Jump to content

Բերդակ թաքավոր

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Ժամանակով մի թաքավոր կար, էտ թաքավորին մի տղա ուներ, անըմը՝ Բերդակ:

Արի տես, էտ տղեն հասակը հասավ, հերը ուզեց պսակի. տղին ասեց. — Ա՛յ որթի, միտք ունեմ քեզ պսակեմ, համա քու դրութունիցդ տեղյակ չեմ, աշխարք դուս չես էկել, որ էտպես ա՝ ղրկեմ գան վաքիլ, վազրի սադրաղամի տղեքը՝ նրանց հետ ձին նստեք, գնացեք ման գալու։

Ասեց. — Շատ լավ ես ասըմ։

Կանչեցին սադրաղամի, վաքիլ, վազրի տղեքը, նի էլան ձիանը, գնացին ման գալու։ Օրը մի կողմի վրա։ Առաչին օրը Արևելյան կողմը գնացին, երկրորդ օրը Հարավային կողմը գնացին, չորրորդ օրը Հյուսիսային կողմը գնացած ժամանակը շատ ման էկան դես-դեն, բեզարեցին, մի հ՚ախպրի վրա վեր էկան, հաց կերան, ջուր խմեցին, հովացան, թեք ընկան քնեցին: Համա էս թաքավորի որթու քունը չտարավ: Հընգերները որ քնեցին, ինքը վե կացավ, նի՚լավ ձին, պտըտեց էս կողմը, էն կողմը, նի՚լավ սարի գլուխը, մտիկ տվուց էն դըհի դաշտը, տեհավ շատ չադըրներ, էլիաթ[1]: Ավ անելու ժամանակը ավն էկավ աղաքը, ավի քամակն ընկավ՝ հետ ածեց, գնաց, նի մտավ էտ էլիաթի մեչը, տեհավ որ շատ մարթիկ թոփ էլած են մի տեղ, հարցրուց նրանց թե, — Էտ ի՞նչ մարթիկ են թոփ ըլել ըտեղ: — Ասեցին. — Էս թաքավորի ախչիկը տալիս են մարթի, ուզընկան ա էկել։

— Ուզընկանը ո՞նց ա ուզըմ։

Ասըմ են. — Ախչըկա հ՚առաչին մի սինի կա, սինու մեչ մի խնձոր, էն ուզընկանը թե կարեցավ էն խնձորին նետով տալ, էն վախտը էտ ախչիկը նրանն ա. թե չէ՝ նրանը չի: Շատերը ըտենց գալիս են, չեն բաշարըմ, դարդակ էթըմ են։

Էս թաքավորի տղեն ասեց. — Ետեք[2] տենամ, ես կա՞րամ տալ։

Ետ քաշվեցին, ախչկա պատկերը տղին էրևաց, տղեն ուշաթափ էլավ, ընկավ գետին։ Ջուր բերին, ածեցին վրեն, տղին ուշկի բերին։ Տղեն վե կացավ կաննեց։ Նի՚լավ ձին, նետը առավ ձեռը։ Մտիկ արեց ախչկա հ՚առաչի խնձորին, նետով տալու հետ խնձորը թռավ՝ դիպավ ախչկա դոշին, տխչիկը ընդեղ ձեն տվուց ասեց. — Գնա՛, տղա, ով որ քու կոճակները դուս ածի և մեր ածի, նրան առնես։

Էտ տղեն թողուց էկավ: Էն հ՚ախպրի վրին, ինչ վեր են էկել, տեհավ որ հընգերներ չկա. դու մի ասիլ՝ հընգերները վեր են կացել, տեհել թաքավորի տղեն իրանց կշտին չի, ընկել են ման են գալի։ Էս տղեն տեհավ, որ տղեքը սարըմն են ման գալի, կանչեց. — Է՛կեք, է՛կեք։

Էկան կուշտը՝ դրան ղնամիշ արեցին[3]. — Ա՛յ քու տունը աստված շինի, առանց մեզ հ՚ո՞ւր իր գնացել. մենք մեռանք քեզ ման գալով, ա՜խր։

— Դե՛, — ասըմ ա, — իմ քունը չտարավ, ասեցի նի՚լնեմ ըստեղրանք մի քիչ ման գամ։ Ման գալած ժամանակը նի՚լա սարի գլուխը, տեհա, որ էն դիհը էլիաթ, շելլիկ կա, ավն ընկավ հ՚առաչս, դրա քամակիցն ընկա, գնացի նի մտա էտ էլիաթի մեչ, տեհա մի բոլուկ մարթիկ թոփ էլած են, հարցրի դրանց թե. «Էտ ի՞նչ բան ա» դրանք ինձ ասեցին. «Թաքավորի ախչիկն ա, ուզող ա էկել»։ Ետո ես ասեցի թե. «Էտ ո՞նց են ուզըմ»։ Ասեցին. «Թաքավորի ախչկա հ՚առաչը մի սինի կա դրած, մի հատ խնձոր միչին, ինչ մարթ էկավ ուզընկան, թե էն սինու միչի խնձորին նետով տվուց՝ էն ախչիկը նրանն ա, թե չկարացավ՝ դարդակ էլ կէթա»։ Ես ասեցի թե. «Ետե՛ք տենամ ես կա՞րամ տալ», էտ մարթիկը ետ քաշվեցին, էտ ախչկա էրեսը տենալուն պես հ՚ուշկս գլխիցս գնաց, ետո էկան, թոփ էլան ինձ վրա, ջուր ածեցին, հ՚ուշկի բերին, վե կացա կայնեցի, նի՚լա ձին՝ նետս առա ձեռս, մտիկ արի խնձորին, նետով տալուն պես՝ առավ խնձորին, խնձորը դիպավ ախչկա դոշին։ Ախչիկը ձեն տվուց. «Գնա, — ասեց, — տղա՜, քե տենամ, ով որ քու կոճակներդ դուս ածի, մեր ածի, նրան արժանի ըլես»։ Բաց թողացի, էկա, ա՛խպերտինք։

Նոր ըտիանց քշեցին էկան պալատը, էտ ձին բաց թողուց, նի մտավ պալատը, հընգորտանցը բաց թողուց, նի մտավ իրա օթախը, ո՛չ խոսալ, ո՛չ ասիլ, ո՛չ էլ հաց ուտիլ, հենց ըտենց մնաց։ Հերը մերը հաց ղրկեցին՝ ետ ղրկեց, ինչ որ իրեն պետք էր ղրկեցին՝ ետ ղրկեց, բանի ձեռ չտվուց: Հերը, մերը մնացին շիվարած, թե էս տղեն խի՞ պըտի ըսենց ըլի։

Հերը մորը ասեց. Ա՛յ կնիկ, քու տղեն ա, բալքի մի խոստովանանք զրից ունի. ինձ չի ասըմ, բալքի քեզ ասի. գնա՛ խոսացրու, տենանք ի՞նչ ա ասըմ էտ տղեն։

Մերը գնաց խոսացրուց բան չխոսաց, հերը գնաց խոսացրուց՝ բան չխոսաց. էկան մարթ ու կնիկ մասլահաթ արին. — Կանչենք հ՚իրա հընգորտանցը, բալքի նրանք էթան խոսացնեն։

Կանչեցին հընգորտանցը. — Գնացեք տղին խոսացրեք, մտքի մեչ ա ընկել, իրան փչացնըմ ա, տենանք ի՞նչ ա դրա միտքը, ինչ ուզըմ ա՝ կատարենք։

Տղերքը գնացին խոսացրեցին՝ բան չխոսաց։ Էս տղերքը ետ դառան, դրան ղնամիշ արին. — Դու թաքավորի որթի, մենակ տղա, մարթ պակաս չի, մի ցավ չունես, դու ի՞նչ ասես, որ քու հերդ կատարի ոչ. թե հորդ ասըմ չես՝ մեզ ասա՛, մենք կէթանք, հորդ կասենք, ինչ որ ուզըմ ես՝ ասա՛։

Տղեն վե կալավ ասեց. — Մի բան էլ չեմ ուզըմ. մի՛ տեղ մի ախչիկ եմ տեհել, էս մեր ման էկած սարի քամակըմն ա. էն ախչիկն եմ ուզըմ, թե կուզի՝ իրան տղեն եմ, թե չի ուզիլ՝ ըսենց պըտի փչանամ՝ էթամ։

Էկան էտ ասեցին իրա հորը, հերը կանչեց մորը, ասեց. — Ա՛յ կնիկ, մեր տղեն ըտգամ ինչ միտք ա անըմ, կնիկ ա ուզըմ։

Մերը վե կալավ հորը ասեց. — Բա ի՞նչ ես ասըմ, ա՛յ մարթ։ Ասեց. — Ա՛յ կնիկ, ի՞նչ պըտի ասեմ, ես ունեմ մի տղա, էլ ուրիշ ժառանգ չունեմ, նա՛ ուզենա հարսանիք ըլի, ես անե՞մ ոչ, կարա՞մ:

Էտ թաքավորն էր՝ թոփ արուց իրա սինոթականները, ասեց. – Գիտե՞ք ընչի հըմար եմ թոփ արել ձեզ, որ իմ տղեն միտք ունի պսակվելու, ո՞ւմ ախչիկն եք հարմար տենըմ, էթանք ուզենք։

Ասեցին. — Թաքավոր, մեր ասելով չի՚լիլ. տղին հարցրեք, տենենք ո՞ւմ ախչիկն ա ուզըմ։

Գնացին, տղին հարցրին, տղեն ասեց. — Մեր էս սարի էն դիհը մի ախչիկ եմ տեհել, էն ախչիկն եմ ուզըմ, ումը կըլնի՝ կըլնի, թե նախրչու, թե թաքավորի՝ ինձ ղաբուլ ա։

Էկան ասեցին թաքավորին, թաքավորն ասեց. — Դե գնացեք,— ասեց, — էտ ասած ախչիկը ուզեք:

Վե կացան գնացին, գնացին հարցնելով քթան, որ այսինչ թաքավորի ախչիկն ա։

Գնացին թաքավորի տանը վեր էկան, ասեցին, խոսացին ու ուզեցին էտ ախչիկը. էկան իրանց թադարեքը քաշեցին, գնացին պսակեցին, առան էկան տղի հոր տունը։

Օխտն օր, օխտը քշեր կերան, խմեցին, ուրախացան. օխտն օրից ետը հարսանիքը վերչացավ, տարան մի օթախ, որ էս տղեն ու ախչիկը հ՚իրար կշտի քնեն. էն քնելու վախտը տղեն թուրը հանեց, ախչկա ու իրա արանքը դրեց, թեք ընկան քնեցին. ըտենց քաշեց մի շափաթ, մի ամիս, մի տարի։

