Jump to content

Բարեգործություն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Բարեգործություն
Աղբյուր. ԵԼԺ հ5, էջ 473
ծ. ― էջ 805
[էջ]
ԻԳԻԹ ՀԱԿՈԲԻ ՔԱՂԱՔԱԳԻՏՈՒԹՑՈՒՆԸ

Եթե Ռուսաստանը հաղթվի՝ մերը կլինի, իսկ եթե տիրի՝ Անգլիան կգա–կխլի կտա մեզ–ինչպես էլ լինի–մենք կտանենք։

Կարող է այնպես պատահել, որ այսինչն ու այնինչը միանան, այսինքն․․․ կարող է լինել–ենթադրենք, թե եղավ, ենթադրենք այսպես եկան, այնպես արին–և–ահա քեզ ազատություն–տեսար այժմ։

ԻԳԻԹ ՀԱԿՈԲԸ

Ծեծում է թուլուխչի թուրքին– հանկարծ ճանապարհին գնալիս խփում է գլխին–մեկը–որ թուրքերի մասին մի լավ բան էր ասել կամ գրել էի ես նրան[1], հայհոյում է, դավաճան է ասում և այլն։

ԲԱՐԵԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ

Բարեգործական ընկերության գրասենյակի նախասենյակում դիզած էին զանազան տեղերից եկած շորեր գաղթականների համար։ Այդտեղ կային Մոսկվայից ուղարկված նոր, մագազինից ղրկած ոտնամանի վերևից հագնելու բաներ, այնպիսի շորեր, որ[2] բաժանողներին էլ էր անհայտ․ կային զանազան (տեղերի անուններ) տեղերից եկած շորեր[3]՝ վերմակներ, դոշակներ, գլխարկներ։ Դուրսը խռնված էր նույնպիսի մի խառնուրդ մարդկանց՝ մշեցի, վանեցի, սասունցի, խիզանցի և այլն, և այլն։

Բաժանում են։

– Դու ինչ ես ուզում։

– Մի վերմակ կուզեմ, աղա,– կուչ եկած առաջ եկավ մի ծերունի, տարիքի և թշվառության տակ կորացած։

– Դու չե՞ս ստացել,– խիստ ոճով դիմեց նրան քաչալ[4] աղեն[5], նայելով աչքերին, կարծես ուզում էր գողին բռնել։

[6]Աղա, ես նոր եկեր եմ, ես․․․

– Սո՛ւտ ես ասում։

– Ալեքսա՛ն,– ձայն տվեց աղեն։

Ծառան եկավ։

– Ալեքսա՛ն, սա վերմակ չի՞ ստացել։

– Ոչ, սա չի եկել։

– Լավ նայիր, ես հիշում եմ սրա դեմքը,– հրամայեց աղեն և դարձավ կողքի կանգնածին,– գիտես այս անպիտանները, բոլորը խաբեբաներ են, տանում են, հետո գալիս էլի պահանջում։

– Ոչ, սա չի եկել,– վկայեց Ալեքսանը։

– Դե լավ, գնա, վաղը կգաս, կստանաս,– հրամայեց աղեն։

– Էսօր չըլլա՞ր, մրսում եմ, տաք տեղ չունիմ,– ողորմուկ ձայնով դիմեց պանդուխտը։

– Ամիսներով մնացել ես ցրտումը, հիմի չես կարող մի գիշեր էլ մնալ,– բարկացավ աղեն։

– Է՛հ, ձեր կամքն է, ինչի կբարկանաք,– կուչ գալով խոսաց պանդուխտը։

– Դե շատ մի խոսալ, դուրս գնա,– հրամայեց, աղեն։ Պանդուխտը գնաց։ Նա մյուս օրը կրկին երևաց նախասենյակում և վախվախելով առաջ եկավ։

– Դու էլի եկա՞ր[7],– նրան տեսնելով ձայն տվեց աղեն։

– Դու հրամայեցիր։

– Քեզ երեկ չտվի՞ն։

– Չէ, ըսիք վաղն արի։

– Դու ուրիշ անգամ չե՞ս տարել։

– Չէ, աղա, որ տարել եմ, էլ ո՞ւր կգամ։

– Երևի չի տարել,– նկատեց աղի կողքին կանգնած գրադարանի հաճախորդներից մեկը։

– Դուք չեք իմանում, թե ինչ աներեսներն ես սրանք,– պատասխանեց աղեն,– մեկ տանում են, կրկին գալիս են խաբում, էլի տանում։

– Ալեքսան, սրան մի վերմակ տուր, թող գնա, լավ նայիր, որ մյուս անգամ էլ չգա։

Ալեքսանը մի վերմակ տվեց նրան։

– Շնորհակալ եմ,– վերմակը ձեռքին գլուխը խոնարհեց պանդուխտը։

– Դե լավ, գնա, մյուս անգամ էլ քեզ թե տեսել եմ, որ եկել ես վերմակ ուզել, այն ժամանակ վատ կլինի։

– Ես էլ ինչո՞ւ վերմակ կուզեմ, աղա։

– Դե լավ. գնա,– ձեռքը թափ տալով հրամայեց աղեն և դարձավ կողքի հաճախորդին.

– Պատիժներ են անիծյալները։

Վերմակը տարավ պանդուխտը։ Երբ նա մտավ սառն ու մութ ներքնահարկը, ընկերները ձայն տվին.

– Բերի՞ր, Խաչո։

– Բերի,– տխուր ձայնով պատասխանեց Խաչոն։

– Քեզի ալ[8] քֆրեցին։

– Իմալ ընենք,– հառաչեց Խաչոն, և սկսեցին խոսել[9] իրանց օգնության մասին։

Մթնեց։ Պանդուխտները պառկոտեցին։ Խաչոն էլ յուր նոր ստացած վերմակը քաշեց վրան և սկսեց նորից հիշել, թե ինչպես ստացավ։ Մի քիչ ժամանակից նրա մարմինը տաքացավ, բայց սիրտը… սիրտը…

Բարեգործական ընկերության գրադարանի անկյունում մի հասարակ սեղան[10] կար։ Նրա վրա դրած էր ջրի շիշը, բաժակը և մի մատյան։ Այդ բողոքների մատյանն էր, այնտեղ ամեն մարդ կարող էր յուր նկատողությունը գրել։ Գրադարանի հաճախորդներից մեկը գրել էր– Պանդուխտների հետ լավ չեն վարվում։ Այդ[11] ընթերցողներին չի վերաբերում,– դիմացը պատասխանել էր վարչությունը։

  1. [հետ]
  2. [նայող]
  3. [Այդ զգես<տները>]
  4. [բաժ]
  5. [այն եղավ և խիստ]
  6. [Ծերու<նի>]
  7. [ձո]
  8. [բան ըսին]
  9. [թե]
  10. [էր դրած]
  11. [գրադ<արանի>]