Jump to content

Բարձրանում է մի ձեռք

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
***

Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,
որն ավելի շուտ նման է սեւ թաթի,
հնձում է մեր հոգու
մանուշակները սուրբ,
          որ ճմրթի անզուսպ
ու անբերան լափի։
Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,
որը նման է մի սեւ կախաղանի կեռի,
ուզում է, որ խեղի
մեր ծառը մեր հողում,
         մեր ոգու, մեր վանքի
խաչքարերը ճանկռի։
Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,
իր իսկ պոչին պարող օձ է անապատի.
ոստնում է, որ լույսին,
լույսի շողին խայթի,
        իր թույնով շաղախի
հացը մեր հավատի։
Բարձրանում է մի ձեռք, որը ձեռք չէ սակայն,
որն ավելի շուտ նման է մութ չարիքի: