Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 9, համար 1, 1916)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Բոդիլ Բյորնից


Մեզրե, սեպտեմբերի 8, 1915

Հավանաբար զարմացած եք, որ այլևս Մուշում չեմ, բայց քանի որ հիմա այնտեղ աշխատանք չունեմ անելու, օգոստոսի 11-ին քույր Ալմայի, մեր մի քանի մարդկանց և երեք ուսուցիչների հետ գնացի Մեզրե։ Երբ կվերադառնամ և թե արդյոք կվերադառնամ, անհայտ է։ Բայց կարծում եմ, որ այս ձմեռ Մեզրեում կմնամ։ Քույր Ալման երևի հայրենիք է վերադառնում և հուսով եմ՝ կգնա նաև Քրիստիանիա։ Այս ժամանակներում այնքան քիչ ենք նամակ գրում, շատ նամակներ էլ կորչում են։ Ես էլ էի ցանկանում հայրենիք գալ, բայց նախ պետք է տեսնեմ, թե ինչպես են գործերն այստեղ։ Միգուցե մենակ չգամ, միգուցե մի քանի ուսուցիչների հետ, բայց չգիտեմ, թե ինչ կասեք ինձ տանը և թե արդյոք հնարավոր է դա։ Թե ինչու եմ ուզում գալ, չեմ կարող բացատրել ավելին։ Միգուցե չգամ էլ, համոզված չեմ, բայց Աստված ինձ ցույց կտա ճիշտ ուղին։ Համենայն դեպս, կուզեմ լսել ձեր կարծիքը։

Կարող եք պատկերացնել, թե ինչ ծանր էր ինձ համար թողնել Մուշն ու այնտեղի իմ աշխատանքը, բայց դա անհրաժեշտ էր։ Այնուամենայնիվ, հուսով եմ՝ այս տարվա մեջ կկարողանամ կրկին այցելել կայան։ Աղոթե՛ք, որ Աստված այդպես կամենա։

Մինչև խաղաղություն չլինի, հավանաբար չեմ վերադառնա հայրենիք։ Շատ նամակներ չեմ գրել, այս տարի ևս շատ գործ ունեի, որ ոչ հնարավոր է պատմել, ոչ էլ դուք կարող եք դիմանալ պատմածներիս։ Ավա՜ղ, սիրելի տիկին Հ․, գաղափար անգամ չունեք, թե ինչի միջով եմ ես անցել։ Վերջին երկու ամիսներին բոլորովին այլ մարդ եմ դարձել։

Հուլիսի 6-ին հիվանդացա տիֆով, երբ քաղաքի բոլոր բնակիչներն ապաքինվեցին։ Կարծես թե պետք է առողջ մնայի այնքան ժամանակ մինչև մյուսները հիվանդ էին։ Հոգնած էի, դրա համար էլ վարակվեցի։ Ամբողջ ժամանակ աշխատում էի տիֆով հիվանդների հետ, այնպես որ տարօրինակ կլիներ, եթե շուտով չհիվանդանայի։ Ամենավատ ժամանակ հիվանդացա և թե որքան ծանր էր դա ինձ համար, կարող եք միայն պատկերացնել։ Աստծո ճանապարհներն ու խորհուրդները լավագույնն են, բայց մենք միշտ չէ, որ հասկանում ենք դրանք։ Եսայիա 55, 8-9։

Հաճախ լիովին հոգնում եմ սպասելով Աստծո օգնությանը և ասում եմ․ «Ավա՜ղ, Աստվա՛ծ, դեռ ինչքա՞ն։ Ինչո՞ւ չի նա գալիս մեզ օգնության»։ Ամբակում 1, 2-4։ Ողբ Երեմիայի 2, 11, 18—19 - 4, 4—6։ Սաղմոս 69, 2-4, 70, 6։

Այսպիսի ժամանակներում ստիպված ես հավատալ և սպասել, բայց շատ դժվար է։ Մեր բոլոր մարդիկ հիմա հայրենիքում են, բացառությամբ նրանց, ովքեր այստեղ մեզ հետ են։ Սոսկալի ժամանակներ են։ Թող Աստված շուտով խաղաղություն պարգևի երկրի վրա։ Աղոթե՛ք դրա համար։ Ղևտացոց 26, 6 - Երեմիա 15, 2-4. Եվ ահա, սկսվեց։

Աստված բուժեց ինձ առանց բժիշկ և դեղ։ Փա՜ռք Նրան։

Որքան հնարավոր է շուտ մենք ճանապարհ ընկանք։ Մեզ հետ էր նաև մութասարիֆը, որը շատ հիվանդ էր։ Քույր Ալման նրան շատ օգնեց ճամապարհին։ Ժամանելուց մի քանի օր հետո նա մահացավ հիվանդանոցում։ Ենթադրաբար Վալիեն էլ է հիվանդ Բիթլիսում։ Աստված պաշտպանեց մեզ բոլորիս ճանապարհին։ Երկու ժանդարմ և 6-8 մարդ էին մեզ ուղեկցում։

Մեծ քարավան էր, քանի որ 21 բեռնակիր և հեծնելու կենդանիներ ունեինք։ 11 հոգի էինք և շատ բան ունեինք մեզ հետ, բայց մեծ մասը վաճառեցինք։ Աղոթե՛ք ինձ համար, որ Աստված ցույց տա իր ճանապարհը։ Չեմ տեսնում իմ հաջորդ քայլը, միանգամայն խավար է։

Մենք լավ ենք, ապրում ենք մի վրանում՝ այգում։ Շատ եմ ցանկանում աշխատել և կարոտել եմ իմ սիրելի մարդկանց, բայց ոչ ոք այնտեղ հիմա իմ կարիքը չունի։ Վանից ոչ մի որոշակի բան չգիտենք։ Բիթլիսում ծեր տիկին Էլին, պարոն Նեյփը և քահանան մահացել են։

Այս տարի այնքան լավ եմ աշխատել Մուշի հիվանդների շրջանում և այնպիսի հույսեր ունեինք ապագայի հետ կապված, բայց չիրականացան։ Կցանկանայի ավելին գրել, բայց հնարավոր չէ։ Դուք ինչպե՞ս եք։ Խնդրում եմ ջերմորեն բարևեք բոլորին իմ կողմից։

Ֆիզիկապես լավ տեսք ունեմ, բայց «սիրտս սարսափելի ցավում է»։ Հիշե՛ք ինձ շնորհքի աթոռի առաջ։

Ամենասրտագին ողջույնները ձեր

Բոդիլ Բյորնից

Սոփոնիա 3, 16—17, 19—25

</pages>