Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 10, համար 4, 1917)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բոդիլ Բյորնից


Կրագերյո, 30/8 1917

Իմ սիրելի՛ ընկերներ, ինչքա՜ն լավ է խաղաղ և ապահով, կանոնավոր պայմաններում նստել տանը քո սիրելի հայրենիքում և գրել ձեզ։ Եվ ազատ կարողանալ գրելը, այնպես, ինչպես մտածում ես և զգում՝ առանց ստիպված լինելու մանրամասն մտածել ամեն մի բառի շուրջ, անհերքելիորեն լավ է։ Նախևառաջ պետք է ջերմագին շնորհակալություն հայտնեմ բոլոր նրանց, ովքեր իրենց աղոթքում, մտքերում և գործում, հետևել են ինձ արյան և արցունքների երկրում, նրանց, ովքեր պայքարել են, տառապել և աշխատել ամենադժբախտ մարդկանց համար, որոնց համար սրտիցս արյուն է կաթում։ Ուզում եմ խնդրել ձեզ համբերությամբ աշխատել և աղոթել և չհոգնել ու չդադարել հուսալ ավելի պայծառ ապագա հայ ժողովրդի համար։ Հեշտ է աշխատել լուսավոր և խաղաղ ժամանակներում, որտեղ ամեն ինչ ժպտում է քեզ և որտեղ առաջընթաց կա աշխատանքում, բայց կարևոր է չկորցնել խիզախությունը և առաջ նայել, երբ փոթորիկ է բարձրանում և ալիքները մոլեգնում են՝ սպառնալով կուլ տալ մեր կյանքի նավակը։ Լավ է ունենալ Նրան, ով վարում է նավակը կատաղի ծովում։ Եթե չունենայի Հիսուսին, թևաթափ եղած կլինեի և կկործանվեի փորձանքի սոսկալի ժամանակ, որն ապրեցինք այնտեղ։ Ի վերջո, օրեր կամ շաբաթներ չէին, որ տառապեցինք, այլ ամիսներ, այո՛, տարիներ։

Մեր հավատարիմ Աստված օգնեց մեզ ամեն ինչում և պահպանեց ինձ հրաշալի ձևով։ Սաղմոս 34, 5-9, 16, 20։ Երբ հետ եմ նայում, միայն վշտով չեմ նայում, այլ գոհունակությամբ և երախտապարտությամբ Աստծո պաշտպանության և բարեգթության համար։ Հրաշք է, որ այդ ամենից անվնաս դուրս եկա՝ առանց գլխիցս մի մազ ծռվելու, և դա մեծ բարեգթություն է․ այն, թե ես ինչպես էի լավ, երբ բոլոր նրանք մեռնում էին ցավալի ձևով։ Բառերը չեն կարող նկարագրել այն սարսափը, որ ապրեցինք և այնքան տխուր ու ցավոտ է խոսել դրա մասին, որ այսօր բաց կթողնեմ դա և մի փոքր կպատմեմ Հարունիեից և իմ տունդարձի ճանապարհորդությունից։

Երկար ժամանակ է, ինչ ցանկանում էի տուն վերադառնալ, բայց քանի դեռ կարող էի օգտակար լինել այնտեղի դժբախտներին, հալածյալներին, թշվառներին, չվերադարձա։ Փորձեցի այստեղ-այնտեղ կանխարգելել որոշ աղետներ և որոշ առումով մխիթարել հուսահատ սրտերին։ Ամեն ինչ սև ու անհույս էր թվում նրանց, այնքան շատ Աստծո երեխաներ սկսեցին կասկածել իրենց հավատքին և մտածում էին, որ Աստված մոռացել է իրենց ժողովրդին, այնպես որ պետք է փորձեինք օգնել նրանց։

Հարունիեում փոքր կացարան ունեի, որ աշխատեի մնացած մարդկանց շրջանում․ այդ մարդկանց մեջ էին մեր ուսուցիչները և բոլոր երեխաները՝ մոտավորապես 180 մարդ, երբ թուրքական կառավարությունը մեզ մոտ 20 մեծ տղաների ուղարկեց հայկական որբանոցից, որը ցրել էին, իսկ երեխաների մեծ մասին էլ արտաքսել անապատ։ Այս քսանը փրկվել էին։ Նրանցից շատերն օժտված են և հեշտ են սովորում․ դպրոցում առաջադիմում են։ Ավելի ուշ, մեծերից որոշներին ուղարկեցինք մեր կողքը գտնվող գերմանացի զինվորների տներ, որտեղ նրանք օգնում են և լավ ժամանակ անցկացնում։

Այս տարի Աստծո հոգին շատ աշխատեց երեխաների շրջանում․ շատերը եկան և խոստովանեցին իրենց մեղքերը և նվիրվեցին Հիսուսին։ Բայց կային նաև այնպիսինները, որոնք դիմադրում էին և ծաղրում մյուսներին։ Սասունի շրջանից մի թուրք դռնապահ կա մեզ հետ, որը շատ վստահելի է և հոգատար հայ երեխաների նկատմամբ։ Նա լավ գիտեր, թե որ երեխաներն են, ինչպես ինքն էր ասում, «քրիստոնյա» և առաջարկեց նրանց վստահելի գործեր հանձնարարել, օրինակ՝ ամեն օր ալյուր բերել հացթուխին և հացը հետ տանել։ Նրանց կարելի է վստահել,- ասաց նա,- և ճիշտ որ։ Այնքան լավ էր տեսնել և նկատել փոփոխություններն ամենօրյա կյանքում, փոփոխությունները՝ լինել հավատարիմ, վստահելի և աշխատասեր տանը, դաշտում և դպրոցում։

Մեծ սեր, համբերություն և համառություն է պահանջում այսքան շատ երեխաների հետ աշխատանքը․ հեշտ չէ պահպանել կարգուկանոնը և ազդել բոլորի վրա, բայց մեծ օգնություն էր, որ որոշ երեխաներ իրենք էին ազդում մյուսների վրա և լավ օրինակ ծառայում։ Ուսուցիչներից մեկն էլ անկուշտ հոգեորս էր և քաղում էր երեխաների շրջանում իր կատարած աշխատանքի պտուղները։ Մեծ տղաներն օգնում էին այգում, դաշտերում, գոմում և ատաղձագործարանում։ Մեծ աղջիկները շատ լավ էին բոլոր տեսակի տնային գործերում, խոհանոցում և մաքրման աշխատանքներում․ նրանք նույնիսկ լվանում էին բոլոր երեխաների հագուստն ու կարկատում։ Որոշ ժամանակ աչքիս տակ էի առել կարի սենյակը․ պետք է ուշադիր լինել ամեն ինչ կանոնակարգված պահելու համար, ինչը հեշտ գործ չէր։ Որոշները շատ լավ էին կարելուց, մյուսներն էլ ուղղակի ուզում էին արագ վերջացնել գործը։

Դպրոցները կառավարում էր պարոն ֆոն Դոբլերը և գերմանացի ուսուցիչը՝ Հեդվիգ Բյուլը։ Ունեինք նաև 2 հայ ուսուցիչ, 4 կին ուսուցիչ և մի թուրք ուսուցիչ, որը թուրքերեն ու Թուրքիայի պատմություն էր դասավանդում։

Շատ գործ ունեի անելու այն հիվանդ երեխաների շրջանում, որոնք տանն էին, դրան էլ գումարած գյուղում գտնվող հիվանդները, դեղերի հայթայթումն ու տրամադրումը։ Կարևոր, բայց լարված աշխատանք էր՝ հատկապես ամռանը, երբ մոլեգնում էր մալարիան և դիզենտերիան։ Այնքան շատ երեխաներ էին շնորհակալ, որոշներն էլ խնդրում էին ինձ չհեռանալ․ «Ո՞վ է մեզ օգնելու, երբ հիվանդանանք»,- ասում էին նրանք։ Առավոտյան, երբ շրջայց էի կատարում, գրեթե միշտ ինձ իրենց այգիներից փոքր ծաղկեփնջեր էին նվիրում, և ես միշտ զմայլվում էի։ Երեխաների ամենամեծ ուրախությունն այն եղավ, երբ մեզանից մեկը ցանկացավ նրանց հետ զբոսանքի դուրս գալ այդ տարածքում։ Լեռներում, անտառներում, գետի մոտ կամ դաշտում շատ գեղեցիկ վայրեր կային։ Տուն վերադարձանք ամենագեղեցիկ ծաղիկներով՝ հողմածաղիկներով, գնարբուկներով, անմոռուկներով, մանուշակներով և վարդերով․ բոլոր հյուրասենյակները զարդարեցինք։ Երբեմն իջնում էինք գետի մոտ, նրանք արագ հանում էին իրենց հագուստը և գնում լողալու, որովհետև ամենաշատը դա էին սիրում։ Նրանք սիրում էին ֆոն Դոբլերի երեք երեխաներին և իմ փոքր տղային և միշտ ուրախ էին, երբ իրենց հետ դուրս էին գալիս։ Երեկոյան՝ օրվա աշխատանքից հետո, մեծ բակում միշտ զվարճանքներ ու անկարգություններ էին, քանի որ տղաները մի կողմում թավալգլոր էին տալիս, իսկ աղջիկները մյուսում խաղում էին, վազում կամ շատ գեղեցիկ երգեր երգում։ Հաճախ էր նման աղմուկ լինում, դրա համար փախչում էինք տան ամենահեռավոր սենյակը․ այսպես, մենք էլ էինք ներգրավված իրենց խաղի մեջ և ըստ նրանց՝ դա հոյակապ էր։ Այնքան աշխուժացնող ու քաջալերող էր այդքան շատ երեխաների շրջանում լինելը, ինչպես նաև մեծ հանձնառություն։ Մեր անդադար աղոթքն էր, որ նրանք հաղթահարեն այս ամենը հանուն Քրիստոսի։

Մի տարի առաջ՝ մի օր, տիկին ֆոն Դոբլերը եկավ, իմ գիրկը մի երեխա դրեց ու ասաց․ «Պետք է խնամես նրան, այլևս ծնողներ չունի»։ Նայեցի նրան և իսկապես չզգացի, որ այդքան խիզախություն ունեմ դրա համար, որովհետև նա այնքան փոքր էր, այնքան հիվանդ ու թշվառ, և ինքս էլ թույլ էի զգում մալարիայով ու դիզենտերիայով բոլոր հիվանդներին խնամելուց հետո, բայց ուրիշ մեկը չկար, որ կխնամեր նրան, և հասկացա, որ նրան Աստված է ինձ ուղարկել։ Նրա հայրը, որը վարորդ էր, սպանվել էր, իսկ մայրը՝ վերջերս էր մահացել մալարիայից կամ տիֆից։ Փոքրիկ տղան, որի անունն էր (…) այնքան նիհար էր, գունատ և գրեթե միշտ լացում էր, բայց աստիճանաբար այնպես արեցի, որ կաթ, կակաո խմի, ձու և այլ սնունդ ուտի, բայց միևնույնն է նա մնաց նիհար։ Պարոն ֆոն Դոբլերը հաճախ էր ասում․ «Քո՛ւյր Բոդիլ, այդ ինչքան ջանք ես թափում այդ երեխայի հետ, չեմ կարծում, որ հաճույք ես ստանում դրանից»։ Մի օր մեզ այցելեց մի լավ գերմանացի ռազմական բժիշկ, որը լավ գլուխ էր հանում մանկական բոլոր տեսակի հիվանդություններից և որն սկսեց ավելի հաճախ այցելել մեզ՝ բուժելու մեր հիվանդ երեխաներին, և ես նրան ցույց տվեցի փոքր տղային, նաև 5-6 տարեկան մի փոքր աղջկա, որը մերկ էր ու ոտաբոբիկ։ Նրան ուղիղ փողոցից էին բերել, ոչ ոք չուներ ամբողջ աշխարհում և հազարավոր աղքատ, վտարված երեխաներից մեկն էր՝ մի խղճուկ, ողորմելի արարած։ Բժիշկը մոտիկից զննեց նրանց, բայց գլուխը թափահարեց և ասաց, որ դժբախտաբար նա հույս չունի երկու երեխաներից էլ։ «Պետք է պատրաստես քեզ, քո՛ւյր»,- ասաց նա,- «հույս չունեմ, որ նրանք կապաքինվեն»։ Բայց ես հույսս չէի կտրում, քանի որ Աստված կարող էր բուժել նրանց, և ես էլ կանեի ամեն ինչ, ինչ կարող էի։ Նրանց խնամում էի, կերակրում ամենալավ բաներով, որ ունեինք և քանի որ նրանք երկուսն էլ լավ ախորժակ ունեին, շատ էին ուտում, բայց նիհար ու գունատ էին մնում։ Աստիճանաբար փոքր տղան քաշ հավաքեց, աշխուժացավ և սկսեց «մամա» կանչել, երբ տեսնում էր ինձ։ Մի քանի անգամ շատ վատ տենդ ունեցավ, օրուգիշեր խնամում էի նրան։ Այնքան լավ էր քինինի հաբերն ընդունում, որ տալիս էի նրան․ հավանաբար կարծում էր՝ շաքար է։ Հետո փորձեցի նրան քինին ներարկել, որը կարծում էի՝ կօգներ։ Որոշ ժամանակ ամեն առավոտ մալարիայով հիվանդ բոլոր երեխաներին քինին էի ներարկում, այո՛, մեծերից մի քանիսը մինչև 10 ներարկում ստացան, որոնք հրաշալի օգնեցին նրանց։ Վերջում փոքրիկ Ֆրիտյոֆը, ինչպես նրան անվանել էի, քանի որ ինչպես հասկացել էինք կնքված չէր, լավ տեսք ուներ, սկսեց քայլել և երբեմն խաղում էր ֆոն Դոբլերի փոքր 3 տարեկան դստեր հետ, որն այնքան էր սիրում փոքր տղային և հաճախ էր նրա մոտ գալիս։ Միշտ ուզում էր մանկասենյակի փոքրիկներին քաղցրավենիք բերել և շուտով փոքրիկ տղան ու նա լավ ընկերներ դարձան։

Միայն մարտին սկսեցի շատ մտածել տուն վերադառնալու մասին, բայց նախքան ինձ փոխարինող գտնելը, չէի կարող հեռանալ։ Հայրս ուզում էր, որ վերադառնամ, նա ծեր էր և հիվանդ, բացի այդ, չէի ուզում ևս մի շոգ ամառ անցկացնել, երիտասարդ ուժ էր հարկավոր։ Մի օր անսպասելիորեն հեռագիր ստացանք այն մասին, որ երկու գերմանացի քույրեր են գալիս․ մեծ ուրախություն ու անակնկալ էր, որովհետև այս պատերազմի ժամանակ, բավականին դժվար է Թուրքիա հասնել, ավելի դժվար՝ ճանապարհորդության թույլտվություն ստանալ։ Ինչ ուրախություն էր իմանալ, որ քույրերից մեկը նշանակված էր Հարունիե, բայց երբ նա առաջին անգամ եկավ, ո՛չ լեզուն գիտեր, ո՛չ էլ պայմանները․ պաստոր Լոհմանը մտածեց, որ ավելի լավ կլինի ես սպասեմ մինչև աշուն և նրան փոխանցեմ իմ գործը։ Բայց քանի որ Հարունիեի երեխաները շատ թե քիչ հասկանում էին գերմաներեն, ի վերջո, ամեն ինչ այդքան էլ վատ չէր։ Երկար տարիներ նա բուժքույր էր աշխատել։ Տիկին ֆոն Դոբլերն ասաց․ «Կարող եք հեռանալ»։ Հետո որոշվեց, որ պետք է գնամ Ադանա՝ փաստաթղթերս պատրաստելու, որպեսզի ճանապարհին խնդիրներ չունենամ։ Այնտեղ ամերիկացի միսիոներների հետ էի մնում, որոնք շատ լավ էին ինձ վերաբերվում։ Ադանայում մեծ աղջիկների դպրոց ունեն, որտեղ անցած տարի նաև թուրք աղջիկներ են սովորել։ Ադանան մեծ քաղաք է, հայտնի մի քանի տարի առաջվա կոտորածով․ մի քանի ժամվա ճանապարհ է երկաթուղով Ադանայից Տարսոն հասնելը։ Քաղաքն ինքնին գեղեցիկ չէ։ Հարունիեի երեխաների մեծ մասը մեզ մոտ են եկել Ադանայի կոտորածից հետո։ Գերմանացի հյուպատոսը շատ բարի էր իմ նկատմամբ և խոստացավ ամեն ինչ կարգավորել Կոստանդնուպոլսի համար, բայց ասաց, որ հավանաբար դժվար կլինի ինձ հետ տանել Ֆրիտյոֆին։ Հարցին, թե արդյոք կարող եմ տուն վերադառնալ, Ֆրանկֆուրտից պատասխանեցին, որ պետք է սպասեմ մինչև աշուն, այնպես որ նորից պետք է սպասեի, բայց ապրիլի վերջին վերջապես ստացա մեկնելու թույլտվությունը։ Հարունիեի թուրք մուդիրը խոստացավ ինձ ու փոքրիկ Ֆրիտյոֆին անձնագրեր տալ դեպի Կոստանդնուպոլիս, և ես որոշեցի հաղթահարել բոլոր դժվարությունները և ինձ հետ տանել փոքրիկին։ Չեմ կարող ասել, թե ինչքան ուրախ էի այդքան տարիներ անց վերջապես տուն հասնել։ Զգացի, որ նոր ուժ եմ ստանում շուտով Նորվեգիան և բոլոր սիրելիներիս տեսնելու, նորվեգական թարմ օդը շնչելու և այլևս թշվառություն ու անարդարություն չտեսնելու մտքից։ Բայց մյուս կողմից էլ վատ էր հեռանալ այնտեղից, որտեղ նրանք պետք է շարունակեին ապրել նույն ճնշման և նույն դառնության մեջ և չիմանալ, թե ինչ է այնտեղ կատարվում, թե ինչ են անում այնտեղ մնացածները։ Քանի որ գրաքննությունն այնքան խիստ է, նրանք շատ քիչ կարող են գրել։ Կարծես Աստված էր ուղարկել․ հենց այդ օրերին մի հայտնի գերմանացի քահանա կնոջ հետ եկավ Հարունիե, այնտեղից պետք է գնային Կոստանդնուպոլիս՝ զինվորների տուն, և ես շատ շնորհակալ էի Աստծուն, որ ամեն ինչ այսքան լավ էր դասավորել ինձ համար, քանի որ Թուրքիայում լավ չէ միայնակ երեխայի հետ ճամփորդելը՝ հատկապես պատերազմի ժամանակ։ Հնարավորինս լավ ձևով իրերը դասավորեցինք, ուտելիք պատրաստեցինք, որովհետև չես կարող հաշվել, թե ինչքան ես ուտելու այսպիսի ժամանակներում։

Հենց այս օրերին ֆոն Դոբլերի երեխաներից ամենակրտսերը՝ 1.5 տարեկան տղան, այնքան վատ հիվանդացավ, որ գրեթե կարծում էինք դիզենտերիա է, որովհետև շունչը կտրվում էր, և գերմանացի բժիշկն էլ, որին կանչեցինք, նույնն ասաց։ Մի քանի օր վախենում էինք նրա համար, բայց փառք Աստծու նա ապաքինվեց․ հիվանդությունը միայն երեք օր տևեց, և կարողացանք հեշտությամբ պատրաստվել մեր ճամփորդությանը։

Մայիսի 10-ին հեռացանք ձիով, մեզ ուղեկցում էին մեր սիրելի ընկերները և մի խումբ երեխաներ։ Փոքրիկ Ֆրիտյոֆը այնքան վստահ և ամուր էր նստել գոգս, երբ ձիավարում էի։ Միայն սկզբում մի քիչ վախեցավ, հետո արդեն ուրախացավ։ Մոտավորապես երկու ժամ ձիավարելուց հետո հասանք դաշտ և արահետով իջանք Մամուրիե, որտեղից սկսում է ճանապարհը։ Ճանապարհին բարեբախտաբար հանդիպեցինք գերմանացի գլխավոր հյուպատոսին, որը եկել էր Բաղդադից, որը նվաճել էին անգլիացիները։ Նա 4 տեղանոց սանիտարական վագոն ուներ և սիրալիր առաջարկեց մեզ ճամփորդել իր հետ։ Աստված կրկին մեզ ապահովեց, որ կարողանանք հանգստանալ այդ գիշեր։ Մամուրիեի զինվորների տանը գտնվող քույրն այնքան սիրալի էր, որ մեզ համար տաք ընթրիք ուղարկեց վագոն, մինչ սպասում էինք, քանի որ ժամանակ չունեինք ինքներս այնտեղ գնալու։ Գերմանացի բժիշկը գոհ էր փոքրիկ Ֆրիտյոֆից, որը գիշերը լավ էր ու հանգիստ և եզրահանգեց, որ հայ երեխաները նույնքան լավն են, որքան գերմանացի երեխաները։ Հաջորդ առավոտյան վառարանի վրա սուրճ եփեցինք, որը բերել էինք մեզ հետ և մեր ուտելիքի զամբյուղի բոլոր բարիքներով մի լավ նախաճաշ պատրաստեցինք։ Ճանապարհին դժբախտաբար քահանայի կինը հիվանդացավ մալարիայով․ ակնհայտորեն երկաթուղու թրմփոցներից ու ցնցումներից էր, քանի որ թուրք ծառաները հավանաբար չգիտեին, թե ինչպես պետք է վարել գնացքը․ աղիներում սուր ցավ ուներ։ Ստիպված էին ճանապարհին ամուսնու և գերմանացի բժշկի հետ մնալ կայարաններից մեկում։ Երեկոյան մոտ հասանք զինվորների տուն, որտեղ գիշերվա համար ուտելիք և մնալու տեղ ստացանք։ Փոքրիկ տղան և ես ստիպված էինք մնալ մեծ ճաշասենյակ-վրանում, որտեղ էլի մարդիկ էին մնում։ Բարեբախտաբար վերմակներ ու բարձեր ունեի, այնպես որ կարողացանք մի քիչ քնել։ Վաղ առավոտյան հրաշալի եղանակին շարունակեցինք ճանապարհը․ մեզ ուղեկցում էին մեր մեծ տղաներից երկուսը, որոնք զինվորների տանն օգնում էին նրանց։

Այդ օրը հրաշալի ճամփորդություն էր։ Ամբողջ ճանապարհն անցանք դեպի Տարսոն։ Ամենագեղեցիկ և հրաշակերտ բնությունն ունի, որ կարող եք պատկերացնել՝ հսկա, բարձր լեռները՝ մասամբ ծածկված եղևնիներով, վայրի ժայռերն ու կիրճերը, խորը ձգվող գեղեցիկ հովիտը։ Հետաքրքիր կառուցվածք ուներ՝ բազում երկար թունելներով, երկաթուղիները ոլորվում են այդ բոլոր բարձր լեռներով և բարձրանում վեր․ շատ տեղերից գեղեցիկ տեսարաններ են բացվում։ Փոքրիկ Ֆրիտյոֆը հավանաբար մրսեց, որովհետև բոլորովին լավ չէր առաջին երկու օրը և այնպիսի խռպոտ ձայն էր լսվում, երբ շնչում էր։ Վախեցա, որ նույն հիվանդությունն ունենա, ինչ որ փոքրիկ ֆոն Դոբլերը, բայց փառք Աստծու օրեցօր լավացավ և այնքան լավ ու ուրախ էր ճանապարհին։ Չգիտեմ, թե ինչ կլիներ ինձ հետ, եթե նա լավ չզգար իրեն։ Օգնեց այն, որ այնքան բան կար նայելու շուրջը, ինչպես նաև ծանոթացավ 3.5 տարեկան մի աղջկա հետ, որը Զմյուռնիա էր գնում։ Տիկինը բառացիորեն տիկին էր, որին սիրահետում էր մի ավստրիացի սպա․ փոքրիկին թողել էր աղախնի մոտ և չէր ուզում նստեցնել գոգին, քանի որ շատ էր վախենում զգեստը ճմրթելուց։ Այնքան խղճացի փոքրիկին․ նա Բոսանթիից մեզ հետ էր։ Ճանապարհին գերմանացի բժիշկը մեզ հրավիրեց ճաշելու իր կացարանում։ Փոքր տուն էր, որից գեղեցիկ տեսարան էր բացվում դեպի հարթավայր։ Նախասրահում հաճելի և համեղ ճաշեցինք։ Մոտավորապես ժամը 5-ին հասանք կայարանի մոտ գտնվող հովիտ, որտեղ ավարտվում էր գլխավոր ճանապարհը․ ավստրիացի հյուպատոսն այնքան սիրալիր էր, որ թույլ տվեց միանալ նրան նախապես պատվիրած իր վագոնում։ Այնուհետև մոտ 1.5 ժամ գնացքով երթևեկեցինք Բոսանթիից, որը փոքր քաղաք է Ադանայի և Կոստանդնուպոլսի միջև։ Իդիլիական ուղևորություն էր պտղաբեր հովտով, որի երկու կողմում լեռներ էին, ամենուրեք ծառեր և մի վարար, կայտառ գետակ, որն ուղեկցում էր մեզ ամբողջ ճանապարհին։ Նստեցի, ըմբոշխնեցի և հիացա գեղեցիկ բնությամբ։ Դժբախտաբար գնացքը հեռու կանգնեց կայարանից, և ոչ ոք չօգնեց ինձ իրերիս հարցում։ Բայց ճանապարհին ծանոթացել էի մի քանի գերմանացի ընտանիքի հետ Յաֆֆայից, որոնք ստիպված թողել էին իրենց ունեցվածքն այնտեղ և տարհանվել, երբ քաղաքը վտանգի մեջ է եղել։ Նրանցից մեկն այնքան սիրալիր էր, որ հոգ տարավ երեխայիս, մինչև ես գնացի փնտրելու իմ ծանոթ գերմանացի բժշկին․ նա մեր հաճախակի հյուրերից էր Հարունիեում։ Նա անմիջապես պատրաստ էր օգնել ինձ և հրավիրեց ապրել իր տանը մինչև կկարողանայի շարունակել ճանապարհս։ Այն նույն բժիշկն էր, որը վերջին անգամ զննեց Ֆրիտյոֆին և փոքրիկ աղջկան․ հաճելիորեն զարմացավ, երբ տղային նորից այդքան առողջ տեսավ։ Նա գերմանական լազարեթի պատասխանատուն է։ Երկու քույրերն էլ են այնտեղ աշխատում․ անհավատալի ընկերական էին և խնամում էին տղայիս, որին շատ «քաղցր» էին համարում։ Լավ ընթրեցինք, հաճելի զրուցեցինք, մաքուր անկողնում իսկապես հանգստացանք։ Բժիշկը հեռագիր ուղարկեց Կոստանդնուպոլիս՝ ինձ համար թույլտվություն ստանալու համար, որ կարողանամ հաջորդ օրը զինվորական գնացք նստեմ։ Թուրք սպան էլ չանհանգստացրեց ինձ, երբ ստուգեց անձնագիրս։ Այնքան երախտապարտ էի, որ Աստված բարեգթորեն օգնեց ինձ ճանապարհին և ամեն ինչ լավ ստացվեց։

Բոսանթիից Հայդարփաշա ուղևորությունը համեմատաբար հեշտ էր, քանի որ առաջին դասով էի ճանապարհորդում, որովհետև գնացքը լիքն էր։ Հաճախ դժվար էր տղայի համար կակաո կամ թեյ գտնելը, բայց միշտ էլ ձև կար կայարանում եռացրած ջուր գտնելու։ Մի անգամ էլ գնացքում սուրճ եփեցի։ Էսքիշեհիրում (բնօրինակ՝ Eskisdur) ծանոթացա մի գերմանացի միսիոներուհու հետ, որն օգնեց ինձ, այլապես փոքրիկի հետ չէի կարող հեռու գնալ։ Հագուստի հետ մի քանի անգամ դժվարություններ ծագեցին, բայց միշտ հետ էին վերադարձնում, այնպես որ երբ երեք օրից հասանք Հայդարփաշա, ամեն ինչ կարգին էր։ Ամբողջ ճանապարհին Ֆրիտյոֆը քնած էր իմ ձեռքի ճամպրուկի վրա, որը դարձրել էի փոքրիկ փափուկ մահճակալ՝ վերմակներով և բարձերով, միայն մի սենյակ ունեինք, և նա այնքան քաղցր էր քնում այնտեղ։ Հայդարփաշայից Կոստանդնուպոլիս շոգենավով կես ժամվա ճանապարհ է։ Այնտեղ համար վերցրեցի մի հյուրանոցում, որի կառավարչին ճանաչում էի։ Լավ ժամանակ անցկացրի, ապրում էինք հասարակ, բայց աննկուն։ Քանի որ չէի կարողանում փաստաթղթերս կարգավորել այնքան արագ, որքան ուզում էի, ստիպված էի 2 շաբաթ մնալ Կոստանդնուպոլսում։