Ախչիկը նեղացավ. — Իմ հերս ի՞նչ բան բռնեց, ես ախչիկ, էս ախչիկ, էլ սա իմ ընչի՞ս ա պետքը։

Վե կացավ, գրեց իրա հորը. «Ա՛յ հեր, էս ի՞նչ բան բռնեցիր դու ինձ վրա, սա էլ ախչիկ, ես էլ ախչիկ. ինձ քցեցիր կրակի մեջ: Բա հըմի ես ի՞նչ անեմ»:

Հերը կարթաց թուխտը, կանչեց մորը, ասեց. — Ա՛յ կնիկ, մեր ախչիկը գիր ա գրել ինձ, թե էս տղեն՝ ախչիկ, ես՝ ախչիկ, իմ ընչի՞ս ա պետքը, ըսենց ա գրել, բա ի՞նչ անենք:

Ասեց. — Ա՛յ մարթ, որ ըտենց ա՝ բերենք մեզ ղոնաղ, փորցենք, բալքի մեր ախչիկը սուտ ա խոսըմ:

Ասեց. — Շատ լավ ես ասըմ, կնիկ, — ասեց։

Վե կալավ թաքավորը գիր գրեց հ՚իրա խնամի թաքավորի վրին, թե իմ փեսեն էլ, իմ ախչիկն էլ ղրկի իմ տունս ղոնաղ: Վե կացավ էտ թաքավորը իրա հարսն էլ, իրա տղեն էլ ղրկեց իրա խնամու տունը։ Էկան ըտի, թաքավորը վե կալավ կնկանն ասեց.— Կնի՛կ, մի կերպով փորց առ, տենանք սո՞ւտ ա, թե ղորթ էտ բանը։

Փորց առավ՝ տեհավ, որ դրուստ ա, ախչկա ասածն ա։

— Բա, — ասեց,— ի՞նչ անենք, կանչենք ղրկենք Դևստուն, ուրիշ ճար չկա։

Օրերի մի օրը թաքավորը նստեց իրա փեսի հետ հաց էր ուտըմ, շատ «ախ ու վախ» արած վախտը, փեսեն հարցրուց թե.— Հայրիկ, ի՞նչ շատ «ախ» ես քաշըմ։

Ասեց.— Որթի՛, «ախ» չքաշեմ, ի՞նչ անեմ,— ասեց.— Դևստունի թաքավորից ինձ վրա թուխտ ա էկել, որ կռվենք պըտի, ես էլ կարալ չեմ, ըտրա հըմար «ախ» եմ քաշըմ։

Ասեց.— Ըսկի «ախ» մի քաշի թե դու կարալ չես, ես կարամ։

— Որթի՛– ասեց,— նա Դևստունի թաքավորն ա, ո՞նց կարաս նրա հետը կռվիլ։

Ասեց.— Քու ընչի՞դ պետքն ա, դու իրավունք տուր՝ ես կարամ՝ կկռվեմ։

Թաքավորը իրավունքը տվուց դրան, էս տղեն էր՝ նի՚լավ ձին, նետը քցեց քամակը, կանչեց՝ աստված, ու գնաց։ Դե աստված նրան բարի ճանապարհ տա, թող էթա։


Թաքավորը, թաքուհին մասլահաթ արին[4] թե էտ էտ ա գնաց, էլ ետ չի գալ, մեր ախչիկը հըմի ո՞ւմ տանք։

Բերին տվին վազրի տղին։ Հարսանիքն արին, մի օթախ տվին, որ էթան միտեղ քնեն։ Որ գնացին, տղեն թեզ շորերը հանեց, նի մտավ տեղը, ախչիկը միտք էր անըմ, դես ու դեն էր ընկնըմ։

Տղեն ասեց.— Թաքավորի ախչիկ, դե արի քնենք, էլ քանի՞ դես ու դեն ընկնես:

Ասեց.— Ես ղայտա ունեմ, պըտի էթամ դուռը, էթամ գամ, նոր նի մտնեմ տեղս։

Էտ ախչիկը գնաց դուռը, էտ տղեն տեղի միչին դես շուռ էկավ, դեն շուռ էկավ, մտիկ տվուց տեհավ, որ էն պուճախից[5] մուկը դուս էկավ, գնաց էն պուճախը. դա տեղիցը վե կացավ, գնաց դռան տակիցը ավիլը բերուց, հենց որ մուկը դուս էկավ, որ գնար պըտեր էն պուճախը, ավլով տվուց՝ սըպանեց։ Ընչանք ախչկա գալը՝ իրեքը սըպանեց։ Վե կացավ, սինին վե բերուց պատիցը, իրեքն էլ դրուց էն սինու մեչը, դրուց ղրաղ։ Թաքավորի ախչիկը նեքսև էկավ, տղեն ասեց. — Հ՚արի, տես էս ինչ բան եմ սըպանել, իրեք հատ ջանավար եմ սըպանել։

Ախչիկն ասեց.— Բա խի՞ ես դրել էտ սինու մեչը։

— Այ քու տունը աստված շինի, սրանք ահագին ջանավարներ են, սրանք որ տանենք հորըդ շանց տանք, մենձ պարգև կունենանք։

Ախչիկն ասեց. — Ամոթ ա, ամո՛թ, տար դեն քցի։

Տղեն ասեց.— Չէ՜, ես կտանեմ թաքավորին շանց կտամ։

Ախչիկը գնաց դուռը, ասեց.— Ա՜յ հայ,— ասեց,— էն թավուր մարթը ես կորցնեմ, սրա քամակը էթամ, իրեք մուկ ա սըպանե՝ իրեք ջանավար ա շինըմ։ Ես պըտի էթամ նրան քթնեմ, սարումն ըլնի, քարըմն ըլնի, քոլումն ըլնի, ուզըմ ա սըպանվեմ, ուզըմ ա սաղ մնամ։

Ախչիկը ըտիան գնաց նի մտավ մեհտարխանեն[6], էս գլխիցը ձիանոնցը մտիկ տալով գնաց ընչար պուճախը. ձեռը տալուն մի ձի էլ ա տատանմիշ չէլավ. գնաց՝ պուճախըմը մի սև ձի կար, Արարստանու ձի, էն ձին լավ էլավ իրա հըմար, բերուց էտ ձին թամքեց, մեհտարի շորերը հաքավ, մզրախն առավ ձեռը, ձին դռնիցը դուս քաշեց, նի՚լավ ձին ու քշեց ճամփեն, կանչեց՝ աստված ու գնաց։

Էն տղեն թող իրա տեղի մեչը մնա։


Էտ օղլուշաղը գնաց, աստված գիտա՝ թե ինչդամ ճամփա գնաց, գնաց նի մտավ Դևստունի երկիրը. տեհավ որ մարթ-մաղաթ չկա, մտիկ տվուց Դևստունի թաքավորի պալատին, քշեց դըբա պալատը, արի տես, որ էս տղեն Դևստունը վերչացրել ա բոլորը, թե էգ, թե որց կտրել ա, մենակ մնացել ա ինքը միչին, արնի մեչը ինքը, ձին շաղախված, էկավ վեր էկավ Չար-֊հավուզի վրա, որ լվացվի, ձիուն լողացնի։ Մըն էլ մտիկ տվուց դըբա դարբազեն, տեհավ մի մարթ ա գալի։ — Ա՜յ ջանըմ,— ասեց, — ես Դևստունը վերչացրել եմ, էլ մարթ չկա, էս ի՞նչ մարթ պըտի ըլի, գալիս ա դըբա ինձ, Վա՜յ թե,— ասեց,— սրանից ինձ վնաս գա.— Էլեդ նետը քցեց քամակը, նի՚լավ ձին. քշեց դըբա էտ մարթը։ Մխելի գնաց, մոտեցավ, հրեհա՜ իրա կնիկը։

Ասեց.— Ա՜յ ախչի, դու ո՞նց ըստեղ։

Ասեց.— Որտեղ դու, ես էլ ընդի, ապրենք միասին, մեռնենք միասին։

Ձիուցը վեր էկավ, գնացին Չար-հավուզի կողքը նստեցին։ Ախչիկը տեհավ, որ տղեն արնոտ, ձին արնոտ, թամքը արնոտ ա, ասեց.— Տղա՛, դու նստի դինջացի, բեզարած ես, ես ձիու թամքը կլվանամ, կթամըզացնեմ։

Տղեն նստեց, ախչիկը ձիանը լվաց, տարավ կապեց գոմըմը, խոտը դրուց առաչը, էկավ թամքերը լվաց, դրուց արևի դեմը, գնաց վիրևիցը բերուց՝ մի թեշթ, սապոն, սանդր, պղինձ, բերուց օջախ արուց, ջուրը տաքացրուց.— Դե, — ասեց,— տղա՛, շորերդ հանա՛, լվանամ։— Ինքը գնաց տղի կոճակները դուս ածեց, շորերը հանեց, տարավ լվաց, փռեց։

Ասեց.— Տղա՛, դե հ՚արի քեզ էլ լողացնեմ։

Տղեն ասեց.— դե՛ որ ըտենց ա, հ՚արի հ՚առաչ դու լեղացի, ետո ես։

Ախչիկը ասեց.— Չէ՛, հ՚առաչ դու լեղացի։

Տղեն ախչկա խոսքը չկոտրեց, հ՚ինքը լեղացավ, ասեց.— Ախչի, հ՚արի հըմի էլ դու լեղացի։

Ախչիկը շորերը հանեց, մտավ թեշթը, տղեն սկսեց լեղացնիլ, լեղացրեց, գլուխը սանդրեց, էն սանդրելու վախտը մազերիցը թախկուճ[7] դուս էկավ, էն թախկուճը տղեն փաթըթեց մատին, հանեց քցեց Չար-հավուզը։ Ետո դուս էկան, շորերը հաքան, հաքնելու վախտը ախչիկը տղի չափրաստները մեր քցեց։ Տղեն էլ հաքցրուց ախչկա շորերը։ Նի էլան վիրև, իրենց հըմար հաց պատրաստեցին, նստեցին կերան։

Վե կացան ման էկան, մտիկ տվին դես ու դեն՝ ընչանք էկավ իրիկվա քնելու վախտը։ Ախչիկը տեղ քցեց, էրկսով նի մտան մի տեղի մեչ, ախչիկը ձեռ մեկնեց էս տղին, տղեն վե կալավ, ասեց.— ժամանակով ես մեկ ախչիկ տեհա, նրա ուզող տղեն պըտեր նրա հ՚առաչի խնձորին նետով տար, որ ուզեր, շատ տղեք ին էկել չէին կարացել, ես տվեցի նրա հ՚առաչի խնձորին, էտ ախչիկը ձեն տվուց, ասեց. «Գնա՛, տղա, քե տենեմ, քու չափրաստներդ ով որ դուս ածի, նրան արժանի ըլես»: Կասես՝ էն ախչիկը դու ըլնես:

Ախչիկը ասեց. — Ինձ էլ մի տղա պատահեց, իմ հ՚առաչի խնձորին որ տվուց, ես ձեն տվի ասեցի. «Գնա տղա, ով որ քու չափրաստներդ դուս ածի, մեր ածի, նրան արժանի ըլես»: Կասես՝ էն տղեն դու ըլես:

— Էն տղեն որ կա ես եմ, էն ախչիկն էլ դու ես, ըսօր դու իմ կոճակներս դուս ածեցիր, մեր ածեցիր, դու իմն ես, ես՝ քունը:

Ճիտ արին, քնեցին, էլ տղեն թուրը հանեց ոչ՝ դնի արանքը:

Ըտեղ սկսեցին ապրիլ. տղեն կէթար ավ կբերեր, ախչիկը կեփեր՝ կուտեին:

Օրերի մի օրը ախչիկը տղին հարցրուց. — Ա՛յ տղա, — ասեց, — իմ գլուխս որ սանդրեցիր, սանդրի դուս բերած թախկուճը ի՞նչ արիր:

Ասեց.— Փըթաթեցի մատիս, հանեցի քցեցի Չար-հավուզը:

Ախչիկը «վա՜յ» քաշեց. տղեն թե՝ Խի՞ ես «վա՜յ» քաշըմ:

— Բա ի՞նչ անեմ, — ասեց, — ա քու տունը շինվի, խի՞ իր քցում ջուրը, նրանով մենք վնաս կքաշենք:

— Տնաշե՛ն, — ասեց, — եքա Դևստունը ես փչացրել եմ, նրանով վնաս չենք քաշըմ, էն մի պուճուր թախկճովը պըտի քաշենք:

Մնացին դրանք ըտի ապրելով։


Գանք խաբարը ո՞ւմնից տանք։

Էս թախկուճը Չար-հավուզի բրբովը[8] ընկավ ծովը, էտ ծովը էտ թախկուճը տանելով, տանելով հանեց մի թաքավորի Չար-հավուզում։ Էտ թաքավորին էլ ուներ լավ ձիան, մեհտարներ։

Օրերի մի օրը մեհտարները ձիանը քաշեցին Չար-հավուզի վրա, որ ջրեն։ Ձիանոնց հ՚աշկը առավ էտ ջրի տակի թախկուճին, որ աստղի պես պսպղըմ էր։ Ձիանը հուշտ էլան, էլ ջուր չխմեցին. Մի շաբաթ քաշեց, թաքավորի տղեն նի մտավ մեհտարխանեն, տեհավ որ ձիանը վեր են դիպել[9], մեհտարներին դուս արուց, ասեց. — Ըստուց ետը ես պըտի պահեմ ձիանը։

Էկավ ձիանը ջրելու ժամանակը, քաշեց ձիանը Չար-հավուզի վրին, տեհավ ֆռտացրին, ետ քաշվեցին, չխմեցին։ Դա ձիանը բաց թողուց, մտիկ արուց Չար-հավուզին, տեհավ մի բան աստղի պես պեծին ա տալի հավուզի տակին:

Ասեց. — Կա՜, չկա՛ սրանից ա. էս ի՞նչ բան պըտի ըլնի։

Ղրկեց քաղաքից լեղվոր բերեց, ասեց. — Ի՞նչ եք ուզըմ, որ էտ հավուզի պսպղացող բանը հանեք։

Ինչ որ իրանց հախն էր, առան, նի մտան էտ հավուզի տակից պսպղացող բանը հանեցին, տվեցին թաքավորի տղին։ Թաքավորի տղեն մեհտարներին էլեդ կանչեց, ասեց. — Տարեք ձիանը դուք պահեցեք, էլ հուշտ չեն ըլնիլ:

Տղեն վե կալավ էտ պսպղող բանը, մտիկ արուց, տեհավ ոսկի ծամ ա, դրուց թղթի մեչ, դրուց ջեբը, էկավ տուն, լուռ ու մունջ, նըստեց, խոսցնելուս չխոսաց, բան չասեց, հերը, մերը կպան յախեն. — Ա՜յ որթի, – ասեցին, — քեզ ի՞նչ պատահեց, էտ ինչ մտածութան մեչ ես ընկել։

Տղեն վե կալավ ասեց. — Ուրիշ միտքը չունեմ։ — Հանեց ջիբիցը էն ոսկե ծամը շանց տվուց. — Իմ մտածութունը էս ա, — ասեց, — ըստու տիրոնչը ուզըմ եմ ձեզանից, որդի ըլի, պըտի բերեք։

Հերն ու մերը մնացին շիվարած: Սրա տերը պըտի Դևստանումն ըլի, Դևստուն ո՞վ կարա էթալ, որ բերի։

Թաքավորն էր՝ ջառ[10] քցեց իրա երկիրը թե. «Էկեք տենանք, ով կարա էս ծամի տերը բերի, ինչ ուզի՝ կըտամ». ոչ մի մարթ էլա շլինք առավ ոչ։

Մի պառավ կնիկ էկավ կաննեց դրա հ՚առաչը. — Թաքավորն ապրած կենա, — ասեց, — ես կբերեմ։

— Դե, — ասեց, — նանի՛, բեր, ինչ ուզես՝ կտամ։

Ասեց. — Թաքավոր, ես էս խոսըմ եմ, համա պըտի տղիդ, տանեմ հետս։

— Դե, — ասեց, — որ ըտենց ա, տղին խոսացնենք, տենանք՝ ինչ ա ասըմ։ Տղին հարցրին, ասեց. – Դվորը տանի՝ կէթամ:

— Դե՛, — ասեց պառավը, — ինձ հըմար մի նավ շինիլ տուր:

Շինիլ տվուց. պառավ կնկանը, իրա տղեն էլ, իրա պատրաստութունն էլ հետը[11]. Պառավն էլ նստեց նավը, տղի հետ գնաց:

Շատ գնաց, թիչ գնաց, դուս էկավ Դևստուն: Էտ նավը ծովի ղրաղին թողեց, էտ տղեն էլ հետը, ասեց. — Տղա՛, ընգամ կմնաս, ընչանք ես գամ:

Պառավը վե կացավ ու գնաց ընչար Դևստունի թաքավորի ամարաթի տակը, Ամարաթիցը մի ակուշկա մտիկ էր անըմ ծովին, դրա տակին վե ընկավ, ձեն էր տալի.

— Խանը՜մ, անճար եմ, անդամալուծ եմ, խղճացե՛ք ինձ:

Մի օր էս թաքավորի ախչիկը բերուց, ջուր վեր ածեց ակուշկովը, տեհավ մի պառավ կնկա ձեն ա գալի, բանի տեղ չդրուց, էտ պառավը պտըտվելով գնաց դարբազեն քթավ, մնաց ըտե նստած, իրիկունը թաքավորի տղեն որ էկավ, ընկավ դրա ոտը. — Աղա ջան, — ասեց. խեղճ եմ, հիվանդ եմ, խղճացեք:

Թաքավորի տղեն դրա ասածը բանի տեղ չդրուց, անց կացավ գնաց տուն: Իրան կնկանը վե կացրեց. — Թաքավորի ախչիկ, — ասեց, — գալիս, — ասեց, — դարբազի դռանը մի պառավ կնիկ կար, լաց էր ըլնըմ, մխկըտըմ էր, սիրտս շատ կսկծաց նրա հըմար. ի՞նչ կըլնի՝ նրա հըմար մխելի հաց տանես, ուտի:

Կնիկը վե կալավ, մարթին ասեց. – Դե՛ թող կորչի, նրանից մեզ վնաս կգա, էրես մի տալ:

— Ա՛յ տնաշեն, — ասեց. – նա ի՜նչ բան ա, որ նրանից մեզ վնաս գա, կըլի որ, – ասեց, — նա մեզ հարկավորվի, հաց ուտացնենք, պահենք, մեզ ծառայութուն կանի:

Կնիկը չլսեց. թաքավորի տղեն հաց, բան վե կալավ, տարավ տվուց էտ պառավին՝ կերավ:

Հ՚էքսի օրը ժրեց պառավը, էկավ նարդիվանը սրփեց, հա սրփեց, էն հ՚էքսի օրը բալկոնը սրփեց, ջուր բերուց: Թաքավորի տղեն կնկանն ասեց. — Տեհա՞ր, որ ասեցի պահենք, մեզ պետքը կգա:

Դե՛, — թաքավորի տղեն էր, ասեց. — Նանի, է՛լ դրսևը մնալ մի՛, հ՚արի նեքսև, օթախը: Էտ պառավը գնաց օթախը, դրանց հըմար ավիլ արուց, տեղ քցեց. օջաղ արուց, մին օր, հինգ օր, տասն օր: Տասն օրից ետը թաքավորի ախչկանն ասեց. – Ափսո՜ս, որ մի քշերվա քեֆ ունես:

Թաքավորի ախչիկն ասեց. — Ի՞նչ անենք, նանի, աստված մեզ ըսենց ա կամեցել։

Մնաց էն հ՚էքսի օրը, էլ ետ ասեց. — Ափսո՜ս, թաքավորի ախչիկ, որ մի քշերվա քեֆ ունես։

Խոսեց. — Լավ, նանի, որ չկա, ի՜նչ անենք։

Պառավն ասեց. — Չէ՛ որթի, որ քու սիրտը ուզի՝ կըլի։

Ախչիկն ասեց. – Շատ էլ էս հրոպպեիս սիրտս ուզըմ ա, Դևստունս ավիրված, մարթ չկա, մադաթ չկա, ո՞րդիան ըլնի։

Պառավն ասեց. — որ ըլի, կընդունե՞ս:

Ասեց. — Որ ըլի, խի՞ չեմ ընդունի։

— Դե՛, — ասեց, — հ՚արի ինձ խոսքը տուր, ես որդիան ըլի՝ բերեմ:

Ասեց. — Խոսք եմ տալի, բե՛ր։

Պառավն էլ բաց թողուց ու գնաց։ Գնաց ծովի ղրաղը. — Հը՜, — ասեց, — տղա, նավիցը դուս հ՚արի։

Առավ տղին, բերուց ամարաթ։

Թաքավորի ախչիկը տեհավ, մի լավ, պատկերքով տղա, սիրտը կպավ: Ցերեկը նրա հետ էր անցկացնըմ, քշերը հ՚իրա մարթու։ Մի քշեր իրան մարթի հետ քնած վախտը մարթը զարթնըմ ա, տենըմ ա, որ հ՚իրա կնիկը քամակը իրեն ա արել, էրեսը շուռ տվել էն դիհը, ձեն ա տալիս, ասըմ ա. — Է՜, թաքավորի ախչիկ, էտ ի՞նչ բան ա, հ՚էրեսդ շուռ ես տվել էն դիհը, քամակդ ինձ ես արել։

— Բա ի՞նչ անեմ, — ասեց ախչիկը, — մի կողքի հո ընչար լիս քնիլ ըլնիլ չի, էս կողքս թմրեց, դառա էն կողքիս:

Հ՚էքսի քշերը տեհավ որ էլեդ հ՚էրեսը շուռ ա տվել էն դիհը, քամակը հ՚իրան արել:

— Հը՜, թաքավորի ախչիկ, ըսօր ի՞նչ պատահեց:

— Սխալվել եմ, ներողութուն:

Էկավ հ՚էքսի օրը՝ էլեդ տեհավ, հ՚էրեսը շուռ ա տվել էն դիհը, քամակը իրան արել: Էլ խոսաց ոչ թաքավորի տղեն, ասեց. — Հա՜ ըստեղ մի բան կա։

Առավոտը քշերով վե կալավ, նետը քցեց քամակն ու գնաց: Ամարաթի դեմեցդեմ ձորի էն դիհը մի հ՚ախպուր կա, վրին էլ մի մեծ ծառ, որ քանի մարթ մտնի էտ ծառի մեչը, հեչ մարթ չի՚մանալ: Նի՚լավ ծառի, մտիկ տվուց իրա ամարաթը, տեհավ որ մի լավ տղա, մևկ էլ իրա կնիկը մինն էլ էն պառավ կնիկը հ՚իրար հետ ման են գալի, թաքավորի ախչկան առել են իրենց մեշտեղ: Մնաց շիվարած: Միտք էր անըմ, իրա մտքի հետ էր, տեհավ, որ մի դավրիշ էկավ հ՚ախպրի վրին վեր էկավ, իրան քաշկուլը դրեց գետինը, խուրջինը ուսից վե բերուց, խուրջնի միչից հացը հանեց, փռեց, ծոցիցը մի խնձոր հանեց, տվուց բաց արուց, միչիցը հանեց մի նազանի օղլուղաշ, դրուց կուշտը՝ նստեցին հաց կերան:

Կերան պրծան, դավրիշն ասեց. – Կնի՛կ, քունս տանըմ ա, նստի՛, գլուխս դնեմ ծնկանդ, քնեմ դինջանամ, վե կենամ, էթանք:

Դավրիշի կնիկը նստեց, դավրիշը ծնկանը, քնեց: Որ քնեց, կնիկը խուրջինը մոտեցրուց, դավրիշի գլուխը վե կալավ դրուց խուրջինի վրա, ինքը նստեց, հաց բաց արուց, ձեռը տարավ ծոցիցր մի խնձոր հանեց, տվուց բաց արեց, միչիցը հանեց մի սիրուն տղա, դրուց հացի ղրաղը՝ հ՚իրար հետ հաց կերան: Հացը ուտելուց ետը, դավրիշի կնիկը էս տղի հետ քեֆ արուց, պրծավ, էտ տղին դրուց խնձորի մեչը, խփեց ու դրուց ծոցը: Գնաց նստեց, դավրիշի գլուխը վե կալավ, դրուց ծնկանը: Շատ քնեց, քիչ քնեց, դավրիշը զարթնեց, զարթնելուց ետը, հ՚էրեսը լվաց հ՚ախպըրըմը, չիբուխը շինեց քաշեց, կնկանը դրուց խնձորի մեչը, խփեց, դրուց ծոցը, խուրջինը վե կալավ որ էթար՝ թաքավորի տղեն ծառիցը ձեն տվուց. — Է՜յ դավրիշ, կաննի։

Դավրիշը շշկլվեց. — Էս ո՞րդիան ա գալի էս ձենը: — Դես մտիկ արեց, բան քթավ ոչ, ուզեց որ էթա՝ էլեդ ձեն տվուց ծառիցը: — Դավրրիշ կաննի, վեր եմ գալի:

Դավրիիշը վիրև մտիկ արուց, տեհավ մի թրնգա[12] մարթ, տազ արուց, կաննեց, ընչանք էտ մարթը վեր էկավ:

— Դավրրիշ, – ասեց, – իմ ղոնաղն ես։ Հ՚արի էթանք իմ տունը։

Քցեց քամակը, տարավ իրա տունը։

Ասեց. – Պառավ, օջախ արա՛, հաց պատրաստա։

Ասեց. — Ա՛յ որթի, էսօր ավ չես բերել, ի՞նչ էփեմ։

Ասեց. – Դե՛ մի քաշովի Էփա: Պառավը քաշովին էփեց, պրծավ, թաքավորի տղեն ասեց. — Բեր սուփրեն[13] փռի, օխտը հաց, օխտը բաժին կիրակուր բեր։

Ասեց. — Մենք հ՚իրեք ֆոքի ենք, մին էլ դավրիչը՝ չորս, էլ խի՞ ես օխտը բաժին ուզըմ։

Ասեց. — Ես ասըմ եմ բե՛ր՝ բեր: — Պառավը օխտը հացը, օխտը բաժինը բերուց, սուփրի վրին դրուց ջերկով:

Թաքավորի որթին ասեց. — Դավրի՛շ, կողքիդ ամանին մի տեր եմ ուզըմ քեզնից։

Դավրիշն ասեց. — Ես մի ջան եմ, էլ մարթ ոբդիա՞ն բերեմ։

Ասեց. — Գլուխդ կկտրեմ, պըտի բերես։

Դավրիշը տեհավ, որ ճար չկա՝ ձեռը տարավ ծոցը, խնձորը հանեց, ձեռով տվեց, տապակ արուց, միչիցը հանեց մի օղլուշաղ, դրուց հ՚իրա կողքի ամանի վրա։

