Jump to content

Բոդիլ Բյորնի նամակ (K․M․A․ Kvartalshilsen, հատոր 10, համար 1, 1917)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

Հատված Բոդիլ Բյորնի նամակից


Սեպտեմբերի 28, 1916

Սիրելի՛ տիկին Անկեր,

Շատ շնորհակալություն 21/6 նամակի համար, որ ստացա այստեղ՝ Հարունիեում։ Հավանաբար հետ եք վերադարձել Նորվեգիա, և այս նամակն ուղարկում եմ տիկին Իհլեն Հանսենի միջոցով և հուսով եմ՝ կհասնի ձեզ։ Շնորհակալ եմ հայրենիքում գտնվող իմ բոլոր սիրելի ընկերներին մեծ նվերի համար։ Տեսնեմ, թե ինչպես եմ այն լավագույնս օգտագործում։ Այսպիսի ժամանակներում շատ գումարի կարիք է լինում։ Այստեղ այնքան երեխաներ կան, որոնք տառապում են․ շատ լավ կլինի, եթե մի քանի երեխայի էլ օգնեք Նորվեգիայից։ Այո՛, ինչերի՜ միջով ենք անցել։ Բայց Աստված հրաշալի է։ Հաճախ չենք հասկանում, թե ինչ ճանապարհներով է մեզ տանում, բայց հենց հայրենիք հասնենք և հայտնվենք փառքի մեջ, այդ ամբողջ խավարը կցրվի, և մենք մեր գոհունակությունը կհայտնենք Նրան այն ճանապարհի համար, որով մեզ թույլ տվեց քայլել։ Եթե Աստված կամենա, հուսով եմ՝ տուն վերադառնալ այս գարնանը․ 5 տարի է անցել, ինչ հեռացել եմ։

Հարունիեում ինձ լավ եմ զգում։ Աշխատանքն օգնել է ինձ այդքան շատ չմտածել անցյալի մասին և շատ ուրախալի է ուրիշներին օգնելը։ Ճիշտ ժամանակին եկա այստեղ, քանի որ պարոն ֆոն Դոբլերը հիվանդացել էր մալարիայով։ Փառք Աստծու, հիվանդությունն արագ անցավ, և նա կարողացավ գնալ իր ընտանիքի մոտ, որոնք Մեզրեի լեռներում էին։ 2.5 ամիս է, որ այստեղ մենակ եմ՝ 180 աշակերտի հետ։ Ապրում ենք մի մեծ տանը, որից գեղեցիկ տեսարան է բացվում դեպի հեռու լեռներ։ Մեծ այգի ունենք, անտառն էլ կողքն է։ Թեև բնությունը գեղեցիկ է, օդն էլ մեղմ, բայց այստեղ շատ հիվանդ մարդ կա․ գրեթե 50-ը հիվանդ է մալարիայով։ Կան նաև դիզենտերիայից և աչքի հիվանդությունից տառապողներ, նաև վիրավորներ։ Միայն կարող եք պատկերացնել, թե ինչքան գործ ունեմ, քանի որ մոտակա բժիշկը միայն 2.5 ժամվա հեռավորության վրա է։ Վերջինս այնքան զինվորներ ունի, որ ավելին անելու համար ժամանակ չունի։ Երկու աղջիկների և մեկ տղայի եմ սովորեցրել, որ օգնեն ինձ հիվանդ երեխաներին բուժելիս։ Շատ եմ սպասում հոկտեմբերի կեսերին ֆոն Դոբլերի վերադարձին։ Մինչև հիմա ամեն օր լողանում էի մեծ ավազանում և քնում պատշգամբում, բայց վերջին վատ եղանակի ժամանակ մրսեցի և ստիպված եմ էլ չանել այդպես։ Գրեթե ամեն օր թուրքերենի դասերի եմ հաճախում․ դրա կարիքը կա այստեղ։ Երեխաներին հասկանալի լեզվով աղոթքներ ենք անում, շաբաթը մեկ անգամ աղջիկների համար, մեկ անգամ էլ տղաների համար Աստվածաշնչի դասեր ենք անում։ Երեխաներից մի քանիսը հավատացյալ են դարձել․ Աստված դեռ խոսում է նրանց հետ իրենց հիվանդության միջոցով։ Սիրում եմ Աստծուն մատուցած այս ծառայությունս․ ուսուցիչների հետ շաբաթը մեկ անգամ աղոթքի ժամ ունենք։ Ուրախ էի մորաքրոջս կողքին լինել նրա վշտի ժամանակ Երուսաղեմում․ հուսով ենք՝ գարնանը կկարողանանք միասին Գերմանիա ճանապարհորդել։ Երուսաղեմում միսիոներական աշխատանք շատ է արվում, այնպես որ այս մարդկանց համար աշխատելը, ում այդքան սիրում եմ, ավելի անհրաժեշտ եմ համարում։

Անկեղծորեն ձեզ և բոլոր սիրելի ընկերներին,

Ձեր Բոդիլ Բյորն

1. Հովհաննես 3, I6, Եսայիա 51, 11։


</pages>