Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 7, համար 1, 1914)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստան

Մի փոքր դպրոցի գործի մասին


Մուշ 5-9-1913

Աստծո սիրելի՛ ընկերներ, երբ հիշում եմ անցած դպրոցական տարին, ի սրտե շնորհակալ եմ Աստծո հավատարիմ օգնությանը։

Ինչքա՜ն երջանիկ ենք, որ չնայած թշնամին դիմադրում էր մեր դպրոց ունենալուն, հաջողեցինք և հավաքատունն էլ ավարտեցինք։ Հիմա փոքր աղջիկների դպրոցի համար 4 լուսավոր դասասենյակ ունենք։ Անցած տարի մոտ 95 աշակերտ ունեինք, բայց այս տարի հավանաբար ավելի շատ կլինեն։

Ինչպես նախկինում գրել էի, Աստված իսկապես օրհնել է այս փոքր դպրոցը․ աշակերտներից շատերը փոքրիկ լույսեր են խավար տներում։ Այսօր ինձ մի աշակերտ այցելեց՝ Սիրեմշը (բնօրինակ՝ Siraimsch) ապրում է Գենշ կոչվող փոքրիկ քաղաքում, որը Մուշից գտնվում է 1.5 օրվա հեռավորության վրա։ Նա ամեն անգամ այցելում է ինձ, երբ գալիս է Մուշ։ Անցած տարի ամուսնացավ 17 տարեկանում։ Երջանիկ է, նրա մոտ ամեն ինչ լավ է։ Այսօր երկար նստեցի և զրուցեցի իր հետ։ Նա ասաց․ «Այնքան շատ եմ սիրում կարդալ Աստվածաշունչ։ Ամեն օր եմ կարդում՝ առավոտյան և երեկոյան․ այո, հաճախ նաև օրվա մեջ․ ամուսինս էլ է կարդում։ Հենց գնացի իմ նոր տուն, սկսեցի կարդալ։ Իմ Աստվածաշունչը, որը ստացել էի, երբ դպրոց էի գնում, արդեն պատռվել է, որովհետև միայն ես չեմ կարդում, այլ տան ամեն մի անդամ, որ կարդալ գիտի»։ Նա շատ ուրախացավ, երբ նրան մի նոր Աստվածաշունչ տվեցի։ Ամուսինը շատ բարի է նրա նկատմամբ և շատ շնորհակալ, որ այնպիսի կին ունի, որը կարողանում է գրել և կարդալ։ Սիրեմշն ազատ է տանը, կարող է այնքան կարդալ, ինչքան որ ցանկանա և շատ գոհ է։

Նրան հարցրեցի, թե արդյոք երբեմն կարդում է Գենշի կանանց համար։ «Օ՜, այո՜»,- նա պատասխանեց,- «երիտասարդ աղջիկներն ու երիտասարդ կանայք սիրում են լսել»։ Գենշի մոտակայքում գտնվող մի փոքրիկ գյուղում ապրում է ևս մի ամուսնացած աշակերտ, և այս երկուսը ժամանակ առ ժամանակ հանդիպում են և կարդում միասին։

Մուշում արդեն մի քանի ամուսնացած աշակերտ ունենք, բայց դժբախտաբար բոլորը նույնքան երջանիկ և ազատ չեն, ինչպես Սիրեմշը։

Այս ձմեռ այցելեցի իմ սիրելի աշակերտներից մեկին, ում մայրը գաղտնի ամուսնացրել էր 3 տարի առաջ։ Նրա ամուսինը շատ անհարգալից է նրա նկատմամբ, բանտարկյալի նման փակում է, թույլ չի տալիս եկեղեցի, բաղնիք կամ մի ուրիշ տեղ գնալ, արգելել է նաև Աստվածաշունչ կարդալ։ Նրան խրախուսեցի ամեն դեպքում կարդալ, թեև դրա համար կարող է պատժվեր։ Նրա անունը Թելլի է, հեզ և հանգիստ աղջիկ է, մեր ամենասիրելի աշակերտներից մեկն է եղել․ շատ տխուր եմ նրա համար։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք այս երիտասարդ կնոջ համար, նրա կյանքն այնքան տխուր է։

