Jump to content

Բառը

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԲԱՌԸ

                        Եվ ձախ ստինքս քո ձեռքում է՝
                        կայսեր կնիքը գողացված է։
                                   ՍԵՆ-ԺՈՆ-ՊԵՐՍ

Որպեսզի բառը գրվի՝ պիտի լինի քո մասին,
որպեսզի բառը քո մասին լինի՝ դու պիտի դու լինես,
որպեսզի դու դու լինես, ես ո՞վ պիտի լինեմ։

Ես ընթերցում եմ բառը,
որն այլեւս չի գրվում։
Ամեն բառս՝ մի նովիյերո։

Ես կարողանում եմ ներել,
քանի որ չգիտեմ, թե ինչպես են ներում։ Բառն իմ
երազանքն է՝ հասնել
ինքս ինձ։

Ես քեզ սիրում եմ՝
քանի որ չգիտեմ, թե ինչպես են սիրում։ Ես պարզապես
պաշտում եմ
այգաբացի բարեւում դեռ ծիկրակի տվող աստղերը։
Եվ ուզում եմ թափառել։

Երազը այն է, որ
չի կատարվում երբեւէ։ (Չեմ մոռանա, ծառ, երբ ինձ բոլորը լքել են
մեկ-մեկ, ընկնելուս պահին հենվել եմ ծառի)։
Տողս մարդախոտի արմատ է։

Հավքերի հետ թռան երկինք
սարերը։ Ով գրում է ամեն ինչի մասին, ոչնչի մասին չի գրում, ով
ոչնչի մասին է գրում, գրում է ամեն ինչի մասին։
Բառը պողին ընկած սիրտ է։

Աչքերդ թարթիր, որ
տեսնեմ հավերժությունը։ Ես արդեն կանգնեցրել եմ
ցուլին կատաղած,
որն իր կոտոշների վրա բերում է ինձ սիրահարված Դիրկեին։
Ինձ դրսից մոտեցող
վտանգներն իմ ներսից են գալիս։ Առանձին վերցրած՝ ամեն օր
հասնում եմ մի տեղ, բայց
երբ ի մի եմ բերում օրերը վերջում, պարզվում է,
որ ոչ մի տեղ էլ չեմ հասել։

Մանուշակը մանուշակ է, քանի որ
չի իմանում, թե ինչպես են մանուշակ լինում։
Անշուշտ, կան գրիչներ,
որ հաջողություն են ունենում միայն այն ժամանակ,
երբ դադարում են գրել։
Երեւի Քիոսում ապրում են
արցախուհիներ։ Ես ուզում եմ մի չասված բառով օդում
բռնել արծվի
ճանկերից ընկած զրահը կրիայի, որ Էսքիլեսի
գլխին չընկնի այլեւս։

Թե ե՞րբ, ինչպե՞ս եւ որտե՞ղ
ես այդպես էլ չիմացա։ Սակայն պարզ է մի բան. ով ասում է՝
ազատ եմ, ուրեմն՝ խուցը չի երեւում։

Որպեսզի բառը գրվի՝ պիտի լինի քո մասին,
որպեսզի բառը լինի քո մասին՝ դու պիտի դու լինես,
որպեսզի դու դու լինես...
Քեզ միշտ տեսնում եմ երազում։