Jump to content

Աքիլլե՞ս, թե՞ Պյերո

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՔԻԼԼ՞ԵՍ ԹԵ՛ ՊՅԵՐՈ

           Ինտերմեդիա
ԳՈՐԾՈՂ ՊԵՐՍՈՆԱԼ

Թատրոնի Տնօրենը
Հերոսը, կամ գլխավոր անձը, որին Մեծ Հեղինակը, կամ
    Թատրոնի Տնօրենը ջնջել է թատրերգությունից
Տարիքոտ հանդիսականը
Առաջին դերակատարը
Երկրորդ դերակատարը
Մի բամբ ձայն դահլիճից
Մի կերկերուն ձայն դահլիճից
Մի այլ բամբ ձայն դահլիճից
Մի այլ կերկերուն ձայն դահլիճից
Մի ինքնավստահ ձայն դահլիճի վերջից
Մի այլ ինքնավստահ ձայն դահլիճից
Մի անվստահ ձայն դահլիճից
Մի այլ անվստահ ձայն դահլիճից
Աչքերը թարթող մի հանդիսական
Մի հաստատուն ձայն դահլիճից
Մի կանացի ձայն դահլիճից
Մի վիճաբանել չսիրող հանդիսական
Մի գանգրահեր պատանի
Հանդիսականներ
Բազմաթիվ ձայներ դահլիճից
Գործողությունը կատարվում է Մեծ Հեղինակի ետ֊մաՀու
թատրերգության ներկայացման ժամանակ, երրորդ

արարից հետո, ընդմիջումի ընթացքում, փակ
                       վարագույրի առաջ։

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր մեծարգո՛։—
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի
Մահամնա երկի
Երրորդ արարը դուք արդեն տեսաք —
Եվ, թվում է, թե դուք մնացիք գո՛հ։
Մեր թատրոնի համար մեծ հաղթանակ է սա։
Ինչպես հայտնի է ձեզ՝ մեր թանկագին
Հեղինակը ինքը իր այս երկի
Երկու արարն է լոկ կարողացել գրել․
Մահը, այդ կույր դահիճը, անժամանակ խլեց
Այս աշխարհից նրան — և մեզ թողեց
Անօգնական մի պահ։— Սակայն զորեղ
Իր հանճարի ոգով համակված՝
Վաստակեցինք մենք շատ,— և ձեր առաջ
Ահավասի՛կ նրա հանճարափայլ երկի
Նախավերջին արարը։— Կա՞ արդյոք աստ
Հանդիսական մի գոնե,
Որ չգտնի մեր գործը գերազանց,
Որ մեր գործին ներբող չձոնե։—
Կա՞ արդյոք մեկն այստեղ, որ մեզ ասի, թե մենք
Դավաճանել ենք մեր հեղինակի ոգուն
Գեթ փոքրագույն չափով,— որ գեթ մի փոքր
Շեղվել ենք ընթացքից նրա գործի։

Դահլիճը լուռ է:


Ո՛չ։ Այդպիսին չկա։ Ինչու՞։ Այս պարզ հարցին
Մի՛ պատասխան միայն կա ճշմարիտ։—
Մենք չե՞նք արդյոք, մենք չե՞նք, որ քառասուն տարի
Գործակցել ենք նրան, եղել նրա աջ ձեռքը,

Ուղեկիցը նրա անդավաճան,—
Եվ մեզ մոտ չի՞ միայն
Բեմադրել նա միշտ յուրաքանչյու՛ր իր երկը։
Միթե անհա՞յտ է ձեզ, որ առաջ,
Իր հանճարի փայլուն այգաբացին,
Նա տալիս էր երկերն իր նրա՛նց,
Որ հետո դավաճանեցին
Իր հանճարին անեղծ և իր գործին —
Եվ նա, խրատված այս փորձից,
Հիմնեց թատրոնը իր սեփական,—
Եվ առաջին օրից, մեր ուժերի չափով,
Ինչպես հայտնի է ձեզ, օգնել ենք մենք նրան։—
Հայտնի է ձեզ նաև, հանդիսականնե՛ր,
Այս ամենից բացի,
Որ նա թողել է մեզ իր այս վերջին երկի
Սևագիրը միայն։— Եվ բառացի՛,
Օ՜, բառացի՝ անգամ կարելի է ասել,
Որ անմշակ տեղերը կառուցելիս
Մենք աշխատել ենք ողջն այնպե՛ս հյուսել,
Որ հիմնականը մնա անփոփոխ.
Մեր մշակած տեքստում և ո՛չ մի տող
Չի պատկանում գրչին մեր ամբողջությամբ.—
Անցնելով երկի շարունակության
Մենք ո՛չ միայն մեկնել ենք հեղինակի ոգուց,
Այլև պահել ենք նույնությամբ
Անգամ գործող անձանց և դեպքերի հանգույցը։
Եվ դուք տեսաք արդեն թատրերգության երրորդ,
Նախավերջին արարը։— Նկատեցի՞ք արդյոք
Մի թերություն, փոքրիկ մի նրբություն թեկուզ,
Որ հակասեր մեր մեծ հեղինակի ոգուն։—
Նկատեցի՞ք արդյոք․— ասացե՛ք.—
Մեզ հարկավոր է ձեր
Անկողմնակալ խոսքը։

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆՈՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ո՛չ մի թերի չկար։— Հոյակա՜պ էր ամբողջը։
— Միանգամա՛յն բխում էր հեղինակի ոգուց։
— Հոյակապ էր երրորդ արարն առանձնապե՛ս։—

ՄԻ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Փոքրի՛կ թերություններ կային թեկուզ
Արարվածում երրորդ... փոքրիկ բացեր...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Այդ ձե՛զ է միայն թվացել,
Տարօրինակ դիտո՛ղ։— Ո՛չ մի պակաս չկար։—
Հոյակապ էր, փայլուն էր առանձնապես
Նախավերջին արարը։—

ՄԻ ԱՅԼ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Դեռ չէ՛ր փայլել երբեք հեղինակի հանճարը
Այքան վսեմ ու ջինջ պայծառությամբ։—

ՆՈԻՅՆ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈՒՆԻՑ


Սխալվո՛ւմ եք։— Եթե ուշադրությամբ
Դուք նայեիք՝ թերևս նախավերջին
Արարվածում... որոշ... թեև չնչին
Թերություններ, բացեր տեսնեիք դուք։

ՄԻ ԱՅԼ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Ճի՛շտ է ասում, օ, ճի՛շտ։— Ձեզ չի՞ թվում արդյոք,
Որ արարում երրորդ կային շինծու տեղեր,
Ինչ-որ անհարթ ոճեր... անհարթ տողեր...

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՄԻ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ


Ի՞նչ եք ասում... Իսկ ես, գիտե՞ք, գլխի չընկա...

ՆՈԻՅՆ ԿԵՐԿԵՐՈԻՆ ԶԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ԱՆԿՅՈԻՆԻՑ


Լավ չե՛ք նայել ուրեմն անկասկած։—
Եվ մի փոքր էլ, գիտե՞ք, ձեզ արտաքին
Փայլն է գլխիր հանել։— Հավատացե՛ք խոսքիս:—

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԳԱՆՑՈԻԹՑՈԻՆՆԵՐ


որոնք միանգամայն խլացնում են կերկերուն կասկածները


— Հոյակա՜պ էր։— Չքնա՛ղ էր։— Ո՛չ մի թերի չկար։–
— Գեղեցիկ էր երրորդ արարն առանձնապե՛ս։—
— Դեռ երբեք չէր մեր մեծ հեղինակի հանճարը
— Փայլատակել այսպես։— Հանճարե՛ղ էր ու վառ։
— Հոյակա՜պ էր։— Չքնա՜ղ էր։— Ո՛չ մի թերի չկար։

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր մեծարգո։—
Թեկուզ տեսնում եմ ես, որ համարյա բոլո՛րդ եք
Մեր կատարած գործից մնացել գոհ,—
Սակայն թող թույլ տրվի, որ ավելի խորը
Մենք մոտենանք խնդրին։— Լավ չե՞ք գուցե
Մտաբերում դուք այն, ինչ որ տեսաք։—
Թող թույլ տրվի ուրեմն, որ խոսքերով հակիրճ
Հիշեցնեմ ձեզ այդ։—
Թույլ տվեք ինձ, որ ես երկու խոսքով պատմեմ
Գոնե միայն երրորդ արարվածի սյուժեն։—
Թատրերգության երրորդ արարում մենք
Տեսանք ընկած Քաղաքը, տեսանք հաղթող
Բանակների ցնծանքն այդ քաղաքում։—
Ապա տեսանք մենք մեծ Առաջնորդի վախճանը,
Անակընկալ վախճանը մեծագույն
Ղեկավարի, որի մահից հետո
Անցան նրա ըմբոստ բանակների գլուխը
Վճռական մարդիկ։— Նրանք, որոնք,

Ինչպես հայտնի է ձեզ՝ Առաջնորդի օրով
Ընթացել են շավղով նրա միշտ․—
Կարելի է ասել, որ ուրի՛շ
Մի զարդարում կտար հեղինակը երկին,
Եթե ինքը գրեր նախավերջին
Արարվածը երկի։—
Եվ ո՞վ է, ո՞վ,
Որ կարող է այստեղ մեզ համոզել, թե մենք,
Ծավալելով այսպես հեղինակի վերջին
Թատրերգության ընթացքը — թեկուզ չնչին,
Գեթ փոքրագույն չափով հակասել ենք նրա
Թատրերգության ոգուն։— Կա՞ն այդպիսի
Մարդիկ արդյոք, այստեղ։

Դահլիճը լուռ է։ Մի փոքր պաուզայից հետո։


Ինչպես տեսնում եք դուք


0՜, այդպիսի մարդիկ այստեղ չկան։—
Այնինչ հիմա
Ես հայտնելու եմ ձեզ զարմանալի մի բան․․․
Այսօր, երրորդ արարն սկսելու պահին,
Վարագույրը երբ նոր էր դեռ բարձրացել—
Հայտնրվում է հանկարծ մի ֆանտաստիկ պարոն,
Ձեռնափայտը ձեռքին ներկայանում է մեզ,
Եվ հայտնում է անփույթ, սեթևեթ
Շարժուձևով, որ ինքը մեր հանճարեղ
Հեղինակի այս նոր, մահամնա երկի
Կենտրոնական պերսոնն է․․․ Որ իրեն
Հարկ է հանձնել իր դերը սեփական
Որ չի կարող այլևս նա ինքնիրեն զսպել․․․
Հասկանո՞ւմ եք՝ այսպե՛ս
Ո՛չ ավելի, ոչ է՛լ մի մազաչափ պակաս․․.
Շարժուձևով մի փոքր ծիծաղաշարժ,

Եվ սուլելով թեթև, արկածային մի երգ,
Անփույթ՝ նստում է նա իմ սեղանի վրա,
Նետում է ոտքը ոտքին,
Եվ պնդում է, թե ինքը հեղինակի մտքի
Հանճարափայլ ծնունդն է... Որ իր համար
Սահմանած է եղել մեր հեղինակն իբրև
Թատրերգության մեջ այս
Կենտրոնական մի դեր...

