Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 13, համար 4, 1920)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստան


Փեփրոնյա, Սաղմոսներ 40, 2

Փեփրոնյայի հայրը հայտնի ատամնաբույժ Փանոսն էր, որը բոլորի կողմից հարգված մարդ էր։ Վաղ մանկությունից Փեփրոնյան և քույր-եղբայրները լսել էին Փրկչի սիրո մասին և շատ երջանիկ էին իրենց սիրելի տանը։ Քնքուշ սիրով էր երեխան սիրում իր հորը։ Երբ հալածանքների փոթորիկը պայթեց հայ ժողովրդի դեմ ավելի վատ ձևով, քան երբևէ, հայրը ստիպված էր հեռանալ տնից։ Հրամանը հասել էր նաև Մարաշ․ բոլորը գիտեին, թե ինչ էր դա նշանակում։ Քանի որ նրանց հանձնում էին ժանդարմներին և վայրենաբար հեռու քշում, շատերը կենդանի չէին մնում։ Դրա համար էլ գրեթե ամեն մի հայկական


տանը մեծ անհանգստություն և խուճապ կար․ լսվում էր ողբի և լացի ձայն։ Փեփրոնյայի ծնողների տանն այդ ժամանակ ամեն ինչ իր հանգիստ հունով էր ընթանում՝ չկար ոչ մի բողոք կամ լաց, ամեն ինչ վստահորեն հանձնվել էր Աստծո ձեռքերը։ Վերջին երեկոյի ընթացքում՝ նախքան բաժանվելը, Փանոսին մի քանի միսիոներ այցելեց։ Երեխաները քնած էին, տանը հանգստություն էր տիրում և զգացվում էր, որ Աստված ներկա է այս տանը։ Մյուս առավոտյան հարթավայրում հուզիչ տեսարան էր․ հայերը մեծ ամբոխներով հեռանում էին՝ հարուստները կենդանիների և էշերի վրա, աղքատները՝ ոտքով՝ հաճախ մեջքի վրա կամ ձեռքից բռնած տանում էին իրենց երեխային և այն մի երկու բանը, որ ունեին։ Բազում ծերեր էլ փութաջանորեն իրենք իրենց էին քարշ տալիս։ Ժանդարմների բարձր ձայնն անողոք ու սպառնալից էր։ Տեսնում ես մի երիտասարդ կին փոքր երեխայի հետ, դեմքին հուսահատություն է դրոշմված, մյուսն էլ բողոքում է բարձրաձայն, և ահա ժանդարմը քաշում է նրա ձեռքից և առաջ հրում․ կինն ընկնում է։ Այս ամբոխների մեջ է նաև Փանոսը։ Նա քայլում է հանգիստ և վստահ, քանի որ գիտի՝ Աստված իր հետ է։ Փեփրոնյան մնացել էր ծեր տատիկի հետ, իսկ նրա ավագ քույրը՝ Արաքսին և եղբայրը եկել էին որբանոց, մյուս երեխաները հետևեցին իրենց աքսորված ծնողներին։ Հորից ու մորից բաժանվելը Փեփրոնյայի առաջին մեծ վիշտն էր․ քիչ էր մնում սիրտը պայթի։ Դրա համար նրան էլ ընդունեցին որբանոց, որտեղ նաև քույրն էր, ինչը նրա համար սփոփանք էր, բայց հաճախ էր նա կանգնած հեռուն նայում․ հեռավոր լեռներից նրանք պետք է վերադառնային։ Փեփրոնյան աղոթել էր սովորել, և երեխայի աղոթքները հասան Ամենակարողի թագավորություն։ «Փեփրոնյա՛, հայրդ է գրել, բարևում է քեզ։ Աստված պաշտպանել է քո ծնողներին»։ Ուրախության մի ճառագայթ է իջնում այդ փոքր քաղցր դեմքին։ Փեփրոնյան մանկապարտեզի ամենաբարի և լավագույն երեխաներից է։ Քույրը հաճախ է նրան գեղեցիկ հեքիաթներ պատմում, մյուսներն էլ նրան շատ են սիրում և կցանկանային սփոփել նրա վիրավոր սիրտը։ Փեփրոնյան դառնում է դյուրահավատ, երգում է, խոսում, բայց երեխան շատ է ուզում տեսնել հորը։

