Jump to content

Գայլն ու կատուն

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Գայլն ու կատուն

Գայլն անտառից
Փախավ գեղը.
— Նեղն եմ, նեղը, —
Ասավ կատվին, —
Ասլան բալա,
Քո հոր պատվին
Մի ճար արա:
Մի տես հլա,
Որսորդ ու շուն,
Թազի, թուլա
Միսս են կրծում,
Ինձ հալածում:
Ա՜յ կտրվի
Դրանց հոտը,
Մի մարդ ցույց տուր
Պահվեմ մոտը:
— Ա՜յ ցեղակից,-գոչեց կատուն, —
Գնա մտիր Մարոյենց տուն.
Նա չափազանց բարի կին է:
— Ես էլ գիտեմ, որ անգին է,
Բայց որ նրա հորթն եմ կերե՛լ...
— Բկիդ կանգներ, լավ չես արել:
Ա՜յ Դավթի մոտ կո՞ւզես կանչեմ:
— Նրանից էլ ես կամաչեմ.
Հենց ամառը
Կերա Դավթի փոքրիկ գառը…
— Ո՞ւմ ասեմ էլ…
Հա՛, մեր Զաքին:
— Էս գարնանն էլ
Նրա մաքին…
— Ո՞վ մնաց էլ.
Հա՛, երեցը:
— Էս աշնանն էլ
Նրա էծը…
— Ա՜յ դու ուտես
Չոռի մեծը:
Քանի՞սն եղավ
Հի՛նգը…վե՛ցը…
Ա՜յ անամոթ,
Ի՞նչ երեսով
Դու գյուղ մտար,
Ի՞նչ է ուրիշ
Տեղ չգտա՞ր:
Գյուղն հիմա՞ր է,
Որ թշնամուն
Պատսպարե:
Ով ինչ բրթե,
Էն կխրթե: