Ես բառ եմ ընդամենը՝
«սիրում եմ»,
որ հայրս շշնջացել է մորս, երբ նա եղել է 16 տարեկան։
Սիրելի ճանապարհ,
միակ ելքը
երեխայի ծնունդն է։ Ծննդկան աղբյուրի խշշոցներում
շարահյուսվում են խոտը, երկինքը, միտքը, եւ օդը
լցվում է ոչ մի վարդից չգերազանցված բուրմունքով,
ոչ մի շողից չգերազանցված թիթեռնիկներով՝ դեղին, կապույտ։
Բոբիկ հովիտներում
զրնգում է
գարնան վարգը։ Շիրազն իր բաժակն այնպես է խփել Արարատ
սարին, որ աշխարհում այլեւս չասված կենաց չի մնում։ Լույսը
կանգառներ չունի։ Բաժանումը կեղծ վիճակ է, որովհետեւ
հանդիպումը միշտ ներկա է։ Իսկ մանկության լեռներից բարձր լեռ չկա։
Վայրկյանի ճյուղերին
հյուսեցի
ես իմ բույնը։ Գնացել էի մի նոր շյուղ կամ մի ծեղ բերելու, երբ
վերադարձա, վայրկյանն արդեն թռել էր։ Չկար։
Մնացել էին աչքերդ։
Անվերջանալի ճանապարհի վրա քայլում են երկու լեռներ՝
որպես նժարներ
մութ ու լույսի. արեւը մեկի թիկունքից ծագում, մյուսի
ուսին մարում է։
Աշխարհում ամենից նորն աշխարհն է, որը, սակայն,
ամեն վայրկյան հին է ու այլ։ Ես ընդամենը խոսք եմ՝
«սիրում եմ»,
իսկ «խառնակ» բառն, անշուշտ, ծնվել է Բաբելոնից հետո։