Դահլիճում ծիծաղ:


Եվ որ իբրև ջնջել է մի ինչ֊որ մարդ
Կենտրոնական իր դերը թատրերգությունից,—
Եվ խոսքերով իր այդ,
Ինչպես տեսնում եք պարզ — ակնարկում է նա ինձ

Դահլիճում անհանգիստ խլրտում:


Սավառնելով այսպես երազներում վերին
Սպառնում է նա մեզ և ակնարկում է պարզ,
Որ զրեկելով իրեն իր հոյակապ դերից —
Թատրերգությունը մենք դարձրել ենք... մի ֆարս․․.
Հասկանո՞ւմ եք․— այժմ է՛լ նա այնտեղ,
Մեր սենյակում նստած, վարագույրի ետևը,
Սուլում է ինքնագոհ և սպասում,
Որ դուք կանչեք նրան — և նա խաղա իր դերը․․․

Դահլիճում խուլ աղմուկ:


Բայց կա՞ արդյոք այստեղ, այս դահլիճում,
Խելքը գլխին մի մարդ, որ հավատա
Այդ պարոնի խոսքին, հերյուրանքին այդ սուտ,
Եվ չգտնի, որ զուր զրպարտություն է դա։
Ով ճանաչում է մեր հեղինակին, կամ ով
Հետևել է և խորը ուսումնասիրել
Հեղինակի երկերը հոյակապ —
Կծիծաղի անշուշտ այդ պարոնի վրա։—

Ով որ ծանոթ է մեր հեղինակի
Գրվածքների ոգուն — նա գիտե՛,
Որ իր ո՛չ մի երկում նա չունի
Կենտրոնական դեր։
Եվ գաղտնի՞ք է միթե ձեզ համար,
Կամ հանելո՞ւկ,
Որ հեղինակը մեր ընդհանրապես
Խուսափել է բոլոր՛ իր երկերի մեջ
Ինչ—որ փքուն ու մեծ
Հերոսների դերեր հանձնելուց։—
Հենց սրանո՛վ է որ մեր հանճարեղ
Անզուգական Վարպետը, օ, առաջին հերթին,
Տարբերվում է բոլոր թե՛ նոր, թե՛ հին
Հանճարներից։— Այո՛։— Հենց սրանո՛վ է նա
Զանազանվում, ասենք, Սոֆոկլեսից,
Կամ Շեքսպիրից, կամ այլ բազմապիսի
Պոետներից թե՛ նոր, թե՛ դասական։—
Եվ ասացե՛ք խնդրեմ՝ թատրերգական
Իր ո՞ր, իր ո՞ր գրվածքում
Իր ո՞ր, թեկուզ փոքրիկ, երկրորդական երկում
Հերոսներ է դրել նա անխոց,
Կամ գլխավոր անձեր, որոնց շուրջը դառնար
Թատրերգության, ասենք, կառուցվածքը ամբողջ։
Կա՞ այդպիսի մի երկ իր երկերի շարքում,
Հարց եմ տալիս.— օ, կա՞։—

Դահլիճը լուռ է:


                           Ո՛չ, այդպիսի փքուն,
Հերոսապաշտ երկեր նա չունի։—
Որտեղի՞ց է էլ այս զարմանալի պերսոնը
Երևացել այսօր, եկել հանդես,
Եվ ծանր, խանգարող քարի պես,
Կախվել Վարպետի անունից։—

Եվ ինչո՞վ է արդյոք հիմնավորում
Նա իրավունքը իր։— Օ՜, նրանով միայն,
Որ Վարպետի նախկին գրվածքներից մեկում
Կա իսկապես նման երկրորդական մի անձ,
Որ խաղում է երբեմն պատահական դերեր։—
Դուք հիշում եք անշուշտ Վարպետի
Սկզբնական մի երկը, որի մեջ
Կա բանակից-բանակ պարբերաբար անցնող
Եթովպացու մի դեր։— Այս ա՛նձն է, որ պիտի,
Իր ասելով, այսօր թատրերգության մեջ մեր
Կենտրոնական հերոսը հանդիսանա,—
Եվ այս աբսուրդը նա
Փաթաթում է մեր մեծ հեղինակի վզին․․․
Օ՜, որպիսի՜ մարմանջ, որպիսի՜
Ե՛վ մեծամիտ, և՛ խեղճ մոլորություն...
Տարված հերոսական երագներով անձուկ՝
Եկել, նստել է նա վարագույրի ետևը,
Եվ պահանջում է, որ իր սեփական անձով
Ներկայանա նա ձեզ և ստանձնի իր դերը․․․
Եվ քանի որ այնտեղ աղմկում է հիմա
Այդ ֆանտաստիկ հերոսը և խանգարում է մեզ —
Ուստի խնդրում եմ ձեզ,
Որ թույլ տաք նրան, որ ինքը
Իր սեփական անձով ներկայանա,
Ասի իր ասելիքը,
Իսկ հետո — ինչպես կամենաք։—
Համաձա՞յն եք։—

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ



             — Կորչի՛։— Չէ՛, թո՛ղ գա։—
— Հարկավոր չի՛։— Թո՛ղ գա։— Թող կորչի՛
— Մենք ուզում ենք տեսնել արարվա՛ծը վերջին․․․
— Հեղինակի երկում այդպիսի դեր չկա՛․․․

ՄԻ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


— Իսկ ես ասում եմ — կա՛։—

ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Հերյուրա՛նք է։— Գիտե՞նք այդ պարոնին...
— Հեռացրե՛ք նրան...

ՆՈԻՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


— Սխալվո՛ւմ եք.— ես ի՛նքս
Ճանաչում եմ նրան.— նա իրավո՛ւք ունի...

ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Ո՞վ ասողը, ո՞վ... Հեռացրե՛ք դրան...
— Զրպարտո՛ւմ ես։— Ստո՛ւմ ես։—

ՄԻ ԱՅԼ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


            Օ՞, վկա՛ է երկինքը՝
Ճի՛շտ է ասում հերոսը...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


      Օ՜, չլինի՞
Հենց դու է՛լ ես հերոս մի այդպիսի...

Դահլիճում ծիծաղ:


ՆՈԻՅՆ ՁԱՅՆԸ ԴԱՀԼԻՃԻ ՎԵՐՋԻՑ


Հանդիսական այրե՛ր։— Հանդիսականնե՛ր։—
Թույլ տվեք ինձ՝ ասեմ ես հերոսի մասին...

ԲԱԶՄԱԹԻՎ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Հարկավոր չի՛։— Կորչի՛։— Մենք չե՛նք ուզում լսել..․

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


           Լուռ, անայլայլ դիտում է դահլիճի աղմուկը և ի
           նկատի է առնում դահլիճի տրամադրությունը:— Եվ երբ
           աղմուկը հասնում է գագաթնակետին — ասում է
           անվրդով, հաստատուն ձայնով:

Հանդիսական այրե՛ր։— Հանդիսականնե՛ր։—
Հանգստացե՛ք։— Լռե՛ք։— Կարիք չկա
Աղմկելու։— Առանց աղմուկի է՛լ
Մենք կպարզենք խնդիրը։— Լռեցե՛ք։—

Դահլիճում տիրում է լռություն:


Երբ քիչ առաջ ես ինքս, դիմելով ձեզ,
Հարցըրեցի քանիցս, թե դահլիճում
Կա՞ արդյոք արարած մի թեկուզ,
Որ գտնում է, որ մեր նախավերջին արարը
Հակասում է մեր մեծ հեղինակի ոգուն —
Պատասխանող չեղավ։— Սակայն ինչո՞ւ համար են
Մի քանիսի ձայներն այժմ երգում ուրիշ
Հայտնություններ․․․ Պարզ չէ՞ միթե ձեզ,
Որ ֆանտաստիկ հերոսն այս դահլիճում ունի
Համախոհներ։— Եվ ես
Հարց եմ տալիս ահա՝ կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ տարօրինակ անձին։—

Դահլիճում տիրում է մեռելային լռություն:


Երրո՛րդ անգամն է, որ հարցնում եմ արդեն,—
Կա՞ն դահլիճում մարդիկ,
Որ հավատում են այդ հերոսին։—
Դե՛, այդպիսի մարդիկ եթե կան՝
Թող գան՝ իրենց ուզածն ամբիոնից ասեն։—

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ո՛չ։— Այդպիսի մարդիկ այս դահլիճում չկան։

— Ավելորդ է։— Իզո՛ւր է։— Հերյուրա՛նք է։—

ՄԻ ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆ ԱՆԿՅՈՒՆԻՑ


— Չէ՛, կա՛ն:—

Կարելի՞ է խոսել։—
Դահլիճում նստած բոլոր հանդիսականները շրջվում են դեպի ձայնը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Նույն հանգիստ, անայլայլ ձայնով:

Խնդրե՛մ, խնդրեմ, ինչու՞ չէ։ Մենք լսում ենք,
Ասե՛ք։
Գուցե այստե՞ղ կգաք։—

ՀԱՍՏԱՏՈՒՆ ՁԱՅՆԸ
Եթե կարելի է՝ կգա՛մ։—
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Բարեհաճեցե՛ք։—

Դահլիճի անկյունից դուրս է գալիս մի տարիքոտ, բայց
առույգ հանդիսական և հաստատուն քայլերով, անցնելով
ամբողջ դահլիճի միջով, քայլում է դեպի բեմը:


ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ
— Ահավասի՛կ հերոսը։ — Նա՛ է, որ կա։—
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Սխալվեցի՛ք, քեռի՛։— Հերոսը դեռ կգա՛։—

Քայլում է դեպի բեմը:
ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հերոսը չի եթե — նրա քեռին է, կամ
— Խաչեղբայրը նրա...— Նա՛ է, որ կա։—
— Հետաքրքիր է՝ ի՞նչ պիտի ասի...
— Հարկավոր չի՛։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
О, ո՛չ։— Թողե՛ք խոսի։—


Դահլիճում կրկին տիրում է մեռելային լռություն:
Տարիքոտ հանդիսականը արդեն բարձրացել է թեմ և
կանգնել Տնօրենի կողքին: Հենց որ դահլիճում տիրում
է լռություն՝ նա սկսում է խոսել հաստատուն, վնասկան ձայնով:

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Հանդիսականներ,—
Մեր թատրոնում այսօր, ինչպես գիտեք,
Բեմ է հանվում մի նոր թատրերգություն։
Սակայն ինչո՞ւ եք դուք
Այս հանճարեղ երկի յուրաքանչյուր արարը
Լարվածությամբ դիտում։—
Առաջինը՝ սա մեր անզուգական
Հեղինակի այն գործն է, որին, ավա՜ղ,
Վիճակված էր շինել նրա գրչի
Արգասիքը վերջին։
Երկրորդ պատճառը ձեր հիացմունքի —
Թատրերգության սյուժեն է։— Ինչպես տեսաք՝
Սա պատմությունն է մեր հերոսական
Գոյամարտի։— Այո՛։— Մեր այսօրվա կյանքի
Յուրաքանչյուր չնչին հնչյունն անգամ
Պիտի գտնեք անշուշտ արձագանքված այստեղ,—
Մանավանդ որ սա մեր հանճարեղ
Հեղինակի գրվածքն է։— Սակա՛յն,—
Հանդիսական այրե՛ր մեծարգո՛,—
Երրորդ արարը մենք արդեն տեսանք,
Եվ ես պիտի պնդեմ,
Որ, ընդհանուր ձեր այս հիացմունքին ընդդեմ,—
Չմնացի՛նք մենք գոհ․
Ինչու՞։— Պարզ չէ՞ միթե։— Արարվածում մեծ այդ

Մենք չտեսանք
Ո՛չ մեր մեռած, մեր մեծ հեղինակի հանճարը,
Ո՛չ պատկերը մեր մեծ պայքարի,—
Եվ, չգիտենք թեև մենք իսկական պատճառը,—
Սակայն հայտնի է մեզ, որ այս երկում
Իր սեփական ձեռքով
Մեր Տնօրենը մեծ շտկումներ է արել։—
Եվ, որքան էլ ասածս ձեզ հերյուրանք թվա,
Կամ անհաճո թվա Տնօրենին,—
Ես ձեզ հայտնեմ պիտի,
Որ հերոսը ճի՛շտ է։ —

Դահլիճում աղմուկ:
Ավելի՛ն։—


Որքան էլ մեր արգո Տնօրենը պնդի,
Թե այդ ընդդեմ է մեր հեղինակի ոգուն,—
Այնուհանդերձ հայտնեմ ես պիտի,
Իբրև ստույգ մի փաստ,
Որ աչքերով իմ այս
Ես տեսել եմ մեր մեծ Վարպետի
Ինքնագիր ձեռագի՛րն իսկական
Եվ հայտնում եմ ահա, որ գրվածքում նրա —
Այդ մեծ հերոսը — կա՛։— Եվ նրան
Սահմանել է իրո՛ք հեղինակը մեր —
Կենտրոնական մի դեր։—

Դահլիճում տիրում է մեռելային լռություն։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Սո՛ւտ է։— Ձեռագրում այդպիսի բան չկա՛։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Իսկ ո՞ւր է ձեռագիրը։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Այդպիսի ձեռագիր չկա՛։—

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Սո՛ւտ է՛։— Անմի՜տ զրույց։— Ապացո՞ւյց։—
— Հերյուրա՛նք է։— Ճի՛շտ է։— Հերյուրողը դո՛ւք եք։—
— Հայտնի՞ են մեզ խոսքերն այդ վաղուց․..
— Այդ պարոնը չափազա՜նց հանդուգն է...
— Ձեռագի՛րը տվեք։ Ի՞նչ ձեռագիր։—
— Ձեռագիր չի՛ եղել։— Ձեռագիրը կորե՛լ է։—
— Երրորդ արարն է լոկ — սևագի՛ր։—
— Հերյուրա՜նք է բոլորը...
— Օ՜, ո՛չ մի տող չկար արարվածում թերի.․.

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգիստ լսում է դահլիճի բացագանչությունները:— Եվ
կրկին, երբ աղմուկը հասնում է գագաթնակետին, նա
մի քայլ առաջ է գալիս և ասում հաստատ, հավասարակշռված ձայնով:

Հանգստացե՛ք։— Թողե՛ք, թող ապացույց բերի։

Տիրում է լռություն: Տարիքոտ հանդիսականին:


Լա՛վ։— Ասացե՛ք խնդրեմ՝ ո՞րտեղ եք դուք տեսել
Ձեռագիրը։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Ձեզ մո՛տ։— Ձեր սեղանի՛ վրա։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Իմ սեղանի վրա, թե տնօրենը ե՛ս եմ,—
Ձեռագիր չի եղել այդպիսի՛։—
Հայտնի է բոլորին, որ մեր մեռած Վարպետը
Իր այս երկի երկու արա՛րն է լոկ թողել —
Ամբողջովին գրված։— Թե ցանկանում եք՝ հետըս

Կարող եք հենց հիմա իմ սենյակը երթալ
Եվ ձեռագիրն այնտեղ ձեր աչքերով կարդալ։—
Ուզու՞մ եք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Ո՛չ։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Ինչու՞։
ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Ձեռագիրը փոխե՛լ եք։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ապացու՞յց։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Դժբախտությունն հենց ա՛յն է,

Որ ապացույց չկա։

Դահլիճում զվարթ ծիծաղ:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Գուցե կարող եք դուք

Մեզ կողմնակի կերպո՞վ ապացուցել ձեր թեզը.
Հեղինակի երկերից, դիցուք,
Ապացույցներ, փաստեր բերելով։—
Գուցե այդպե՞ս պնդեք, որ սխալվողը — ե՛ս եմ։—
Դա կլինի թե՛ ճիշտ, թե՛ խելոք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Լուռ է:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ուրեմն ի՞նչ։— Լռու՞մ եք։— Ընդունենք,
Որ լռությունը ձեր — անկարության նշա՞ն է։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Լուռ է:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Վերջացրի՞ք ուրեմն։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ
Հանկարծ բռնկվելով:


Օ, ո՛չ, օ, ո՛չ, օ, ո՛չ․․. Անկարողը դու՛ք եք։—
Եթե այդքան ուզում եք, որ պաշտպանեմ
Այլ փաստերով ասածս,— որքան կուզե՛ք․
Առաջինը — հենց ա՛յն, որ ձեռագիրը դուք
Մեզանից թաքցնու՛մ եք...

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հա՜— հա՜— հա՜..․
— Ապացուցե՜ց...— Իսկ ո՜վ էր հենց հիմա
Առաջարկում — գնալ և ձեռագիրն այնտեղ
Ձեր աչքերով կարդալ․․․

ՄԻ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆ
Ձեռագիրը փոխված է...
ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ ԴԱՀԼԻՃԻՑ


Ապացու՞յց...

ՆՈՒՅՆ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆԸ
Ապացույցը կորել է․․․
ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Հա՜ — հա՜ — հա․․․— Դե թող ի՛նքը գրի․․․
— Ապացույցը կորե՜լ է․․․— Ինչպես ձեր
— Խե՛լքն է կորել, քեռի՛․․․

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Դահլիճին:


Հանգստացե՛ք խնդրեմ։— Լռեցե՛ք։

Տարիքոտ հանդիսականին:

Շարունակեցե՛ք խնդրեմ։

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ

Գեղեցի՛կ։—

Եթե անգամ թողնենք ձեռագիրը մի կողմ
Եվ ելնենք երկի բովանդակությունից —
Ապա ասենք պիտի, որ ամբողջը
Աղավաղված է և մեր Վարպետի
Գրվածքների հետ այլ — առընչություն չունի։—
Անհերքելի է այս փաստը։—
Բայց ես այստեղ
Չեմ կամենում խոսել ըստ էության երկար։—
Ես պահանջում եմ լոկ, որ հերոսն ինքը գա,
Ներկայանա ամբողջ դահլիճին —
Եվ կտեսնենք այնժամ, թե տնօրենը մեր
Այդ վիթխարի, այդ բարձր, այդ հանճարեղ
Հերոսի հետ արդյոք ի՞նչպես պիտի վիճի...

Դահլիճում ծիծաղ:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Վերջացրի՞ք։—

ՏԱՐԻՔՈՏ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Այո՛։—
Իջնում է բեմից և դահլիճի աղմուկի միջով
վերադառնում է անայլայլ և նստում իր տեղը:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսականնե՛ր։—

Մենք լսեցինք արգո անձին ա՛յս,
Որ փորձ արավ մի պահ համոզել մե՛զ,
Թե ինքնակոչ հերոսը հեղինակի գրչի

Արգասիքն է իրոք։— Կա՞ արդյոք աստ
Խելքը գլխին մի մարդ, որ հավատա նրա
Պնդումներին անհիմն ու անիմաստ։
Կարծում եմ, որ չկա։— Եվ իրոք`
Ինչո՞վ էր նա փորձում ապացուցել իր թեզը։—
Ինչպես տեսաք, այս այրը սկզբում
Ձեզ համոզել ուզեց, որ ե՛ս եմ
Չարիքների արմատը։— Նա անգամ,
Ինչպես տեսաք՝ մի փոքր խարդախության դիմեց.
Նա անհողդողդ հայտնեց, որ սեփական
Իր աչքերով տեսել է հեղինակի երկը
Իմ սեղանի վրա..․ Բայց երբ ես՝
Հաշտ՝ խնդրեցի նրան անցնել ինձ հետ սենյակս
Եվ ձեռագիրն այնտեղ ստուգել —
Նա, չգիտենք ինչու, հրաժարվեց։— Մեկ է՛լ
Նա համոզել ուզեց, որ միա՛կն է
Ինքը՝ իբրև տեղյակ հեղինակի ոգուն...
Եվ որպես այդպիսին՝ նա փքուն,
Սին խոսքերով, առանց ապացույցի, հայտնեց,
Փութկոտությամբ անհոգ մի թռչունի —
Որ Վարպետի երկի նախավերջին արարը
Իր երկերի հետ այլ — առընչություն չունի...

