Jump to content

Գաբո ապոր հետ...

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

ԱՌԱՋԻՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Տասնյոթ տարեկան էի, երբ առաջին անգամ հանդիպեցի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին՝ Բաքվի Վ.Ի. Լենինի անվան կենտրոնական գրադարանի մոտ։ Մինչ այդ «Գրական Ադրբեջան» ամսագրում կարդացել էի նրա «Պապաճիշտ» ստեղծագործությունը՝ իր իսկ նկարազարդմամբ։ Հավանել էի։ Իսկ արձակագիր Լեւոն Ադյանը պատմել էր հեղինակի ու նրա գործունեության մասին, մանավանդ՝ կապված 60-ական թվականների հայտնի իրադարձությունների ու Ղարաբաղը մայր Հայաստանին միացնելու մասին հայտնի նամակի հետ։ Եվ պատահեց այնպես, որ գրադարանի հենց մուտքի մոտ ստեղծագործող երիտասարդներիս Գուրգեն Գաբրիելյանին ներկայացրեց ամսագրի խմբագիրը՝ մեկ-երկու բառով։ Ինձ բաժին ընկան «ղարաբաղցի է», «շնորհալի տղա է» գնահատականները։
-Հա՞, ղարաբաղցի՞,- ձեռքը ջերմորեն մեկնեց մանկագիրը,- ախր ասում եմ, որ այս տղաներից մեկնումեկը պետք է մեր կողմերից լինի։ Ո՞ր շրջանից ես…
Եվ այսպես, ձեռքս ափի մեջ պահած՝ զրուցում է, դրանով իսկ արտահայտելով իր որոշակիորեն ընդգծված վերաբերմունքը ոչ միայն իմ, այլեւ, ոնց հասկացա, Ղարաբաղի հանդեպ, որի մասին այդ տարիներին Բաքվում «տաք-տաք» խոսելն այնքան էլ ընդունելի չէր եւ, անշուշտ, ռեալ վտանգ էր պարունակում։ Ես ձեռքսեղմումին պատասխանեցի նույն ջերմությամբ.
-Հադրութի կողմերից եմ…
-Այսպիսի հզոր ու լայն թիկունքով տղաներ են հարկավոր Ղարաբաղին,-ասաց նա։
Ես նրա բառերից վաթսունականների արցախյան շարժման հոտն առա։
-Շատ հավանել եմ Ձեր «Պապաճիշտ» գործը, - շտապեցի կարծիքս հայտնել։
-Հա՛, շնորհակալ եմ, Լեւոնն արդեն ասել է։ Ե՞րբ ես ավարտում ինստիտուտը, չե՞ս գալու Ղարաբաղ։
-Գալու եմ։
Խոստումս կատարեցի, չնայած իմ աշխատանքային գործուղման հասցեն Դաշքեսանի շրջանն էր։ Գործի անցա «Սովետական Ղարաբաղ» թերթում։ Մի օր բանաստեղծություններս տարա ռադիոխմբագրատուն, ուր նա աշխատում էր։ Կարդաց, հավանեց, ոգեւորվեց ու ոգեւորեց ինձ։ Այնքան հանգամանորեն անդրադարձավ ամեն մի բառին ու տառին, այնքան խորը վերլուծեց, ցույց տվեց լավն ու վատը, որ ակամայից հիշեցի Պարույր Սեւակին, որին հանդիպել էի Բաքվում ու առաջին թոթովանքներս ներկայացրել։ Ու մտածածս բարձրաձայնեցի.
-Իմ բանաստեղծություններն այդքան ուշադիր կարդացել ու մանրազնին վերլուծել է Պարույր Սեւակը, Բաքվում…
Դրանից նա շատ շոյվեց, իսկ իմ «ստվերի ստվերում» եւ այլ արտահայտությունների մասին երկար ժամանակ չէր մոռանում։
Հետո եկավ մի պահ, որ զգացի, արդեն զրույցի վերջում, իմ գծանկարն էր անում թղթի վրա, տուշով։ Այդպես էլ նա հետագայում եւս շարունակեց, ամեն հանդիպման ժամանակ, իմ դիմանկարը մի երկու գծով ամբողջացնել, այնքան որ՝ առանց դեմքիս նայելու արդեն նկարում էր ինձ։ Բայց չշեղվեմ։ Նայելով նրա ստեղծած գծանկարին, ասացի.
-Ես էլ եմ մանկությանս տարիներին նկարել։
Ուրախացավ։
-Նույնիսկ մասնակցել եմ նկարիչ դպրոցականների մարզային մրցույթների, մրցանակ շահել։
Այս բառերի վրա աչքերը սեւեռեց դեմքիս.
-Ի՞նչ էիր նկարել…
-Եղնիկ՝ լճափին… Նկարչությանս ուսուցիչը խծաբերդցի ինքնուս նկարիչ Վոլոդյա Սարգսյանն էր, նա էր խորհուրդ տվել մրցույթին մասնակցել։ Եվ ինձ օգնել էր։
-Այ տղա՛, մրցույթը ես եմ կազմակերպել, կուլտուրայի մարզային վարչության պետն էի… Ո՞նց է, որ չեմ հիշում։
-Անձնագրային անունովս էի՝ Սլավիկ Հակոբյան։ Իմ գործը երկար ժամանակ փակված էր մարզային գրադարանի պատին՝ պողոտայի կողմից։ Ինքս եկել ու տեսել եմ…
Հիշեց.
-Ախր ասում եմ, որ ճուտը ձվի մեջ է ձեն հանում։ Արփագետուկի դպրոցում էիր, ուրեմն…
Եվ այսպես սկիզբ դրվեց բարեկամության, որ պիտի շարունակվեր մինչեւ նրա կյանքի վերջը։ Ես դարձա այն երիտասարդ գրողը, որի ապագայի հետ նա հույսեր էր կապում եւ ամենուրեք հետեւում էր իմ գրական-ստեղծագործական աճին։



ԽՈՐՀՐԴԱՎՈՐ «ՔԱՌՍՈՒՆԸ»

Ճանապարհը, որ տանում էր Գուրգեն Գաբրիելյանի բարեկամի տուն, մեր շենքի մոտով էր անցնում, Աթարբեկով փողոցի վրա, եւ ես մշտապես առիթ էի ունենում նրան հանդիպելու, բարեւելու, խոսելու, մանավանդ, դժվար չէր հենց առաջին իսկ պահից նկատել, թե սիրելի մանկագիրը որքան մարդամոտ է, պարզ ու անմիջական։ Մի օր էլ եկավ մեր տուն.
 -Վարդա՛ն, հանդիպում կա ինձ հետ՝ իմ քառասուն ամյակի եւ գրական գործունեության քսանամյակի կապակցությամբ, ուզում եմ, որ դու անպայման այնտեղ լինես։
Ես հաճելիորեն անակնկալի եկա եւ չէի կարող չգնալ։ Ճանապարհին նա ավելի մանրամասնեց.
-Մի քանի շենք այն կողմ է գտնվում տունը, ուր մենք գնում ենք, բանասիրական բաժնի ուսանողների հետ է հանդիպումս, քառսուն հոգի են,- շեշտեց էպոսային քառսունը,- ուզում եմ, որ այդ երեկոյի սեղանապետը դու լինես…
-Ե՞ս…- նորից հանկարծակիի եկա,- ախր ես կյանքում սեղան չեմ ղեկավարել, ուր մնաց հոբելյանական նման միջոցառման ժամանակ…
-Ոչինչ, ես կողքիդ եմ լինելու։
Ու գնացինք։ Անկեղծ ասած, զարմացա, երբ որեւէ գրողի կամ մտավորականի չտեսա այնտեղ։ Գաբրիելյանն ասաց, որ ինքը այդպես է ցանկացել։ Դա իմ կյանքում տեսած հոբելյանական երեկոներից լավագույնն էր։ Ուսանողուհիները սեղան էին պատրաստել, մոմերի լույսերի տակ արտասանում էին Գաբրիելյանի ստեղծագործություններից, երգում էին, երաժշտություն էին միացնում ու պարում էին… Ես տեսա, թե երիտասարդությունը, որի մանկությունը անցել է Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունների ուղեկցությամբ, որքան խորն էր սիրում բանաստեղծին։ Ուսանողուհիներից ամեն մեկն ասես իր մանկության դարձն էր տոնում։ Մի խոսքով, դա մի հոբելյանական տոնակատարություն էր, որ նմանը չուներ։ Մթնոլորտն այնպիսին էր, որ ես ինձ զգացի, ինչպես ձուկը՝ ջրում։ Դա նաեւ իմ «սեղանապետության» մկրտությունն էր։ Ես այդ օրը Գուրգեն Գաբրիելյանի մեջ տեսա իսկական բանաստեղծին ու իր գործի նվիրյալին, իսկ «քառսունի» խորհուրդը տարիների ընթացքում առավել խորացավ։ Մի օր նա այդ երեկոյի մասին ասաց.
-Ճիշտն ասած, երբ եկել էի քո ետեւից, ես էլ էի հանկարծակիի եկած, որովհետեւ ինձ եւս դրանից մի քանի րոպե առաջ էին տեղեկացրել, աղջիկների կազմակերպած «սյուրպրիզն» էր։
Խորհուրդը երիտասարդության սերն էր պահում իր մեջ, սերը՝ Գաբո Ապոր հանդեպ։ Սեր, որ մշտական եղավ։

ԹԵ ԻՆՉՊԵՍ ԾՆՎԵՑ
ԳԱԲՈ ԱՊԵՐ ԳՐԱԿԱՆ ԱՆՈՒՆԸ

Ես աշխատում էի «Սովետական Ղարաբաղ» թերթի բաժնում, որը ի սկզբանե կոչվում էր այսպես՝ կուլտուրայի բաժին։ Բայց ո՞վ չգիտի, որ Գաբրիելյանն իր նպատակին հասնելու հարցում միշտ էլ անմրցակից է եղել։ Եվ երբ մի անգամ զրուցում էինք, թե մարզը գրական պարբերական չունի, ինչու ավելի հաճախ չտպագրենք ստեղծագործողների գործերը, մեր մեջ միտք հղացավ՝ ամեն օր նույն հարցի վերաբերյալ «բանակցություններ» չվարելու համար, միանգամից հարցը լուծենք, բաժնի անունը վերախմբագրենք եւ կուլտուրայի եւ գրականության բաժին անվանենք։ Այդպես էլ եղավ, խմբագիրը համաձայնեց, իսկ նոր ցուցանակի համար շատ ջանքեր չպահանջվեցին։
Եվ ահա Գուրգեն Գաբրիելյանի երեկոն հաջող անցկացնելուց հետո իմ հաջորդ խնդիրը ես տեսա սիրելի մանկագրի հոբելյանի նշումը հենց մեր թերթում՝ «Սովետական Ղարաբաղ»-ում։
-Խմբագիրը կարող է չհամաձայնի, կուսակցական թերթ է… Բացի դա, քառասունամյակը ո՞վ է նշում որ…
Ես իմ մեջ ուժ գտա եւ այդ խնդրով դիմեցի խմբագրին՝ Հովհաննես Արզումանյանին, որի նկատմամբ մինչեւ այսօր էլ իմ հարգանքն ու պատկառանքը մեծ է։ Նա համաձայնեց, բայց միաժամանակ ինձ խորհուրդ տվեց.
-Գրիր փոքր ծավալով, կոռեկտ, չափի զգացման խախտումներ չպիտի լինեն… Կտպագրենք առանց ստորագրության։
Ես շատ շնորհակալ եղա, որ կարողացա իմ նախաձեռնությամբ նման «դժվարին» հարց լուծել։ Եվ հենց այդ ժամանակ էլ ես Գուրգեն Գաբրիելյանի գրական անվանն անդրադարձա։ Մեր աշխատասեղանները դեմ-դիմաց էին՝ իրար կպած, խմբագրության շենքի երկրորդ հարկում։ Այնպես որ, նույնիսկ մեկ բառից, շատ անգամ առանց այդ բառի էլ, իրար աչքերի նայելով, հասկանում էինք մեկս մյուսին։ Եվ դրա համար ես շատ ուրախ էի, զգում էի ավագ գրողի անկեղծ վերաբերմունքը երիտասարդ բանաստեղծիս հանդեպ։
-Ընկեր Գաբրիելյան,- սկսեցի ավելի լրջություն տալ իմ խոսքին,- ժամանակն է, որ մեր մեծ մանկագիր Աթաբեկ Խնկոյանի օրինակով, մանավանդ, որ նրան այդքան շատ ես սիրում, քո անունը եւս կնքենք դասական ոճով, ասենք՝ Գաբո Ապեր։
Ճիշտն ասած, մինչ այդ մեր մտերմությունն այնքան էր ջերմացել, որ ես արքով նրան անվանում էի Գաբո (Գաբրիելյան ազգանունից վերցնելով միայն մի քանի տառ)։ Թե ասեմ, որ այդ մասին նա չէր մտածել երբեւէ, ճիշտ չէր լինի, մենք նմանատիպ զրույցներ ունեցել էինք, բայց ոչ կոնկրետ։ Եվ ահա նա ասես սպասում էր դրան, թեեւ իրեն հատուկ մեծահոգությամբ կարծես անհանգստացավ.
-Հանկարծ ինձ սխալ չհասկանան մարդիկ… Ասեն՝ Խնկո Ապոր հետ համեմատվում է…
-Ամենեւին,- սիրտ տվի ես,- դու արժանի ես, քեզ սիրում են երեխաները, կարդում, արտասանում են։
Եվ այս մեծ ու փոքր նախապատրաստություններից հետո Գաբո Ապոր առաջին հոբելյանական հոդվածի հեղինակը դարձա։ Երբ լույս տեսավ թերթը, սենյակ մտնելուն պես տեսա, որ այն դրված է Գաբոյի սեղանի վրա, իր իսկ ձեռագրով նա հոդվածի տակ գրել էր իմ անունը.
-Կպահեմ միշտ…
Նա սովորություն ուներ՝ տպագրած բոլոր գործերը խնամքով պահում էր, իր ձեռագրերը նույնպես։ Հաճախ էլ ինձ դիտողություն էր անում.
-Անփույթ մի՛ եղիր քո ձեռագրերի նկատմամբ, հետո փոշմանելու ես։
Այսպես, ակամայից ինձ մեծ պատիվ վստահվեց՝ լինել նշանավոր մանկագրի գրական անվան կնքողը։ Հետո Գաբո Ապոր անունը լայն հեղինակություն ստացավ եւ մայր Հայաստանում, ամենուրեք գրողները եւ ընթերցողներն այն ընդունեցին սիրով, նույնիսկ գտնվեցին եւ այնպիսիները, որ ցանկացան իմ ձեռքից «խլել» անվանակնքման «հեղինակային» իմ իրավունքը, հաճախ, իհարկե, օգտվելով Գաբո Ապոր երբեմն տեղի տվող բնավորությունից, մեղմ ու սրտագին մեծահոգությունից… Բայց իրողությունը սա է։ Խոստովանեմ, ես հիմա ոչ առանց հպարտության եմ հիշում, որ եղել եմ նրա ստեղծագործության առաջին գնահատողներից մեկը՝ մոտ քառասուն տարի առաջ… Անգամ «Սովետական Ղարաբաղ»-ում (20-ին մայիսի, 1971թ.) բարձրաձայնել եմ ավետիքի մասին. «Գուրգեն Գաբրիելյանը հայրենի Ղարաբաղի՝ միշտ մանուկ աշխարհի համար նոր նվեր է պատրաստում՝ «Ղարաբաղի հորովելը»… Եվ մեջբերված այս տողերը գրվել են հենց նոր ծնունդ առնող «Ղարաբաղի հորովել»-ի առաջին ելեւէջների ներքո… Էլ չեմ ասում, թե ինչպիսի քաշքշուկների մեջ եմ ընկել դրա համար, մանավանդ՝ որ Գաբո Ապոր մասին այդ օրերին տպագրված իմ խոսքում «ականավոր» բառն օգտագործել եմ…

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ
ԱՇԽԱՏՈՂԸ, ԳԱԲՈՆ, ՀՐԱՉԻԿԸ,
 ԿՈՄՈՒՆԻՍՏՆ ՈՒ ՈՉ ԿՈՄՈՒՆԻՍՏԸ

Ստեփանակերտում կար մեկը, որ անընդհատ ինձ մոտենում էր ու ասում.
-Ժամանակին, երբ Ավետիք Իսահակյանը Ղարաբաղում էր, ես հանդիպել եմ նրա հետ, այն էլ մի քանի անգամ, գուցե հուշերս գրեմ ու տպե՞ք…
Նա գիտեր, որ Վարպետն իմ պաշտամունքներից է։ Մի օր էլ Հրաչիկն ինձ ասաց.
-Տես, նա քեզնից խոսք է դուրս քաշում…
Այս «մարդու» պատմությամբ սկսեցի հետաքրքրվել, պարզվեց, որ Հրաչիկը ճիշտ էր, կամեցյալ «հուշագիրը» ժամանակին նշանակվել էր ԿԲ-ի կողմից վերահսկիչ, որ հետեւի Վարպետի անցուդարձին Ղարաբաղում (1948թ.) ու զեկուցի։ Հետո այս ճշմարտությունը հաստատեցին նաեւ Բագրատ Ուլուբաբյանն ու Բոգդան Ջանյանը, որոնց հետ ես հաճախ էի հանդիպում Երեւանում։ Հրաչիկն ինձ խորհուրդ տվեց.
-Զգույշ կաց, գաղտնի գործակալներ կան։
Ինձ խորհուրդ տվեց, բայց ինքը «բռնվեց»։ Ինչումն էր բանը։ Մի օր մի ճանաչված «մտավորական» Գաբո Ապոր սեղանին է դնում Ղարաբաղի գրողների նոր տպագրված ալմանախը՝ հայերեն եւ ադրբեջաներեն լեզուներով։ Գաբոն դեռ իր վերաբերմունքը չէր հասցրել արտայհայտել, երբ աղմուկով ներս մտավ Հրաչյա Բեգլարյանը։ Գաբոն գիրքը մեկնեց Հրաչիկին.
-Տես, նոր է տպագրվել։
Հրաչիկը գիրքը շուռումուռ տվեց, տեսավ ադրբեջաներեն տպագրված տառերն ու համարյա շպրտեց այն.
-Արա, ամոթ չէ՞, էս ինչ մասխարա է… Չէ՞ր կարելի առանձին-առանձին գրքեր տպագրել, մեկը հայերեն, մյուսն էլ՝ թարգմանությունները… Էս հինչ շիլուշփոթ ա…
Հարցի շուրջն ամեն մեկն իր կարծիքն ասաց, Հրաչիկի ու «մտավորականի» միջեւ վեճ առաջացավ, հետո գնացին բոլորը, մնացինք բաժնի աշխատողներս՝ Գաբոն եւ ես։
-Տխուր է,- ասացի։
-Սիրտդ լեն պահիր, Աստված մեծ է,- հուսադրեց Գաբոն։
Հաջորդ օրը, երբ կապի շենքի մոտով անցնում էի դեպի աշխատանքի վայր (արդեն ապրում էի Արմենավանում), մեկը, շատ կուլտուրական վարվելաձեւով, կտրեց ճամփաս ու հարցրեց.
-Ճի՞շտ է, որ երեկ Հրաչյա Բեգլարյանը ձեր բաժնում հայհոյել է ադրբեջանցիներին…
-Բայց դու ո՞վ ես,- մնացի զարմացած ու շվարած։
Նա խնամքով ծոցից հանեց մի կարմիր վկայական, ցույց տվեց ու ավելացրեց.
-Ես բարի մտքով, լավ սրտով եմ դիմում, ուզում եմ օգնած լինել։ Միայն թե՝ ճիշտն իմանամ։
Ես ինձ հավաքեցի.
-Նման բան չի եղել։
-Հաստա՞տ։ Բայց մեկն ինձ ասել է (տալիս է այն չինովնիկի անունը, ով գիրքը բերել էր մեր բաժին), որ բանը քիչ էր մնում նույնիսկ հասնի տուրուդմփոցի։
Նրա այս խոսքերն ինձ տխրեցրին, զգացի, որ քաջատեղյակ է, կարճ կապեցի.
-Ես նման բան չեմ հիշում։
Այս մասին պատմեցի Գաբոյին ու Հրաչիկին։ Նրանք զայրացան, ճանաչեցին ԿԲ-ի գործակալին եւ որոշեցին մատնիչ պաշտոնյային «վարձահատույց» լինել։ Ինչ անել, ինչ չանել, Գաբոն ելքը գտավ.
-Եթե Կեւորկովը ինձ ու քեզ նորից կանչի, Հրաչիկ, պիտի այդ ծախու սրիկային, որ մատնել է մեզ, նրա աչքում ոչնչացնենք, ընդհուպ՝ մինչեւ պաշտոնից ազատելը։
-Ո՞նց,- զարմացավ Հրաչիկը։ -Նա ճանաչված ագիտատոր ու ընդգծված ադրբեջանամետ է, դա բոլորը գիտեն, առաջին հերթին՝ Կեւորկովը։
-Շատ պարզ, կասենք, որ շառլատան է, գործ չի անում, ամբողջ օրը կանանց ետեւից է վազում, դեսուդեն թրեւ գալիս աննպատակ… Հո չենք ասի, թե մատնիչ է, թուրքերին ծախված։
Որոշման իրագործման համար շատ ժամանակ չպահանջվեց։ Կեւորկովը կանչեց Գաբոյին ու Հրաչիկին։ Վերջիններիս հետ խոսում էր այնպես, ասես հաշվետվություն էր տալիս… Երբ մի լավ գործ էր ուզում անել, գիտեր, որ Գաբոն եւ Հրաչիկը Հայաստանում եւս անուն հանած գրողներ են, նրանց տեղյակ էր պահում։ Երկար ու բարակ զրուցելուց հետո Հրաչիկը նախաձեռնությունը վերցնում է ձեռքը.
-Բորիս Սարկիսովիչ, մի կարեւոր բան պիտի ասեմ, որը վերաբերում է մարզի պատասխանատու պաշտոնյաներից մեկին…
-Ասե, խոսքը հուրա՞ վերաբերըմ…
-…
-Հի՞նչ ա իլալ…
Գաբոն ու Հրաչիկը գիտեն, որ մատնիչը Կեւորկովի թուլաներից է, քարոզչության բնագավառում՝ իր ձեռքի կուլան, հնագույն կուսակցական աշխատող։
-Ուրան լավ չի պահում, Բորիս Սարկիսովիչ։
-Այսինքն…
-Կընանոցը նհետ ման ա կյամ… գործ չի անըմ։ Շառլատան ա… Պաշտոնեն սազըմ չի…
Այս ամենը ես հիմա գրի եմ առնում՝ հիշելով Գաբո Ապոր պատմածը։ Հրաչիկի վերջին խոսքից հետո Գաբո Ապերը մնում է անելանելի վիճակում, նրան թվում է, թե ուր-որ է Կեւորկովը կուժն ու կուլան իրենց վրա է ջարդելու։ Բայց Կեւորկովը զայրացած պտտվում է իր շարժական աթոռին ու վրա բերում.
- Հետո հի՞նչ։ Պուշկինը Ռուսաստանի ամենամեծ գրողը չի՞… Քիչ ա ման եկա՞լ… Մտավորականների մաչին տինը ինըմա…
Այստեղ ջուր է մաղվում Գաբոյի ու Հրաչիկի վրա։ Գաբոյին թվում էր, թե վերջ, արդեն տանուլ տվին, բայց Հրաչիկը «խոփն ավելի է խորացնում», լրջանում.
-Բորիս Սարկիսովիչ, ես համաձայն չըմ …
Այստեղ Գաբոն մնում է, իր բառով ասած, շշկլված։ Ո՞վ է համարձակվում Կեւորկովին ընդդիմանալ, որ Հրաչիկը հիմա հակառակվում է։
-Ասըմըս հի՞նչ… Համաձայն չը՞ս…,- Կեւորկովի ձայնը գնալով դառնում է անհանդուրժող։
-Հա, համաձայն չըմ,- Բորիս Սարկիսովիչ,- վերջին զարկն է իջեցնում Հրաչիկը,- ճիշտ ա, Պուշկինն էլ ա տի պեներ ըրալ, բայց Պուշկինին կարելի ա իլալ։
Կեւորկովն այստեղ խնդում է.
-Հը… Էդ հունց ա վեր Պուշկինին կարելի ա իլալ, ուրան կարելի չի։
-Պուշկինին կարելի ա իլալ, որովհետեւ Պուշկինը կոմունիստ չի իլալ, ամա ինքը կոմունիստ ա…
-Հա՜… Էտ մինը դուզ ըս ասըմ… Ստեղ ես լրիվ համաձայնըմ ծիզնըհետ…
Հրաչիկի ակամա «մենամարտը» Կեւորկովի հետ ավարտվում է հաղթանակով։ Կեւորկովը հետագայում ուզում էր «պահել» մատնիչ պաշտոնյային, բայց վերջինս արդեն չափն անցել էր, ինքն իր գերեզմանը փորեց։
Քանի որ խոսք եղավ Կեւորկովի մասին, ասեմ, որ Գաբոն եւ Հրաչիկը նրան անվերջ մղում էին (որքան հնարավոր էր) հայանպաստ գործերի, եւ Կեւորկովը, որպեսզի ծածկի իր նաեւ սեւ գործերը, շատ հաճախ ընդառաջ էր գնում նրանց։ Մի անգամ Գաբոն ինձ ասաց.
-Գիտե՞ս, Ստեփանակերտի ներքեւի մասում բուն դրած թուրքերին քշելու հանձնարարություն տվեց, հենց մեզ մոտ…
-Իսկապե՞ս …
Գաբոն «զայրանում» է ու դիմում Հրաչիկին.
-Արա, ասալ չը՞մ, որ ասինք, Վարդանը հըվըտլական չի, Էս հինչ տեսակ մարդ ա…
Բայց չեմ մոռանում նաեւ հենց իր՝ Գաբոյի դժգոհությունը, որ հաճախակի էր լինում եւ միայն ինձ մոտ էր արտահայտվում.
-Վարդան, քեզանից ինչ թաքցնեմ, երբ մի օր չի կանչում, հոգիս խաղաղ քնում եմ, որ կանչում է, գիշերներն էնքան թավուլ-թավուլ եմ գալիս, որ «պրոստինս» չաթու (պարան) է դառնում, թե ինձ խեղդի։
Գուրգեն Գաբրիելյանն իր ժողովրդի, ազգի նվիրյալն էր։ Եվ գիշեր-ցերեկ մաքառում էր հանուն Արցախը հայ պահելու, հանուն մեր լեզվի անաղարտության, հանուն մեր հավատի։ Երկու անգամ նա, արձակագիր Մաքսիմ Հովհաննիսյանի հետ միասին, ստորագրել է Արցախը մայր Հայաստանին միացնելու նամակի տակ, ենթարկվել հալածանքների։ Բայց հանուն իր ժողովրդի պատրաստ էր ամեն տեսակի չարչարանքների, միայն թե մեր ազգային նպատակն իրականանա…

