Բա՛ց արեք օրվա պատուհանները,
Օ՛դ է հարկավոր,
Եվ լույս՝ օդից շատ։
Բայց նորից մութ է, խավար է նորից.-
Այրո՛ւմ է ցավն ինձ։
Այս ի՞նչ կանչեր են իմ հոգուն փարվում,
Ցուրտ շամանդա՞ղն է ծովը համբուրում։
Օրը ո՞ւր մնաց։
Ինչ-որ կսկիծ է հունցվում երգիս մեջ.-
Այրո՛ւմ է ցավն ինձ։
Ցավերն այրու՛մ են,
Ցավերն այրու՛մ են,
Ու պահը՝ հլու հնազանդությամբ,
Նոր կրակներ է նվիրաբերում
Ու նոր երազներ քամում ինձանից.
Եվ գիտե՞ք, արդյոք,
Բանաստեղծները ցավից չե՛ն մեռնում,
Բանաստեղծները ծնվու՛մ են ցավից։