Նա իրենով համալրեց հայոց սրբերի շարքը
Կյանքը դաժան անհեթեթություններ շատ ունի. երեւի դրանցից մեկն էլ անմահի մասին անցյալով գրելն է։ Հետեւապես, չէի ցանկանա իմ այս խոսքերն ընկալվեին որպես այդպիսին, երբեք, որովհետեւ Հրանտ Մաթեւոսյանը մեր ազգային գրականության այն վիթխարի հսկան է, որ իրենով համաշխարհայինը հայրենի իրականություն դարձրեց, հայոց ոչ թե հարյուրամյակի, այլեւ հազարամյակների «լուսավոր ու վեհ» հատկանիշների խտացումը հանդիսացավ, ասել է թե՝ չի կարելի նրա մասին խոսել անցյալով, ինչպես Սահյանը կասեր, նա մշտապես ներկա է։ Նա մերը, ամենամերը լինելով հանդերձ, ամենուրական է ու բոլորինը, մեր ներկայի մեջ՝ ամենաներկան։
Հայոց ազգը հարուստ է Հրանտ Մաթեւոսյանով։
Հայոց ազգը հզոր է Հրանտ Մաթեւոսյանով։
Աշխարհեաշխարհ թռչող գույժը՝ Հրանտ Մաթեւոսյանի ֆիզիկական վախճանի մասին, ցնցում է բոլորին։ Եվ սա մեր այն կորուստներից է, որոնք ցավ ու մորմոքի մեջ նորացնում են երբեք չհնացող մեր վիշտը՝ Չարենցից, Մարտիրոս Սարյանից մինչեւ Սեւակ, մինչեւ Շիրազ... Սահյան... մինչեւ վերջին տասնամյակներում մեզանից հեռացած մեր սրբությունները, մինչեւ համազգային գոյամարտում կյանքը ժողովրդի համար զոհասեղանին դրած մեր թխամորուս պատանյակները... Այն կորուստն է սա, որ սգում են ոչ միայն ողջերը, այլեւ... նվիրական կորուսյալները։ Մաշտոցի ստեղծած գիր-լեզուն իր անկրկնելի հաղթանակը տոնեց Հրանտ Մաթեւոսյանի «Մենք են, մեր սարերը», «Օգոստոս», «Ալխո», «Մեսրոպը», «Ծառերը», «Աշնան արեւ», «Կենդանին եւ մեռյալը», «Վազքը», «Կանաչ դաշտը», «Իմ գայլը», «Տերը» եւ մյուս գործերով, իր ամեն մի հատիկ տառով, բառով, շնչով։
Իմ կյանքի ամենաաստեղային պահերից եմ համարում, շատ տարիներ առաջ, հանդիպումս Հրանտ Մաթեւոսյանի հետ՝ Համո Սահյանի հայրենի եզերքում։ Այդ պահից մենք մտերիմներ էինք, եւ ես ոչ միայն հպարտանում էի նրա մտերմությամբ, այլեւ մշտապես ապրում էի նրա նաեւ բանավոր խոսքին հաղորդակցվելու անկրկնելի բավականությունն ու հաճույքը։
Երբ իմացա, որ Հրանտ Մաթեւոսյանը Լոս-Անջելեսի հիվանդանոցներից մեկում է, հանկարծակիի եկա։ Շտապեցի զանգել եղբորը՝ Հրաչյային։
-Հա, այդպես է... Վիրահատել են, հիմա դեպի լավն է գնում։
Հրաչյայից վերցրի հեռախոսի համարը եւ Ստեփանակերտից անմիջապես զանգեցի Լոս-Անջելես։ Լսափողը վերցրեց կինը՝ Վերժինեն։ Նա ասաց, որ վիրահատությունը հաջող է անցել եւ Հրանտը հիմա կազդուրվում է։
-Այս պահին քնած է,- ավելացրեց,- արթնացնե՞մ...
Կատակով ասացի.
-Խնդրում եմ Արցախ աշխարհի մարդկանց, սար ու ձորի համբույրը մեր անունից դրոշմիր Վարպետի լայն ու լուսե ճակատին եւ նա կարթնանա արդեն լրիվությամբ կազդուրված...
Հաջորդ անգամ իմ զանգին պատասխանեց հենց ինքը՝ Հրանտ Մաթեւոսյանը։ Խոսում էր կատակներով, ասես հիվանդն ինքը չէր, Արցախից էր հարցնում, Արցախի կյանքից, շեներից, մարդկանց ապրելակերպից ու վիճակից։ Նրա տրամադրությունից սիրտ առա, ճիշտն ասած, մանավանդ, լսել էի, որ առանձնաշենքում է հիվանդանոցը, ծառերի ու ծաղիկների մեջ, ասացի.
-Բա լա՛վ, առանց Ծմակուտի ոնց ես մնում։
-Շուտով կգամ իմ երկիրն,- ասաց,- իսկ այստեղ փորձում եմ մի Ծմակուտ էլ ստեղծել՝ բոլոր ծառերով, այգիներով...
