Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 13, համար 3, 1920)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստան


Քրիստիանիա 27—5—20
Օդինստ. 16/2

Աստծով լցված իմ սիրելի՜ քույրեր,

Տէրը մեծ բաներ արաւ մեզ վերայ եւ մենք ուրախացանք։ Սաղմոսներ 126,3։

Աստված իսկապես ավելին, շատ ավելին արեց, քան նրանից խնդրել էինք։ Շատ քաղաքներում նա մեծ հետաքրքրություն առաջացրեց Հայաստանի և այնտեղի բոլոր փոքր որբանոցների նկատմամբ․ շատերը ցանկացան օգնել Հայաստանի երեխաներին։ Ընդհանուր առմամբ 30 նոր երեխա է հնարավոր վերցնել ի հավելումն այն 11-ի, որոնք արդեն Մեզրեի դանիական որբանոցում էին։ Հուսով ենք, մենք էլ այնտեղի քաղաքներից մեկում կունենանք մեր սեփական փոքր նորվեգական որբանոցը, եթե Աստված կամենա և կարծում եմ, որ կամենում է՝ դատելով արդյունքներից։ Այրիների և ողջ մնացած բոլոր երեխաների վիշտը, որոնք կորցրել են իրենց տները և բոլոր սիրելիներին, աննկարագրելի է։ Գրիմստադում մի պարոն կար, որը, եկեղեցու հավաքին լսելով օգնության կարիքի մասին, որոշեց օգնել 4 երեխաների, որքան ժամանակ որ կկարողանա։ Հորտենում հավաքից հետո՝ երեկոյան, ներդրումներ կատարվեցին 5 երեխայի ծախսերը հոգալու համար, մի քանի այլ վայրերում էլ խնամակալներ են ցուցակագրվել։ Թրոնհեյմում 25 երեխայի համար խնամակալներ են հավաքագրվել և առանձին հայաստանյան կոմիտե է ձևավորվել, որն այս ուղղությամբ աշխատում է մեծ եռանդով և սիրով։

Ի՜նչ հրաշալի է տեսնել, թե ինչպես է Աստված շարժել մարդկանց սրտերը, և որ դա միայն զգացմունք և կարեկցանք չէ, այլ արտահայտվում է նաև արարքներով։

Ինչպիսի՜ զոհաբերություն և սեր եմ տեսել այս հալածված և հետապնդված ժողովրդի նկատմամբ, երբ շրջում էի տարբեր քաղաքներով։ Հավատում եմ, որ Աստված իմաստ է դրել սրա մեջ և որ Հայաստանի համար կատարվող գործը կմեծանա այնքան, որ մենք ոչ միայն երեխաների ծախսերը կհոգանք, այլև այս փոքրիկներից շատերին կուղեկցենք լավ հովիվների գիրկ և ո՜վ գիտե, նրանցից շատերը միգուցե հետո դառնան Աստծո կենդանի վկաները իրենց ժողովրդի և շատ մահմեդականների համար։ Նույնիսկ ծայր հյուսիսում է սեր տիրում։ Քույր Օլիվիան գրում և խնդրում է իրեն ուղարկել դրամահավաքի արկղերը, որպեսզի նրանք էլ հավաքեն իրենց բաժինը այս տառապած ժողովրդի համար։ Ինձ շատ հուզեց այս արարքը, նրանք իրենք էլ քիչ բան ունեն և օգնության կարիք են զգում, բայց Աստված այնքան է մեծացրել նրանց սրտերը, որ մտածում են ոչ միայն իրենց մասին, այլև ծայր հարավում գտնվող իրենց քույրերի և եղբայրների մասին, որոնք շատ ավելի վատ վիճակում են, քան իրենք։

Սիրելինե՛րս, միացե՛ք աղոթքին և աշխատանքին, որքան հնարավոր է շատերդ, միացե՛ք նաև այլ քաղաքներից։

Նաև սրտագին բարևներ ձեզ՝ իմ սիրելի՛ ընկերներ, որ այդքան սիրալիր ընդունեցիք ինձ։ Ինձ համար մեծ, մեծ ուրախություն էր գալ ձեզ մոտ և զգալ ձեր ջերմ սերն ու հետաքրքրությունը Հայաստանի և այնտեղ տարվող աշխատանքի նկատմամբ։ Ես նվիրատվություն անելու այնպիսի պատրաստակամություն տեսա, մեկը մյուսի հետևից էր գալիս, մեծ ու փոքր նվերներ էին տալիս ձեռքս իմ սիրելի, սիրելի ժողովրդի համար, հավաքներից առաջ ու հետո մեծ եռանդով էր կատարվում աշխատանքը։ Օ՜, հայ ժողովուրդը որքա՜ն ունի ձեր կարիքը հիմա։ Կարծում եմ՝ հասկանում եք դա։

Կցանկանայի նաև մի փոքր պատմել իմ շրջայցերից, եթե կհետաքրքրի։ Ե՛վ այցերը, և՛ հավաքները կազմակերպվել և իրականացվել էին աղոթքով, ինչի համար էլ Աստված այդքան առատորեն օրհնեց և ելույթ ունենալու մեծ հաստատակամություն տվեց։ Օրհնյա՜լ լինի Նա։

Ինձ թույլ տվեցին այցելել 13 քաղաք և «Կանանց առաքելության աշխատողներ»-ի շատ այլ շրջաններ․ շատ հաճելի էր ծանոթանալ քույրերի հետ և զգալ, որ բոլորս էլ մեկ ենք Աստծո հետ։

Առաջին քաղաքը Դրամենն էր։ Այն մեծ չէ, բայց նույնքան հաճելի էր ծանոթանալ նոր ընկերների հետ։ Շատ հեռու է, բայց երիտասարդական ակումբի սրահը լիքն էր։ Պարոն Ֆոլկեստադը հավաքի բացումն արեց աղոթքով․ հանուն Հիսուսի եղե՛ք նրանց ուժը, որոնք տառապում են զրկանքներից։ «Այս աղոթքը»,- ասաց նա,- «եկեղեցիներում մենք լսում ենք ամեն կիրակի, բայց դժբախտաբար այն մի ականջով մտնում, մյուսով դուրս է գալիս, և մենք այդ աղոթքի մեջ չենք մտնում, չենք մտածում Հայաստանում գտնվող մեր եղբայրների և քույրերի մասին, որոնք հիմա տառապում են հանուն Հիսուսի»։ Նա ջերմորեն խոսեց Հայկական հարցից, դրա համար էլ հեշտ էր նրանից հետո խոսել։ Հավաքն ավարտեց պաստոր Ստրանդը։

Տյոնսբերգում մնում էի հայերի սիրելի ընկեր օրիորդ Սյորենսենի հետ, որը 14-15 տարի աշխատել է Հայաստանի համար և երիտասարդ աղջիկների համար ասոցիացիա ունի։ Նա տարեկան մոտ 1000 կրոն է ուղարկում, այս տարի էլ 1200 կրոն ուղարկեց այս փոքր ասոցիացիան, որը ակնհայտորեն հետաքրքրված է և հենց նրա շնորհիվ, որը գիտի, թե ինչպես պահպանի հետաքրքրվածությունն այս հարցով և ամենից առաջ դա անում է աղոթքը ձեռքերում։ Բազմամարդ հավաք էր եկեղեցում, որի բացումը ստիպված էի ես անել, երբ եղբայրը, որը պետք է դա աներ, բացակա էր։ Բայց Աստված կանգնեց իմ կողքը և ուժ տվեց ինձ։

Սանեֆյորդում ելույթ ունեցա մի մեծ երիտասարդական սրահում․ այնքան լավ էր, որ թույլ տվեցին խոսել այդ բոլոր երիտասարդների համար։ Օրիորդ Բրինն այնտեղ ուզում է փոքր ասոցիացիա բացել Հայաստանի համար։

Դժբախտաբար Լարվիկում այլևս չկան «Կանանց առաքելության աշխատողներ», միայն անհատներ։ Լավ հանդիպում ունեցանք երիտասարդական ասոցիացիայում՝ ներառյալ մի քանի երեխաների։

Շատ հաճելի էր գտնվել Շիենի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի թաղամասում և կարողանալ խոսել այնտեղ․ անմիջապես ինձ տանը զգացի։ Կիրակի օրը «U. K. K. F.»-ում տեղի ունեցած հանդիպումը լավ անցավ, հետաքրքրությունը մեծ էր։ Հրաշալի էր տեսնել, թե ինչքան երիտասարդ է նվիրված Աստծուն։ Տիկին Գրանգը տարիներ շարունակ փոքրիկ «Daggry» ուներ Շիենում, բայց քանի որ չկարողացավ շարունակել, այն փակվեց։ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի ղեկավարն այն օրը գրեց, որ հիմա մեկ այլ կին նոր «Daggry» է հիմնել․ ուրախ էի լսել դրա մասին։

Արենդալ հասա սարսափելի ձնառատ եղանակի, բայց կրկնակի լավ էր այդքան սիրով հանդիպել ընկերներիս։ Նույն երեկոյան հանդիպում ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ։ Գեղեցիկ, տոնական երեկո էր բազում ընկերների հետ․ շատ բան պատմեցի աշխատանքից։ Տիկին Հոլմը հետո շատ նվիրատվություն հավաքեց։

Հաջորդ երեկոյան հավաքվեցինք մեծ եկեղեցում, որը լիքն էր. շատ նվիրատվություն կատարվեց։ Տխուր էր այդքան շուտ բաժանվել, բայց շրջայցը կազմակերպվել էր որքան հնարավոր է շատ վայրեր այցելելու համար։

Ճանապարհ ընկա փոքր զվարճալի գնացքով, որը բավականին փոքր վագոններ ուներ։ Ընկերներս նախապատրաստել էին ինձ, որ հնարավոր է 1-2 ժամով հետաձգվի մեկնումը, ինչը չկանգնեցրեց ինձ։ Այդպես էլ չկարողացան համոզել ինձ ծովային ճանապարհով գնալ․ Արենդալ գնալուց ինչքան որ ծովով էի գնացել, բավական էր ինձ։ Գրիմստադում միայն մեկ օր մնացի․ շատ լավ ու հանգիստ էր այնտեղ։ Տեսա «Կանանց առաքելության աշխատողներ»-ից մի քանիսին, չկարողացանք հանդիպում կազմակերպել, որովհետև շատ կարճ ժամանակով էի այնտեղ։ «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ հանդիպումներ պարբերաբար են լինում, առաքելությունից ստացած սերն էլ մեծ է։ Փոքրիկ շրջանը որոշեց հոգալ մեկ հայ երեխայի ծախս։ Օրիորդ Բեյլեգարդը մի քանի տարի երեխաների ասոցիացիա ուներ, որտեղ աշխատանք է տարվում սաամիների և հայերի համար։

Պաստոր Գրիմը սկսեց և ավարտեց եկեղեցու հավաքը, որը բազմամարդ էր։ Գրիմստադում մեծահոգի մարդիկ կան, որոնք մեծ պատրաստակամությամբ ուզում են նվիրատվություն անել։ Հաջորդ առավոտյան դեռ նվերներ էի ստանում՝ մեծ, փոքր նվերներ։ Օ՜, ինչքան հուզեց ինձ նվիրատվություն կատարելու այդքան պատրաստակամություն տեսնել։ Երիտասարդության շրջանում մեծ զարթոնք կա։ 16-17 տարեկան երիտասարդներ ամեն երեկո միասին գալիս էին երիտասարդական սրահի ձեղնահարկ՝ վերածնման համար, և ահա ժամը եկավ։ Աստծո հոգին աշխատում էր միաբանության սրտերում, և շատերն էին զարթնել և վերափոխվել։ Երիտասարդները հաստատակամորեն վկայեցին և՛ հավաքներին, և՛ տանը և շատերին բերեցին իրենց հետ։

Միսիոներական սերը Քրիստիանսանդում վառ է և շատ սիրելի ու հավատարիմ ընկերներ կան այնտեղ, որոնք սիրում են Հայաստանի համար արվող գործը։ Երիտասարդական ասոցիացիան մարդաշատ էր, շատերն էլ ստիպված էին հեռանալ։ Նորից ու նորից հառաչում էի ելույթ ունենալու համար ուժ ու հաստատակամություն ստանալու համար, և Աստված տվեց ինձ։ Այնքան լավ էր զգալ, թե «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության քանի քույր է միացել մեր աղոթքին․ դա հեշտացրել էր հավաքներին խոսելն ու վկայելը։ Ավելի ուշ երեք հոգի պատրաստակամություն հայտնեցին հոգալ մի երեխայի ծախսերը։ Հաջորդ օրը «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպության հետ լավ երեկույթ ունեցանք։ Քրիստիանսանդի «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունում կյանք, ջերմություն ու նվիրատվություն կատարելու մեծ պատրաստակամություն կա․ միշտ օրհնված եմ այստեղ գտնվել։ Մի երեկո պետք է ելույթ ունենայի «L. M. F.»-ի համար, որոնց մոտ էին հրավիրվել ուսուցչական դպրոցի երկու բարձր դասարանները։

Հետ ճանապարհին այցելեցի Կրագերյո, որտեղ լավ հանդիպում ունեցանք եկեղեցում, մի հանդիպում էլ ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ։ Իմ հայրենի քաղաքում շատ գործ կա անելու Հայաստանի համար։ Մոտ 75 երեխաների ասոցիացիա կա, որը ղեկավարում է տիկին Շիլինգը, մեծահասակների ասոցիացիան էլ ղեկավարում է օրիորդ Մ․ Կրոգսրուդը։ Կրագերյոյում հավատարմորեն աջակցեցին աշխատանքիս, երեխաների և մեծահասակների աշխատանքի տարեկան վիճակախաղով շատ գումար է հավաքվում։

Ավելի ուշ մեկնեցի Մոս, որտեղ լավ հավաք ունեցանք եկեղեցում, հետո մեկնեցի Հորտեն, որտեղ մեծ հետաքրքրություն կար Հայաստանի նկատմամբ։ Պաստոր Տանգենն առաջարկեց, որ անմիջապես անունները գրեն Հայաստանի երեխաներին օգնելու համար ցանկում և հիմա 5-6 երեխայի ծախսերը հնարավոր է փակել Հորտենից։ Օրիորդ Մացինգերը և ուրիշները մեծ եռանդով ու սիրով են աշխատում, ձևավորել են Հայկական կոմիտե։

Շատ լավ էր Հորտենի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի շրջանում։ Քույր Մ․ Բլիքսը և օրիորդ Ջ․ Թյոնեսենը որոշեցին Հորտենում «Daggry» ստեղծել և այն կոչել «Արշալույս»՝ առավոտյան կարմիր երկինք։

Միշտ լավ է Բերգեն գալ։ Պաստոր Դրեյերը այս անգամ էլ բարի գտնվեց սկսել և ավարտել մեր հավաքը միսիոներական մեծ տանը։ Շատ մարդ կար՝ մոտ 800 հոգի, շատ հետաքրքրվածություն և նվիրատվություն կատարելու պատրաստակամություն էլ կար։ Մի երեկոյի ընթացքում 1100 դանիական կրոն հավաքագրվեց։ «K. F. U. K.»-ի գեղեցիկ տանը, որտեղ մնում էի, հանդիպում կազմակերպեցինք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ, որը շատ օրհնված էր։ Օրիորդ Ա․ Ստալհայմը որոշեց ասոցիացիա ստեղծել և աշխատել Հայաստանում իրականացվող միսիոներական աշխատանքի համար։ Բացի այդ, օրիորդ Մատիլդե Լարսենն էլ այնտեղ երեխաների ասոցիացիա է վարում։ Հրաշալի էր ժամանակ անցկացնել Բերգենի քույրերի հետ։

Մի քիչ վախենում էի Թրոնհեյմ գնալ, բայց Աստված ինձ հնազանդեցրեց և շնորհեց ամենամեծ բարեգործությունը հենց այնտեղ։ Օրիորդ Տորա Անդերսենը հրաշալի բանաստեղծություն էր ուղարկել ինձ՝ որպես բարի գալուստ․ «Դուք պետք է ընդունեք Սուրբ Հոգու ուժը և պետք է լինեք իմ վկաները», Գործք Առաքելոց 1, 8, և սա ինձ ուժ տվեց։ Թրոնհեյմում հանրային երկու հանդիպում ունեցանք, մեկը Իլեն եկեղեցում էր, մյուսը՝ վարպետների սենյակում։ Պաստոր Բիրգեր Հոլը բարի գտնվեց նախաձեռնել, սկսել և ջերմորեն խոսել Հայկական հարցից։

Թրոնհեյմի մանկական սառցապատերն աննկարագրելի գեղեցիկ էին և օգնում էին պատկերել մարդկանց և նրանց մեծ կարիքը։ Այնտեղ հետաքրքրվածություն կա և «Կանանց առաքելության աշխատողներ»-ից մի քանիսը ցանկանում են աշխատել գործն առաջ տանելու համար։ Անցած գիշեր քույր Պաուլինեի փոքրիկ տանը իսկապես հարմարավետ և օրհնված հանդիպում ունեցանք «Կանանց առաքելության աշխատողներ»-ի հետ․ ես այնքան շատ սիրո արժանացա։ Այո՛, հրաշալի էր զարթնացնել հյուսիսը, և հայ որբերի հանդեպ սեր արթնացավ։