«ԴԱԼՇԵ ՆԵԿՈՒԴԱ»

Երբ Արցախը մայր Հայաստանին միացնելու մասին նամակը մտմտում էինք ես ու Հրաչյան, Գաբոյից մի քիչ «թերխաշ» էինք, ինչպես ինքն էր ասում։ Ամբողջ կյանքում ընդամենը երկու անգամ եմ նման «թերխաշություն» ունեցել Գաբոյի հետ։ Եվ ահա նամակ գրելու վճռական պահը մեզ ստիպեց նորից հայտնվել կողք-կողքի։
Հրաչիկը միշտ կատակում էր. «Գաբոյի հետ «թերխաշ» լինելու հաճույքը նրա մեջ է, որ հաշտությունը միշտ էլ լինում է աննման քեֆերի շարանով»։ Իսկ եթե Գաբոն հանկարծ փորձում էր «խռովքի» պահին աննպաստ արտահայտվել, ասենք, իմ նկատմամբ, որի հետ ամենասերտ համագործակցության մեջ ենք միշտ եղել ու, ինչպես ասում են, հավերժական բարեկամներ ենք, ապա ինքն էր դրանից նեղվում։ Նման պահերից հետո միշտ կիսվում էր խոստովանանքով.
-Երբ ուզում եմ քո դեմ մի բան ասել, Վարդան, կարծում եմ, թե ինքս իմ դեմ եմ խոսում։ Հոգիս տանջվում է։
Նույնը՝ ես։ Մի օր մեկը գալիս է ինձ մոտ, թե՝ Գաբրիելյանի պոեզիայի մասին ինչ կարծիքի ես։ Իրոնիայով խոսելու մարմաջս բռնում է. չէ՞ որ հարցնողը լավ գիտե, թե ես որքան բարձր կարծիք ունեմ Գաբոյի պոեզիայի մասին։ Ասում եմ՝ նա ինչ բանաստեղծ է որ… Հարցնողը շատ էր ուզում նման պատասխան լսել… Երկու րոպե հետո Գաբոն արդեն «խռով» էր ինձնից։ Այդ օրերին գնաց Երեւան, իմ եւ իր ընկերների մոտ փորձեց ինձ նույնիսկ «մշակել», ինչպես ինքն էր պատմում հետո, բայց Սեւակ Արզումանյանը մեծավարի սաստեց՝ Գուրգեն… Դա բավական էր։ Հրաչիկի հետ էլ «թերխաշ» էր… Երբ վերադարձավ, մեր նկարներից մեկը, ուր ես բաժակը ձեռքիս կանգնած եմ, ինքն էլ մեծ եղբոր պես ձեռքը ուսիս դրած՝ երգում է, տվեց ինձ, գրկախառնվեցինք, հաշտվեցինք։ Նկարի ետեւում գրել էր ու ստորագրել. «Այսպես ավելի լավ է… Բայց հիշիր, որ ես էլի… կամ»։ Պահում եմ այդ նկարը, երբ նայում եմ, սիրտս կսկծում է ցավից։ Հաջորդ օրը բերեց իր «Օրագրի» այն հատորը, ուր իմ դեմ բաներ էր գրել, կարդաց, իմ ներկայությամբ ջնջեց, նորագրեց… Իսկ մեր «արանքը խառնողների» նկատմամբ մեր վերաբերմունքը միանգամից փոխվեց։ Այդպես էր Գաբոն՝ անկեղծ ու պարզ։ Առանց Գաբոյի ինձ համար նույնպես հեշտ չէր։ Շատ էինք հարազատացել։ Եվ «խռովությունը», բնականաբար, երկար չտեւեց։
Եվ ահա ես, Հրաչիկը եւ Գաբոն նստած վերախմբագրում ենք, չգիտենք որերորդ անգամ, Կրեմլին հասցնելիք մեր հայտնի նամակը, որը, հասկանալի է, գրել էինք հայերեն՝ թարգմանելու մտքով, բայց այնտեղ մի երկու բառ ես ու Հրաչիկը գրել էինք ռուսերեն. «ԺՈսՖՔպ վպՍցՊՈ»։ Դա շատ էր դուր եկել Գաբո Ապորը։ Հանկարծ տեղից վեր կացավ.
-Գնանք…
-Ո՞ւր…
-Գնանք…
Հասկացանք, որ քեֆի է տանում։ Գնացինք։ Առաջին բաժակը վերցրեց ու թե.
-Մենք հաղթելու ենք, տղաներ։ Մեր հաղթանակի կենացը։ Խմեք մինչեւ վերջ. «ԺՈսՖՔպ վպՍցՊՈ»։ Եվ այդ օրից արտահայտությունը մնաց մեր ամենօրյա զրույցներից անբաժան։

ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ՄԱՐԳԱՐԵՈՒԹՅՈՒՆԸ

Արցախյան հիմնախնդրով մտավորականների խումբը Մոսկվայում էր։ Գաբոն, Հրաչիկը եւ ես մի տաքսի նստեցինք։ Տաքսու վարորդը, չգիտես ինչու, անտրամադիր էր պատասխանում Գաբո Ապոր հարցերին։ Մեկ-երկու խոսքերից հետո, որքան էլ փորձում էինք սիրալիր գտնվել, վարորդը կոշտ ու անհյուրընկալ ասաց.
-Փողը մուծեք, տանեմ մի «սպրավըչնի» բաժին, ձեր հարցերը տվեք։
Գաբոն, որ առջեւի մասում էր նստած, միանգամից լռեց։ «Ուկրաինա» հյուրանոցի մոտ իջանք երեքով եւ այն է` ուզում էինք դռներից ներս մտնել, երբ գլխապատառ ու աղաղակներով մեր ետեւից մոտ վազեց տաքսու վարորդը.
-Ինչ ուզեք՝ կանեմ, մենակ թե ետ տվեք անունս… Աղաչում եմ։
-Ի՞նչ անուն,- զարմացանք ես ու Հրաչիկը։
Վարորդը մի քանի ռուբլի հանեց, մեր տվածից բավականին շատ, շարունակեց խնդրել.
-Անունս…
-Անվանդ գինը որ իմանայիր, մեզ հետ մարդավարի կվերաբերվեիր,- ասում է Գաբո Ապերը ու գրպանից հանում տաքսու վարորդի անվանագիրը, որ մշտապես լինում է մեքենայի մեջ,- վերցրու եւ սրանից հետո մարդկային կպահես քեզ, իսկ փողերդ տար, քեզ պետք կգան…
Մենք տեսնելով տաքսիստի անվանագիրը՝ հատուկ ապակու վրա, սպիտակ, նոր միայն հասկացանք, թե բանն ինչումն է։ Ծիծաղեցինք Գաբո Ապոր կոշտ կատակի վրա, որ նաեւ դաս էր վարորդի համար։ Իսկ հյուրանոցի շեմին Գաբոն ասաց.
-Տղերք, վելիկալեպնի տրոյկան (նկատի ուներ իրեն, Հրաչիկին եւ ինձ), որ հասել է Մոսկվա՝ էս ցուրտ ու բքին, համոզված եղեք, որ Արցախը փրկվելու է, անգամ եթե սովետը քանդվելու լինի։
Այդպես էլ եղավ, Գաբո Ապոր մարգարեությունն իրականացավ, բայց, ավաղ, շատ մեծ զոհերի, երանելի տղաների արյան գնով։

ՔԵՖԻ ՎՃԱՐԸ

Բրեժնեւյան շրջանն էր, մեկ-մեկ ընկերավարի «քննադատում» էի մեծ ախպերներիս՝ Գաբոյին ու Հրաչիկին, սրա-նրա հետ հանդիպումները պաչպչոցներով ավարտելու համար։ Բայց, կատակը մի կողմ, Գաբո Ապերը ընկերության մեջ («Հընգեր, հընգեր, դուզ հընգեր, էտ շտղա լուս ընգեր») մեծ կարեւորություն էր տալիս համբույրին՝ նրա մեջ դնելով ղարաբաղցի պապիկի սրտագին վերաբերմունքն ու աղայությունը։ Եվ ահա մի օր, երբ քաղաքամերձ «պավիլիոնում» հաց էինք կերել եւ դուրս էինք գալիս, Գաբոն ճաշարանի բուֆետպանին հարցրեց.
-Մատաղ ինիմ, հինչ ընք տըլական,- խոսքը վճարի մասին էր։
-Երեսուն մանեթ…
Գաբո Ապերը հանում է ձեռքի քսանհինգանոցը (միշտ փողը տալիս էինք իրեն, որ վերջում ինքը մեծավարի վճարի), տալիս է բուֆետպանին, մինչեւ վերջինս կխոսի, արագ համբուրում նրան։ Ապա շրջվում է դեպի ետեւից քայլող Հրաչիկն ու կամաց ականջին շշնջում. «Հրաչիկ, հինգ մանեթ պակաս ըմ տվալ, տու էլ կպաչիս»։ Բայց բուֆետպանը լսում է.
-Գաբո Ապեր, վեր փող էլ չտաս, վեշ մին պեն, քո պաչիլտ ինձետե միլիոններ ա։
Պարզվեց, որ բուֆետպանը Գաբոյի հին սաներից է։
Հետո անընդհատ հիշում էինք այս պատմությունը ու ծիծաղում։


