Բարեկենդանը (Գրիգոր Զոհրապ)
ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ
Կանուխ, ան ժամուն ուր ամեն մարդ գործի կերթա, անակնկալ երաժշտություն մը, լաթեռնայի վրա եղանակված ճչուն ու հատկտոր երգեր, որոնք բոժոժներու սուր ու թավալուն ձայնը կը հիշեցնեն քիչ մը։
Գիշերեն ի վեր արբեցութենե չի կշտացող խաղամուծ ցնծուհիներու խումբ մը ձիերու վրա, իրենց բեհեղյա ծպտումներուն պոռացող գույներովը, ու պատրվակյալ երեսնուն արթնցուցած հետաքրքրությամբը։
Ու պահ մր փողոցին անցուդարձը կը դադրի, ճամփա բանալով կանխազարթույց այս արշավին առջև և կարծես ըսել ուզելով․
— Թող տվեք որ ճակատագրին արդարությունն ալ անցնի։
Վասնզի ճակատագիրը որ կույր է, տեսնողն մը ավելի արդար դատաստան կը կտրե երբեմն։
Ավելի վար, ուրիշ խումբ մը կը դիմավորն զմեզ. ասիկա հետիոտն է. աղմուկի, երգի, շպարի, տարազի միևնույն զեղծումը ու շռայլությունը. փողոցին պատշաճությանցը դեմ միևնույն անսաստությունը. միևնույն ցույցը մարմնական հորինվածներու ու միևնույն հոդվածներու խաղերը։
Եվ ասիկա այսպես բոլոր ճամփուն երկայնքը, Փերայի Մեծ փողոցեն մինչև Ղալաթիո ստորոտը, մինչև քովերը մեր խմբագրատունին ուր կապաստանիմ։
Ոչ ոք մտքեն կանցընե կշտամբել այս կամավոր-երջանիկները, այս դիմածածուկ-անպատկառները, որոնք, Տրեյֆյուսի դատավորներուն պես, դռնփակի կուսակից չեն։ Չքմեղանքի, ներողամտության ու թույլտվության ընդհանուր հով մը կը փչե։ Քաղաքը, վայրկյան մը, իր լուրջ մարդու երեսը պարզելու պետքը ունի. պզտիկ կատակի մը կը նայի որպեսզի բարձրաձայն խնդա ու մասնակից ըլլա մեջտեղի ցնծության, ինչ որ սովորաբար շաբթուս վերջերը կը պատահի։
Ու երկարող փողոցին դեմ դեմի քարակոփ շենքերը, որոնք մարդոց և դեպքերու փոփոխականութենեն բան մը չեն հասկնար, իրենց Նյութի պարզմտությանը մեջ, կը զարմանան կապշին քաղքին ինքնամոռացումին և այս ուրախության ցույցերուն առջև։
<1898>