Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 7, համար 2, 1914)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հայաստան

Հատված քույր Բոդիլ Բյորնի նամակից


Մուշ 26-1-14

Այս տարի ձյունը շատ է, ցուրտ էլ է, բայց ոչ անցած տարվա նման։ Հաճախ եմ դրսում լինում․ այցելում եմ հիվանդներին գյուղերում։ Հաճախ դժվար է ձմռանը ձիավարել, բայց դեռ ամեն ինչ կարգին է։ Անցած շաբաթ ինձ կանչեցին գյուղ մի թուրք կնոջ մոտ, որը նախորդ գիշեր երեխա էր ունեցել և շատ վատ էր։ Ձնառատ էր և դժվար էր ձիավարել, բայց մարդու կյանք էր վտանգի մեջ, այնպես որ պետք է գնայի։ Ամեն քայլին ձին խորը մխրճվում էր ձյան մեջ և անհրաժեշտ էր թամբին կառչած առաջ շարժվել․ 1.5 ժամվա ճանապարհն ինձնից խլեց 2 ժամ։ Վերջապես հասանք և, փառք Աստծու, կարողացա օգնել խեղճ կնոջը։ Արյան մեծաքանակ կորստի արդյունքում կնոջ զարկերակը թույլ էր․ հույս չունեի, որ նա ողջ կմնա։ Հաճախ այնքան տխուր է, երբ քեզ կանչում են վերջին պահին։ Բոլորովին մութ էր, երբ երեկոյան տուն հասա։ Երկու թուրք ուղեկցում էին ինձ ճանապարհին՝ տանելով գործիքներով պայուսակս: Շատ տեղերում միայն ջուր էր, քանի որ անձրևել էր։ Իրենք էլ էին տխուր, բայց ծիծաղեցին, երբ ասացի, որ ես էլ եմ թրջվել՝ չնայած լավ անձրևանոց եմ հագել։ Նրանք շատ բարի էին և օգնող։ Վերջին երկու ամիսներին այնքան գործ ունեմ անելու հիվանդների մոտ, հատկապես շատ էին տիֆի, թոքաբորբի և գրիպի դեպքերը․ առավոտից գիշեր հիվանդների էի այցելում։ Հիմա մի քիչ ավելի հանգիստ է։

30.01.14։ Երեկ գնացել էի մի գյուղ՝ ստուգելու դպրոցները և երեխաների փոխարեն դասասենյակում գյուղացիների տեսա․ նրանք ինչ-որ բան էին գրում և հաշվում։ Այդ օրը երեխաներին հանգիստ տուն էին ուղարկել։ Շատ տխրեցի, երբ պարզեցի դա, որովհետև այդ գյուղի ուսուցիչը շատ նվիրված է իր գործին։ Ո՛չ, պետք է ամեն տեղ լինես և վերահսկես, այլապես հնարավոր չէ։ Հետաքրքիր է՝ արդյոք որևէ նվիրված բժիշկ կգա Մուշ։ Այստեղ նրա կարիքը շատ ունենք։ Թող Աստված ճիշտ աշխատողներ բերի այս տարածք։

Ծննդյանս օրը սուրճի հավաքույթ կազմակերպեցի․ շաքարահաց, «մոնսեր» և այլ թխվածքներ էի թխել։ Հավաքվեցինք երեք քույրերի ու մեր հայ աշխատակիցների հետ, լավ կեսօր անցկացրինք՝ երգելով, զրուցելով և իհարկե աղոթելով։ Վաղ առավոտյան ուսուցիչները և մեր փոքր աղջիկները մի քանի գեղեցիկ և հոգևոր երգեր երգեցին իմ դռան առջև։ Մի քանի գեղեցիկ նվեր էլ ստացա․ նարգիզներ էլ ստացա։ Հազվադեպ է այստեղ ձմռանը ծաղիկներ տեսնել։ Քույր Ալման է աճեցրել դրանք։

Երբ էլ ուզում եմ նամակ գրել, միտքս հանգիստ չի լինում, գրեթե անդադար մարդիկ են գալիս, որոնք ուզում են խոսել ինձ հետ՝ աղքատներ են կամ մարդիկ, որոնք խորհրդի կամ հիվանդների համար դեղի կարիք ունեն։ Այս ընթացքում երեկոները շատ հոգնած եմ լինում, հատկապես լարված է կլինիկայի աշխատանքը։ Մարդիկ շարունակ գալիս են ու գնում և հաճախ հոգնում եմ մտածելուց, հետազոտելուց և բացատրելուց, բայց գիտեմ, որ Աստված կողքիս է և որ ուժ, համբերություն և սեր կտա։

Անկեղծորեն,

Քույր Բոդիլ Բյորն
</pages>