ՆՐԱ «ՀՈՎՎԱՊԵՏԱԿԱՆ» ԳԱՎԱԶԱՆԸ

Գաբո Ապերը, սովորաբար, «թամադայությունը» դասականության էր հասցնում, իսկ երբ խոսքը իմ կենացի շուրջն էր լինում, մշտապես վերջանում էր նույն բառերով.
-Եթե քնած տեղս էլ մեկը ձեռքով կուփե տա ինձ, ասե՝ յեր կաց, քեզանից հետո ո՞ւմ ես թողնելու գավազանդ, ես կասեմ՝ Վարդանին…
Սա նրա սիրած խոսքն էր, որով մշտապես իր վերաբերմունքն էր արտահայտում։ Գավազանի մեջ նա տեսնում էր իրեն հատուկ շնորհք ու պոետական կախարդանք, ավագների կիսատ թողված ծիրը շարունակելու պարտք ու պատգամ... Եվ ես մեծապես շոյվում էի դրանից, խրախուսվում՝ որպես կրտսեր գրչակից։
Կեւորկովյան դժնի ժամանակներն էին, գրեցի իմ «Օջախ» բանաստեղծությունը, հենց որ Գաբոն մտավ սենյակ, սկսեցի կարդալ (սովորություն ունեինք՝ մեր գործերն առաջինն ընթերցում էինք իրար համար), եկավ, համբուրեց ճակատս ու սկսեց փնտրել գրպանները։
-Ինչ ես փնտրում, Գաբո։
-Հիմա կիմանաս,- ու հանում է Անդրանիկ զորավարի դիմաքանդակով մի պղնձե հուշամեդալ, համբուրում ու հանձնում ինձ,- սա քո բանաստեղծության շահած մրցանակն է…
Ուրախությանս չափ ու սահման չկար։ Դրանից մեծ մրցանակ կյանքում չեմ շահել…
Օրեր անցան, մի օր ինձ կանչեց իր մոտ, Զորի Բալայանն այնտեղ էր։ Գաբոն ինձ ասաց՝ «Օջախդ» արտասանիր՝ Զորին լսի։ Արտասանեցի ոգեւորված։ Զորին շատ հավանեց, ձեռքս սեղմեց ու քաջալերանքի խոսքեր ասաց։
Գուրգեն Գաբրիելյանը բարձրակարգ արվեստագետ էր, իր սերնդակիցների մեջ առանձնանում էր թե բնության տված շռայլ տաղանդով, թե արվեստի բոլոր ճյուղերի, մանավանդ, հայրենի գրականության՝ հին ժամանակներից մինչեւ մեր օրերը, խորը իմացություններով ու չափազանց ինքնատիպ մեկնություններով։ Հայոց լեզվի իմացությամբ ուղղակի փայլում էր։ Եվ պատահական չէր, որ նա մեր քերականությունը եւս վերածեց չափածո խոսքի՝ երեխաների ուսումն առավել մատչելի ու արդյունավետ դարձնելու համար («Ուրախ հայերեն»)։ Հիշում եմ, թե Երեւանում, երբ ակադեմիկոս Սերգեյ Սարինյանի հետ հյուրընկալվում էինք հայ մեծ լեզվաբան, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի տանը, վերջինս ինչպիսի անթաքույց սիրով ու պատկառանքով էր խոսում մանկագիր Գուրգեն Գաբրիելյանի մասին։
-Գուրգեն Գաբրիելյանն արտակարգ երեւույթ է… Գուրգուրանքով, սիրով վերաբերվեք նրան։
Իսկ Սերգեյ Սարինյանն ընդգծեց մանկագրի ստեղծագործության բարձր ժողովրդայնությունն ու բանահյուսական արմատների վրա բարձրացած նրա երգի փիլիսոփայական պարզությունը։
Եվ, հիրավի, Գաբրիելյանը կենդանության օրոք հասցրեց համաժողովրդական ճանաչման ու սիրո արժանանալ։ Իմ մեծ ուսուցիչ Շիրազը, որի հետ բախտ եմ ունեցել հանդիպումներ ունենալ հաճախ, Գաբոյի մասին ասում էր.
-Նա քանքարավոր պոետ է…
- Գուրգեն Գաբրիելյանը մեր մանկագրության մեջ ստեղծեց գաբրիելյանական իր դպրոցը՝ երեխաների համար գրվող բանաստեղծության համար ապահովելով այն գլխավոր հատկանիշները, առանց որոնց ցանկացած ստեղծագործություն կորցնում է իր հմայքը։ Դրանք են՝ բարձր տրամադրականություն, մտքի սրություն՝ դեպի իմաստային խորքը տանող, խաղ, տեսանելիության հասնող ընդգծված պատկերավորություն, ներքին դինամիկա, խոսքի անմիջականություն, հակիրճություն ու գործողություն, ասելիքի պարզություն ու սեղմություն… Նրա յուրաքանչյուր մանկական բանաստեղծություն կարելի է նույնիսկ բեմադրել։ Բնականաբար, հնարավոր չէ, թվարկել այն բոլոր առանձնահատկությունները, որոնցով Գուրգեն Գաբրիելյանի բանաստեղծությունը միանգամից դառնում է սիրելի եւ ընդունելի բոլոր ընթերցողների համար՝ թե փոքրերի, թե մեծերի։ Եվ, որ ամենագլխավորն է, մեծ է Գաբոյի ստեղծագործության ճանաչողական, իմացական ու դաստիարակչական նշանակությունը։ Նրանով սերունդներ են դաստիարակվում։ Դեռեւս Արցախյան համազգային շարժումն սկսվելուց առաջ Գուրգեն Գաբրիելյանի «Այբուբենը երգերի մեջ» գլուխգործոցային ստեղծագործությունը մեր եզերքի անունը հանել էր մեծ աշխարհ, դառնալով ամբողջ սփյուռքահայության սիրելի գործերից մեկը։ Ես հիշում եմ, թե Գաբո Ապերն ինչպիսի խանդաղատանքով ու սիրով էր ընթերցում Ամենայն հայոց կաթողիկոսի միջնորդությամբ իրեն հասած այն գրերը, որոնցում թույլտվություն է խնդրվում, որ այդ ժողովածուն հրապարակվի մեծ տպաքանակով եւ առաքվի սփյուռքահայությանը։ Գաբոն արվեստագետ էր, որին հատուկ էր ներքին դիտողականությունն ու արվեստի երկին խիստ բնորոշ չափի զգացողությունը, հատկանիշներ, որոնք գրողի ու մտածողի հաջողության առաջին նախապայմանն են եղել բոլոր ժամանակներում։ Իսկ Գաբոն շռայլապես էր օգտվում այն ամենից, ինչ Աստծո կողմից շռայլորեն պարգեւ էր ստացել, այսինքն՝ դրանք անմնացորդ նվիրաբերում էր ժողովրդին։
Տարիներ առաջ էր, Հրանտ Մաթեւոսյանի ՀԳՄ նախագահ ընտրվելուց որոշ ժամանակ էր անցել, մի խումբ գրողներ հրավիրվեցինք այդ հաղթանակը նշելու։ Գաբո Ապոր հետ այնտեղ նորից հանդիպեցինք Սերո Խանզադյանին։ Ավելի ճիշտ, Սերո Խանզադյանը, որ այգու ծառի տակ տեղադրված սեղաններից ընտրել էր ամենավերինը, մի պահ նայեց, տեսավ մեզ, հեռվից ձեռքով արավ, ապա, իրեն հատուկ շարժումով, ձախ ձեռքը սահեցրեց արքայական բեղերի վրայով.
-Տղերք, ստեղ եկեք…
Մոտեցանք, մի քիչ տխուր էր։ Հիվանդ էր։ Մինչեւ մյուս սեղանների շուրջ մարդիկ կհավաքվեին, նա վերցրեց բաժակը եւ մեզ եւս հորդորեց անել նույնը.
-Տղերք, խմենք մեր Հրանտի կենացը, շնորհավորենք։ Հրանտով մեր գրականությունը շատ բարձրացավ, գրողների տունն էլ կբարձրանա, մեր ժողովրդի տունն էլ…
Ասելն ու արաղի բաժակը դատարկելը մեկ եղավ։ Ապա նա խոսք բացեց Ղարաբաղի մասին, Գաբոյի հետ հիշեց, թե ժամանակին ինչպիսի հանդիպումներ են ունեցել կուսակցական-պետական ղեկավարների հետ ու ինչպես են նուրբ ձեւով առաջ մղել Արցախը հայ պահելու խնդիրը։ Գաբոն պատմեց, թե ինչ դժվարությամբ է ինքը այն տարիներին հասել նրան, որ հայրենի Խանցք գյուղից ազերիներին դուրս քշեն, խլեն նրանց արդեն հատկացված հողատարածքները, թե ինչպես է ինքը՝ Հրաչիկի հետ միասին, պայքարել, որ ադրբեջաներեն լեզուն չմտցվի հայկական դպրոցներ, որ Ստեփանակերտի տեխնիկումներում ադրբեջանական բաժիններ չբացեն։ Սերո Խանզադյանը երկրորդ բաժակը բարձրացրեց.
-Գուրգեն, էս մի կենացն էլ ասեմ, հետո կսպասենք բոլորը սեղանների շուրջ կտեղավորվեն ու միասին քեֆ կանենք…
-Հա, ասա, Սերո Նիկոլայեւիչ…
-Էս մի բաժակն էլ խմում եմ քո կենացը, դու մեծ մանկագիր ես, դու արդեն դասական ես… Խմենք, տղաներ,- բաժակը զարկում է մեր բաժակներին,- խմենք Հայաստանի մեծագույն մանկագրի կենացը…
Խանզադյանական ոճով դատարկում է բաժակը, ցուցամատը տնկում օդում, ինչպես վարպետ դիրիժորը կբարձրացներ իր չափաձողիկը.
-Գուրգեն, դե հիմա մեծ ախպորդ համար «Հորովել»-ից մի երկու «կուպլետ» ասա՝ լսեմ…
Գաբո Ապերն ուներ գրական բարձր ճաշակ։ Ես չեմ խոսում այն մասին, որ հաճախ «զիջումների» էր գնում՝ իր անաչառ բարության գերին դարձած, երբեմն «հավանում» բաներ, որ հետո ինքն էր իրենից զարմանում։ Գաբոն, ինչպես ինքը կասեր, հոտառությամբ անգամ ջոկում էր սուտն ու ճիշտը, լավն ու վատը եւ այնքան նուրբ ընկալումներ ուներ նորի ու թարմի, գեղեցիկի ու ինքնատիպի, որ, ուղղակի, զարմանք էր առաջացնում։ Հաճախ, երբ խոսք էր բացվում արվեստի իմացության ու գրողի չափի զգացման մասին, սիրում էր արցախյան բարբառով ավարտել իր խոսքը.
-Բանաստեղծը պիտի քթածակ ունենա…
Եվ մենք խորապես հասկանում էինք նրան։
Սիրում էր Գաբոն հիշել իր մոր հետ կապված մի պատմություն, որը մոտավորապես այսպիսին էր։ Երբ երեխա էր, մի օր տեսնում է, թե մայրը ինչպես է հացի խմորը տաշտից հանում ու ափերի մեջ գնդում, արցախցիներս ասում ենք՝ պյուլում։ Եվ մայրը խմորն ափի մեջ դես է շրջում, դեն է շրջում՝ մի ափից մյուս ափը տանելով-բերելով, վերջում, մի ծտակտուցի չափով, գնդից խմոր պոկում, միացնում ընդհանուր խմորին, արդեն պատրաստ խմորագնդիկը դնում մի կողմ, «մեզարի» վրա։
-Մամ,- հարցնում է որդին,-էդ մի հատիկաչափ խմորն ինչու պոկեցիր գնդից, էդ մի պզտիկ պատառն ի՞նչ էր խանգարում։
-Նա ավել էր, բալաս,- ասում է մայրը,- ափիս մեջ զգում եմ…
Այդ դեպքը վերհիշելով, Գաբոն երիտասարդներիս ամեն անգամ դաս էր տալիս պոետական զգացումի ու վարպետության մասին.
-Լավ պոետը պիտի լավ հացթուխի նման անգամ ափի միջով զգա ավելորդությունը, սրտի միջով անցկացնի իր ամեն բառը, տողը, միտքը։ Չէ ո՞ր պոեզիան էլ հաց է։
Գաբո Ապերն իր երգ ու բերքով (իր բառերն են) հարստացրեց մեր գրականությունը, մեր կյանքը։ Արվեստագետի ու որոնողի նրա նկարագիրը երանելիության հմայքներ ուներ։ Նրանից դաս էինք առնում ոչ միայն երիտասարդներս, այլեւ նրա հասակակիցները, որոնցից շատերը, Գաբո Ապոր հորդորով, գրում էին նաեւ մանուկների համար։ Այսպես, Գաբոն Հրաչիկին եւ ինձ քաշեց իր «ջրերը», ծնվեցին մեր մանկական գրքույկները։
Գաբոն, Հրաչիկը եւ ես միշտ միասին էինք լինում։ Եվ հիմա նրա մահից տարիներ հետո, երբ ես ու Հրաչիկը մի տեղ ենք գնում, նստում որեւէ սեղանի շուրջ, ասում եմ՝ Հրաչիկ, եթե մենք մենք ենք, բա ո՞ւր է Գաբոն…
Ու տխուր ժպտում ենք։




ԱՌԱՋԻՆ ԵՎ ՎԵՐՋԻՆ
 ՆԱՄԱԿԸ

Գաբո Ապերը ժողովրդական երեւույթ էր՝ բառի ամենալայն հասկացությամբ։ Երբ ես ընտրվեցի Ղարաբաղի գրական բաժանմունքի ղեկավար, առաջին գործս եղավ այն, որ Արցախում ապրող գրողները համահայկական գրական դաշտում լինեն, միայն Գ.Գաբրիելյանն էր, որ տպագրվում էր Հայաստանում, երիտասարդներից ես էի տպագրվում։ Եվ ահա խորհրդակցելով ԳՄ նախագահ Վարդգես Պետրոսյանի հետ, որոշեցինք, որ ԳՄ տարվա լավագույն մրցանակներից մեկը՝ Ստ. Զորյանի անվան, շնորհվի մանկագիր Գուրգեն Գաբրիելյանին, միաժամանակ այնպես անել, որ մրցանակը հանձնվի Ղարաբաղում։ Սա ժամանակին մեծ իրողություն էր ու խիզախ քայլ, որովհետեւ Հայաստանի եւ Արցախի յուրաքանչյուր ուղիղ կապ Բաքուն ու Մոսկվան դիտում էին որպես նացիոնալիզմ։ Հասանք դրան։ Երկար բանակցություններից հետո Կեւորկովը եւս տվեց իր համաձայնությունը։ Նրան համոզելու գործում մեզ, որքան հիշում եմ, զգալի չափով օգնեց եւ Սամվել Մամունցը։
Երեւանից պիտի Արցախ գար գրողների մի ամբողջ պատվիրակություն՝ Վ. Պետրոսյանի գլխավորությամբ, Ղարաբաղը մի քանի օր պիտի շնչեր մեր գրական մեծերի ներկայությամբ։ Սակայն, ցավոք, այդ օրերին Գաբրիելյանը մեկնել էր Մոսկվա։ Պիտի խոստովանեմ, որ միակ աղջկա՝ Անահիտի ճակատագիրը նրան տառապանքներ էր բերում։ Մենք կողքից ուզում էինք սիրտ տալ, օգտակար լինել, բայց հնարավոր չէր, հիվանդությունն իրենն արել էր։ Եվ ամեն տարի Գաբոն նրան տանում էր Մոսկվա՝ բուժման։ Հեռախոսով կապվեցի, մրցանակի մասին արդեն գիտեր, որոշ ծրագրերի մասին պայմանավորվեցինք։ Երկու օր հետո ստացա նրանից գրություն։ Ահա այն. «Բարեւ, Վարդան ջան։ Դու կարո՞ղ ես պատկերացնել, որ սա իմ առաջին նամակն է, որ գրում եմ քեզ։ Դե, քրքրիր հիշողությունդ, գուցե այդպե՞ս չէ։ Բայց երանի թե այս նամակն էլ չգրվեր. ինչպես միշտ, միասին լինեինք միշտ, իրար կողք-կողքի, միմյանց շունչ զգալիս։ Չար բախտը ստիպեց ինձ, որ սրտինս ոչ թե ականջիդ, այլ նամակով հաղորդեմ քեզ՝ իմ սիրելիին, իմ անկրկնելիին։ Անեծք քեզ, բախտ…
Վարդան ջան. ի՞նչ ասեմ, ախպերս։ Պատկերացրու Գաբոյիդ վիճակը, երբ նրա աղջկան դեմն են բերում թեւերից բռնած, լույս աշխարհին կարոտ։ Վիրահատված աչքը ոչինչ չտեսած (իսկ դա ոչինչ էլ չի տեսնի), երկրորդ աչքն են վիրահատել։ Եվ եթե մինչ այդ լույսի պատառիկ էր որսում, ահա երկու օր է՝ զրկված է նաեւ այդ պատառիկից։
… Դե եկ, Վարդապետ ու մի խենթանա…
Այս վիճակը դեռ երկար կշարունակվի, եւ հաստատ համոզված եմ, որ նոյեմբերի առաջին օրերին իմ ներկայությունը մեր քաղաքում կբացառվի։ Ես եթե կարողանամ 10-ից 15-ը տանը լինել, դա հրաշք կլինի։ Ուրեմն, ախպեր ջան, քեզ հատուկ եռանդով ու սկզբունքայնությամբ խոսիր Վարդգեսի ու Բորիս Սարկիսովիչի հետ, ամեն ինչ արա, որ մրցանակի հանձնումը տեղի ունենա այդ ժամանակահատվածում (10-15), այլապես ես ներկա լինել չեմ կարող։
Ստույգ պայմանավորվելուց հետո խնդրում եմ ինձ հեռագրես։
Դե, մնացածը՝ իմ գալուց հետո։ Համբուրում եմ պինդ-պինդ՝ քեզ ու Հրաչիկին, միշտ քո, միշտ քո՝ Գաբո։
25.10.84թ.»։

Ես կարդալով Գաբոյի նամակը, շատ հուզվեցի։ Որոշ ժամանակ անց գրեցի Գաբոյին նվիրված մի բանաստեղծություն՝ արցախյան բարբառով, այն հեռախոսով կարդացի Հրաչիկի համար, նա եւս խորը տխրեց։ Երբ Գաբոն վերադարձավ Մոսկվայից, շտապեցի կարդալ նրան այդ բանաստեղծությունը, նա շատ հավանեց։ Մի օրինակ իմ մակագրությամբ նվիրեցի նրան։ Ահա այդ գործն ամբողջությամբ։


ՀՈՒՆՑ ՍՈՒՍ ԱՆԻՆՔ
Անփոխարինելի Գաբո Ապորը

Սարու մնան ախպեր օնիմ,
Հեռե տեղա կյըլականա.
Ընդրա սյասին մատաղ ինիմ,
Երքը հանցա ճիրակնընա։

«Հորովելը» հունց ա կյիրալ,
Մաչին էնքան սեւ դարդեր կան.
Ընդրան էդ հինչ մար ա պերալ,
Ցավեն ծերքան հանդերն ա ընգալ։

Ղարաբաղը ճիրատալ ա,
Սյասն ընջուկաս էլ տյուս չի կյամ…
Սերտը սեւան պըռատալ ա,
Դարդին յրա նոր դարդ ա կյամ։

Բեգյունց Հըրաչ, յեք սուս չանինքյ,
Խելք-խելքու տանք, մին թահր անինք,
Քյինինք, դարդան պըրծըցընինք,
Մըեր ապորը մեր տոն պիրինքյ։

25.01.85թ.
ք. Ստեփանակերտ

Տարիներ հետո, երբ արդեն նայում եմ գրությունները, նկարները, ուր Գաբո Ապոր հետ ելույթներ էինք ունենում քաղաքներում ու գյուղերում, նոր միայն զգում եմ՝ արցախյան հողի բոլոր հարստությունները կային Գաբրիելյան բանաստեղծի մեջ, իսկ մենք՝ նրա հետ ապրողներս, քայլողներս, չէինք զգում այդ ամենի խորքը։ Նա կյանքոտ էր զարմանալիորեն ու տրամադրող։ Իսկապես որ՝ ամեն ինչ անցնում է, գնում, մնում է միայն «գիրը հիշատակող»։

«ԳԱԲՈՆ ԳԻՏԿԱՆ Ա»…

Գաբոն սովորություն ուներ, երբ կենաց էր առաջարկում, սեղանի շուրջ նստած բոլոր տղամարդիկ պիտի մինչեւ վերջ դատարկեին բաժակները. «Ով բաժակի տակը «չեշմակ» չանե՝ մարդ չի»։ Եվ այդ օրը, քանի որ մեքենան ես էի վարում, փորձեցի դա պատրվակ բռնել ու ազատվել նրա «անեծքից»։ Բայց Գաբոն անդրդվելի մնաց։ Հրաչիկը, որ մոտս էր նստած, հանկարծ տանտիրոջը կանչեց.
-Ուրիշ արաղ չունե՞ք, Վարդանը թթի օղի չի սիրում…
Տանտերը նայեց մեր կողմը, Գաբոն դիմացի մարդու հետ տարված էր խոսքով ու չէր նկատում, Հրաչիկը տանտիրոջը ցույց տվեց «Ջերմուկ»-ի շիշը, որ մեր դիմաց էր, դա նշանակում էր՝ օղու շշում ջուր բերել։
Տանտերը ցույց տվեց, թե հասկացավ ու մի նոր շիշ բերեց, «Ջերմուկ» էր գրված վրան, Հրաչիկը իր գյուտից ոգեւորված, այդ շշից անընդհատ լցնում էր բաժակս, թե՝ խմիր, մինչդեռ շշի ներսում հոնի օղի էր, դուր եկավ, սկսեցի «ձիգ տալ» ընկերներիս հետ, պարտքի տակ չմնալ, ինչպես ասում են։ Գաբո Ապերն ընտիր կենացներ էր առաջարկում։ Բանը հասավ նրան, որ ես ու Հրաչիկն էլ Գաբոյի ջրերն ընկած՝ գնում էինք, նրա հետ անգամ երգում, արտասանում։ Մի խոսքով՝ ընտիր քեֆ։ Եվ վայը մեկին եկել-տարել է, թե հանկարծ համարձակվի Գաբոյի խոսելու ժամանակ մի ձեն ու ծպտուն հանի։ Եվ երբ կերուխումը վերջացավ, ես, թեեւ հարբած չէի, ցույց տվի, թե դժվար եմ ոտքի կանգնում… Հրաչիկը մեղմ ժպտաց քթի տակ, դարձավ Գաբոյին.
-Դեհ, խըմըցրալըս, է, եկ «ջողաբը» տո…
Գաբոն ու Հրաչիկը մոտեցան, որ թեւս մտնեն, ես, տնեցիներից քաշվելով, արագ ոտքի կանգնեցի ու գնացինք։ Օրորվում էի քայլելիս։ Հրաչիկն ականջիս տակ բրդեց՝ արա, կարգին քայլիր, խմածդ ջուր չէ՞ր, իբրեւ… Թեեւ քիչ չէի խմել, ճիշտն ասած, վատ չէի զգում ինձ, մանավանդ, որ սեղանի վրա դրված մեղրակտորից մի քանի գդալ վերջում կուլ էի տվել։
Նայեցի Գաբոյին ու ասացի.
-Եթե կարողանաք ինձ տանել, նստեցնել ղեկի մոտ, վերջ, մինչեւ Ստեփանակերտ քշելու եմ, խմածությանս մի նայեք…
Այդպես էլ արին։ Բայց Գաբոն շատ էր ազդվել իմ վիճակից.
-Արա, Հըրա՛չ, ասօր Վարդանն ուրան նման չի, էտ խե տիա տեռալ։
-Դեհ, քյեզ հըրցըրու, Գաբո,- ասում է Հրաչիկին ու ինձ աչքով անում։
Մի քիչ որ գնում ենք, սկսում եմ դիտավորյալ մեքենան ճամփի կամ վերեւով քշել կամ ներքեւով։ Հրաչիկը նայում է դեմքիս, շուրթերը մոտեցնում, թե.
-Արա, մին շունչ քաշե…
Հոնի օղու հոտը որ փչում է երեսին, գույնը կորցնում է.
-Մաշինը պահե…
Սկսում եմ կարգին քշել։ Հրաչիկը համոզվում է, որ ես էլ իրեն հետ հավասար կոնծել եմ։ Չգիտե՝ ինչ անել։ Գաբոն քնով է անցել։ Հրաչիկը անհանգիստ ինձ է նայում ու առջեւի ճանապարհին։ Մոտենում ենք Աղդամին։ Ճիշտն ասած, մտքումս մտածում եմ, թե ոնց անեմ, որ երբ հասնեմ Աղդամի կամրջին` ծուռ չգնամ, մանավանդ, խմած մարդն ինչքան ուզում է ուղիղ գնալ, այնքան շատ է ծռմռվում։ Հառաչում եմ։ Հրաչիկն ասում է.
-Արա, պա տու ճուր չէի՞ր խմում։
-Չէ, Հրաչիկ, էն մարդը հոնի արաղ ա պերալ ճրի տեղ, դե, հոնի արաղն էլ, գյուդումըս, իմ դեղն ա…
-Պահ քու տոնը շինվի,- ծափ է զարկում Հրաչիկը։
Նայում ենք մի պահ Գաբոյի կողմը՝ քնա՞ծ է, թե քնած չէ, այդպես էլ չիմացանք, մանավանդ՝ նրա նշանավոր «խռմփոցը», որ լինում էր քնած ժամանակ, չէր լսվում։
-Հինչ անինք,- նեղսրտում է Հրաչիկը։
-Հինչ ա պըտահալ, տղերք,- աչքերը բացում է Գաբոն։
Գիշերվա ժամը երկուսն է դառնում։ Գաբոն ձեռքը մեկնում, երաժշտություն է միացնում։ Հետո բռնելով իմ եւՀրաչիկի ձեռքերից, դուրս է հրավիրում։ Մեքենայի լույսերը միացրած, գիշերային Աղդամի քթի տակ, ուղիղ ճանապարհի մեջտեղում սկսում ենք պարել։ Այդպես, երեւի, մի կես ժամ։ Երբ հասնում ենք Ստեփանակերտ, Հրաչիկն իրենց տան կողքին իջնում է, Գաբոյին բերում եմ իրենց շենքի մոտ։ Բաժանվելիս ինքս ինձ ստուգելու համար ասում եմ.
-Գաբո, չիմացա, էն պարն ինչի՞ համար էր…
-Վարդան, - սաստումի շեշտը բավական էր, որ ամեն ինչ հասկանայի,-էն պարը քյեզ էլ ա փրկալ, ինձ ու Հրաչիկին էլ։ Նոր ըս գյուդո՞ւմ, որ Գաբոն գիտկան ա։ Տու տեսեր վեչ, վեր էն շան տղա տնատարը մըզնըման ճուրն ու արաղը ճոկըմ չի…


