Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 14, համար 1, 1921)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Իրաւի որ նա է իմ վէմը եւ իմ փրկութիւնը, իմ ապաւէնը որ խիստ չ՛շարժուիմ։ Սաղմոս 62, 2
Քրիստիանիա 26. — 11. — 20

Աստծով լցված իմ սիրելի՜ քույրեր,

Մի տարի էլ շուտով կանցնի՝ Հայաստանի մեր տանջվող և մահացող եղբայրների և քույրերի համար տառապանքներով և դառնությամբ տարի։ Աշխարհում կա՞ որևէ մեկը, որ մեր կարեկցանքի և սիրո կարիքն ավելի շատ ունի, քան «մահվան ստվերի հարթավայրում» գտնվող այս մարդիկ։ Պատկերացրեք՝ մեր եղբայրներն ու քույրերն են, որոնք տառապում են ու հալածվում, քաղցած են և մրսում են։ Ինչ հեշտ ենք սովորում տառապանքին և դառնությանը և ինչ քիչ բան ենք զգում և տառապում օրեցօր մեռնողների հետ, որոնցից ոմանք հանկարծակի են մեռնում, որոշներն էլ՝ դանդաղ։

Մեր եղբայրների արյան ձայնը դեռ լալիս է երկրից երկինք․․․ Անշուշտ, Աստված կպատժի թուրքերին հայերի նկատմամբ գործած բոլոր դաժանությունների համար, բայց Նա նաև կդատի քրիստոնյա ազգերին, որոնք թույլ տվեցին, որ այդ փոքր անպաշտպան ժողովուրդն անօգնական արնաքամ լինի։

Ինչևէ, արդյոք քրիստոնյա ազգերը կօգնեն, թե չեն կարողանա օգնել, բայց Աստված կօգնի։ Հենց Նրանից է գալիս փրկությունը և միայն այս ուժեղ, հավատարիմ Աստծո հույսով է, որ մեր հոգին կարող է խաղաղ մնալ, երբ մտածում ենք անսահման կարիքի մեջ գտնվող հայ ժողովրդի մասին։ Աստծո ձեռքն այդքան կարճ չէ, որ չփրկի, ականջն էլ այդքան խուլ չէ, որ չլսի։ Նա լսում է մեր լացը, տեսնում մեր արցունքները և եթե վարանում է օգնել, խնդիրը նրա տեսադաշտում է, և պետք է վստահենք նրան (Հոբ 35, 14)։

Սրտագին շնորհակալություն անցած տարում մեր սիրելի հայ ժողովրդի համար հավատարիմ աղոթքի և աշխատանքի համար։ Կշարունակենք հավատարիմ մնալ Նրան և շնորհակալություն կհայտնենք Նրան, որ թույլ տվեց միանալ փոքրիկ որբերի և բոլոր կարիքավորների համար տարվող աշխատանքներին։ Աստված դեռ առատորեն օրհնելու է այն քիչ բանը, որ մեզ թույլ էր տրվել անել, դեռ ինչքան մարդու է դրդելու նվիրաբերել և դառնալ Իր ժողովրդի ականատեսները․ Նա ուժ և հնարավորություն կտա նրանց տառապել հանուն Իրեն։


Կարծում էի, որ Նոր տարուն ողջույններ կուղարկեմ այնտեղից, բայց փոխարենը դեռ նստած եմ տանը։ Կասկածում էի և պայքարում, որ իմանամ Աստծո կամքը, քանի որ ինձ թվում էր՝ Նա կանգնեցրել է ինձ։ Նախ փոքրիկ Ֆրիտյոֆն էր, ում անհնար էր բերել այս վտանգավոր ժամանակաշրջանում և մտածում էի, որ սխալ է նրան թողնելը, բայց համարձակվեցի թողնել, երբ Գերմանիայում գտնվող տիկին ֆոն Դոբլերը՝ իմ սիրելի ընկերն ու Մուշի աշխատանքային ընկերս, խոստացավ մեծացնել նրան իր երեք երեխաների հետ մինչև կկարողանայի նրան ինձ հետ Հայաստան տանել։ Այնուհետև հետևեցին նոր անհանգստությունների և կոտորածների մասին լուրերը, բացի այդ էլ աջ ձեռքս իսկապես սկսեց վատանալ, մնում էր միայն աղոթել Աստծուն, որ բուժի այն, եթե պետք է ճանապարհ գնայի, բայց ձեռքիս վիճակն ավելի վատացավ։ Աստված ինձ ստիպեց լռել սպասման մեջ․ այնքան հաճելի է հանգստանալ՝ իմանալով, որ իմ ժամանակն Աստծո ձեռքում է։