Դահլիճում դժգոհ աղմուկ:


Հասկանու՞մ եք, արգո հանդիսականնե՛ր,—
Այդ մարդու հանդուգն կարծիքով —
Մեր հանճարեղ, մեր մեծ, մեր անմեռ
Հեղինակի գրչի
Արգասիքը վերջին —
Մի ինչ—որ միֆական հերոսի
Չլինելով — դառնում է անիմաստ ու չնչին․․.
Սա ի՞նչ է, օ, այրե՛ր, եթե ոչ
Մի հանդուգն, ստոր հերյուրանք,

Որ ստվեր է նետում о, ո՛ղջ, о, ո՛ղջ
Մեր թատրոնի վրա...— Ավելի՛ն․
Բացահայտ չէ՞ միթե բոլորիդ
Այդ հանդուգն փորձից,
Որ ինչ—որ մարդիկ տարօրինակ
Աշխատում են, ճգնում են շարունակ՝
Ամենասև լուտանքը դարձնելով գործիք՝
Ցե՛խ շպրտել մեր մեծ հեղինակի գործին.․․

Դահլիճում բարձրանում է անասելի աղմուկ:
ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Ամո՜թ։— Ամո՜թ։— Ամո՜թ։— Խայտառակությու՜ն..․
— Դու՛րս շպրտել դրանց, եթե դուք
— Մեղսակից չեք իրոք...— Եվ հերոսին էլ հե՛տը․․․
— Շարունակե՜լ պիեսը...— Սա աղե՛տ է...
— Օ՜, ամոթա՜նք է սա մեզ բոլորիս համար...
— Էլ ինչու՛ է նստել նա հիմա
— Վարագույրի ետևը...— Խաբեբա
— Արարած է եղել նա միշտ է՛լ․․․

ՄԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ


Ո՛չ։— Սխալվում եք դուք։— Հանդիսականը ճի՛շտ է․․․

ՄԻ ԱՅԼ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ


Ես ի՛նքս էլ եմ տեսել ձեռագիրը․..
Այնտեղ հերոսը կա՛...

ՄԻ ԵՐՐՈՐԴ ՁԱՅՆ


Տնօրե՛նն է ջնջել...

ՄԻ ԿԵՐԿԵՐՈԻՆ ՁԱՅՆ


Բայց ինչու՞ է ջնջել...

ՄԻ ԻՆՔՆԱՎՍՏԱՀ ՁԱՅՆ
Որ ի՛րը,


Իր ուզա՛ծը լինի...

ՄԻ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ


Օ՜, ինչե՜ր,
Ինչե՞ր եք դուք ասում․․․— Ձեռագիրը ջնջե՞լ․․․

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՄԻ ՄԱՐԴ


Չե՜մ հասկանում ոչինչ․․. Ի՞նչ կարիք կա․․․
Ո՞վ է ջնջել․․. Ինչու՞․․․ Չե՜մ հասկանում ոչինչ․․․

ՄԻ ՎԻՃԱԲԱՆԵԼ ՉՍԻՐՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ


Միթե խաբու՞մ է նա․․. Սրիկա՛,
Սրիկա՛ է նա, ո՛չ թե հերոս․․․
Բայց ինչու՞ եք թողնում, որ խանգարի,—
Ականջիցը բռնեք — և դու՛րս․․․

ՄԻ ԱՅԼ ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆ


Չե՜մ հասկանում ոչինչ․․. Ես մի բարի
Հանդիսակա՛ն եմ լոկ, որ թատրոն եմ եկել․․․
Բայց ինչու՞ են այստեղ աղմկում․․․
Ես սիրում եմ հանգիստը.․. Ես դե՛մ եմ
Այս աղմուկին... Ես սիրում եմ, որ բեմը
Խորասուզվի մի փոքր կիսամիգում -
Լինի լուսի՜ն․․․ Խարու՜յկ.․․ Չե՛մ հասկանում ոչինչ․․․

ՄԻ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ


Ա՜խ, ասացե՛ք խնդրեմ — նա իսկապե՞ս հերոս է․․․
Ես չափազա՜նց սիրում եմ հերոսներին...
Ա՜խ, գանգրահեր է միշտ հերոսների մորուսը․․․
Ես լսել եմ անգամ, որ նրանք
Ոսկեփոշի՜ են միշտ շաղում իրանց
Գանգուր մորուսներին...

Ա՜խ, ես պաշտե՜լ եմ միշտ հերոսներին...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


Ձայնդ կտրի՛ր, հիմա՛ր,— Գնա հեքիա՛թ կարդա,
Կամ չափածո վեպեր։—

Ծաղրելով:
Նա չա՜փա՜զա՜նց սիրու՜մ է


Հերոսների մորու՜սը... Իսկ դուք, տիկի՛ն,
Շոկոլա՞դ չեք սիրում... Առեք—կերե՛ք։—

Ցույց է տալիս կոշիկը:
ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ


Ֆու՛, ինչ կոպի՛տն եք դուք...

ԲԱՄԲ ՁԱՅՆԸ
Դե, կներե՛ք...
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք խնդրեմ, լռեցե՛ք․
Աղմկելով ոչինչ մենք չենք կարող անել։—
Այսպես ուրեմն, մենք
Ծանոթացանք արդեն հանճարեղ
Մեր հերոսի փայլուն պաշտպաններից մեկի
Փաստարկումին անհիմն։— Ինչպես տեսաք՝
Այս տիպարները մեր հեղինակին
Ուզում են դուրս բերել մի տեսակ
Կեղծ — դասական գրող, որ «Օթելլո» կամ «Քին»
Պիեսների նման «հերոսական»
Գրվածքներ է գրում... Օ, ո՞ր, օ, ո՞ր
Հանդիսականն այստեղ
Կարող է հավատալ զրպարտանքի նման․
Այնինչ, անհերքելի փա՛ստ է,
Որ գործերում մեր մեծ Վարպետի
Նման երկեր չկան։—

Այստեղից է բխում հենց գլխավոր սխալը
Այս հարգելի անձանց։— Մինչև հիմա սրանք
Չեն կարողացել ըմբռնել
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի ոգու
Աննախընթաց ընթացքը։— Եվ մեր
Երջանկությունն է թերևս մեծագույն,
Որ մեր անմահ, մեր մեծ հեղինակի երկերը
Պատկանում են թատրոնի՛ն մեր միայն,
Եվ ոչ թե ձեր տեսած պարոնների նման
Հերոսներին։— Հիմա՛
Մնում է լոկ, որ մենք, նախքան հերոսն անձամբ
Ներկայանա և խոսքը իր ասի,—
Խնդրենք, որ մեր արգո գործող անձերը գան
Եվ իրենց խոսքն ասեն այս ամենի մասին։—

Դառնալով դեպի վարագույրը:


Ո՞վ կա այդտեղ․— խնդրում եմ՝ խնդրեցե՛ք,
Որ գլխավոր երկու դերակատարը գան
Եվ բարբառեն այստեղ սեփական
Իրենց կարծիքն արգո այս անձերի մասին։—

Վարագույրի ետևից, հագած, ըստ թատրերգության,
զինվորական տասանորդների պայմանական զգեստներ,
դուրս են գալիս գլխավոր դերակատարները և կանգնում
Տնօրենի կողքին: Դահլիճը թնդում է
ծափահարություններից։


ԱՌԱՋԻՆ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ


Հանդիսական այրե՛ր։— Այս խնդիրը, որ աստ
Այսքան հուզում է ձեզ,— ո՛չ մթին է, ո՛չ բարդ է.
Զարմանում ենք մենք լոկ, որ այդ մարդը
Հայտնըվել է այսօր մեր առաջ
Եվ պահանջում է մեծ դեր․․․
Երեսուն տարի է արդեն,

Որ ես խաղում եմ մեր հեղինակի գործերը,—
Ինչպես տեսնում եք՝ ես — արդեն ծե՛ր եմ,—
Եվ կարող եմ անգամ ձեզ ասել,
Որ Վարպետի գործում եմ ծերացել։—
Եվ հայտնում եմ այստեղ ես ահա,
Որ ոչ միայն նրա մահամնա երկում
Այդպիսի դեր չկա,
Այլև, իբրև ինքնին հասկանալի հերքում
Այդ անիմաստ ու խեղճ մոլորության —
Բավական է թվել գրվածքները միայն
Հեղինակի մեր մեծ ու հանճարեղ,
Որպեսզի պարզ լինի, որ նման
Հերյուրանքներ — միայն
Անօգնական մարդիկ ընդունակ են ճարել․․․
Եվ ես ևս պնդում եմ Տնօրենի նման,
Որ հերյուրանք է սա և բարբաջանք տգետ․
Չեմ կասկածում, որ այս հասկանում եք դուք է՛լ։—
Իսկ մեզ համար, որ միշտ խաղացել ենք երկերը
Հեղինակի մեր մեծ,— օ, այսպիսի խոսքերը
Կարող են հարուցել ծաղր ու հեգնանք միայն․․․
Եթե գործը դրսից դիտողների համար
Դեռ կարող են լինել կասկածանքներ որոշ,—
Ապա թող պարզ լինի դիտողներին բոլոր,
Անհերքելի լինի միանգամայն,
Որ պիեսը շարժող անձերի
Պերսոնալում չկա և ո՛չ մի մարդ,
Որ հավատա այդ մութ կասկածներին
Եվ խոսքերին այդ։—
Եվ չէ՞ արդյոք մի փաստ անհերքելի
Այդ դավերի դեմ մութ — միահամուռ մեր խաղը․
Ո՞վ էր մեր մեջ արդյոք իր կատարած դերում,
Կամ իր խաղում — թերի.—
Ո՞ր դերակատարը...