ՄԱՆԿԱԳԻՐԸ, ԵՐԱԳԱՀԱՆԸ
ԵՎ «ՎԱԳՐ ՎԱՐԺԵՑՆՈՂԸ»

Ես արդեն խմբագրի տեղակալ էի «Սովետական Ղարաբաղ» թերթում, Գաբոն՝ մշակույթի եւ գրականության բաժնի վարիչ։ Ամեն առավոտ նախ իմ դուռն էր բացում, բարեւում, հետո գնում իր աշխատասենյակը։ Սիրում էի ամեն առավոտ բոլորից վաղ մեկնել աշխատավայր.
-Հենց որ դուռը բացում եմ ու տեսնում, որ Վարդանը գրում է՝ ռունգերը ձիու պես ուռեցրած, զգում եմ՝ թռիչքի մեջ է, չեմ խանգարում, հեռանում եմ, դրանից հետո գալիս է ու կարդում նոր գրված բանաստեղծությունը,- սիրում էր հաճախ կրկնել Գաբոն՝ տարբեր առիթներով։
Այդպես էր, իսկապես։ Իսկ հաճախ էլ, երբ բանաստեղծությունը ավարտված էր լինում, ինքն էր վերցնում ու կարդում, թե հավանում էր` սկսում էր սենյակից սենյակ անցնել ու կարդալ բոլորին.
-Տեսեք, տեսեք, թե Վարդանն ինչ է գրել։
Գաբո Ապերն իր շուրջը ստեղծագործական դաշտ էր ստեղծում, մթնոլորտ, նա իսկական գրական մշակ էր, մարդկային իր առավելություններով, բարձր հատկանիշներով ու, ինչու չէ, նաեւ թուլություններով, ամեն ինչի մեջ ընդգծված էր։ Երբ հավանում էր իմ կամ Հրաչիկի որեւէ գործ՝ գրված ավանդական չափով, հենց առաջին պահից սկսում էր կարդալ՝ երգելով, երաժշտություն հորինելով։ Այդպես են ծնվել Հրաչյա Բեգլարյանի «Գետերս», իմ «Խաղողենին»։ Ի դեպ, վերջինի պատմությունը հետաքրքիր է։ Մի օր, հացի սեղանի շուրջ, առաջարկեց միայն «խինդողնի» գինի խմել։ Երբ զարկեցինք առաջին բաժակները, ինձ ու Հրաչիկին հարցրեց.
-Ո՞վ կարող է ասել, ինչ համ ունի գինին…
Ես ու Հրաչիկը կատակեցինք.
-Մի բաժակով ինչ իմանանք…
Մի քանի բաժակի սահմանը անցնելուց հետո բավականին քեֆներս տեղը եկավ, ինչպես ասում են, նույնիսկ համի մասին կարծես մոռացել էինք, բայց Գաբոն հիշեցրեց.
-Համը տեղը չբերեցի՞ք, տղերք։
Հրաչիկն, իրեն հատուկ փայփայանքով, երկու-երեք բառ արտաբերեց՝ խիստ ընդգծելով դրանք.
-Գաբո, հլա հարցնո՞ւմ էլ ես, չե՞ս տեսնում, որ խնկի համ է…
-Հա, էդ էլ կա, բայց…, - նայեց իմ աչքերին։
-Գաբո, ճիշտն ասած, մանուշակի հոտ եմ զգում։
-Ապրես…
-Դրա համար,- շարունակում եմ խոսքս առաջ տանել ու արժանանալ Գաբոյի գովասանքին,- Ղարաբաղում ընդունված ա, երբ ուզում են մեկին գովել, ասում են՝ տակռեն մինիշակու տակռե ա… Էդպես են ասում նաեւ այն ժամանակ, երբ խնամախոսության են գնում, հարսնացուին գովում են այնպես, որ տանտերն էլ գովվի միանգամից, այսինքն՝ մի ձեռքով՝ երկու ձմերուկ. «Մունք տեսնըմ ընք վեր մեր տղեն հըվանած ըղջկա տակռեն մինիշակե է, տրա հետե էլ եկալ ընք, ծեր տոռնը պեց ըրալ»…
-Մանավանդ՝ հարսնացուի մայրն այդ խոսքերից թեւեր է առնում ու մռամոշ դառնում,- Գաբոն զարկում է խոսքի վերջին ակորդը՝ գաբոապերավարի…
Այդ զրույցից շատ չէր անցել, երեւի երկու-երեք օր, երբ առավոտյան աշխատասենյակիս դուռը բացեց Գաբոն, սեղանիս դրված էր արդեն մաքրագործված «Խաղողենին».

Աղջկա պես թուխ ծամերով եւ աչքերդ շող ու հակինթ,
Իմ երազից ձեռագործված, գարնանագեղ շորեր հագիդ,
Կանգնել ու ջերմ ժպտում ես ինձ…
Եկ հարս տանեմ, խաղողենի,
Անուշաբույր մանուշակի արմատներով խաղողենի։

Գաբոն վերցրեց ու սկսեց ոչ թե կարդալ, այլ միանգամից երգել։ Լինում էին բռնկուն պահեր, որ հրաշքներ էր գործում նրա հզոր տաղանդը։ Այդ պահերի մեջ ես Գաբոյին տեսնելու երջանկությունն եմ ունեցել։ Դրանցից մեկն էլ «Խաղողենիի» երաժշտության ծնունդն էր։ Ասենք, որ այդ տարիներին Ղարաբաղն իր խաղողագործության ռեկորդներով «ձեռնոց էր նետել» երկրի շատ ավելի հարուստ շրջանների ու երկրամասերի։ Գաբոն ուր գնում էր այդ օրերին, «Խաղողենին» էր երգում։ Վռազեց Կեւորկովի մոտ եւս երգել՝ նրան ուրախացնելու համար։ Վերջինս հուզվեց Գաբոյի երգով, բայց… Հաջորդ օրը կուսակցության մարզկոմի բաժնի վարիչն ինձ կանչեց.
-Բորիս Սարկիսովիչն ուզում է հանդիպել քեզ հետ։
Գնացի, թեեւ հոգուս խորքում որեւէ լավ բան չէի սպասում, անկեղծ ասած։ Կեւորկովի եւ իմ փոխհարաբերությունները միշտ չոր են եղել ու պաշտոնական, ներքուստ իրար չէինք ընդունում, այստեղ պիտի խոստովանեմ՝ Գաբոն ու Հրաչիկը, որպես մեծ ախպերներ, փրկում էին ինձ բավականին ոչ քիչ տհաճություններից։ Դրա համար շատ շնորհակալ եմ նրանցից։ Դրանում դեր է խաղացել, անշուշտ, նաեւ մի դեպք։ Կեւորկովը մի քանի հոգու հանձնարարել էր, որ Ադրբեջանին նվիրված բանաստեղծություն գրեն, որն ինքը կհավանի, կտա, որ երգի վերածեն։ Ես ինձ մրցույթից դուրս դրի՝ անընդհատ ձգձգելով գործը։ Այս մասին հաճախակի էի կիսվում Հրաչիկի հետ։ Դե, բնական է, իմ գրչի լռությունը չէր կարող Կեւորկովը չմեկնաբանել յուրովի… Եվ ահա, կարծես, նոր «դատ» է բացվում.
-Էս հինչըս կյիրալ, արա… «Խաղողենու» մասին… Էդքան լավ կիրված ոտանավորեն մաչին էլա մին պեն տիրալս…
Նայում եմ շուրջը նստած ավագ ընկերներիս՝ Գաբոյին, Հրաչիկին, բան չեմ հասկանում, բայց նրանց տրամադրող հայացքներից հասկանում եմ, որ իրենք «վտանգի կրակն» արդեն մարել են։
-Հինչը, Բորիս Սարկիսովիչ…
-Էն վեր կյիրալըս, թա «գրկինք ամուր ու պինդ պահինք լեռները մեր, խաղողենի», էտ հուրանա՞ ըս պենդ պահում, արա։ Գյուդումըս թա քյեզանա կըման կլոխ ընգող չկա՞…
Նման «դատավարություններ» եղել են նաեւ իմ այլ գործերի առիթով, ինչպես, ասենք, «Ափուն քարը» արտահայտության կամ «Ես երգ չունեմ Ղարաբաղի մասին» բանաստեղծության կապակցությամբ։ Մատնագիրներն ամեն անգամ էլ, ցավոք, «տեղական» էին լինում։ Գաբոն ու Հրաչը սակայն միշտ էլ փրկության դրոշներ են պարզել։
-Բորիս Սարկիսովիչ,- լավ տրամադրվածության պահերին մեկ-մեկ ընդվզում էին Գաբոն ու Հրաչիկը,- մին-մին տի պեներ էլ պիտի կյիրինք…
-Կյիրիլը կյիրեցիք, ամա հանց ըրեք վեր ծեզ վնաս չտաք,- արդեն այլ «տարածքի» էր ոտք դնում Կեւորկովը, որին քանի-քանի անգամ է Գաբոն օգնել վերհիշելու հենց իր՝ Կեւորկովի հոր երգած ժողովրդական երգերը։ Մեկ-մեկ նույնիսկ այն տպավորությունն էի ստանում, թող ներվի, թե Գաբոն այդ բռնապետին իր երաժշտությամբ, երգերով մեղմացնում էր՝ «վագր վարժեցնողի» դեր ստանձնելով։ Ճիշտ է, թե սխալ, սա կոնկրետ իմ տպավորությունն էր։ Հաճախ վերոհիշյալ եւ նման «դատավարություններն» ավարտվում էին, ինչպես Գաբոն ու Հրաչն էին պատմում, նման երգասացություններով. «Եթե նրան ընձի չտան՝ մահիս եմ հոժար»… Հիշում եմ, մարզկոմի հյուրանոցում մի ամբողջ գիշեր, երբ Հայաստանի գրողների պատվիրակությունը մեզ հետ էր՝ Վարդգես Պետրոսյանի գլխավորությամբ, ժողովրդական ու ֆիդայական երգեր էին երգում Գաբոն, Վարդգես Պետրոսյանն ու Բորիս Սարկիսովիչը, կարծես մրցույթ էր, ուր երեքով էլ մրցում էին։
Ծայրահեղությունների մարդ էր Կեւորկովը։ Շատ անգամ եմ ականատես եղել, թե այս կամ այն խնդիրներում ինչպես են Գաբո Ապերը, Հրաչյա Բեգլարյանը, ինչու չէ, նաեւ թերթի խմբագիր Հովհ. Արզումանյանն ըմբոստանում Կեւորկովի դեմ, նրա երեսին շպրտում իրենց բողոքի խոսքերը, դատապարտում, հեռանում «հարաբերությունները» խզելով։ Թերթի խմբագիր Հովհ. Արզումանյանի սենյակը մտա մի օր այն պահին, երբ նա բարձրաձայն, մի բան, որ իրեն հատուկ չէր, խոսում էր հեռախոսով.
-Դեսպոտիզմին վերջ տվեք, ասում եմ՝ վերջ տվեք Ձեր անարխիստությանը, ես ձեզ համար (տալիս է մարզկոմի մի աշխատողի անուն) նա չեմ։ Ու լսափողը ցած է դնում։
Եվ տեսնում էի, թե նրա պատերազմում վնասված ներվը՝ աչքի մոտ, ինչպես է արագ-արագ թրթռում։ Իհարկե, այս ամենը ծանր էր նստում բոլորիս վրա, բայց դա անհրաժեշտ էր։ Եվ շատ դեպքերում հաղթանակը, այսպես ասած, մերոնց կողմն էր, որովհետեւ միշտ արդար էին։
Գաբոն մատչելի անձնավորություն էր. երբեք չեմ տեսել, թե նա որեւէ նախանձի նշան ցուցաբերեր իրենից մեծերի կամ փոքրերի, ընկերների հանդեպ։ Իսկ երիտասարդների նկատմամբ միանգամայն անշահախնդիր էր, դառնում էր յուրաքանչյուր շնորհալիի պահապան հրեշտակը։
Ասեմ նաեւ, որ երբ Արցախյան շարժումը սկսվեց, Կեւորկովին առաջինը Գաբո Ապերը եւ Հրաչյա Բեգլարյանը «դեմ տվեցին պատին», սակայն, ավելի ուշ նրանք ասում էին.
-Եթե նա ճիշտ կարողանար կողմնորոշվել ու մնար Ղարաբաղում, միանար մեր շարժմանը, իրեն կմաքրագրեր, գուցե եւ մեծ օգուտներ կբերեր։ Բայց, ավաղ, հեռացավ, դավաճանի խարանը ճակատին։
Կեւորկովն իր վիճակը բոլորից լավ էր հասկանում՝ նրան չէին ների ոչ Հայաստանում, ոչ Ադրբեջանում, առավել եւս՝ Արցախում, այդպես էլ եղավ։ Նա նման էր Պ. Զուբովի «Ղարաբաղի աստղագետ Հասանը» գրքի հերոսին…