Նորվեգիայի Հայկական կոմիտեն էլ է գտնում, որ պետք է սպասեմ մինչև պայմանները լավանան և աջ ձեռքս նորից օգտակար լինի։ Խուճապի պատճառով անորոշ էր նաև, թե արդյոք կարող ենք երկիր մտնել։ Այդքան էլ հեշտ չէ կարողանալ այդքան քիչ բան անել, բայց Աստված սիրելի նպատակ ունի և ես կհամբերեմ։ Եվ միգուցե նա ուզում է ևս մեկ քույր բերել, որն ինձ հետ կգա և մենք երկուսով կլինենք։ Եկե՛ք աղոթենք դրա համար։ Մենք կարող ենք աշխատել որբանոցում և շատ կանանց շրջանում։ Թող Աստված ուղղորդի մեզ և ցույց տա, թե որտեղ է ցանկանում, որ աշխատենք։ Ըստ իս՝ թվում է՝ պետք է սկսենք աշխատել այնտեղ, որտեղ ոչ մի աշխատանք չի կատարվել։ Այս հարցն էլ նշեք Աստծուն ուղղված աղոթքում, սիրելի՛ ընկերներ։

Շատ գոհ եմ, որ տիկին Գրյունհագենը եկել է ինձ մոտ և հնարավոր է, որ Աստված ինձ հետ էր պահում, որ նա գա ինձ մոտ։ Նա այնքան հարմար մարդ է, որ դառնա «Էմաուս»-ի երեխաների մայրը, որտեղ այդքան տարիներ նա եղել է նրանց օրհնությունը։ Հիմա նա արդեն 7 տարի էր, ինչ տանն էր, բայց շատ էր ցանկանում վերադառնալ Հայաստան․ չէր տեսել սարսափելի կոտորածները։ Եթե միայն հիմա հասնի Մեզերե։ Քույր Ալմա Յոհանսոնի հետ նա ժամանել է Կոստանդնուպոլիս, բայց դեռ ստիպված է սպասել՝ հավանաբար անհանգստությունների պատճառով։ Մի ամերիկացի գնդապետ, որն աշխատում էր «Մերձավոր Արևելքում ամերիկյան օգնության կոմիտե»-ում և ենթադրաբար պետք է երկիր մտներ, ձերբակալվել է Սամսունում՝ Սև ծովի մոտ և չի կարողանում ո՛չ հետ վերադառնալ, ո՛չ էլ շարունակել ճանապարհը։ Մեզերեի մոտ գտնվող Դերսիմի քրդերն ապստամբել էին թուրքերի դեմ և միավորվել բոլշևիկների հետ։ Ամեն ինչ այնքան բարդ է երևում այնտեղ, բայց Աստծո համար անհնարին բան չկա և նա ճանապարհ կբացի երկու քույրերի համար, եթե կամենա։

Լոնդոնի հայկական բյուրոյից նամակ ստացա, որտեղ ասվում էր, որ Փոքր Ասիայում ավելի քան 100 000 հայ որբ և կրկնակի թվով այրի կա։ Այս թվերը մեզ վկայում են մեծ աղետի մասին։ Օգոստոսի 27-ին Լոնդոնի հայկական բյուրոն գրում է Հայաստանում իրավիճակի մասին․ արևելքի վերաբերյալ վերջնական որոշման կայացման հետաձգումը եվրոպական որոշ երկրների համար առևտրի, ռազմական ծախսերի և ընդհանուր տնտեսական պայմանների առումով բնականաբար հանգեցնում է ցավալի հետևանքների, բայց շատ ազգեր սննդի կամ այլ կենսական կարիքների պակասից չեն տառապում, բայց պարբերաբար պատերազմի վտանգի մեջ են գտնվում իրենց արևելյան, հարավարևելյան և արևմտյան սահմաններին։ Հենց նոր Ալեքսանդրապոլից ստացված տեղեկությունները վկայում են այդ կարիքը։ Սովորական բան է դաշտերում թափառող սոված կանանց և երեխաներին տեսնելը, որոնք արմատներ և կանաչեղեն են փնտրում, որ ուտեն, քանի որ օրապահիկը քիչ է։

Քաղաքական իրավիճակի անորոշության պատճառով Հայաստանի Հանրապետությունը պետք է տարբեր դասերի զինվորագրի, որ ուժեղացնի Զանգեզուրի և Օլթիի սահմանները թուրքերի հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար։ Երկրի լավագույն տղամարդիկ դրա համար բանակում են և երկրի երիտասարդությանը զինվորական պարտքը կատարելուց ազատելու ոչ մի հեռանկար չկա, որպեսզի վերջիններս կարողանան վերականգնողական աշխատանքներ կատարեն։

Մինչ Բրիտանական կայսրությունը պայքարում է Բոլշևիկյան Ռուսաստանի դեմ, ուժասպառ եղած Հայաստանը պայքարում է իր գոյության համար։ Խաղաղության համաձայնագրի կնքումն ու Հայաստանի անկախության ճանաչումը կարծես նկատելիորեն չբարելավեցին հայ ժողովրդի վիճակը։

Վանի, Բիթլիսի և Էրզրումի նահանգները դեռ թուրքերի տիրապետության տակ են․ դրանք խաղաղության ժամանակ պատկանում էին Հայաստանին։ Մեկ այլ ձմեռ է մոտենում, մինչև հաջորդ գարուն այս նահանգները հայկական զորքերին հանձնելն անհնար է թվում։ Բայց դա էլ նշանակում է, որ այս նահանգների 300 000 փախստական ստիպված են մի ձմեռ էլ այնտեղ անցկացնել։

