content

Հեռացած ձկան խայտանքը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ՀԵՌԱՑԱԾ ՁԿԱՆ ԽԱՅՏԱՆՔԸ


Ես ես եմ ավելի, քան ես չեմ,
եւ ինձ չեն լքում բարդիները,
որոնց շշուկներն ավելի շատ եղան իմ սիրո
խոստովանություններում,
քան իմ բառերը,
իսկ գագաթները խոսում են թեւերի հետ միայն։
Թեւերի թախծոտ հեռու։

Թեպետ չեմ սիրում, բայց սիրում եմ, քանզի ծառը գեղեցիկ է՝
որ ծառ է։
Իմ ոտքով բացված ճանապարհի մոտ ես անփորձ երեխա եմ։
Համարյա։
Հեռացած ձկան խայտանքը, որ դեռ մնում է ջրերի վրա,
հո՞ւշ է, թե մի այլ բան։

Դոմոկլեսյան սուրը միշտ կախված է պահերից, որ մազից բարակ
են մանում ու հեշտաբուրիկ են,
որովհետեւ ծաղիկը ծաղիկը չէր լինի երբեւէ, թե չլիներ ծաղիկ,
իսկ երբ ինձ «հուշում» են,
թե ինչպես լինել, ես ընդհանրապես դադարում եմ լինելուց։

Հեռվից սիրելու երանությունը բացառիկ է,
եւ բոլորին տրված չէ Կորնթոսում լինել,

եւ կարոտը անմեռ է միայն անհասության մեջ բարեւուն,
այլապես օրերի վերջում՝ ապրած ու չապրած,
ավելի շատ չէր տեւի մանկությունը։

Ամեն պահի մեջ մեզ առաջնորդում է մի ճրագավոր...
Տեսնո՞ւմ ես, ահա եւ Էրիդան,

դու այնքան լավն ես, որ չեմ ուզում քեզ սիրել, քանզի
սպանում են նրան, ում սիրում են,
սերը կախվածություն է, իսկ եթե ինձանից կախված է իմ բառն
անգամ, ուրեմն ես ես չեմ։

Առավոտի մեջ գինի է կաթեցնում հուշը. կորստի ցավից մեծ է
ավելի ցավի կորուստը,
սերը ստեղծում է աշխարհը եւ ամեն վայրկյան փութաջանորեն
ոչնչացնում,
ես զինվոր եմ, որ միշտ զինվոր է, ես զինվոր եմ,
որ միշտ զոհվում է,
իսկ հաղթած զինվորի կինն է, որ միշտ լինում է ամենագեղեցիկը։

Ես ես եմ ավելի, քան ես չեմ։
Արեւմուտք գնամ, թե արեւելք՝
դեպի քեզ եմ գալիս։
Եվ սրտիս մեջ մի ծաղիկ քո անունն է միշտ տալիս։
Իսկ սերը... չկա։