Բանվորական երգ
Արտաքին տեսք
Բանվորական երգ
Արձագանքվում են ամեն կողմերում
Մեր խրոխտ կանչի երգերը հզոր,
Վերջին տրտմության գիշերն է այսօր,
Մենք ձեր մութ կյանքին լույսեր ենք բերում։
Սև քաղաքներում գիշերն է շնչում,
Տանջանքն է սողում սև օձի նման,
Մեր ամբողջ կյանքը տանջանք է միայն,
Մենք չենք տրտնջում, իրար ենք կանչում։
Մենք ձեռք ենք մեկնում, կանչում, ականջում,
Մեր ընկերներին` պայքարից հոգնած,
Մեր ընկերներին` մռայլում քնած,
Վերջին զայրույթի զանգն է ղողանջում։
Արթնացիր, երկրի դարավոր մշակ,
Վառվեցեք, ջահեր, փողեր, հնչեցեք,
Շողա, նոր կյանքի արյունավառ ծեգ,
Ծածանվիր ազատ, կարմիր դրոշակ…