Jump to content

Գազելների պսակ

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱԶԵԼՆԵՐԻ ՊՍԱԿ
Բանաստեղծություններ
Աղբյուր՝ Արիս Արսենի, Երկերի ժողովածու, գիրք առաջին, Ստեփանակերտ, 2013, էջ 106-112։

ԳԱԶԵԼ ՄՈՒՏՔԻ

[խմբագրել]

Դուռդ բաց է, և, ահա, լուռ մտնում եմ ներս,
Սիրահարված քո ոգուն, սիրահարված քեզ։

Դեռ ասում են՝ դու քո դարն ապրել ես վաղուց,
Եվ հիմա նոր օրերին էլ պետքական չես։

Այլևս չես թովում դու սրտերը մարդկանց,
Իբր՝ էլ այն չես հիմա, իբր՝ դու այլ ես։

Իբր՝ էլ չես այրում դու, կրակ չունես էլ,
Երախտամոռ են նրանք, դու քո բա՛խտը տես։

Կայիր դու մինչև Տերյան, Չարենց ու Շիրազ՝
Այսօր պիտի չլինե՞ս՝ ի՜նչ միամիտն ես։

Ինչքան ուզում են՝ ասեն՝ հնացե՜լ ես դու,
Ապրի՛ր նախկին քո կյանքով, նոր օրերի կես։

Աշխարհի հետ սիրասթափ՝ նոր սեր կապիր դու,
Ներիր նրան ու մնա, նա կսիրի՛ քեզ։

23.01.86, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ԲՈՂՈՔԻ

[խմբագրել]

Քո արածը քեզ դո՞ւր եկավ, Քրիստո՛ս,
Իմ եղբորը դու ո՞ւր տարար, Քրիստո՛ս։

Ի՞նչ խաղ էր սա, որ խաղացիր իմ գլխին,
Թե՞ իմ եղբոր կարիքը կար, Քրիստո՛ս։

Թե՞ իմ եղբոր պատկերն էիր ուզում դու
Դարձնել պարզ ու աստղանկար, Քրիստո՛ս։

Ու նայում է ինձ իր պայծառ նկարից,
Նկա՞ր, չէ, դա արցունքս է պաղ, Քրիստո՛ս։

Արցունքս է դա՝ կաթիլ-կաթիլ ծովացած,
Պիտի խեղդի ծովն այդ քեզ, գա՛ռ, Քրիստո՛ս...

11.07.94, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ՄԱՅՐԻԿԻՍ

[խմբագրել]
Սիրով ու քնքշությամբ

Մա՜յր, կուզեի եդեմի հրաշքները բերել քեզ,
Տունդ լցնել երազով ահագնացող ծովի պես։

Թեկուզ հոգնած ու հլու, բայց համարձակ, բայց համառ՝
Դեմ հանդիման կանգնեի հորձանքների չար ու... հեզ։

Իսկ դու՝ համակ տխրություն, համակ տքնանք՝ ժպտայիր,
Ու չերևար քո դեմքին արտասուքի շիթը կեզ։

Ես կուզեի, որ քեզ հետ լիներ երազդ կյանքում,
Որ քո որդին քո գրկում վերջին իր շունչն էլ տար քեզ։

Բայց աղմկում են էլի ալիքները փոթորկի,
Կրկին ոտքի են ելնում ավերելու սիրտդ, տե՛ս։

Ու մոլորվել եմ այնպես, որ չգիտեմ ինչ անել,
Փոթորկի դեմ հանդիման քեզ ո՞նց մենակ թողնեմ ես։

...Մի՞թե գնալս ես ուզում, բայց որտեղ էլ ես լինեմ,
Թեկուզ վերջին իմ շնչում՝ պիտի կանչեմ էլի...քեզ։

18-20.11.85, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ՍԻՐՈ

[խմբագրել]
Կնոջս՝ Ռուզանին

Նորից գարուն էր ու նորից սեր էր,
Սիրո բարի լույս, սիրո գիշեր էր։

Մինչ կմտնեիր հյուղակը սրտիս՝
Երջանկությունս ամպից էլ վեր էր։

Վսեմ դերերից անմասն էի ես՝
Իմը՝ մերժվածի ու ցավի դեր էր։

Մինչև քո գալը անհույս էր սիրտս,
Բայց սիրտս նաև հավատի տեր էր։

Որ գալու ես դու մի գեղեցիկ օր՝
Հավատի հունդն այդ արգասաբեր էր։

Դու եկար մի օր։ Թախծաբույր տանս
Երջանկությունս արդեն տանտեր է։

Եվ բարուրում ես անմեղությունս,
Իսկ ցավս արդեն յոթ սարից էլ դեն է։

20.01.87, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ՊԱՊԻՍ

[խմբագրել]

