Բարերարը
ԲԱՐԵՐԱՐԸ
Երբոր մինչև վերջին վայրկյանը լավ մը կշտացավ ու հղփացավ այս հարստությամբը ու ինքնիրենը ստուգեց թե ոևէ, վայելք չէր մոռցած իր ծեր անառակի կյանքին մեջ, այս անթիվ ոսկիները ինչ ընելիքին վրա խորհեցավ։
Անհավատարիմ կնոջ մը պես, որ իր չսիրած էրկանը մահամերձին՝ տոնի, ցնծության պատրաստություններ կը տեսնե. կզգար որ իր դեղին ոսկիներն ալ կը խլրտեին, կը շարժեին, անսովոր ձայներ կը հանեին սնտուկին մեջեն։ Իր մահվան անկողնեն որոշ կերպով կը լսեր անոնց ըմբոստ մետաղի խշրտուքը։
Ու ճիգ մը ըրավ, հնազանդության գերագույն փորձ մը ուզելու համար անոնցմե, և իր պլպլացող մտքին տարտամ լույսովը՝ փնտրեց հաճելի բանը, վերջինը, զոր կրնար ակնկալել դեռ այս հարստության օգնութենեն, հրաժեշտի անուշ խոսքը զոր պաշտեցյալ կնոջ մը շրթունքեն կը պահանջես։
Այն ատեն տարօրինակը, անհավատալին պատահեցավ․ աս հնարամիտ ու կենցաղասեր մարդը, որ ամեն բանե օգուտ մը հանելու մեջ իր նմանը չէր ունեցած այսքան տարի, շվարած մնաց, ապիկար ու անկարող գտավ ինքզինքը հաճույք մը ձեռք ձգելու իր ձեռքին տակ եղած ահագին դրամներեն։ Իր հինցած, փճացած ստամոքսը ոևէ համադամ չէր կրնար մարսել. իր ջրոտած, թունավորված արյունը ոևէ բորբոքումի անընդունակ էր ա՛լ. իր պարտասուն և թուլցած ջիղերը հիմա օրհասական ժամին պրկումովը կը գալարվեին, նվագարանի մը մաշած թելին պես, որուն կոտրիլը բութակին անգամ մըն ալ դառնալուն կը նայի։
Այս անկարողության խոստովանությունը խելքը գլխեն տարավ, քովի սենյակին պատեն նախ փսփսուք մը, հետո աղմուկ մը կը թափանցեր, կուգար ներս և վերահաս մահվան երկյուղեն սթափած լսողությունը՝ այդ աղմուկին մեջ իր ժառանգորդներուն ձայնը ճանչցավ։
Ու հանկարծ լույս մը ծագեցավ մահվան արհավիրքով գրավված այս մտքին խորը, իր չար մարդու բնազդը մեկեն արթնցավ, վերջին ավազակության, կողոպուտի մը խորհուրդը իր նեխած ու ողորմելի մարմինը դղրդեց ոտքեն մինչև գլուխը, ուրախության սարսուռ մը վազեց իր մորթին վրա, խորշակին պես որ գարշ ու անշարժ լիճի մը մակերևույթին վրա կը թռչտի։
Եպիսկոպոս, քահանա ու թաղական ուզեց իր քովը, որոնք փութացին եկան, ան ատեն հանդիսավոր ու սրտառուչ ձայնով մը, զոր Սրբազանը վերջեն իր դամբանականին մեջ հիշեցուց, կտակ մր ըրավ ու բոլոր հարստությունը, որ ալ իբր չէր, եկեղեցիին ձգեց։
<1898>