Կար ժամանակ, որ ես էլ
Էի ուրախ, երջանիկ,
Շողշողում էր իմ բախտի
Աստղը պայծառ, գեղեցիկ,
Ո՞վ չէր իմ սերտ բարեկամ,
Ո՞ւմ չէի ես սիրելի,
Իմ մոլությունքն անգամ
Էին հարգի, գովելի:
Քանգի լի էր իմ քսակ,
Առատ, ճոխ էր և սեղան,
Մինչ հալածող թշնամիքս
Քնքուշ եղբայր ինձ եղան:
Ամեն մարդ իմ պատվին
Դներ բարձր աստիճան,
Որպես մեղրը ճանճերից
Միշտ պատած էր իմ շրջան:
Ամեն բերան ջերմեռանդ
Հորինում է ինձ գովեստ,
Իմ հանճարն ու իմ տաղանդ
Էին գերագույն և համեստ:
Ամեն մի դատարկ խոսքիս
Պատասխանն էր միշտ այո՜,
Ձյունը սև է ասեի,
Սև՜ է, պարոն, սև՜, այո՜:
Ամեն հիմար գրվածքիս
(Թեև գայլի շարական(,
Գովասանքին չափ չկար,
Էր վսեմ, անզուգական:
Որքան ես իմ խոսքերում
Էի սխալ, շաղակրատ,
Բայց ոսկեղեն իմ բերնով
Խոսում էր մեծն Սոկրատ:
Կեղծավորքն այդպիսի
Փաղաքշանաց փոխանորդ՝
Իմ վերջին կոպեկներին
Էին ընկեր բաժանորդ:
Բայց երբ դարձավ անիվը
Չարանախանձ իմ բախտին,
Որպես օդեղեն ամրոց
Բոլորն անցան դառնագին:
Եվ հեռացան ամենքը,
Զի դատարկ էր իմ քսակ,
Թառամեցա՛վ կեղծավոր
Ձեռքով հյուսված իմ պսակ...
Խավարեցա՛վ, կարծես թե,
Ոսկի ավուրց իմ արև,
Եվ ո՜չ ոք այնուհետև
Չէր ուզում տալ ինձ բարև:
Այդպես է միշտ աշխարհի
Անիծված կարգն ու կանոն,
Երբ բախտը ծռվեց քեզանից,
Ծուռ է գծում միշտ քանոն...
Հրեշտակի լեզվով խոսե,
Ինչ կուզես դու մտածե,
Ո՞վ բանի տեղ կրդնե,
Կասեն՝ խելքը ցնդած է:
Այժմ եղբայր, իմացիր,
Քո հաշիվն և քո սակ,
Չունես կյանքի իրավունք,
Երբ դատարկ է քո քսակ: