Jump to content

Գարուն (Եղիշե Չարենց)

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից

[ 483 ]

ԳԱՐՈւՆ
1


Ահա կրկին մեզ մոտ գարուն,
Երևանում ահա կրկին
Գարունն անմար բույր է վառում
Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։
5 Յոթը գարուն ահա արդեն
Հեռու սրից, ահից, մահից՝
Բացվում են բորբ, վառման վարդեր
Արևի տակ խորհրդային։
Յոթը գարուն ահա արդեն
10 Ծլում են վառ, պայծառ թուփեր,
Ելնում են բորբ, ժպտուն այնպես —
Գարնանային ծա՛ղիկ ու բերք․․․
Շնչում է խոր ու լիաթոք
Շուրջս ահա հրե մի շունչ.
15 Գարունն է այս ծաղկում արդյոք,
Թե երկիրն է անդուլ աճում...

2


Գարուն, գարուն Երևանում,
Երևանում ահա նորից
Շնչում է խոր, թնդում անհուն
20 Մի խնդություն ոսկևորիկ․..

[ 484 ]

Ահա կանգնած իրար կողքի
Աբովյանի երկայնքն ի վեր՝
Լույս են խմում գարնան շողքից
Ու կանաչում ծառերը մերկ։
25 Հիշում ես, սի՛րտ, գարուն մի այլ,
Երբ տնկեցին ծառերն այս նոր,
Երբ մեր բոբիկ մանկանց նման
Նրանք դեռ մերկ, նրանք տկլոր.—
Երբ մեր լուսե մանկանց նման
30 Այնպես վտիտ, այնպես բարակ —
Դեռ շուրջը սով, դեռ շուրջը մահ —
Շարք կանգնեցին այստեղ նրանք...
Մեր մանկանց պես տկլոր, վտիտ
Ծառերն այս երբ կեցան հերթի՝
35 Շատե՞րն արդյոք հավատացին
Նրանց պայծառ առավոտին.—
Տե՛ս՝ ինչպե՜ս են փթթել հիմա
Հասակ առել ու կանաչել —
Տե՛ս, ինչպե՞ս են նրանք աճել
40 Մեր լուսեղեն մանկանց նման...

3


Ահա կրկին մեզ մոտ գարուն.
Երևանում ահա կրկին
Գարունն անմար բույր է վառում
Եվ բորբոքում աշխույժ գրգիռ։
45 Յոթը գարուն ահա արդեն
Հեռու սրից, ահից, մահից
Բացվում են վառ, աճում այսպես
Մանկիկները խորհրդային...
Յոթը գարուն արդեն ահա

[ 485 ]

50 Բոյ են քաշում ծառերն այս մեր.
Որբեր էին նրանք առաջ —
Հիմա կայտառ պիոներներ...
Տե՛ս, ինչպե՜ս են նրանք քայլում՝
Մայիսմեկյան ելած երթի,
55 Նրանց դեմքին — խինդը փայլուն,
Շրթունքներին — վառքը վարդի։
Տե՛ս, ինչքա՜ն է քայլքը հաստատ,
Ինչքան նրանց երթը աշխույժ.
Նրանք անդուլ, նրանք վստահ,
60 Նրանց սրտում կորով ու ուժ,,.
Շնչում է խոր ու լիաթոք
Նրանց երթից ելնող մի շունչ.
Գարու՞նն է այս ծաղկում արդյոք,
Թե՞ երկիրն է անդուլ աճում․․․
1927. Երևան