Դահլիճում բուռն ծափահարություններ, որոնց ներքո
Առաջին Դերակատարը մտնում է վարագույրի ետևը և
նրա տեղը թռնում է Երկրորդ Դերակատարը:


ԵՐԿՐՈՐԴ ԴԵՐԱԿԱՏԱՐԸ


Հանդիսական այրե՛ր։— Հանդիսականնե՛ր։—
Ինչ որ ես ձեզ այստեղ հիմնականում
Բարբառեի պիտի — իմ գործակիցն արդեն
Պարզ և որոշ ասաց։— Մենք զարմանում,
Զարմանո՛ւմ ենք միայն այս ամենի վրա։—
Մենք խաղացինք արդեն նախավերջին արարը
Միահամուռ, հանո՛ւր ջանքերով,—
Եվ մեզանից ո՞ր
Դերակատարն արդյոք նկատեց,
Որ գրվածքում այս մեծ
Հարկավոր է մի ինչ—որ հերոս...
Եվ հայտնում եմ ես ահա ամբողջ
Պերսոնալի կողմից մեր թատրոնի,
Որ այս զրույցը լոկ
Մի՛ նպատակ ունի.—
Այն է՝ անվանարկել Տնօրենին
Եվ հոյակապ գործին մեր խանգարել․․․
Բայց մենք, բայց մենք, բայց մենք,
Որ մեր անմահ, մեր մեծ հեղինակի երկերը
Տարինե՞ր ենք ամբողջ կատարել—
Մեր սիրելի, մեր մեծ Տնօրենի
Ցուցմունքներով այժմ է՛լ մինչև վերջ
Կկատարենք մեր պարտքը հեղինակի հանդեպ,—
Եվ ո՛չ մի, ո՛չ մի «հերոս»
Օ, չի՛ կարող մեր թափը կաշկանդել․․․

Դահլիճում բուռն, երկարատև ծափահարություններ,
որ փոխվում են օվացիայի Տնօրենի հասցեին: Այդ
օվացիայի ժամանակ Երկրորդ Դերակատարը ևս անցնում

է վարագույրի ետևը և բեմի վրա մնում է միայն
Տնօրենը, որ միանգամայն հանգիստ ու անայլայլ
սպասում է օվացիան վերջանալուն: Դահլիճում
ծափահարությունները հետըզհետե սկսում են
դադարել և ծայր են առնում բարձրաձայն վեներ ու
բացագանչություններ:


ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Փա՜ռք ու պատիվ մեր մեծ Տնօրենին...
— Տեսա՜ք ինչ ճի՛շտ ասաց դերակատարը...
— Բայց ո՞վ աշխարհ հանեց այն պարոնին.․․
— Էլ նա ինչո՞ւ համար է...
— Տարօրինակ արկած...— Անհավատալի՛...
— Բայց որտեղի՜ց եկավ այդ ֆանտաստիկ հերոսը․..
— Ճի՛շտ.— որտեղի՞ց եկավ...— Եթե իմանայի՜․․․
— Հետաքրքիր է — նա ոսկեմորո՞ւս է...
— Էլի՞, տիկի՛ն...— Թողե՛ք ինձ հանգիստ...
— Հեռացրե՛ք դրանց...— Բայց ճի՛շտ.
— Նա որտեղի՞ց արդյոք հրապարակ եկավ...
— Չե՞ք հասկանում.— նրա՛նք են հնարել...
— Ո՞վ։— Չգիտե՞ք։— Բազում թշնամինե՛րը մեր...
— Ի՜նչ եք ասում...— Այո՛:— Անկասկա՛ծ։—
— Չե՞ք սխալվում...— Օ, ո՛չ։— Իսկ ապացույց ունե՞ք.
— Ո՛չ... բայց... եթե... սակայն... էլ ո՞վ, ինչո՞ւ...
— Ի՜նչ միամիտն եք դուք.— նրա նենգ
— Ոսոխնե՛րն են արել...— Այսինքն ո՞ւմ...
— Ի՜նչ միամիտն եք դուք...— Տնօրենի՛...
— Ի՜նչ եք ասում... — Իհարկե՛... — Հա՜—հա՜—հա՜..․
— Սակայն կանչենք — տեսնենք...— Ի՞նչ է ասում

տեսնենք

— Տարօրինակ այդ անձը...— Կանչենք—տեսնենք։—
— Հարկավոր չէ՛։— Արա՛րը թող սկսեն...
— Շարունակե՛ն այսինքն...— Իսկ նա՞ —
— Թատրերգության հերո՞սը...— Թող կորչի՛։—

— Էլ ի՞նչ հերոս․․․ էլ ի՞նչ.․․ թե որ չի...
— Չի՛ խանգարի տեսնել այնուհանդերձ նրան․․․
— Մանավանդ որ այն մարդը... այն տարիքոտն ասաց․
— Որ սեփական աչքով...— Չհավատա՛ք․
— Այդ ի՛նքն է հնարել...— Բայց ի՞նչ օգուտ ունի․․․
— Չե՞ք հասկանում — նրա՛ն հարվածելու համար...
— Ա՜ա՜ա՜... բայց ինչու՞, ինչու՞... չե՜մ հասկանում

ոչինչ.․․

— Զարմանալի տգե՛տն եք.— նա ուրի՛շ
— Մի թատրոնի միջնորդ է...— Ի՞նչ եք ասում...
․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․ ․
— Հերյուրա՛նք է...— Լուտա՛նք է...— Զրպարտություն է

սու՛ւտ․․․

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Խորը ուշադրությամբ լսում է դահլիճի խոսակցությունները
և առանձին բացագանչությունները: Երբ հիմնականում
նրա համար պարզվում է դահլիճի տրամադրությունը —
նա մի քայլ առաջ է գալիս և դիմում
է հանդիսականներին սառը, անվրդով ձայնով:


Հանդիսականնե՛ր։—

Դահլիճում տիրում է լռություն:


Ահավասիկ լսում եմ ես զրույցները ձեր,
Եվ նկատում եմ պարզ, որ մի—երկու
Հարգելի անձանց բացառությամբ —
Բոլորդ նու՛յնն եք ուզում,—
Այն է՝ որ մենք նրան անգամ ելույթ չտանք։—
Սակայն քանի որ նա, այդ ֆանտաստիկ պարոնը,
Սպասում է այնտեղ, վարագույրի ետևը,
Եվ մեզ խան—գա—րում է,
Եվ պահանջում է իր դերը,—
Թույլ տանք նրան՝ թող գա, և ասելիքն ասի։—

Դառնալով դեպի վարագույրը։


Է՜յ, ո՞վ կա այդտեղ.— կանչեցե՛ք հերոսին։—

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Թող կորչի՛։— Պետք չէ՛։— ժամանակ չկա՛։—
— Շարունակեցե՛ք ներկայացումը․․․
— Ո՛չ, թող գա՛։— Թող գա՛։—
— Մենք պահանջո՜ւմ ենք․․․
— Թող գա՛ ու գնա՛։— Ի՞նչ կըկորցընենք։—
— Թերևս մի քիչ զվարճանանք է՛լ.․․
— Թե ինձ հարցընեք —
— Զուր ենք կորցնում մենք ժամանակը...
— Ախ, գալու է նա — հերոսը ի՛նքը...
— Էլի՞...— Չենք ուզո՛ւմ։— Թող գա՛։— Թող կորչի՛։—
— Կանչեցե՛ք, թող գա՛։— Չէ՛, հարկավոր չի՛...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Արագ դառնալով դեպի վարագույրը, կրկնում է
հաստատ, հրամայող շեշտով


Է՜յ. ո՞վ կա այդտեղ, բեմի ետևում,
Կանչեցե՛ք նրան, թող գա՛, թող խոսի՛,—
Եվ տեսնենք, թե այս հանճարեղ դարում
Որքա՞ն է տևում
Կյանքը պաթետիկ, թղթե հերոսի...

Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից: Բեմի ետևից
լսվում են ոտնաձայներ— և ահա բացվում է
վարագույրի մեջտեղի ծալքը և դուրս է գալիս Հերոսը
կամ Գլխավոր Անձը, որ մոտ քառասուն տարեկան,
բարձրահասակ, ասորական սև մորուքով և դերասանական
երկար մազերով մի մարդ է՝ հագին սև, անթև
անձրևանոց և գլխին սև, լայնեզր, թավշյա գլխարկ:

ՀԵՐՈՍԸ
Գլխարկը սիրալիր բարձրացնելով և բարևելով
հանդիսականներին:


Օ, ահա և ե՛ս.


Հանճարագույն մեր հեղինակի
Հանճարեղ երկի
Գշխավոր անձս, կամ հերոսս մեծ։—

Դահլիճում մի-երկու ծափահարություն, քրքիջ, ծիծաղ,
աղմուկ, և այս աղմուկի միջից հանկարծ հնչում է մի
                     բարակ կանացի ձայն:


ՄԻ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆ


Ա՜խ, նա իսկապե՜ս հերոս է եղել...
Կամ հերոս է նա, կամ հայտնի երգիչ...

ՄԻ ԲԱՄԲ ՁԱՅՆ


Ինչի՞ց երևաց.— այծի մորուսի՞ց,
Թե՞ սրունքների կլորությունից...

Դահլիճը թնդում է զվարթ ծիծաղից։
ԱՅԼ ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ


— Բայց իրո՛ք նա քիչ նման է կարծես
— Հերոսի, կամ այլ գլխավոր անձի...
— Համենայն դեպս պատկառելի է
— Իր արտաքինով...—Ոչինչ առանձին
— Չեմ տեսնում նրա արտաքինի մեջ...
— Ինշո՞ւ.— լա՛վն է շատ.․․Դեմքը բարի՛ է...
— Բայց լսենք նրան...— Արտաքինը—հե՛չ։ —

Դահլիճում տիրում է լռություն։
ՀԵՐՈՍԸ


Հանդիսականնե՛ր։ — Օ, այրեր արգո՛։ —
Բեմի ետևից ես լսում էի

Մեր Տնօրենի զրույցը ձեզ հետ —
Եվ կարո՞ղ էի արդյոք մնալ գոհ...
Ի՜նչ խոսք, որ նա մեծ հմտություն ունի
Միամիտ մարդկանց համոզելու մեջ,
Կամ թոզ փչելու նրանց աչքերին...
Ամբողջ երկու ժամ ես լսում էի,
Թե ինչպես նա ձեզ, հանդիսականնե՛ր,
Համոզում էր, թե հեղինակը մեր
Իր բոլոր թե՛ հին, թե՛ նոր երկերում
Իբրև թե միայն անգույն, դիմազուրկ
Դեմքեր է կերտում, նկարագրում...
Որ սրանով է իբրև թե մեր մեծ,
Հանճարեղագույն հեղինակը միշտ
Տարբերվել բոլոր թե՛ հին և թե՛ նոր
Հանճարեղագույն ողբերգուներից․․․

Պաուզա։


Սա ի՞նչ է, արգո հանդիսականնե՛ր,
Եթե ոչ — հեգնանք ու ծաղր կրկնակի
Հանճարեղագույն մեր հեղինակի
Հասցեին։— Այո՛։— Վերցընենք թեկուզ
Մենք նրա վերջին, այսօրվա երկի
Բովանդակության առանցքը միայն.—
Օ՜, ի՞նչն է միակ
Գաղափարը, կամ խորհուրդը, որ նա
Դրել է երկում իր այս վիթխարի․—
Պարզ չէ՞ ձեզ միթե, որ դա — մեր դարի
Եվ մեր պայքարի
Պաթո՛սն է վսեմ ու հերոսական։—
Տեսնո՞ւմ եք սակայն
Դուք նման մի բան

Մեր Տնօրենի բեմադրության մեջ․․․
օ, ո՛չ։— Նա միայն ողբալի ու խեղճ
Խրտվիլակներ է ասպարեզ հանել,—
Եվ մեր Վարպետի հղացումն այսպես
Խայտառակաբար հիմքից կործանել...

