Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 10, համար 3, 1917)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստանից


Քույր Բոդիլի 7/4 թվագրված նամակում ասվում է հետևյալը․

Սիրելի՛ ընկերներ, շնորհակալություն այն մեծ նվերի համար, որ ուղարկել էիք։

Սիրելի՛ տիկին Իհլեն Հանսեն, շնորհակալություն նաև նամակի համար։ Թվում է՝ շուտով տուն վերադառնալու իմ հույսը չի իրականանա։ Կարծես պետք է սպասեմ մինչև աշուն, թե ինչու, դեռ չգիտեմ։

Բայց Աստված, որ ամեն ինչ լավ ավարտի է հասցնում, կուղեկցի և կառաջնորդի ինձ․ ամեն ինչ նրան կթողնեմ։ Այդուհանդերձ, այնքան շատ եմ ուզում տեսնել ձեզ բոլորիդ։ Այնքան տարիներ են անցել, ինչ բացակայում եմ տնից և այդ տարիների ընթացքում շատ բաների միջով եմ անցել։

Միգուցե Աստված ամեն ինչ ուղղի, և կարողանամ Նորվեգիա վերադառնալ հունիսին կամ հուլիսին։ Հանգստի կարիք ունեմ և խնդրել եմ պաստոր Լոհմանին անել ինչ որ կարող է ինձ համար։ Իմ տեղակալն այստեղ է և ֆոն Դոբլերսն էլ է ուզում, որ ես գնամ։

Քույր Հեդվիգ Բյուլը, որը գերմանացի ուսուցիչ է, Զատիկին ինձ հետ եկավ մեր կայան՝ Մարաշ, որ մի փոքր թարմանա։

Լավ ուղևորություն ունեցանք լեռներով։ Այստեղ գարուն է և ամեն ինչ այնքան փարթամ ու գեղեցիկ է ծաղկում։

Երեկ գնացինք մեր խաղողի այգիներ՝ հանգստանալու․ այս կայանում ապրում են մեր երեք քույրերը։ Այստեղ հիասքանչ է՝ հատկապես տարվա այս եղանակին։ Միասին կարդում ենք, քնում և զվարճանում։

Մարաշը գեղեցիկ կայան է։ Գերմանացի սպաներն ու զինվորներն արագ ապաքինվում են հիվանդանոցում։

Աստծո խոսքն է հնչում, և նրանք ուրախությամբ լսում են, իսկ մենք էլ հույս ունենք, որ այն իր արմատները կգցի շատերի մեջ։

Հարունիեում իմ տեղակալն իր վրա է վերցրել իմ աշխատանքի մի մասը․ այժմ ես զբաղվում եմ միայն հիվանդ երեխաների բուժմամբ և նրանց քույր-եղբայրների խնամքով։

Այդուհանդերձ, շատ երեխաներ հիվանդ են մալարիայով։ Սկսել եմ քինինի ներարկումներ անել, բայց որոշներին օգնում է, որոշներին էլ՝ ոչ։ Շատերը նաև մաշկի հիվանդություն ունեն, որը պետք է բուժվի խոնավությամբ։ 30 հիվանդ ունեի, հիմա միայն վեցն են մնացել։ Մենք ջանասիրաբար աշխատեցինք, որ հիվանդությունը նահանջի։

Այստեղ կան նաև խնամքի կարիք ունեցող վիրավորներ։ Իմ փոքրիկ Փիթերը լավ է հիմա․ այնքան հիվանդ էր, որ ստիպված էի նրան տեղավորել իմ սենյակում և օրուգիշեր խնամել։ Երկու տարեկան է, բայց լավ է հասկանում գերմաներեն։

Ինչպե՞ս եք դուք բոլորդ։ Այս նամակն ուղարկեք Կրագերյոյի իմ ընկերներին, որ նրանք էլ ինձնից բարևներ ստանան։ Հարունիե 18-4-17։

Զինվորների հետ մեքենայով լավ զբոսանք ունեցա․ նրանք կրկին ծառայության են մեկնում, միայն մի ազատ տեղ կար, և ես նստեցի։ Մեքենան մեկնում է շաբաթը մեկ անգամ։

Մարաշի հիվանդանոցը բարձրադիր է, ընդարձակ, լավ կահավորված․ նայում է դեպի քաղաքը և հարակից տարածքը։ Դեղատուն և կլինիկա էլ կա քաղաքում։ Մեքենան անցնում էր լեռների և ջրերի միջով, բայց մեր վարորդներն այնքան ուշադիր էին, որ մեզ մեքենայից իջեցնում էին ամենավատ հատվածներում։ Աղբյուրի մոտ՝ ծառերի ստվերի տակ, կերանք մեզ հետ բերած ճաշը և հանգստացանք մի քանի ժամ։

5-6 ժամ քշելուց հետո հասանք գնացքի կայարան, որտեղ այցելեցի մի ինժեների կնոջ, որն ինձ սուրճ և մեղր հյուրասիրեց։

Մի կանգառ էլ արեցինք ճանապարհին, որի ժամանակ այցելեցինք զինվորների տուն, որտեղ մեր երեք մեծ տղաներն էին աշխատում։ Նրանք ուրախ էին տեսնել մեզ և կարոտում էին իրենց տունը, բայց օգուտ ստացան ուրիշների համար աշխատելուց։

Երեկ ստիպված էի մեր տղաներից մեկին ուղեկցել Ֆազիբախի գերմանական հիվանդանոց։ Ոտքը շատ վատ վիճակում էր, սոսկալի ցավում էր՝ հավանաբար լիմֆանգիտ էր կամ ֆլեգմոնա։ Փոքր վերքից հավանաբար վարակ էր անցել։

Հիմա դուք պետք է ձեզ լավ նայեք։ Շուտ գրեք, այնքան քիչ բան եմ իմանում տնից։

Աստված ձեզ հետ

Սրտագին բարևներ բոլորին՝ հավատքով ձեզ հետ կապված

Բոդիլ Բյորն

Օրհնյալ հոգեգալստով Զաքարիա 4, 6-7 և Եսայիա 35։

</pages>