Ետ դառավ, դավրիշի կնկանն ասեց. — Էտ կողքիդ ամանին քեզնից մի տեր եմ ուզըմ։

Դավրիշի կնիկը ասեց. — Ես ո՞րդիան բերեմ։

Ասեց. — Անկարելի ա, գլուխդ կկտրեմ։

Տեհավ ճար չկա՝ դավրիշի կնիկը ձեռը տարավ ծոցը՝ խնձորը հանեց, ձեռով տվուց, տապակ արուց, միչից մի ջահել տղա հանեց, դրուց էն ամանի վրա։

Դավրիշը տեհավ, գլուխը կախ քցեց, թաքավորի տղեն ասեց. — Պառավ, էս թաքավորի ախչկա կշտի բաժնին քեզանից մի տեր եմ ուզըմ։

— Ա՜յ, որթի, — ասեց պառավը, — դու գիտես, ես ինչ օրով եմ էկել ընկել ըստի, ես տեր ո՞րդիան բերեմ։

— Պառավ, — ասեց, — տենը՞մ ես էս թուրը, մի հետ կտամ, խոսալ մի՛, գնա՛ բեր։

Պառավը գնաց, էն տղի կռնիցը բռնեց ու բերուց, էտ ամանի վրին նստացրուց։

Էտ տղին որ պառավը բերուց՝ դավրիշը աշկը բանցրացրուց, մտիկ արուց էն տղին՝ թաքավորի ախչկանը, մտիկ արուց հ՚իրա կնկանը, գլուխը տարավ-բերուց։

Թաքավորի տղեն ասեց. — Դավրիշ, ինձ ի՞նչ շատ մտիկ ես անըմ, էն տդեն իմ կնկա սիրողն ա, էտ տղեն քու կնկա սիրողն ա, դրանց իրավունքը տվի քեզ՝ դատի:

Դավրիշն ասեց. — Թաքավորի որթի, որ տվեցիր ինձ սրանց իրավունքը՝ ես էլ տվեցի քեզ, ո՛նց կդատես՝ դատի:

Թաքավորի որթին վե կալավ՝ ասեց. — Դավրիշի կնիկ, դու հըլա դավրիշի կնիկն իր՝ շլակին ման ածեց քեզ, բա դու ի՞նչ թահր իսան իր, որ տղին էլ բերիր մարթիդ շլակին նի հանեցիր։ Այ տղա, դու մեղ չունես, քեզ բերող ա ըլել, դու վեր, գնա:

Էս տղեն վե կացավ, գնաց, դավրիշի կնկան քաշեցին մեյդան, կտրտեցին։

Թաքավորի տղեն ղարձավ պառավին. — Պառավ, — ասեց, — ի՞նչ սիրտ ունեիր՝ էտ տղին բերեցիր իմ կնկանը շանց տվիր։ Տղա՛, դու վե կաց գնա՛, դու մեղ չունես, մեղը պառավինն ա, որ քեզ բերել ա:

Տղեն վե կացավ ու յալլա՜հ, թաքավորի տղեն բերուց պառավին կտոր-կտոր կտորեց։

Ետ դառավ հ՚իրա կնկանը. — Կնիկ, — ասեց, — քնզ ի՞նչ դատաստան անենք։

Ախչիկն ասեց. — Ես ի՞նչ անեմ, էտ պառավը գլխից հանեց, ես քեզ չէի ասըմ, թե էտ պառավին հ՚էրես մի տա, դրանից մեզ վնաս կհասնի, խի՞ չլսեցիր։

Տղեն ասեց. — Որ ըտենց ա՝ քու մեղքը բախշելու ա։ Դե՛, — ասեց, — կնիկ, գիտե՞ս ինչ կա, մենք էրկու ֆոքով էստեղ մնալով չենք կարա ապրիլ, հ՚արի, — ասեց, — ծանդրը թալանք, թեթևը վեր ունենք, էթանք մեր վաթանը։

Էկան, ծանդրը թողացին, թեթևը վե կալան, ընկան ճամփա, գնացին հասան իրենց երկիրը։

Նրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքիցը իրեք խնձոր վեր էկավ, մինն՝ ասողին, մինը՝ լսողին, մինն էլ՝ հ՚անգաջ դնողին:


  1. Ժողովուրդ, (ծանոթ. բանահավաքի):
  2. Ետ քաշվեք, (ծանոթ. բանահավաքի):
  3. Նախատեցին, (ծանոթ. բանահավաքի):
  4. Խորհրդակցեցին, (ծանոթ. բանահավաքի):
  5. Անկյունից, (ծանոթ. բանահավաքի):
  6. Ախոռ, (ծանոթ. բանահավաքի):
  7. Սանրելիս դուրս եկած մազեր, ( ծանոթ. բանահավաքի)
  8. Խողովակ, (ծանոթ. բանահավաքի):
  9. Լղարել են, (ծսւնոթ. բանահավաքի):
  10. Հրովարտակ, (ծանոթ. բանահավաքի):
  11. Նախադասությունը աղավաղված է, միտքը չի հասկացվում, (ծանոթ. կազմողի):
  12. Քաջ, (ծանոթ. բսւնահավաքի):
  13. Կամ դաստախուն, (ծանոթ. բանահավաքի)։