Դպրոց ղեկավարելու ամենաբարդ բանն այն է, որ շատ մայրեր իրենց դուստրերին ամուսնացնում են վաղ հասակում՝ հաճախ 11-12 տարեկանում։ Ես պայքարում եմ դրա դեմ որքան կարողանում եմ, բայց դեռևս օգուտ չկա։ Նրանք հաճախ չեն էլ հարցնում, թե ինչ տղամարդ է, արդյոք ապրելու համար բավարար միջոցներ ունի և նման հարցեր։

Աշակերտները սիրում են դպրոց հաճախել և հաճախ այնտեղից չեն էլ գնում, բայց ի՞նչ կարող են այս երկրում անել աղջկա արցունքները։ Հուսով եմ՝ դպրոցները կօգնեն աստիճանաբար փոխել սա։

Այս տարի քննությունը շատ լավ էր։ Աշակերտները և ուսուցիչները լավ էին աշխատել․ անմիջապես զգացվում էր։ Նրանք արագ և ճիշտ էին պատասխանում ուսուցիչների հարցերին։ Բաներ կային, որ մեխանիկորեն էին սովորել, շատ բաներ էլ պատմում էին անգիր արած, բանաստեղծություններ և պատմվածքներ էին կարդում՝ առանց դրանց իմաստն իսկապես հասկանալու, բայց, ընդհանուր առմամբ, նրանք լավն էին և ուրախություն էր տեսնել, թե ինչ եռանդով էին նրանք աշխատել։ Ընդհանուր առմամբ, նրանք շատ լավն էին։ Մարիտյան էլ նրանց այնքան լավ երգել էր սովորեցրել։

Մեծերը 30 գեղեցիկ իր էին ասեղնագործել, որը հետո պետք է վաճառենք։

Այս ընթացքում ինձ համար շատ կարևոր է տղաների համար դպրոց հիմնել։ Մինչև հիմա մեր որբանոցի արական դպրոցում Մուշից միայն մի քանի աշակերտ ունեինք։ Բավականաչափ սենյակ ու ուսուցիչ չունեինք դրա համար։

Մուշում այս տարի ամենայն հավանականությամբ տղաների համար ավագ դպրոց չի լինի, մեր տարածքն էլ հիմա մռայլ է, մինչև որ ուրիշները տղաների համար ավագ դպրոց կբացեն, կներգրավեն երիտասարդներին հանուն Քրիստոսի։ Սիրելի՛ ընկերներ, աղոթե՛ք և աշխատե՛ք այս կարևոր գործի համար։

Մուշի արական դպրոցում մոտ 50-55 աշակերտ ունենք, իգական դպրոցում՝ մոտ 50-55, ցերեկային դպրոցում՝ 95 աշակերտ և ընդհանուր՝ մոտ 200 աշակերտ։

Գյուղի դպրոցում 150 աշակերտ է սովորում։ Գյուղերում հաճախ դժվար է աշխատելը, քանի որ գյուղացիները դեռ չեն հասկանում, թե ինչ կարևոր է երեխաների համար կանոնավոր և ժամանակին հաճախել դպրոց։ Այդուհանդերձ, բոլոր գյուղերում նույն պատկերը չէ։ Խորունքում (բնօրինակ՝ Chorurg, հնարավոր վրիպակ, հաջորդիվ հանդիպում է Խորունք անվանումը՝ Chorung), օրինակ, աշակերտները դպրոց են գալիս հենց այն բացվում է, բայց Հավատորիկում, որտեղ երեխաները ոչխարների հոտի հետ լեռներում են մինչև հոկտեմբերի կեսը, չենք կարող ակնկալել, որ երեխաները մինչև այդ ժամանակ կանոնավոր հաճախեն դպրոց։ Բնակիչներն աղքատ են և չեն կարող ապրել առանց իրենց երեխաների օգնության, և քանի որ սովորաբար ամբողջ ընտանիքն ապրում է լեռներում՝ հոտը պահելու համար, ապա փոքրերը ևս չեն կարողանում ավելի շուտ դպրոց հաճախել։

Անցած տարին գյուղերի դպրոցների առումով լավ չէր։

Ինչպես գիտեք, 1912 թվականի դեկտեմբերի 26-ին մեր սիրելի և տաղանդաշատ ուսուցիչ Արսենը, որը գործի էր անցել Մուշի արական դպրոցում, անսպասելիորեն մահացավ թոքաբորբից։ Նրա փոխարեն ստիպված եղա Մուշ կանչել պարոն Մարգարին Դերկեվանք գյուղից։ Այս գյուղը մոտ 8 շաբաթ առանց ուսուցիչ և քարոզիչ մնաց։ Փոխարենը գյուղացիները տեսան, թե ինչից զրկվեցին ու պարբերաբար գալիս էին և ինձնից նոր ուսուցիչ խնդրում։

