Գազել մեղսական
Արտաքին տեսք
Գազել մեղսական
Ամեն անխիղճ չարի համար մեղավորը մե՛նք ենք,
Մռով սարի ցավի համար մեղավորը մե՛նք ենք։
Ավերվել են մեր տները, մեր քարերը խոսուն,
Ամեն կորած քարի համար մեղավորը մե՛նք ենք։
Նոր դավեր են նյութվում հիմա, նոր տներ են քանդվում,
Այս մոլեգնած դարի համար մեղավորը մե՛նք ենք։
Նոր օրերի հովով տարված, նոր անուրջներ երգող
Անսեր երգի, լարի համար մեղավորը մե՛նք ենք։
Մեղավորը մենք ենք, որ էլ քամին սեր չի հուշում,
Այլ՝ դա՛վ։ Նրա դավի համար մեղավորը մե՛նք ենք։
Մե՛նք ենք։ Մեղավո՛ր ենք։ Դեմ չենք կանգնում չարին,
Չարի հարբած գավի համար մեղավորը մե՛նք ենք։
Հավատում ենք մինչև անգամ չարի բերած... լավին,
Մեր այս «փոքրիկ» բացի համար մեղավո՞րը՝ մե՛նք ենք։
10.03.1986, Ստեփանակերտ