Նախ եղա Նորվեգիայի գլխավոր հյուպատոսի մոտ, որը շատ բարյացակամ էր և օգնում էր ինձ ամեն հարցում։ Հաջորդ օրը անձնագրովս պետք է գնայի գերմանական, ավստրիական ու բուլղարական հյուպատոսարաններ, մի օրվա ընթացքում ավարտեցի գործերս, հետո գնացի ոստիկանություն և Թուրքիայի արդարադատության շենք, քանի որ ասացին՝ պակասող փաստաթուղթ ունեմ, որի համար որպես տույժ պահանջեցին 20 մարկ, ինչը տվեցի շատ դժկամորեն, քանի որ այլ ճանապարհ չտեսա անձնագրիս հետ կապված հարցերը կարգավորելու համար։ Հաջորդ օրն ու մի քանի անգամներ ևս գնացի գլխավոր ոստիկանություն, հետո բարձրաստիճան պաշտոնյաների և թուրք սպաների մոտ, որպեսզի բալկանյան գնացք նստելու թույլտվություն ստանամ, ինչը շատ բարդ էր քաղաքացիների և հատկապես չեզոքների համար։ Նորվեգիայի գլխավոր հյուպատոսի աշխատակիցներն ինձ հետ մի տեղից մյուսն էին գնում․ Կոստանդնուպոլսում երկար ժամանակ է պահանջվում մի տեղից մյուսը գնալու համար և հաճախ առավոտյան ժամը 9-ից մինչև կեսօրվա ժամը 16։30 դրսում էի։ Շատ հոգնեցուցիչ էր անարդյունք այդքան վազվզելը։ Գերմանացի հյուպատոսն ինձ երաշխավորագիր տվեց, որ թույլտվություն ստանամ, այո՛, եղանք և՛ գեղեցիկ պալատներում, և՛ կառավարական շենքերում, բայց ամեն անգամ մերժում էի ստանում։ Հետո դադարեցի պայքարել բալկանյան գնացքի համար և վերջապես ինձ թույլ տվեցին ճանապարհորդել ավանդական գնացքով, ինչով երթևեկելը շատ դժվար էր, քանի որ թե՛ երկրի ներսում, թե՛ դրանից դուրս միշտ պետք է փոխեիր գնացքները, սահմաններին պետք է ստուգեին անձնագրերն ու իրերը և 3 օրվա փոխարեն Կոստանդնուպոլսից Բեռլին պետք է հասնեիր 5-6 օրում։ Բայց ուրիշ բան չէինք կարող անել, և անչափ ուրախ էի, երբ վերջապես անձնագրիս հարցը լուծվեց և այլևս որևէ դժվարություն չկար Ֆրիստյոֆին ինձ հետ տանելու համար։

Կոստանդնուպոլիսը շատ գեղեցիկ քաղաք է՝ Բոսֆորի մոտ գտնվող գեղեցիկ տեղանքով, իր փառահեղ պալատներով և բարձր մինարեթներով, որ խոյանում են դեպի երկինք։ Այն նաև շատ հետաքրքիր քաղաք է իր փխրուն կյանքով և այնքան տարբեր է եվրոպական քաղաքներից։

Կոստանդնուպոլսում հանդիպեցի նաև Մուշից իմ հին ընկերներին, երկուստեք անչափ ուրախ էինք կրկին միասին լինելու համար։ Նրանցից մեկը՝ Պետրոսյանը, նախկինում քահանա էր Մուշի Հավատորիկ գյուղում, բայց վերջին տարիներին Կոստանդնուպոլսում էր և այդպես փրկվել էր։ Այժմ նա քահանա և ուսուցիչ էր Կոստանդնուպոլսից 2 ժամ հեռավորության վրա գտնվող մի հայկական գյուղում։ Երբ նա Մուշում մեզ հետ էր, մենք միշտ լավ ընկերներ ենք եղել և այժմ նա չգիտեր, թե ինչ լավ բան աներ ինձ համար, այնքան պատրաստակամ էր օգնել ինձ։ Երբ կարողանում էր, ինձ տանում էր զբոսանքի ֆյորդ, հոգ էր տանում նաև Ֆրիտյոֆին, իմ ուղևորության համար կատարում էր բոլոր գնումները, ուղեկցում էր ինձ կայարան և լավագույնս էր ինձ վերաբերվում, երբ մի քանի անգամ այցելեցի նրան։ Կարծում էր, որ բավարար չափով բան չի արել ինձ համար, որովհետև ես սիրում էի նրա ժողովրդին և օգնել էի նրանց։ Իսկապես շատ հուզիչ էր նման երախտագիտության արժանանալը։ Այս քահանայի տանը հանդիպեցի նաև մի հայ պառլամենտականի, որը Մուշից էր և ժամանակին արտաքսվել էր այնտեղից։ Նրան ու նրա ընտանիքին լավ գիտեի Մուշում․ նրանք հրաշքով էին փրկվել։ Երկար նստեցինք և զրուցեցինք հին օրերի մասին, ինչպես նաև վերապրեցինք այն սարսափելի իրադարձությունները։ Մուշում կորցրել էր իր բոլոր բարեկամներին, որոնք մոտավորապես 70-ն էին, միայն կինն ու երկու երեխաներն էին փրկվել։ «Քո՛ւյր Բոդիլ»,- ասաց նա,- «պետք է պատմեք, թե ինչ եք տեսել այնտեղ և նույնիսկ եթե մեր տղամարդիկ արժանի էին այդպիսի վերաբերմունքի, հիշե՛ք, որ մեր կանայք և երեխաներն են սպանվել, այրվել և անպատվել, նրանց հազարավորներով գետերն են գցել։ Սարսափելի է մտածել, որ նրանք գրեթե ոչնչացրին մեր ժողովրդին»։

Կոստանդնուպոլսում ինքնին ավելի լավ էր, քան մեկ այլ տեղ, միայն մի քանի հազար հայի էին արտաքսել և սպանել, իսկ մոտակա գյուղերից շատերին ուղարկել էին Փոքր Ասիա կամ անապատ․ ճանապարհին տղամարդկանցից և մեծ տղաներից շատերը սպանվել էին։