«ՍԵՐՏԸ ՊԵՐԱԿ ԳԱԲՈՆ»…

Մի անգամ մի սիրունատես տիկին բանաստեղծություններ էր բերել խմբագրություն, ինձ մոտ, աշխատում էի որպես խմբագրի տեղակալ, կարդացի, ճիշտն ասած, չհավանեցի։ Շատ թույլ գործեր էին։ Այդ պահին ներս մտավ Գաբոն, որն արդեն խմբագրության մշակույթի եւ գրականության բաժնի վարիչն էր.
-Արա, Վարդան, ղիմիշտ կտրվե, տու հունցըս սիրտ անըմ, էս ղաշանգ հարթնեն կյիրածին փիս ասըմ։ Կարըմչըս հասկանա՞ս, ղարկե, թող պիրի, ես կարդիմ։
-Ախր, շատ վատ է գրված, Գաբո, պոեզիա չկա այստեղ…
-Պահ, տոնտ շինվի, հա, էս հինչ խասիաթ օնե էս մարդը, խե տու տեսնըմ չըս վեր ինքը լիհա տեղավը մին պոեզիա ա…
Ու տանում է բանաստեղծությունները, որ կարդա։ Բայց Գաբոյի կարդալը ո՞րն էր, գրիչը ձեռքն էր առնում, նորից բառ առ բառ գրում, բերում, թե՝ ոչինչ, «Ստեղծագործում են մեր ընթերցողները» խորագրի տակ կարելի է տպել։ Այսպիսին էր Գաբոն, միշտ՝ սըրտըպերակ…

ԱՃՈՂ ԲՌՈՒՆՑՔՆԵՐ…
Ղարաբաղը մայր Հայաստանին միացնելու նամակի տակ առաջին անունն իմն էր։ Հրաչիկը եւ Գաբոն ուղղակի ասացին.
-Դու, Վարդան, Բագրատ Ուլուբաբյանի աթոռին ես նստած եւ պիտի արժանավոր ձեւով շարունակես նրան ու նրա սկսած շարժումը։ Մենք էլ՝ քեզ հետ…
Գրողների միությունում էինք երեքով, իմ աշխատասենյակում։ Ես, Հրաչիկը եւ Գաբոն դրինք մեր ստորագրությունները, հետո նամակին, ծանր կնիքի պես, դրվեցին մեր բռունցքները՝ մեկը մյուսի վրա, որպես միաբանության եւ շարժմանն անմնացորդ նվիրվածության երդում։
Մի անգամ, արդեն տարիներ հետո, երբ ցուցարարները հրապարակում իրենց բռունցքները վեր տնկած, կանչում էին՝ մի-ա-ցում, Գաբոն իմ ու Հրաչիկի ուշադրությունը հրավիրելով անթիվ բռունցքների վրա, նկատեց բավականության ժպիտով.
-Տղաներ, հիշո՞ւմ եք մեր բռունցքները՝ նամակի վրա։ Հիմա տեսնո՞ւմ եք, թե բռունցքներն ինչպես են աճում-բազմանում, թե երեքը քանիսը դարձավ…

ԲԱՐՈՒԹՅԱՆ ԾՈՎ ԷՐ

Ապրում էի ծնողներիս հետ, պիտի ինձ բնակարան տային, հրաժարվում էին, ասում էին՝ մեծ շենքում ես ապրում, յոլա կգնաս։ Խանգարում էր նաեւ իմ դեմ գրված մի անանուն նամակ, ուր իմ «ինտերնացիոնալիզմը» կասկածի տակ էր առնվում։ Գաբոն շատ էր զայրացել։ Ընդհանրապես, իմ հակառակորդները միշտ նրանն էին, նրանը՝ իմը։ Մի օր Գաբոն գալիս է ինձ մոտ.
-Վարդան, դրսում ի՞նչ բարեկամներ ունես։
-Միջին Ասիայում հարազատներ կան… «Բաջանաղս» այնտեղ է։
-Կարո՞ղ են քեզ մի հեռագիր ուղարկել։
-Ինչ հեռագիր, ինչո՞ւ…
-Նրանք պիտի գրեն ընդամենը մի քանի բառ. «Վարդան, բնակարանի եւ աշխատանքի հարցը կլուծվի մեկ-երկու ամսից։ Արի»։ Այսքանը։
-Իսկ դա ո՞ւմ է պետք։
-Հետո կիմանաս։
«Բաջանաղ» Ռուդիկը հեռագիրն ուղարկում է, տալիս եմ Գաբոյին։ Հաջորդ օրը Կեւորկովը մի խումբ գրողների տանում է Ասկերան՝ ցույց տալու այնտեղ հասած երկաթուղագիծը, իբրեւ վերջին տարիների նվաճում։ Գաբոն օգտվելով նրա «բարենպաստ» եղանակից, երակն է մտնում.
-Բորիս Սարկիսովիչ, դա շատ լավ է, ամա որ ջահելները Ղարաբաղից գնում են, դրա առաջը պիտի առնվի… Ղարաբաղը հայաթափ է դառնում։
-Էլա սկսեցիր, արա, հուվա՞ քյընըմ։
-Դե, խե ասըմըս, Բորիս Սարկիսովիչ, քյընողներ հալա կան, օրինակ, մեր Վարդանը,- ասում է ու ձեռքը դնում ուսիս,- արա, Վարդան, խե խոսո՞ւմ չըս… Կյեղըմըս՝ հինչ անի՞ս…
Ու Գաբոն իր գրպանից հանում է հեռագիրը, կարդում Կեւորկովի համար, ինքն էլ պատռում ու գցում. «Սորե ըմ ծերքան իք կալալ»։ Նույն վայրկյանին Կեւորկովը կանչում է քաղսովետի նախագահին.
-Մին տոն էլ Վարդանին կտաս, արա։ Դաշնակ տղա ա լի, թող ապրե ընդեղ…
-Դաշնա՞կ… Էդ խե տի ըսեցեր, Բորիս Սարկիսովիչ,-զարմանում է Գաբոն։
-Միշտ գրականով, հայավոր ա խոսում ինձ նհետ,- ասում է նա ու դառնում դեպի ինձ,- Վարդա՛ն, էն Միջին Ասիայում ապրող բաջանաղիդ էլ ասե կյա ստեղ, ուրան էլ ըմ տոն տըլական։
Այդպես լուծվեց իմ բնակարանի հարցը։ Մի տարի անց եկավ նաեւ «բաջանաղս», բայց տուն չստացավ։
Երբ հետո մենք առանձին ենք մնում, ասում եմ.
-Գաբո, ամա ի՜նչ հնարամիտն ես։
-Բա՞,- պատասխանում է,- լավ գործ դասավորելն էլ ստեղծագործելու նման մի բան է…
Գաբո Ապերն, ընդհանրապես, լսել ու դիմացինի վիճակի մեջ մտնել գիտեր։ Ով էլ որ մոտենար, որեւէ հարցով, իր պարտքն էր համարում՝ օգնել, ձեռք հասցնել։ Նա ոչ միայն երեխաների համար գրող բանաստեղծ էր, այլեւ ոտից գլուխ՝ մեծ խոխա, անչար, միշտ պատրաստակամ… Պարզապես բարության ծով էր Գաբոն։

