Ես քեզանից միշտ շնորհակալ եմ, թեպետ
ինքնս էլ չգիտեմ՝ ինչու։ Իրոնիա - ահա
իմ աչքերն ու իմ շնչառությունը։
Բառերի մուտացիա։ Լուսանցքներում
բարձրանում են ցավի պաշարներն ու լույսի բուրգերը։ Եվ
նեոնյան լույսով քարտեզագրված է
ոչ միայն տարածությունը, այլ նաեւ
ժամանակը, բնականաբար՝ եւ երկիրն ամբողջ, այնպես որ՝
ընտրիր վայրը եւ ժամը՝ մի երկրորդ անգամ աշխարհ գալու, սակայն
արդեն՝ քո աստվածությունում։ Հոգեւոր անվտանգություն,
գործադիր տագնապ։
Հայացքների քիմիա։
Քամին նժույգների պլպլացող աչքերը ցրում է երկնքով մեկ եւ
«մի լեհ քահանա», Կոպեռնիկոս անունով, աստղերը հանում
գրպանից ու ցանում է տիեզերքում՝ որպես արեւածաղկի սերմեր։
Այդքան սիրալիր ու հարթ մի եղեք, օտար
ճամփաներ, այլապես
ինձ սպանում է կարոտը մեր քարքարոտ ու չոր հանդերի, ուր
մեծ-մեծ սարերի ստվերներն առած իրենց
շալակին, հոժարակամ տանում են փոքրիկ ժայռերն ու բլուրները։
Արտույտի թեւից ընկած երկինքն անհետանում է հորձանուտում գետի։
Առասություն անտիկ։ Բոլոր ժամանակները
ենթադրում են ետընթաց, սակայն,
առանց այն սիրո, որ
տանում են իրենց հետ։ Թեեւ, համաձայն եմ, աչքերը չեն
ծերանում, թեեւ, համաձայն եմ՝ տխուր
կլիներ առանց տխրության, եւ
կլիներ աներգ՝ ծորակներով բերման ենթարկված ջրի նման։
(Թուխպը սոսնձի պես կպել է սարին։
Եխծունտակի բոստանից
դուրս է գալիս մայրս՝ լոբու
կանաչ մի տերեւ ծամի վրա)։
Հասու եմ ձայնին դելփյան
գուշակուհու եւ միտք չունեմ
Հալիսն անցնելու։ Դրսում քայլող աղջիկներն իրենցով սաստիկ
գեղեցկացնում են իմ պատուհանը, որով
ես անվերջ նայում եմ դուրս։
Ի դեպ, այդպես էլ ես չհասկացա, թե
կիսավեր վանքերում ինչու են միմիայն թզենիներ
աճում։ Արյունն ուզում է իրենով ճշտել, թե
դեպի ուր են լողում երազները։
Ժոզեֆինան փրկեց Նապոլեոնին։
Ժոզեֆինան կործանեց Նապոլեոնին։
Կրկնակի փակեք հոգեբուժարանի դռներն ու պատուհանները, որ
Մարկոնին՝ փորձերի համար հանկարծ չօգտվի... օդից։ Իսկ
հասնել-չհասնելը զուտ հորինվածք է,
գուցե եւ մի քիչ՝ ճշգրիտ-տիեզերական,
գուցե եւ մի քիչ՝ ճշմարիտ-գեղարվեստական։