Դու մի՛ զարմանալ, որ... Սլավյանք
Պատմության համար դարձան նոր պարծանք,
Մեծ զոհեր բերին, ջանք, ճիգ թափեցին,
Ըստըրկի շղթան վայր թոթափեցին. 5
Հայքըս սարսեցանք հրացանե, թըրե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գըրե՛։
Հաստ կաշի ունինք ու չենք կարմըրում,
Երբ որ մեր եղբարց ըստրուկ ենք տեսնում,
Կըշտապինդ, թըմրած, անհոգ ու անդորր— 10
Այսպես անցնում ենք մեր կյանքն ամեն օր.
Քուրդը հայի կուրծք թող սըվին խըրե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գրե՛։
Փորերըս դարձել է գինու տակառ,
Էլ չունի օտարն դեպի մեզ պատկառ, 15
Ազգը կորչում է ու մենք չենք լալիս,
Մեզ ապտակողին մենք գլուխ ենք տալիս.
Թող մեզ օտարը անպատվե, մըրե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գրե՛:
Տասնըիններորդ որդիք ենք դարուն, 20
Դեռ չենք մոռացել մեր հին գըժտություն,
Հայ հալածելիս՝ վագր ենք համարձակ,
Օտարի առջև՝ վախկոտ նապաստակ.
Հայը Հայի վրա դանակ թո՛ղ սըրե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գրե՛։
25
Նոր ձև չի հագվիլ մենք խիստ կամաչենք,
(Ճշմարիտ խոսենք՝ չունեվոր խո չենք),
Խաչեր գնելու էլ ախորժակ ունինք,
Միայն Հայ գործի համար ստակ չունինք.
Հայը օտարի արտը թող ջըրե, 30
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գրե՛,
Գանգատում ենք մենք՝ մեզ լըսող չիկա,
Աղերսագրերըս կարդացող չի կա,
Հայի դըպրոցը դարձավ մաքսատուն,
Չունի և ո՛չ մի վարժապետ գիտուն. 35
Մեր մեծ աբեղան սին կյանք թող վարե,
— Բայց դու, բանաստեղծ, լավ բաներ գըրե՛։
Ուր և աչք դարձնես՝ անըսփոփ պատկեր—
Հայ սուրբ մամուլըն է կաշառակեր,
Ամբիոնեն պիղծ քարոզչի բերան 40
Անեծք է թափում գուսանիս վըրան.
Ո՞ւր փախչինք-պահվինք անզուսպ լըրբերե...
— Բանաստե՛ղծ, դու միշտ լավ բաներ գըրե՛։