Հունվարին պարոն Սմբատը հիվանդացավ Խորունք գյուղում և նրան հետ բերեցին իր Դերկեվանք գյուղ, քանի որ Խորունքի իր տունը շատ աղքատիկ և սառն էր։ Նրա մոտ նույնպես թոքաբորբ էր, բայց, փա՜ռք Աստծու, 8 շաբաթ անց լավացավ։

Այսպիսով, Խորունքը ևս մի քանի շաբաթ առանց ուսուցիչ մնաց։ Ավելի ուշ, Սասունից մի ուսուցիչ կանչեցի, որ փոխարինի Սմբատին Խորունքում, իսկ պարոն Սմբատն էլ մնաց Դերկեվանքում։

Հավատորիկում քահանան և ուսուցիչը վիճաբանեցին։ Այնտեղ և՛ քահանա, և՛ ուսուցիչ ունենք, քանի որ մեծ գյուղ է։ Ստիպված էի հեռացնել ուսուցչին, քանի որ նա մեղավոր էր և չէր ցանկանում ընդունել․ բայց մինչև արձակուրդները նա մնաց որպես ուսուցիչ։ Մեզերեի մեր սեմինարից մի լավ ուսուցիչ ունեինք, բայց հիմա նրան ամենուրեք փնտրում են, որ զինվորական ծառայության տանեն որպես զինվոր։ Դեռ 3 տարի առաջ էին նրան ցանկանում տանել, այնպես որ ոչ մի հույս չկա, որ նրան կազատեն ծառայությունից, թեև ուսուցիչ է։ Շատ խիստ են։ Բայց հուսով եմ՝ Մեզերեից մեկ այլ ուսուցիչ կունենանք։

Շատ հաճախ թույլ եմ տալիս, որ ձեռքերս ընկղմվեն հուսահատության մեջ, բայց Աստված հանգիստ ասում է․ «Մի վախենար, միայն հաւատա, եւ կ’ապրի», Ղուկաս 8։50, և ես նորից քաջություն եմ հավաքում պայքարելու համար։ Խավարն այստեղ շատ է, և սատանան ցանկանում է կործանել Աստծո ամբողջ գործը, բայց մենք կլինենք խիզախ և կվստահենք Աստծուն, քանի որ Հիսուսը վերջապես կհաղթի այստեղ և թույլ կտա, որ իր փառքը շողա այս խավար վայրում ևս։

Սիրելի՛ ընկերներ, ես չեմ ցանկանում ձեզ ցույց տալ միայն լավն ու լուսավորը, այլև մութ կողմերն ու դժվարությունները, որպեսզի դուք ավելի լավ հասկանաք այս աշխատանքը և ավելի լավ պայքարեք մեզ հետ։ Այս տարի քննություններ ունեցանք նաև գյուղերում, որոնք լավ անցան և՛ ուսուցիչների, և՛ աշակերտների համար։ Իհարկե, դեռ շատ բան կա անելու, բայց շատ բան նաև ոգևորում էր։ Հաճախ զարմանում էի աշակերտների լավ և արագ պատասխաններից։

Այդուհանդերձ, Հավադայում, որտեղ դպրոցի ժամերը շատ կարճ են, աշակերտները բավականին լավ էին սովորել, և զգացվում էր, որ քահանան և ուսուցիչը՝ երկուսն էլ ջանք չեն խնայել։ 50 աշակերտ կար։

Դերկեվանքում աշխատանքը սպասվածից վատ էր, աշակերտների թիվն էլ ցածր էր, բայց հուսով եմ՝ այս տարի ավելի լավ կլինի։

Մոգոնքում ուսուցիչը հոգատարությամբ էր աշխատում և որոշ առարակներից էլ, օրինակ՝ հաշվելուց, աշակերտները շատ լավ էին։ Ընթերցանությունից էլ էին լավ, նույնիսկ փոքրերը գիտեին այբուբենը։ Վերջում էլ տարբեր գեղեցիկ երգեր երգեցին։

Հունանում ավարտական երեկոյին ներկա չէի, որովհետև Միաֆարկին էի գնացել՝ հանդիպելու պաստոր Լոհմանին, բայց մնացածն ասացին, որ աշակերտները լավ էին սովորել։ Գյուղացիները սիրում են իրենց ուսուցչին, և ձմռանը վերջինս հաճախ է հանդիպում նրանց հետ գոմի կողքի սենյակում, որ նրանց համար Աստվածաշունչ կարդա և զրուցի հավիտենական բաների մասին։ Այս ամռանը Հայ առաքելական եկեղեցու մի քահանա եկավ, որը ցանկանում էր խանգարել մեր աշխատանքն այստեղ։ Աղոթե՛ք, որ նրան դա չհաջողի։

Հունանում մենք միայն մի փոքր վարձակալած տուն ունենք՝ երկու փոքր սենյակներով․ մեկը՝ ուսուցչի համար, մյուսն էլ՝ դպրոցի և հանդիպումների։ Վարձը թանկ է։ Լավ կլինի, որ հաջորդ տարի բավարար գումար ունենանք մեր սեփական փոքր տունը կառուցելու համար։

Խորունքում, Մհերից բացի, բոլորը Հայ առաքելական եկեղեցուց են։ Դպրոցական աշխատանքը նոր բան է՝ ընդամենը 1¼ տարեկան։ 20 աշակերտները կարճ ժամկետում զարմանալիորեն արագ սովորեցին և հաճույքով են դպրոց հաճախում։ Գյուղացիներն էլ են սիրում իրենց փոքր դպրոցը։ Երբ այցելեցի նրանց անցյալ կիրակի, բոլոր աշակերտները միանգամից հավաքվեցին և ուղեկցում էին ինձ, ուր էլ գնայի։

Մհերի որդին՝ Մուրադը, 7 տարեկան է, քաղցր, շատ խելացի և աչալուրջ տղա է։ Նա անմիջապես ցանկացավ կարդալ ինձ համար և գնաց բերեց հոր մեծ Աստվածաշունչը։ Կարդաց Հովհաննեսի Ավետարանի 3-րդ գլուխը, և ամեն ինչ լավ անցավ։ Ավագ որդին մեզ հետ Մուշ եկավ երեք տարով, որ դպրոց գնա։ Որպեսզի լավ սովորի, Մհերը նրան մեզ մոտ է թողնում․ նա նույնպես լավ և խելացի տղա է։ Մհերը ասաց․ «Հետագայում նրան ճեմարան կուղարկեմ Մեզերե, և երբ ուսուցիչ դառնա, կգա Խորունք և կդասավանդի երեխաներին»։ Արտաշեսն էլ դեմ չէ։ Մհերն ինքնուրույն էլ է սովորում կարդալ և կարողանում է Աստվածաշնչից ամեն ինչ կարդալ։ Նա կցանկանար, որ իր գյուղը ուրիշ լիներ և հավանաբար աշխատում է Աստծո համար։

Գյուղացիների կառուցած տունը շատ փոքր է և բավարար չէ դպրոցի և ուսուցչի համար։ Եթե Աստված ցանկանա և մեզ գումար շնորհի, կցանկանայինք մյուս տարի դպրոց կառուցել՝ 2 սենյակով։ Գյուղացիները տալիս են հողակտորը, և բոլորն էլ կաշխատեն, եթե մենք տախտակներ, մի քանի լավ որմնադիր և ատաղձագործ տրամադրենք, որոնք կկառուցեն պատերը և տունը։ Նրանց կարծիքով այդպիսի տունը կարժենա 30-40 լիրա։

Վերջապես, Մհերի տանը մի փոքր հավաք կազմակերպեցի, բայց, դժբախտաբար, ոչ բոլորը եկան, որովհետև աղան է գյուղում՝ մի թուրք, որը նրանցից մի քանիսին ստիպում է նաև կիրակի օրերին աշխատել իր համար։ Վախենում են, որ եթե չաշխատեն, իրենց ծղոտը կամ խոտը կվառի։ Անցած տարի Մհերի եղբայրը հրաժարվել էր տալ իր բեռնասայլակը, և աղան այրել էր Մհերի խոտը, որը 20 լիրա արժեր․ ձմռանը անասունները մնացին առանց խոտ։ Այսպես, թուրքերը վրեժ են լուծում, քանի որ գիտեն՝ աղքատ հայ գյուղացիները արդարություն չեն ստանա կառավարությունից։

Այս տարի մորեխները ոչնչացրել են գյուղացիների հացահատկի և ծխախոտի մեծ մասը։

Ուրախ եմ, որ վերջապես Մուշում Աստվածաշունչ կարդալու համար հարմար կին գտա։ Նա տարեց այրի է, անունը Մարիամ է, խանդավառ և ջերմ քրիստոնյա։ Թուրքերեն էլ գիտի, այնպես որ կարող է այցելել նաև թուրք կանանց, ինչի համար ուրախ եմ։ Մի քանի տարի Խարբերդում Աստվածաշունչ է կարդացել։ Այնքան շնորհակալ եմ Աստծուն այս օգնության համար։

Գյուղերում իգական ցերեկային դպրոցների համար Ասիայի, Եվրոպայի և այլ տարածքների մեծ քարտեզների, բազում դասագրքերի կարիք ունենք։ Շատ ուրախ կլինենք, եթե նաև մի քանի լավ, մեծ աստվածաշնչյան նկարներ ունենանք, որոնք կարող ենք կախել պատերից։

Իմ անկեղծ շնորհակալությունը բոլոր աղոթքների և օգնության համար։ Մուշում ավետարանչականությունը և դպրոցի աշխատանքն այնքան կարևոր է առաքելության առաջընթացի գործում, դրա համար էլ ուզում եմ այն ջերմորեն պահել մտքումս։

Ջերմ ողջուններ ձեր նվիրված,

Բոդիլ Բյորն

Բժիշկ Մուշի համար


Մուշը 20000 բնակիչ ունի, որոնցից 10000-ը հայեր են, իսկ 10000-ը՝ մահմեդական։

Մուշի հարթավայրերում 350 գյուղ կա, իսկ լեռներում՝ 50։ Այս 400 գյուղերի մեծ մասը հայկական է։ Ծովի մակարդակից բարձր է 4500 ոտնաչափ, շրջապատված է լեռներով։

1906 թվականի աշնանն իր աշխատանքն այստեղ սկսեց գերմանական Հյուլֆսբունդը։ Փոքր Ասիայում դժվար այնպիսի վայր լինի, որտեղ այնքան հիվանդ լինի, որքան Մուշում է։

(Առաջին մի քանի տարիներն այնտեղ եմ անցկացրել․ ինձ համար աննկարագրելի ճնշող էր այդքան թշվառ տառապյալ տեսնելը և դեռ նրանց համար այդքան քիչ բան կարողանալ անելը։ Նորվեգիայում ամենայն հավանականությամբ չկա մեկը, որը կարող է պատկերացնել, թե այս շրջանում աղքատներն ինչպես են ապրում)։

Այստեղ չկան փորձառու բժիշկներ, որոնք կկարողանան հոգ տանել շատ-շատ հիվանդների մասին, չկա հիվանդանոց, սիրալիր բուժքույրեր, որոնք գիտեն՝ ինչպես խնամել հիվանդներին տանը։ Հազվադեպ կարելի է հանդիպել փորձառու ռազմական բժիշկների, բայց նրանք այնքան զբաղված են բազում հիվանդ զինվորներով և այնքան գումար են պահանջում ամեն մի այցի համար, որ շատ քչերն են կարողանում դիմել նրանց։

Գավառի բժշկին վարձել է կառավարությունը․ նրա գործն այնքան շատ է գավառում․ մինչև այնտեղ 2-3 օրվա ճանապարհ է, և նա հաճախ է մեկ կամ երկու շաբաթով բացակայում և քանի որ օգնական էլ չունի, այդ ժամանակ չկա մեկը, որ խնամի հիվանդներին։ Մուշը և այս բոլոր 400 գյուղերը, որոնցից մի քանիսը մեծ են, միայն մեկ գավառային բժիշկ ունեն։ Այս անհանգիստ երկրում, որտեղ այսքան շատ մարդ է վիրավորվում և սպանվում, նա բավականին զբաղված է վիրավորներին և սպանվածներին զննելով և կառավարությանն անհրաժեշտ տեղեկությունը տրամադրելով։

