Միթե արյունո՞վ երկնային դըպիր
Գրեց դժնդակ քո ճակատագիր, —
Երկաթի կապանք, բանտ և աքսորանք,
Եվ հայրենիքից լինել տարագիր:
Այո՜, երբ կույր բախտ բաժաներ վիճակ,
Ընտրեցիր բաժին քեզ փշյա պսակ,
Անվեհեր սրտով, հոժար, համարձակ
Խմեցիր կյանքի դառնության բաժակ:
Այդ քո սրբազան զոհաբերություն
Բաշխեց դիցական քեզ անմահություն,
Եվ քո անմոռաց վսեմ հիշատակը
Կավանդե հայը ապագա որդուն:
Դեռ մանկությունից այդ անգութ աշխար,
Ուղղեց քո առջև փշոտ ճանապար,
Երբ դու չքավոր, անտեր, անխնամ,
Քո ծնողքներից որբացար իսպառ:
Ցավալի հոգսը դառն աղքատության
Չըթուլացրուց թափը քո բնության,
Ուսում, գիտություն էր քո խնդրածը,
Քո սիրտը չըկապեց արծաթի շղթան:
Ն... քաղաքի կեղտոտ փողոցում
Փակված էիր դու խոնավ մի խըցում,
Ուր թոքախտական բարակացավը
Բոթաբեր հազը դրեց քո ծոցում:
Բայց չէր քեզի փույթ ցավը մարմնավոր,
Կամ աշխարհային վշտերն անսովոր,
Քո հոգին լի էր առողջ կյանքով,
Սիրտդ` ուժերի նոր, թարմ հոսանքով:
Եվ մոլորողի հրապույրը փառքի
Չըգերեցին քո՝ ոչ սիրտը, ոչ հոգի,
Դու նվիրեցիր բոլոր քո ջանքը
Հօգուտ հայրենյաց, հօգուտ քո ազգի:
Ազգն ի՞նչ փոխարեն շնորհեց քեզ, անբախտ,
Եռ եկան կրքեր, բորբոքվեց չար ախտ,
Եվ մոլենախանձ կղերի խրատով
Հայհոյեց քո գործը խուժանն ապերախտ...