Գերմանացի զինվորների տանը հանդիպեցի Միկիին, որը Մուշի որբանոցում մեր գնորդն էր և ծառան։ Նա ուղեկցել էր քույր Ալմային, երբ վերջինս 1915 թվականի աշնանը Մեզերեից եկել էր Կոստանդնուպոլիս, հետո էլ Շվեդիա։ Զինվորների տանը բանտապահ էր, իրեն լավ ու ապահով էր զգում։ Սկսեց լացել, երբ տեսավ ինձ։ Ստիպված էի պատմել Մուշում իմ ունեցած վերջին փորձությունների մասին։ Այն ժամանակ, երբ նրանից խլեցին իր կնոջն ու երեխաներին և տարան Մուշից, երկար ժամանակ վախենում էինք, որ խելքը կթռցնի․ միայն ավագ դուստրն էր փրկվել, բայց այժմ նա էլ չգիտեր դստեր գտնվելու վայրը, քանի որ վերջինս ռուսական սահմանով գաղտնի գնացել էր Մեզերե, իսկ այնտեղից էլ ուզեցել է գնալ Ամերիկա։ Իսկապես դժվար էր հրաժեշտ տալ նրան, երբ ճանապարհս շարունակեցի։ Այնտեղ հանդիպեցի նաև Մուշի իմ աշակերտներից մեկին՝ 17-18 տարեկան մի երիտասարդի, որը ևս կորցրել էր բոլորին։ Նախքան պատերազմը նա Կոստանդնուպոլսի Ռոբերտի քոլեջում էր սովորում։ Մեր Մուշի որբանոցի տղաներից մեկին, որը մի քանի տարի առաջ էր տեղափոխվել Կոստանդնուպոլիս, հանդիպեցի գերմանացի պաստորի տանը՝ կոմս Լյութիխոուին, որը շատ հայերի էր օգնել, այդ թվում՝ Պետրոսյանին, երբ վտանգի մեջ էր եղել։ Նա աննկարագրելի գթասիրտ մարդ է, ինձ նույնպես լավություն արեց իմ գրքերն ու լուսանկարները ուղարկելով Բեռլին, քանի որ դրանք չէի կարող տանել իմ ուղեբեռում․ արգելված էին։ Բեռլինում ստուգեցին դրանք, կնքեցին և կարողացա ինձ հետ տանել հայրենիք։ Անցած կիրակի գնացի գերմանական եկեղեցու խորան և լավ օր անցկացրի։ Մայիսի 16-ին ժամանեցի Կոստանդնուպոլիս, իսկ մայիսի 30-ին շարունակեցի ճանապարհս։ Ամբողջ Թուրքիան մարդաշատ էր և դժվար էր ստուգել իրերն ու անձնագրերը, բայց վերջապես առաջ շարժվեցինք։ Շատ դժվար ուղևորություն էր։ Ստիպված էի 9 անգամ գնացք փոխել, 8 կամ 9 անգամ էլ ստուգեցին անձնագրերն ու հագուստը։ Այնքան դժվար էր, որ նույնիսկ մեծ ուղեբեռը հնարավոր չէր ուղարկել ուղիղ Բեռլին, ինչպես որ կարող էիր անել բալկանյան գնացքով ճանապարհորդելիս։ Փոխարենը ամեն քայլափոխի ստիպված էի դժվարություններ կրել։ Մի անգամ Սոֆիայում չկարողացա ստուգել տալ դրանք և չհասցրեցի հաջորդ գնացքին, հետո մի գերմանացի ենթասպա օգնեց ինձ և ստացա իմ բոլոր իրերը։ Ամբողջ Բուլղարիայով մենակ էի ճանապարհորդում, միայն զինվորներ ու սպաներ էին, ոչ մի կին չկար, բայց նրանք այնքան ընկերական էին ու օգնող, որ ոչ միայն փոքր տղայիս քնեցնելու համար սենյակ տրամադրեցին, այլև ես ինքս կարողացա մի քանի ժամ քնել։ Մի գիշեր պետք է անցկացնեինք Սերբիայի Նիշ քաղաքում։ Հետո մի քանի զինվորների օգնությամբ մնալու լավ տեղ գտա մի սերբ կնոջ հետ, որը շատ սիրալիր էր մեզ հետ, բայց շատ դժվար էր նրան հասկացնել մեր ուզածը, քանի որ բացի սերբերենից այլ լեզու չէր հասկանում։ Բելգրադում ևս ստիպված էի մի գիշեր անցկացնել։ Մեծ հյուրանոց կար այնտեղ, բայց լավ տեղ չէր և ուրախ էի, երբ հաջորդ օրն առավոտյան կարողացանք շարունակել մեր ճանապարհը։ Տարօրինակ էր ճանապարհորդել մի երկրով, որտեղ պատերազմն էր այնդքան դաժանորեն մոլեգնել, իսկ հիմա դրա հետքն անգամ չկար։ Բելգրադում սպաները, վախենալով լրտեսներից, շատ խստորեն ստուգեցին անձնագիրս։ Վերջապես ժամանեցինք Հունգարիա, և ամեն ինչ ավելի լուսավոր ու բարեկամական դարձավ։ Այնքան հարուստ է հողը, այնքան հացահատիկ կա։ Շաբաթ օր էր, երթևեկությունը ծանր էր, ուղևորների կուպեն՝ մարդաշատ։ Ուրախ էի, երբ երեկոյան հասանք Բուդապեշտ։ Վիեննա գնացող գիշերային գնացքն էլ էր լիքը, բայց ինձ այնքան տեղ տվեցին, որ կարողացա Ֆրիտյոֆին քնեցնել։ Շատ դժվար էր ուղեկցորդի գտնել, որովհետև բոլորն էլ շատ էին զբաղված, բայց վերջապես գտա մեկին, որը հոգ տարավ ամբողջ իրերի մասին։ Հաջորդ վաղ առավոտյան հասանք Վիեննա, բայց կրկին չհասանք Դրեզդեն և Բեռլին գնացող առավոտյան գնացքին։ Մի գերմանացի կնոջ հետ էի, փորձեցինք մեքենա գտնել գնացքին հնարավորության դեպքում հասնելու համար, քանի որ պետք է մեկ այլ երկաթուղու կայարան գնայինք, որը քաղաքի մյուս ծայրում էր։ Երբ տեղ հասանք, գնացքն արդեն գնացել էր։ Բուդապեշտից եկող գնացքը երկու ժամ ուշացել էր։ Այնպես որ ստիպված էինք ամբողջ օրը Վիեննայում մնալ։ Ֆրիտյոֆի հետ գնացի մի մեծ զբոսայգի, որտեղ նա իրոք լավ ժամանակ անցկացրեց։ Կայարանում էլ շատերին զվարճացրեց, քանի որ ընդհանրապես չէր վախենում, վազում էր դեպի կանայք, ծաղիկներ քաղում։ Պետք է իսկապես ուշադիր լինեի նրա նկատմամբ, որովհետև մի անգամ գնացել էր բոլորովին անծանոթ մարդկանց հետ։ Հաջորդ առավոտյան հասանք գերմանական սահմանին, որտեղ շատ ուշադիր ստուգեցին մեր անձնագրերը, իրերը և ինձ, բայց ամեն ինչ լավ և կարգին անցավ և չեմ կարծում, որ շատ խիստ էին։ Ճիշտ ժամանակին վերջացրի գնացք նստելու համար, բայց երկար ուղևորությունից հետո սուրճ խմելու ժամանակ չունեցա։ Դեչինից Դրեզդեն ճանապարհորդությունը շատ գեղեցիկ էր՝ հատկապես գեղեցիկ էր անտառը, որն այնքան խիտ էր ու սիրուն․ այդպիսի հիասքանչ եղևնիների անտառ չէի տեսել, ինչ տնից բացակայել էի։ Հունիսի 5-ի կեսօրին հասանք Բեռլին․ անչափ հոգնած էի 5.5 օրուգիշեր ճանապարհորդելուց, պայքարելուց ու անհանգստություններից։ Միայն 2.5 օր մնացինք այնտեղ, մինչև կարողացան ստուգել անձնագիրս և այլն։ Լավ է, որ նորվեգական անձնագիր ունեի, այլապես պետք է 2 կամ 3 ամիս սպասեի նախքան տուն վերադառնալու թույլտվություն կստանայի, դրա համար էլ ո՛չ պարոն Շուկարդտին տեսա, ո՛չ էլ պաստոր Լոհմանին, ինչի համար շատ ափսոսացի, քանի որ նրանց հետ շատ բան ունեի խոսելու։ Հունիսի 7-ին շարունակեցի ուղևորությունս դեպի Ռյուգեն, որտեղ ստիպված էի 10 օր մնալ, մինչև հասա Ավստրիա։ Բայց այնտեղ լավ էի՝ թե՛ սննդի, թե՛ կացարանի առումով, բոլորն այնքան սիրալիր էին մեր նկատմամբ։ Ֆրիտյոֆը գերել էր մի շվեդ պարոնի, որը միշտ գալիս էր նրա հետ խաղալու։ «Կարծում եմ՝ ուզում եմ Կոստանդնուպոլիս գնալ և ինձ համար այսպիսի տղա գտնել»,- ասում էր նա։ Մի առիթով իմացա, որ Ռյուգենի Բերգենի հիվանդանոցում մի քանի «Աստվածաշնչյան քույրեր» կան, որոնց հետ շատ հաճելի պահեր անցկացրի․ նրանք նաև զբոսնեցին ինձ հետ այդ գեղեցիկ տեղանքում։ Վերջապես, վերջապես եկավ ազատության ժամը, և մենք կարող էինք տուն վերադառնալ։ Իմիջիայլոց, այնտեղ մնալը մեր երկուսի վրա էլ լավ անդրադարձավ․ կարողացանք հանգստանալ այդ բոլոր դժվարություններից հետո։ Գնացքում նորից ստուգեցին մեր բոլոր իրերը, պայուսակս ու ուղեբեռս ստուգեցին մինչև հատակը։ Իսկապես փորձություն էր ամեն ինչ նորից հետ դասավորելը։ Վերջապես հասանք Զասնից, որտեղ նորից սկսեցին ստուգել ամեն ինչ, ինչը գրեթե երկու ժամ տևեց։ Ուրախ էի, երբ վերջապես նստեցինք մի մեծ, գեղեցիկ շվեդական շոգենավ և ուղևորվեցինք տուն։ Հրաշալի ճանապարհորդություն էր պայծառ եղանակին, այնքան գեղեցիկ էր տեսնել, թե արևն ինչքան կարմիր է և թե ինչպես է շողերն ընկնում ծովի վրա։ Ֆրիտյոֆը նույնքան գոհ էր, վազում էր տախտակամածին, երևի նա էլ էր զգացել, որ այժմ ավելի ցուրտ ջրերում ենք։ Տրելեբորգում լավ կուպե նստեցինք և ամբողջ գիշեր շատ հարմարավետ քնեցինք։ Վերջապես հունիսի 18-ին հասանք Քրիստիանիա, որտեղ մեր սիրելի ընկերներն ու բարեկամները դիմավորեցին մեզ գրկաբաց։ Կարծես երազանք լիներ տուն վերադառնալը։ Սաղմոս 91, 11։