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

— Սուտ է։— Սխա՛լ է այդ։— Ձեր կարծիքո՛վ է լոկ
— Այդ ամենը այդպես։— Իզո՜ւր խոսքեր։—
— Ա՛խ, նա ուզում է լոկ, որ ոսկե
— Մրցակառքեր շաչեն սրընթաց...
— Ճշմարի՛տ է ասում․․.— Աննախընթա՛ց
— Խիզախությո՜ւն կոպիտ Տնօրենի հանդեպ,
— Ճշմարի՛տ է ասում։— Միայն անդեմ
— Խրտվիլակնե՛ր կային արարվածում երրորդ․․․
— Էլ՞, օրիո՛րդ, է՞լի․..— Բոլորը խորթ
— Ու թշնամի մարդկանց հերյուրա՛նք է աններ..․
— Թողե՛ք շարունակի․..

Հերոսը
Հանդիսակա՜ննե՛ր։


Մեր Տնօրենը այստեղ ձեզ ասաց,
Որ իբր անմահ հեղինակը մեր
Ողբերգությունն այս թողել է կիսատ.
Որ իբր նրա առաջին երկու
Արարն է միայն նա ինքը գրել,
Որ իբր նրա հանճարեղ երկում
Չկա ո՛չ մի մեծ, հերոսական դեր․․.
Իրեն առարկող հանդիսականին,
Որն, ինչպես ասաց, իր զույգ աչքերով
Տեսել է, դրված հենց ի՛ր սեղանին,
Մեր հեղինակի ձեռագիրը ողջ —

Նա խնդրեց անցնել սենյակն իր և անդ
Խնդրի էությունն ընդմիշտ ստուգել․..
Այսպես նա ասաց, այրե՛ր,— և դուք էլ
Իհարկե, իսկույն հավատացի՛ք այդ
Խորամանկամիտ պայմանին հմուտ...
Չե՞ք ենթադրում սակայն արդյոք դուք,
Որ կարող է այդ ձեռագիրը լոկ
Աղճատված, խուզած պատճենը լինել
Մեր հեղինակի երկի հանճարեղ...
Չե՞ք ենթադրում, որ հարկ է գոնե
Մեր մեծ Վարպետի անփոփոխ, անեղծ
Ձեռագիրը, կամ պատճենը ճարել...

Տնօրենին:

Ի՞նչ կասեք սրան, արգո Տնօրե՛ն։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Ո՛չ ձեռագիր է եղել ինչ—որ մեծ,
Եվ ո՛չ էլ կորել։—
Ո՛չ մի ձեռագիր, լսու՞մ եք, երբե՛ք
Ո՛չ կրճատել ենք և ո՛չ էլ փոխել։—
Երկու արարի ձեռագիրն է լոկ
Մեր հեղինակը թղթերում թողել —
Եվ նրա թողած ձեռագիրն — անեղծ,
Անխախտ վիճակում մենք բեմ ենք հանել:—

ՀԵՐՈՍԸ


Իսկ չկա՞ն արդյոք ձեռագրում այդ
Պակաս երեսներ, կամ արարվածներ՝
Կրճատված, կիսատ...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Օ, իհա՛րկե, կան։— Կիսից սկսած
Կան արարվածներ, անմշակ տեղեր։—

Բայց, ինչպես գիտեք, նա թեկուզ կիսատ,
Սակայն՝ հիմնական գծերով լրիվ
Ու ամբողջական մի գործ է թողել։—

ՀԵՐՈՍԸ
Կրկին դիմելով հանդիսականերին:


Ուրեմն այսպե՛ս։— Ինչպես լսեցիք՝
Մեր Տնօրենը ինքն է՛լ է պնդում,
Որ ձեռագրում կան պակաս էջեր,
Կիսավարտ տեղեր... Մնացածը դուք
Կարող եք, ինչպես հարկն է, հասկանալ...
Ձեռագիրն, ավա՜ղ, կորած է անդարձ...
Հարկ կա՞ էլ թափել անիմաստ ջանքեր...
Մեզ երբևիցե օ, դժվա՛ր թե այն
Հաջողվի գտնել, կամ վերականգնել․..
Մնում է ուստի մեզ հեղինակի
Կյանքի բովանդակ գործից ելնելով —
Փորձել համոզել ու ապացուցել,
Որ նրա վերջին գրվածքում իրոք
Եղել է մի մեծ, հանճարեղ հերոս...

ԲԱՑԱԿԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Բավակա՛ն է։— Վե՛րջ։— Շա՜տ եք երկարում։—
— էլ ի՞նչ ապացույց, ֆանտաստիկ պարո՛ն...
— Բայց չէ՞ նա կա...— Եթե կա — ապա
— Իրավացի՛ է...— Ա՛յ քեզ սկզբունք...
— Նման հերոսներ շուկայում թափած
— Ինչքա՛ն կամենաք... Սխալվու՛մ եք դուք.
— Տնօրենն ի՛նքն էլ կարծես ընդունեց,
— Որ ձեռագիրը...— Մի՞թե...— Այդպիսի
— Պնդում նա չարեց։— Բայց ինու՞ լռեց
— Երբ հերոսն արավ իր ակնարկը նուրբ...

— Ի՞նչ աներ.— նրա վզակոթին տար
— Եվ շպրտեր դո՞ւրս...— Դո՛ւրս շպրտել, դո՛ւրս․․․
— Շա՜տ է երկարում...— Շարունակեցե՛ք
— Ներկայացումը...— Լռե՛ք։— Լռությո՜ւն։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք, այրե՛ր։—

Հերոսին


Ձեզ մնում է արդեն
Երեք րոպե միայն։—

ՀԵՐՈՍԸ


Հանդիսականնե՛ր։—

Մի փոքր անդորր — և ես կավարտեմ։—
Ո՞րն է այս երկի բովանդակության
Առանցքը։— օ, դո՛ւք, ասացե՛ք խնդրեմ՝
Ի՞նչ է կամեցել հեղինակը մեր
Ասել իր երկով հանճարեղափայլ.
Թե երկու խոսքով կամենանք մենք այդ
Ասել,— ապա մենք պարզ պիտի ասենք,
Որ առանցքը այս հոյակապ երկի
Մեր հերոսական պայքարն է վսեմ
Ընդդեմ աշխարհի կործանվող ու հին.
Եվ հարց եմ տալիս ես ահա կրկին
Ի՞նչ տեսաք այսօր բեմի վրա դուք.—
Մարդկային մի հոծ, անդեմ բազմություն,
Որ չնչին, գաճաճ առաջնորդների
Ղեկավարությամբ, անիմաստ ու կույր,
Ինչպես մի նախիր — գնում է անմիտ
Ինքն էլ չգիտե, թե ինչո՞ւ և ո՞ւր..

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈԻՄ


— Ա՛յ քեզ Աքիլլես...— Այդ ո՞նց թե իսկի
— Ինքն էլ չգիտե, թե ինչո՞ւ և ո՞ւր...
— Օ, ի՛նքդ ես անմիտ...— Եվ դու ի՛նքդ ես կույր..․
— Իսկ Առաջնորդի ուղի՞ն անհողդողդ,
— Որով բազմությունն ընթանում է հար՝
— Օ, ի՛ր իսկ ընտրած առաջնորդների
— Ղեկավարությամբ հմուտ ու արդար․․.
— Սա ծա՜ղր է, ծա՜ղր է մեր հեղինակի
— Եվ մեր հասցեին.․. — Ծա՜ղր է կրկնակի․..
— Հանդուգն լուտա՛նք.․.

ԱՅԼ ՓՈՔՐԱԹԻՎ ՁԱՅՆԵՐ ԴԱՀԼԻՃՈԻՄ


— Չէ՝, ճի՛շտ է ասում։—
— Ովքե՞ր են նրանց առաջնորդում, ո՞վ...
— Թո՛ւյլ տվեք ասի իր խոսքը — հետո՛...
— Եվ ե՞րբ է արդյոք պատմությունն հոսում,
— Իբրև պղտոր գետ... — Առա՜նց վիթխարի
— Այրերի...— Առա՜նց հերոսների մե՛ծ...

ՆՈԻՅՆ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ


Նա ճի՛շտ է ասում.— նրա աչքերի
Եվ զարմանալի համակրելի
Դեմքի՛ց եմ ես այդ եզրակացնում...

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


O, ոչի՜նչ, ոչի՜նչ չե՛մ հասկանում ես..․
Ճի՞շտ է ասում արդյոք... Օ, ասացե՛ք խնդրեմ...
Թեկուզ ոչինչ չունեմ Տնօրենին ընդդեմ —
Բայց տատանվում եմ քիչ... Օ՜, ասացե՛ք խնդրեմ․․․

ԲԱՄԲ ՁԱՅՆՈՎ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Լռի՛ր, հիմար թարթող։—Ես քեզ գիտե՜մ...