* 

Նիբորգի ափին՝ Դանիայի «Կանանց առաքելության աշխատողներ»-ի 20-ամյակի խնջույքին, որոշվեց, որ սկանդինավյան երեք երկրները պետք է միավորվեն «Ամերիկյան հարթակներ» առաքելության տակ՝ Հայաստանի համար գործեր անելու համար, բայց մեզնից յուրաքանչյուրը պետք է միսիոներներ ուղարկի և վճարի նրանց ծախսերի և աշխատանքի համար։ Մենք հավանաբար Նորվեգիայի մեր սեփական մասնաճյուղը կունենանք այնտեղ, և եթե Աստված կամենա, հուսով ենք՝ փոքր որբանոց ունենալ։ Կցանկանայինք տեղեկացնել մեր ընկերներին, որ դանիացի երկու քույրերը, որ վերջերս են վերադարձել Հայաստանից, հայտնում են, որ ապրելու պայմանները շատ ավելի թանկ են, քան նախկինում։ Մի երեխայի ծախսերը նախկինում հաշվարկվում էր տարեկան 135 կրոն, հիմա՝ 240 կրոն է և ոչ թե 150, ինչպես ակնկալում էինք։

Այն ընկերները, որոնք իրենց չեն տեսնում մի ամբողջ երեխայի ծախս հոգալու մեջ, այդ գումարով կարող են միանալ մեկ ուրիշին և նրա հետ հոգալ մեկ երեխայի ծախսը։

Հաստանի համար իմ կատարած այցերից մոտ 6500 դանիական կրոն հավաքագրվեց։ Բացի այդ, 40 երեխայի համար խնամակալներ գրանցվեցին՝ մեկ երեխայի համար տարեկան 150 դանիական կրոն վճարելով։ Թող Աստված ցույց տա ճիշտ ուղին, որ կարողանանք ստանձնել Նրա պատրաստած գործերը։

* 

Հատվածներ մեր երկու սիրելի հայ քույրերի՝ Խանումի և Էլմասի և վերջինիս ամուսնու նամակներից, որն ուսուցիչ է։ Տարիներ շարունակ նրանք հավատարմորեն կանգնած են մեր կողքին Մուշում և իսկական հավատացյալներ են։ 1914 թվականին ֆոն Դոբլերսի խնդրանքով մեկնել են Հարունիե, ինչը դարձել է նրանց փրկությունը։


Հարունիե 24. — 2. — 20

Իմ սիրելի՛ քույր Բոդիլ,

Չգիտեմ, թե որտեղից սկսեմ և որտեղ ավարտեմ։ Այնքան երախտապարտ եմ, որ հիշում ես մեզ այդքան հավատարմորեն։ Ես էլ քեզ չեմ մոռացել, բայց տխուր ժամանակները մեզ չեն թողնում հանգստանանք։ Մենք ստեղծվել ենք տառապելու համար։ Աշխատում եմ որբանոցում և շատ գործ ունեմ, քանի որ 207 երեխա ունենք և ավելին կունենանք, եթե կենդանի մնանք։ Սիրելի՛ քույր Բոդիլ, կա՞ն էլի մարդիկ, որոնք մեր չափ տառապում են։ Մենք բարեխոսության կարիք ունենք։ Հետո ավելին կպատմեմ։ Այս տարի սարսափելի ցուրտ էր և ձնառատ։ Այս տարին մեզ ավելի շատ դառնություն կբերի։ Երեխա ժամանակվանից մինչև հիմա որբանոցներում եմ։ Կարծում էի, որ հիմա կարող եմ յոլա գնալ առանց ինչ-որ մեկի համար բեռ լինելու, բայց քանի որ հայեր ենք, դա անհնար է։ Թող Աստված երազներում քեզ ցույց տա այն, ինչ չեմ կարող գրել։

Սրտագին սիրով, քո տխուր,

Խանում


- - - - Շատ հաճելի է, որ մտածում ես մեր մասին։ Ի՜նչ լավ է, երբ կարիքի մեջ ես ու իսկական ընկեր ունես։ - - - Չգիտենք, թե ինչ կլինի մեզ հետ, ամեն օր վտանգի մեջ ենք։ Հիմարություն է վստահել մարդկանց, միայն Աստված կարող է փրկել մեզ։ Մարաշն ավերակների է վերածվել, և չգիտենք, թե որտեղ են մեր սիրելիները։ Ինչքա՜ն քիչ արժի կյանքը, երբ երբեք չգիտես, թե արդյոք կենդանի կլինես հաջորդ օրը։ Հետո սկսեցինք լավ լուրերի սպասել Մուշից։ Հուսով ենք՝ մի տարուց այնտեղ գնալ, բայց ամեն ինչ ավելի ու ավելի է վատանում, և չի թվում, որ այդ օրը կգա։ Ճիշտ է, որ աշխարհում ոչ մի տեղ բացարձակ խաղաղություն չկա, բայց ոչ մի տեղ էլ այսքան անորոշ չէ, որքան այստեղ։ Ի՜նչ լավ է, որ դու քո հայրենիքում ես։