Կիրակի է, սովորականից վաղ ինչ-որ շարժ կա որբանոցի մեծ ննջարանում․ մի քանի երեխա հանգիստ մոտեցել էին պատուհանին կամ դուրս էին եկել աստիճանների վրա․ մեղմ շշնջոց էր լսվում․ «Այսօր արևոտ է․ կարծում ես մաման թույլ կտա՞ քաղաք գնալ»։ Գիշերային ժամապահը նրանց հորդորում է աղմուկ չանել։ Ավա՜ղ, զանգը չափազանց ուշ է հնչում այսօր։ Երեխաներն ուզում են քաղաք գնալ՝ այցելելու իրենց հեռու բարեկամներին և ծանոթներին, որ դեռևս կան։ Փոփոխության լավ քայլ է, բացի այդ էլ հուսով են՝ ինչ-որ բան իմանալ աքսորյալներից։ Փեփրոնյային և Արաքսիին էլ են թույլ տվել այցելել ծեր տատին, որն ընկույզ ու չամիչ է նրանց տալիս, բայց ամենալավ բանը հոր ու մոր մասին զրուցելն է։ Այսպես շարունակվեց ամիսներ, այո՛, մի ամբողջ տարի։ Ծեր տատը մահացավ․ ծնողները դեռ չվերադարձան։ - - - - Հետո հանկարծ, գրեթե անհավատալիորեն, լսվեց․ «Հայ ժողովուրդը ազատագրվել է, փրկվել մարդասպանների ձեռքից։ Միգուցե նրանք չափազանց բա՞րձր էին արտահայտում իրենց ուրախությունը։ Աքսորյալներին թույլ էին տվել վերադառնալ իրենց տները։ Հազար-հազարավորներ էլ մահացել էին աքսորի մեջ․ այստեղ մեկն է վերադառնում, այնտեղ բազմանդամ ընտանիքից երկուսն է վերադառնում, շատ ընտանիքներ լիովին բնաջնջվել են։ Երեխաները փաթաթվում են տան մայրիկին և հարցնում․ «Մեր ծնողնե՞րն էլ են հիմա գալիս։ Ե՞րբ են նրանք գալիս։» Եվ սիրելի երեխաների աչքերն աղոթքով վեր են նայում։ Այնքան դժվար է պատասխանել այս հարցերին, քանի որ գրեթե բոլոր ծնողներն էլ մահացել են ամենավատ հանգամանքներում․ «Եվ եթե նրանք չվերադառնան, փոքրի՛կս, դու կդառնաս մեր փոքրիկ աղջիկը, և մենք քեզ այնքա՜ն շատ կսիրենք»։ Փոքրիկն ավելի ուժեղ է փաթաթվում և թույլ է տալիս, որ գուրգուրեն իրեն։ Բայց Փեփրոնյան գիտի, որ ծնողները կենդանի են և կվերադառնան, բայց ե՞րբ։ Շատ-շատերն են գալիս Մարաշով, իսկ Փանոսը՝ ոչ։ Վերջապես լսվում է․ «Փանոսն այստե՜ղ է»։ Ինչքան արագ որ հնարավոր է երկու քույրերը դուրս են վազում երջանիկ ակնկալիքով․ բայց չէ, սխալմունք է, Փանոսը չէ։ Հիասթափված և լուռ վերադառնում են ու նորից սպասում։ Ժամերը նրանց անսահման երկար են թվում։ Բայց հետո Աստված կատարում է փոքրիկ Փեփրոնյայի երազանքը։ Ծնողները վերադառնում են, և Փեփրոնյան ընկնում է հոր գիրկը։ Աստված լսում է աղոթքները․ սարսափելի վշտից ու վտանգից փրկում է սիրելի մարդկանց։ Երբեմն փոքրիկ Փեփրոնյան այցելում է որբանոց․ նա անտարբեր չէ այնտեղի երեխաների նկատմամբ, քանի որ ինքն էլ այնքան երկար փոքրիկ «որբ» է եղել։ Փեփրոնյան հիմա երբեք չի մոռանում շնորհակալություն հայտնել Աստծուն հոր և մոր համար․ ամեն ինչ կարող էր այլ կերպ լինել, եթե Աստված նրանց իրեն չվերադարձներ։