Ի վերջո, գավառային բժշկի պարտքն է անվճար այցելել աղքատ հիվանդներին, ուղղակի դրա համար անհրաժեշտ է նրան ապացույց ներկայացնել, իսկ այս երկրում ամեն ինչ արագ չի կատարվում, այնպես որ հիվանդները հաճախ մահանում են նախքան բժշկի այցը։

Աստծո ողորմությամբ 6 տարի առաջ ինձ թույլ տվեցին այս շրջանի հիվանդներին մի քիչ բուժել կլինիկաներում, տնային այցերի ժամանակ, խնամել հղիներին և ծննդկաններին։ Կլինիկաներում ավելի քան 3000 հիվանդ կա, մոտ 240-300 հիվանդի էլ այցելում ենք տներում։

Վերջին երկու տարում նաև մի փոքր սենյակ ունենք, որտեղ ընդունում ենք թշվառ, աղքատ մարդկանց՝ հատկապես գյուղերից վիրավոր հիվանդներին, որոնք ամենօրյա բուժման կարիք ունեն։ Աստված օրհնել է այս փոքր սկիզբը, որպեսզի մենք կարողանանք մեծապես օգնել շատերին և Աստծո կամոք, բուժված վերադարձնենք իրենց տներ։ Բայց ինչքան էլ դեռ մարդ կա, որ ուղարկում ենք առանց օգնություն ցույց տալու, երբ տեղ չենք ունենում կամ երբ վիրահատության կարիք է լինում։ Շատերը տարիներ շարունակ կույր են մնում, որովհետև ոչ ոք չի կարողանում վիրահատել, և շատերն են մահանում մասնագիտացված բժշկական օգնության պակասից։

Հուլիսի սկզբին մի աղքատ մարդ մոտեցավ ինձ կլինիկայում․ ոտքի մատերից մեկը սևացել էր։ Այո՛, անմիջապես պետք է վիրահատվեր, որպեսզի փտախտը չտարածվեր։ Նրան անմիջապես ուղարկեցի գավառային բժշկի մոտ, որպեսզի նրան հնարավորինս շուտ վիրահատեն։ Բժիշկը նրան խոստացել էր վիրահատել անվճար, բայց պահանջել էր 1 լիրա՝ մոտ 17 կրոն՝ հետվիրահատական բուժման համար։ Ավելի ուշ իմացա, որ նա չէր վերադարձել բժշկի մոտ, այլ թույլ էր տվել, որ մի գյուղացի դանակով կտրի բութ մատը, որից հետո փտախտն արագ տարածվել էր և կարճ ժամանակ անց տղամարդը մահացել էր․ հիմա այրին մնացել է 7 անապահով երեխաներով և մեծ վշտի մեջ։ Այդ մարդը շատ չէր հավատացել բժշկին և հավանաբար ուզեցել էր գումար տնտեսել։ Նա շատ աղքատ էր և ամենայն հավանականությամբ չէր կարողացել 17 կրոն հավաքել։

Սա միայն մեկ օրինակ է ցույց տալու համար, թե ինչքան հմուտ բժշկի կարիք կա այս տարածքում և հարցնելու, թե արդյոք հայրենիքում՝ Նորվեգիայում, բժիշկ կա, որը զգում է, որ կարող է գալ և օգնել մեզ այս մեծ և հիանալի գործում, որն այնքան հնարավորություններ է ընձեռում Աստծո թագավորության պտուղները հավաքելու համար։

Անկասկած, մեծ զոհողություն է լքել սիրելի հին Նորվեգիան և գալ այս միայնակ, թշվառ և անհանգիստ շրջանը, բայց չափազանց մեծ բան չէ նրանց համար, որոնք աշխատում են հանուն Աստծո։ Ես հավատացած եմ, որ Աստված առատորեն կօրհնի նրանց աշխատանքը Մուշում։

Պաստոր Լոհմանը՝ գերմանական Հյուլֆսբունդի ղեկավարը, ցանկանում է լավ պայմաններ տրամադրել փորձառու բժշկին։

Աղոթե՛ք նաև հայրենիքում՝ Նորվերգիայում գտնվող բոլոր սիրելի ընկերների համար, որպեսզի իրենց ներդրումն անեն, որ կարողանանք շուտով հիվանդանոց կառուցել Մուշում և օգնենք շատ աղքատ մարդկանց։

Բոդիլ Բյորն
</pages>