Նորից դասավանդում եմ դպրոցում․ դժվար է փոքրերիս համար, բայց ինչ արած։ Փոքրիկ Հուսեին հարցրի, թե արդյոք հիշում է քեզ։ Մի փոքր մտածեց և պատասխանեց՝ ոչ, բայց հետո հիշեց․ քո փոխարեն համբուրեցի նրան։

- - - Մեր կողմից ողջունիր քո փոքր տղային։ Ամենասրտագին բարևները քո նվիրված,

Էլմաս


Ադանա, Ապրիլ, 1920

Հուսով եմ՝ ստացել եք վերջին նամակները։ Քեզ կհետաքրքրի այն փաստը, որ հեռացել ենք Հարունիեից և հիմա Ադանայում ենք։ Մարտի 25-ին փախանք։ Մեծ դժվարությամբ մեզ հաջողվեց հասնել այստեղ։ Կարողացանք փրկել միայն մեր կյանքը, չկարողացանք մեզ հետ բերել մեր երեխաներին կամ հագուստը։ Փախանք այն շորերով, ինչ հագել էինք, ո՛չ սնունդ ունենք, ո՛չ հագուստ, մեծ դառնության մեջ ենք։ Օ՜, եթե միայն այստեղ լինեիր, որ քեզ ամեն ինչ պատմեինք։ Չեմ կարող հիմա գրել քեզ ամեն ինչ, բայց հավանաբար դու կհասկանաս մեզ։ Այստեղ՝ այս տարօրինակ վայրում չկա մի ընկեր, որը հոգ կտանի մեր մասին։ Եթե մենք շտապ օգնություն չստանանք, մեծ թշվառության մեջ կհայտնվենք։ Խանումն էլ է այստեղ։ Սիրելի՛ քույր Բոդիլ, էլ ում պետք է պատմենք մեր դառնության մասին և ում պետք է պատմենք մեր ցավերը։ Այստեղ ոչ ոք մեր մասին չի մտածում։ Անօգուտ արտասվում ենք և մտածում, թե ինչ լավ էինք Հարունիեում։ Խանումը և մենք բոլորս բարևում ենք քեզ։ Սիրով,

Հակոբ Եղիազարյան


Խանումն էլ է գրում մյուս նամակում, որ ինչ էլ պատահի իրենց, նրանք կբռնվեն իրենց Փրկչից և չեն լքի Նրան։ Նորվեգիայի «Կանանց առաքելության աշխատողներ»-ը 500 կրոն են ուղարկել նրանց և հուսով են՝ օգնությունն էլ շուտով կհասնի։ Հարունիեի որբանոցը, որտեղ անցկացրի վերջին տարիս Հայաստանում, թուրքերը հրդեհել են, կողքի գյուղն էլ ոչնչացրել․ թե՛ երեխաները, թե՛ գյուղացիները փախել են Ադանա։ Դեռ խավար է տիրում մեր սիրելի Հայաստանի համար, բայց մեր աչքերը վեր կհառենք դեպի Աստված և միայն նրանից օգնություն կսպասենք։ Մի՛ մոռացեք հայ ժողովրդին այս դժվար պահին, մի՛ մոռացեք որբերին և շատուշատ փախստականների, որ կորցրել են իրենց տները և այն ամենը, ինչ ունեին, շատերը կորցրել են արդեն երկրորդ անգամ։ Նրանք այնքան միայնակ ու լքված են իրենց զգում, ամեն օր տարե՛ք նրանց գթասրտության դուռը, որպեսզի չհուսահատվեն, այլ հանդուրժեն սոսկալի փորձանքը։ Օ՜, ինչքան եմ ուզում տեսնել նրանց, հատկապես հիմա։ Նաև աղոթե՛ք, որ Աստված ուղի բացի ինձ համար, եթե կամենա։

Ամենաջերմ բարևները ձեր երախտապարտ,

Քույր Բոդիլ
</pages>