Ադել Հերոլդ

Իմ սիրելի՛, սիրելի՛ ընկերներ,

Այս փոքրիկ պատմությունը թարգմանեցի «Արևածագ»-ից․ այն այնքան հստակ է պատկերում այնտեղի կյանքը։ Պատմությունը պատմել է ֆինն քույր Ադել Հերոլդը, որին լավ եմ ճանաչում և այցելել եմ որբանոցում։ Փեփրոնյայի քրոջ՝ Արաքսիի հոգսը որբանոցում հոգում էին նորվեգացի ընկերները, քանի դեռ նա այնտեղ էր, դրա համար էլ ծնողները շատ երախտապարտ էին։ Նա սիրում է Հիսուսին և հանձնվել է Նրան։ Քանի՜սն էին այս փոքրիկներից հիասթափվել իրենց ակնկալիքներում․ ո՛չ հայրերը վերադարձան իրենց մոտ, ո՛չ մայրերը։ Ինչքա՜ն փոքրիկների վիրավոր և կարոտած սրտեր Հայաստանում չեն։ Այնքան շատերն են թափառում փողոցներում՝ առանց իրենց սիրելի տան, որը կպաշտպաներ նրանց մեղքից և չարիքից։ Նրանցից շատերին տանում են մահմեդականների տներ և մեծացնում որպես քրիստոնեության թշնամիներ։ Նրանց ծնողների ամենամեծ երազանքն էր իրենց երեխաներին որբանոցներ հանձնել, որ նրանք կարողանան լսել Փրկչի մասին, հանուն որի տառապել ու մահացել էին։ Աստված մեծ գործեր է արել այստեղ՝ Նորվեգիայում։ Շատերի գթասրտությունն է շարժել, որ օգնեն Հայաստանի երեխաներին։ Բայց էլ չկա՞ մեկը, որ կօգնի մի երեխայի հանուն Հիսուսի։

Եթե Աստված բացի ճանապարհը, հուսով եմ՝ արդեն այս աշուն կգնամ Մեզերե։ Դանիայի «Կանանց առաքելության աշխատողներ» կազմակերպությունն ինձ խնդրել է հոգ տանել դանիական (սկանդինավյան) որբանոցի երեխաների մասին, որտեղ Նորվեգիայից 10 երեխա են հյուրընկալվել մինչև օրիորդ Կարեն Մարիա Պետերսենի վերադարձը։ Կցանկանայի փորձել որբերի համար ինչ-որ հարազատ մեկը դառնալ, եթե Աստված կամենա, որ գնամ, բայց հավանաբար հասկանում եք, սիրելի՛ ընկերներ, որ հեշտ չէ վերադառնալ և ամեն օր ականատես լինել այդքան դառնության։ Ինչքան շատ, շատ ավերված տներ կան այնտեղ և ինչքան ավերված մարդկային կյանքեր՝ հատկապես կանանց կյանքեր, բայց ինչպես են այս ողորմելի մարդկային հոգիները կառչում Հիսուսի սիրո քարոզից, իսկ վիրավոր, լքված փոքրիկներն այլևս չեն կառչում Հիսուսից։

Աղոթե՛ք, որ հնարավորություն ունենամ նրանցից որոշներին ուղեկցել Փրկչի մոտ։ Երբ երեք տարի առաջ տուն վերադարձա, մտածում էի, որ բառացիորեն անհնար կլինի նորից այնտեղ գնալ և տեսնել այդ ամբողջ անհասկանալի մեծ դառնությունն ու թշվառությունը, բայց անցած տարի Աստված ինձ հաստատակամություն տվեց՝ չնայած ինձ սպասվող հանձնարարությունները կատարել չկարողանալու զգացմանը, բայց Աստվածն է, որ Իր աշխատանքն անելու է իմ միջոցով։ Սաղմոսներ 138,8։ Ա Թեսաղոնիկեցիս 5, 24։

Աղոթե՛ք, որ կարողանամ հեզորեն ծառայել այդ բոլոր փոքրիկներին, որոնք ընկան ավազակների ձեռքը և կարողանան նորից վեր բարձրանալ, և Հիսուսը բուժի նրանց վերքերը։

Գաղափարն այն էր, որ որքան հնարավոր է շուտ սկսենք երեխաներ մեծացնել Նորվերգիայից և հարմար տուն գտնենք, եթե Աստված ցանկանում է, որ մեր որբանոցն ունենանք Մեզերեում։ Թող Նա ուղղորդի ինձ իր աչքերով։ Շնորհակալություն, լա՛վ մնացեք։ Մի՛ մոռացեք ինձ շնորհքի աթոռի առաջ։ Ձեր՝ Հիսուսի սիրով,

քույր Բոդիլ
</pages>