Jump to content

Ծաղկաձոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 207 ]

ԾԱՂԿԱՁՈՐ


   Վշտալից սիրտս ոխ-քենով լըցված,
Նայում եմ քու վրա՝ տաճար ավերած,
Անցած գնացած դարերը շար-շար
Կենդանանում են մտքիս անդադար։

   5 Սարերով պատած հովիտ ծիծաղկոտ,
Կանաչափայլ լի ծաղկոք խնկահոտ,
Խաղաղ խրճիթներ մեջը ցիր ու ցան,
Մրգաբեր անտառք, բերրի անդաստան...

   Եվ ժողովուրդը այն դարեր ամբողջ
10 Ուրախ, երջանիկ էր ու քաջառողջ.
Աշխարհ գալեն մինչ մուտն ի գերեզման
Ապրում էր նա զերդ որդի բընության։

   Չուներ նա երբեք ոչ իղձ և ոչ ախտ,
Չգիտեր ինչ է լինել տարաբախտ,
15 Գոմշուկն ու կովը, ոչխարն ու այծը
Էին երջանիկ աշխարհիս գանձը։

   Դարն այն ոսկի էր, ու տեղը դըրախտ,
(Մի՛ փնտռեք ուրիշ-այդ էր կյանք ու բաղդ)...
Հանկարծ չորս դիեն փոթորիկ շնչեց,
20 Երկինք ու գետին իրար հետ խառնեց։

   Չորս դիեն գրոհ տըվեց թշնամին՝
Պարսիկ ու Մոնղոլ ու Հույն ոխերիմ,
Կողոպտեց ավան, տուն ու գերեզման,
Քանդեց, ավերեց տաճար սրբության։

[ 208 ]

   25 Ծուխ ելավ երկինք անդորր շեներեն,
Խաղաղ ժողովուրդ ցրիվ ընկավ դես դեն,
Ու դրախտանման հովիտը ծիծղուն
Վայրի երեոց եղավ որջ ու բուն։

   Շատ դարեր գնացին, նորերը եկան,
30 Որդին չհիշեց ավանդ հայկական,
Միայն կիսավեր տաճարը փառաց
Հիշեցնում է մեզ դարը մեր նախնյաց։

   Սիրտ ճմլող մտքեր, տխուր հիշատակ
Ներշնչեցիր ինձ, շքեղ ավերակ,
35 Մի՞թե հավիտյան պիտ կարդամ՝ եղո՜ւկ,
Հայրենիքիս վրա աշխարանք ու սուգ։