Նա մեծ ապա-պապ Խաչունց Անդրին էր,
Ականջը՝ ձայնի, աչքը՝ հանդին էր։

Նա հանդի կանչը զգում էր անձայն,
Գնում էր՝ ճամփան հողի կանչին էր։

Բանում էր հանդում մինչև ուշ գիշեր,
Մենակ չէր, ընկեր կար՝ Ծիր-Կաթինն էր։

Լինում էր՝ հոգնած քնում էր հանդում,
Իսկ թոռան աչքը միշտ էլ ճամփին էր։

Ե՞րբ կգա պապը, որ հանդ գնան, բայց
Թոռան երազը հանդից անդին էր։

Պապը գալիս էր, լցվում էր թոռը,
Բայց հանդ չէր գնում, հանդը... պապինն էր։

...Պապը աշխարհում այլևս չկա,
Թոռը մեծացել, աչքը... հանդին է։

28.01.86, Ստեփանակերտ


ԳԱԶԵԼ ՏԱՏԻՍ

[խմբագրել]

Հիմա հուշից քո անգո, ես մրսում եմ, տա՛տ, ների՜ր,
Տե՛ս, կրկին ոտքդ եկել՝ աղերսում եմ, տա՛տ, ների՜ր։

Խոտ է բուսնում քո շիրմին, այնտեղ, հեռո՜ւ մեր գյուղում,
Իսկ ես՝ այստեղ՝ քաղաքում, լուռ տանջվում եմ, տա՛տ, ների՜ր։

Մոռացել ես երևի չարություններս բոլոր,
Դու ներող ես եղել միշտ, այս անգամ էլ, տա՛տ, ների՜ր։

Ասում էիր՝ կզղջաս, երբ մեծանաս դու մի քիչ,
Մեծացել եմ արդեն, տես, ու զղջում եմ, տա՛տ, ների՜ր։

Հաճախ ցավ եմ պատճառել, հաճախ էլ՝ չեմ լսել քեզ,
Հիմա այրող քո ցավից լուռ այրվում եմ, տա՛տ, ների՜ր։

Մնացել է քեզնից արդ անշիրմաքար մի շիրիմ,
Ես ինձ ներել չեմ կարող, դո՛ւ ինձ գոնե, տա՛տ, ների՜ր...

08.03.86, Ստեփանակերտ


ԳԱԶԵԼ ՄԵՂՍԱԿԱՆ

[խմբագրել]

Ամեն անխիղճ չարի համար մեղավորը մե՛նք ենք,
Մեր այն խռով սարի համար մեղավորը մե՛նք ենք։

Ավերվել են մեր տները, մեր քարերը խոսուն,
Ամեն կորած քարի համար մեղավորը մե՛նք ենք։

Նոր դավեր են նյութվում հիմա, նոր տներ են քանդվում,
Այս մոլեգնած դարի համար մեղավորը մե՛նք ենք։

Նոր օրերի հովով տարված, նոր անուրջներ երգող
Անսեր երգի, լարի համար մեղավորը մե՛նք ենք։

Մեղավորը մենք ենք, որ էլ քամին սեր չի հուշում,
Այլ՝ դա՛վ։ Ու այդ դավի համար մեղավորը մե՛նք ենք։

Մե՛նք ենք։ Մեղավո՛ր ենք։ Դեմ չենք կանգնում չարին,
Չարի հարբած գավի համար մեղավորը մե՛նք ենք։

Հավատում ենք մինչև անգամ չարի բերած... լավին,
Մեր այս «փոքրիկ» բացի համար մեղավո՞րը... Մե՛նք ենք։

10.03.86, Ստեփանակերտ


ԳԱԶԵԼ ՊԱՏՐԱՆՔԻ

[խմբագրել]

Էլ չի կանչում ինձ Դնգդնգան ձորը
Եվ իմ մանկության սիրած աղբյուրը։

Մի վերջին ճիգով քարերը լիզել,
Ու... կտրվել է մեղրահամ ջուրը։

Լուռ քարացել է քարերի վրա՝
Քարերին թառած ջրի փրփուրը։

Անհույս նայում եմ լռած աղբյուրին,
(Ինչ ծա՜նր է նրա այդ լռությունը)։

Աչքերս են հանկարծ ծանրանում տխուր,
Ու... ջուր է դառնում աչքերիս հուրը։

Եվ արթնանում են քարերը կարծես՝
Կոտրում աղբյուրի լուռ քարությունը...


ԳԱԶԵԼ ՄՏԵՐՄԱԿԱՆ

[խմբագրել]
Համո ՍԱՀՅԱՆԻՆ

Քեզ Որոտանն է տվել աշխարհին,
Ծնվել եմ ափին ես իմ Թարթառի։

Մեր ծնունդին նույն նվագն է հնչել՝
Միևնույն լարից միևնույն թառի։

Ես ապրում եմ իմ Արցախի սիրով,
Դու՝ քո սիգապանծ Սյունյաց աշխարհի։

Ու նույն ոգով դեռ երգեր ենք գրում,
Ես՝ լույս հավատով իմ լուսաշաղի,

Դու՝ իմաստնացած քո ոսկե աշնան
Տաք կարոտներով լի մթնշաղի...

03.07.82, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ՑԱՎԻ

[խմբագրել]
Ընկերոջս՝ Պարգևին,
մի տխուր առիթով

Ես երանության մեջ էի երեկ,
Իսկ իմ ընկերը՝ վշտի մեջ, երեկ։

Ու չգիտեի՝ հրճվե՞մ ինձ համար,
Թե՞ այրվեմ նրա կրակում, երեկ։

Ես չգիտեի։ Ու տալիս ծափին՝
Ընկերս վշտում այրվում էր երեկ։

Ես դեպի նրա կրակը գնում,
Գնում, ետ էի ընկրկում երեկ։

Քամին փչում էր, պողերս խառնում,
Կրակս... կարգին «հրճվում էր» երեկ։

Բայց հանկարծ նորից մարում էր մեկեն,
Ու ծուխն էր խեղդում կոկորդս երեկ։

...Եվ ոչ այրվեցի մինչև վերջ այդպես,
Ոչ վերագտա հանգիստս երեկ։

29.03.86, Ստեփանակերտ

ԳԱԶԵԼ ԿԱՐՈՏԻ

[խմբագրել]

Էլ չկա, էլ չի կանաչում մեր բակի կանաչ թթենին,
Մարել է ու էլ չի կանչում մեր բակի կարկաչ թթենին։

Մարել է՝ անհույս-անհավատ, մեր հավատն ու հույսն էր կյանքի,
Էլ չկա, էլ չի հառաչում մեր բակի հառաչ թթենին։

Թթենին մեր խեղճ ու կրակ՝ թողել է մեզ խեղճ ու լքված,
Թողել ու էլ չի շառաչում մեր բակի շառաչ թթենին։

Կարոտներ ու սեր է թողել, մեր կարոտն ու սերն էր սակայն,
Մարել ու էլ չի ճաճանչվում մեր բակի ճաճանչ թթենին։

Թողել է հույզեր անանուն, թողել է՝ ինչ թանկ էր իրեն։
Թողել ու... էլ չի ճանաչվում մեր բակին ճանաչ թթենին։

...Թթենու մի շիվ է այսօր կանաչում նորից մեր բակում։
Նա հույսի շողն է իմ տոհմի՝ հուշերիս կանաչ թթենին։

01.09.81, Ստեփանակերտ


ԳԱԶԵԼ ՏԽՐՈՒԹՅԱՆ

[խմբագրել]
Արթուր ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հիշատակին

Ակնթարթներ կան քո կյանքում, որ ներկա եմ եղել,
Կան էլ՝ ինչ-ինչ պատճառներով բացակա եմ եղել։

Հետո ինքս ինձ քարին տվել, տառապել եմ երկար,
Քանզի ցավիդ հոգով, տենդով միշտ վկա եմ եղել։

Հետո եկել՝ հողակոշտդ ես գրկել եմ ամուր,
Հողաշերտիդ՝ մի տխրության հուշաքար եմ եղել։

Թեև դաժան ճակատագրի մռայլ քմայքներին
Ճարահատյալ իմ տխրությամբ միշտ անճար եմ եղել։

1990, Դոլանլար

ԳԱԶԵԼ ՈՐՈՆՄԱՆ

[խմբագրել]

Դու առաջվա նման իմ հույզերն ես հորդուն,
Հոգուս լույսը վառող իմ սեր, երազ ու տուն։

Անրջել եմ հույսով անքուն կարոտը քո,
Կարոտ-երազ տեսել կարոտ-աչքով անքուն։

Ու միշտ որոնել եմ, որոնել եմ երկար,
Բայց գտել եմ միայն քեզ իմ... հանգ ու վանկում։

27.09.81, Ստեփանակերտ


ԳԱԶԵԼ ՄՈՌԱՑՄԱՆ

[խմբագրել]

Դու՝ հի՜ն հուշ սեր իմ հրկեզ, կարո՞ղ եմ քեզ մոռանալ,
Դու՝ իմ ամբողջ ու իմ... կես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Այցելում ես, ի՛մ տեսիլք, ու լուսաստղի հետ չքվում
Դու չխամրող հուշի պես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Մոլորվե՜լ եմ աշխարհի բավիղներում քարքարոտ,
Ինձ տուն կանչող իմ հյուղն ես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Ա՜յլ է հիմա իմ ուղին, սակայն քայլերս երեր
Որոնում են կրկին քե՛զ, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Հիմա ուրիշ մի սեր է քո հին հուշը օրորում,
Որ մոռանամ հևքդ ես, կարո՞ղ եմ քեզ մոռանալ։

Ա՜յլ է հիմա իմ ուղին։ Եվ օրերում իմ այս կեզ
Մոռանու՜մ եմ արդեն, տե՛ս։ Կարո՞ղ եմ... Քե՞զ... Մոռանա՞լ...

12-13.11.85, Ստեփանակերտ