ԿՅԱՆՔՆ ԱՌԱՆՑ
ՎՐԻՊՈՒՄԻ ՉԻ ԼԻՆՈՒՄ

-Ես ու Վարդանը դպրոցական ընկերներ ենք,- հաճախ էր լսողներին զարմացնելու համար ասում Գաբոն։
-Ինչպե՞ս… Քսանմեկ տարով մեծ ես նրանից, - հարցնում էին։
-Ճիշտ է ասում Գաբոն,- ես միջամտում էի,- վարորդական դպրոցում միասին ենք սովորել, նստել մի նստարանի վրա։
Ու պատմում էի Գաբոյի վարորդական դասընթացների ու այդ շրջանի արկածների մասին, մանավանդ, թե ինչպես էր իրեն պահում Մուսայելյան ազգանունով մի բարեհամբույր ուսուցչի դասին, որի ընկերն էր։ Ուսուցիչը ցույց է տալիս երթեւեկության նշաններից մեկը.
-Պատառաքաղն ու դանակն ասում են, որ առջեւում ճաշարան կա։
Գաբոն իսկույն ձեռք է բարձրացնում.
-Ընկեր Մուսայելյան, բա ինչու օղու շիշ էլ չեն նկարում։
Ծիծաղում էր ամբողջ դասարանը, ուր բնականաբար մեծ մարդիկ էին հավաքված։
Գաբոն, ինչպես ինքն էր սիրում ասել՝ «փահմով» էր։
-Մի բանը մի անգամ մոտս անեն եւ տեսնեմ, վերջ, արդեն իրենցից լավ կանեմ դա,- ասում էր նա։
Եվ, իհարկե, այդպես էր։ Բայց տես որ՝ ամբողջ կյանքում ադպես էլ չկարողացավ վարորդություն սովորել։ Տեսավ, որ վարորդական գրքույկ ստանալուց հետո էլ ոչին չի ստացվում, ասաց.
-Դե լավ է, մեկ է, Վարդան, միշտ միասին ենք, որեւէ տեղ գնալու լինենք՝ մեքենան դու կվարես…
Ես խոստացա, որ այդպես էլ կլինի։ Մի անգամ գնում էինք Նախիջեւանիկ՝ իմ բարեկամի եւ իր համոզիչ հորդորներից հետո (ես չէի ուզում գնալ, քանի որ խմբագրությունում շատ գործեր ունեի)։ Մանվելը խնդրել էր Գաբոյին, թե «գարաժ» է կառուցում, ինչ-որ շինմասերի ու այլ նյութերի պահանջներ ունի, որոնք, իրենց ասելով, կարելի է գտնել միայն Նախիջեւանիկում։ Գաբոն համաձայնել էր եւ խոստացել օգնել, ասելով՝ այնտեղ լավ ընկերներ ունեմ։ Ճանապարհին Գաբոն ստիպեց, որ մեքենայի ղեկը տանք իրեն, ինքը վարի.
-Դե լավ, էլի, Վարդան, դու քո մեքենան միշտ վարում ես, թող Մանվելի մեքենան էլ ես վարեմ…
Քանի որ կեսօրին ես հրաժարվել էի Գաբոյի եւ Հրաչիկի հետ մեկնել «ֆոտոգրաֆ» Ալյոշայի բակը՝ հացկերության, մոռացել էի, որ բավականին խմիչք օգտագործած կլինեն… Ասի.
-Գաբո, շարժիչն անջատում եմ, բանալին թողնում վրան, եթե կարողանաս շարժիչը գործի գցել ու տեղից շարժվել՝ քշիր։
Ես գիտեի հաստատ, որ նա այդքանն անելն էլ չգիտե։
-Համաձայն եմ,- ասաց Գաբոն։
Եվ երբ ղեկի մոտ նստեց Գաբոն, ոչինչ չկարողացավ անել։ Վարորդը, որ իմ բարեկամն էր, նստած էր Հրաչիկի հետ՝ ետեւում, մեկնեց ձեռքը, շարժիչը գործի գցեց ու Գաբոյին ասաց՝ դե քշիր…
Գաբոյի քշելը որն է՝ ճանապարհի տակն ու գլուխը իրար է խառնում։ Ու երբ հասնում էինք գյուղամուտի կամրջին, հանկարծ նկատեցի, որ թեեւ Գաբոյի աչքերը բաց են, բայց ճանապարհին չի նայում, ավելի հեռուն է նայում։ Նույնիսկ կատակեցի.
-Գաբո, վարորդական դպրոցում ընկեր Մուսայելյանն ասել է՝ վարորդը պիտի հեռուն նայի միշտ, բայց դու ախր շատ ես, է, հեռուն նայում։
Հումորս Գաբոյի կողմից անարձագանք մնաց, զգացի, որ ղեկի վրա նինջ է մտել, հրեցի, արթնացավ ու… սկսեց ղեկը աջ ու ձախ պտտել՝ հանկարծակիի եկած… Եվ տեղի ունեցավ այն, ինչի մասին հայտնի է։ Ոչ ոք չմահացավ, բայց վերքերն ու վնասները շատ էին։ Մեզ հասցրին հիվանդանոց, վերքերը վիրակապեցին, կարգի բերեցին ու փառք տվինք Աստծուն, որ կենդանի ենք մնացել, որովհետեւ մոտ ութ մետր բարձրությունից մեքենան գահավիժել է ձորը…
Երբ բժիշկները գնացին, Գաբոյի ընկերներից մեկը եկավ նրան տեսակցության, գրկախառնվեց բոլորիս հետ, ուտելիքներ ու մի կոնյակ էր հետը բերել, թողեց սեղանին, ինքը գնաց։ Գնաց թե չէ, Գաբոն «ահազանգ» տվեց.
-Տղերք, վեր կացեք, պիտի խմենք, թե չէ նման «ստրեսից» հետո քնել չի լինի։
Առավոտյան նրա բժիշկը եկավ ու զարմացավ.
-Այ մարդ, քո բոլոր վերքերը ես մաքրել-վիրակապել եմ, բա ոտքդ էս երբ ես պատռել…
-Չէ, բժիշկ ջան, լավ չես տեսել երեւի, վթարից է…,- կմկմաց Գաբոն։
Մենք բոլորս հասկացանք, որ երեկոյան կերուխումից հետո է «առաջացել» Գաբոյի վերջին վերքը, երբ դուրս էր գնացել՝ մաքուր օդ շնչելու։ Հիվանդանոցում Գաբոն մեզ երգ ու հումորի մեջ էր պահում։ Բժիշկները տեսան, որ քնել չենք կարողանում, որոշեցին քնաբեր նշանակել։ Գաբոն խմում էր մեկ հատիկ, ես՝ նույնպես, Հրաչիկն ափը բացում էր ու մեկնում դեպի բուժքույրը, թե՝ լցրու, լցրու… Եվ ամեն իրիկուն երկու-երեք հաբ էր կուլ տալիս։ Մի օր էլ բուժքույրը զգուշացրեց.
-Ընկեր Բեգլարյան, այդպես չի կարելի, վնաս է…
-Ի՞նչ է վնաս…
Ես տեսա, որ ջահել բուժքույրը նեղվում է, բացատրության «բեռը» վերցրի ինձ վրա.
-Հրաչիկ, որոշ օրգանների վրա բացասական է ազդում այդ դեղը, չպիտի չարաշահել։
-Հը՞…- հարցականով միանգամից զարմացավ Հրաչիկը,- բա ինձ մոտ ընդհակառակն է…
Անցածը անցած է։ Միլիցիայի Ասկերանի շրջանից տեսուչներ էին եկել մի քանի օր հետո, երբ «կարգի էինք» բերել մեր առողջությունը, մեզ հրավիրել ներքին գործերի բաժին։ Բաժնի պետը՝ Շահեն Ղահրամանյան անունով, ինձ գաղտնի ասել էր, որ իրենք ամեն ինչ գիտեն, բայց մեր ցուցումի մեջ մենք չպիտի գրենք, թե ղեկի մոտ վարորդը չէր։ Դա կդյուրացնի գործի կարգավորումը։ Հրաչիկին այդպես էլ ես բացատրեցի ու մտանք սենյակ՝ բացատրություններ գրելու։ Հրաչիկը վերցրեց գրիչը, գրեց ու սկսեց կարդալ.
-Որոշ ընկերներ կարող են ասել, թե ղեկի մոտ եղել է Գուրգեն Գաբրիելյանը, ես կասեմ՝ չէ, այդպիսի բան չի եղել, ղեկի մոտ էր վարորդը…
Կարդում ենք ու ծիծաղում, Հրաչիկն էլ՝ մեզ հետ…
Եվ այդպես, վթարով ավարտվեց Գաբո Ապոր վարորդական «կարիերան»։ Դրանից հետո ինչքան ստիպում էինք ղեկին մոտենալ, ասում էր.
-Ես մի անգամ եմ սխալվում… Վթարը մեր վրիպումն էր…
Կյանքի իրադրություններն այնքան արագ հաջորդեցին մեկը մյուսին, որ հիշելու ժամանակ անգամ չէինք ունենում։ Եկան Արցախյան շարժման տարիները…

ՄԵՐ «ԴԼՎԵՆ ԿԱՆԳՆԱԾ ՔԵՐԾԸ»

Գաբո Ապորը կյանքում շատ են հալածել միջակությունները, առաջին հերթին քաղաքական հարցերով՝ Ղարաբաղի հետ կապված, նաեւ՝ կյանքի ամենասովորական խնդիրներով, շատ անգամ ինքն է «առիթ» տվել նրանց՝ իր անկեղծ ու փափուկ բնավորությամբ։ Եվ ես նրա համար դժվար պահերին միշտ իր կողքին կանգնելու պատիվն եմ ունեցել։
Հիշում եմ, մի անգամ նրա հարցը քննարկում էին կուսակցական ժողովում (նոր ստացած տան «ռեմոնտով» էր զբաղված եւ մեկ-մեկ աշխատանքի չէր գալիս), ես ու Գաբոն էլ իրարից մի քիչ «նեղացած» էինք։ Հիմա ցավով եմ հիշում, թե որոշ մարդիկ ոնց էին նեղում այդ մեծ ու տաղանդաշատ մարդուն։ Նախավերջին խոսքը (խմբագրի տեղակալն էի եւ խմբագրում էի նաեւ Գաբոյի բաժնի նյութերը) ինձ տվին։ Բոլորը սպասում էին, որ պիտի ես էլ իրենց ջրաղացին ջուր լցնեմ։ Բայց ես նայելով Գաբո Ապոր «նեղված» դեմքին, վեր կացա զայրացած.
-Միթե՞ դուք չեք տեսնում, թե ինչ մարդու, ինչ անհատականության հետ գործ ունեք… Նա մեր դասական մանկագրության դեմքերից է, նա ժողովրդական երեւույթ է, հետեւապես արված բոլոր դիտողությունները ոչ միայն տեղին չեն, ճիշտ չեն, այլ նաեւ ավելորդ են։
Գաբո Ապերը հուզված վեր է կենում, մոտենում ու գրկում ինձ, գլուխը կրծքիս դնում.
-Ախպերս…
Հիմա էլ չեմ կարողանում առանց խորը տխրության հիշել այդ իրադեպը։ Իսկ երբ գնացինք իմ աշխատասենյակը, ամեն ինչ բարեհաջող վերջանալուց հետո, ասաց.
-Ես իզուր չեմ «Հորովել»-ի «Դլվես կանգնած քերծը տուըս» տողն ասելիս ձեռքս մեկնում դեպի քեզ…
Բայց ամենամեծ քերծն ինքն էր։ Դա մենք զգում ենք ավելի շատ նրա գնալուց հետո։ Մտածածը լեզվի վրա էր։ Սիրում էր իր, Հրաչիկի եւ իմ միությունը անվանել նաեւ Եռոտանի։ Որ ինձ կամ Հրաչիկին դիտողություն էր անում ուրիշների մոտ, աշխատում էր փակ խոսել.
-Արա, մին էլ ըմ տեսնըմ մեր եռոտանին օզում ա վեր ընգնե, յեշըմըմ տեսնըմ մին վեննը պիցիրցրած, արագիլի կլխի նման, կլխըյեր ա յեշըմ… Էտ տու ըս…
Նմանը չուներ Գաբոն. եթե հանկարծ որեւէ գրական հանդիպում է՝ առաջինը ինքը պիտի գնա, ելույթ ունենա, եթե միջոցառում է որեւէ տեղ՝ պիտի իր ծանրակշիռ խոսքը լինի կենտրոնում։ Թեկուզ գիշերվա կեսին զանգեիր եւ ասեիր՝ պետք է գնալ Մոսկվա կամ Երեւան, պատրաստ էր, «չէ»-ն բերանում չկար։ Հիմա մեկ-մեկ, երբ դիմում եմ Գաբոյի հետնորդներից որեւէ մեկին եւ ուզում գործուղել որեւէ շրջան՝ այս կամ այն գրական առիթով, լսում եմ նաեւ անհամաձայնության խոսքեր։ Նման դեպքերում ասում եմ.
-Արա, բա գերեզմանոցում հեռախոս չլինե՞ր, զանգեի Գաբոյին, տեղնուտեղը վեր կկենար ու կգնար՝ ուր պետք է…
Այդպես էր։ Ինչ էլ որ գրենք, հնարավոր չէ ամբողջապես ներկայացնել բազմաքանքար, տաղանդաշատ գրողին։ Միշտ էլի մի բան մնում է չասված։

ԱԶԳԱԿԻՑՆԵՐԸ

Մի օր Գաբոն մոտեցավ ինձ ու շատ լրջորեն ասաց.
- Գիտե՞ս, որ ես ու դու ազգակիցներ ենք։
- Ինչպե՞ս,- զարմացա։
-Շատ պարզ։ Երեկ իմացա, որ քո հայրենի գյուղում՝ Արփագետուկում, բոլորը ձեր ազգի մարդկանց ասում են՝ Զառունց գժեր (պելեր)։
- Հա,- ծիծաղեցի, - այդպես է, բայց դա ի՞նչ կապ ունի քեզ հետ։
- Հենց հարցն էլ էն է, որ կապ ունի։ Նախ՝ մորս անունը Զառի է, հետո էլ ոչ թե միայն իմ ազգակիցներին, այլեւ մեր բոլոր գյուղացիներին գիժ (պել) խնցղքցե են ասում։
- Ուրեմն, ստացվում է, որ իսկական բարեկամներ ենք, էլի,- ծիծաղում ենք։
Այդ պահին մոտենում է Հրաչիկը, որ, երեւում է, լսում էր մեզ.
-Արա, պա ե՞ս...


ԱՐԵԳԱԿԸ ՄԱՅՐ
ՄՏՆԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿ…

Գաբո Ապերն արդեն գամվել էր անկողնուն, դա ես ծանր էի տանում։ Եվ երբ գնում էի տեսակցության, վերադառնում էի իմ իսկ հիվանդությունները բազմապատկած, թեեւ մեջս ուժ էի գտնում նրա հետ կատակելու, վերհիշելու ծիծաղաշարժ դեպքեր մեր կյանքից։
Երբ մի օր էլ Գաբոյի տնից զանգեցին, թե Գաբո Ապոր վիճակը վատացել է, մեր տանն ինձ չասացին, խնայեցին ինձ, բայց՝ իզուր։ Ես դա իմացա ուրիշներից եւ երբ վազեցինք հիվանդանոց մի քանի գրողներով, նաեւ՝ Հայաստանից եկած մեր գրչեղբայրները, ուշ էր։ Գաբոյի հետ, նա խաղաղ էր ու հանգիստ, մեր վերջին, հրաժեշտի ողջագուրանքները տվինք։ Բոլորիս պարուրեց մի իրիկնային այնպիսի թախիծ, որ մարդկանց ակամայից այցելում է միայն արեգակը մայր մտնելու ժամանակ։ «Իրիքնակը մար կըփռնե»...

ԱՆԿՐԿՆԵԼԻ ԳԱԲՈՆ Թող ների ընթերցողը, եթե հուշերս չստացվեցին այնպես, ինչպես պետք է։ Պարզապես Գաբո Ապերն այնքան է ներկա, որ ոչ մի կերպ հուշ չի դառնում, միշտ մեզ հետ է, մեր շարքերում։ Գաբո Ապոր մեջ ամբարված էին մեր ժողովրդական երգն ու տաղը, երաժշտությունը, բոլոր գիտություններն ու արվեստները, արհեստներն ու կախարդանքները նրա հոգում էին։ Եվ դրա համար է, որ նա հզոր էր, կարող էր անգամ, ինչպես ինքն էր սիրում ասել, «փայտից մարդ սարքել» այնպես՝ որ խոսի։ Այդպիսին էլ նա մնաց մարդկանց սրտում՝ իր «Այբուբենը՝ երգերի մեջ» գրքով, իր անզուգական «Ղարաբաղի հորովել»-ով, իր ժողովրդական երգերի անկրկնելի մշակումներով, խիստ ինքնատիպ կատարումներով, բարեկամի ու ընկերոջ ուսին իջնող մտերմիկ ձեռքով, մեծ ու, ինչպես ասում են, անվախճան հոգով…