Սիրելի՛ ընկերներ, հիմա պետք է մի քանի բառով հիշեցնեմ, որ այնտեղ շատ թանկ է․ հացահատիկի, սննդի և կտորեղենի գներն անընդհատ աճում են, ինչը դժվարություններ է ստեղծում որբանոցների համար հոգալ այդքան որբերի կարիքները․ գնալով ավելի ու ավելի շատ որբեր են գալիս, և մենք չենք կարող նրանց չընդունել, քանի որ այս աշխարհում նրանք ոչ մեկին չունեն, որը կարող է հոգ տանել նրանց մասին․ ի վերջո, նրանց հայրերն ու մայրերը գնացել են, թե ուր, ոչ ոք չգիտի։ Եվ պատկերացրեք, որ մեր փոքրիկներն այստեղ են՝ տանը, տաք ու լավ ու ոչ մի բանի կարիք չունեն։ Խնդրում եմ, արդյոք չեք ցանկանա՞ օգնել, որքան կարող եք։ Մտածեք այն բոլոր մեծուփոքրերի մասին, որոնք ամեն ինչի կարիք ունեն և կիսվեք նրանց հետ։ Կորնթացիս 9, 6 - 7։

Բազում ջերմագին բարևներ յուրաքանչյուրիդ,

Ձեր՝ Աստծո միջոցով կապված,

Բոդիլ Բյորն
</pages>