Ու հետո կատակեց, թե որ կենդանիներից չունի իր նոր Ծմակուտում։ Ծիծաղեցինք։
Արցախում շատերն էին լսել, որ Հրանտ Մաթեւոսյանը վիրահատվել է։ Անվերջ զանգում էին մարդիկ, հարցնում, տխրում, լավ լուրից ոգեւորվում։ Լսելով մարդկանց՝ ամենատարբեր բնավորության ու նախասիրության, մտածում էի, որ, իսկապես, բացառիկ մեծությունների համար սահմաններ չկան։ Եվ նրանց հանդեպ սերն էլ անսահման է։ Մեր վերջին, ցավոք, վերջին հեռախոսազրույցը եղավ այն ժամանակ, երբ նա արդեն Երեւանում էր։ Որոշել էի անպայման այցելել, բայց լսելով, որ առողջական վիճակը կայունացել է ու լավ է, չշտապեցի... Ավա՜ղ...
Ասում են, երբ փայտահատը մտնում է ծմակ, հզոր կաղնիներին չի մոտենում, իսկ մահը նենգ գտնվեց ավելի եւ... բախվեց ինքն իր անզորությանը, քանզի Հրանտ Մաթեւոսյանը անմահ է։
Ինձ մոտ պահվող մաթեւոսյանական մասունքների մեջ՝ նկարներ, ձեռագրեր, ձայնահոլովակ, գրքեր... առանձնանում է Եղիշե Չարենցի հարյուրամյակի առթիվ հրատարակված եղեռնական բանաստեղծի ոսկետառ ընտրանին՝ Հրանտ Մաթեւոսյանի ձեռագրով ընծայված ինձ։ Այսօր, երբ արդեն ֆիզիկապես նա մեզ հետ չէ, նոր իմաստ ու խորհուրդ է ձեռք բերում ամեն ինչ։ Հրանտ Մաթեւոսյանի կյանքն էլ, իհարկե, ինչպես Չարենցինը, անմնացորդ ողջակիզում էր։ Մաթեւոսյանն ասում էր՝ Չարենցը մեր գրականության խիզախ տղան է։ Ժողովրդի փրկությունը հավաքական ուժի մեջ տեսնելու չարենցյան մարգարեությունը՝ որպես ազգային գաղափարաբանության առանցք, Մաթեւոսյանին տարավ նոր հայտնության՝ ոչ մի կռունկ, առանձին վերցրած, ճամփան չգիտե, բայց երամը՝ գիտե։
Մաթեւոսյանը ստեղծեց իր ժամանակը, իր ժողովուրդը, իր Հայաստանը։ Այսպես Դոստոեւսկին է ժամանակին ստեղծել իր Ռուսաստանը։
Ինձ բախտ է վիճակվել 1985թ. Մոսկվայում ընկերակցել Հրանտ Մաթեւոսյանին եւ Վալենտին Ռասպուտինին, վերջինիս հետ ինձ ծանոթացրել է Մաթեւոսյանը։ ԽՍՀՄ գրողների համագումարի օրերին էր։ Հետեւում էի երկու մեծերի խոսքերին, շարժումներին, նրանց ամեն շշուկը դաս էր պարունակում։
Ռասպուտինին մի առիթով Մաթեւոսյանն ասաց.
-Քո արձակը նորություն է, խորն է պատկերը։ Շատ ինքնատիպ է։
Այս խոսքերի վրա շիկնեց «Ապրիր եւ հիշիր»-ի հեղինակը։
-Դե լավ, ես պիտի ասեմ քեզ այդ խոսքերը։
Եվ այնքան անմիջականություն կար, այնքան ճշմարիտ էին երկուսն էլ։ Ապա խոսակցությունը ծավալվեց Ռասպուտինի այդ օրերին լույս տեսած «Հրդեհ» վիպակի շուրջ, որը մեծ աղմուկ էր հանել ամբողջ երկրում։
Մեծերի հետ հանդիպման նման պահերը, երեւի, կյանք արժեն։ Գուցե՝ ավելին։
Հրանտ Մաթեւոսյանի Ծմատուկը հոգեւոր Հայաստանը դարձրեց աշխարհի մեծագույն եւ ամենաուժեղ տերություններից մեկը, ուր տեր է նրա «Տերը»... Այո՛, անզուգական է, աննախադեպ է Հրանտ Մաթեւոսյան երեւույթը մեր ժողովրդի կյանքում, ասել է թե՝ նա իր ստեղծածով, ապրածով, մարդկային իր անթեքելի շիտակ, վեհ ու վսեմ նկարագրով, անկոտրելի ոգով պատկանում է հավերժությանը։ Եվ վշտի ու դառն մորմոքի այս պահին մտածում ես՝ ում ցավակցել, չէ՞ որ մարդ ինքն իրեն չի կարող ցավակցել, իսկ Հրանտ Մաթեւոսյանի վախճանը բոլորիս կորուստն է, ամբողջ ազգով նրա արյունակից հարազատներն ենք։ Ուրեմն, մնում է ինքներս մեզ համար սփոփանք ու մխիթարություն դարձնենք նրա արածն ու թողածը։ Նա եղավ հայոց տան ազնվականության վկան՝ Քսենոփոնի, Նարեկացու, Սեւակի եւ գալիք բոլոր ժամանակներում։ Եվ, թող ներվի, այս մեծ վշտի մեջ անգամ ինքներս մեզ սիրտ տանք ու ազգովի ձիգ մնանք, որ Հրանտ Մաթեւոսյան ունենք...
Ոչ, նա չի հեռացել մեզանից, Հրանտ Մաթեւոսյանը պարզապես իրենով համալրել է հայոց սրբերի շարքը։