ՀԵՐՈՍԸ


Հանդիսականնե՛ր,— հարգելի այրե՛ր,—
Ինչո՞ւ եք հուզվում իմ խոսքերից դուք։—
Օ, մի՛տք արեք, մի՛տք,— չե՞ք տեսնում արդյոք,
Որ ձեզ համա՛ր եմ
Ես այստեղ ուտում նախատինք ու թուք։—
Թո՛ւյլ տվեք սակայն,
Որ բերեմ ես իմ փաստը հիմնական։—
Օ՜, մի՛տք արեք դուք, մի՛տք արեք միայն․—
Ըստ հեղինակի մտահղացման՝
Հանճարեղագույն ողբերգության մեջ
Կատարվում են վեհ, ամեհի ու մեծ
Դեպքեր վիթխարի ու աշխարհացունց․
Ոտքի են ելնում, մոլուցքով լեցուն,
Երկու ինքնաբավ աշխարհներ տարբեր...
Հասկանո՞ւմ եք դուք․—
Որպիսի՜ հսկա մտահղացում —
Եվ ի՜նչ գոսնելի, գաճաճ տիպարներ․․.
Գրո՜հ մեծագույն Տրովադայի դեմ,
Գրո՜հ մեծագույն ու չտեսնըված —
Համաշխարհային գոյամա՛րտ հրկեզ,—
Եվ ո՛չ մի Աքիլլ, կամ սեգ Պատրոկլես
Հասկանում ե՞ք դուք. — նման վեհագո՜ւյն,
Նման հոյակա՜պ, պատմական գործեր,—
Եվ ո՛չ մի Աքիլլ, որ ուժը փորձեր,
Կամ երկրորդական մի Այաքս թեկուզ․․․
Այս ի՞նչ է․ — անմահ մեր հեղինակի
Հանճա՞րն է արդյոք այսպես սպառվել,
Թե՞ գաճաճների ստոր դավերի
Եվ խարդախությանց հետևանքո՛վ է
Սպառվել է նրա ինքնությունը վեհ․․․
Օ, պարզ չէ՞ միթե, որ հեղինակի

Հանճարեղագույն, հոյակապ երկից
Հանված է մի մեծ, կենտրոնական դեր —
Եվ ահա — առանց այդ կենտրոնական,
Գլխավոր անձի, կամ մեծ հերոսի —
Ողբերգությունը դարձել է մի սին,
Անօգնական ֆարս... Եվ պարզ չէ՞, որ մեր
Տնօրե՛նն է այդ ամենը արել...
Օ, ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում դուք,
Որ Տնօրե՛նն է աշխատել այդպես,
Որպեսզի այսօր դու՛րս շպրտի մեզ
Ողբերգությունից այս հերոսական —
Եվ դերը մեր վեհ ու անանձնական
Հանձնի անքանքար գործող անձերի...
Եվ ի՞նչպես, ի՞նչպես, տեսնելով երեք
Անիմաստ արար — օ, հարգելի՛ք, դուք
Ձեզ հարց չտվիք․— կարո՞ղ էր արդյոք
Մեր Վարպետը իր երկում հանճարեղ
Թույլ տալ այսպիսի թյուրիմացություն․․․
Կարող է՞ր արդյոք նման հոյակապ
Նյութ վերցընելով, մեր հանճարը նուրբ
Դեմքեր տալ՝ չնչին ու անդե՛մ այսքան,
Եվ քարակտերներ — այսքա՛ն դիմազուրկ․․․
Կարո՞ղ էր արդյոք նման վեհագույն
Եվ աշխարհացունց մի նյութ ընտրելով —
Իր ողջ պիեսում նա չտալ թեկուզ
Մի աչքի ընկնող պերսոն, կամ հերոս,
Որ իր հանճարով, գիտությամբ, խելքով,
Բնավորությամբ շիտակ ու արի —
Մի փոքր գոնե բարձրանար այդ հոծ
Բազմությունների անդեմ նախիրից․․․

Հերոսի այս խոսքերից հետո դահլիճում բարձրանում
է անասելի աղմուկ:— Բայց Տնօրենը կարգի է

հրավիրում հանդիսականներին և դիմում է հերոսին սառը,
հեգնական տոնով:
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Չլինի՞ այդ հենց ինքնե՛րդ եք այդ մեծ,
Այդ անզուգական հերոսը, պարո՛ն։—

Դահլիճը թնդում է քրքիջից:— Բայց հերոսը, չկորցնելով
իրեն, բացագանչում է պաթետիկ ձայնով:
ՀԵՐՈՍԸ


Օ՜, այո՛, այո՛,— հենց ե՛ս եմ, որ կամ․․․
Այդ ի՛նձ է ջնջել մի ձեռք պիեսից —
Եվ հեղինակի երկն հերոսական
Դարձրել մի ֆարս՝ անիմաստ ու սին․․․

   Ամբողջ դահլիճը կրկին թնդում է քրքիջից:— Եվ կրկին
   Տնօրենը կարգի է հրավիրում բոլորին և մի քայլ առաջ
   գալով ասում է հաստատուն, անայլայլ, անկիրք ձայնով,
   որի մեջ զգացվում է սակայն խորը, զուսպ,
   անդրդվելի մի պաթոս:

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսական այրե՛ր ողջախոհ։—
Ինչպես տեսնում եք դուք — դահլիճն ամբողջ
Թնդում է զվարթ քրքիջից․․․
Ակներև է, որ մեր հերոսն անկոչ —
Զվարճալի է քիչ...
Բայց քրքիջը թողնենք մենք մի կողմ
Եվ «հերոսին» մեր այս վերամբարձ
Տանք հասարակ մի հարց։—

Դառնալով Հերոսին:


Դուք որքան էլ այստեղ վերամբարձ,
Տասվանկանի չափով, մեր արխայիկ

Վարպետների հանգով բարբառեցիք վսեմ
Հերոսների մասին,— սակայն խնդրեմ ասե՛ք.—
Այդ ինչպիսի՞ արդյոք հերոսի,
Կամ գլխավոր անձի դեր է եղել երկում
Այդ միֆական ձեր դերը, որ մի երկու
Անհատներից բացի — ձեր բացակա լինելը
Չի նկատել ոչ—ո՛ք։— Ասացե՛ք։—

Հերոսը լուռ է


Ավելո՞րդ եք ուրեմն,— այնպես չէ՞։—
Հերոսը լուռ է: Դահլիճում ևս տիրել է մեռելային լռություն

ԱՉՔԵՐԸ ԹԱՐԹՈՂ ՀԱՆԴԻՍԱԿԱՆԸ


Վա՛յ, ինչ ճիշտ ասեց Տնօրենը մեր...
Բայց ի՞նչպես ի՛նքս չէի մտածել
Այդքան հասարակ, տարրական մի բան․․․

ՆՈՒՅՆ ԿԱՆԱՑԻ ՁԱՅՆԸ


Սակայն, այնուհանդերձ, նա իսկակա՜ն
Հերոսի է նման, կամ գլխավոր անձի...

ՆՈՒՅՆ ԲԱՄԲ ՁԱՅՆԸ


Թե սիրում եք այդքան դուք նրան —
Գնացիք հետն — առանձի՛ն․․․

Զվարթ քրքիջ։
ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանգստացե՛ք խնդրեմ։— Ուրեմն այսպե՛ս.—
Ինչպես տեսնում եք դուք՝ դահլիճն ամբողջ,
Մի—երկու մարդու բացառությամբ,
Համամիտ է, որ առանց ինքնակոչ
Հերոսների անգամ
Թատրերգությունը մեր — հիանալի մի երկ է։

Հարց եմ տալիս ուրեմն.— էլ ո՞ւմ է հարկավոր
«Հերոսական» այս երգը...
Եվ ասացեք խնդրեմ.— այդ ի՞նչ, այդ ի՞նչ
Տարօրինակ հերոս է, կամ գլխավոր անձ,
Առանց որի պիեսը չի կորցընում ոչինչ —
Եվ շահում է անգամ չափազանց...
Պարզ չէ՞ ուրեմն, որ միանգամայն
Հնարովի լեգենդ է այդ դերը,
Կամ ավելորդ մի բան։—
Օ, դատեցե՛ք ինքներդ.— եթե մենք
Օրինակի համար Շեքսպիրի
«Լիր Արքա»–յից հանենք
Դերը Արքա Լիրի —
Ի՞նչ կմնա արդյոք էլ նրանից...
Օ՜, պարզապես ոչի՛նչ։— Բայց ինչո՞ւ։—
Որովհետև այդ երկն իսկապես
Կառուցված է այնպես,
Որ պաթետիկ հերոս է պահանջում։—
Այնտեղ իրոք առանցք է կենտրոնական հերոսը,
Որի շուրջն է դառնում գործողությունն ամբողջ,—
Սակայն միայն թերո՛ւսը
Կարող է պահանջել, որ այսօր
Մեր հանճարեղ, մեր մեծ հեղինակի երկում,
Որ բազմությանը պաթոսն է քնարերգում —
Գործողությունն ամբողջ դառնա մի
Կենտրոնական անձի, կամ հերոսի շուրջը...
Որտեղի՞ց է գալիս այս անուրջը...
Օ՜, խեղկատակ մարդի՛կ, ողորմելի՜,
ժամանակի՛ց, դար՛ից, հեղինակի ոգուց
Ետ մնացած այրեր անիմաստ,
Որոնց համար դեռևս մեր կյանքը մի
Հոմերոսյան հեքիաթ է, կամ միայն

Հերոսների հանդուգն խաղալիք․․․
Եթե այդ խեղճ մարդիկ
Հասկանային մի պահ ճշմարտությունն այս մերկ —
էլ կասեի՞ն արդյոք, որ իբր մենք
Դուրս ենք նետել մեր մեծ հեղինակի երկից
Մի վիթխարի, մի մեծ, առանձնակի մի դեր,—
Եվ ոչ—ոք, բացի իրենցից
Չի՛ նկատել խարդախ այս արարմունքը մեր...
Օ, ծա՜ղր է սա միայն և անիմաստ մարմանջ...

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Օ, ծա՜ղր է սա միայն և անիմաստ մարմանջ...
— Հեղինակի երկում ո՛չ մի նման հերոս,
— Կամ գործող անձ չկա։— Դո՛ւրս անել, դո՛ւրս։—

ՀԵՐՈՍԸ
Հանկարծ գլխի ընկնելով, որ արդեն պարտվել է:


Օ, ո՛չ, օ, ո՛չ, օ, ո՛չ, հանդիսականներ,
Ես բոլորը դեռ ձեզ չասացի...
Այս ամենից բացի...

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Չե՛նք հավատում։— Կորե՛ք։— Մեզ հերոսներ պետք

չե՛ն։—

— Դուք ինքնակոչ հերո՛ս եք։— Հեղինակի երկում
— Այդպիսի դեր չկա՛։— Մենք անասուն հո չե՞նք․․․
— Շարունակեցե՛ք ներկայացումը...

