Ամոթխած ու ժիր աղջնակի պես
գարունը ժպտում
ու... դուրս չի գալիս,
դեռ պահվում է մեր աչքից, բայց սրտից
արդեն նա պահվել չի էլ հասցնի...
Մայրս կանչում է.
-Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...
Հողը դարձել է
զարմանալի ջերմ ու փխրուն այնքան,
որ վախենում ես
ոտք դնել վրան՝
երբ հանդ ես գնում անհամբերությամբ,
ինչ-որ մի ձորի քունջ ու պուճախում
գարնան անդրանիկ վարդը տեսնելու...
Անհամբեր են եւ իմ բալիկները.
ձմռան ցրտերին
վառարանի մոտ մեկտեղ տաքացած
փոքրիկ ուլիկին
առաջին անգամ արոտ կտանեն...
Սպասել չգիտե եւ մայրը նրանց։
Ձմռանը շոր է գնել թեւաբաց
եւ վռազում է՝
գարուն գա, հագնի,
անցնի ծաղկահոտ ծառերի շարքով
ու իր աչքերում արեւ ամբարի...
Հայրս կանգնում է արտերի եզրին.
այս ինչքան լավ են սերմերը ծլել,
ոսկի շողեր են՝
բարձրացած հողից։
Եվ հորս սիրտը տեղից ծուլ լինում,
առաջ է ընկնում
գարնան ծաղկումի շեն-շռայլ դողից...
Կանաչները դեռ խաշամի տակ են։
Ես նկատում եմ՝
ինչպես է շարժվում ծիլերի շուրթին
տմկած տերեւը,
ինչպես է գետում քարաղ հալհլում
ամենավերջին... սառցաբեկորը։
Գարունը եկել, սակայն պահվում է
ամոթխած ու ժիր աղջնակի պես,
դեռ երեւալու խաղեր է անում...
Դեհ, թող որ այսօր չերեւա, հետո՞,
միայն թե զգամ, որ կա, եկել է...
Կանցնի մի գիշեր
եւ նա վարդերով պարուրած իրեն
ու արդեն հասած աղջկա տեսքով
կգա ու ձեռքը
կմեկնի
հուզված.
- Արդեն եկել եմ...
Եվ մենք գարնան հետ ճանապարհ կընկնենք,
կխնդրենք նրան,
որ ջահելություն բերի մայրիկիս,
որ հասունություն բերի բալիկիս,
որ ծաղիկ ու խոտ բերի ուլիկին,
որ գարունություն անի ամենքին...
Իսկ պատուհանից մայրս դեռ նայում
եւ իմ ետեւից հանդիմանում է.
- Առանց վերարկո՞ւ դուրս եկար էլի...