Եթե Ռուսաստանը հաղթվի՝ մերը կլինի, իսկ եթե տիրի՝ Անգլիան կգա–կխլի կտա մեզ–ինչպես էլ լինի–մենք կտանենք։
Կարող է այնպես պատահել, որ այսինչն ու այնինչը միանան, այսինքն․․․ կարող է լինել–ենթադրենք, թե եղավ, ենթադրենք այսպես եկան, այնպես արին–և–ահա քեզ ազատություն–տեսար այժմ։
Ծեծում է թուլուխչի թուրքին– հանկարծ ճանապարհին գնալիս խփում է գլխին–մեկը–որ թուրքերի մասին մի լավ բան էր ասել կամ գրել էի ես նրան[1], հայհոյում է, դավաճան է ասում և այլն։
Բարեգործական ընկերության գրասենյակի նախասենյակում դիզած էին զանազան տեղերից եկած շորեր գաղթականների համար։ Այդտեղ կային Մոսկվայից ուղարկված նոր, մագազինից ղրկած ոտնամանի վերևից հագնելու բաներ, այնպիսի շորեր, որ[2] բաժանողներին էլ էր անհայտ․ կային զանազան (տեղերի անուններ) տեղերից եկած շորեր[3]՝ վերմակներ, դոշակներ, գլխարկներ։ Դուրսը խռնված էր նույնպիսի մի խառնուրդ մարդկանց՝ մշեցի, վանեցի, սասունցի, խիզանցի և այլն, և այլն։
Բաժանում են։
– Դու ինչ ես ուզում։
– Մի վերմակ կուզեմ, աղա,– կուչ եկած առաջ եկավ մի ծերունի, տարիքի և թշվառության տակ կորացած։