ՄԻ ՔԱՆԻ ԱՆՎՍՏԱՀ ՁԱՅՆԵՐ


— Բայց չի՛ լինի այսպես...— Նա երկրնքից
— Հո չի՞ ընկել...— Նրան հեղինա՛կն է ծնել...
— Ի՞նչ իրավունք ունեք հեղինակի երկից
— Օ, հերոսնե՜ր ամբողջ շպրտել դուրս․․․

ԱՅԼ ԲԱԶՄԱԹԻՎ ՁԱՅՆԵՐ


Որ միանգամայն խլացնում են այս անվստահ ձայները:
— Հեղինակի երկում ո՛չ մի նման հերոս
— Կամ փքուն անձ չկա...— Դո՛ւրս անել, դո՛ւրս։

ՀԵՐՈՍԸ
Արդեն կորցրել է հավասարակշռությունը և սկզբում
շփոթում է իր խոսելու տասվանկանի չափը:


Տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք, տեսնո՞ւմ եք,
Որքան անգո՞ւթն է, որքան անգո՞ւթն է մեր Տնօրենը․..
Նա ի՛նձ, հանճարեղ մեր հեղինակի
Գլխավոր անձի՛ս, որին ի՛նքը մեր
Մեծ հեղինա՜կն է իր պիեսի մեջ
Տվել հոյակապ, անզուգական դեր,—
Տվել է թե՛ սիրտ, թե՛ միտք, թե՛ հոգի,
Հանճար մեծագույն, որ էլ ո՛չ ոքի
Չի տրված այս մեծ ողբերգության մեջ —
Նա դո՛ւրս է նետում ողբերգությունից,
Իբրև լաթ անպետք... Առա՛նց զգալու
Եվ հասկանալու, որ հեղինակի
Հանճարեղագույն ողբերգությունը
Առանց ինձ — ահա դարձել է մի ֆարս...
Այնպես չէ՞, արգո հանդիսականնե՛ր,
Դարձել է — մի ֆարս...

Դահլիճում ծիծաղ:
Իսկ դո՛ւք, հարգելի


Հանդիսականնե՛ր,— չե՞ք տեսնում միթե,
Որ խաբում են ձեզ և ծաղրի հանում,—
Դուք ի՞նչպես, ի՞նչպես չեք հասկանում այս.․․
Օ, ժամանակնե՜ր... Բայց ո՛չ, երևի
Ձեր իրավունքը դուք չե՛ք հասկանում.․․

Հասկացե՛ք, ելե՛ք, պահանջն՛ք դուք ձեր
Իրավունքն՝ այսպես արված գետնահար,—
Չէ՞ որ դասական մի ողբերգության
Մուտքի համա՛ր եք դուք տոմսեր առել —
Եվ ո՛չ թե չնչին մի ֆարսի համար․..

ԲԱՑԱԳԱՆՉՈԻԹՅՈԻՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ


— Բավակա՛ն է։— Վե՛րջ։— Նա թատրոնը մեր
— Շփոթում է մի բալագանի հետ․․․
— Դո՛ւրս արեք դրան․․. Ձայնից զրկեցե՛ք։—
— Առանց նրան էլ թատրերգությունը
— Գործ է հոյակապ․․․ — Շարունակեցե՛ք
— Ներկայացումը․․․ — Շարունակեցե՛ք․․․

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ


Հանդիսականնե՛ր։— Այժմ պարզ է ձեզ,
Որ պարոնը այս,
Որ հեղինակի գործը հանճարեղ
Ողբերգություն է երբեմն համարում,
Իսկ երբեմն — ֆարս,—
Ո՛չ մի կապ չունի մեր հեղինակի
Թատրերգության հետ։— Ուստի մենք նրան
Կարող ենք անել առաջարկ մի լուրջ․—
Քանի որ նրան, ավա՜ղ, չաջողվեց
Դառնալ մի հսկա, վիթխարի հերոս,—
Կարող ենք նրան խորհուրդ տալ միայն
Որ նա իր սիրած ամպլուան փոխե,—
Օ՜, մոռանա՛լով նախապես սակայն,
Որ երբեմն ա՛յլ երգ է ներբողել։—
Մեր բեմի համար հարկավոր է մի
Ընդմիջումների խեղկատակ — հերոս,—
Այսինքն, արգո հանդիսականնե՛ր,—
Մի լավ․․․ Պյերո՛․․․

Հերոսին


Ուզում ե՞ք, պարո՛ն։ —

ԲԱՑԱԳԱՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԴԱՀԼԻՃՈԻՄ


— Հա՜—հա՜—հա՜․․․— Իրո՛ք հանճարեղ խորհուրդ․․․
— Այդ իրո՛ք նրա դերն է իսկական...
— Ընդմիջումների խեղկատակ — հերո՜ս․․․
— Ե՛վ սքանչեչի, և՛... հերոսական․․․
— Այդ դերը նրան իրո՜ք սազում է...
— Շարունակեցե՛ք ներկայացումը․․․

ՀԵՐՈՍԸ


Տեսնելով որ այլևս ավելորդ է որևէ փորձ շահելու
դահլիճի համակրանքը— հուսահատորեն բռնում է մազերը
և արաասանում համարյա ինքնիրեն։


Ինչ էին ուզում նոքա ինձանից,
Եվ ի՞նչ էր, որ ես նոցա չտվի․․․
Օ, դավե՜ր, դավեր,— մո՛ւթ, ստորաքա՛րշ,
Մարդկային գծուծ ուղեղում նստած,
Փոքրի՜կ, գետնաքա՜րշ գաճաճների պես
Բույն դրած դավեր․․․ Օ, բա՜խտ իմ, բա՜խտ իմ․․․
Ա՜խ, թե գտնեի ես հեղինակին,
Մի պահ թե գոնե բարձրանար նա իր
Անդրշիրիմյան ահռելի քնից
Եվ տեսնե՜ր իր մեծ ողբերգությունը
Ֆարսի վերածած... Եվ տեսնե՜ր իր մեծ,
Միակ հերոսի վախճանն այս տխուր,—
Տեսներ իր սիրած հերոսին այսպես՝
Մենա՜կ, հալածվա՜ծ,
Ծաղր ու ծանակի ենթակա դարձած,
Դարձած ուրվակա՜ն, գոսնելի ստվե՜ր,
Հասած այնպիսի՛ մի եղկ դրության,
Որ ի՛նքը անգամ դժվարանում է

Հավատալ իրեն... Օ՜, ողբերգությո՛ւն․․.
Եվ չէ՞ սա արդյոք մեր ժամանակի
Ողբերգությունը միակ արդարև,
Որ իր խորությամբ և վսեմությամբ
Գերազանցում է անգամ Վարպետի,
Օ՜, անգամ նրա՛ բոլոր հոյակապ
Ողբերգությանցը․․․
                Օ, դու՛, էսքիլե՛ս,
Եվ դու՛, Սոֆոկլե՛ս աստվածաքանքար,
Եվ դու՛, մեր անմահ ողբերգու վերջին,—
Վե՛ր ելեք, հառնե՛ք մահվան խավարից,
Եվ վար հայեցե՛ք, և տեսե՛ք ահա
Վերջին հերոսի վախճանը ճղճիմ․․․
       Հերոսի այս մենախոսության ժամանակ դահլիճում
       տիրում է անասել իաղմուկ, ծիծաղ, բացագանչություններ,
       այնպես որ ոչ nք չի լսում նրա արտասանած
       բառերը:— Եվ հանկարծ այդ անասելի խառն աղմուկի
       միջից հնչում է մի պատանեկական ճնշան ձայն:

ՄԻ ՊԱՏԱՆԵԿԱԿԱՆ ՀՆՉՈԻՆ ՁԱՅՆ


Արգո՛ Տնօրե՛ն, թու՛յլ տվեք խնդրեմ
Մեր ողբերգական հերոսի մասին
Մի բալլադ ասեմ։—

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Խնդրե՛մ, օ, խնդրե՛մ։—


       Բեմ է վազում մի գանգրահեր, պայծառ պատանի:—
       Ամբողջ դահլիճը լսում է և հետաքրքրությամբ սպասում
       է, թե ինչ պիտի ասի նա:

ԳԱՆԳՐԱՀԵՐ ՊԱՏԱՆԻՆ ԵՐԳՈԻՄ է:


Լինում է, չի լինում
Մի անգո հերոս,
Աքիլլես հնում,

Հիմա — Պյերո։—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Պյերո՛ն,—
Մի իսկակա՞ն Պյերո։

Երբ դեռ Տրովադի
Կռիվն էր գնում,—
Թղթե սաղավա՛րտ էր
Նա գլխին կրում,—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր այսօրվա Պյերո՛ն․․․

Իսկ այսօր արդեն,
Այդ նո՛ւյն սաղավարտով
Նա ավելորդ մա՛րդ է,
Ընդմիջումի հերոս,—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր ողբալի՜ Պյերոն․․․
    Երիտասարդի երգելու ժամանակ հանդիսականները
    հետզհետե համակվում են երգի զվարթ ռիթմով, և
    վերջում համարյա ամբողջ դահլիճը ձայնակցում է
                      նրան.—
Պյերո՛ն,
Պյերո՛ն,
Պյերո՛ն,—
Մեր ողբալի՜ Պյերոն․․․

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հերոսին։


Անտրակտը վերջացա՛վ։—
       Դառնալով բեմի կողմը։—
Վարագույրը բա՛ց։—

ՀԵՐՈՍԸ


     Կախվելով վարագույրի եզրերից։
Կա՜ց, կա՜ց, կա՜ց...

ԹԱՏՐՈՆԻ ՏՆՕՐԵՆԸ
Հաստատ, անհողդողդ։—


   Վարագույրը բա՛ց։—

Դահլիճի բուռն ծափահարությունների ներքո բացվում է վարագույրը, և Հերոսը, որ հուսահատորեն կառչել է վարագույրի եզրերից, ընկնում է հատակին։— Բեմի վրա, շարժվելով աջից դեպի ձախ, առաջանում է Առաջնորդի բանակը, որ, չնկատելով Հերոսին, ոտնատակ է անում նրան,— և սկսվում է Հանճարեղ Հեղինակի ետմահու թատերգության վերջին, վճռական արարը։—
Սկսված է․— 1929 ապրիլի 29-ին, Թիֆլիսում․
ավարտված է․— 1933 հունիսի 18-ին, Նորքում։—