Ելք չունենալով դեպի ծով՝ Հայաստանի Հանրապետությունը դեռ որոշակի շրջափակման մեջ է և փոստային ու հեռագրային ծառայություններն էլ դեռ կանոնավոր չեն աշխատում, ինչպես կարելի էր ակնկալել։

«Արևելյան նորություններ»-ը, որը հրատարակվում էր բրիտանական զորքերի համար Կոստանդնուպոլսում, պատմում է թուրքերի ձեռքից հայ որբերի ազատագրման որոշ դեպքերի մասին։ Պատերազմի ընթացքում բազում դժբախտ աղջիկներ և տղաներ են հավաքվել այսպես կոչված որբանոցներում, որտեղ Թալեաթի և Էնվեր փաշայի թուրքական կառավարությունը պահում էր նրանց իսլամացնելու համար։

Բրիտանացի և հայ գործակալները զինադադարից հետո աշխատում էին հայ երեխաներին փրկելու ուղղությամբ։ Մի բրիտանացի սպա գրում է․ «Պատճառ ունենք կարծելու, որ Կոստանդնուպոլսի մոտ գտնվող «Kiaghathone»-ի թուրքական որբանոցի աղջիկներից 12-ը հայեր են։ Երբ տղամարդիկ փորձեցին աղջիկներին տանել ու մոտեցան նրանց, վերջիններս սկսեցին աղիողորմ լալ և բողոքել, որ մահմեդականներ չեն։ 9 տարեկան մի աղջնակ ասաց, որ իր անունը Ջելիլե է։ Այնուհետև հարցրի, թե ուր են հայրը, մայրն ու եղբայրները։ «Նրանց սպանել են, միայն ես եմ ողջ մնացել»,- ասաց նա։ «Ո՞վ է սպանել նրանց»։ «Հայերը»։ «Ո՞վ է ասել, որ քո ծնողներին սպանել են հայերը»։ «Որբանոցում են ասել»։ Հարցրի նրա անվան մասին, մի փոքր վարանեց, հետո ասաց․ «Ուզո՞ւմ եք իմանալ ամբողջ ճշմարտությունը»։ «Այո՛»։ «Խոստանո՞ւմ եք, որ կորդեգրեք ինձ»։ «Այո՛, կարող ես վստահ լինել»։ Այնուհետև նա պատմեց, որ իրենց գյուղը գտնվում էր մի փոքր լեռան վրա, թե ինչ լավ էին նրանք իրենց զգում այնտեղ և ինչ երջանիկ էին։ Հայրը գյուղի (Զեյթունում) ամենահարուստ մարդն էր։

«Մի օր»,- ասաց նա,- «թուրք ժանդարմները հավաքեցին բոլոր տղամարդկանց և հետո նրանցից էլ ոչինչ չիմացանք։ Այնքան շատ էի սիրում հայրիկիս, այնքան լավն էր։ Հետո մայրիկիս ու մյուս կանանց հավաքեցին ու գյուղից դուրս տարան։ Նրանցից շատերը՝ ներառյալ նաև մայրս, մահացան ճանապարհին։ Թեև փոքր եմ, այնպիսի բաներ եմ տեսել, որ Դուք երբեք չեք տեսել։ Հասանք Հալեպ, և թուրքերը անունս Սիրանուշից դարձրին Ջելիլե։ Հետո ինձ հիվանդանոց տարան, որտեղ ամեն գիշեր և առավոտ մեզ ստիպում էին թուրքական աղոթքներ ասել։ Հետո փոքրիկ աղջիկը շշնջաց, որ այդ բոլոր 12 աղջիկները հայ էին։ Երբ ավարտեց իր պատմությունը, նետվեց գիրկս և ասաց․ «Ես ուղղակի մի փոքր անօգնական աղջիկ եմ, չլքե՛ք ինձ։- - »

Օ՜, հիշե՜ք բոլոր հայ երեխաներին, որ թուրքերի տներում ու որբանոցներում են և որոնց ամեն օր ստիպում են իսլամ ընդունել։

Հայաստանի փոքր Հանրապետությունը տեղակայված է Կովկասում և բաղկացած է միայն երկու նահանգից՝ Երևանի և Կարսի։ Խաղաղության համաձայնագիրը ենթադրում էր, որ Հայաստանն ավելի կմեծանա և ելք կունենա դեպի Միջերկրական և Սև ծով, բայց չի երևում, որ նրանք ավելին կստանան, քան Թուրքական Հայաստանում գտնվող Էրզրումի, Բիթլիսի և Վանի նահանգները, որոնք դեռ թուրքերի ձեռքում են։ Այդուհանդերձ, դեռ հույս կա, որ Հայաստանը կստանա նաև Տրապիզոնի մի մասը, որով ելք կունենա դեպի Սև ծով և հավանաբար դեպի Անամուր (բնօրինակ՝ Mamure-el-Asis):

Ջերմ բարևներ շատ շնորհակալություններով անցած տարվա ամեն ինչի համար։ Եսայիա 58, 10-11։

Ձեր,

քույր Բոդիլ

</pages>